Համարը 
N 954-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.09.12/69(1427) Հոդ.949
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.08.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.08.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
31.08.23 N 1484-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` սույն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի 2-րդ ենթակետերի, 6-րդ, 7-րդ կետերի ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը: Հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուժի մեջ են մտնում 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 954-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. օգոստոսի 31

Երևան

   

     

    

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման


 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման հետ կապված հարաբերությունները:

2. Դասարանը առարկայական միևնույն ծրագիրն ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբ է:

3. Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով, կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական)՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)՝ յուրաքանչյուր կիսամյակի համար՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված՝ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված՝ ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:

4. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարան ձևավորվում է, եթե սովորողների թիվը գերազանցում է՝

1) սույն որոշման 2-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին.

2) սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված դասարանում սովորողների թվին:

5. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը՝

1) սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է.

2) սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված՝ դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:

6. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով՝

1) արհեստ և արվեստ.

2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

7. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից։

8. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է՝

1) առավելագույնը 15 սովորող.

2) կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)՝ առավելագույնը 6 սովորող:

9. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի գերազանցում դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է:

10. Սույն հավելվածի 3-րդ կետում ներկայացված նորմերով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով:

11. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:

12. Միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր՝ համաձայն սույն հավելվածի 3-րդ կետի։

13. Դասարանում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող։

(հավելվածը խմբ. 31.08.23 N 1484-Ն)