Համարը 
N 1302-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 07.27.20-08.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.08.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2020 թվականի N 1302-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու, ներմուծման կամ արտահանման նպատակով փորձաքննության իրականացման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 202-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաև փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի նկատմամբ:».

2) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.

«14.1. Փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր` առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով: Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման պարբերականության հսկողություն: Մինչև մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, այդ տվյալների հաշվառումն իրականացվում է մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում: Սույն կետով սահմանված քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիր՝ սույն կարգի 49-52-րդ կետերի համաձայն:

14․2. Սույն կարգի 14-րդ և 14.1-ին կետերի իմաստով՝ որպես սպառողական փաթեթ դիտարկվում է դեղի՝ անհատական փաթեթավորում, որով վերջինս ներկայացվում է մանրածախ վաճառքի:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական: