Համարը 
N 853-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.700
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 853-Ն

 

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 30

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 853-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանակությունը:

3. Ֆինանսական ցուցանիշի առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե պարզած ձեռքի հեռավորության տիրույթի որոշման համար ֆինանսական ցուցանիշի ստացված բոլոր արժեքները ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում, և չվերահսկվող գործարքները համադրելի են վերահսկվող գործարքի հետ՝ համաձայն Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այդ թվում՝ Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված կարգով համադրելիության համապատասխան ճշգրտումներ կատարած լինելու դեպքում, համապատասխան ճշգրտումներն իրականացվել են Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հետ համադրելի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշներից գոնե մեկը բավականաչափ հուսալի չէ՝ հաշվի առնելով նաև Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված համադրելիության համապատասխան ճշգրտումները, ապա պարզած ձեռքի հեռավորության տիրույթը կորոշվի հետևյալ կարգով՝

1) ֆինանսական ցուցանիշի բոլոր կիրառված արժեքները դասավորվում են աճման կարգով.

2) համարակալվում են ըստ աճման կարգի՝ ամենացածր կիրառված արժեքից մինչև ամենաբարձրը, ընդ որում նույն արժեքի առկայության դեպքում՝ նման արժեքները համարակալվում են որպես առանձին արժեքներ.

3) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ստորին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով՝

ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.25-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի ֆինանսական ցուցանիշի արժեքի՝ այդ արտադրյալին համապատասխան համարի և դրան անմիջապես հաջորդող համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշի արժեքի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այն ֆինանսական ցուցանիշի արժեքը, որը հավասար է այդ կոտորակային արժեքի ամբողջ մասին գումարած մեկ և այդ ստացված համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշը.

4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի վերին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով՝

ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.75-ի արտադրյալը ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի ֆինանսական ցուցանիշի արժեքի՝ այդ արտադրյալին համապատասխան համարի և դրան անմիջապես հաջորդող համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշի արժեքի միջին թվաբանական արժեքը,

բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների թվի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այն ֆինանսական ցուցանիշի արժեքը, որը հավասար է այդ կոտորակային արժեքի ամբողջ մասին գումարած մեկ և այդ ստացված համարին համապատասխան ֆինանսական ցուցանիշը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան