ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատներ թիվ 44765/08 և 10607/10)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 մայիսի 2021 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ,
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրեյվիրտ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդան Ջհանգիրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2008 թվականի հուլիսի 16-ին և 2010 թվականի հունվարի 15-ին համապատասխանաբար Դատարան ներկայացված գանգատները (թիվ 44765/08 և 10607/10),
ոստիկանության կողմից իրականացված գործողության ընթացքում անհարկի բռնություն ենթադրաբար գործադրելու և այդ առնչությամբ մարմինների կողմից արդյունավետ քննություն ենթադրաբար չիրականացվելու, ձերբակալության ժամանակահատվածում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն ենթադրաբար չապահովելու, կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին պատշաճ բուժում և խնամք ենթադրաբար չտրամադրելու, ինչպես նաև կալանքի պատշաճ պայմանների ենթադրյալ բացակայության, չնայած վատառողջ լինելուն՝ դատաքննությանը դիմումատուի հարկադրված մասնակցության և նրա տեղափոխման համար պատշաճ պայմանների ենթադրյալ բացակայության, 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքը ենթադրաբար անօրինական լինելու, անհարկի ուժ գործադրելու առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի ապրիլի 13-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. «Ողնաշարի տուբերկուլյոզ» հիվանդությամբ տառապող և շարժողական խնդիրներ ունեցող դիմումատուին մեքենա վարելու ընթացքում կանգնեցրել է ոստիկանությունը և ձերբակալել նրան։ Այնուհետև նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, և նա մեղադրվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Գործը վերաբերում է դիմումատուի պնդումներին՝ կապված ձերբակալության ընթացքում իր նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու, մարմինների կողմից գործի արդյունավետ քննություն չիրականացվելու, կալանքի տակ գտնվելու ընթացքում ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվելու և չնայած վատառողջ լինելուն՝ դատական լսումներին իր մասնակցությունը հարկադրաբար ապահովելու հետ՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջների։ Դիմումատուի բողոքները նաև վերաբերում են նրա կալանքի օրինականությանը, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով, և իր ձերբակալության ժամանակահատվածում անհամաչափ ուժ գործադրելու վերաբերյալ իր բողոքի մասով իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցի ենթադրյալ բացակայությանը, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1960 թվականին և ապրում է Երևանում։ Նրան Դատարանում ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Սահակյանը, պրն Ե. Վարոսյանը և պրն Ա. Ղազարյանը:
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, որոնք ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
5. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ընտրություններից հետո ընդդիմությունն ընդդիմադիր կուսակցության գլխավոր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է անցկացնել բողոքի ցույցեր և հանրահավաքներ։
6. 2008 թվականի փետրվարի 22-ին դիմումատուի եղբայրը՝ Գ.Ջ.-ն, որն այդ ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալը, ելույթ է ունեցել Երևանում անցկացվող ընդդիմության ցույցի ընթացքում։ Հաջորդ օրը գործող նախագահը արձակել է նրան գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու հրամանագիր։
I. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ
Ա. Դիմումատուի վարկածը
7. Ըստ դիմումատուի՝ 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, նա և Գ.Ջ.-ն դիմումատուի վարած մեքենայով վերադառնալիս են եղել Երևան։ Արգավանդ գյուղի մոտ գտնվող խաչմերուկում մեքենան արգելակելիս նրանց վրա է հարձակվել դիմակավորված և զինված անհայտ անձանց մի խումբ, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, եղել են ոստիկանության ծառայողներ։ Այս անձինք իրենց առանց համարանիշի մեքենայով բախվել են նրանց մեքենային՝ փակելով նրանց ճանապարհը, դուրս են եկել մեքենայից և իրենց ատրճանակներից կրակ արձակելով՝ շրջապատել են նրանց մեքենան։ Միևնույն ժամանակ այս անձինք նաև շրջապատել են նրանց ուղեկցող մեքենան, որի վարորդը եղել է Ա.Ս.-ն՝ դիմումատուի ընկերը։ Լ.Պ.-ն՝ Գ.Ջ.-ի վարորդը, Կ.Հ.-ն՝ Գ.Ջ.-ի օգնականը, և Ս.Հ.-ն, որը, ըստ էության, եղել է դիմումատուի աշխատողը, գտնվել են երկրորդ մեքենայի մեջ։ Գ.Ջ.-ն դուրս է եկել մեքենայից, ներկայացել է և հարցրել է, թե ինչ են նրանք ցանկանում։ Այնուհետև դիմակավորված անձինք Գ.Ջ.-ին նստեցրել են իրենց մեքենան։ Դրանից հետո, փորձելով դիմումատուին դուրս բերել մեքենայից, մի քանի հարվածներ են հասցրել վարորդի կողային դռան պատուհանին և կոտրել են այն։ Երբ դիմումատուն, որը ողնաշարի տուբերկուլյոզի հետևանքով առաջացած շարժական խնդիրների պատճառով կրում էր բժշկական կորսետ, բացել է մեքենայի դուռը, նրա մեքենան շրջապատած անձինք ատրճանակի կոթով հարված են հասցրել նրա դեմքին, նրան դուրս են բերել մեքենայից և գցել գետնին՝ ծնկների վրա, արհամարհելով Գ.Ջ.-ի զգուշացումները, որ նրա մոտ առկա է ողնաշարի հիվանդություն։ Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները կրակ են արձակել իրենց ատրճանակներից և վնասվածք հասցրել դիմումատուին։ Երկու ոստիկան, մասնավորապես՝ Գ.Մ-ն և Տ.Կ.-ն, նույնպես վնասվածքներ են ստացել կրակոցներից։ Դրանից հետո կրակոցները շարունակվել են ոստիկանների մեքենայի մոտ։ Այնուհետև դիմումատուն, Գ.Ջ.-ն, Լ.Պ.-ն և Կ.Հ.-ն տեղափոխվել են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (այսուհետ՝ ԿՀՊԳՎ), որի ոստիկաններն էլ իրականացրել են օպերացիան (այսուհետ՝ ոստիկանական օպերացիա)։
8. Դիմումատուն պնդում է, որ օպերացիան իրականացվել է ժամը 22։00-ին։ Ի հիմնավորումն՝ նա հիշատակել է այն փաստը, որ «Ռագնում Նյուզ» գործակալությունը ժամը 22:44-ին հրապարակել է մամլո հաղորդագրություն, ըստ որի՝ Գ.Ջ.-ն և դիմումատուն 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, դիմակավորված անհայտ անձանց կողմից առևանգվել են Արգավանդի խաչմերուկից։ Նա նաև հիշատակել է «Ա1+» լրատվական գործակալության կողմից ժամը 23։19-ին հրապարակված նույնաբովանդակ մամլո հաղորդագրությունները։
Բ. Կառավարության վարկածը
9. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի՝ դեպքերի վերաբերյալ վարկածը և հղում է կատարել ներպետական մարմինների կողմից դեպքերի քննության արդյունքներին (տե՛ս ստորև՝ 93-րդ, 96-րդ և 98-րդ պարբերությունները)։
10. Համաձայն 2008 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում հրապարկված հայտարարության՝ ԿՀՊԳՎ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել այն մասին, որ երկու մեքենաները վարող անձինք (նշելով պետհամարանիշները) եղել են զինված և հետապնդել են Երևանում իրավիճակը ապակայունացնելու նպատակ։ Ժամը 23։00-ի սահմաններում ԿՀՊԳՎ-ի ծառայողները զննում իրականացնելու նպատակով Արգավանդի խաչմերուկում կանգնեցրել են վերոնշյալ մեքենաները։ Զննման ընթացքում ԿՀՊԳՎ-ի ծառայողները բախվել են մեքենաներում գտնվող անձանց դիմադրությանը, որի հետևանքով ոստիկան Ռ.Մ.-ն պատահաբար կրակել է իր ծառայողական զենքից՝ թեթև վնասվածք պատճառելով երկու ոստիկանի և այն դիմումատուին, որը դիմադրություն է ցույց տվել։ Այդ մեքենաներում գտնվող անձինք, մասնավորապես՝ դիմումատուն, Գ.Ջ.-ն, Կ.Հ.-ն և Լ.Պ.-ն տեղափոխվել են ԿՀՊԳՎ։ Դիմումատուի մոտ հայտնաբերվել է ՊՍՄ տեսակի ատրճանակ՝ փամփուշտներով, իսկ Գ.Ջ.-ի և Կ.Հ.-ի մոտ՝ երկու այլ ատրճանակ։ Մեքենաների զննմամբ հայտնաբերվել են որսորդական հրացան և Բրաունինգ տեսակի ատրճանակ՝ փամփուշտներով, ինչպես նաև դաշույն, ձեռնաշղթաներ և զրահաբաճկոն։
II. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Ա. Դիմումատուի ձերբակալումը, ոստիկանների կողմից նրա նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքը և ձերբակալության ընթացքում նրան ցուցաբերված բժշկական օգնությունը
11. Համաձայն «Անձին բերման ենթարկելու մասին» արձանագրության՝ դիմումատուն ԿՀՊԳՎ բերման է ենթարկվել 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ԿՀՊԳՎ-ի ծառայողներ Ս.Մ.-ի և Ա.Մ.-ի կողմից՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու կասկածանքով։
12. Ըստ դիմումատուի՝ ԿՀՊԳՎ-ի վարչական շենքի միջանցքում ինքը և Գ.Ջ.-ն ծեծի են ենթարկվել հատուկ օպերատիվ խմբի երեք անձանց կողմից, որոնք իրենց գցել են գետնին և սկսել ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել իրենց մարմնի տարբեր մասերին։ Գ.Ջ.-ն, տեսնելով իր եղբոր անօգնական և արյունաշաղախ վիճակը, խնդրել է ոստիկաններին չհարվածել նրան, քանի որ ունի ողնաշարի հիվանդություն։ Սակայն ոստիկանները կանգ չեն առել, այլ ընդհակառակն, սկսել են առավել ուժգին հարվածներ հասցնել նրան՝ թիրախավորելով ողնաշարը։ Դիմումատուն պնդում է, որ թե՛ ինքը և թե՛ Գ.Ջ.-ն բազմաթիվ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից գործադրված բռնության հետևանքով։ Այնուհետև 2008 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 22։30-ից մինչև 2008 թվականի փետրվարի 24-ը՝ ժամը մոտ 00։50-ը, նա պահվել է ԿՀՊԳՎ-ում։ Քանի որ հրազենից ստացված նրա վերքը արյունահոսում էր, ոստիկանները նրա աթոռի վրա տեղադրել են թղթի հաստ շերտ՝ արյան հետքերը թաքցնելու համար։
13. 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 00։50-ին, դիմումատուն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա նստային հատվածում ստացել է թափանցող հրազենային վիրավորում։ Վերքն ախտահանվել է և վիրակապվել, որից հետո դիմումատուն տեղափոխվել է ԿՀՊԳՎ։
14. 2008 թվականի փետրվարի 24-ին Ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Մ.-ն Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը) քրեական վարույթ է հարուցել դիմումատուի դեմ (գործ թիվ 69101308)՝ ոստիկանների նկատմամբ նրա կողմից բռնություն ենթադրաբար գործադրվելու դեպքի առթիվ։
15. Միևնույն օրը՝ ժամը 02։00-ին, կազմվել է դիմումատուի ձերբակալման արձանագրություն, համաձայն որի՝ դիմումատուն ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
16. Ժամը 02։15-ին դիմումատուն հարցաքննվել է որպես կասկածյալ։ Նա նշել է, ի թիվս այլնի, որ երկու կամ ավելի անձինք իրեն դուրս են բերել մեքենայից և ուժով գետնին գցել։ Այնուհետև, ինքն իր աջ ձեռքը սեղմել է կրծքավանդակին, քանի որ չէր կարող պառկել իր ողնաշարի հիվանդության պատճառով և գտնվել է մասամբ ծնկած դիրքով։ Այդ դիրքում գտնվելիս իր ձեռքը եղել է իր կրծքավանդակին, իսկ բազուկները՝ գետնին հենված, քանի դեռ ոստիկաններից մեկը բռնել էր իր ձախ ձեռքը, իսկ մյուսը պահանջում էր, որ իր ձեռքը հեռացնի կրծքավանդակից։ Այդ պահին ինքը լսել է կրակոց, որից հետո իրեն նստեցրել են մեքենա և տեղափոխել ԿՀՊԳՎ։ Մեքենայի մեջ ոստիկանը իր գոտկատեղի ձախ կողմից դուրս է բերել դիմումատուի ատրճանակը։ Այդ ատրճանակը եղել է պաշտոնական նվեր, և ինքը ունի այն կրելու թույլտվություն։ Դիմումատուն նաև նշել է, որ իրեն ԿՀՊԳՎ տեղափոխելիս զգացել է, որ իրեն կրակել են հատվածում, սակայն լռել է, քանի իրեն այդ հանգամանքը անհանգստություն չէր պատճառում. միևնույն ժամանակ, երբ հայտնվել են շենքում, և ոստիկանները նկատել են, որ ինքն արյունահոսում է, իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին օգնություն։ Դիմումատուն հերքել է, որ հայհոյել է ոստիկաններին կամ սպառնացել է նրանց։ Հարցին, թե արդյոք նա հարվածել է ոստիկանին մեքենայից դուրս բերվելուց հետո, նա հերքել է դիմադրություն ցույց տալու հանգամանքը և նշել է, որ նա, ըստ երևույթին, չէր կարող հարվածել որևէ մեկի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրեն գետնին են գցել մեքենայից դուրս բերելուց անմիջապես հետո։
17. Այս հարցաքննությունից հետո՝ 2008 թվականի փետրվարի 24-ին՝ մինչև ժամը 09։00-ն, դիմումատուն պահվել է ԿՀՊԳՎ-ի սենյակներից մեկում։ Այդ սենյակում նրան պահելու ամբողջ ընթացքում նրա վերքը արյունահոսել է, և նրա վիճակը վատթարացել է։ Ի վերջո, ոստիկանները միևնույն օրը նրան տեղափոխել են Ոստիկանության հոսպիտալ։
18. 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ին, դիմումատուն ընդունվել է Ոստիկանության հոսպիտալ։ Հոսպիտալում հեռացվել է նրա բժշկական կորսետը, որը նրան անհրաժեշտ էր շարժվելու համար։ Ավելին, հոսպիտալում գտնվելու երկու օրվա ընթացքում նրանք հրաժարվել են տալ դիմումատուին սնունդ և ջուր։
19. 2008 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 01։40-ին, դիմումատուի առողջական վիճակը կրկին վատթարացել է, և նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նրան ընդունել են տուբերկուլյոզային բաժանմունք։
Բ. Դիմումատուի դատաբժշկական փորձաքննությունները
20. 2008 թվականի փետրվարի 27-ին քննիչ Մ.-ն նշանակել է դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում նրա կողմից մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու համար։
21. 2008 թվականի փետրվարի 29-ին դիմումատուի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, և ի հայտ են բերվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես, 2008 թվականի մարտի 21-ին տրված դատաբժշկական եզրակացության մեջ նշվել է հետևյալը.
«[Դիմումատուի] ստացած մարմնական վնասվածքները, այսինքն՝ շրջանի ձախ հատվածում թափանցող հրազենային վիրավորում՝ ենթամաշկային հյուսվածքների վնասմամբ, արյունազեղում՝ ակնակապիճի ձախ հատվածում, կրծքավանդակի աջ կողմի առաջնային հատվածում, հատվածի երկու կողմերում, ... ձախ սրունքի [ստորին հատվածում] և ոտիկների [աջ հատվածում], ձախ հոնքի շրջանում հասցված հարվածից առաջացած վերքը, ինչպես նաև գլխին և ձախ ոտիկին առկա քերվածքները պատճառվել են հետևյալ եղանակով. թափանցող հրազենային վնասվածքը պատճառվել է փամփուշտներով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի հետևանքով, մինչդեռ մյուս վնասվածքները պատճառվել են բութ առարկաների գործադրմամբ ...՝ առողջությանը հասցնելով միջին ծանրության վնաս, առաջացնելով առողջության երկարատև վատթարացում ... . [Դիմումատուի] մոտ առկա է 8-րդ և 9-րդ ողների տուբերկուլյոզային սպոնդիլիտ ... »:
22. Եզրակացությունից պարզ է դառնում, որ դիմումատուն ասել է բժշկին, որ նա վնասվածքները ստացել է ոստիկանական օպերացիայի ընթացքում, երբ իր դեմքին հարվածել են զենքի բռնակոթով, դուրս են բերել մեքենայից, գցել գետնին ու ծեծի ենթարկել։
23. 2008 թվականի մարտի 26-ին դիմումատուի առողջական վիճակը պարզելու համար նշանակվել է փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացման ենթակա դատաբժշկական փորձաքննություն։ Համաձայն համապատասխան արձանագրության, որը, ըստ ամենայնի, տրվել է 2008 թվականի ապրիլի 7-ին, կայացվել է հետևյալ դատաբժշկական եզրակացությունը.
«[Դիմումատուի] մոտ առկա է 7-րդ, 8-րդ և 9-րդ կրծքային ողների, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտկային ողների տուբերկուլյոզային սպոնդիլիտ, որն առկա է եղել նախկինում և բուժվել է, իսկ այժմ սրացել է։ Նշված հիվանդությունը համարվում է ծանր հիվանդություն, և պահանջվում է երկարատև ստացիոնար բուժում հատուկ կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով և լրացուցիչ խնամքի պայմաններում»:
Գ. Դիմումատուի՝ տուժող կողմ ճանաչվելու խնդրագրերը
24. Այդ ընթացքում թիվ 69101308 գործի քննությունը (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը) փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը (այսուհետ՝ ՀԿԾ)։ 2008 թվականի մարտի 7-ին ՀԿԾ-ի քննիչ Հ.-ն գործն ընդունել է իր վարույթ։
25. 2008 թվականի ապրիլի 17-ին դիմումատուն ներկայացրել է միջնորդություն՝ տուժող կողմ ճանաչվելու պահանջով այն հիմքով, որ ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանները ծեծի են ենթարկել և վնասվածք են հասցրել իրեն։ Ի հիմնավորումն իր հայտարարությունների՝ դիմումատուն հիշատակել է 2008 թվականի փետրվարի 29-ին իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքները (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։
26. 2008 թվականի ապրիլի 18-ին քննիչ Հ.-ն կայացրել է դիմումի քննությունը հետաձգելու որոշում այն հիմքով, որ դիմումատուին, ի թիվս այլնի, Ռ.Մ.-ի կողմից վնասվածք հասցնելու դրվագով քննությունը շարունակվում է։
27. 2008 թվականի հունիսի 13-ին դիմումատուն և Գ.Ջ.-ն ներկայացրել են միջնորդություն՝ տուժող կողմ ճանաչվելու պահանջով։ Ի լրումն ոստիկանական օպերացիայի ընթացքում վատ վերաբերմունք ցուցաբերվելու մասին իր հայտարարությունների՝ դիմումատուն և Գ.Ջ.-ն նշել են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել ԿՀՊԳՎ-ի միջանցքում։
28. 2008 թվականի հունիսի 16-ին քննիչ Հ.-ն հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 18-ի որոշումը և դրանում նշված՝ դիմումի քննությունը հետաձգելու հիմքերը։
29. 2008 թվականի հուլիսի 4-ին դիմումատուն և Գ.Ջ.-ն բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քննիչ Հ.-ի նկատմամբ 2008 թվականի հունիսի 13-ի դիմումը քննելու և տուժող կողմ ճանաչելու պարտավորություն սահմանելու պահանջով։
30. 2008 թվականի հուլիսի 16-ին Գլխավոր դատախազությունը գրությամբ տեղեկացրել է դիմումատուին և Գ.Ջ.-ին, որ նրանց միջնորդությունը չի համապատասխանում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նրանք արդեն իսկ ունեն մեղադրյալի կարգավիճակ։
31. 2008 թվականի օգոստոսի 12-ին դիմումատուն և Գ.Ջ.-ն բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (այսուհետ՝ Վարչական շրջանի դատարան)՝ վարույթում տուժող կողմ ճանաչվելու պահանջով։ 2008 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Վարչական շրջանի դատարանը մերժել է նրանց բողոքն այն նույն հիմքերով, ինչ նշված են Գլխավոր դատախազության 2008 թվականի հուլիսի 16-ի գրության մեջ, այսինքն՝ նույն անձը միևնույն ժամանակ չի կարող ունենալ վարույթում մեղադրյալի և տուժող կողմի կարգավիճակ։
32. Այդ ընթացքում՝ 2009 թվականի օգոստոսի 13-ին, քննիչ Հ.-ն որոշում է կայացրել դիմումատուի և Գ.Ջ.-ի՝ ԿՀՊԳՎ-ում ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին հայտարարության առնչությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Այս որոշման մեջ նշվել է, որ Գ.Ջ.-ն հրաժարվել է պնդել ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ԿՀՊԳՎ-ում իր և դիմումատուի նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք։ Լ.Պ.-ն և Կ.Հ.-ն նույնպես ոչինչ չեն նշել քննության ընթացքում դիմումատուի և Գ.Ջ.-ի ծեծին ականատես լինելու մասին։ Միևնույն ժամանակ, 2008 թվականի փետրվարի 24-ին որպես կասկածյալ իր հարցաքննության ժամանակ դիմումատուն որևէ հայտարարություն չի արել իր և իր եղբոր նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մասին, իսկ 2008 թվականի օգոստոսի 6-ին դատարանում այդպիսի հայտարարություն անելուց հետո հրաժարվել է պատասխանել դատախազի հարցերին։
33. Քննիչի որոշման մեջ նաև նշվում են ԿՀՊԳՎ-ի քսան ոստիկանի անուններ, որոնք հարցաքննվել են և հերքել են վատ վերաբերմունքի մասին հայտարարությունը։
34. 2008 թվականի օգոստոսի 23-ին դիմումատուն և Գ.Ջ.-ն 2008 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բողոքարկել են Գլխավոր դատախազություն, որը մերժել է նրանց բողոքը 2008 թվականի օգոստոսի 27-ին։
35. Դիմումատուն և Գ.Ջ.-ն պահանջել են 2008 թվականի օգոստոսի 13-ի որոշման դատական կարգով վերանայում:
36. 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է բողոքը։ Դիմումատուն և Գ.Ջ.-ն ներկայացրել են վերաքննիչ բողոք։
37. 2008 թվականի դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ՝ Վարչական շրջանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը նշել է, որ համաձայն գործի նյութերի՝ դիմումատուի և ոստիկանների միջև վեճը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք զինաթափելիս են եղել դիմումատուին Արգավանդի խաչմերուկում։ Վեճի ընթացքում կրակոցներ են արձակվել ոստիկանի ծառայողական զենքից, որի հետևանքով մի քանի անձանց, այդ թվում՝ դիմումատուին հասցվել է վնասվածք։ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով ոստիկանների նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին 2008 թվականի օգոստոսի 13-ի որոշումը (տե՛ս ստորև՝ 92-րդ պարբերությունը)։ Քանի որ դեռևս առկա էր այն հանգամանքների քննությունը շարունակելու անհրաժեշտությունը, որ դիմումատուն ստացել էր հրազենային և ոչ հրազենային վնասվածքներ, կայացվել է վերոնշյալ հարուցված քրեական գործի հետ համատեղ տվյալ քննությունն իրականացնելու որոշում։
38. 2008 թվականի դեկտեմբերի 27-ին դիմումատուն և Գ.Ջ.-ն վճռաբեկ բողոք են ներկայացրել։
39. 2009 թվականի հունվարի 22-ին Վճռաբեկ դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով: Որոշման մեջ նշվել է, ի թիվս այլնի, որ դիմումատուն իր ձերբակալության ընթացքում չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և նրանց նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն։
Դ. Դիմումատուին առաջադրված մեղադրանքները և նրա նախնական կալանքը
40. 2008 թվականի փետրվարի 25-ին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ կետով դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Մեղադրանք առաջադրելու վերաբերյալ որոշման մեջ նշվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուն չի ենթարկվել ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու օրինական պահանջներին՝ վարելով այն ոստիկանության ֆուրգոնի ուղղությամբ։ Դրանից հետո նա սպառնացել է ոստիկաններին բռնություն գործադրել, փորձել է գրպանից դուրս բերել իր ատրճանակը, ցույց է տվել դիմադրություն և ոստիկանների նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն՝ բռունցքով հարվածելով ոստիկան Ռ.Մ.-ի դեմքին՝ պատճառելով վերջինիս մարմնական վնասվածք։
41. Նույն օրը քննիչ Մ.-ն միջնորդություն է ներկայացրել Վարչական շրջանի դատարան՝ դիմումատուին կալանավորելու պահանջով։
42. Դիմումատուն ներկայացնում է գրավոր ծանուցում այն մասին, որ վատառողջ լինելու պատճառով նա չի կարող ներկայանալ քննիչի՝ իրեն կալանավորելու միջնորդության քննության վերաբերյալ դատական լսմանը։ Ամեն դեպքում նա ուներ պաշտպան, որն էլ դատարանում կներկայացներ նրան։
43. Նույն օրը ոստիկանները դիմումատուին հագցրել են վնասված, արյունաշաղախ բժշկական կորսետը, որն ավելի վաղ առգրավել էին, և բռնելով նրա թևերից՝ տեղափոխել են նրան Վարչական շրջանի դատարան՝ քննիչի դիմումի քննության նպատակով։
44. Նույն օրը Վարչական շրջանի դատարանը թույլատրել է դիմումատուի կալանավորումը՝ 2008 թվականի փետրվարի 24-ից սկսած 2 ամիս ժամկետով։ Դիմումատուի՝ գրավի դիմաց ազատ արձակելու խնդրագիրը մերժվել է։
45. Դատական քննությունն ավարտվելուն պես դիմումատուն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղից էլ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։
46. 2008 թվականի մարտի 3-ին դիմումատուն բողոքարկել է իրեն կալանավորելու մասին որոշումը՝ պնդելով, ի թիվս այլնի, որ նրա մոտ առկա է ողնաշարի տուբերկուլյոզ, որը, համաձայն Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, ընդգրկված է պատիժ կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում։
47. 2008 թվականի մարտի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Ինչ վերաբերում է դիմումատուի առողջական վիճակին, այն գտել է, որ պետք է իրականացվի բժշկական փորձաքննություն՝ այդ հարցերին պատասխանելու համար։ Ավելին, խափանման միջոցի կիրառումը կապված չէ պատիժը կրելու հետ։
48. 2008 թվականի ապրիլի 15-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։ 2008 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է քննել բողոքը՝ ժամկետների խախտմամբ ներկայացվելու հիմքով։
Ե. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դիմումատուին կալանքի տակ պահելու պայմանները
49. Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդությամբ տառապող անձանց կալանքի տակ պահելու համար պատշաճ պայմաններ։ Մասնավորապես, իր կալանքի ժամկետի մեծ մասը նա պահվել է հիվանդների համար նախատեսված խցում, որտեղ առկա է եղել առանց կոնքի զուգարան՝ հատակի վրա բացված անցքով։ Հաշվի առնելով նրա հիվանդության բնույթը, այդ թվում՝ կքելու անկարողությունը՝ այդպիսի զուգարանից օգտվելու յուրաքանչյուր դեպք նրա համար եղել է աննկարագրելի ցավոտ և նվաստացուցիչ։ Նա պետք է հաղթահարեր սուր ցավը՝ իր տարրական սանիտարական կարիքները հոգալու համար, ինչպես օրինակ՝ մարմնի խնամք և մաքրություն։
50. Կառավարությունը պնդել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դիմումատուն պահվել է տուբերկուլյոզով տառապող կալանավորվածների համար նախատեսված հատուկ հիվանդասենյակում և ոչ թե խցում, ինչպես նա է հայտարարել։
Զ. Դիմումատուի գործով դատաքննությունը
1. Դիմումատուի կալանքը դատաքննության ընթացքում և խափանման միջոցի փոփոխությունը
51. 2008 թվականի ապրիլի 19-ին դիմումատուի գործի քննությունն ավարտվել է, իսկ 2008 թվականի ապրիլի 23-ին Գլխավոր դատախազը դիմումատուի գործն ուղարկել է Երևանի քրեական դատարան՝ դատաքննություն իրականացնելու համար։ Գլխավոր դատախազության 2008 թվականի ապրիլի 23-ի գրության օրինակը նաև ուղարկվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին՝ տեղեկացնելու համար, որ Երևանի քրեական դատարանը դիմումատուի կալանավորման ժամկետը հաշվարկել է 2008 թվականի ապրիլի 23-ից սկսած։
52. 2008 թվականի ապրիլի 25-ին Երևանի քրեական դատարանի դատավոր Մ.-ն ընդունել է գործն իր վարույթ։
53. Նույն օրը դիմումատուն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետին է ուղարկել խնդրագիր՝ ազատ արձակվելու պահանջով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վարչական շրջանի դատարանի՝ 2008 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ սահմանված նրա կալանավորման ժամկետը լրացել է 2008 թվականի ապրիլի 24-ին։
54. 2008 թվականի ապրիլի 28-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը դիմումատուին տեղեկացրել է, որ Երևանի քրեական դատարանը դիմումատուի կալանավորման ժամկետը հաշվարկել է 2008 թվականի ապրիլի 23-ից սկսած։
55. 2008 թվականի մայիսի 5-ին դիմումատուն Երևանի քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ապրիլի 25-ի խնդրագրի համանմանությամբ խնդրագիր։
56. 2008 թվականի մայիսի 8-ին Երևանի քրեական դատարանը որոշում է կայացրել դիմումատուի գործով դատաքննություն նշանակելու մասին՝ 2008 թվականի մայիսի 19-ը սահմանելով որպես գործով առաջին դատական լսման ամսաթիվ։ Նույն որոշմամբ այն մերժել է դիմումատուի՝ ազատ արձակվելու խնդրագիրը՝ գտնելով, որ դիմումատուի կալանավորումը նշանակվել է գործի պատշաճ քննության արդյունքում դատարանի կողմից կայացված որոշմամբ, միաժամանակ դատաքննության ընթացքում չի սահմանվել դիմումատուի կալանավորման առավելագույն ժամկետ։ Այն նաև վճռել է, որ դիմումատուի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է ճիշտ և ենթակա չէ փոփոխման կամ վերացման։
57. 2008 թվականի մայիսի 19-ին՝ գործի առաջին դատական լսման ընթացքում, դիմումատուն, որն ունեցել է երկու պաշտպան, ներկայացրել է ազատ արձակվելու մեկ այլ միջնորդություն։ Գործը քննող դատարանն այնուհետև որոշել է հետաձգել վերջին միջնորդության քննությունը՝ մինչև դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար կարևոր հանգամանքները պարզելը։
58. 2008 թվականի հունիսի 3-ի լսման ընթացքում դիմումատուն կրկին ներկայացրել է ազատ արձակվելու միջնորդություն և պնդել է, որ կալանքի տակ շարունակաբար պահելը իրեն պատճառում է ֆիզիկական տառապանք, հետևաբար դրանում առկա են պատժիչ տարրեր, որոնք հավասարազոր են խոշտանգման։ Այս առնչությամբ դիմումատուն հղում է կատարել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական հանձնաժողովի արձանագրությանը (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), որում նշվում է, որ իրեն անհրաժեշտ է երկարաժամկետ ստացիոնար բուժում մասնագիտացված կլինիկայում՝ խիստ անկողնային ռեժիմով, ինչպես նաև անհրաժեշտ է լրացուցիչ խնամք։ Գործը քննող դատարանը որոշել է չքննել միջնորդությունները։
59. Ի պատասխան դատավոր Մ.-ի հարցմանը՝ 2008 թվականի հունիսի 13-ի գրությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը տեղեկացրել է նրան, որ դիմումատուն, որի մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզային սպոնդիլիտի ախտադարձ, պահվել է հաստատության տուբերկուլյոզային բաժանմունքում, որտեղ նա ստացել է պատշաճ բուժում, և որ քրեակատարողական հիմնարկում նրա համար չի կարող ապահովվել լրացուցիչ խնամք։
60. 2008 թվականի հունիսի 16-ի լսման ընթացքում դատավոր Մ.-ն որոշել է փոխել դիմումատուի խափանման միջոցը՝ կալանավորումից դարձնելով ստորագրություն չհեռանալու մասին այն հիմքով, որ գոյություն չունեն պատշաճ պայմաններ՝ դիմումատուի բուժումը կալանքի տակ գտնվելու ընթացքում ապահովելու համար։ Մասնավորապես գործը քննող դատարանը հաշվի է առել դիմումատուի լուրջ հիվանդությունը և լրացուցիչ խնամք ապահովելու անհրաժեշտությունը, որը, ինչպես հաստատվել է 2008 թվականի հունիսի 13-ի գրության մեջ, չի կարող ապահովվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։
61. Դիմումատուն ազատ է արձակվել 2008 թվականի հունիսի 16-ին։
2. Դիմումատուի տեղափոխման պայմանները և դատական լսումներին նրա մասնակցությունը
62. Կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուն գործը քննող դատարան է տեղափոխվել ոստիկանության ստանդարտ մեքենայով, որտեղ կալանավորված անձինք նստում են 1 քառ. մ չափերով փակ խցում, փայտե նստարանին։
63. 2008 թվականի հունիսի 16-ին կալանքից ազատվելուց հետո և մինչև 2008 թվականի սեպտեմբերի 9-ը դիմումատուն ընդհանրապես չի ներկայացել դատական լսումներին։ Այդ ժամանակահատվածում նա ստացել է կանոնավոր բուժում թե՛ հիվանդանոցում և թե՛ տանը, իսկ բժիշկները խորհուրդ են տվել մնալ անկողնում։ Դատական լսումներին ներկայանալու համար դիմումատուն պետք է քայլեր հենակներով։
64. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է և նա հոսպիտալացվել է։
65. 2008 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին իրավաբանների կողմից ներկայացված միջնորդությամբ որոշել է կասեցնել դիմումատուի դատաքննությունն այն հիմքով, որ նրան հոսպիտալացրել են և անհրաժեշտ է երկարաժամկետ բուժում։ Այս առնչությամբ գործը քննող դատարանը որպես հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական հանձնաժողովի արձանագրության տվյալները (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), ինչպես նաև հիվանդանոցից ստացված՝ դիմումատուի ընդունումը հաստատող գրությունը, որին անհրաժեշտ է երկարատև անկողնային ռեժիմով խնամք՝ բժշկական հսկողության ներքո, և ակտիվ շարժվել, այդ թվում՝ լսումներին ներկայանալ չկարողանալու հանգամանքը։
66. 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Երևանի քրեական դատարանը որոշել է վերսկսել դատաքննությունն այն հիմքով, որ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին այն հիվանդանոցից ստացել է գրություն այն մասին, որ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վիճակի որոշակի բարելավմամբ։
67. Այնուհետև գործը քննող դատարանը պարբերաբար նշանակել է դատական լսումներ։ Դիմումատուն չի ներկայացել որևէ լսման: Ըստ նրա՝ այդպես նրա առողջական վիճակը կվատանար։ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին նրան հարկադրել են ներկայանալու դատական լսմանը, քանի որ չներկայանալու դեպքում գործը քննող դատարանը կրկին կկայացներ նրա նկատմամբ նախնական կալանք կիրառելու որոշում։ Սակայն երբ նա հասել է դատարանի շենք, նրա ցավերը սաստկացել են. նրան հնարավոր էր տեղափոխել տուն շտապ օգնություն կանչելուց հետո միայն, իսկ նրա ցավը մեղմելու համար կատարվել է ներարկում։
68. Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմումատուն անցել է ամբուլատոր բուժում Երևանի պոլիկլինիկաներից մեկում, որի բժիշկը պարբերաբար այցելել է նրան։
69. 2008 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի քրեական դատարանը հարցում է ուղարկել վերոնշյալ պոլիկլինիկայի վարչակազմ՝ փորձելով պարզել դիմումատուի առողջական վիճակը՝ դատական լսումներին նրա հետագա մասնակցությունը ապահովելու նպատակով։ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին պոլիկլինիկայի ղեկավարը, ի պատասխան վերոնշյալ հարցման, նշել է, որ դիմումատուն համարվում է երկրորդ կարգի հաշմանդամ և գտնվում է բժշկական հսկողության ներքո, որն իրականացվում է պոլիկլինիկայի բժիշկների կողմից։ 2008 թվականի հոկտեմբերի 27-ին բժշկական հանձնաժողովը գտել է, որ դիմումատուի մոտ առկա է Բեխտերևի հիվանդություն, այսինքն՝ անշարժացնող սպոնդիլոարթրիտ, այն գտնվում է զարգացման փուլում՝ ուղեկցվելով ողնուղեղային նյարդարմատի ցավային համախտանիշով։ Ավելին, դիմումատուի մոտ առկա է 8-րդ և 9-րդ կրծքային ողների և ձախ թոքի ստորին հատվածի տուբերկուլյոզ՝ ուղեկցվելով շնչառական անբավարարությամբ և երկրորդային բնույթի միոկարդիոդիստրոֆիայով։ Նշանակվել է անկողնային ռեժիմ և համապատասխան բուժում։ Նաև նշվել է, որ դիմումատուի կողմից դատական լսումներին հետագայում ներկայանալու և մասնակցելու հարցը դուրս է պոլիկլինիկայի իրավասության շրջանակից։
70. 2008 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դիմումատուի իրավաբանները ներկայացրել են մի քանի միջնորդություն՝ դիմումատուի առողջական վիճակի պատճառով դատաքննությունը կասեցնելու պահանջով, որոնք բոլորը մերժվել են գործը քննող դատարանի կողմից։
71. 2008 թվականի դեկտեմբերի 1-ին գործը քննող դատարանը կայացրել է դիմումատուի ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում այն հիմքով, որ չի ներկայացել հոկտեմբերի 20-ի և 30-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 1-ի դատական լսումներին։ Այդ օրվանից սկսած՝ մինչև յուրաքանչյուր դատական լսման սկիզբը ոստիկանությունը ժամանում էր դիմումատուի տուն՝ նրան դատարան տեղափոխելու համար։ Սակայն պոլիկլինիկայի բուժքույրը, որը խնամում էր դիմումատուին նրա տանը, չի թույլատրել դատաքննության նպատակով դիմումատուի տեղափոխումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
72. 2009 թվականի փետրվարին դիմումատուի իրավաբանները Երևանի քրեական դատարան են ներկայացրել Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրություն, համաձայն որի՝ դիմումատուն կարող է բուժում ստանալ այդ կլինիկայում համապատասխան բժշկական զննություններն իրականացվելուց հետո։ Այդ գրության հիման վրա իրավաբանները դիմել են դատարան՝ դիմումատուի խափանման միջոցը, այսինքն՝ չհեռանալու մասին ստորագրությունը (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը) վերացնելու և համապատասխան զննություններն անցնելու համար Գերմանիա նրա մեկնելը թույլատրելու խնդրանքով։
73. Գործը քննող դատարանը հրաժարվել է քննել խնդրագիրն այն հիմքով, որ չի կարող դա անել դիմումատուի բացակայությամբ։
74. 2009 թվականի փետրվարի 27-ին՝ մինչև այդ օրը նշանակված դատական լսումը, ոստիկաններն այցելել են դիմումատուի տուն և հարկադրել նրան ներկայանալ գործը քննող դատարան։ Քանի որ ոստիկանները նրա տեղափոխումը չէին ապահովել հիվանդների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցով, դիմումատուին տեղափոխել են նրա հարազատների կողմից տրամադրված բազկաթոռով։ Այնուամենայնիվ, դատական լսումը չի կայացել այդ օրը, քանի որ դատախազը չէր ներկայացել, և դիմումատուն ստիպված է եղել վերադառնալ տուն։
75. 2009 թվականի մարտի 1-ին դիմումատուի գործը Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ուղարկվել է Վարչական շրջանի դատարան (դատավոր Մ.-ն շարունակել է հանդես գալ որպես նախագահող դատավոր) հետագա քննության համար։
76. 2009 թվականի մարտի 17-ին դիմումատուի իրավաբանները դիմել են չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու խնդրագրով, որպեսզի նա կարողանա բուժում ստանալ արտերկրում։ Գործը քննող դատարանի կողմից այդ միջնորդության քննությունը դիմումատուի ներկայությամբ իրականացվելու հանգամանքը պնդելու դեպքում իրավաբանները պահանջել են լսման հետաձգում՝ նշելով, որ դիմումատուն պատրաստ է դիմանալ սուր ցավին և ներկայանալ դատարան, որպեսզի նրա բուժման հարցն ի վերջո լուծվի։ Գործը քննող դատարանը, չքննելով առաջին երկու խնդրագրերը, հետաձգել է լսումը մինչև դիմումատուն կտեղափոխվեր դատարան։ Միևնույն օրը նրա հարազատները մեծ դժվարությամբ տեղափոխել են դիմումատուին դատարան։ Սակայն դատաքննությունը սկսվելուն պես դատարանը հրաժարվել է քննել միջնորդությունը և անցում է կատարել դատախազի ճառը լսելուն։ Իրավաբաններն այնուհետև միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով դատարանին թույլատրել դիմումատուի՝ արտերկիր մեկնումը առանց նրա խափանման միջոցը վերացնելու, որպեսզի նա այնտեղ անցնի բժշկական զննությունները։ Սակայն գործը քննող դատարանը մերժել է այդ միջնորդության քննությունը ևս։
77. 2009 թվականի մարտի 27-ին դիմումատուի իրավաբանները ստիպված էին հանդես գալ ճառերով՝ նրա լուրջ առողջական խնդիրների և ողնաշարի ցավի պատճառով։ Ավելին, ժամանակ խնայելու համար իրավաբանները որոշել են ոչ թե հանդես գալ ճառերով, այլ ներկայացնել դրանք գրավոր։ Ճառերի հետ միաժամանակ նրա իրավաբանները պահանջել են խափանման միջոցի վերացում, որպեսզի դիմումատուն կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։ Իր մեջքի ցավերի պատճառով դիմումատուն հրաժարվել է մինչև դատաքննության ավարտը վերջին խոսք հայտնելու իր իրավունքից։
78. 2009 թվականի մարտի 31-ի իր դատավճռում (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը) Վարչական շրջանի դատարանը դիմումատուի խափանման միջոցը, այն է՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողել է անփոփոխ, մինչև նրա նկատմամբ կայացված վճիռը դառնա վերջնական։
79. Վճռի դեմ ներկայացված իր բողոքում դիմումատուն Վերաքննիչ դատարանից պահանջել է վերացնել իր խափանման միջոցը, որպեսզի նա կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր։
80. 2009 թվականի մայիսի 11-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուի բողոքը վարույթ ընդունելու և գործի քննություն նշանակելու մասին որոշում։ Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը վերացրել է դիմումատուի խափանման միջոցն այն հիմքով, որ դրանով նա զրկվում է բուժում ստանալու հնարավորությունից։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի արձանագրության մեջ առկա եզրահանգումները և Գերմանիայում գտնվող կլինիկայից ստացված գրությունը, որում առաջարկվում էր բուժում (տե՛ս վերևում՝ 23-րդ և 72-րդ պարբերությունները)։
3. Ապացույցների հետազոտումը և դիմումատուի նկատմամբ իրականացված մեղադրական դատավճիռը
81. Վարչական շրջանի դատարանում ընթացող դատաքննության ընթացքում ոստիկանական օպերացիային մասնակցություն ունեցած մի շարք ոստիկաններ հարցաքննվել են որպես վկաներ, իսկ Ռ.Մ.-ն վկայություն է տվել որպես տուժող կողմ։
82. Մասնավորապես Ռ.Մ.-ն նշել է, որ ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուն չի ենթարկվել մեքենայից դուրս գալու իր պահանջին և շարունակել է մնալ վարորդի նստելատեղում։ Մեքենայից ուժով դուրս բերելուց հետո դիմումատուն հարվածել է իր դեմքին, ձգել և պատռել է իր համազգեստի բաճկոնի գրպանը, որն ինքը կրում էր իր սև հագուստի վրայից։ Վեճի ընթացքում ինքը նկատել է, որ դիմումատուն ձեռքը տարել է իր բաճկոնի տակ գտնվող աջ գրպանը՝ դեպի ատրճանակի բռնակ հիշեցնող առարկան։ Այդ շարժումն ընդունելով որպես դիմումատուի կողմից իր ատրճանակը դուրս բերելու փորձ՝ ինքը ոստիկաններ Ա.Ա.-ի և Տ.Կ.-ի հետ գետնին են գցել դիմումատուին և նրա ձեռքերը ոլորել են դեպի հետ։ Գրեթե միաժամանակ ինքը պատահաբար երկու կրակոց է արձակել իր ծառայողական զենքից՝ վնասվածք հասցնելով դիմումատուին, ինչպես նաև ոստիկաններ Տ.Կ.-ին և Գ.Մ.-ին։ Վնասազերծելով դիմումատուին՝ նրա մոտ հայտնաբերել է ատրճանակ, որն ինքն այնուհետև հանձնել է իր գործընկերոջը, իսկ դիմումատուին տեղափոխել է ԿՀՊԳՎ։
83. Մի շարք ոստիկաններ, այդ թվում՝ Ա.Ա.-ն, Տ.Կ.-ն, Ա.Մ.-ն և Գ.Մ.-ն ևս ներկայացել են գործը քննող դատարան և տվել Ռ.Մ.-ի վկայությանը համանման վկայություն։
84. Կ.Հ.-ն, Լ.Պ-ն, Ա.Ս.-ն և Ս.Հ.-ն, որոնք ոստիկանական օպերացիան իրականացնելու ժամանակ գտնվել են դիմումատուին ուղեկցող երկրորդ մեքենայում, նույնպես վկայություն են տվել գործը քննող դատարանում։ Նրանցից որևէ մեկը չի նշել, որ նրանք տեսել են դիմումատուին ոստիկանին հարվածելիս։ Ա.Ս.-ն նշել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանը հարվածում դիմումատուի գլխին զենքի բռնակոթով, դուրս քաշում նրան մեքենայից և գցում գետնին։ Մյուսները նշել են, որ նրանք տեսել են դիմումատուին կամ գետնին տապալելիս կամ արդեն իսկ գետնին տապալված։
85. Դիմումատուի պահանջով Գ.Ջ.-ն նույնպես կանչվել է դատարան և հարցաքննվել։ Նա վկայություն է տվել, ի թիվս այլնի, այն մասին, որ դեպքի ընթացքում արձակվել է ոչ թե երկու, այլ մի քանի կրակոցներ։
86. Գործը քննող դատարանը նաև ուսումնասիրել է Ռ.Մ.-ի դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնցով հաստատվել է նրա մարմնական վնասվածքները, մասնավորապես՝ կապտուկ և քերծվածքներ դեմքին, որոնց հետևանքով առողջությանը չնչին վնաս չի հասցվել։ Այն նաև ուսումնասիրել է Ռ.Մ.-ի համազգեստի բաճկոնի դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ հաստատելով գործվածքը ձգելու հետևանքով գրպանին պատճառված վնասը։
87. 2009 թվականի մարտի 31-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է վճիռ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին կետով ճանաչելով դիմումատուին մեղավոր` ոստիկան Ռ.Մ.-ի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ և դատապարտելով նրան երեք տարի ժամկետով պայմանական ազատազրկման։ Մասնավորապես Վարչական շրջանի դատարանը գտել է, որ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ դիմումատուն, ինչպես պնդել է մեղադրողը, պետական պաշտոնատար անձի նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն։ Դատապարտելով դիմումատուին՝ Վարչական շրջանի դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Էջմիածնից Երևան ուղևորվող զինված անձանց մասին օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո՝ նույն օրը՝ ժամը 23։00-ին, ԿՀՊԳՎ-ի հատուկ օպերատիվ խմբի ոստիկանների կողմից իրականացվել է օպերացիա։ Օպերացիայի ընթացքում տուժող կողմը՝ ոստիկան Ռ.Մ.-ն, դուրս է ցատկել ոստիկանական ֆուրգոնից և բղավել «Ոստիկանություն։ Չշարժվե՛ք»։ Դիմումատուն չի ենթարկվել մեքենայից դուրս գալու և իր զենքը հանձնելու օրինական պահանջներին, մեկ անգամ հարվածել է ոստիկան Ռ.Մ.-ի դեմքին, ձգել է նրա բաճկոնը և պատռել այն։ Գործադրելով ֆիզիկական ուժ՝ Ռ.Մ.-ն և ոստիկաններ Ա.Ա.-ն և Տ.Կ.-ն կարողացել են վնասազերծել դիմումատուին, որի բաճկոնի տակ հայտնաբերվել է ատրճանակ։ Դիմումատուին վնասազերծելու ընթացքում տեղի ունեցած վեճի ժամանակ Ռ.Մ.-ի ծառայողական զենքից արձակվել է երկու կրակոց՝ դիմումատուին և ոստիկաններ Տ.Կ.-ին ու Գ.Մ.-ին պատճառելով վնասվածքներ։
88. 2009 թվականի ապրիլի 29-ին դիմումատուն բողոք է ներկայացրել՝ պնդելով, ի թիվս այլնի, որ Վարչական շրջանի դատարանը պատշաճ ձևով չի հետազոտել ապացույցները, անտեսել է նրանց փաստարկները, մերժել է նրա միջնորդությունները և իր եզրահանգումների համար հիմք է ընդունել միայն ոստիկանների վկայությունները։
89. 2009 թվականի հուլիսի 15-ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի վճիռը և մերժել է դիմումատուի բողոքը։
90. 2009 թվականի օգոստոսի 14-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք։
91. 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
III. 2008 թվականի փետրվարի 23-ի ոստիկանական օպերացիայի առնչությամբ քննությունը
92. 2008 թվականի օգոստոսի 13-ին քննիչ Հ.-ն կայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ին իրականացված ոստիկանական օպերացիայից հետո ոստիկանների կողմից Լ.Պ.-ին և Կ.Հ.-ին ենթադրաբար ոստիկանությունում կալանքի տակ անօրինական պահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) քրեական վարույթ (գործ թիվ 62215508) հարուցելու մասին որոշում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի փետրվարի 23-ին իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանների գործողություններին քրեաիրավական որակավորում տալու համար պետք է պարզաբանվեն բազմաթիվ կարևոր հանգամանքներ, անհրաժեշտ է շարունակել քննությունը ոստիկանների կողմից հրազենի կիրառման մասով։ Այդ իսկ պատճառով կայացվել է թիվ 62215508 գործի շրջանակներում վերջին դրվագով քննությունը շարունակելու մասին որոշում։
93. 2009 թվականի հունիսի 30-ին քննիչ Հ.-ն որոշում է կայացրել թիվ 62215508 գործով քրեական վարույթը դադարեցնելու և ոստիկանական օպերացիայի մասնակից ոստիկաններին հետապնդման չենթարկելու մասին որոշում։ Ոստիկանական օպերացիային առնչվող որոշման կարևոր մասերը շարադրված են ստորև.
«Ինչ վերաբերում է հրազենային վնասվածքներին, որոնք ստացել են [դիմումատուն], [Տ.Կ.-ն] և [Գ.Մ.-ն] [Ռ.Մ.-ի] ծառայողական զենքից արձակված կրակոցների հետևանքով, ինչպես նաև [ոստիկանական օպերացիայի] ընթացքում [դիմումատուի] ստացած մարմնական վնասվածքներին ..., պարզվել է հետևյալը՝
... [դիմումատուն], չենթարկվելով ... Ռ.Մ.-ի [չշարժվելու] պահանջին, վարել է մեքենան նրանց ուղղությամբ և ստիպված է եղել կանգնեցնել այն միայն ոստիկանական ... մեքենային բախվելուց հետո։ Այնուհետև, շարունակելով իր անօրինական գործողությունները և չենթարկվելով ոստիկանների՝ մեքենայից դուրս գալու և իր զենքը հանձնելու օրինական պահանջներին, [դիմումատուն] հայհոյել և սպառնացել է ոստիկաններին վրեժխնդրությամբ, ձգել և վնասել է [Ռ.Մ.-ի] համազգեստը, բռունցքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով վնասվածքներ, որոնք չեն որակվում որպես կյանքին հասցված չնչին վնաս։
Ֆիզիկական ուժի գործադրմամբ [Ռ.Մ.-ն], [Ա.Ա.-ն] և [Տ.Կ.-ն] վնասազերծել են [դիմումատուին]՝ կանխելով բաճկոնի տակ՝ իր գոտկատեղի մոտ պահվող զենքը դուրս բերելու փորձը ...
[Դիմումատուին] վնասազերծելիս տեղի ունեցած բախման և ցուցաբերված դիմադրության ընթացքում երկու պատահական կրակոց է արձակվել ... [Ռ.Մ.-ի] ծառայողական զենքից, որի հետևանքով ... վնասվածքներ են պատճառվել [դիմումատուին] ..., [Տ.Կ-ին] ... և [Գ.Մ.-ին]։ ...
Այս դեպքերի առնչությամբ [Ռ.Մ.-ն] նշել է, որ ... [դիմումատուին] վնասազերծելիս հրազենի գործադրման անհրաժեշտություն չի եղել։ Կրակոցներն արձակվել են պատահաբար։ Ապահովիչը բացվել է՝ փամփուշտը մղելով փամփշտանոց ... Այդ ամբողջ ժամանակահատվածում զենքը գտնվել է իր ձեռքում՝ փողը դեպի ներքև ուղղված , և երբ իրենք կարողացել են [դիմումատուին] ծնկի բերել և փորձել են կապել նրա ձեռքերը մեջքի հետևում, իր զենքից կրակոց է արձակվել։ Նույն պահին, կրակոցին զուգահեռ, [դիմումատուն] վայր է ընկել, իսկ ինքը, չկարողանալով պահել հավասարակշռությունը, նույնպես վայր է ընկել, ապա հնչել է երկրորդ կրակոցը։ Այդ պահին իր զենքը գտնվել է իր աջ ձեռքում, որն ուղղված է եղել դեպի [դիմումատուի] մեքենան, մինչդեռ ինքը և [դիմումատուն] գրեթե եղել են գետնին ընկած վիճակում։
...
[Ռ.Մ.-ն] նշել է, որ ... մինչև [ոստիկանական ֆուրգոնից] դուրս գալը ... ինքը դուրս է բերել իր զենքը և փակել է ապահովիչը, ... այսինքն՝ [դիմումատուին] վնասազերծելիս ... զենքերը եղել են պատյանում ... [Դիմումատուին] վնասազերծելիս հրազեն կիրառելու անհրաժեշտություն չի եղել ... Ապահովիչը միացել է ..., [ինչը] կարող էր պատահել մարմնին կամ հագուստին հպվելու հետևանքով ...
Ինչ վերաբերում է [դիմումատուի] ոչ հրազենային վնասվածքներին, [Ռ.Մ.-ն] նշել է, որ ... բախման ընթացքում [դիմումատուի] կողմից ցուցաբերված դիմադրության հետևանքն է ... [դիմումատուն] դեմքով ընկել է գետնին, ինքն էլ միաժամանակ ընկել է [դիմումատուի] վրա, և [դիմումատուն] հավանաբար իր մարմնական վնասվածքները ստացել է նրան վնասազերծելիս գործադրված ուժի, ինչպես նաև ընկնելու հետևանքով ...
Այսպիսով, քննության ընթացքում պարզվել է, որ ... [Ռ.Մ.-ն] իր զենքը պատրաստ վիճակի էր բերել [Ոստիկանության մասին օրենքի] 33-րդ հոդվածին համապատասխան ... [դիմումատուին] վնասազերծելիս նա չէր գործադրի կամ չէր ցանկանում գործադրել հրազեն ... տվյալ իրավիճակում նա չէր կարող ակնկալել, որ [դիմումատուի] հետ կռվի ընթացքում զենքի ապահովիչը կբացվեր՝ պատահաբար արձակելով կրակոցներ և վնասվածքներ հասցնելով երեք անձի ...
Ինչ վերաբերում է [դիմումատուին] մարմնական վնասվածքներ հասցնելուն, նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ [Ոստիկանության մասին օրենքի] 29-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան, մինչդեռ վնասը պատճառվել է ոստիկանների նկատմամբ գործադրվող բռնությունը և ցուցաբերվող դիմադրությունը կանխելու ընթացքում նրան վնասազերծելիս։ Այլ կերպ ասած՝ [ԿՀՊԳՎ-ի] ծառայողները գործել են օրենքի սահմաններում ... »:
Որոշման մեջ այնուհետև նշվել է, որ Ա.Ա.-ն, Տ.Կ.-ն և մյուս ոստիկանները, որոնք մասնակցել են ոստիկանական օպերացիային, արել են Ռ.Մ.-ի հայտարարություններին նման հայտարարություններ։ Դրանում այնուհետև հղում է կատարվում նրանց վերադասի ցուցմունքներին, որոնք հաստատել են այն հանգամանքը, որ, հաշվի առնելով Ռ.Մ.-ի պատրաստվածության մակարդակը և երկար տարիների աշխատանքային փորձը, կրակոցները եղել են ցուցաբերված դիմադրության, այլ ոչ թե անփութության կամ զենքի գործադրման կանոնների խախտման հետևանք։
Որոշման մեջ նաև հղում է կատարվել 2008 թվականի ապրիլի 15-ի հրազենային փորձագետի արձանագրությանը, որում հանգել են այն եզրակացության, ի թիվս այլնի, որ փակված ապահովիչով հնարավոր չէր լինի կրակել Ռ.Մ.-ի ծառայողական զենքից։ Միևնույն ժամանակ որոշման մեջ ներառվել է հրազենային փորձագետի ցուցմունքը, որն ակնհայտորեն վերցվել է արձանագրությունը ստանալուց հետո, համաձայն որի՝ հնարավոր է, որ նկարագրված կռվի իրավիճակում ապահովիչը բացվի դրան հպվելու կամ Ռ.Մ.-ի ձեռքում գտնվելու ընթացքում այլ ներգործության հետևանքով։
94. Դիմումատուն վերոնշյալ որոշումը բողոքարկել է հսկող դատախազին՝ համարելով, որ դրանով խախտվում են իր իրավունքները, և հսկող դատախազը մերժել է նրա բողոքը 2009 թվականի հուլիսի 22-ին։
95. Դիմումատուն այնուհետև պահանջել է 2009 թվականի հունիսի 30-ի որոշման դատական կարգով վերանայում՝ միևնույն ժամանակ պահանջելով, որ իրեն ճանաչեն տուժող կողմ։
96. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Վարչական շրջանի դատարանն անփոփոխ է թողել 2009 թվականի հունիսի 30-ի որոշումն այն հիմքով, որ պարզվել է, որ դիմումատուն չի ենթարկվել մեքենայից դուրս գալու և իր զենքը հանձնելու պահանջին, որից հետո նա սպառնացել է ոստիկաններին, բռունցքով հարվածել Ռ.Մ.-ի դեմքին, ինչպես նաև ձգել ու վնասել է նրա համազգեստը։ Պարզվել է նաև, որ Ռ.Մ.-ի զենքից կրակոցներ արձակվել են պատահաբար, իսկ դիմումատուն իր վնասվածքները ստացել է ոստիկանների հետ բախման ընթացքում ընկնելու հետևանքով։ Այս առնչությամբ Վարչական շրջանի դատարանը հիմք է ընդունել քննիչ Հ.-ի և դատախազի կողմից տրված պարզաբանումները։
97. Դիմումատուն բողոք է ներկայացրել։ Նա պահանջել է, ի թիվս այլնի, որ իրեն ճանաչեն վարույթում տուժող կողմ, իսկ գործի քննությունը հանձնարարեն այլ քննիչի։
98. 2009 թվականի նոյեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանի դատարանի որոշումը։ Այդ որոշման համապատասխան մասերը շարադրված են ստորև.
«... բախման ընթացքում ... [դիմումատուին] վնասազերծելիս երկու կրակոց է պատահաբար արձակվել [Ռ.Մ.-ի] ծառայողական զենքից՝ վնասվածքներ պատճառելով [դիմումատուին], [ՏԿ.-ին] և [Գ.Մ.-ին] ...
[Դիմումատուին] վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է զենք։
...Համաձայն [Ոստիկանության մասին օրենքի] 33-րդ հոդվածի՝ ... ոստիկանության զինված ծառայողն իրավունք ունի մերկացնել և մարտական վիճակի բերել հրազենը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում սույն օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան [ոստիկանության ծառայողի նկատմամբ կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում] կարող է հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջանալ ...
Մերկացրած զենքով ձերբակալում կատարող ոստիկանության ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու ձերբակալվողի ցանկացած փորձ ոստիկանության ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման հրազեն գործադրել ...
Այս իմաստով [Վերաքննիչ դատարանը] գտնում է, որ [Ռ.Մ.-ի] գործողությունները եղել են [Ոստիկանության մասին օրենքի] 32-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան։
Ուսումնասիրելով [դիմումատուի] ոչ հրազենային վնասվածքների վերաբերյալ փաստարկները՝ ... [Վերաքննիչ դատարանը] արժանահավատ է համարում այն, որ [դիմումատուն] դրանք ստացել է այն ժամանակ, երբ [Ռ.Մ.-ն], [Ա.Ա.-ն] և [Տ.Կ.-ն] փորձել են վնասազերծել նրան՝ նրա դիմադրությունը կանխելու և նրան ծնկի բերելու համար, որի ընթացքում [դիմումատուն] դիմադրել է և պայքարել ու այդ պահին էլ դեմքով վայր է ընկել գետնին։
...»:
99. Դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք: Նա պնդել է, ի թիվս այլնի, որ քննություն իրականացնող մարմինը չի պարզել այն եղանակը, որով, ըստ ենթադրության, պատահաբար արձակվել է երկու կրակոց։ Ավելին, տվյալ պարագայում, երբ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել քննություն իրականացնող մարմնի եզրակացությունն առ այն, որ կրակոցները պատահականության հետևանք են, այն իր որոշման մեջ, այնուամենայնիվ, հղում է կատարել Ոստիկանության մասին օրենքի՝ ուժի կանխամտածված գործադրման վերաբերյալ դրույթներին։ Այսպիսի հանգամանքներում դեռևս պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանը տվյալ կրակոցները դիտարկել է ուժի համաչափ գործադրման, թե պատահականության հետևանք՝ համաձայն քննություն իրականացնող մարմնի ենթադրության։ Ի վերջո, դիմումատուն պնդել է, որ հաշվի առնելով իր մարմնական վնասվածքների բնույթը՝ ինքը չէր կարող թերևս դրանք ստանալ քննիչի՝ 2009 թվականի հունիսի 30-ի որոշման մեջ ներկայացված հանգամանքներում։
100. 2010 թվականի հունվարի 15-ի իր որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
IV. ԱՅԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
101. 2008 թվականի սեպտեմբերին դիմումատուին սահմանվել է հաշմանդամության երկրորդ խումբ։
102. 2009 թվականի մարտի 23-ին Վարչական շրջանի դատարանը կայացրել է Գ.Ջ.-ի նկատմամբ դատավճիռ՝ ճանաչելով նրան մեղավոր իր ձերբակալումից հետո ԿՀՊԳՎ-ի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատավճռում՝ դատարանի կողմից հաստատված փաստերի վերաբերյալ մասում, նշվել է, որ ոստիկանական գործողության ընթացքում դիմումատուն գործադրել է կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն այն ոստիկանների նկատմամբ, որոնք մասնակցել են ոստիկանական օպերացիային։
103. Ըստ դիմումատուի՝ Վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոցը վերացնելուց հետո նա մեկնել է Գերմանիա, և բուժումը հաջող է ընթացել։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
104. Համապատասխան ներպետական օրենսդրության դրույթների, ինչպես նաև համապատասխան ներպետական և միջազգային նյութերի ամփոփ շարադրանքի համար, որոնք վերաբերում են 2008 թվականի փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և հետընտրական դեպքերին, տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 91-134, 2018 թվականի սեպտեմբերի 20:
105. Ոստիկանության մասին օրենքի համապատասխան դրույթների համառոտ շարադրանքի համար տե՛ս Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Ayvazyan v. Armenia], թիվ 56717/08, §§ 55-59, 2017 թվականի հունիսի 1:
106. Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին կետով, որը մեջբերված չէ վերոնշյալ վճիռներում, սահմանվում է, որ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։
107. Ոստիկանության մասին օրենքի 29-րդ հոդվածով, ի լրումն Այվազյանի վերոնշյալ գործում մեջբերված դրույթների, սահմանվում է, որ ոստիկանության ծառայողները պետք է անցնեն հատուկ պատրաստություն, որի շրջանակներում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով։ Նրանք պետք է նաև պարբերաբար անցնեն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ։ Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո ոստիկանության ծառայողն իրավունք ունի կրելու հրազեն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
108. Հաշվի առնելով գանգատների առարկաների համանմանությունը՝ Դատարանը կայացրել է Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետի համաձայն դրանք համատեղ քննելու որոշում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
109. Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացրել է բողոք այն մասին, որ 2008 թվականի փետրվարի 23-ին իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանությունը գործադրել է չհիմնավորված ուժ։
110. Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն նաև ներկայացրել է բողոք այն մասին, որ մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել այդպիսի ուժի գործադրման դեպքի առթիվ, և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն ներկայացրել է բողոք այն մասին, որ իր գործով 3-րդ հոդվածի այս խախտումների առնչությամբ չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց։
111. Դիմումատուն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն բողոք է ներկայացրել նաև այն մասին, որ ձերբակալության ժամկետի ընթացքում ժամանակին և պատշաճ ձևով չի տրամադրվել բժշկական օգնություն, որ կալանքի տակ պահվելու ընթացքում իրեն չի տրամադրվել համարժեք բուժում և խնամք, և որ նրան կալանքի տակ պահելու պայմանները պատշաճ չեն եղել, որ իրեն հարկադրել են մասնակցել դատաքննությանը՝ հաշվի չառնելով իր վատառողջ լինելու հանգամանքը, և որ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրան դատարան են տեղափոխել բանտարկյալներին փոխադրելու համար նախատեսված ֆուրգոնով, որը հարմարեցված չէ առողջական խնդիրներ ունեցող կալանավորվածներին տեղափոխելու համար։
112. Դատարանը, որպես գործի փաստերին իրավական որակում տալու իրավասությամբ օժտված մարմին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 114, 2018 թվականի մարտի 20), համարում է, որ հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը (տե՛ս, օրինակ, Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria [GC]], թիվ 43577/98 և 43579/98, § 123, ՄԻԵԴ 2005‑VII)՝ նպատակահարմար է դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածով։
113. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
Ա. Ոստիկանական գործողության ընթացքում դիմումատուի նկատմամբ անհարկի ուժ ենթադրաբար գործադրելը և այդ գործով արդյունավետ քննությունը չիրականացնելը
1. Ընդունելիությունը
114. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ոչ ակնհայտորեն անհիմն է, ոչ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Կողմերի փաստարկները
115. Դիմումատուն պնդել է, որ շարժունակության հետ կապված իր լուրջ խնդիրների պատճառով ինքը պարզապես չէր կարող դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, առավել ևս նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրեր։ Ինչ վերաբերում է իր հրազենային վնասվածքին, դիմումատուն պնդել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ դա իսկապես եղել է պատահականություն, պետությունը պատասխանատվություն է կրում այն անձանց գործողությունների համար, որոնք լիազորվել են կիրառել մահաբեր զենք։
Նա նաև պնդել է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ իր բողոքը քննելու համար չի հարուցվել առանձին վարույթ։ Այլ կերպ ասած՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում նրա նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասով քննությունը իրականացվել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի շրջանակներում, որոնք երկուսն էլ իրականացվել են ՀՔԾ-ում, և որոնց պատասխանատուն եղել է քննիչ Հ.-ն։ Արդյունքում, նրան երբեք չի շնորհվել վարույթում տուժող կողմի կարգավիճակ։
116. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ենթարկվել ոստիկանների պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Նա հարվածել է Ռ.Մ-ի դեմքին, ձգել է նրա բաճկոնը և պատռել այն։ Ոստիկանական օպերացիայի ընթացքում ոստիկանները հայտնաբերել են, որ դիմումատուն վտանգ է ներկայացնում, քանի որ կարող էր կիրառել իր զենքը։ Ինչպես ներկայացվել է Ռ.Մ.-ի հարցաքննության արձանագրության մեջ, դիմումատուի՝ իր աջ ձեռքը կրծքավանդակին ամուր սեղմած պահելու հանգամանքից ենթադրել է, որ նա պատրաստվում է իր բաճկոնի գրպանից դուրս բերել զենք։ Դիմումատուն 2008 թվականի փետրվարի 24-ի իր ցուցմունքով հաստատել է, որ նա իր աջ ձեռքը սեղմել է իր կրծքավանդակին այն ժամանակ, երբ ոստիկանները իրեն դուրս են բերել մեքենայից և ուժով գցել են գետնին։ Կառավարությունը պնդել է, որ ոստիկանության նպատակը եղել է դիմումատուին վնասազերծելը, մինչդեռ Ռ.Մ.-ի ծառայողական զենքից արձակված կրակոցները եղել են պատահականություն։
բ) Դատարանի գնահատականը
i) Քննության ենթադրյալ ոչ պատշաճ կատարումը
117. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Բարձր պայմանավորվող կողմերի՝ պետության լիազոր անձանց կողմից վատ վերաբերմունք համարվող արարքները քննելու ընթացակարգային պարտավորության մասով ընդհանուր սկզբունքները սահմանվել են Բուիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid v. Belgium] ([ՄՊ], թիվ 23380/09, ՄԻԵԴ 2015) գործով Դատարանի վճռի 115-23-րդ պարբերություններում։
118. Դիմումատուի բողոքը, ինչպես ներկայացվել է վարույթում տուժող կողմ ճանաչվելու վերաբերյալ նրա խնդրագրերում, համաձայն որի՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում նա ենթարկվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի (տե՛ս վերևում՝ 25-րդ և 27-րդ պարբերությունները), եղել է վիճարկելի։ Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բերվել են համապատասխան բժշկական ապացույցներ, որոնցում նշվում են թափանցող հրազենային վնասվածքը և նրա դեմքին և մարմնին առկա տարածուն արյունազեղումը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Ուստի մարմիններից պահանջվում էր դիմումատուի նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքի մասով արդյունավետ քննություն իրականացնել:
119. Դատարանը նախևառաջ նշում է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուի ստացած վնասվածքների առնչությամբ չի հարուցվել առանձին քննություն։ Ուստի այդ դեպքերի քննությունն ի սկզբանե իրականացվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։ Այնուհետև՝ դիտարկվող դեպքերից գրեթե 6 ամիս անց, որոշում է կայացվել, որ դիմումատուի և ոստիկանների կողմից հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պետք է քննվեն մյուս մեքենայում դիմումատուին և Գ.Ջ.-ին ուղեկցող անձանց ենթադրյալ անօրինական ձերբակալության դեպքի առթիվ ոստիկանների նկատմամբ 2008 թվականի օգոստոսի 13-ին հարուցված առանձին վարույթի շրջանակներում (տե՛ս վերևում՝ 92-րդ պարբերությունը)։
120. Դատարանը նաև նշում է, որ չնայած այդ առնչությամբ ներկայացված մի քանի խնդրագրի՝ դիմումատուն երբեք չի ճանաչվել վարույթում տուժող կողմ, ինչը նրան հնարավորություն կտար օգտվելու իր դատավարական իրավունքներից, ինչպես, օրինակ՝ խնդրագրերի ներկայացում, առարկությունների ներկայացում և այլն (տե՛ս վերևում՝ 26-րդ, 28-րդ և 29-րդ պարբերությունները)։ Ավելին, վարույթի շրջանակներում դիմումատուին ոչ միայն չի տրվել որևէ ֆորմալ կարգավիճակ, այլև իր հայտարարությունների մասով երբեք չի ենթարկվել առանձին հարցաքննության։ Փաստացի, 2009 թվականի հունիսի 30-ի որոշման մեջ, որի համաձայն՝ ոստիկանական օպերացիայի մասնակից ԿՀՊԳՎ-ի ոստիկանները չեն ենթարկվել հետապնդման, նույնիսկ չի ներկայացվել դեպքերի՝ դիմումատուի վարկածը, այլ միայն հիմք են ընդունվել այդ ոստիկանների, այդ թվում՝ Ռ.Մ.-ի ցուցմունքները, ինչպես նաև նրանց վերադասի ցուցմունքները (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը)։
121. Ավելին, դատախազությունը և դատարանները չեն վերլուծել գործողության պլանավորման կամ իրականացման եղանակը՝ որոշելու համար, թե արդյոք ձեռնարկվել են դիմումատուի կողմից վնասվածքներ ստանալու հնարավորությունը նվազեցնելուն կամ կանխելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը։ Դատարանները պատրաստակամորեն ընդունել են դատախազության տարբերակը՝ առանց որևէ իրեղեն ապացույցի, օրինակ՝ դեպքերի վերականգնում կամ համապատասխան դատաբժշկական տվյալներ, որոնց համաձայն՝ դիմումատուին վնասազերծելիս տեղի ունեցած կռվի ընթացքում Ռ.Մ.-ի զենքից կրակոցներն արձակվել են պատահաբար, և նրա մարմնական վնասվածքները առաջացել են ընկնելու հետևանքով (տե՛ս 96-րդ և 98-րդ պարբերությունները)։ Առավել կարևոր է այն հանգամանքը, որ չի կատարվել ոստիկանական օպերացիայի ընթացքում գործադրված ուժի չափի որևէ առանձին վերլուծություն։ Այլ կերպ ասած՝ հաշվի առնելով դիմումատուի առողջությանը հասցված վնասի ծանրությունը՝ Ռ.Մ-ի կրած վնասի համեմատությամբ, որը, ի տարբերություն դիմումատուի, ճանաչվել է վարույթում տուժող կողմ (տե՛ս վերևում՝ 81-րդ պարբերությունը), մարմինները չեն ճշտել այն հանգամանքը, թե արդյոք այդ հանգամանքներում անհրաժեշտ եղել է դիմումատուի նկատմամբ ուժի գործադրում, թե՝ ոչ։
122. Ավելին, Դատարանը չի կարող հաշվի չառնել այն փաստը, որ, ինչպես նշվել է վերևում, դիմումատուի նկատմամբ անհամաչափ ուժի ենթադրյալ գործադրման դեպքի քննությունն իրականացվել է այն նույն քննիչների կողմից, որոնք նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրել Ռ.Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս փաստը կասկածներ է հարուցում քննության արդյունքների արժանահավատության առնչությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շոշափվում էին հակառակ կողմի շահերը։
123. Հաշվի առնելով քննության այս թերությունները՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում։
ii) Ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուի նկատմամբ ենթադրաբար ցուցաբերված վատ վերաբերմունքը
124. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Բարձր պայմանավորվող կողմերի՝ իրենց ընդդատության ներքո գտնվող անձանց՝ ոստիկանության հետ բախման ընթացքում անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ խոշտանգման չենթարկելու պարտավորության մասով ընդհանուր սկզբունքները համանման ձևով մանրամասն սահմանված են Բուիդի գործով (վերևում հիշատակված) Դատարանի վճռի 81-90-րդ պարբերություններում։
125. Կողմերի միջև վիճելի հարց չէ այն հանգամանքը, որ 2008 թվականի փետրվարի 23-ի ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուն ստացել է հրազենային վիրավորում և բազմաթիվ ոչ հրազենային վնասվածքներ, այդ թվում՝ ի թիվս այլնի, իր դեմքին և մարմնին վերքեր (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Դատարանը համարում է, որ այս վնասվածքները բավականին լուրջ են 3-րդ հոդվածի գործողության շրջանակում դասվելու համար (տե՛ս Նեքդեթ Բուլութն ընդդեմ Թուրքիայի [Necdet Bulut v. Turkey], թիվ 77092/01, § 24, 2007 թվականի նոյեմբերի 20)։
126. Միևնույն ժամանակ կողմերը ներկայացրել են տարբեր վարկածներ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես է դիմումատուն իրականում ստացել այդ վնասվածքները։
127. Դիմումատուն պնդել է, որ մեքենայի՝ իր կողմում գտնվող պատուհանին հարված հասցնելուց հետո ոստիկաններ իրեն հարկադրաբար դուրս են բերել մեքենայից, զենքի բռնակոթով հարվածել են իր դեմքին և հրելով ստիպել են իրեն ծնկի գալ գետնին՝ անտեսելով իր եղբոր զգուշացումները, որ իր մոտ առկա է ողնաշարի հիվանդություն։ Այնուհետև, օպերացիան իրականացնելիս ոստիկանների կողմից արձակված հրաձգության հետևանքով իրեն պատճառվել է վնասվածք (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։ Համաձայն Կառավարության փաստարկի՝ դիմումատուն դիմադրություն է ցույց տվել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են վնասազերծել նրան, որի ընթացքում էլ նա ստացել է մի քանի վնասվածք, իսկ նրա հրազենային վնասվածքը եղել է պատահականություն (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը)։
128. Ինչ վերաբերում է դիմումատուի հրազենային վնասվածքին, Դատարանը նշում է, որ Ռ.Մ.-ի ծառայողական զենքից նրան կրակել են մեկ անգամ, ինչի հետևանքով նա ստացել է թափանցող հրազենային վիրավորում շրջանում։ Ոստիկաններ Տ.Կ.-ն և Գ.Մ.-ն, որոնք մասնակցել են դիմումատուին բերման ենթարկելու գործողությանը, հրաձգության հետևանքով նույնպես ստացել են վնասվածքներ։ Հետագա քննության արդյունքում եզրակացվել է, որ դիմումատուին վնասազերծելու նպատակով տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկան Ռ.Մ.-ի ծառայողական զենքից արձակվել է երկու կրակոց՝ վիրավորելով դիմումատուին և երկու ոստիկաններին (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը)։ Չնայած դիմումատուն վիճարկել է այդ եզրակացությունները ներպետական մակարդակում, գանգատներն ուղարկելուց հետո Դատարան ներկայացված իր դիտարկումներում նա չի վիճարկել դրանք։ Ավելին, դիմումատուն նաև չի պնդել, որ Ռ.Մ.-ն իր վրա կրակոց է արձակել դիտավորությամբ, կամ որ կրակոցը եղել է անհամաչափ ուժի գործադրման հետևանք (տե՛ս վերևում՝ 115 պարբերությունը)։ Այս հանգամանքներում և չնայած դիտարկվող դեպքերի քննությունը ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ իր վերոնշյալ եզրահանգումներին՝ Դատարանը չի տեսնում դիմումատուի հրազենային վնասվածքը պատահականություն լինելու վերաբերյալ եզրակացությունը կասկածի տակ դնելու որևէ պատճառ։
129. Միաժամանակ Դատարանը նշում է, որ, ինչպես նշվել է վերևում, ներպետական մարմինների կողմից իրականացված քննությամբ չեն դիտարկվել ոստիկանական օպերացիայի պլանավորման և իրականացման հետ կապված հարցերը (տե՛ս վերևում՝ 121-րդ պարբերությունը)։ Արդյունքում քննությամբ չեն պարզաբանվել մի շարք հարցեր՝ կապված հրաձգության դեպքի հետ, այդ թվում՝ ոստիկան Ռ.Մ.-ի պատրաստվածության մակարդակը, նրա գործողությունների՝ մինչև օպերացիայի իրականացումը տրված հրահանգներին համապատասխանության, ինչպես նաև այդպիսի հրահանգներ երբևէ տրված լինելու հանգամանքը։
130. Ինչ վերաբերում է դիմումատուի ոչ հրազենային վնասվածքներին, Դատարանը նշում է, որ, ինչպես սահմանվել է դատաբժշկական փորձաքննությամբ, դիմումատուի առողջությանը հասցվել է միջին ծանրության վնաս՝ առողջական վիճակի երկարատև վատթարացմամբ (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը), մինչդեռ Ռ.Մ.-ի մարմնական վնասվածքները, ըստ եզրակացության, նրա առողջությանը չեն պատճառել նույնիսկ չնչին վնաս (տե՛ս վերևում՝ 86-րդ պարբերությունը)։ Դատարանը այնուհետև նշում է, որ միայն դիմումատուին վնասազերծելու գործում ներգրավված է եղել առնվազն երեք ոստիկան։ Ինչպես արդեն նշվել է, նրանցից միայն մեկը, այսինքն՝ Ռ.Մ.-ն է թեթև վնասվածք ստացել։ Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև մասնավորապես Ռ.Մ.-ի ստացած վնասվածքների համեմատությամբ դիմումատուի վնասվածքների ծանր բնույթը՝ ոչ անհամաչափ ուժ գործադրված լինելու հանգամանքն ապացուցելու պարտավորությունը վերապահվում է Կառավարությանը (տե՛ս Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի [Rehbock v. Slovenia], թիվ 29462/95, § 72, ՄԻԵԴ 2000‑XII)։
131. Դատարանը նշում է, որ Կառավարության կողմից ներկայացված հիմնական փաստարկն այն է, որ դիմումատուն խոչընդոտել է ձերբակալությանը, մասնավորապես՝ հարվածելով Ռ.Մ.-ի դեմքին, ձգելով նրա բաճկոնը և պատռելով այն։ Կառավարությունը նաև նշել է, որ դիմումատուն կատարել է այնպիսի շարժում, որից ոստիկանները ենթադրել են, որ նա փորձում է դուրս բերել իր զենքը (տե՛ս վերևում՝ 116-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, չնայած 2009 թվականի հունիսի 30-ի որոշումը վերաբերում է, ըստ երևույթին, դիմումատուի կողմից իր բաճկոնից զենքը դուրս բերելու դրվագին (տե՛ս վերևում՝ 93-րդ պարբերությունը), 2009 թվականի մարտի 31-ի իր վճռում, ինչպես նաև 2009 թվականի սեպտեմբերի 15-ի իր որոշմամբ Վարչական շրջանի դատարանի կողմից ի հայտ բերված փաստերով չի հաստատվել այն հանգամանքը, որ դիմումատուն փորձել է դուրս բերել իր զենքը (տե՛ս վերևում՝ 87-րդ և 96-րդ պարբերությունները)։ Ավելին, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ ոստիկանները դիմումատուին ուժով գետնին ծնկի բերելիս ակնհայտորեն ուշադրության չեն արժանացրել Գ.Ջ.-ի զգուշացումները դիմումատուի ողնաշարի հիվանդության վերաբերյալ, որը, անշուշտ, ցավ է պատճառել նրան. սա մի փաստ է, որի վերաբերյալ Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։
132. Հաշվի առնելով դիմումատուի հետևողական և մանրամասն բացատրություններն իր վնասվածքների առաջացման վերաբերյալ, որը հիմնավորվել է բժշկական ապացույցներով և վկաների ցուցմունքներով (տե՛ս վերևում՝ 21-րդ և 84-րդ պարբերությունները), ինչպես իր՝ ավելի վաղ արված եզրահանգումն այն մասին, որ չի իրականացվել դիմումատուի հայտարարությունների արդյունավետ քննություն (տե՛ս վերևում՝ 121-րդ պարբերությունը)՝ Դատարանը համարում է, որ դիմումատուն ներկայացրել է բավականին լուրջ ապացույցներ առ այն, որ իր վնասվածքները հասցվել են 2008 թվականի փետրվարի 23-ի ոստիկանական օպերացիայի ընթացքում անհամաչափ և անհարկի ուժի գործադրման հետևանքով, մինչդեռ Կառավարությունը չի ներկայացրել հակառակն ապացուցող բացատրություններ։
133. Հետևաբար Դատարանը հանգում է այն եզրակացության, որ պետությունը, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն, պատասխանատվություն է կրում այդ օրը դիմումատուին հասցված վնասվածքների համար՝ թե՛ հրազենային և թե՛ ոչ հրազենային։ Վերոնշյալից հետևում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
Բ. Ձերբակալված լինելու և կալանքի տակ պահվելու ընթացքում ժամանակին պատշաճ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելը, կալանքի տակ պահելու և տեղափոխելու համար պատշաճ պայմանների ենթադրյալ բացակայությունը և դատաքննությանը դիմումատուի մասնակցությունը՝ չնայած վատառողջ լինելու հանգամանքին
1. Ընդունելիությունը
134. Դատարանը նշում է, որ սույն բողոքները ոչ ակնհայտորեն անհիմն են, ոչ էլ անընդունելի են Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Կողմերի փաստարկները
135. Դիմումատուն պնդել է, որ 2008 թվականին տեղի ունեցած իր հարցաքննության առաջին ժամերի ընթացքում իր հրազենային վերքը արյունահոսել է, սակայն իրեն հիվանդանոց են տեղափոխել միայն կեսգիշերից հետո։ Ավելին, ստանալով առաջին օգնություն՝ նրան թույլ չի տրվել մնալ հիվանդանոցում, այլ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Արդյունքում, նրա վիճակը վատթարացել է առավոտյան, երբ ի հայտ է եկել նրան կրկին հոսպիտալացնելու անհրաժեշտություն։ Նույնիսկ այդ ժամանակ նրան չեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, այլ ուղարկել են Ոստիկանության հոսպիտալ, որտեղ նրան չեն տրամադրել սնունդ կամ ջուր։ Այնուհետև, չնայած այն հանգամանքին, որ նրան անհրաժեշտ է եղել բուժում, նրան ընդունել են կալանավայր, և նրա առողջական վիճակը կրկին վատթարանալուց հետո միայն նրան հաջորդ օրը տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առկա չի եղել համապատասխան բժշկական անձնակազմ, որը մասնագիտացված է ողնաշարի տուբերկուլյոզի և Բեխտերևի հիվանդության (անշարժացնող սպոնդիլոարթրիտ) բուժման գործում։ Ավելին, որևէ օգնություն չի ցուցաբերվել նրան՝ իր առօրյա կարիքները հոգալու համար։
Դիմումատուն այնուհետև պնդել է, որ իրեն կալանավայրից դատարան են տեղափոխել ոստիկանության ստանդարտ մեքենայով, կալանավորվածների համար նախատեսված՝ 1 քառ. մ չափերով փակ խցում, և ինքը ստիպված էր նստել փայտե նստարանին։ Դատական լսմանը մասնակցելու նպատակով նրա յուրաքանչյուր տեղափոխության դեպքում, որը եղել է մոտ 10 կմ ճանապարհ, նա տառապել է ողնաշարի ուժեղ ցավերից թե՛ տեղափոխության և թե՛ դրան հաջորդող օրերի ընթացքում։ Ի վերջո, գործը քննող դատարանը, հարկադրելով նրան ներկայանալ լսումներին, անտեսել է նրա առողջական վիճակը։ Այնպիսի իրավիճակում, երբ բժիշկները նրա համար նշանակել են անկողնային ռեժիմ, նա ստիպված էր ներկայանալ դատական լսումներին։ Լսումների ընթացքում նա հաճախ ստիպված էր հենվել հենակներին՝ ողնաշարի ուժեղ ցավը մեղմելու համար։
136. Կառավարությունը պնդել է, որ մարմիններն անտեղյակ են եղել դիմումատուի հրազենային վնասվածքից, քանի որ նա չի հայտնել ոստիկաններին դրա մասին։ Երբ ոստիկանները նկատել են, որ դիմումատուն արյունահոսում է, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, ինչը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում։ Կառավարության փաստարկներում դիմումատուի՝ նստային հատվածում գտնվող վերքի տեղակայվածությունը եղել է այնպիսին, որ ոստիկանները կարող էին չնկատել դա, քանի որ դիմումատուին հարցաքննել են նստած դիրքով, և նա ոչինչ չի հայտնել այդ մասին։ Ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն՝ դիմումատուին վերադարձրել են ոստիկանության այն բաժանմունք, որտեղից նրան տեղափոխել են Ոստիկանության հոսպիտալ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, այն բանից հետո, երբ նրա վիճակը վատացել է։ 2008 թվականի փետրվարի 26-ին դիմումատուն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլյոզային բաժանմունք, որտեղ թոքաբանն իրականացրել է պահպանողական բուժում։ Ավելին, 2008 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ դիմումատուի համար լրացուցիչ խնամքն ապահովելու հնարավորության բացակայությունը հաստատող գրությունը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետից ստացվելուց միայն 3 օր անց գործը քննող դատարանը դիմումատուին ազատ է արձակել կալանքից։
Բացի այդ, Կառավարությունը պնդել է, որ գործը քննող դատարանը բազմիցս հետաձգել է լսումները՝ հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը, նրա կալանքը փոխել է չհեռանալու մասին ստորագրությամբ և ի վերջո, լիովին վերացրել է կիրառված խափանման միջոցը։
բ) Դատարանի գնահատականը
i) Ընդհանուր սկզբունքները
137. Ազատությունից զրկված անձանց ցուցաբերվելիք բժշկական օգնության առնչությամբ համապատասխան սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [Blokhin v. Russia] ([ՄՊ], թիվ 47152/06, 2016 թվականի մարտի 23) գործով Դատարանի վճռի 135-37-րդ պարբերություններում։
138. Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող կալանավորվածներին առնչվող գործերին, Դատարանը համարել է, որ եթե մարմինները որոշել են հաշմանդամություն ունեցող անձին կալանքի տակ վերցնել և պահել, ապա նրանք պետք է հատուկ ջանքեր գործադրեն այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնք համապատասխանում են նրա հաշմանդամությամբ պայմանավորված հատուկ կարիքներին (տե՛ս, օրինակ, Զ.Հ.-ը ընդդեմ Հունգարիայի [Z.H. v. Hungary], թիվ 28973/11, § 29, 2012 թվականի նոյեմբերի 8, և Յասինսկիսն ընդդեմ Լատվիայի [Jasinskis v. Latvia], թիվ 45744/08, § 95, 2010 թվականի դեկտեմբերի 21)։
139. Ընդհանուր առմամբ Դատարանը բավականին ճկուն է բժշկական սպասարկման անհրաժեշտ չափանիշը սահմանելու հարցում՝ որոշելով այն յուրաքանչյուր գործով առանձին։ Այդ չափանիշը պետք է լինի կալանավորված անձի՝ «մարդու արժանապատվությանը համապատասխան», սակայն պետք է նաև հաշվի առնվեն «ազատազրկման գործնական պահանջները» (տե՛ս Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի [Aleksanyan v. Russia], թիվ 46468/06, § 140, 2008 թվականի դեկտեմբերի 22)։
140. Ավելին, վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունները պետք է հիմնավորվեն համապատասխան ապացույցներով։ Չհիմնավորված հայտարարությունն այն մասին, որ բժշկական օգնություն առկա չի եղել, ուշ է ցուցաբերվել կամ այլ դեպքերում եղել է ոչ գոհացուցիչ, որպես կանոն, բավարար չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն հարցը ներկայացնելու համար։ Արժանահավատ բողոքը պետք է, որպես կանոն, ներառի, ի թիվս այլնի, բավականաչափ հղում դիտարկվող առողջական վիճակին, բուժումը, որի համար դիմել են, որը ցուցաբերվել է, կամ հրաժարվել են ցուցաբերել, և որոշ ապացույցներ, ինչպես օրինակ՝ փորձագիտական արձանագրությունները, որոնց միջոցով հնարավոր է վեր հանել դիմումատուի բժշկական օգնության գործընթացում առկա լուրջ թերացումները (տե՛ս Կրիվոլապովն ընդդեմ Ուկրաինայի [Krivolapov v. Ukraine], թիվ 5406/07, § 76, 2018 թվականի հոկտեմբերի 2, հաջորդող հղումների հետ միասին)։
141. Դատարանը սահմանել է այն պայմանների վերաբերյալ նախադեպային իրավունքի ընդգրկուն շարք, որոնցում դիմումատուները տեղափոխվել են բանտարկյալներին փոխադրելու համար նախատեսված ֆուրգոններով նախնական կալանքի վայրից դատարան և հակառակ ուղղությամբ (բանտարկյալների փոխադրման վերաբերյալ համապատասխան սկզբունքների համար տե՛ս մասնավորապես Տոմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Tomov and Others v. Russia], թիվ 18255/10 և ևս 5-ը, §§ 123-28, 2019 թվականի ապրիլի 9)։ Ինչ վերաբերում է մասնավորապես առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալների տեղափոխմանը, Դատարանը գտել է, որ բանտարկյալներին փոխադրելու համար նախատեսված ստանդարտ ֆուրգոններով նրանց տեղափոխումը կարող է 3-րդ հոդվածով առաջ բերել խնդիր (տե՛ս, օրինակ, Տարարիևան ընդդեմ Ռուսաստանի [Tarariyeva v. Russia], թիվ 4353/03, §§ 112-17, ՄԻԵԴ 2006‑XV (քաղվածքներ), երբ հետվիրահատական փուլում գտնվող հիվանդին պատգարակի վրա տեղափոխել են բանտարկյալներին փոխադրելու համար նախատեսված՝ չհարմարեցված ֆուրգոնով)։
ii) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
1) Բուժումը
142. Դիմումատուն ներկայացրել է բողոք այն մասին, որ ժամանակին և պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել նրա հրազենային վնասվածքի մասով, որը նա ստացել է ոստիկանական օպերացիայի ընթացքում, և որ նա հետագայում զրկվել է պատշաճ բուժում ստանալու հնարավորությունից, որն անհրաժեշտ էր կալանքի տակ գտնվելու ընթացքում՝ իր առողջական վիճակով պայմանավորված։
143. Դատարանը նախևառաջ նշում է, որ ոստիկանական օպերացիայի ընթացքում կրակոցներ արձակվելուց հետո, որոնցից մեկը վնասվածք է պատճառել դիմումատուին, ոստիկանները նրան տեղափոխել են անմիջապես ԿՀՊԳՎ։ Չնայած կողմերը տարակարծիք են ոստիկանական օպերացիայի ճշգրիտ ժամանակի վերաբերյալ, որի ընթացքում դիմումատուն վնասվածք է ստացել՝ 22։00-ի սահմաններում՝ ըստ դիմումատուի, և 23։00-ի սահմաններում՝ ըստ Կառավարության (տե՛ս վերևում՝ 7-րդ և 10-րդ պարբերությունները), կողմերը համակարծիք են, որ առաջին օգնություն տրամադրելու նպատակով դիմումատուն հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերն անց՝ ժամը 00։50-ին (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։
144. Հղում կատարելով դիմումատուի՝ որպես կասկածյալ տրված ցուցմունքին՝ Կառավարությունը պնդել է, որ ոստիկանները տեղյակ չեն եղել դիմումատուի վնասվածքից, քանի որ նա գաղտնի է պահել դա։ Ըստ Կառավարության՝ ոստիկանները դիմումատուին հիվանդանոց են տեղափոխել անմիջապես այն բանից հետո, երբ նկատել են, որ նա արյունահոսում է։ Ըստ դիմումատուի՝ իրականում նա արյունահոսել է իր նախնական հարցաքննության ամբողջ ընթացքում, և ոստիկանները ստիպված են եղել իր աթոռին դնել թղթի շերտեր (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։
145. Չնայած ճիշտ է այն հանգամանքը, որ դիմումատուն իր ցուցմունքում նշել է, որ ոստիկաններին չի հայտնել իր հրազենային վնասվածքի մասին (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը), ճիշտ է նաև այն, որ ոստիկանական օպերացիայի ընթացքում նա ստացել է բազմաթիվ այլ վնասվածքներ, այդ թվում՝ իր դեմքին, որն ավելի ուշ հաստատվել է դատաբժշկական փորձագետի կողմից (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Դատարանն ապշեցուցիչ է համարում այն, որ այսպիսի հանգամանքներում ոստիկանները դիմումատուին չեն տեղափոխել հիվանդանոց կամ զանգահարել շտապօգնություն՝ առաջին օգնություն տրամադրելու նպատակով, այլ փոխարենը նրան ոստիկանական մեքենայով անմիջապես տեղափոխել են ԿՀՊԳՎ՝ հարցաքննության համար (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։
146. Դատարանը նշում է, որ դիմումատուի վերոնշյալ ցուցմունքը վերցվել է ժամը 02։15-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ նրան հիվանդանոցից վերադարձրել են ԿՀՊԳՎ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես միայն մի քանի ժամ առաջ նստային շրջանում վնասվածք ստացած անձը կարող էր մնալ նստած դիրքում մոտ մեկ ու կես ժամ՝ չգանգատվելով ցավից, և ինչպես կարող էին նրան հարցաքննող ոստիկանները չնկատել, որ նրա վերքն արյունահոսում է։ Ամեն դեպքում նույնիսկ եթե ենթադրենք, որ ոստիկանները կարող էին անտեղյակ լինել դիմումատուի հրազենային վնասվածքից մինչև 00։50-ը, երբ նա, ի վերջո, տեղափոխվել է հիվանդանոց, Դատարանը նշում է, որ դիմումատուն առաջին օգնություն ստանալուց հետո չի հոսպիտալացվել բժշկական հսկողության ներքո գտնվելու համար, այլ փոխարենը նրան վերադարձրել են ԿՀՊԳՎ՝ հարցաքննություն անցկացնելու համար (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը)։ Համապատասխանաբար, տվյալ պարագայում, երբ նոր վնասվածք ստացած դիմումատուին, որի մոտ արդեն իսկ առկա էր ողնաշարի լուրջ հիվանդություն, վերադարձրել են հիվանդանոցից՝ կեսգիշերին հարցաքննություն իրականացնելու համար, հայտնվել է բավականին սթրեսային և խոցելի իրավիճակում (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կորբանն ընդդեմ Ուկրաինայի [Korban v. Ukraine], թիվ 26744/16, § 124, 2019 թվականի հուլիսի 4)։
147. Համաձայն դիմումատուի ներկայացրած դեպքերի վարկածի, որն առանձնապես չի վիճարկվել Կառավարության կողմից, նրա վերքը շարունակել է արյունահոսել հիվանդանոցից վերադառնալուն հաջորդող ժամերի ընթացքում, երբ նա պահվել է ԿՀՊԳՎ-ի սենյակներից մեկում։ Դատարանը նշում է, որ դիմումատուն մոտ յոթ ժամ պահվել է այդպիսի պայմաններում, մինչև նրան չի տրամադրվել բժշկական օգնություն Ոստիկանության հոսպիտալում (տե՛ս վերևում՝ 17-րդ և 18-րդ պարբերությունները)։
148. Ընդհանուր առմամբ ոստիկանական օպերացիային հաջորդող զարգացումները ցույց են տալիս, որ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, որպեսզի դիմումատուն ստանա իր վնասվածքի համար պատշաճ և լիարժեք բժշկական օգնություն, մարմինները նրա համար դիմել են բժշկական օգնության միայն այն բանից հետո, երբ նրա վիճակը վատթարացել է այնքան, որ առաջացել է հետագա հոսպիտալացման անհրաժեշտություն (տես վերևում՝ մասնավորապես 17-րդ և 19-րդ պարբերությունները)։
149. Կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուի բուժումն ապահովելու առնչությամբ Դատարանը նշում է, որ նա պահվել է մինչդատական կալանքի տակ մոտ չորս ամիս՝ 2008 թվականի փետրվարի 24-ից մինչև հունիսի 16-ը, և այդ ժամանակն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլյոզային բաժանմունքում, որտեղ նա ընդունվել էր 2008 թվականի փետրվարի 26-ին (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։
150. Կառավարությունը պնդել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում դիմումատուին թոքաբանի կողմից տրվել է համապատասխան պահպանողական բուժում։ Սակայն Կառավարությունն ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ մարմինները որդեգրել են համալիր բուժման ռազմավարություն՝ ուղղված դիմումատուի առողջական խնդիրների պատշաճ բուժմանը, այլ ոչ թե դրանց դեմ պայքարելուն՝ ըստ ախտանիշների։
151. Դիմումատուն կալանքից ազատ է արձակվել 2008 թվականի հունիսի 16-ին՝ հիմք ընդունելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից այն փաստի ընդունումը, որ դիմումատուի պատշաճ խնամքը չի ապահովվում այդ հաստատությունում (տե՛ս վերևում՝ 59-րդ և 60-րդ պարբերությունները)։ Դատարանը, սակայն, նշում է, որ արդեն իսկ 2008 թվականի ապրիլի 7-ին փորձագիտական հանձնաժողովը, որից քննիչը պահանջել է գնահատել դիմումատուի առողջական վիճակը, իր արձանագրության մեջ նշել է, որ դիմումատուի հիվանդությունը պահանջում է երկարատև ստացիոնար բուժում՝ խիստ անկողնային ռեժիմի պայմաններում, մասնագիտացված կլինիկայում, ինչպես նաև լրացուցիչ խնամք (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Դատարան ներկայացված ապացույցներում ոչինչ չի հուշում, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլյոզային բաժանմունքը համապատասխանում է մասնագիտացված կլինիկայի պրոֆիլին, ինչպես նշվել է փորձագիտական հանձնաժողովի վերոնշյալ արձանագրության մեջ։ Ավելին, առկա չէ որևէ ապացույց, որը թույլ է տալիս ենթադրելու, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն ունի պատշաճ մասնագիտացված անձնակազմ։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ավելի քան երկու ամիս, այսինքն՝ 2008 թվականի ապրիլի 7-ից մինչև հունիսի 16-ը, մարմինները, տեղյակ լինելով դիմումատուի առողջական վիճակով պայմանավորված բուժման անհրաժեշտությունից, չեն ապահովել այդ բուժումը։ Փոխարենը, մինչև կալանքից ազատ արձակվելը դիմումատուին տրամադրվել է միայն պահպանողական բուժում։
152. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն իր հրազենային վնասվածքի համար չի ստացել պատշաճ բժշկական օգնություն։ Դատարանն այնուհետև գտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմումատուին չի տրամադրվել պատշաճ բուժում՝ նրա մյուս հիվանդությունների համար։ Դատարանի կարծիքով՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում նախ նրա վնասվածքի, ապա նրա հիվանդությունների համար պարտադիր բժշկական օգնություն չապահովելու հետևանքով դիմումատուին պատճառվել է խիստ անհանգստություն և տառապանք, որը գերազանցել է կալանքին բնորոշ տառապանքի անխուսափելի մակարդակը։
153. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
2) Կալանքի պայմանները
154. Համաձայն դիմումատուի՝ իր կալանքի պայմանների նկարագրության՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել են ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդությամբ տառապող անձի հատուկ կարիքներին համապատասխանող տարրական հարմարությունները։ Մասնավորապես նա պահվել է այնպիսի հիվանդասենյակում, որտեղ առկա է եղել հատակին բացված անցքով՝ առանց կոնքի զուգարան (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա իր ողնաշարի պատճառով չէր կարող կքանստել, այդպիսի զուգարանից օգտվելու յուրաքանչյուր դեպք, ըստ դիմումատուի խոսքերի, նրան պատճառել է սաստիկ ցավ և եղել է նվաստացուցիչ։ Բացի այդ, իր անձնական հիգիենային հետևելիս նա ստիպված էր դիմանալ սաստիկ ցավին։
155. Կառավարությունը չի վիճարկել դիմումատուի՝ իր կալանքի պայմանների վերոնշյալ նկարագրությունը։
156. Ինչպես արդեն նշվել է վերևում, դեռևս 2008 թվականի ապրիլի 7-ին փորձագիտական հանձնաժողովն իր արձանագրության մեջ նշել է, որ հաշվի առնելով նրա առողջական վիճակը՝ դիմումատուին անհրաժեշտ է «լրացուցիչ խնամք» (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Չնայած արձանագրության մեջ նշված չէ պահանջվող խնամքի տեսակը, հաշվի առնելով դիմումատուի՝ շարժունակության հետ կապված խնդիրները և նրա հիվանդության պատճառով ողնաշարի, պարանոցի և գոտկային շրջանում առկա մշտական ցավը, նրան, անշուշտ, անհրաժեշտ էր օգնություն իր առօրյա կարիքները հոգալու հարցում, ինչպես, օրինակ՝ զուգարանից օգտվելը, լոգանք ընդունելը, ինչպես նաև հագնվելը և հագուստը հանելը։ Դատարանը, սակայն, նշում է, որ 2008 թվականի հունիսի 13-ի գրության մեջ ընդունվել է այն փաստը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չի ապահովել դիմումատուի հիմնական խնամքը (տե՛ս վերևում՝ 59-րդ պարբերությունը)։ Դատարանը նաև նշում է, որ գործը քննող դատարանն ի վերջո ազատ է արձակել դիմումատուին՝ համանման նկատառումների հիման վրա (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը)։
157. Այսպիսով, Դատարանը գտնում է, որ դիմումատուի կալանավորումը, առանց նրա հիմնական առօրյա կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, հավասարազոր է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, որը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։
Հետևաբար այս մասով տեղի է ունեցել այդ դրույթի խախտում։
3) Տեղափոխման պայմանները
158. Դիմումատուն նաև բողոք է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գործը քննող դատարան նրան տեղափոխելու պայմանների վերաբերյալ։ Նա մանրամասն նկարագրել է այն պայմանները, որոնցով նա յուրաքանչյուր լսման համար տեղափոխվել է դատարան։ Մասնավորապես նա ստիպված էր նստել փայտե նստարանին բանտարկյալների փոխադրման համար նախատեսված ստանդարտ ֆուրգոնի փոքր խցում (տե՛ս վերևում՝ 62-րդ պարբերությունը)։ Պատասխանող Կառավարությունը չի վիճարկել տեղափոխման պայմանների նրա նկարագրությունը։
159. Դատարանը նշում է, որ դիմումատուն տեղափոխվել է դատարան, որը մոտ 10 կմ ճանապարհ է, բանտարկյալների փոխադրման համար նախատեսված ստանդարտ ֆուրգոնով, որտեղ տեղադրված չի եղել հատուկ սարքավորում այն անձի կարիքները բավարարելու համար, որի ողնաշարը ծանր վիճակում է և որին, ընդ որում, խորհուրդ է տրվել պահպանել խիստ անկողնային ռեժիմ։ Ավելին, դիմումատուն, որը ստիպված էր հատուկ բժշկական կորսետ կրել՝ իր ողնաշարը ամուր պահելու համար, ստիպված էր մեջքը կռացնել, որ բացառապես ոստիկանների օգնությամբ ֆուրգոն բարձրանար և դրանից դուրս գար, ինչպես նաև նստել փայտե նստարանին՝ առանց իրանի համար նախատեսված հենարանի։ Դատարանը նշում է, որ մարմինները տեղափոխման ընթացքում չեն ձեռնարկել որևէ ուղղիչ միջոցառում՝ դիմումատուի կարիքները հոգալու համար, և հաշվի է առնում դիմումատուի այն պնդումը, որ այդպիսի վերաբերմունքի հետևանքով սաստկացել է նրա մեջքի ցավն այդ պայմաններում տեղափոխություններին հաջորդող օրերին (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը)։
160. Չնայած «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գործը քննող դատարանի շենք ընկած հեռավորությունը համեմատաբար կարճ է՝ մոտ 10 կմ, Դատարանը նշում է, որ դիմումատուին այդպիսի պայմաններում այնտեղ տեղափոխել և հետ են վերադարձրել առնվազն երեք անգամ՝ 2008 թվականի մայիսի 19-ի, հունիսի 3-ի և 16-ի լսումների համար (տե՛ս վերևում՝ 57-րդ, 58-րդ և 60-րդ պարբերությունները), այսինքն՝ ընդհանուր առմամբ 60 կմ։
161. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի տեղափոխությունների նյութական պայմանների ընդհանուր ազդեցությունը և դրա ընդհանուր տևողությունը բավականին լուրջ են, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով որակվեն որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք (տե՛ս վերևում հիշատակված՝ Տոպեխինի գործը, § 94)։
162. Հետևաբար դիմումատուի՝ գործը քննող դատարան տեղափոխման մասով տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում։
4) Դատական լսումներին դիմումատուի մասնակցությունը
163. Չնայած դիմումատուն հատուկ բողոք է ներկայացրել 2008 թվականի հունիսի 16-ից հետո, այսինքն՝ կալանքից նրան ազատ արձակելուց հետո գործը քննող դատարանում անցկացվող լսումներին նրա մասնակցության վերաբերյալ, հատկանշական է, որ, ինչպես նշվել է վերևում, արդեն իսկ 2008 թվականի ապրիլի 7-ին փորձագիտական հանձնաժողովը արձանագրել է, որ դիմումատուին անհրաժեշտ է «խիստ անկողնային ռեժիմ» (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Ոչինչ չի մատնանշում, որ վերջին առաջարկությունը վերանայվել է 2008 թվականի հունիսի 16-ից առաջ կամ հետո՝ որևէ պահի։
164. Ինչ վերաբերում է կալանքից ազատ արձակվելուց հետո լսումներին դիմումատուի մասնակցությանը, Դատարանը նշում է, որ նա ներկա է գտնվել 2008 թվականի հունիսի 16-ին և սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած բոլոր լսումներին (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը)։ Չնայած չի արձանագրվել լսումների հստակ թիվը, յուրաքանչյուր ամիս, ըստ ամենայնի, նշանակված է եղել առնվազն երկու լսում (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը)։
165. Համաձայն դիմումատուի փաստարկի՝ նրան բուժող բժիշկը նրա համար նշանակել է անկողնային ռեժիմ, սակայն նա, այնուհանդերձ, ստիպված է եղել ներկայանալ լսումներին, որի հետևանքով նրա մոտ ի հայտ է եկել սուր ցավ (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը)։ Չնայած դիմումատուն չի ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթուղթ՝ իր փաստարկը հիմնավորելու համար, Դատարանը հղում է կատարում իր՝ վերևում ներկայացված այն դիտարկմանը, որ 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական արձանագրությունից հետո, որով դիմումատուին նշանակվել է խիստ անկողնային ռեժիմ, հակառակը պնդելու համար ձեռք չի բերվել որևէ նոր բժշկական ապացույց։ Այս հանգամանքներում Դատարանը ճանաչում է այն փաստը, որ 2008 թվականի հունիսի 16-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն ֆիզիկապես մասնակցել է դատական լսումներին, չնայած նրան անհրաժեշտ է եղել պահպանել անկողնային ռեժիմ։
166. Դատարանը նշում է, որ դիմումատուի առողջական վիճակը, ի վերջո, վատթարացել է այնքան, որ նրան կրկին հոսպիտալացրել են 2008 թվականի սեպտեմբերի 9-ին (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը)։ Այնուհետև 2008 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ գործը քննող դատարանը որոշել է կասեցնել դատական վարույթը։ Ընդ որում, այդ նպատակով գործը քննող դատարանը, բացի հիվանդանոցից ստացված՝ դիմումատուի հոսպիտալացման փաստը և երկարատև անկողնային ռեժիմի անհրաժեշտությունը հաստատող գրությունից, հիմք է ընդունել 2008 թվականի ապրիլի 7-ի փորձագիտական արձանագրությունը՝ դատական վարույթի կասեցման անհրաժեշտությունը հիմնավորելու համար (տե՛ս վերևում՝ 65-րդ պարբերությունը)։
167. 2008 թվականի հոկտեմբերի 2-ին գործը քննող դատարանը կայացրել է դատական վարույթը շարունակելու որոշում այն հիմքով, որ դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից՝ առողջական վիճակի որոշակի բարելավմամբ (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)։ Դատարանը, սակայն, նշում է, որ չնայած դիմումատուն իսկապես դուրս է գրվել հիվանդանոցից «որոշակի» բարելավման նշաններով, առկա չէ որևէ բան, որը թույլ կտար ենթադրելու, որ նա կարող էր ներկայանալ լսումներին։ Դատարանը նաև նշում է, որ մինչև դատաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելը գործը քննող դատարանը չի պահանջել դիմումատուի դատաբժշկական փորձաքննություն, որով պատասխան կտրվեր այն հարցին, թե արդյոք նա բավականաչափ առողջ է դատական լսմանը մասնակցելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Կորբանի գործը, § 122)։ Ավելին, գործը քննող դատարանը չի վերանայել վարույթը վերսկսելու իր որոշումը նույնիսկ այն բանից հետո, երբ դիմումատուի առողջական վիճակը վատթարացել է այնքան, որ նրա համար դատարան են կանչել շտապօգնություն այն դեպքում, երբ նա ստիպված է եղել ներկայանալ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին նշանակված լսմանը՝ վախենալով, որ նրան նորից կկալանավորեն (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը)։ Այն նաև չի վերանայել դատաքննությունը շարունակելու իր որոշումն այն ժամանակ, երբ ի պատասխան իր հարցմանը՝ դիմումատուին ամբուլատոր բուժում տրամադրող պոլիկլինիկան պնդել է, որ նշանակվել է անկողնային ռեժիմ։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008 թվականի հոկտեմբերի 20-ին և 30-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 1-ին նշանակված դատական լսումներից դիմումատուի բացակայությունը դիտարկվել է անհարգելի, այն կայացրել է ոստիկանության օգնությամբ նրա ներկայությունը հարկադրաբար ապահովելու մասին որոշում, որն էլ առնվազն մեկ անգամ դիմումատուին տանից ուժով բերել է դատարան (տե՛ս վերևում՝ 69-րդ, 71-րդ և 74-րդ պարբերությունները)։
168. Դատարանը վերջում նշում է դատավոր Մ.-ի անտարբեր վերաբերմունքը դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ, երբ վերջինս ի վերջո ներկայացել է 2009 թվականի մարտի 17-ի լսմանն այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է դիմումատուի բացակայությամբ քննել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այսպիսով, երբ նույն օրը՝ ավելի ուշ, դիմումատուին ի վերջո տեղափոխել են դատարան, նա հրաժարվել է քննել միջնորդությունը՝ չնայած նա հետաձգել էր լսումը մինչև դիմումատուի ներկայությունն ապահովելը (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը)։ Այս առումով Դատարանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ մեկ այլ դեպքում դատական լսումը տեղի չի ունեցել դատախազի չներկայանալու պատճառով նույնիսկ այն բանից հետո, երբ դիմումատուին հարկադրել են ներկայանալ դատարան (տե՛ս վերևում՝ 74-րդ պարբերությունը)։
169. Դատարանի կարծիքով՝ վերոնշյալ դեպքերը դիմումատուին պատճառել են ոչ միայն ֆիզիկական ցավ, ինչպես նա պնդում է, այլև հուզական տառապանք, ինչպես նաև առաջ են բերել հոգեկան ցավի և անզորության սաստիկ զգացումներ, որը կարող էր նվաստացուցիչ լինել նրա համար։ Դատարանը համարում է, որ այս զգացումների սաստկությունը գերազանցում է 3-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ ծանրության մակարդակը։ Այն հետևաբար գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։
170. Հետևաբար այս մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
171. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում նրան կալանքի տակ պահելը թույլատրող դատարանի որոշում առկա չի եղել (տե՛ս 53-րդ և 60-րդ պարբերությունները)։ Նա որպես հիմնավորում նշել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել ազատությունից այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»։
Ա. Ընդունելիությունը
172. Դատարանը նշում է, որ սույն բողոքը ոչ ակնհայտորեն անհիմն է, ոչ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
173. Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի ապրիլի 24-ից մինչև հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքը համապատասխանել է ներպետական օրենսդրությանը։
174. Դիմումատուն վիճարկել է այդ փաստարկը։
175. Ինչ վերաբերում է ազատությունից զրկելուն, հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Հետևաբար կարևոր է, որ ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանվեն ազատությունից զրկելու պայմանները, և օրենսդրությունը կիրառության մասով լինի կանխատեսելի, որպեսզի այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին։ Չափանիշով պահանջվում է, որ բոլոր օրենքները լինեն բավականաչափ հստակ, որպեսզի հնարավորություն տրվի անձին անհրաժեշտության դեպքում պատշաճ խորհրդատվությամբ, տվյալ հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսելու այն հետևանքները, որ կարող է առաջ բերել տվյալ գործողությունը (տե՛ս Սթիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. the United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1998-VII)։
176. Դատարանը նշում է, որ արդեն քննել է համանման բողոք Հայաստանի դեմ բերված այլ գործերում, որոնցում եկել է եզրահանգման, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1–ին կետի խախտում առ այն, որ դիմումատուի նկատմամբ կալանքը չի կիրառվել համաձայն դատարանի որոշման և հետևաբար չի եղել օրինական՝ նշյալ դրույթի իմաստով (տե՛ս Պողոսյանն ընդդեմ Հայաստանի [Poghosyan v. Armenia], թիվ 44068/07, §§ 56‑64, 2011 թվականի դեկտեմբերի 20, Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի [Piruzyan v. Armenia], թիվ 33376/07, §§ 81-82, 2012 թվականի հունիսի 26)։ Դատարանը չի տեսնում սույն գործով այլ եզրահանգում կատարելու որևէ պատճառ և եզրակացնում է, որ դիմումատուի նկատմամբ 2008 թվականի ապրիլի 24–ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում կիրառված կալանքը (տե՛ս վերևում՝ 53-րդ և 60-րդ պարբերությունները) Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1–ին կետի իմաստով եղել է անօրինական։
177. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
178. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
179. Դիմումատուն պահանջել է 5 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում։ Այդ գումարը 2009 թվականի հունիսին Գերմանիայում նրա ստացած բուժման ծախսն է։ Դիմումատուն այնուհետև պահանջել է 40 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
180. Կառավարությունը պնդել է, որ պահանջվող նյութական վնասի և դիմումատուի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ենթադրյալ խախտումների միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ: Ավելին, դիմումատուի մոտ տվյալ հիվանդություններն առկա եղել են մինչև նրա կալանավորումը։ Ինչ վերաբերում է դիմումատուի՝ ոչ նյութական վնասի մասով պահանջին, Կառավարությունը նշել է, որ ոչ նյութական վնաս կրելու մասով իր հայտարարությունների առնչությամբ նա չի տրամադրել որևէ ապացույց։
181. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև. հետևաբար այն մերժում է այս պահանջը։ Մյուս կողմից՝ Դատարանը համարում է, որ հայտնաբերված խախտումների հետևանքով դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս։ Հետևաբար այն դիմումատուին շնորհում է 20 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
182. Դիմումատուն նաև պահանջել է 2 000 000 ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար՝ ի հիմնավորումն ներկայացնելով իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակը, որով դիմումատուն պարտավորվում է վճարել այդ գումարը Դատարանի կողմից իր օգտին վճիռ կայացվելու դեպքում։ Դիմումատուն նաև պահանջել է 92 եվրո՝ որպես փոստային ծառայությունների համար կրած ծախքերի հատուցում։
183. Կառավարությունը պնդել է, որ քանի որ դիմումատուն դեռևս չի վճարել տվյալ գումարը և պայմանագրով միայն պարտավորվում է այդպես վարվել դրական արդյունքի դեպքում, կարելի է համարել, որ պահանջվող դատական ծախսերն իրականում նա չի կրել։ Ամեն դեպքում պահանջվող գումարը չափազանցված է և անհիմն։
184. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ:
185. Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վարձատրության մասին պայմանագրերի վավերականությունը՝ դատական ծախսերի համար հատուցում շնորհելու նպատակով (տե՛ս որպես առավել արդիական օրինակ՝ Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 112, 2020 թվականի մայիսի 7)։ Դատարանը սույն գործում այդ մոտեցումից շեղվելու պատճառներ չի տեսնում։ Ավելին, Դատարանը վերահաստատում է, որ դատական ծախսերը փոխհատուցվում են միայն այնքանով, որքանով դրանք առնչվում են հայտնաբերված խախտմանը (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Beyeler v. Italy [GC]] (արդարացի փոխհատուցում), թիվ 33202/96, § 27, 2002 թվականի մայիսի 28):
186. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում տրամադրել 2 000 եվրո՝ որպես բոլոր մասերով կրած ծախսերի հատուցում։
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
187. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու և նրա հրազենային վնասվածքի դեպքի առթիվ արդյունավետ քննություն մարմինների կողմից չիրականացվելու մասով.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ոստիկանական օպերացիայի ընթացքում դիմումատուի նկատմամբ ուժ գործադրելու մասով.
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ձերբակալված լինելու ժամկետի և կալանքի տակ գտնվելու ընթացքում տրամադրված բուժման որակի մասով.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի կալանքի պայմանների մասով.
7. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3–րդ հոդվածի խախտում՝ դիմումատուին գործը քննող դատարան տեղափոխելու պայմանների մասով.
8. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ գործը քննող դատարանում լսումներին դիմումատուի մասնակցության մասով.
9. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում այն մասով, որ 2008 թվականի ապրիլի 24-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին կալանքի տակ պահելու համար առկա չի եղել իրավական հիմք.
10. Վճռում է, որ ներկայացված բողոքը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
11. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով`
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 20 000 եվրո (քսան հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
12. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի մայիսի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրեյվիրտ |
Թիմ Այքը |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |