ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մայիսի 3-ին
ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն օրենքի նպատակը ներկայում և ապագայում մարդու բարեկեցության, հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական և էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի և որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:
Հոդված 2. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող` ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետևյալ ուղղություններով.
1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.
2) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայություններ.
3) ջրային ռեսուրսի հաշվառում և գնահատում.
4) ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորում.
5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:
Հոդված 3. |
Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի օրենսդրական հիմքերը |
Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց, ներկա և ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը` չվտանգելով ազգային ջրային պաշարը.
ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային կառավարում`
ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է և տեսանելի հասարակության բոլոր խավերի համար և հասանելի է նրանց մասնակցությունը այդ գործընթացին.
մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատևման և կենցաղի առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջուր.
ռիսկերի կարգավորում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման և հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի և միջոցառումների համակարգված իրականացում:
Հոդված 5. |
Օրենքի խնդիրները |
Սույն օրենքի խնդիրներն են`
1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման, ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի և պահանջարկի ձևավորման գործընթացի իրականացումը.
2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.
3) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային կառավարման պլանները և նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:
Հոդված 6. |
Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները |
Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.
1) բնակչության հիմնական կենսական կարիքների ապահովումը.
2) ներկա և ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ և որակ).
3) բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.
4) բնակչության հատկապես սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.
5) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակումը և ձևավորումը, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական և ֆինանսական մեխանիզմների մշակումը և կիրառումը.
6 ) «առաջարկն է ձևավորում պահանջարկը» սկզբունքի կիրառումը.
7) ելնելով պահանջարկից` ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձևավորումը (ներառյալ` ջրամբարների զարգացումը).
8) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված և ճկուն սակագնային քաղաքականության մշակումը և կիրառումը.
9) Սևանա լճի` որպես սոցիալական, տնտեսական, բնապահպանական արժեքների և բնության մշակութային ժառանգության, պահպանությունն ու վերականգնումը.
10) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը և կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.
11) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.
12) «աղտոտողն է վճարում» և «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.
13) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման և օգտագործման ոլորտներում մարդկային և տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.
14) ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձումից հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը և ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.
15) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.
16) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման և համագործակցության զարգացման ապահովումը.
17) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը:
Հոդված 7. |
Ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները |
Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետևյալ սկզբունքների իրականացումը.
1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.
2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման կարգավորման, խթանման և այլ չափանիշների կիրառումը.
3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.
4) բնապահպանական, մշակութային, սոցիալական և տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.
5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակումը և տեղափոխումը արհեստական ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.
6) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված նորմերին և ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը.
7) ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի թափանցիկ և մասնակցային կառավարումը, ինչպես նաև գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացումը.
8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաև ջրային ռեսուրսների սպառողական և ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման և գնագոյացման ապահովումը.
9) անդրսահմանային ջրային ռեսուրսների և ջրահոսքերի կառավարումը:
Հոդված 8. |
Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները |
1. Ջրի ազգային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի և ծրագրերի նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:
2. Ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի առաջարկվող կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային և ծրագրային նկարագրությունները, ծախսերն ու օգուտները և դրանց բաշխվածությունը:
3. Ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի ու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ (մինչև 15 տարի) նախատեսվող բոլոր միջոցառումները:
4. Ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներառում է՝
1) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը և արդյունքները.
2) Ծրագրի կառավարման և օպերատիվ ռազմավարության իրականացման շարունակելիության նպատակահարմարությունը.
3) Ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:
Գ Լ ՈՒ Խ 2
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 9. |
Ջրային ռեսուրսների գնահատումը |
Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձևի, բաշխվածության և ըստ ջրային մարմինների կարգավիճակների ամբողջական գույքագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի և դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Ջրային ռեսուրսների վերագնահատումն իրականացվում է պարբերաբար՝ առնվազն 6 տարին մեկ:
Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումը կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխանաբար ջրօգտագործողի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ջրային ռեսուրսների գնահատման մեխանիզմները սահմանված կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(9-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն)
Հոդված 10. |
Ջրային ռեսուրսների առաջարկի ձևավորումը |
Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման և ազգային ջրային պաշարի ու բնապահպանական (էկոլոգիական) թողքերի հաշվարկման արդյունքների հիման վրա ձևավորվում է ջրի առաջարկը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Հոդված 11. |
Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման և ձևավորման ընթացակարգը |
1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումն իրականացնում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և իրավական այլ ակտերով` հիմք ընդունելով «առաջարկն է թելադրում պահանջարկը» սկզբունքը:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկը ձևավորում է ջրային ռեսուրսների պահպանության և կառավարման պետական լիազոր մարմինը` Ծրագրի հիման վրա:
Հոդված 12. |
Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները |
1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ ջրօգտագործումները (քանակ և որակ).
1) տնտեսական-կենցաղային, կենսական.
2) գյուղատնտեսական.
3) արդյունաբերական.
4) ձկնաբուծական.
5) ռեկրեացիոն.
6) էներգետիկ` էլեկտրաէներգիայի արտադրություն և սարքավորումների հովացում. ատոմային էլեկտրակայաններ.
7) միջազգային պարտավորություններ անդրսահմանային ջրային ռեսուրսների վերաբերյալ.
8) ջրային ռեսուրսների կուտակումներ:
2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է`
1) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացման հեռանկարը.
2) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը.
3) պահանջվող ջրի որակը.
4) ջրօգտագործումից ջրային ռեսուրսներին պատճառված աղտոտվածությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. |
Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունները |
1. Ջրային ռեսուրսների պահպանության և կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջև ըստ առաջնահերթության իրականացվում է հետևյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետևանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու և ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի և որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.
2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ և այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման և ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում և օգտագործում.
3) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.
5) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.
6) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
8) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.
10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում՝ ջուր՝ մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.
11) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:
2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:
(13-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-318-Ն)
Հոդված 14. |
Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները |
1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-11-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:
2. Ջրային ռեսուրսների քանակի և (կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռևս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:
(14-րդ հոդվածը փոփ. 07.07.22 ՀՕ-318-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 15. |
Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը |
1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած են ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:
2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝
1) քարտեզագրման տվյալները.
2) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.
3) ջրային և առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.
4) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.
5) բնական ջրային ռեսուրսներից ջրառի և հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.
6) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:
3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են` ղեկավարվելով սույն օրենքով և սահմանված գերակայություններով, Ծրագրով` հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:
4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում հասարակության մասնակցությունը ապահովվում է հասարակական լսումներ և քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. |
Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 2 Երևան ՀՕ-96-Ն
|
|