Համարը 
N 856-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.702
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.05.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2020 թվականի N 856-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020/2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման հավելվածով հաստատված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մայիսի 27-ի N 856-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020/2021 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված առանձնահատկությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՄՈՒՀ) վրա:

3. ՄՄՈՒՀ բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները (այսուհետ` հավակնորդ) 2020/2021 ուսումնական տարում կարող են կրթությունը շարունակելու բուհում՝ համապատասխան մասնագիտությամբ՝

1) եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝

ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,

բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ.

2) վճարովի հիմունքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի` սույն կարգով կրթությունը շարունակելու դեպքի:

4. ՄՄՈՒՀ-ը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցանկի հիման վրա, 3 աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակում է ՄՄՈՒՀ-ից համապատասխան բուհերում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ մասնագիտությունների և առարկայական տարբերությունների:

5. Հավակնորդը` բուհ տեղափոխվելու մասին դիմումը, էլեկտրոնային եղանակով ՄՄՈՒՀ-ի ղեկավարին է ներկայացնում մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ:

6. ՄՄՈՒՀ-ի պետական որակավորող հանձնաժողովը պետական ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կազմում է արձանագրություն և մինչև հունիսի 10-ը հրապարակում է կրթությունը բուհում շարունակող հավակնորդների ցանկը:

7. ՄՄՈՒՀ-Ը 2019-2020 ուսումնական տարվա հավակնորդների, իսկ նախկին տարիների հավակնորդները անձամբ` փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է համապատասխան բուհ՝ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը։

8. Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20 միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ).

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

9. Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 20-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Մրցույթով անցած և պարտադիր զինվորական ծառայության մեկնած անձանց տրվում է ակադեմիական արձակուրդ: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է: Մրցույթով անցած ուսանողները (կամ լիազորված անձը) բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան