ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
11 հոկտեմբերի 2021 թ. |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ hոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարի 11 հոկտեմբերի 2021 թ.
N 76-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
3. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված տարիքային խմբին համապատասխան:
4. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը մուտքագրում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ վարչական ռեգիստր»։
5. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը:
6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:
7. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:
8. Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների:
9. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է հերթագրման միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող էլեկտրոնային համակարգով (այսուհետ՝ համակարգ), իսկ համակարգի բացակայության դեպքում՝ թղթային տարբերակով:
10. Ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է
1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի երեխաներին.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին.
3) տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
4) տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին:
11. Առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար, եթե հաստատությունում տարատարիք խմբեր ձևավորված չեն:
12. Տարատարիք խմբում ընդունելություն կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում տարիքով ավելի մեծ երեխային:
13. Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության:
II. ԵՐԵԽԱՅԻ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ
14. Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումը իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
15. Երեխայի հերթագրումն հաստատություն իրականացվում է երեխայի ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա:
16. Երեխային հաստատություն հերթագրելու համար դիմումին կից ներկայացվում են՝
1) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը.
2) երեխայի անձը հաստատող փաստաթուղթը, որի սերիան և հերթական համարը գրանցվում են կառավարման համակարգում` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները.
3) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
17. Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում:
18. Դիմումը ենթակա է մերժման սույն կարգի 16-րդ կետով ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:
19. Երեխայի անձնական տվյալները հերթագրման ցանկից հանվում են, եթե՝
1) ծնողը գրավոր հրաժարվում է երեխայի հերթից,
2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակի միջոցով) հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ, որի վերաբերյալ հիմքերը պահպանվում են հաստատությունում (համակարգում) առնվազն մեկ տարի ժամկետով:
20. Սույն գլխի դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:
III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
21. Երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի բնօրինակը և պատճենը։
3) լուսանկար՝ 3x4 չափսի՝ Կառավարման համակարգ ներբեռնելու նպատակով.
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ վկայագիր:
IV. ՍԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
22. Սանի ազատումը հաստատությունից կատարվում է՝
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.
3) հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի դրույթները ծնողի կողմից չպահպանելու դեպքում.
4) ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:
V. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
23. Հաստատությունում խմբերը ձևավորվում են՝
1) սաների ծննդյան տարեթվի հիման վրա.
2) տարբեր տարիքի երեխաների համակազմով:
24. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև 30-ը:
25. Խումբը համարվում է տարատարիք, եթե իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր և ընդգրկված այլ տարիքի սաների թիվը կազմում է ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:
26. Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է՝
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.
3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.
5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.
6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:
27. Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ՝
1) մինչև երկու խումբ ունեցող հաստատությունների դեպքում՝
ա. 1-3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.
բ. 3-6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.
2) երեք և ավելի խումբ ունեցող հաստատությունների դեպքում՝
ա. 1 և 2 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.
բ. 2 և 3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.
գ. 3 և 4 տարեկաններ՝ առավելագույնը 25 սան.
դ. 4 և 5 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.
ե. 5 և 6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան.
28. Բնակավայրում միակ հաստատության պարագայում տարիքային խմբերի սահմանաչափը կարող է գերազանցվել առավելագույնը 10 %-ով՝ բացառապես զինվորական ծառայության վայրը փոխած անձի երեխայի համալրման դեպքերում։
29. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: