11. Տեսչական մարմնի լիազորություններն են՝
1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունը, որը ներառում է՝
ա. տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտանգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողության իրականացումը,
բ. վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը,
գ. վերահսկողության շրջանակներում սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումների իրականացումը,
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կարանտին սահմանելու մասին որոշման ընդունման վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություն ներկայացնելը,
ե. նախնական և պարբերական բժշկական զննության չենթարկված անձանց օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի չթույլատրելու մասին որոշման կայացում,
զ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարգադրագիր տալը, ախտահանման, միջատների կամ կրծողների ոչնչացման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ վարակիչ հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ,
է. օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական սահմանի անցման կետերում կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների իրականացումը,
ը. մարդու կյանքին և առողջությանն էական վտանգ սպառնացող խախտումների արձանագրման արդյունքում օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսումնական և կրթական հաստատությունների, առողջապահական և մշակութային օբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին կարգադրագիր տալը՝ մինչև սանիտարական նորմերի ու կանոնների, հիգիենիկ նորմատիվների և հակահամաճարակային ռեժիմների արձանագրված խախտումները վերացնելը,
թ. իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված դեպքերում և կարգով խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալը,
ժ. բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին իրազեկումը,
ժա. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմին առաջարկություններ ներկայացնելը,
ժբ. սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը և դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աշխատանքներում համագործակցությունը,
ժգ. վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը և վերահսկողության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.
2) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ.
4) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝
ա. արյան ռեեստրի վարման տեղեկատվության տրամադրման և ստացման նկատմամբ,
բ. դոնորին տրամադրվող տեղեկատվության և համաձայնության ստացման նկատմամբ,
գ. արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգի պահանջների նկատմամբ,
դ. արյան պարտադիր հետազոտությունների իրականացման կարգի ու մեթոդների նկատմամբ,
ե. արյան բաղադրամասերի պատրաստման նկատմամբ,
զ. արյան կամ դրա բաղադրամասերի պահպանման, տեղափոխման, արտահանման և ներմուծման նկատմամբ,
է. դոնորական արյան պատրաստուկների արտադրության և շրջանառության նկատմամբ,
ը. դոնորին տրվող արտոնությունների պահպանման նկատմամբ,
թ. արյան բաղադրամասերի փոխներարկման իրականացման նկատմամբ,
ժ. արյան պաշարների ապահովման և արյան բաղադրամասերի տրամադրման նկատմամբ.
5) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝
ա. սեռաբջիջների և սաղմի պահպանման նկատմամբ,
բ. հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման նկատմամբ,
գ. վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ,
դ. վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ.
6) «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝
ա. հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման պահանջների պահպանման նկատմամբ,
բ. հոսպիտալացման՝ ներառյալ ոչ հոժարակամը, բուժման և դուրսգրման նկատմամբ.
7) «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝
ա. փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ,
բ. օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ,
գ. դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ.
8) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման՝ ներառյալ պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության նկատմամբ.
9) իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝
ա. մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդի նկատմամբ,
բ. դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ,
գ. բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության, դեղերի արտադրության գովազդի նկատմամբ,
դ. մարդու օրգանների և հյուսվածքների գովազդի նկատմամբ,
ե. արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության գովազդի նկատմամբ.
10) աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում՝
ա. աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
բ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը, վերլուծումը և դրանց կանխարգելման նպատակով գործատուին միջնորդություններ և (կամ) առաջարկություններ ներկայացնելը,
գ. գործատուներին, աշխատողներին և նրանց ներկայացուցիչներին աշխատողների անվտանգության ապահովմանը և առողջության պահպանմանը, աշխատանքային հարաբերություններին առնչվող օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ տեղեկատվության և (կամ) խորհրդատվության տրամադրումը,
դ. մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ե. աշխատանքային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքների ժամանակավորապես դադարեցումը՝ մինչև խախտումները վերացնելը,
զ. գործատուների, աշխատողների և նրանց ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարների կազմակերպումը,
է. աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ լիազորված մարմին առաջարկության ներկայացումը,
ը. կազմակերպությունների լուծարման ընթացքում աշխատողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացումը՝ իր լիազորությունների շրջանակներում,
թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ժ. օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթներ իրականացնելիս՝ գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից աշխատողների իրավունքներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ պահանջելն ու ստանալը և փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելը,
ժա. աշխատանքային պայմանագրերի կնքման և (կամ) լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի հայտնաբերման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ժբ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի ու մասնագիտական հիվանդությունների հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
ժգ. աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.