ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 32986/10)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
29-ը մարտի 2022թ․
Սույն վճիռը վերջնական է և կարող է ենթարկվել միայն խմբագրական փոփոխությունների
Ղուկասյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով որպես Կոմիտե՝ հետևյալ կազմով՝
Իուլիա Անտոնելլա Մոտոք [Iulia Antoanella Motoc], Նախագահ,
Գաբրիել Կուշկո-Ստադելմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova], դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth], Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
Հաշվի առնելով՝
թիվ (no. 32986/10) գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, 2010 թվականի հունիս 9-ին Հայաստանի երեք քաղաքացիների և Հայաստանում հիմնադրված մեկ իրավաբանական անձի կողմից (դիմումատուներ), որոնց ներկայացրել են Հայաստանում հավատարմագրված փաստաբաններ պարոն Հ․ Ալումյանը և պարոն Տ․ Հայրապետյանը, Դատարան ներկայացված գանգատը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան դիմումատուների բողոքները՝ կապված նրանց սեփականությունն օտարելու հետ, Կառավարությանը տեղեկացնելու մասին որոշումը, որի ներկայացուցիչն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ պարոն Ե․ Կիրակոսյանը, ինչպես նաև գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու որոշումը,
Կողմերի դիտարկումները,
2021թ․ մարտի 8-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն՝ կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։
Գործի հանգամանքները
1. Գործը վերաբերում է դիմումատուների՝ Երևանի կենտրոնում ունեցած իրենց սեփականությունից զրկելուն և դրան հաջորդած դատական քննությանը։ Դիմումատուների գանգատը վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին։
2. Դիմումատուների տվյալները, ինչպես նաև նրանց սեփականությունը հանդիսացող այն գույքի տվյալները, որից նրանք զրկվել են, նկարագրված են կից աղյուսակում։
3. 2007թ․ հունվարի 25-ի Կառավարության թիվ 108-Ն որոշման համաձայն դիմումատուների սեփականությունը ներառվել է իրացման գոտում։ Նրանց սեփականության ձեռքբերողը «ԱՖՄՀ» մասնավոր ընկերությունն էր (այսուհետ «Ընկերություն»)։
4. Սեփականության օտարման գործընթացը հիմք է հանդիսացել երեք խումբ դատաքննությունների համար, որոնք ավարտվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի (այսուհետ՝ «համայնքային դատարան») 2008թ․ հունիսի 19-ի, 2009 թ․ հուլիսի 17-ի և սեպտեմբերի 15-ի վճիռներով, որոնք բոլորը բողոքարկվելուց հետո թողնվել են ուժի մեջ։
5. Չորրորդ դիմումատուին սեփականությունից զրկելու դատաքննության ընթացքում, վեճ է եղել, թե արդյոք փոխհատուցումը պետք է ներառի շինության շուկայական արժեքը՝ բաղկացած երկու հարկից՝ յուրաքանչյուրը 125,22քմ։ Արդյունքում համայնքային դատարանը նշանակել է չորրորդ դիմումատուի գրանցված սեփականության շուկայական արժեքի փորձագիտական գնահատում։ Դրան հետևած փորձագետի եզրակացությամբ նշվել է, որ շինությունը, բաղկացած է երկու հարկից՝ յուրաքանչյուրը 125,22քմ տարածքով, և ընդհանուր 250․44քմ տարածքի գնահատված շուկայական արժեքն է 398,314,000 ՀՀ դրամ։ Փորձագետը հաստատել է, որ երկրորդ հարկը չի եղել ապօրինի կառույց՝ հաշվի առնելով, որ ապօրինի կառույցները՝ ներառյալ ձեղնահարկը և նկուղը, սեփականության վկայականում նշված են հատուկ կնիքով, մինչդեռ, երկրորդը հարկը նշված չի եղել։
6. Համայնքային դատարանը 2009թ․ իր հուլիսի 17-ի վճռով բավարարել է Ընկերության հայցը, որը ներկայացվել էր առաջին դիմումատուի դեմ, որն այդ ժամանակ չորրորդ դիմումատուի տնօրենն էր՝ հանձնարարելով առաջին դիմումատուի սեփականության օտարումը 207,282,900 ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց։ Համայնքային դատարանը հիմք է ընդունել Ընկերության կողմից արված գնահատման եզրակացությունը և մերժել է ընդունել դատարանի կողմից նշանակված փորձագետի գնահատման եզրակացությունը՝ նշելով, որ վերջինս չի որոշել սեփականության գրանցված մասի շուկայական արժեքը։ Հետագայում, նույն դատարանի 2010թ օգոստոսի 26-ի որոշմամբ, որը ուժի մեջ է մնացել բողոքարկումից հետո, պարզաբանվել է, որ 2009թ․ հուլիս 17-ի վճռի եզրափակիչ մասը պետք է հասկացվի, այնպես, որ այն վերաբերում է չորրորդ դիմումատուին։
7. Առաջին դիմումատուն բողոքել է 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմքով, առ այն, որ 2008թ․ հունիսի 19-ի վերջնական վճիռը չի կատարվել։
8. Առաջին և երկրորդ դիմումատուները բողոքել են թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմքով, առ այն, որ նրանց համատեղ սեփականության օտարումը եղել է անօրինական և առանց փոխհատուցման։
9. Երրորդ և չորրորդ դիմումատուները բողոքել են 6-րդ հոդվածի հիմքով, առ այն, որ նրանք ներգրավված չեն եղել չորրորդ դիմումատուի սեփականության օտարման վերաբերյալ դատաքննությանը։
10. Չորրորդ դիմումատուն բողոքել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմքով, առ այն, որ նա զրկվել է իր սեփականությունից (երկհարկանի շինությունից) առանց իր դեմ բերված որևէ դատական գործընթացի, և որ որևէ փոխհատուցում չի տրամադրվել շինության երկրորդ հարկի համար։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. LOCUS STANDI
11. Առաջին և երկրորդ դիմումատուները մահացել են համապատասխանաբար 2021 և 2012 թվականներին։
A. Երկրորդ դիմումատուի կողմից բարձրացված բողոքի վերաբերյալ
12. Երկրորդ դիմումատուի մահվանից հետո, նրա որդին՝ առաջին դիմումատուն, կամահայտնություն է դրսևորել շարունակել քննությունը նրա անունից։ Կառավարությունը վիճարկել է, որ առաջին դիմումատուն չի կարողացել հիմնավորել երկրորդ դիմումատուի դիմումը շարունակելու իրավասություն ունենալու իր դիրքորոշումը։
13. Առաջին դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, ինչպես ժառանգության վկայական, որը կհաստատեր երկրորդ դիմումատուի ժառանգության ընդունումը կամ որևէ այլ հավաստում, որը կհաստատեր, որ ինքն ընդունել է իր մահացած մոր ժառանգությունը (ի հակառակ տե՛ս Romankevič v. Lithuania, no. 25747/07, § 15, 2 դեկտեմբեր 2014) կամ որևէ այլ փաստաթուղթ կամ մանրամասն տեղեկատվություն, որ կարող էր նշանակության ունենալ այս կոնկրետ դեպքով (ի հակառակ տե՛ս Andreyeva v. Russia (dec.), no. 76737/01, 16 հոկտեմբեր 2003)։
14. Դատարանն, այդ պատճառով չի ընդունում, որ առաջին դիմումատուն իրավասու է շարունակել քննությունը երկրորդ դիմումատուի անունից (տե՛ս Piloyan v. Armenia [CTE], no. 112/11, 19 նոյեմբեր 2020)։ Հետևաբար, որևէ հարց չի ծագում այն առնչությամբ, թե արդյոք առաջին դիմումատուի կինը, ով կամք էր հայտնել շարունակելու քննությունը առաջին դիմումատուի անունից (տես ստորև 16-րդ պարբերությունը), իրավասու է շարունակել քննությունը նաև երկրորդ դիմումատուի ներկայացրած բողոքների առնչությամբ։
15. Հետևաբար, գանգատի այն հատվածը, որը վերաբերում է երկրորդ դիմումատուի ներկայացրած բողոքներին, պետք է հանվի քննությունից՝ կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1 (գ) պարբերության համապատասխան։
B. Առաջին դիմումատուի կողմից բարձրացված բողոքների վերաբերյալ
16. Առաջին դիմումատուի մահվանից հետո նրա կինը՝ տիկին Լիլյա Գևորգյանը, խնդրել է, որ նա շարունակի քննությունը առաջին դիմումատուի անունից։ Նա ներկայացրել է առաջին դիմումատուի ժառանգությունն ընդունելու մասին նոտարի կողմից հաստատված վկայական։ Կառավարությունն առարկել է տիկին Գևորգյանի՝ առաջին դիմումատուի բողոքներով քննությունը շարունակելու իրավասության դեմ։ Հաշվի առնելով սեփական նախադեպային իրավունքը (տե՛ս Andreyeva և Piloyan, երկուսն էլ վերը վկայակոչված)՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված փաստաթուղթը բավարար է ապացուցելու համար տիկին Գևորգյանի՝ քննությունը շարունակելու իրավասությունը։ Կառավարության առարկությունն այդ պատճառով մերժվում է։
17. Հետևաբար, Դատարանն ընդունում է, որ տիկին Գևորգյանն ունի իրավասություն շարունակելու գանգատի քննությունը առաջին դիմումատուի անունից, այնքանով որքանով դա առնչվում է վերջինիս սեփական բողոքներին (տե՛ս վերը՝ 14-րդ պարբերություն)։ Հարմարության համար Դատարանը կշարունակի վկայակոչել պարոն Ղուկասյանին որպես առաջին դիմումատու։
II. թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտում
18. Դատարանը նշում է, որ չորրորդ դիմումատուի բողոքը (տե՛ս վերը՝ 10-րդ պարբերություն) ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի § 3 (ա)-ի իմաստով, ինչպես նաև անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
19. Կողմերի միջև չի վիճարկվում, որ տեղի է ունեցել «գույքից զրկում» թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով։
20. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար, օտարումը պետք է բավարարի երեք պայմանների՝ այն պետք է իրականացվի «օրենքով նախատեսված պայմաններով», որը կբացառի ցանկացած կամակայանություն ազգային իշխանությունների կողմից, պետք է բխի «հանրային շահից» և պետք է ապահովի արդար հավասարակշռություն սեփականատիրոջ և հանրության շահերի միջև (տե՛ս Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC], no. 71243/01, § 94, 25 հոկտեմբեր 2012).
21. Որպեսզի միջամտությունը լինի իրավաչափ, այն պետք է ուղեկցվի կամակայանության դեմ բավարար ընթացակարգային երաշխիքներով, ներառյալ խնդրո առարկա միջոցը արդյունավետորեն բողոքարկելու հնարավորությունը (տե՛ս Capital Bank AD v. Bulgaria, no. 49429/99, § 134, ECHR 2005‑XII (extracts); Vistiņš and Perepjolkins, վերը նշված, § 97; և Project-Trade d.o.o. v. Croatia, no. 1920/14, § 82, 19 նոյեմբեր 2020)։
22. Ընկերությունը չորրորդ դիմումատուի սեփականության օտարման վերաբերյալ իր պահանջը ներկայացրել է ընդդեմ անձամբ առաջին դիմումատուի (չորրորդ դիմումատուի ամենամեծ բաժնետիրոջ և տնօրենի), հետևաբար, ոչ ընդդեմ չորրորդ դիմումատուի, որը ներկայացված կլիներ առաջին դիմումատուի կողմից որպես չորրորդ դիմումատուի տնօրեն։ Իր հերթին համայնքային դատարանը քննության ընթացքում որպես պատասխանող չի ներգրավել չորրորդ դիմումատուին՝ առանձին իրավաբանական անձի, որը խնդրո առարկա գույքի միակ սեփականատերն էր, չնայած որ դատարանն արդյունքում հանձնարարել էր օտարել հենց նրա գույքը։ Այն փաստը, որ համայնքային դատարանը հետագայում պարզաբանում էր տվել, հաստատելով, որ 2009թ․ հուլիսի 17-ի վճիռը վերաբերում է չորրորդ դիմումատուին և նրա սեփականությանը (տե՛ս վերը 6-րդ պարբերություն), որևէ կերպ չի փոխհատուցել չորրորդ դիմումատուի համար առաջացրած նշանակալի դատավարական խոչընդոտը, առավել ևս հաշվի առնելով նաև այն, որ նա ընդգրկված չի եղել նաև վճռի պարզաբանման ընթացակարգերում։
23. Դատարանը, այդ պատճառով, եզրակացնում է, որ չորրորդ դիմումատուին սեփականությունից զրկելը չի ուղեկցվել կամայականության դեմ բավարար դատավարական երաշխիքներով և հետևաբար իրավաչափ չէ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով։ Այս եզրահանգումը, ոչ անհրաժեշտ է դարձնում Դատարանի կողմից նշված դրույթի մյուս պահանջների համապատասխանությունը հաստատելը (տե՛ս Minasyan and Semerjyan v. Armenia, no. 27651/05, § 76, 23 հունիս 2009).
24. Հետևաբար, չորրորդ դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
III. Այլ բողոքներ
25. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա՝ չորրորդ դիմումատուն բողոքել է, որ ներգրավված չի եղել 2009թ․ հուլիսի 17-ով ավարտված դատաքննությանը։ Հիմք ընդունելով ավելի վաղ կատարած իր եզրահանգումները (տե՛ս 23-րդ պարբերություն)՝ Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա առանձին որոշում կայացնել այս բողոքի մասով (տե՛ս Hakobyan and Amirkhanyan v. Armenia, no. 14156/07, § 56, 17 հոկտեմբեր 2019)։
IV. մնացած բողոքները
26. Առաջին և երկրորդ դմումատուները բարձրացրել են մի քանի բողոքներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով (տե՛ս վերը 7, 8 և 9 պարբերությունները)։ Դատարանը ուսումնասիրել է դիմումի այդ մասը և համարում է, որ հաշվի առնելով, իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, և այնքանով որքանով այդ բողոքներում բարձրացված հարցերը իր իրավասության ներքո են, այդ բողոքները կամ չեն բավարարում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին կամ չեն պարունակում Կոնվենցիայով կամ դրա արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների խախտումներ։
Հետևաբար, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն, դիմումն այս մասով պետք է մերժվի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
27. Չորրորդ դիմումատուն պահանջել է 2,430,350 եվրո որպես նյութական վնասի հատուցում, ներառյալ 677,350,000 ՀՀ դրամ օտարված սեփականության երկրորդ հարկի, ձեղնահարկի, նկուղի և դրանց տակ եղած հողի համար, ինչպես նաև 943,140 եվրո վարձավճարի կորստի համար։ Այն նաև պահանջել է 6,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում։
28. Կառավարությունը վիճարկել է նյութական վնասի հատուցման հետ կապված պահանջները և համարել է որ ոչ-նյութական վնասի հատուցման պահանջը չափազանցված է։
29. Դատարանը գտել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ այդ հոդվածի ներքո պետության դատավարական պարտականությունների խախտման մասով (տե՛ս վերը պարբերություններ 23 և 24)։ Չնայած որ չորրորդ դիմումատուի սեփականությունը իրոք օտարվել է, Դատարանը չի կարող ենթադրել, թե որքան կլիներ վերջնական արդյունքը, եթե չորրորդ դիմումատուն ի վիճակի լիներ արդյունավետորեն մասնակցել համապատասխան գործի քննությանը և ներկայացներ իր փաստարկները, ներառյալ փոխհատուցման գումարի հաշվարկման հիմքում ընկած փաստարկները (տե՛ս, mutatis mutandis, Capital Bank AD, § 144, և Project-Trade d.o.o., § 110, երկուսն էլ վերը նշված)։ Ինչ վերաբերվում է կորսված եկամտի մասին պահանջին, ապա դա շահարկման բնույթ ունի (տե՛ս Vardanyan v. Armenia (just satisfaction), 8001/07, § 37, 25 հուլիս 2019, և համեմատի՛ր Hakobyan and Amirkhanyan, վերը նշված, §§ 58 և 67)։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Դատարանը մերժում է նյութական վնասի հատուցման պահանջը։ Միևնույն ժամանակ, այն չորրորդ դիմումատուին հատկացնում է 3,000 եվրո որպես ոչ-նյութական վնասի փոխհատուցում։
30. Դիմումատուները համատեղ պահանջել էին 60,000 եվրո, որպես ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում։ Ի հիմնավորում իրենց պահանջների, նրանք ներկայացրել են պայմանագիր, որով նրանք պարտավորվում են վճարել իրենց ներկայացուցիչներին Դատարանի կողմից հատկացված գումարի 5%-ը իրենց օգտին վճիռ կայացվելու դեպքում, բայց ամեն դեպքում ոչ պակաս քան 10,000 եվրո և ոչ ավել քան 60,000 եվրո։
31. Կառավարությունը գտնում է, որ իրավաբանական ծառայությունների հետ կապված ծախսերի փոխհատուցման պահանջը չափազանցված է։
32. Դատարանը նախկինում ճանաչել է անկանխատեսելի վճարներ նախատեսող պայմանագրերի վավերությունը (տե՛ս, օրինակ, Asatryan v. Armenia, no. 3571/09, §§ 78-79, 27 Ապրիլ 2017, և Safaryan v. Armenia, no. 576/06, §§ 62-63, 21 հունվար 2016)։ Դատարանը հիմք չի տեսնում այս գործում հրաժարվել այդ մոտեցումից։ Սակայն մյուս կողմից, հիմք ընդունելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և այն փաստը, որ խախտում ճանաչվել է միայն չորրորդ դիմումատուի մասով (տե՛ս վերը 24 պարբերություն), Դատարանը նպատակահարմար է համարում չորրորդ դիմումատուին հատկացնել 2,000 եվրո, Դատարանում գործի քննության մասով, գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը։
33. Դատարանն այնուհետ, պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք գումարվի երեք տոկոսային կետ։
Այս հիմնավորմամբ դատարանը միաձայն,
1. Վճռում է, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության (գ) կետին համապատասխան, հանել գործերի ցուցակից գանգատի այն մասը, որը վերաբերում է երկրորդ դիմումատուի կողմից ներկայացրած գանգատներին;
2. Որոշում է, որ տիկին Լիլյա Գևորգյանը իրավասու էր մասնակցել քննությանը առաջին դիմումատուի փոխարեն;
3. Հայտարարում է չորրորդ դիմումատուի սեփականության օտարման հետ կապված բողոքներն ընդունելի իսկ դիմումի մնացած մասն՝ անընդունելի;
4. Վճռում է, որ չորրորդ դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում;
5. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածով չորրորդ դիմումատուի բողոքը;
6. Վճռում է, որ
(a) Պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում չորրորդ դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն անդամ պետության ազգային արժույթի ըստ վճարման օրվա փոխարժեքի՝
(i) 3,000 եվրո (երեք հազար եվրո), գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(ii) 2,000 եվրո (երկու հազար եվրո), գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը, որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում,
(b) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք, որը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք գումարվի երեք տոկոսային կետ,
7. Մերժում է չորրորդ դիմումատուի արդարացի փոխհատուցման մնացած պահանջները։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 29-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Իլզե Ֆրայվըրթ` |
Յոլիեն Շուկինգ՝ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ |
No. |
Դիմումատու/ Ծննդյան թիվ /Գրանցման ամսաթիվ/ Բնակության վայր / Գրանցված հասցե |
Դիմումատուների և նրանց օտարված սեփականության մասին տվյալներ |
1. |
Հովհաննես ՂՈՒԿԱՍՅԱՆ (“առաջին դիմումատու”) 1957, Երևան |
Առաջին դիմումատուն ուներ 147.03 քմ տարածքով տուն, որը գտնվում էր Աբովյան 4 հասցեում։ Երկրորդ դիմումատուի հետ համատեղ նա նաև ուներ Արամի 24 հասցեում գտնվող 281քմ հողատարածքի վրա գտնվող 54քմ բնակելի տարածքով տուն և 34.6քմ տարածքով տեռաս։ |
2. |
Զվարթ ՄՐՅԱՆ (“երկրորդ դիմումատու”) 1935, Երևան |
Երկրորդ դիմումատուն առաջին և երրորդ դիմումատուների մայրն էր։ Նա առաջին դիմումատուի հետ համատեղ սեփականությամբ ուներ Արամի 24 հասցեում (տես վերը)։ |
3. |
Լուսիկ ՄՐՅԱՆ (“երրորդ դիմումատու”) 1951,Երևան |
Երրորդ դիմումատուն՝ առաջին դիմումատուի քույրը և երկրորդ դիմումատուի դուստրը, ուներ չորրորդ դիմումատուի 1.5% բաժնեմասի սեփականություն։ |
4. |
ՕԼԻՄՊ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ (“չորրորդ դիմումատու”) 1995, Երևան |
1995թ․ աssռաջին, երկրորդ և երրորդ դիմումատուները հիմնադրել են չորրորդ դիմումատուին, որը պետությունից ձեռք է բերել Աբովյան 4 հասցեում գտնվող շինությունը։ Մինչև շինության օտարումը, այն օգտագործվել է չորրորդ դիմումատուի կողմից ձեռնարկատիրական նպատակներով։ Առաջին դիմումատուն ուներ չորրորդ դիմումատուի 95.875 % բաժնեմասը, իսկ երկրորդ և երրորդ դիմումատուները համապատասխանաբար ունեին դրա 2.625% և 1.5% բաժնեմասերը։ |
