Համարը 
N 1702-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.10.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի ժամկետով:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1702-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 806-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետը «պլանների» բառից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում՝ անտառային հողի հատակագծի (հողամասի հատակագիծ)» բառերով.

2) 3-րդ կետից հանել «(այսուհետ` լիազորված մարմին)» բառերը.

3) 7-րդ կետը «ձևերի» բառից հետո լրացնել «կամ դիմում։ Դիմումների ընդունման և քննարկման ընթացակարգը սահմանված է սույն կարգի 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով։» բառերով.

4) 9-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 9.1-ին, 9.2-րդ և 9.3-րդ կետերով՝

«9.1. Անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կամ համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից։ Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) տեղեկություն դիմումատուի վերաբերյալ (դիմողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը).

2) անտառօգտագործման տեսակը.

3) հայցվող հողամասի տեղադիրքը և տարածքի չափը (հա).

4) վարձակալության հայցվող ժամկետը։

9.2. Դիմումի մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան մասնագետներն իրականացնում են հայցվող հողամասի ուսումնասիրություն, տարածքի ծայրակետերի կոորդինատների միջոցով ստանում հողամասի տարածական պատկերը։ Կազմված գործը, որն իր մեջ պարունակում է դիմումը, կազմված հողամասի տարածական պատկերը և «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կարծիքը, ներկայացվում է կազմակերպությանը։ Կազմակերպություն դիմումի մուտքագրման պարագայում այն ուղարկվում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղ, և ժամկետը հաշվարկվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ մուտքագրման օրվանից։ Կազմակերպությունը մերժում է դիմումը սույն որոշման 9.3-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ չմերժման պարագայում 5 աշխատանքային օրվա ընթացքում քարտեզագրող մասնագետի միջոցով ստանալով քննարկվող հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը՝ այն գործի հետ տրամադրում է Անտառային կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։ Կոմիտեն հողամասի հատակագիծը՝ վեկտորային ֆորմատով, կամ հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տեքստային Excel ձևաչափով, թղթային և էլեկտրոնային կրիչով ուղարկում է Կադաստրի կոմիտե։ Կադաստրի կոմիտեն մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեին է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, կադաստրային թաղամասի ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեի պատասխան գրությունը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն կայացնում է որոշում՝ մրցույթ հայտարարելու մասին։ Մրցույթն իրականացվում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով։

9.3. Դիմումները մերժվում են, եթե՝

1) առկա է հողամասի պատկանելիության վերաբերյալ կադաստրային տվյալների անհամապատասխանություն.

2) հայցվող տարածքի սանիտարական վիճակի պահպանության ապահովումը կդառնա անհնարին կամ ոչ պատշաճ.

3) հայցվող տարածքում հրդեհի դեպքում հնարավոր չի լինի պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և իրականացնել հակահրդեհային միջոցառումներ.

4) հայցվող տարածքի տրամադրմամբ կխաթարվի բուսական և կենդա- նական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքերում գրանցված տեսակների պահպանությունը.

5) հայցվող տարածքում կազմակերպությունը պլանավորել է իրականացնել անտառապատման կամ անտառավերականգնման աշխատանքներ.

6) հայցվող տարածքի տրամադրումը կսահմանափակի այլ անձանց ազատ տեղաշարժն անտառում։».

5) 10-րդ կետում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «կոմիտե» բառով.

6) 11-րդ, 14-րդ, 18-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 43-րդ, 51.1-ին, 56-րդ կետերում, NN 2 և 3 ձևերում «լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Կոմիտեի կողմից անցկացվող մրցույթի հիման վրա՝ հայտատուներն անտառապատման նպատակով անտառային հողերն անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար կոմիտե են ներկայացնում հայտ՝ համաձայն N 3 ձևի, և առաջարկ, որը ներառում է՝

1) անտառի նպատակային նշանակությունը.

2) նախնական ներդրումների չափը.

3) անտառային ծառաթփատեսակների կազմը՝ հաշվի առնելով տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները.

4) խնամքի աշխատանքների՝ ժամանակին և պահանջվող ծավալով կիրառումը.

5) որակյալ անտառային սերմերի և տնկանյութի օգտագործումը.

6) նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:».

8) 15-րդ կետի «15 աշխատանքային օրվա ընթացքում», 56-րդ կետի «15 օրվա ընթացքում» և N 2 ձևի «մրցույթի օրվանից 15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «անշարժ գույքի նկատմամբ տրամադրողի իրավունքը գրանցելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

9) 24-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով.

10) 27-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը «միջոցառումներ» բառից հետո լրացնել «(անտառապատման, աղբահանության, հակահրդեհային, ջրահեռացման, զուգարանների կազմակերպման և այլն)» բառերով.

11) 30-րդ կետում «լիազորված պետական մարմինը» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.

12) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական կառավարման լիազորված մարմնի, կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, քաղաքաշինության կոմիտեի, կադաստրի կոմիտեի, համապատասխան մարզի մարզպետարանի, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև իր համաձայնությամբ ներկայացուցիչ է ընդգրկվում այն համայնքից (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանից), որի վարչական տարածքի սահմաններում են գտնվում օգտագործման համար տրամադրվող անտառները կամ անտառային հողերը:».

13) 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31.1. Հանձնաժողովի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն է (հասցե՝ քաղ. Երևան, Ա. Արմենակյան 129):».

14) 32-րդ կետում «լիազորված մարմնի www.minagro.am» բառերը փոխարինել «կոմիտեի www.forestcommitte.am» բառերով.

15) 33.9-րդ կետը «քարտուղարը» բառից հետո լրացնել «հանձնաժողովի անդամ չէ» բառերով.

16) 49-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Հաշվի են առնվում անտառային ծառատեսակների կազմի ցանկալի փոփոխությունները` անտառաճման պայմաններին համապատասխան բարձրարժեք ծառատեսակների աճեցում:» բառերը փոխարինել «Անտառային ծառաթփատեսակներն առաջարկելիս հաշվի են առնվում տվյալ անտառաճման և հողակլիմայական պայմանները: Հստակ նշվում է հիմնվող անտառի նպատակային նշանակությունը։» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը գործում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: