ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42.1-ին հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «ստուգումների» բառից հետո լրացնել «, ստուգայցերի» բառով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.4-րդ հոդվածով.
«Հոդված 182.4. |
Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը |
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «182.3» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը «173.3-րդ» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 11-րդ մասերով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 1-ին մասը «182.2» բառից հետո լրացնել «, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. սեպտեմբերի 9
Երևան
ՀՕ-405-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2020 թվական: