«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2003 թվականի N 703-Ն
ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 32-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 6.1-ին կետով նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը՝ յուրաքանչյուրն իր մասով։
(1.1-ին կետը լրաց. 29.08.19 N 1148-Ն)
1.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ ապահովել իրականացվող մոնիթորինգի արդյունքների փոխանակում՝ յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ անգամ՝ արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիթորինգի արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
(1.2-րդ կետը լրաց. 29.08.19 N 1148-Ն)
1․3․ 1․2-րդ կետի մոնիթորինգի իրականացման ժամկետը հաշվարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից։
(1.3-րդ կետը լրաց. 15.04.21 N 574-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունիսի 13
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 22-ի N 703-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման գործառույթները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունն ունի հետևյալ իմաստը՝
ձկնային տնտեսություն` արդյունագործական ձկնորսություն, ապրանքային ձկան, ձկնամատղաշի, այլ ջրային կենդանիների բուծման գործունեության իրականացման միջոցառումների և (կամ) կառուցվածքների ամբողջություն:
3. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսները կարող են օգտագործել Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից ջրօգտագործման թույլտվություն ստանալուց հետո:
4. Ջրային համակարգերն օրենքով սահմանված կարգով կարող են օգտագործվել ձկնատնտեսական նպատակներով՝ դրանց սեփականատիրոջ համաձայնությամբ և պայմանագրային հիմունքներով` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմանի բավարարման դեպքում:
5. Ձկնային տնտեսության կողմից իրականացվող ջրօգտագործումը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը:
6. Ձկնային տնտեսությունների ջրօգտագործումը պետք է բացառի ստորերկրյա ջրերի մակարդակի փոփոխությունը, տեղանքի ճահճացումը կամ չորացումը:
6.1. Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվում են ջրօգտագործման և ձկնարտադրության տարեկան ծավալի հետևյալ չափաքանակները՝
1) 1 լ/վրկ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար՝ նվազագույնը 700 կգ.
2) 1 լ/վրկ ջրաելքով թառափ ձկնատեսակի համար՝ նվազագույնը 800 կգ.
3) 1 լ/վրկ ջրաելքով թառափ և իշխան ձկնատեսակների համար՝ ընդհանուր նվազագույնը 750 կգ։
(6.1-ին կետը լրաց. 29.08.19 N 1148-Ն, 15.04.21 N 574-Ն)
6.2. Հավելվածի 6.1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված չափաքանակները սույն որոշման 1.2-րդ կետում նշված մոնիթորինգի իրականացման արդյունքում չհամապատասխանելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մեջ նվազեցնել ջրառի չափաքանակները՝ դրանք համապատասխանեցնելով վերջին հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներով սահմանված տարեկան ձկնազանգվածի համար սույն չափաքանակներով հաշվարկված ջրառի ծավալին:
(6.2-րդ կետը լրաց. 29.08.19 N 1148-Ն, փոփ. 15.04.21 N 574-Ն)
7. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտներից իրականացվող ջրառը պետք է պարտադիր կահավորված լինի ձկնարգելքով:
9. Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործումն առանց արհեստական կառույցների թույլատրվում է միայն տվյալ ջրաէկոհամակարգին բնորոշ ձկնատեսակների բուծման պայմանով:
(հավելվածը լրաց. 29.08.19 N 1148-Ն, լրաց., փոփ. 15.04.21 N 574-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |