Համարը 
N 963-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Լոկալ որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2020.06.15/62(1617).1 Մաս 1 Հոդ.762.2
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.06.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
15.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2020 թվականի N 963-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանմեկերորդ միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանմեկերորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման և իրականացման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 15

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 963-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը:

2. Միջոցառման շահառու հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների), որոնք 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-100 վարձու աշխատող, և նշված իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ) կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտների աշխատողների քանակի և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների հաշվարկման կարգը, ծանուցման եղանակը, դիմումների ներկայացման ժամկետը սահմանվում է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածով:

3. Սույն միջոցառման շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

4. Միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ԱՉ=(ԱՀ:ԱՔ)*(ԱՔ:5)

 

որտեղ՝

ԱՉ-ն՝ պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է,

ԱՀ-ն՝ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար հաշվարկված եկամուտների հանրագումարն է,

ԱՔ-ն՝ տնտեսավարող սուբյեկտի աշխատողների քանակն է: Ընդ որում, (ԱՔ:5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև:

5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված բանաձևը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

1) մինչև 5 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում` տնտեսավարող սուբյեկտին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին.

2) 5 և ավելի աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում` տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատողների թվին,

բ. հաշվարկվում է աշխատողների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատողների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,

գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 15-ի N 963-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Օժանդակությունը տրամադրվում է այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք 2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով ունեցել են ամսական 2-100 աշխատող (ներառյալ 2 և 100) և հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:

Աշխատողների թիվը որոշվում է օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համապատասխան ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված աշխատողների (այն աշխատողների, որոնց գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակների հանրագումարը մեծ է զրոյից) քանակի հիման վրա (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թիվը):

2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով 2020 թվականի մայիս ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում (իսկ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային հաշվարկ ներկայացրած տնտեսավարողները, ոչ ուշ քան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում)՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե՝

1) տնտեսավարող սուբյեկտի կողմից 2020 թվականի մայիս ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատողների թիվը գերազանցում է (կամ հավասար է) մարտ և ապրիլ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հայտարարագրված աշխատողների թիվը, և

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից 2020 թվականի մայիս ամսվա համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում հայտարարագրված աշխատողների գծով նշված եկամուտների (այսուհետ` հաշվարկված եկամուտների) մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) մարտ և ապրիլ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Սույն կարգի իմաստով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվում է եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում արտացոլված աշխատողների գծով [1.6], [1.7], [1.8], [1.9] սյունակներում նշված եկամուտների հանրագումարով:

Սույն կարգի իմաստով 2020 թվականի մարտ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը, իսկ 2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ է համարվում մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկը:

3. ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում ստանալուց հետո տնտեսավարող սուբյեկտը ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար։

Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի հուլիսի 10-ը ներառյալ:

4. ՀՀ ՊԵԿ կողմից դիմումներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում են միջոցառման շահառուների ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանելու հիմքերը, կատարվում է միանվագ դրամաշնորհի մեծության հաշվարկ, կազմվում է վճարման հանձնարարական և ներկայացվում է գանձապետարան։ Վճարման հանձնարարագրի ներկայացումը հավաստում է դրամաշնորհի տրամադրման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման փաստը:

5. Միանվագ դրամաշնորհի գումարը շահառուին փոխանցելու նպատակով կոմիտեի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը.

2) շահառուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

3) շահառուի բանկային հաշվի համարը.

4) միանվագ դրամաշնորհի գումարի չափը:

6. Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամաշնորհը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան