Համարը 
N 1268-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 07.27.20-08.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.07.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սնանկ ճանաչված կառուցապատողի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի օտարման գործարքների վրա:

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1268-Ն

 

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները`

1) նախկին կառուցապատողը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը նոր կառուցապատողը ձեռք է բերել սնանկության վարույթի փուլում՝ աճուրդային կարգով.

2) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդ է համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձը (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ով նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել է որպես պարտատեր, կամ ով կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի կառուցապատողի հետ ունեցել է այդ նույն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման պայմանագիր, և այդ պահանջը գրանցված է (ենթակա է գրանցման) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

3) առկա է բոլոր շահագրգիռ կողմերի (բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը սնանկության վարույթի փուլում աճուրդային կարգով ձեռք բերած նոր կառուցապատող, ֆիզիկական անձինք, առկայության դեպքում՝ նաև վարկատու-գրավառու) փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առուվաճառքի գործարքները սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ ԱԱՀ) է համարվում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողի հետ կնքված պայմանագրով ամրագրված՝ անշարժ գույքի գնի և դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված՝ սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերության ու վճարման ենթակա հավելյալ գումարի հանրագումարը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սնանկ ճանաչված կառուցապատողի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի օտարման գործարքների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: