ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան և նպատակը |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի նպատակը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա:
Հոդված 2. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը և գործողության ոլորտը |
1. Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու ժամանակահատվածում:
3. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հաշմանդամություն ունեցող անձ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
2) միջավայրային արգելքներ՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
3) անձի ֆունկցիոնալության գնահատում՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշելու նպատակներով.
4) ֆունկցիոնալության գնահատման համակարգ՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջությունը.
5) անձի ֆունկցիոնալության սահմանափակում՝ օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը.
ա. մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ՖՄԴ) «s» ծածկագրեր)՝ մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները,
բ. oրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)՝ օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան (մտավոր) ֆունկցիաները),
գ. գործունեություն և մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)՝ սովորելու և գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքները կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար՝ խաղալու) և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն,
դ. միջավայրային գործոններ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)՝ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի.
6) ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով մշակված փաստաթուղթ, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:
Հոդված 4. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են՝
1) հաշմանդամություն ունեցող անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և իրազեկ համաձայնությունը.
3) մատչելիությունը.
4) անձնական տվյալների գաղտնիությունը.
5) հաշմանդամություն ունեցող անձի կարիքները բազմակողմանի գնահատելը.
6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայություններ մատուցելը որպես գերակա նպատակ ունենալը:
ԳԼՈՒԽ 2
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 5. |
Կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարությունը՝
1) ապահովում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) հաստատում է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը.
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները.
4) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը.
4.1) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը.
4.2) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները.
4.3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը.
5) հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները.
6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ռազմավարությունները, հայեցակարգերը, ծրագրերը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-385-Ն)
(հոդվածի 1-ին մասի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերը գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը համաձայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի)
Հոդված 6. |
Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը.
2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձևը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձևերը.
3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները.
4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը.
5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները.
6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները.
6.1) հաստատում է գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման և սպասարկման կարգը.
7) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը.
8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը.
9) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ.
10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն, խմբ․, լրաց․ 08․12․22 ՀՕ-533-Ն)
(09.06.22 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 6.1. |
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը:
(6.1-ին հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն)
(09.06.22 ՀՕ-263-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. |
Անձի ֆունկցիոնալության գնահատումը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը (երեխան) ճանաչվում է հաշմանդամություն ունեցող կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը:
2. Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:
3. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան:
4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով:
5. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է՝
1) անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.
ա. հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու,
բ.անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու,
գ. հաշմանդամության ժամկետը լրանալու,
դ. անձի առողջական վիճակի փոփոխության,
ե. անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու,
զ. ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելու,
է. անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու,
ը. հաշմանդամության պատճառական կապը որոշելու,
թ. ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու,
ժ. մահվան պատճառական կապը որոշելու դեպքերում.
2) լիազոր մարմնի և Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին) նախաձեռնության հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար).
3) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
6. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում՝ վարչական ակտ:
7. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 08․12․22 ՀՕ-533-Ն)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 8. |
Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրը և գնահատող հանձնաժողովը |
1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ՝ մասնագետների ռեեստր): Մասնագետների ռեեստրը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի հիմնական նպատակն է ապահովել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պատահական ընտրությունը:
2. Մասնագետների ռեեստրից ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով ձևավորում է գնահատող հանձնաժողովներ, որոնք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում են վարչարարություն: Գնահատող հանձնաժողովների համար վերադաս մարմին է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինը: Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են՝
1) օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ.
2) անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ:
3. Գնահատող հանձնաժողովները՝
1) գնահատում են անձի ֆունկցիոնալությունը.
2) կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը.
3) անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում.
4) որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը.
5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների և (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ ստանալու նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ: Վերջիններս տեղեկությունը տրամադրում են հարցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
6) որոշում են հաշմանդամության պատճառական կապը.
7) որոշում են մահվան պատճառական կապը.
8) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը՝ կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ.
9) որոշում են կայացնում ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ.
10) մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը.
11) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
(8-րդ հոդվածը լրաց. 08․12․22 ՀՕ-533-Ն)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 9. |
Հաշմանդամության պատճառական կապերը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում սահմանվում է նաև պատճառական կապը: Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
2. Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
1) մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը.
2) ընդհանուր հիվանդությունը.
3) աշխատանքային վնասվածքը.
4) մասնագիտական հիվանդությունը.
5) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
6) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
7) զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
9) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
10) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
11) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
12) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը.
13) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:
(9-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-263-Ն)
Հոդված 10. |
Ծառայությունների անհատական ծրագիրը |
1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմում է գնահատող հանձնաժողովը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելուն: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների (ներառյալ աջակցող միջոցները), ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
3. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:
4. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպում և դրանք իրականացնում են օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինները (անձինք, կազմակերպությունները, հիմնարկները)՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:
5. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազոր մարմինը:
6. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:
Հոդված 11. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը և վերահսկողությունը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները բողոքարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն:
2. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 12. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ձևավորում և վարում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ՝ տեղեկատվական շտեմարան):
2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների և երաշխավորված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է:
3. Տեղեկատվական շտեմարանի անձնական տվյալները մշակում է լիազոր մարմինը, իսկ սպասարկումը և դրանում առկա տեխնիկական սպասարկման ու շահագործման ապահովումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը:
4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով:
5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը և մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության:
6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է՝
1) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստաթղթերի հավաքում և ուսումնասիրություն, գնահատման արդյունքների գնահատում, ծառայությունների երաշխավորում, մատուցում և այլն) առցանց եղանակով կազմակերպման,
2) անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձևաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման,
3) տարբեր գերատեսչությունների միջև անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման,
4) ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց երաշխավորված և մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքման,
5) անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման,
6) մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման նպատակներով:
7. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետևյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները.
1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը.
6) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի համարը.
7) հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում` նաև էլեկտրոնային փոստի հասցեն.
8) ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների՝ ծնողների (այդ թվում՝ որդեգրողների), խնամակալների և հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները.
9) կրթության վերաբերյալ տեղեկությունը.
10) զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկությունը.
11) սոցիալական կարգավիճակը:
8. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
9. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին:
10. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել պետական մարմինների միջև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
11. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
1) տեղեկության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն).
2) տեղեկության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին՝ իրենց լիազորությունների շրջանակներում.
3) տեղեկության պաշտպանվածություն:
12. Տեղեկատվական շտեմարանում հավաքված տեղեկությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու և զարգացնելու նպատակով:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերի, որոնք գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը և տարածվում են բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա։
(13-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-385-Ն, փոփ. 08․12․22 ՀՕ-533-Ն)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 14. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:
4. 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:
(14-րդ հոդվածը փոփ. 10.12.21 ՀՕ-385-Ն, լրաց. 08․12․22 ՀՕ-533-Ն)
(08․12․22 ՀՕ-533-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-195-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: