Համարը 
ՀՕ-252-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
03.06.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.29-րդ հոդվածով.

 

«Հոդված 169.29. Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելը

 

1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի կողմից իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելը կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հարյուրապատիկի չափով։

5. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, եթե մինչև վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը նա վերացրել է իր թույլ տված խախտումը և իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմնին է ներկայացրել ապացույցներ այդ մասին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 223․1-ին հոդվածի 1-ին մասը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «169.29-րդ,» բառով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. հունիսի 17
Երևան
ՀՕ-252-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: