Համարը 
ՀՕ-15-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.33
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.

2) անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել է մեկ անձ.

3) կոլեկտիվ հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել են երկու և ավելի անձինք միևնույն հարցով, իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ և ավելի անձինք, որտեղ հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող, իսկ նույն հանրագրին միացած անձինք՝ հանրագրի աջակիցներ.

4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը մեկ տարվա ընթացքում կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրվել է պատասխան, կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում.

4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետևել հանրագրի ընթացքին և հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.

5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝ սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխան` էլեկտրոնային հարթակում ներկայացվող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր:

6) (կետն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-122-Ն)

(1-ին հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 2.

Հանրագիր ներկայացնելու սահմանափակումները

 

1. Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը կամ մարդու արժանապատվության նսեմացմանը:

 

Հոդված 3.

Հանրագիր ներկայացրած անձի իրավունքները

 

1. Հանրագիր ներկայացրած անձն իրավունք ունի`

1) հանրագրի հետ ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ.

2) միանալու կոլեկտիվ հանրագրին.

3) ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր ներկայացրած հանրագիրը կամ հրաժարվելու կոլեկտիվ հանրագրից.

4) ստանալու պատշաճ պատասխան հանրագրի վերաբերյալ.

5) բողոքարկելու սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները.

5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.

6) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ:

2. Հանրագիր ներկայացնելու և դրան պատասխան տալու համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում:

(3-րդ հոդվածը լրաց. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 4.

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք լիազորված են`

1) հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին ծանուցելու հանրագիր ներկայացրած անձին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը.

3) հանրագրում նշված առաջարկին հավանություն տալու դեպքում միջոցներ ձեռնարկելու դրա կատարման ուղղությամբ և արդյունքները հրապարակելու Էլեկտրոնային հարթակում.

4) հանրագիր ներկայացնող անձին պարզաբանելու հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումների բողոքարկման կարգը.

5) սույն օրենքով նախատեսված կարգով և ժամկետում պատշաճ պատասխանելու հանրագիր ներկայացրած անձին:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավելու մասնագետների:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են հանրագրի լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումը:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5.

Հանրագիրը ներկայացնելու կարգը

 

1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:

2. Մինչև տասնչորս տարեկան անչափահասները հանրագիրը ներկայացնում են օրինական ներկայացուցչի միջոցով:

3. Հանրագիրը ներկայացվում է գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային հարթակում ներկայացնելու եղանակով:

3.1. Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

4. Հանրագիրը ներկայացվում է հայերեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, և անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, և քննվում սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

6. Հանրագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:

7. Հանրագիրը ներկայացվում է այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:

8. Սահմանադրության 7-րդ գլխով նախատեսված դատական իշխանության մարմիններին հանրագրեր ներկայացվում են նրանց գործունեության կազմակերպման հարցերով, որոնց վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունք ունեն նաև դատական իշխանության մարմինների աշխատակազմերը:

9. Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հանրագրերը վերադարձնելու, ինչպես նաև հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը որոշում է համայնքի աշխատակազմը:

10. Հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե հանրագիր ներկայացրած անձը թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով դիմում է ներկայացրել այն հետ վերցնելու վերաբերյալ:

11. Կոլեկտիվ հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե ներկայացվել է կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու վերաբերյալ դիմում` կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Եթե կոլեկտիվ հանրագիր ներկայացրած անձինք, բացառությամբ մեկի, հրաժարվել են կոլեկտիվ հանրագրից, ապա այն դադարում է համարվել կոլեկտիվ և ենթակա է քննարկման` որպես անհատական հանրագիր:

12. Անկախ հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:

13. Հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով:

(5-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

(24.03.21 ՀՕ-122-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 6.

Հանրագրին ներկայացվող պահանջները

(վերնագիրը խմբ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

1. Հանրագիրը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները.

1) «Հանրագիր» վերտառությունը.

1.1) հանրագրի վերնագիրը.

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաև հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, որ լիազորված է հանդես գալու հանրագիրը ներկայացնողների անունից.

5) հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման կամ գործունեության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

5.1) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

5.2) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.

5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.

6) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը.

7) հանրագիր ներկայացնող անձի առաջարկը, ինչպես նաև հիմնավորումը` ցանկության դեպքում:

2. Հանրագիրն ստորագրում է հանրագիրը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Իրավաբանական անձի ներկայացրած հանրագիրն ստորագրում է կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:

3. Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ հանրագիրն ստորագրում են հանրագրին միացած բոլոր անձինք:

4. Եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը:

5. Հանրագրին կարող են կցվել ներկայացված առաջարկը հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր:

6. Եթե որպես հանրագիր ներկայացված գրությունը, հաղորդումը կամ առաջարկությունը պարունակում են վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմում կամ բողոք, ապա վարչական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որին հասցեագրված է հանրագիրը, վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումը կամ բողոքն առանձնացնում և ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 7.

Հանրագրի գրանցումը և հրապարակումը

 

1. Հանրագիրն ստանալու օրը հանրագիրը ենթակա է գրանցման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում:

2. Անանուն հանրագիրը, ինչպես նաև այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որևէ տեղեկություն, ենթակա չեն գրանցման և քննարկման:

3. Հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում:

(7-րդ հոդվածը խմբ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 8.

Հանրագիրը վերադարձնելը

 

1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրին ներկայացվող պահանջներին, կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու և կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:

2. Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:

3. Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս մասով:

4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով կամ մասով:

(8-րդ հոդվածը խմբ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 9.

Հանրագրի քննարկումը մերժելը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ամբողջությամբ կամ մասամբ մերժում են հանրագրի քննարկումը, եթե`

1) անձը ներկայացրել է կրկնակի հանրագիր.

2) հանրագրում նշված հարցը արդեն իսկ ստացել է համապատասխան օրենսդրական կամ այլ կարգավորում.

3) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքը.

4) հանրագրով ներկայացված պահանջը ենթակա է լուծման քաղաքացիական, վարչական, քրեական կամ սահմանադրական դատավարության կարգով, կամ այդպիսի պահանջի լուծման համար օրենքով նախատեսված է այլ ընթացակարգ.

5) (կետն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-122-Ն)

6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքով, կամ

7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:

2. Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում հանրագրի քննարկումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը և որոշումն ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին:

3. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 10.

Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը

 

1. Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

2. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

3. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

1) առկա է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն, կամ

2) նույն հարցի վերաբերյալ առկա է մեկից ավելի հանրագիր:

4. Առանձին դեպքերում, երբ հանրագրում նշված հարցի քննարկման համար ձևավորվել է առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ, ապա հանրագիրը քննարկվում է, և հանրագրին պատասխան է ներկայացվում հանձնաժողովի կամ այդ խմբի գործունեության ժամկետում, սակայն ոչ ավելի, քան վեց ամսում:

 

Հոդված 11.

Հանրագրին պատասխան ներկայացնելը

 

1. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում չկայացվելու դեպքում դրան սույն օրենքով նախատեսված ժամկետում տրվում է պատշաճ պատասխան:

2. Պատասխանն ստորագրում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձը:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրագրի պատասխանը ոչ ուշ, քան այն կայացնելուն հաջորդող աշխատանքային օրը ուղարկում են հանրագիրը ներկայացրած անձին:

4. Նույն անձի կամ անձանց կողմից նույն հարցի վերաբերյալ մի քանի հանրագիր ներկայացվելու դեպքում մինչև դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելը իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձն իրավունք ունի միավորելու դրանք և ներկայացնելու մեկ ընդհանուր պատասխան, որն ուղարկվում է բոլոր հասցեատերերին:

 

Հոդված 12.

Հրապարակային հանրագրերը ներկայացնելու և քննարկելու առանձնահատկությունները

(հոդվածն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

Հոդված 13.

Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները

 

1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկումն իրականացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 14.

Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները

 

1. Կառավարություն ներկայացված հանրագրերը գրանցում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև հրապարակում է վարչապետի աշխատակազմը:

2. Վարչապետի աշխատակազմը որոշում է հանրագրերը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը, ինչպես նաև ծանուցում է հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին:

3. Եթե բացակայում են հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը, ապա հանրագիրը գրանցելուց հետո վարչապետի աշխատակազմն այն վերահասցեագրում է հանրագրում նշված հարցով իրավասու նախարարությանը: Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա հանրագրի քննարկումն իրականացնում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 15.

Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողության (անգործության) բողոքարկումը

 

1. Հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի գործողությունը (անգործությունը) ենթակա են բողոքարկման վարչական կամ դատական կարգով:

 

Հոդված 16.

Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելը

(վերնագիրը խմբ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաև հանրագրի պատասխանն ուղարկվում են հասցեատիրոջ ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեին և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում են Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում: Թղթային եղանակով հանրագիր ներկայացնելու դեպքում սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաև հանրագրի պատասխանը ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, եթե հասցեատերը հանրագրի մեջ ցանկություն չի հայտնել պատասխանն ստանալ էլեկտրոնային փոստի հասցեին։

2. Թղթային եղանակով ներկայացված կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձին, իսկ պատասխանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում է Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում:

(16-րդ հոդվածը խմբ. 24.03.21 ՀՕ-122-Ն)

 

ԳԼՈՒԽ 3

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 17.

Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքը:

 

Հոդված 18.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծումը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում: Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք չունեն պաշտոնական կայք, կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են նաև համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է, և Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

  

2018 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-15-Ն