ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2016 թվականի N 551-Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2010 թվականի օգոստոսի 6-ի «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» N Aag-111-g-10-002 օժանդակության համաձայնագրի 5.4-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 18-րդ կետում «(բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության)» բառերը փոխարինել «(կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության)» բառերով.
2) 19-րդ կետի 2-րդ ենթակետում «(բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության)» բառերը փոխարինել «(կենսաբանական ընտանիք վերադարձնելու, խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում տեղավորելու, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու նպատակահարմարության)» բառերով.
3) 19-րդ կետի 2-րդ ենթակետը «մասին» բառից հետո լրացնել «, ընդ որում, այդ եզրակացությունը պետք է ներառի դրույթներ՝
ա. երեխայի մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից երեխայի նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն ստանձնելու ցանկության բացակայության կամ անհնարինության մասին,
բ. երեխային խնամատարության որևէ ձևում տեղավորելու անհնարինության մասին,
գ. այլընտրանքային խնամքի ընտանեկան տիպի այլ ձևերի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու ոչ նպատակահարմար լինելու կամ անհնարինության մասին:» բառերով.
4) 22-րդ կետը «Այն դեպքում,» բառերից առաջ լրացնել «Երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ խնամք տրամադրող այլ կազմակերպությունում կազմակերպելու մասին եզրակացությունն ուսումնասիրվում է լիազորած պետական մարմնի կողմից՝ անդրադառնալով ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության բացակայության մասին դրանում նշված դրույթների հիմնավորվածությանը:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 31
Երևան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 551-Ն որոշման |
Կ Ա Ր Գ ԵՎ Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ
I. ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի տրամադրման սկզբունքները և չափորոշիչները, ինչպես նաև կարգավորվում են այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման հետ կապված հարաբերությունները:
2. Այլընտրանքային խնամքը ներառում է կենսաբանական ընտանիքից դուրս երեխայի խնամքի կազմակերպման՝ սույն կարգի 5-րդ կետում նշված բոլոր հնարավոր տեսակները:
3. Այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքի տրամադրման նպատակով ուղղորդումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) երեխայի խնամքն առաջին հերթին կենսաբանական ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը` այլընտրանքային խնամքի տրամադրումը դիտելով որպես տվյալ ժամանակահատվածում անհրաժեշտ, սակայն պարտադրված միջոց, իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորելը՝ որպես ժամանակավոր լուծում.
2) երեխայի համար նրա համակողմանի զարգացմանը նպաստող, աջակցող, պաշտպանող և խնամք ապահովող մթնոլորտի և կյանքի պայմանների ապահովում.
3) տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, երեխայի խնամքն այլընտրանքային խնամքի ընտանեկան տիպի որևէ տեսակի (որդեգրում, խնամակալություն կամ հոգաբարձություն, խնամատար ընտանիք, ճգնաժամային աջակցության կենտրոն) միջոցով կազմակերպումը.
4) երեխայի անհատական կարիքներին ու լավագույն շահին առավելագույն համապատասխանող այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու վերաբերյալ որոշման (այսուհետ՝ այլընտրանքային խնամքի որոշում) ընդունում միայն երեխայի կարիքների համակողմանի գնահատման, ինչպես նաև այլընտրանքային խնամքի տարբեր տեսակներից յուրաքանչյուրի հնարավորության ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա: Երեխայի լավագույն շահն առնվազն ներառում է երեխայի մտավոր և ֆիզիկական կարիքները, այդ կարիքների բավարարման համար համապատասխան խնամքը, երեխայի զարգացման համար ծնողի (ծնողների)՝ որպես ընտանիքի անդամների հետ անվտանգ պայմաններում շփվելու կարևորությունը, ինչպես նաև երեխայի մշակութային, լեզվական կամ հոգևոր կամ կրոնական կապերը կամ դաստիարակությունն ընտանեկան միջավայրում, որտեղ կհարգվի երեխայի մշակութային և լեզվական ավանդույթներն ու կրոնական կամ հոգևոր կյանքը, երեխայի հայացքներն ու նախասիրություններն արտահայտելը և հաշվի առնելը.
5) այլընտրանքային խնամքի հետագա շարունակման հնարավորության և նախընտրելիության, այլընտրանքային խնամքի որոշման արդյունավետության, ինչպես նաև երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորության գնահատում՝ երեխայի այլընտրանքային խնամքի պարբերական մշտադիտարկման հիման վրա.
6) երեխային, միայն սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ իր կենսաբանական ընտանիքից երկարաժամկետ բաժանելու և այլընտրանքային խնամքի տեղավորելու գործելակերպի բացառումը: Սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով երեխային ժամանակավորապես կարելի է բաժանել կենսաբանական ընտանիքից, եթե այդ պայմաններն ակնհայտորեն սպառնում են նրա կյանքին, ֆիզիկական և հոգեկան առողջությանը.
7) երեխայի նկատմամբ այլընտրանքային խնամքի տրամադրման վերաբերյալ որոշման ընդունում երեխայի ֆիզիկական ու հոգեբանական անվտանգության ապահովման հնարավորությունների, երեխայի տարիքի, հոգեֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկությունների, հուզական կապերի, շփման և հաղորդակցության ունակությունների, այլընտրանքային խնամքն ստանձնող ընտանիքի կամ ֆիզիկական անձի բնակարանային, կոմունալ-կենցաղային պայմանների, խնամքն ստանձնող անձանց մարդկային որակների, ծնողավարման հմտությունների, երեխայի առանձնահատուկ կարիքների, ինչպես նաև երեխայի պահանջմունքների՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հնարավոր փոփոխությունների պարտադիր հաշվառման հիման վրա.
8) երեխային այլընտրանքային խնամքի տրամադրման վերաբերյալ որոշումների ճկունություն, որը ենթադրում է, որ այդ որոշումները պետք է պարբերաբար վերանայվեն, եթե երեխայի համար այլընտրանքային խնամքի սահմանման հիմնական պատճառները փոփոխվել կամ վերացել են։
(3-րդ կետը խմբ., փոփ. 02.04.20 N 470-Ն)
4. Այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով երեխայի խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման հիմքում ընկած են հետևյալ չափորոշիչները՝
1) այլընտրանքային խնամքի որոշում ընդունելիս 10 տարին լրացած երեխայի կարծիքի հաշվի առնում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, իսկ մինչև 10 տարեկան երեխայի դեպքում՝ նրա հասունության աստիճանին համապատասխան.
2) այլընտրանքային խնամքի վերաբերյալ որոշման ընդունման գործընթացում սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիալական և հատուկ մանկավարժների, իրավաբանի և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող այլ մասնագետների ներգրավում.
3) կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպում փոխարինող ընտանիքում կամ ընտանեկան տիպի խնամքի որևէ տեսակում.
4) միայն սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով երեխային իր կենսաբանական ընտանիքից բաժանման դեպքում այլընտրանքային խնամքի տրամադրման տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիս ժամանակահատվածը.
5) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում տեղավորված երեխաների վիճակի ամենամյա հետազոտություն՝ վերջիններիս խնամքը փոխարինող ընտանիքներում կամ ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի որևէ այլ տեսակով կազմակերպելու հնարավորությունները գնահատելու նպատակով.
6) երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպում նրա ծագման համայնքին հնարավորինս մոտ (բացառությամբ՝ որդեգրման և (կամ) ազգականներին խնամակալության (հոգաբարձության) հանձնելու դեպքերի).
7) ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում՝ խնամքը կազմակերպել հետևյալ առաջնահերթությամբ՝ որդեգրման հնարավորության դեպքում՝ որդեգրում, խնամակալի, խնամատարի ընտանիք:
(4-րդ կետը փոփ., լրաց. 02.04.20 N 470-Ն)
(4-րդ կետի 3-րդ ենթակետը 02.04.20 N 470-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:)
II. ԵՐԵԽԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
5. Երեխայի այլընտրանքային խնամքի տեսակներն են՝
1) որդեգրումը.
2) խնամակալությունը և հոգաբարձությունը.
3) խնամատարությունը (երեխայի խնամքի կազմակերպումը խնամատար ընտանիքի որևէ տեսակի միջոցով).
4) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
6) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
7) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում՝ նախապատվությունը տալով ընտանեկան տիպի հաստատություններին, իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների դեպքում՝ մասնագիտացված հաստատությանը.
8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում:
(5-րդ կետը փոփ., լրաց. 02.04.20 N 470-Ն)
6. Երեխայի այլընտրանքային խնամքի՝ սույն կարգի 5-րդ կետով նշված որևէ տեսակի ընտրության դեպքում այդ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնավորապես՝
1) որդեգրման հետ կապված հարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 269-Ն որոշմամբ սահմանված կարգով.
2) խնամակալության և հոգաբարձության հարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշմամբ.
3) երեխային խնամատար ընտանիքում տեղավորելու հետ կապված հարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմամբ սահմանված կարգով.
4) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում երեխայի տեղավորման և խնամքի հետ կապված հարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումներով սահմանված կարգերով:
(6-րդ կետը փոփ. 02.04.20 N 470-Ն)
7. Երեխայի խնամքի կազմակերպման գործում ներգրավված սուբյեկտները (խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումները, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այդ գործընթացում ներգրավված այլ մարմիններն ու կազմակերպությունները) երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման հարցը քննարկելիս, առաջին հերթին ուսումնասիրում են երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում (երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք) կազմակերպելու հնարավորությունը, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում դիտարկում են այլընտրանքային խնամքի կազմակերպման բոլոր հնարավոր տեսակները՝ նախապատվությունը տալով երեխայի խնամքի՝ ընտանեկանին մոտ տեսակներին, մասնավորապես, դիտարկելով՝
1) երեխային խնամակալության վերցնելը մերձավոր ազգականի կամ այլ անձանց կողմից.
2) երեխայի որդեգրումը.
3) երեխայի տեղավորումը խնամատար ընտանիքում (խնամքի կազմակերպում խնամատար ընտանիքում).
4) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
5) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
6) (ենթակետն ուժը կորցրել է 02.04.20 N 470-Ն)
7) երեխայի խնամքը բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) հաստատությունում.
8) երեխայի խնամքը ճգնաժամային աջակցության կենտրոնում.
9) 16-23 տարեկան անձանց խնամքը և մասնագիտական հմտությունների ձեռքբերման կազմակերպումը անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունում:
(7-րդ կետը փոփ., լրաց. 02.04.20 N 470-Ն)
8. Երեխայի այլընտրանքային խնամքի կազմակերպման նպատակով ուղղորդման և խնամքի կազմակերպման գործում ներգրավված սուբյեկտներն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում եզրակացությունները կազմելիս, հիմնվում են սույն կարգի 5-րդ կետով թվարկված այլընտրանքային խնամքի տեսակներից յուրաքանչյուրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների վրա՝ հիմնավորելով խնամքի այլընտրանքային ծառայություններից յուրաքանչյուրի հնարավորությունը կամ դրա բացակայությունը (համապատասխանելը կամ չհամապատասխանելը երեխայի լավագույն շահին)՝ ընդգծելով այլընտրանքային խնամքի այն տեսակը, որն առավելագույնս համապատասխանում է երեխայի լավագույն շահին:
9. Երեխայի տեղավորումը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում պետք է դիտարկել որպես ծայրահեղ միջոց, որը կարող է իրականացվել, եթե բացակայում են երեխայի ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի մնացած բոլոր տեսակները (երեխայի խնամակալությունը և հոգաբարձությունը մերձավոր ազգականների և այլ անձանց կողմից, երեխայի տեղավորումը խնամատար ընտանիքում, երեխայի որդեգրումը) կամ դրանց կիրառումը չի բխում երեխայի լավագույն շահերից:
(9-րդ կետը փոփ. 02.04.20 N 470-Ն)
10. Երեխայի խնամքն այլընտրանքային խնամքի որևէ տեսակի միջոցով կազմակերպելու դեպքում երեխայի կյանքի պայմանները և խնամք իրականացնող սուբյեկտների (խնամակալներ, հոգաբարձուներ, որդեգրողներ, խնամատար ծնողներ, շուրջօրյա խնամք իրականացնող հաստատություններ և այլն) գործունեությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների կողմից, օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պարբերական մշտադիտարկման՝ նպատակ ունենալով պարզել, թե որքանով է տվյալ ժամանակահատվածում այլընտրանքային խնամքի որոշումը համապատասխանում երեխայի լավագույն շահին և որքանով են խնամքի պայմանները նպաստում երեխայի լիարժեք զարգացմանը:
(10-րդ կետը փոփ. 02.04.20 N 470-Ն)
11. Երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելու նպատակով խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության մյուս կողմերի հետ շարունակական աշխատանք է իրականացնում նաև երեխայի ծնողների և (կամ) ազգականների հետ, այդ թվում՝ պարզում է նրանց գտնվելու վայրը, համակողմանիորեն գնահատում նրանց սոցիալ-տնտեսական, առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրները և ձեռնարկում այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ:
(11-րդ կետը փոփ. 02.04.20 N 470-Ն)
12. Խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ստորաբաժանումների, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կամ բաժինների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված միջգերատեսչական սոցիալական համագործակցության մյուս կողմերի հետ, մշտական կապ է պահպանում խնամատար ընտանիքների, խնամակալների և հոգաբարձուների և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ, կարծիքներ և տեղեկատվություն է փոխանակում երեխայի վիճակի, կենսապայմանների ու անհատական կարիքների, երեխային իր կենսաբանական ընտանիք վերադարձնելու կամ այլընտրանքային խնամքի՝ ընտանեկանին մոտ խնամք կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ:
(12-րդ կետը փոփ. 02.04.20 N 470-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 02.04.20 N 470-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |