ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 փետրվարի 2022 թվականի |
թիվ 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով լրացուցիչ ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշման հասցեատերերին որոշմամբ սահմանված պահանջները կատարելու համար,
կարևորելով արտասահմանյան դրամական փոխանցումների անընդհատության և հայաստանյան վճարահաշվարկային համակարգին սահուն ինտեգրման ապահովումը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվություն ունեցող հայաստանյան մասնակիցները արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած պետք է իրականացնեն հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով: Հայաստանյան մասնակիցներին տրված՝ դրամական միջոցների փոխանցման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում այն պահից, երբ տեղի է ունեցել հետևյալ իրադարձություններից առնվազն մեկը.
1) Լրացել է սույն կետում նշված ժամկետը
2) Կենտրոնական բանկը հայաստանյան մասնակցին գրավոր տեղեկացրել է այն մասին, որ Հայաստանյան համակարգի օպերատորը սույն որոշմամբ սահմանված կարգով ստացել է Կենտրոնական բանկի թույլտվությունը համագործակցելու այն արտասահմանյան համակարգի հետ, որին մասնակցելու թույլտվություն էր տրվել հայաստանյան մասնակցին, և այդ օրվանից հետո անցել է երեք ամիս:
2. Որոշմամբ հաստատված Կանոնակարգ 19.1-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգը լրացնել նոր 10.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10.1. Արտասահմանյան համակարգի հետ համագործակցության թույլտվություն տալու դեպքում Կենտրոնական բանկը թույլտվության տրամադրման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է այն կազմակերպություններին, որոնք դեռևս ունեն արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվություն:»:
2) Կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Արտասահմանյան համակարգի օպերատորի գրանցման երկրի օրենսդրության կամ քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանյան համակարգի օպերատորի քաղաքականության համաձայն Հայաստանյան համակարգի հաշվարկային բանկում հաշիվ ունենալու սահմանափակում նախատեսված լինելու դեպքում` դրույթ, համաձայն որի դրամական փոխանցումների իրականացումը և վերջնահաշվարկի կատարումը ապահովելու նպատակով.
ա. Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավոր է ընտրել Հայաստանյան համակարգի մասնակից, որը կհանդիսանա Արտասահմանյան համակարգի օպերատորի հաշվարկային գործակալ (այսուհետ՝ Հայաստանյան համակարգի հաշվարկային գործակալ մասնակից կամ Հաշվարկային գործակալ),
բ. Արտասահմանյան համակարգի օպերատորը պարտավոր է ունենալ Հաշվարկային գործակալի հետ կնքած պայմանագիր և վերջինիս տրամադրել համապատասխան ապահովվածություն, որի չափով նախատեսում է կատարել փոխանցումներ: Հաշվարկային գործակալը և արտասահմանյան համակարգի օպերատորը ազատ են ընտրել ապահովվածության տրամադրման կարգը (այդ թվում՝ որպես ապահովվածության տրամադրում նախատեսել բանկային երաշխիքի տրամադրումը կամ համանման այլ գործիքների տրամադրումը) և Հաշվարկային գործակալի կողմից այն պահելու եղանակը՝ պայմանով, որ ընտրված կարգը կամ եղանակը չեն հակասում Հայաստանյան համակարգի կանոններին, Հայաստանի Հանրապետության օրենքներին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին:
գ. Հաշվարկային գործակալը պարտավոր է հաշվարկային բանկում ունենալ անհրաժեշտ ապահովվածություն, որը բավարար կլինի ապահովելու ինչպես իր սեփական փոխանցումները, այնպես էլ արտասահմանյան համակարգի օպերատորի կողմից տրամադրված ապահովվածության հաշվին վերջինիս նախաձեռնած փոխանցումները:»:
3) Կանոնակարգի 17-րդ կետի 12-րդ ենթակետը «համակարգերով» բառից հետո լրացնել «)» կետադրական նշանով:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. փետրվարի 14
ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: