ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1802-Լ
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
19.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ
1. ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. «Ակադեմիական քաղաք» նախագիծը Հայաստանի Հանրապետության այն ծրագիրն է, որի միջոցով իրացվելու է միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա ակտիվ և արժեքավոր դերակատարի դիրք զբաղեցնելու հավակնությունը: Այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունը կազմակերպվելու է՝ անմիջականորեն լծորդվելով հետազոտությունների հետ, այդպիսով ապահովելով գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` խարսխվելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքների վրա, այսպիսով ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական, մշակութային և անվտանգային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:
2. Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը:
3. Ակադեմիական քաղաքը հանդիսանալու է միջգիտակարգային, միջմշակութային, միջազգային շփումների հարթակ, ինչը հանգեցնելու է թե՛ գիտակրթական, թե՛ սոցիալական նորարարությունների:
4. Ակադեմիական քաղաքի հիմնադրման իրավական հիմքերը դրված են «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքում (այսուհետ` օրենք), որի համաձայն նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։
5. Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են՝
1) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ.
2) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը։
6. Այս թիրախների իրացումն անխուսափելիորեն առաջ է բերում համապատասխան ենթակառուցվածքների պահանջ, որոնցից են ուսումնառության կազմակերպման արդի պայմանները, ժամանակակից գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ լաբորատոր, նախատիպավորման, փորձարկման և այլ ենթակառուցվածքները, մարզական, հանգստի, գրադարանային, հանրակացարանային և այլ միջավայրերը, որոնք մրցունակ հետազոտությունների և բարձրագույն կրթական համակարգի նախապայման են։
7. Ակադեմիական քաղաքը, այսպիսով, հանդիսանում է մրցունակ կրթական, գիտահետազոտական, նորարարական գործունեությանն ուղղված ֆիզիկական, իրավական, կառավարչական ենթակառուցվածքների ամբողջություն, այդպիսով դառնալով նաև պետական հետազոտական և ինովացիոն համակարգի կարևորագույն բաղադրիչը` ապահովելով նաև պահանջարկի վրա հիմնված հետազոտությունների համար մտավոր և նյութական ռեսուրս: Ակադեմիական քաղաքն ապահովելու է նաև արագ զարգացող տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների միջազգային և տեղական աշխատաշուկայում մրցունակ աշխատուժին ներկայացվող արդի պահանջները, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների առևտրայնացման ու փոխանցման գործիքակազմը։
8. Որպես ծրագրի կայացման գրավական, ակադեմիական քաղաքում տեղակայված համալսարաններում հիմնովին վերանայվելու են կրթության կազմակերպման մեթոդաբանությունը և կրթության բովանդակությունը` առաջատար գործընկեր համալսարանների հետ համատեղ աշխատանքի և աշխատակիցների վերապատրաստումների միջոցով: Այս գործընթացը կազմակերպվելու է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը զուգընթաց` յուրաքանչյուր կլաստերի համար ձևավորելով մասնագիտական տարբեր մակարդակի խորհուրդներ:
9. Ծրագրի իրականացման մյուս կարևորագույն բաղադրիչը հանդիսանում է ակադեմիական քաղաքում իրականացվող հետազոտությունների և մշակումների մակարդակը, որի համար սահմանված են լինելու առավել բարձր պահանջներ համաշխարհային նշանակության և արդիականության առումով, ինչպես նաև ստեղծված են լինելու բոլոր պայմանները բեկումնային հետազոտությունների իրականացման համար, որոնց համար ակադեմիական քաղաքն ապահովելու է շարժունությունը և միջդիսցիպլինարությունը շնորհիվ ինչպես նրա, որ տարբեր բնագավառների հետազոտողներ գտնվում են ֆիզիկապես մոտ տարածության մեջ, այնպես էլ ուսանողության և գիտնականների միջև դիսցիպլինաների հատումներում տարաբնույթ միջոցառումների ապահովմամբ և դրանց խրախուսմամբ:
10. Ակադեմիական քաղաքի նախագծումն իրականացվելու է՝ վեր բարձրանալով բարձրագույն կրթության և հետազոտությունների վերաբերյալ ձևավորված ավանդական պատկերացումներից, և ստեղծվելու է մի տարածություն, որը գեղեցիկ և կանաչ միջավայր լինելուց բացի՝ ապահովելու է փոխկապակցվածություն, շարժունություն և ճկունություն, որոնք նպաստելու են գիտելիքի ազատ շրջանառությանը և միջմշակութային շփումներին, ինչը կարևոր է կրթական, գիտական և նորարարական-ստեղծարար գործունեության համար:
11. Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կյանքի կոչելու գործընթացը Հայաստանի Հանրապետությունն իրականացնելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի լավագույն մասնագետներին և մասնագիտացված կառույցներին, որոնք ունեն որոշակի փորձառություն նմանատիպ համակարգերի նախագծման և կայացման հարցում:
12. Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:
13. «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, համակարգման և հետագա կառավարման մարմին է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ)։
14. Ակադեմիական քաղաքը կայանալու է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և պետական գիտական կազմակերպությունների հենքի վրա` դրանք ֆիզիկապես տեղափոխելով հատկացված տարածքներ և հզորացնելով առկա հետազոտական, կրթական ենթակառուցվածքները, ինչպես նաև համալրելով նոր ենթակառուցվածքներով:
15. Միաժամանակ, ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, որոնք նպատակահարմար կգտնեն իրենց գործունեությունը կազմակերպել ակադեմիական քաղաքի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը կխրախուսի նաև այդ կառույցների տեղափոխումը։
16. Ակադեմիական քաղաքի գործառնության ապահովման և կառավարման առանձնահատկությունները կամրագրվեն օրենսդրությամբ՝ ապահովելով դրա բնականոն գործառնությունը: Կհստակեցվեն նաև ակադեմիական քաղաքում բնակության, գործունեության ծավալման, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններին վերաբերող դրույթները։
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Սույն հայեցակարգի շրջանակներում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝
1) Տեխնոլոգիական կլաստեր.
2) Արվեստների կլաստեր.
3) Կրթական կլաստեր.
4) Սպայական կլաստեր:
18. Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ:
19. Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, հիմնադրամը, ինչպես նաև ըստ նպատակահարմարության` ոլորտին առնչվող այլ պետական և մասնավոր կառույցներ։
20. Յուրաքանչյուր կլաստերի հզորությունը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով տվյալ կլաստեր տեղափոխվող կառույցներում ընդգրկված ուսանողների և աշխատակիցների առկա թվերը, որին ավելացվել է հզորության՝ մինչև կլաստերների գործարկումն ակնկալվող առնվազն 30% աճը։
3. ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
21. Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 14 500 ուսանողի և 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական, հետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 3 000 ակադեմիական կազմի աշխատակիցներ, վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
22. Տեխնոլոգիական կլաստերում կրթությունը, գիտահետազոտական աշխատանքները և նորարարական գործունեությունը հիմնականում իրականացվելու են կիրառական բնույթի հետազոտությունների և փորձակոնստրուկտորական աշխատանքների շուրջ` առանց անտեսելու հիմնարար կրթության և հետազոտությունների դերը:
23. Տեխնոլոգիական համալսարանը կազմավորվելու է Հայաստանում գործող տեխնոլոգիական ուղղվածության կրթական ծրագրեր իրականացնող բուհերի հիմքի վրա և հենված է լինելու այդ համալսարանների լավագույն ու կայացած համակարգերի վրա, ինչպես նաև ներառելու է ժամանակակից և ապագայում կարևորություն ներկայացնող նոր հետազոտական ուղղություններ և կրթական վերանայված ծրագրեր:
24. Տեխնոլոգիական կլաստերը միավորելու է նաև՝
1) Նյութագիտության և քիմիայի հետազոտությունների կենտրոնը1.
2) Ֆիզիկական հետազոտությունների կենտրոնը.
3) Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը.
4) Գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնը.
5) Հաշվողական տեխնոլոգիաների կենտրոնը:
25. Կենտրոնները կազմավորվելու են համապատասխան ուղղվածությունների գիտահետազոտական կազմակերպությունների հիմքի վրա՝ ըստ անհրաժեշտության վերանայելով ուղղությունները և համալրելով նոր ուղղություններով:
26. Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը կհանդիսանա նոր կառուցվածք, որում գործունեությունը կծավալվի տեխնոլոգիական մշակումների և նորարարական լուծումների ուղղությամբ, որը կունենա նաև նախատիպավորման համար անհրաժեշտ նախաարտադրական ենթակառուցվածքներ (մեքենաշինական պարկ, փորձարկումների անգարներ/հարթակներ, նուրբ դետալների արտադրամասեր, աշխատախցեր), որոնց ամբողջական ցանկը պետք է հստակեցվի մասնագիտական քննարկումների արդյունքում: Կենտրոնն ապահովելու է մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարումը:
27. Գյուղատնտեսական կրթությունը, ինչպես նաև հետազոտություններն ու մշակումներն իրականացվելու են ագրոտեխնոլոգիական ուղղվածության գերակայությամբ, ինչի նպատակով կլաստերի տարածքում տեղակայվելու են նաև ջերմոցներ, ինտենսիվ այգի, գինեգործական փորձարարական կայան, մեքենատրակտորային պարկ/անգարներ, փորձարարական վարելահողեր, անասնաֆերմա, կաթնամթերքների փորձարարական գործարան, կերային արտադրություն, ջրային ավազան, փորձարարական նպատակներով օգտագործվող այլ հողատարածքներ: Ելնելով բնակլիմայական տարբեր գոտիականություններում հետազոտությունների և կրթության կազմակերպման անհրաժեշտությունից (հատկապես ագրոպարենային ոլորտում)՝ ակադեմիական քաղաքին կպատկանեն նաև ուսումնական գյուղատնտեսական նշանակության տարածքներ նաև հանրապետության այլ գոտիներում:
28. Տեխնոլոգիական կլաստերում նախատեսվելու է նաև ստարտափների համալսարանական ինկուբատորը, որը համալսարանական հետազոտությունների և առևտրայնացման պոտենցիալ ունեցող մշակումների հիման վրա ձևավորված սկսնակ կազմակերպություններին հատուկ պայմաններով կտրամադրի աշխատանքային տարածքներ` իրենց կայացման առաջին փուլերը հաղթահարելու ժամանակահատվածում։ Սրան զուգահեռ, համալսարանը կապահովի նաև վարչարարական բեռի թեթևացման և համապատասխան հավելյալ հմտությունների զարգացման գծով աջակցություն:
29. Այս իմաստով տեխնոլոգիական կլաստերն առաջացնելու է ինչպես սեփական մշակումներից եկամուտ, այնպես էլ համագործակցելու է մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ` որպես մտավոր կապիտալի և խոշոր սարքավորումների ռեսուրս:
30. Նույն կլաստերում տեղակայվելու է նաև Տեխնոլոգիական ավագ դպրոցը, որում ավագ դասարանների համար կիրականացվի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) և, մասնավորապես, տեխնոլոգիական խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, դպրոցի համար հասանելի կլինեն նաև կլաստերի համապատասխան ենթակառուցվածքները` նախագծային ուսումնառության բաղադրիչի իրականացման համար։ Դպրոցի աշակերտների համար ևս կնախատեսվի կացարանային գոտի:
31. Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 2 000 ուսանողի և 200 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
32. Արվեստների համալսարանը կազմվելու է ներկայումս Հայաստանում գործող արվեստի բուհերի հիմքի վրա, ընդ որում, դրան կարող են մաս կազմել նաև մշակութաբանական կրթական ծրագրերը։
33. Արվեստների կլաստերը միավորելու է նաև՝
1) Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը՝ կազմավորված ոլորտի գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա.
2) Արվեստների ավագ դպրոցը, որտեղ աշակերտներին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև աշակերտներին հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները.
3) ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, որը ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք, ընդ որում, հաշվի առնելով ներկայումս ժամանակակից համերգասրահի խիստ պակասը՝ նախատեսվում է, որ նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրը կծառայի որպես ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի համար հիմնական համերգային հարթակներից մեկը.
4) Հայաստանի ազգային թանգարան-պահոցը, որը հանդիսանալու է ինչպես ժամանակակից ցուցասրահ, որի գիտական ողջ ապահովումն իրականացնում է Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը, այնպես էլ Հնագիտական գտածոների և նյութերի արխիվ-պահոց.
5) աշխատանոցներ/արվեստանոցներ, որոնք արվեստի բնագավառի երիտասարդ մասնագետների համար կհանդիսանան անհատական կարիերայի կամ փորձարարական գաղափարների մեկնարկի հարթակներ, որոնք կտրամադրվեն որոշակի ժամանակահատվածով և արտոնյալ պայմաններով` մինչև գաղափարի կայանալը:
34. Արվեստների համալսարանի կազմում նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում՝ ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը։
35. Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանակաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի, փողոցների և ազգագրական գյուղակի համախումբ է: Բացի կինոարտադրությունից՝ այն կընձեռի նաև որոշակի զբոսաշրջային հնարավորություններ։
36. Կրթական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 15 000 ուսանողի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 1 400 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների թվաքանակը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
37. Կրթական համալսարանը կազմավորվելու է ներկայումս գործող համապատասխան ուղղվածության բուհերի և կրթական ծրագրերի հիման վրա։ Ընդ որում, նախատեսվում է, որ կրթական համալսարանում էապես վերափոխվելու են ծրագրերը՝ կրթության ոլորտի արդիական տարբեր մասնագիտություններով ուսուցումն ապահովելու համար, ինչպես օրինակ՝ կրթական տեխնոլոգիաները, գնահատումը և հետազոտությունները։
38. Կրթական կլաստերի մեջ մտնելու է նաև կրթական հետազոտությունների կենտրոնը, որը նորովի կազմավորվող հետազոտական կառույց է՝ ոլորտում անհրաժեշտ գիտական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև միջազգային մակարդակի փորձագիտական ներուժի ձևավորման համար:
39. Սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում:
40. Սպայական համալսարանը նախատեսված է միասնական տրամաբանությամբ և ծառայության վերաբերյալ որոշակի միասնական սկզբունքների շուրջ կրթական գործընթացի կազմակերպման համար: Այն կունենա երկու բաղադրիչ (ֆակուլտետ, դպրոց կամ այլ կազմակերպական ձև)` արտաքին անվտանգային և ներքին անվտանգային:
41. Ըստ անհրաժեշտության, Սպայական համալսարանում ներդրվելու են նաև նոր և թարմացված կրթական ծրագրեր` համագործակցելով միջազգային գործընկեր համալսարանների հետ։
42. Արտաքին անվտանգային բաղադրիչը կազմավորվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և բարձրագույն կրթություն իրականացնող համալսարանների լավագույն և կայացած համակարգերի վրա. գործունեությունը միտված է լինելու ռազմական ոլորտի, արտաքին անվտանգությունն ապահովող սպայական և այլ կազմի ուսուցմանը և հետազոտությունների իրականացմանը:
43. Ներքին անվտանգային բաղադրիչը կազմված է լինելու ներքին անվտանգային համակարգերի համար կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հիմքից, ինչպես ոստիկանության և ճգնաժամային կառավարման ոլորտներն են, և զբաղվելու է ներքին անվտանգային խնդիրները սպասարկող սպայական կազմի և մասնագետների պատրաստմամբ (ոստիկաններ, փրկարարներ, փորձագետներ և այլն):
44. Սպայական կլաստերում գործելու են նաև Սպայական ավագ դպրոցը և քոլեջը։
45. Նույն կլաստերը կարող է միավորել նաև՝
1) Կրիմինալիստիկայի և դատափորձագիտության հետազոտական կենտրոնը.
2) Երկրաբանության և ռիսկերի գնահատման կենտրոնը:
46. Բոլոր կլաստերները հնարավորինս համապատասխանելու են համընդհանուր դիզայնի սկզբունքներին և ապահովելու են առավելագույն ներառականություն:
4. ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
47. Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվում է երկու տեղամաս`
1) Տեղամաս 1 ք. Երևանի 17-րդ թաղամասի տարածքը (Հիմնական տեղամաս),
2) Տեղամաս 2 Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը (Պահեստային տեղամաս):
48. Ճանապարհային ցանց. Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է Հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով։
49. Բնակելի ֆոնդ. ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):
50. Հաշվի առնելով, որ կլաստերների աշխատակիցների մի մասը ցանկություն կունենա ձեռք բերել սեփականության իրավունքով բնակարաններ, անհրաժեշտ կլինի նաև աշխատակիցների համար կազմակերպել տեղամասերին մերձակա տարածքներում հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ:
51. Կլաստերների գոյությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև հարակից համայնքային տարածքների զարգացմանը և տնտեսական գործունեության նոր տեսակների ծավալմանը: Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:
52. Քանի որ տեղամասերից ոչ մեկը նախատեսված չէ կլաստերների համապատասխան քանակությամբ մարդկանց միաժամանակյա գործունեության համար, անհրաժեշտություն է առաջանալու կառուցել/ստեղծել կամ արդիականացնել բոլոր ենթակառուցվածքները՝
1) էլեկտրահաղորդման և կապի համակարգեր.
2) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր.
3) գազատարների և ջերմամատակարարման համակարգեր.
4) աղբահանության համակարգ։
53. Կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ՝
1) ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական և փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ.
2) հանրակացարանային կամ բնակելի թաղամաս՝ ուսանողների և դասախոսների համար.
3) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն).
4) տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ՝ բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի բնակիչների և աշխատակիցների առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար՝ մարզասրահներ, լողավազաններ.
5) ջրային զանգվածներ.
6) տրանսպորտային համակարգ.
7) ավտոկայանատեղիներ.
8) առևտրային և սննդի կետեր.
9) բուժհաստատություններ, առողջության կենտրոններ.
10) երեխաների խնամքի և զարգացման կենտրոններ.
11) անվտանգության արդիական համակարգ.
12) այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
54. Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն՝ անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար։ Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու են կլաստերների կարիքների համար:
55. Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը կհյուրընկալի նաև ոչ պետական կամ միջպետական բուհեր, ինչի համար նախագծման փուլում հիմնական տեղամասում, ըստ հնարավորության կնախատեսվեն որոշակի ազատ գոտիներ` տեղափոխման կամ կառուցման ցանկություն ունեցող բուհերի համար:
56. Կլաստերների նախագծման և կառուցման փուլում նախատեսվում են մի քանի հանգուցային կառույցներ, որոնք հանդիսանալու են ծրագրի այցեքարտը։ Դրանք ունենալու են յուրահատուկ ճարտարապետական հորինվածք և բացի ֆունկցիոնալ նշանակությունից՝ լինելու են նաև տվյալ միջավայրի ոճը պայմանավորող դոմինանտ շինությունները:
57. Հանգուցային կառույցների ճարտարապետությունն ամբողջությամբ իրականացվելու է միջազգային գործընկերոջ կողմից:
58. Ներկա դրությամբ, որպես հանգուցային կառույցներ նախատեսվում են`
1) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը.
2) չորս կլաստերների կենտրոնական մասնաշենքերը.
3) ազգային ստադիոնը։
59. Ցանկը հետագայում կհամալրվի գլխավոր հատակագծի մշակմանը զուգընթաց, որտեղ արդեն պարզ կդառնան այն հավելյալ շինությունները, որոնց համար կարիք կա հեղինակային ճարտարապետության:
60. Մնացյալ շինությունների ճարտարապետությունն իրականացվելու է գործընկերոջ հսկողությամբ և տեղական ներուժով` ներգրավելով այդ թվում ուսանողական համայնքը, ինչը նաև կդառնա անփոխարինելի կենսափորձ ապագա ճարտարապետների համար:
5. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
61. Նախորդող ժամանակահատվածում (2023 թվականի մարտ-հունիս) ծրագրի պատասխանատու մարմինների կողմից կատարվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Նախնական խոշորացված արժեքներով գնահատվել են ընդհանուր կարիքները՝ զուգահեռ ուսումնասիրելով նմանօրինակ ծրագրերի իրականացման միջազգային փորձը։ Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ, իսկ Արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ։ Բանակցություններ են տարվել միջազգային գործընկեր այլ կազմակերպությունների հետ՝ բովանդակային աջակցություն ստանալու համար, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:
62. Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից՝
1) նախագծման փուլ.
2) կառուցման փուլ.
3) սպասարկման փուլ։
63. Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից և ավարտին կհասնի 2025 թվականի սեպտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝
1) կարիքների գնահատում.
2) շահառուների հետ քննարկում.
3) տեխնիկական առաջադրանքի մշակում.
4) տարածքների իրավական կարգավիճակի հստակեցում և իրավունքների պետական գրանցման կատարում.
5) երկրատեխնիկական հանութագրման, տարածքի հանութագրման և սխեմայի մշակման, տարածքի եռաչափ մոդելավորման և այլ ուսումնասիրությունների իրականացում.
6) տարածքի գլխավոր հատակագծի մշակում.
7) ճարտարապետաշինարարական նախագծի մշակում.
8) տեխնիկական փորձաքննությունների անցկացում (պարզ/համալիր).
9) պահանջվող եզրակացությունների և թույլտվությունների ստացում.
10) ճանապարհների և լրացուցիչ ենթակառուցվածքների նախագծում.
11) տարածքի զարգացման պլանի մշակում:
64. Կառուցման փուլը հանդիսանում է ծրագրի առավել տևական փուլը, այն նախատեսվում է մեկնարկել 2025 թվականի հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝
1) գլխավոր հատակագծի համաձայն՝ ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցում.
2) գլխավոր նախագծի համաձայն՝ կանաչապատ տարածքների տնկարկում և խնամք.
3) տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և ջրատարների տեղափոխում.
4) հիմնական շենքային/ենթակառուցվածքային ֆոնդի կառուցում.
5) մասնավոր ներդրողների կողմից ենթակառուցվածքների կառուցում։
65. Կառուցման փուլը, ըստ հնարավորության, պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում:
66. Սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսվանից, այսինքն՝ կառուցման փուլի ավարտից հետո, սակայն մասամբ՝ կախված կառուցման ընթացքում որոշակի փուլերի ավարտից, կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են՝
1) տարածքների կոմունալ սպասարկում.
2) ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքների աշխատանքի համակարգում.
3) տրանսպորտային կապի համակարգում.
4) անվտանգության ապահովում.
5) ընթացիկ բարեկարգումներ և սպասարկում։
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
67. «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 351-Լ որոշմամբ, որի N 1 հավելվածի Նպատակ 2-ի 2.2.2-րդ կետով նախատեսված է 2030 թվականին ստեղծել ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
68. Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները:
69. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման աշխատանքներ» բյուջետային նոր ծրագրի ներքո, որը կունենա «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանության և ընթացիկ ծախսերի գծով միջոցառում և նախագծման ու կառուցման ուղղությամբ կապիտալ բնույթի միջոցառում:
70. Կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով` գլխավոր հատակագծին համապատասխանելու և ապագայում քաղաքի ներդաշնակությունը չխաթարելու համար:
7. ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
71. «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման համար անհրաժեշտ են միջազգային գործընկերներ, ինչպես ներդրումների և մոնիթորինգի մասով, այնպես էլ բովանդակային բաղադրիչի կայացման համար: Սա նաև հանդիսանում է ծրագրի կայունության և որակի ապահովման գործիք: Միջազգային գործընկեր կառույցների ներգրավումը կնպաստի ծրագրի ընթացքն առավելագույնս մասնակցային դարձնելուն և հետագայում ստեղծված կլաստերների միջազգային ընկալելիության բարձր մակարդակ ապահովելուն:
72. Ներկայումս բանակցություններ և նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային ֆինանսական և խորհրդատվական հաստատությունների հետ` տարբեր բնույթի ծրագրերի նախապատրաստման համար, որոնք կապված են ինչպես բուհական համակարգի բովանդակային և կառավարչական բարեփոխումների, այնպես էլ «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման հետ:
73. Արվեստների կլաստերի կայացման հարցում կա նախնական համաձայնություն Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ (University of the Arts London), որը միջազգային ռեյտինգային համակարգերում զբաղեցնում է բավականին բարձր դիրքեր և հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արվեստների կլաստերի բովանդակային կայացմանը: Որպես միջնորդ գործընկեր ներգրավվել է նաև Բրիտանական Խորհրդի Հայկական գրասենյակը, որն առաջիկայում կկազմակերպի առաջին մասնագիտական այցելությունը:
74. Նմանատիպ համագործակցություններ են հաստատվելու նաև մնացած կլաստերների` փոխադարձ հետաքրքրության հենքով ներգրավելով աշխարհի լավագույն բուհերին:
8. ԸՆԹԱՑՔԸ
75. «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքը նախատեսված է ժամանակացույցով և ենթակա է պարբերական վերանայման` կախված փոխկապակցված գործընթացների հնարավոր տեղաշարժերից:
76. Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չեն խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու:
77. Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները (բացառություն կարող են կազմել հնամաշ և վթարային պայմաններում գործունեություն ծավալող, ցածր արդյունավետությամբ կազմակերպությունները, որոնք ընթացքում կմիավորվեն հետազոտություններով կամ ծրագրերով մոտ կազմակերպությունների հետ):
78. Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքն ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:
79. Գործընթացին զուգահեռ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, ինչը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Այս գործընթացի արդյունքում ձևակերպվելու են նաև բուհական և հետազոտական համակարգի խոշորացման վերաբերյալ մասնագիտական հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան:
80. Քանի որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իր մասշտաբով հանդիսանում է նորույթ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ապա այս համակարգի կառավարման և բովանդակային կայացման համար կառուցմանը զուգընթաց կազմակերպվելու են ինչպես ակադեմիական համակազմի, այնպես էլ ադմինիստրատիվ կազմի վերապատրաստումներ գործընկեր համալսարաններում:
_______________________
1 Այս և հետագայում կենտրոնների համար կիրառվող բոլոր անվանումները պայմանական են` նկարագրելու համար դրանց գործառնական առանձնահատկությունները։ Վերջնական անվանումները հստակեցվելու են մասնագիտական քննարկումների արդյունքում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
19.10.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |