ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների և նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում է այնքանով, որքանով վերջիններիս հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրացուն ապաստան և համապատասխան կարգավիճակ տալու կամ այն մերժելու, կորցնելու հիմքերի հետ կապված հարաբերությունների վրա:
(1-ին հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն)
Հոդված 2. |
Օտարերկրացիները |
Սույն օրենքով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը.
արտոնագիր կամ մուտքի վիզա (այսուհետ` մուտքի վիզա)` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում.
ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով.
մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում.
հատուկ կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
աշխատանքի թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս աշխատելու Հայաստանի Հանրապետությունում.
ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել.
հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ՝ հրավեր)` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով.
արտաքսում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից.
կոլեկտիվ արտաքսում` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անձնական տվյալները և առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման.
փոխադրող` ցամաքային և օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն.
ուղեկցող` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչև 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար.
ընդունող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչև 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր:
միասնական էլեկտրոնային հարթակ՝
(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-204-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(4-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-224-Ն)
Հոդված 5. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները |
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Գ Լ ՈՒ Խ 2
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ
Հոդված 6. |
Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը |
1. Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
3. Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել ապաստանի իրավունք հայցելու նպատակով:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(6-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-214-Ն)
Հոդված 7. |
Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը |
1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3.
4.
5.
(7-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 8. |
Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը |
1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.
է) նա ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից անցել է մեկ տարի:
2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու ազատազրկման դատապարտման մասին Հայաստանի Հանրապետության դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով արտաքսման վերաբերյալ գործ հարուցելու համար:
Օրինական ուժի մեջ մտած դատավճռով օտարերկրացու ազատազրկման դատապարտվելու պատճառով արտաքսման մասին որոշում կայացվելու դեպքում օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում չի անցել երեք տարի, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի:
Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվող մերձավոր ազգականներ (ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց վրա:
3. Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Բացառության կարգով սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «է» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:
5. Սույն հոդվածով մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշում:
6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:
Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 17.12.14 ՀՕ-214-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-82-Ն, լրաց., փոփ. 21.12.15 ՀՕ-181-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-204-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 9. |
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան |
1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են մեկանգամյա մուտքի համար:
3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա:
4.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
7. Օրենքով որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք կարող են ազատվել մուտքի վիզայի համար սահմանված պետական տուրքից կամ կարող են նվազեցվել կամ ավելացվել պետական տուրքերի դրույքաչափերը:
8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-355-Ն)
Հոդված 10. |
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակները |
1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման (սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «գ» կամ «դ» կետերով նախատեսված դեպքերում), զբոսաշրջության (հանգստի), բուժման, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական և այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատև ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաև միջազգային օդային կամ ցամաքային ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչև 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.
դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մուտքի վիզաները կոդավորվում են ըստ այցելության տեսակի:
3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ինչպես նաև արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում և երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տալիս և երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:
5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված Հայաստանի Հանրապետություն մուտքի ժամկետի հետ:
6. Օտարերկրացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու խնդրանքով նախատեսվող այցից առավելագույնը 4 ամիս առաջ:
7. Վիզա տրամադրող մարմինները մուտքի վիզա ստացած անձանց տվյալները մտցնում են համապատասխան տվյալների բանկ, որը վարում է ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը: Մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին.
գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.
դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
2. Հրավերը պարունակում է հրավիրվողի և հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:
Հրավերի տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
4. Հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, «բ» կետում նշված անձինք` անձնագիր և կացության քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր), իսկ սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի տված գրանցման վկայականի պատճենը:
Սույն մասում նշված անձինք ներկայացնում են նաև տեղեկատվություն հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին, կամ պարտավորություն այդ ծախսերը իր կողմից հոգալու մասին` երկու դեպքում էլ ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիր:
5. Իրավասու մարմնի կողմից հրավերի հաստատումը մերժվում է, եթե առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ հրավիրողը նախկինում խախտել է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:
6. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները և մուտքի վիզան երկարաձգելու միջնորդագրերը առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է`
ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված դեպքերում` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը.
բ) սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերում նշված դեպքերում` արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը.
գ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով հրավերի դեպքում` օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
Հրավերների հաստատման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 12. |
Հայաստանի Հանրապետությունից ելքը |
1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի և մինչև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`
ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը.
բ) հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:
(12-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-355-Ն)
Հոդված 13. |
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկություն է համարվում որևէ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթևեկությունը:
2. Տարանցիկ երթևեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա և կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի: Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:
3. Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում և չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-355-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ
Հոդված 14. |
Օտարերկրացիների կացության կարգավիճակները |
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը, կացության վկայականի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
(14-րդ հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-45-Ն)
Հոդված 15. |
Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները |
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
ա) ուսումը, կամ
բ) սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
զ) ազգությամբ հայ լինելը.
է) օրենքով սահմանված այլ դեպքեր:
2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ավելի կարճ ժամկետ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքով ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:
(15-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-4-Ն, խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. |
Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները |
1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
(16-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-4-Ն, 08.12.11 ՀՕ-355-Ն)
Հոդված 17. |
Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը և ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը |
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:
2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:
4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավել բացակայելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18. |
Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները |
1. Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին:
Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
2. Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
4. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: (նախադասությունը հանվել է 23.03.18 ՀՕ-152-Ն)
6. Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(18-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-355-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն)
Հոդված 19. |
Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը |
Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
դ) նա տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.
ե) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքներ.
զ) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:
(19-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-4-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-355-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-214-Ն)
Հոդված 20. |
Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման բողոքարկումը |
1. Կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Եթե մինչև դատարանի կողմից գործի քննությունը կամ դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը սպառվում է օտարերկրացու մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը նրան տալիս է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվություն՝ մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
3. Եթե կացության կարգավիճակ ստանալը կամ երկարաձգելը մերժելու մասին որոշումը դատարանը թողնում է ուժի մեջ, ապա օտարերկրացին պարտավոր է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:
Ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:
(20-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-4-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-152-Ն)
Հոդված 21. |
Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետևանքները և կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը |
1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, և օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`
ա) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
բ) լուծվել կամ անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու համար, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի.
գ) մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում առանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին իր մեկնելու մտադրության մասին ծանուցելու 6 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
դ) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին.
ե)
Սույն մասով նախատեսված հիմքերով մերժվում է օտարերկրացու կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:
2. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու, ինչպես նաև կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետները մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրը, ինչպես նաև առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքը:
3. Կացության կարգավիճակից զրկված օտարերկրացին, ինչպես նաև այն օտարերկրացին, որի կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում է կայացվել, պարտավոր է կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշված ժամկետում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, եթե կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշումը չի բողոքարկել դատական կարգով:
4. Կացության կարգավիճակից զրկված, ինչպես նաև այն օտարերկրացու վերաբերյալ տվյալները, որի նկատմամբ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու որոշում է կայացվել, մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
5.
(21-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-355-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 4
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 22. |
Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում |
1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
2. Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողի համար տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Լիազորված մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները և զարգացումները:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության, ինչպես նաև առաջադրված թեկնածուին գործատուի կողմից մերժելու դեպքերում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աշխատանքային գործունեություն` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողի համար գործատուին տրամադրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
5.
(22-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22.1. |
Միասնական էլեկտրոնային հարթակը և այդ հարթակով օտարերկրացի աշխատողների ներգրավումը |
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 23. |
Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները |
Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`
ա) Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաև սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները.
բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.
դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակութային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք.
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները.
զ) օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.
է) օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.
ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.
թ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները.
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները.
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները.
ժգ) օրենքով սահմանված կարգով զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ ունեցող անձինք և հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչը.
ժդ) Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիները.
ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները.
ժզ) օտարերկրացի դատապարտյալները կամ կալանավորված անձինք, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիները.
ժէ) օտարերկրացի այն մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ և միաժամանակ կնքում են մարզական գործունեության մասին պայմանագիր, այդ թվում` աշխատանքային պայմանագիր գործատուի հետ:
(23-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն, 22.06.15 ՀՕ-82-Ն, 24.10.19 ՀՕ-199-Ն, 06.05.20 ՀՕ-256-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 24. |
Աշխատանքի թույլտվության տրամադրումը և մերժումը |
1. Աշխատանքի թույլտվության տրամադրումը և մերժումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
2. Օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով` պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրացու համար կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն` սույն օրենքով սահմանված կարգով:
3. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, և այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:
4. Աշխատանքի թույլտվություն ստանալու համար գործատուից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
(24-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 25. |
Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը |
Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.
բ) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
գ) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.
դ) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.
ե) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող պատճառներ.
զ) (կետն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-82-Ն)
(25-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 26. |
Աշխատանքի թույլտվության մերժման բողոքարկումը |
1. Աշխատանքի թույլտվության մերժման մասին գործատուին ծանուցվում է գրավոր:
2. Գործատուն կարող է աշխատանքի թույլտվության մերժումը մերժման պահից հինգ օրվա ընթացքում բողոքարկել դատական կարգով:
(26-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 27. |
Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը |
1. Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը:
2. Գործատուի գործունեության դադարեցման դեպքում օտարերկրացի աշխատողն իրավունք ունի աշխատանքի թույլտվության գործողության մնացած ժամկետով կնքելու նոր աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) այլ գործատուի հետ` պայմանով, որ նշված ժամկետի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս, և նոր գործատուն ստացել է լիազորված մարմնի համաձայնությունը:
3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գործատուն դրա կրկնօրինակը ներկայացնում է լիազորված մարմին՝ առձեռն հանձնելու կամ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով` հաշվառման համար: Աշխատանքային պայմանագրի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը լիազորված մարմինը պարբերաբար տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:
(27-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ., խմբ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 28. |
Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելը և գործողության դադարումը |
1. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) գործատուն աշխատանքի թույլտվությունը ձեռք է բերել կեղծիքով.
բ) գործատուն աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) չի կնքել աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
Աշխատանքի թույլտվության գործողությունը դադարում է, եթե լրացել է աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) ժամկետը, կամ պայմանագիրը լուծվել է:
2. Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում լիազորված մարմինը:
3. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման մասին լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին, գործատուին և օտարերկրացուն:
(28-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29. |
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը |
1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար գործատուին տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով հոգում է նրա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը, ինչպես նաև վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:
2. Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է անվճար օգնություն և ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Լիազորված մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան նրա` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի և նրա միջև կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ:
(29-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29.1. |
Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը |
1. Սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության և վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:
(29.1-ին հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-82-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 29.2. |
Օտարերկրացու մահվան դեպքում հուղարկավորության կազմակերպումը |
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 5
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՀԵՌԱՆԱԼԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ
Հոդված 30. |
Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից |
Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հիմքերը.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից.
ե)
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:
3.
(30-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն, փոփ. 24.10.19 ՀՕ-204-Ն)
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 31. |
Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը |
1. Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, կամ եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացրել է համապատասխան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում և ներկայացնում դատարան:
(31-րդ հոդվածը խմբ. 24.10.19 ՀՕ-204-Ն)
Հոդված 32. |
Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքները |
1. Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ մահապատժի:
Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:
2. Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա`
- անչափահաս է, և նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ
- իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ
- 80 տարեկանից բարձր տարիքի է:
3. Արգելվում է օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը:
Հոդված 33. |
Օտարերկրացիների իրավունքները և պարտականությունները արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում |
Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման Հայաստանի Հանրապետությունից, օգտվում է դատական պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներից:
Հոդված 34. |
Օտարերկրացու արտաքսման մասին որոշումը |
1. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:
2. Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաև առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին, սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերում ձերբակալված լինելու դեպքում մինչև արտաքսումը ձերբակալման մեջ պահելու կամ ազատ արձակելու մասին:
3. Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի պարտականության մասին:
Հոդված 35. |
Արտաքսման մասին որոշման բողոքարկումը |
1. Արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
2. Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է:
Հոդված 36. |
Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը |
1. Արտաքսման մասին որոշման վերաբերյալ նշում է կատարվում օտարերկրացու անձնագրում:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:
2.1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո:
2.2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու՝ ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին:
2.3. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո՝ ներառյալ դատական կարգով բողոքարկումը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
4. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:
5. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:
(36-րդ հոդվածը լրաց. 24.10.19 ՀՕ-204-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 37. |
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների պահումը |
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կարող են պահվել տարանցիկ գոտում կամ այլ տեղ` այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիներն ընտանիքի անդամներ են, ապա նրանք պահվում են համատեղ:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ երթևեկող 18 տարին չլրացած անձ է, ապա նա չի կարող պահվել հատուկ կացարանում և անմիջապես պետք է ուղեկցվի ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցչի մոտ:
4. Սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը հատուկ կացարանում օտարերկրացուն տեղավորելուց հետո` 24 ժամվա ընթացքում, դիմում է դատարան՝ օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
Դատարանի կողմից որոշում կայացնելու նպատակով օտարերկրացին դատարան է տեղափոխվում սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:
5. Եթե 90 օրվա ընթացքում անհնար է լինում օտարերկրացու վերադարձը ծագման պետություն, ապա օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվում է ժամանակավոր թույլտվություն մինչև օտարերկրացու հեռացումը Հայաստանի Հանրապետությունից, սակայն ոչ ավել, քան 1 տարի ժամկետով:
6. Սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 38. |
Արտաքսման նպատակով օտարերկրացու ձերբակալումը |
1. Օտարերկրացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ձերբակալվել և պահվել հատուկ կացարանում, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչև դատարանում արտաքսման մասին գործի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը:
Օտարերկրացուն ձերբակալելուց և հատուկ կացարանում տեղավորելուց հետո` 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչև 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը և(կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:
3. Ձերբակալված օտարերկրացին հատուկ կացարանում կարող է պահվել մինչև արտաքսման մասին գործի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավելի քան 90 օր: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանների գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 39. |
Ձերբակալված կամ պահվող օտարերկրացու իրավունքները |
Սույն օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պահվող կամ ձերբակալված օտարերկրացին ունի հետևյալ իրավունքները.
- իրեն հասկանալի լեզվով կամ թարգմանչի միջոցով իմանալ իր ձերբակալման և պահման պատճառների մասին,
- բողոքարկել դատարանի` իր վերաբերյալ կայացրած ցանկացած որոշում,
- փաստաբանի կամ այլ իրավական ներկայացուցչի (ներառյալ` հասարակական կազմակերպությունների), ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյայի այցելության,
- դիմել դատարան իրեն ազատ արձակելու դիմումով,
- ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 40. |
Օտարերկրացիների հանձնումը և ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը |
1. Օտարերկրացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2. Այն օտարերկրացիները, որոնք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխանցվել իրենց ծագման պետություն՝ հետագա պատիժը կրելու նպատակով:
Հոդված 41. |
Օտարերկրացիների հանձնումը բացառող հանգամանքները |
Օտարերկրացիների հանձնումն արգելվում է, եթե այն արարքի համար, որի կատարման համար օտարերկրացիները պատասխանատվության են կանչվում, նախատեսված է մահապատիժ, կամ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:
Գ Լ ՈՒ Խ 8
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ անձնական տվյալՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն)
Հոդված 42. |
Օտարերկրացիների վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանությունը |
(վերնագիրը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն)
Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մուտքի վիզա ստացած օտարերկրացիների տվյալների բանկում, 11-րդ հոդվածի 6-րդ մասի հրավերների հաշվառման ընթացքում, 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, 18-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, ինչպես նաև 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտաքսված օտարերկրացիների հաշվառման ընթացքում օտարերկրացիների, ինչպես նաև այլ անձանց անձնական տվյալները մշակելիս այդ անձնական տվյալներն օգտվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից:
(42-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն)
Հոդված 42.1. |
Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով օտարերկրացիների և գործատուների վերաբերյալ հավաքվող անձնական տվյալների պաշտպանությունը |
(հոդվածը 27.05.21 ՀՕ-267-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.22 թվականին)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 43. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում |
Սույն օրենքը խախտելու դեպքում օտարերկրացիները, հրավիրողները, ինչպես նաև գործատուները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 44. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (17 հունիսի 1994 թվականի, ՀՕ-110):
Հոդված 45. |
Անցումային դրույթներ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված կացության կարգավիճակը գործում է մինչև դրա վավերականության ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո օտարերկրացիները կարող են սույն օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ստանալ սույն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունից պարտավոր են հեռանալ կամ դիմել սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան կացության կարգավիճակ ստանալու նպատակով այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի առանց մուտքի վիզայի ռեժիմ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. (մասն ուժը կորցրել է 22.06.15 ՀՕ-82-Ն)
(45-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. հունվարի 16 Երևան ՀՕ-47-Ն
|
|