Համարը 
N 2082-Լ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Լոկալ որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
17.12.2020
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.12.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.12.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2082-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 16-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորում (վնասվածք) ստացած անձանց վերաբերյալ տվյալները։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց (այսուհետ՝ շահառու) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրման (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

3. Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը, e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով նախարարություն է ներկայացնում՝

1) հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց դեպքում՝

ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը,

բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները,

գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը.

2) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝

ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը,

բ. ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար,

գ. զոհվածի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի համար,

դ. երեխայի ծննդյան վկայականի և երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար,

ե. ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,

զ. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։

4. Նախարարությունը, դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրամադրված տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներից հարցումների միջոցով կատարում է դիմումով ներկայացված տվյալների ճշգրտումներ և մերժում է կամ հաշվառում է դիմումը։ Ընդ որում, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում, ճշգրտվում է նաև այլ շահառուների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին նախարարությունից տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքում).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.

4) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ուսումնասիրության արդյունքում չի հաստատվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման հավելվածի 5-րդ կետով սահմանված՝ ընտանիքի անդամ լինելու հանգամանքը.

5) շահառուն «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ է.

6) շահառուի համար առկա է հաստատված դիմում։

6. Եթե դիմումը չի մերժվում, ապա նախարարությունը՝

1) հաշվառում է դիմումը և ինքնաշխատ եղանակով հաշվարկում է միանվագ դրամական օգնության չափը՝

ա. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամ,

դ. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամ,

ե. զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն).

2) հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:

7. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։

8. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը՝ դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

9. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

10. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի մահվան պատճառով մինչև 2021 թվականի մայիսի 1-ը չվճարված գումարը վճարվում է դիմողի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, դիմողի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) նախարարություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան