ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 14-ին
ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ:
Հոդված 2. |
Կամավոր աշխատանքի մասին օրենսդրությունը |
1. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 3. |
Օրենքի հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կամավոր աշխատանք՝ կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, սույն օրենքին համապատասխան կատարվող աշխատանք.
2) կամավոր՝ սույն մասի 5-րդ կետով սահմանված պայմանագրով կամավոր աշխատանք կատարող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ.
3) Կազմակերպություն` սույն օրենքի իմաստով՝ կամավոր աշխատանքներում ներգրավելու իրավունք ունեցող հանրային իշխանության մարմին, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ (այդ թվում` հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, կուսակցություն և այլն) կամ հիմնարկ, ինչպես նաև հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ.
4) կամավոր աշխատանքի սուբյեկտներ՝ Կազմակերպություն և կամավոր.
5) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր՝ կամավորի և Կազմակերպության միջև սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու մասին գրավոր համաձայնություն.
6) կամավորական ծրագիր՝ կամավոր աշխատանքի սուբյեկտների կողմից մշակվող կամ իրականացվող, որոշակի խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համալիր.
7) ակցիա՝ մեկանգամյա կամ մշտական բնույթ չկրող միջոցառում կամ գործողությունների համալիր։
Հոդված 4. |
Կամավոր աշխատանքի սկզբունքները |
1. Կամավոր աշխատանքի սկզբունքներն են՝
1) կամավորի կամքի ազատությունը.
2) կամավոր աշխատանքի անհատուցելիությունը.
3) կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը.
4) կամավոր աշխատանքում խտրականության արգելքը.
5) մարդասիրությունը.
6) մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը.
7) ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:
Հոդված 5. |
Կամավոր աշխատանքի նպատակները |
1. Կամավոր աշխատանքի հիմնական նպատակներն են՝
1) կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլ հանրային նշանակության խնդիրների լուծմանն աջակցելը.
2) անձի անկախ կյանքի հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, սոցիալական ներառմանն աջակցելը.
3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն աջակցելը.
4) անձի մասնագիտական կողմնորոշմանը կամ կարիերայի պլանավորմանը, աշխատաշուկայում մրցունակությանն ուղղված զբաղունակության կամ առանցքային (փափուկ) հմտությունների զարգացմանն աջակցելը.
5) ոչ ֆորմալ կամ ինֆորմալ կրթությամբ նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների, կարողությունների, հմտությունների պահպանմանն աջակցելը.
6) «Կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը կամ աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը նպաստելը, ինչպես նաև երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող այլ անձանց՝ աշխատաշուկայի միտումներին ծանոթանալուն և աշխատաշուկայում ինտեգրվելուն աջակցելը.
7) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների կամ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին կամ փրկարարական գործողություններին կամ տուժածներին օգնություն ցուցաբերելու կամ աղետների ռիսկերի կառավարման շրջանակներում իրականացվող աշխատանքներին աջակցելը.
8) կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելը կամ դրանց աջակցելը, ինչպես նաև կամավոր աշխատանքի մասին հանրությանն իրազեկելը կամ կամավորության մշակույթի տարածմանը նպաստելը.
9) սոցիալական պատասխանատվության կամ համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն աջակցելը.
10) հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը կամ հասարակական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն ընձեռելը կամ կամավորության սոցիալական ճանաչմանը նպաստելը.
11) անձի՝ իր գիտելիքներով, կարողություններով, հմտություններով կամ փորձառությամբ օգտակար լինելուն կամ հասարակության սոցիալ-տնտեսական կյանքին մասնակցելուն, ինչպես նաև մարդկային կամ սոցիալական կապիտալի ձևավորմանը նպաստելը.
12) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը կամ դրանց մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կամ հասարակության մեջ ոչ խտրական վերաբերմունքի կամ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը.
13) պետական կամ հանրային միջոցառումների անցկացմանն աջակցելը.
14) մասնակցային կառավարման, այդ թվում՝ ընտրական գործընթացներին մասնակցելու մշակույթի զարգացմանը նպաստելը:
2. Կամավոր աշխատանքը կարող է կատարվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված և օրենքով չարգելված այլ նպատակներով։
Հոդված 6. |
Կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները |
1. Հատուկ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող բնագավառում կամավոր աշխատանք կարող է կատարվել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու կամավորությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց վարձատրության աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:
3. Ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների հիման վրա օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները սույն օրենքի իմաստով չեն համարվում կամավոր աշխատանքներ:
4. Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր ոք:
5. Մինչև տասնչորս տարեկան անձինք կամավոր աշխատանքներում կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:
6. Հղի կանայք, մինչև երեք տարեկան երեխա խնամող անձինք, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձինք կամավոր աշխատանքում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այլ օրենքներով սահմանված սահմանափակումներին ու առանձնահատկություններին համապատասխան:
7. Եթե բժշկական եզրակացությամբ հաստատվում է, որ կամավոր աշխատանքը վտանգել է կամ կարող է վտանգել կամավորի առողջությունը, ապա Կազմակերպությունը պարտավոր է նրան տեղափոխել միայն իր առողջական վիճակին համապատասխան այլ կամավոր աշխատանքների՝ առկայության դեպքում:
8. Առանց սույն օրենքով սահմանված կարգով կնքվող կամավոր աշխատանքի մասին պայմանագրի Կազմակերպության կողմից կամավոր աշխատանքում ներգրավվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն այդ աշխատանքի մասով չեն համարվում կամավոր, իսկ տվյալ աշխատանքը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի իմաստով համարվում է անօրինական:
9. Սույն օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը Կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքի կամ երաշխավորագրի հիման վրա կամավորի համար կարող է համարվել աշխատանքային փորձառություն։ Կամավոր աշխատանքի մասին տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազոր մարմինը։
10. Աշխատանքային հարաբերությունների շրջանակներում աշխատողն իր աշխատաժամանակի ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավվում է գործատուի հետ փոխադարձ համաձայնությամբ։
ԳԼՈՒԽ 2
ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 7. |
Կամավորի իրավունքները |
1. Կամավորն իրավունք ունի՝
1) Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն կամ աջակցություն.
2) Կազմակերպության հետ փոխադարձ համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը կամ իրականացմանը.
3) սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և կարգով Կազմակերպությունից ստանալու կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, իր կատարած կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով ծախսերի հատուցում.
4) ստանալու վնասի հատուցում.
5) կողմերի համաձայնությամբ մասնակցելու Կազմակերպության կազմակերպած ծրագրերին և միջոցառումներին.
6) Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ տեղեկանք կամ երաշխավորագիր Կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
7) կամավոր աշխատանքի մասին պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ունենալու կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից ապահովագրություն:
2. Կամավորն ունի սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ իրավունքներ:
Հոդված 8. |
Կամավորի պարտականությունները |
1. Կամավորը պարտավոր է՝
1) չտարածել կամ չհրապարակել կամավոր աշխատանքը կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,
2) կամավոր աշխատանքը կատարել առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան,
3) հատուցել կամավոր աշխատանք կատարելիս իր գործողության կամ անգործության հետևանքով Կազմակերպությանը պատճառած նյութական վնասը,
4) նպատակային ու բարեխղճորեն օգտագործել Կազմակերպության հատկացրած գույքը և միջոցները,
5) մասնակցել Կազմակերպության կազմակերպած՝ իր կամավոր աշխատանքին առնչվող կրթական ծրագրերին կամ իրազեկման այլ միջոցառումների՝ տվյալ կամավոր աշխատանքը կատարելու համար պարտադիր նախապայման լինելու դեպքում,
6) կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավոր աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ,
7) Կառավարության սահմանած կարգով անցնել պարտադիր բժշկական զննություն, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են նախնական և պարբերական բժշկական զննություն։
Հոդված 9. |
Կազմակերպության իրավունքները |
1. Կազմակերպությունն իրավունք ունի՝
1) մշակելու կամ իրականացնելու կամավորական ծրագրեր.
2) սույն օրենքով սահմանված կարգով ներգրավելու կամավորների.
3) կամավորից ստանալու տեղեկատվություն՝ կատարված կամավոր աշխատանքների վերաբերյալ.
4) լուսաբանելու իր ներգրաված կամավորների կատարած կամավոր աշխատանքների արդյունքները.
5) ապահովելու կամավորի մասնակցությունն իր կողմից իրականացվող կամավորական կամ այլ ծրագրերի մշակմանը.
6) խրախուսելու կամավորին.
7) ապահովելու կամավորի մասնակցությունն իր կազմակերպած համապատասխան կրթական ծրագրերին կամ կամավոր աշխատանքին առնչվող իրազեկման այլ միջոցառումների՝ անհրաժեշտության դեպքում այդ նպատակով համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ:
2. Կազմակերպությունն ունի սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավորներ ներգրավելու հետ կապված այլ իրավունքներ:
Հոդված 10. |
Կազմակերպության պարտականությունները |
1. Կազմակերպությունը պարտավոր է՝
1) մինչև կամավոր ներգրավելը սույն օրենքով սահմանված կարգով կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,
2) կամավորին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն կամ աջակցություն, ինչպես նաև նրա կամավոր աշխատանքին առնչվող տեղեկատվություն,
3) կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելուց առաջ պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա կամ կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին փաստաթուղթ, եթե կամավոր աշխատանքը կատարվելու է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ (նեղ մասնագիտական) գիտելիքներ պահանջող բնագավառում,
4) գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամավորին տրամադրել տեղեկանք կամ երաշխավորագիր կատարված կամավոր աշխատանքի վերաբերյալ,
5) տրամադրել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ միջոցներ, փոխհատուցել կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի կատարած լրացուցիչ ծախսերը, ինչպես նաև սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում վճարել ծախսերի հատուցումը,
6) ապահովել կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան,
7) հաշմանդամություն ունեցող անձին որպես կամավոր ներգրավելու պարագայում ապահովել խելամիտ հարմարեցումներ,
8) մինչև կամավոր աշխատանքի թույլատրելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, կամավորի հետ անցկացնել առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության ապահովման և կատարվող կամավոր աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ հրահանգավորում,
9) հատուցել կամավոր աշխատանք կատարելիս կամավորին պատճառված վնասը,
10) կազմակերպել և հսկել կամավորի կողմից կատարվող կամավոր աշխատանքները,
11) չտարածել կամ չհրապարակել կամավորներին կամավոր աշխատանքներում ներգրավելու ընթացքում իրեն հայտնի դարձած անձնական տվյալների կամ պետական, բանկային, ապահովագրական, առևտրային, բժշկական, փաստաբանական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող այլ տեղեկություններ,
12) կրել սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված՝ կամավորներ ներգրավելու հետ կապված այլ պարտականություններ:
Հոդված 11. |
Կամավորի հանգստի առանձնահատկությունները |
1. Կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա, ամենշաբաթյա, ամենամյա անընդմեջ հանգիստը սահմանվում են կողմերի համաձայնությամբ՝ առնվազն պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան աշխատանքի համար սահմանված հանգստի նվազագույն տևողությունները:
Հոդված 12. |
Կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերը |
1. Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով կամավորին ֆինանսական կամ գույքային միջոցները տրամադրվում են նախապես՝ Կազմակերպության կողմից, իսկ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Սույն մասում նշված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը սահմանվում է նախապես՝ կողմերի գրավոր համաձայնությամբ:
2. Իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում Կազմակերպության կողմից կամավորին տրվում է, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական կամ գույքային միջոցներից կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցումից բացի, նաև ծախսերի հատուցում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգին և չափերին համապատասխան:
3. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները, հատուցումները կամ փոխհատուցումները կամավորին վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ անկանխիկ եղանակով:
ԳԼՈՒԽ 3
ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 13. |
Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները |
1. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի և Կազմակերպության միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները համարվում են քաղաքացիական-իրավական հարաբերություններ, իսկ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերություններ, իսկ պայմանագիրը՝ աշխատանքային պայմանագիր:
Հոդված 14. |
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի կնքման կարգը |
1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով:
2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝
1) կնքվում է գրավոր, երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի հետ կնքվող պայմանագրի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը Կազմակերպությունը հանձնում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին.
2) սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է կամավորին, իսկ մինչև տասնչորս տարեկան կամավորի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
3. Կազմակերպությունն իր՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողի հետ չի կարող կնքել նաև կամավոր աշխատանքի մասին պայմանագիր նույն աշխատանքի համար:
4. Օտարերկրացու հետ կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը սահմանվում է մուտքի վիզայի ժամկետով, եթե օտարերկրացու համար Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված մուտքի վիզա:
5. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելը պարտադիր չէ ակցիային մասնակցելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ կամավոր աշխատանքը կատարվում է ոչ Կազմակերպության միջոցով։
Հոդված 15. |
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի բովանդակությունը |
1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում նշվում են՝
1) պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը,
2) պայմանագիր կնքող Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,
3) կամավորի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, բնակության կամ հաշվառման հասցեն,
4) կամավորի անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
5) կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը,
6) կողմերի համաձայնությամբ ապահովագրություն նախատեսվելու դեպքում՝ կամավորին կամավոր աշխատանքի հետ կապված դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից ապահովագրելու կամ նրա քաղաքացիական պատասխանատվության (երրորդ անձանց վնաս պատճառելու կամ այլ ռիսկի հետ կապված) ապահովագրության կարգը և պայմանները,
7) կամավոր աշխատանքը կատարելու կարգն ու պայմանները,
8) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ կամավոր աշխատանք կատարելու համար խելամիտ հարմարեցումների վերաբերյալ կարգավորումները, դրանց իրականացման ժամկետները,
9) պայմանագրի գործողության ժամկետը,
10) Կազմակերպության անունից պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, կամավորի անունը, ազգանունը և նրանց ստորագրությունները:
2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրում կարող են ներառվել նաև սույն օրենքից բխող կամ սույն օրենքին չհակասող այլ պայմաններ:
Հոդված 16. |
Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանների փոփոխման կամ պայմանագրի լուծման հիմքերն ու կարգը |
1. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում:
2. Կամավոր աշխատանքի մասին պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել, կամ պայմանագիրը կարող է լուծվել նաև կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ առնվազն երեք աշխատանքային օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով մյուս կողմին, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ կամավոր աշխատանքի մասին պայմանագրով: Սույն մասով սահմանված ծանուցման ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համարվում է լուծված օրենքի ուժով:
ԳԼՈՒԽ 4
ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 17. |
Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները |
1. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորություններն են՝
1) կամավոր աշխատանքի բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2) կամավոր աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
3) կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը կամ իրականացման ապահովումը.
4) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցության տրամադրումը:
Հոդված 18. |
Կամավոր աշխատանքի սուբյեկտների՝ կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումը |
1. Կամավոր աշխատանքի սուբյեկտների՝ կամավոր աշխատանքի հետ կապված իրավունքների պաշտպանությունը և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերի լուծումն իրականացվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան:
ԳԼՈՒԽ 5
ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 19. |
Կամավոր աշխատանքի կազմակերպումը օտարերկրյա պետություններում կամ օտարերկրյա քաղաքացիների կամավոր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում |
1. Կազմակերպությունն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հրավերով սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով կարող է կամավորին գործուղել օտարերկրյա պետություն՝ կամավոր աշխատանք կատարելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքը կարգավորվում է սույն օրենքով կամ այլ օրենքով, ընդունող պետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:
3. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու նպատակով կարող է հրավիրել օտարերկրյա քաղաքացիների՝ սույն օրենքով կամ այլ օրենքով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված միջոցները տրամադրվում, կամ ծախսերը փոխհատուցվում կամ հատուցվում են կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կարգով՝ Կազմակերպության կամ ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Մինչև տասնչորս տարեկան անձինք Կազմակերպության միջոցով օտարերկրյա պետությունում կամավոր աշխատանքում կարող են ներգրավվել ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ և պատասխանատվությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացված) անձանց:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի) ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պարտադիր բժշկական զննության պարտականությունը կամավորի համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։
Հոդված 21. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերով նախատեսված առավել բարենպաստ կարգավորումների:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կամավորների հետ կնքված՝ կամավոր աշխատանքի վերաբերյալ պայմանագրերի համապատասխանեցումը սույն օրենքի պահանջներին Կազմակերպությունները պարտավոր են կատարել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասից և 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-202-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: