Համարը 
ՀՕ-364-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.11.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.12.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2024
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ: Տես 35-րդ հոդվածը:


ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 22-ին

 

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ էկոպարեկային ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Ծառայության մասին օրենսդրությունը

 

1. Ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքից, սույն օրենքից, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքներից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, քաղաքացիական ծառայության կամ հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 3. Ծառայության խնդիրները

 

1. Ծառայության խնդիրներն են՝

1) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ապահովումը.

2) օրենսդրությամբ սահմանված իրավասության սահմաններում Օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխման, կանխարգելման ապահովումը.

3) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների պահպանման ապահովումը, անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը.

4) Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության, բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելման կամ մեղմացման ապահովումը։

 

Հոդված 4. Ծառայության լիազորությունները

 

1. Ծառայության լիազորություններն են`

1) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը․

2) պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը.

3) հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը․

4) ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, ապօրինի արածեցումների, աղտոտման, աղբոտման և կենսաբազմազանությանը վնաս պատճառող, օրենսդրությամբ արգելված այլ գործողություններ կանխելու ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը․

5) իրավախախտման դեպքի վայրի պահպանությունը․

6) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում տրանսպորտային միջոցները կանգնեցնելը․

7) Օրենսդրության խախտման դեպքում խախտումներն արձանագրելը, իրավախախտին ցուցումներ և կարգադրություններ տալը, նրա գործողություններն արգելելը, դադարեցնելը, կասեցնելը․

8) Օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավապահ մարմիններ հաղորդում ներկայացնելը։

 

Հոդված 5. Ծառայության կառուցվածքը և ղեկավարումը

 

1. Ծառայությունն ապահովում է սույն օրենքով սահմանված խնդիրների կատարումը և գործառույթների իրականացումը իր կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների (մարզային ստորաբաժանման և մարզային կառավարման կենտրոնի) միջոցով:

2. Ծառայության գլխավոր քարտուղարը և կենտրոնական մարմնի հիմնական աջակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

3. Ծառայությունում սահմանված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է էկոպարեկային ծառայող (այսուհետ` Ծառայող):

4. Ծառայության առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների աշխատողները Ծառայողներ են:

5. Ծառայությունում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք Ծառայողներ չեն համարվում, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

6. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը:

7. Ծառայության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տվյալ մարմնում Ծառայության պետի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

 

Հոդված 6. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի իրավասությունները

 

1. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝

1) հաստատում է Ծառայության կանոնադրությունը․

2) հաստատում է Ծառայության հաստիքացուցակը․

3) հաստատում է Օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը և տրամադրելու կարգը.

4) սահմանում է Ծառայողի համազգեստի նկարագիրը, այն կրելու կարգը, պայմանները և ժամկետները:

 

Հոդված 7. Ծառայության պետը

 

1. Ծառայության պետը`

1) ղեկավարում և հսկում է Ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարականների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է Ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, որոշումներ, տալիս է ցուցումներ, կարգադրություններ.

4) վերադասության կարգով վերանայում է Ծառայողների ընդունած վարչական ակտերը.

5) առաջարկություններ է ներկայացնում Կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարին Ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

6) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

7) նշանակում կամ դադարեցնում է Ծառայողների ծառայողական քննությունները, փոխում է ծառայողական քննություն վարողին.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել Ծառայողի լիազորությունները՝ պահպանելով վարձատրությունը.

9) հաստատում է Ծառայողի պաշտոնի անձնագրերը.

10) հաստատում է Ծառայողին տրվող վկայականի ձևը և տրամադրելու կարգը.

11) հաստատում է Ծառայողի կողմից իրավախախտման մասին բանավոր հաղորդում ընդունվելու վերաբերյալ արձանագրությունների ձևերը.

12) ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

Հոդված 8. Ծառայության պաշտոնները և պաշտոնների անվանացանկը

 

1. Ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Ծառայության պաշտոններն աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր խմբերի:

2. Ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է Ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և փոխում է Ծառայության պետը, և այն վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3. Ծառայության պետը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում:

 

Հոդված 9. Ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն Ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

2. Ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Ծառայություն դիմած և Ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են ուսումնական դասընթացում՝ նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթաց անցնող քաղաքացիները Ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

 

Հոդված 10. Ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր:

2. Ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատանքի նկարագիրը) Ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող Ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ պահանջող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Ծառայության, զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 11. Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածների պահանջները:

3. Ծառայողի առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:

4․ Ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 12. Ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, Ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

 

1. Ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

2. Ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

3. Ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որը զբաղեցրել է Ծառայության գլխավոր, առաջատար խմբի պաշտոն, ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

4. Ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ և բարձրագույն կրթություն չեն պահանջվում:

5. Ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան անընդմեջ մեկ տարի ժամկետով:

6. Ծառայությունում Ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին Ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև Ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` Ծառայողի տվյալ պաշտոնին Ծառայության այլ փոխարինողի գործուղելով կամ Ծառայությունում կադրերի ռեզերվում գտնվող Ծառայողին կամ Ծառայությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

7. Փոխարինելու հիմքերի վերացման դեպքում փոխարինող Ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ՝ ավելի ցածր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

8. Ծառայողը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը։ Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է Ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգել մինչև մեկ տարի ժամկետով։

 

Հոդված 13. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

 

1. Ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով։

2․ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։

 

Հոդված 14. Ծառայությունում պաշտոնի նշանակելը

 

1. Ծառայողին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և պաշտոնավարման ժամկետը երկարաձգում է Ծառայության պետը:

 

Հոդված 15. Ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Ծառայողն առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` ելնելով առողջական վիճակից՝ բժշկական եզրակացության հիման վրա:

2. Ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ծառայողին այլ պաշտոնի փոխադրելն իրականացնում է Ծառայության պետը:

 

Հոդված 16. Ծառայողի երդումը

 

1. Ծառայությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև անհատական կարգով և երդման տեքստն ընթերցելու միջոցով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով էկոպարեկային ծառայությունում, երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններս:»:

2. Ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահվում է նրա անձնական գործում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

Հոդված 17. Ծառայողին Ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից ազատելը և Ծառայությունը դադարեցնելը

 

1. Ծառայողին Ծառայությունից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) հաստիքների կրճատումը կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե Ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը, որը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) Ծառայության պաշտոնից ազատելու կամ Ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչելը և անձին Ծառայության իր պաշտոնում վերականգնելը.

4) Ծառայության գործունեության դադարումը.

5) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված վերապատրաստումը չանցնելը.

6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

7) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը:

2․ Ծառայողի լիազորությունները դադարում են՝

1) Ծառայողի մահվան դեպքում.

2) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օրացուցային օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օրացուցային օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը.

5) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում․

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

7) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք: Անձի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում ծառայությունը դադարեցվում է.

8) սույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն տարիքը լրանալու դեպքում․

9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

10) դատական կարգով Ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

11) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.

12) կադրերի ռեզերվից հանվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն.

13) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Հոդված 18. Ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

 

ԳԼՈՒԽ 5

 

 ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 19. Ծառայողի կատարողականի գնահատումը, վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

 

1. Ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով։

2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով Ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում: Հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

3․ Ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումն իրականացվում են Ծառայության գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար Ծառայողի անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով։

 

Հոդված 20. Էթիկայի հանձնաժողովը

 

1․ Էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության, Ծառայողի վարքագծի կանոնները խախտելու կամ Ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

 

ԳԼՈՒԽ 6

 

 ԾԱՌԱՅՈՂԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 21. Ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու և հանելու կարգը

 

1. Ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) ծառայողական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) ծառայողական լիազորությունները վերազանցելը.

3) վարքագծի կանոնները խախտելը.

4) աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելը.

5) Ծառայողի նկատմամբ կիրառվող «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանափակումները չպահպանելը.

6) շահերի բախման կանոնները խախտելը:

2. Ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) թեթև կարգապահական տույժեր՝

ա. նախազգուշացում,

բ. նկատողություն.

2) խիստ կարգապահական տույժեր՝

ա. խիստ նկատողություն,

բ. հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով, բայց ոչ ավելի, քան բազային աշխատավարձի չափը,

գ. ծառայության դադարեցում:

3. Կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացվելուց հետո:

4․ Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

5․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը Ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 22. Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, բարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները գերազանց կատարելու համար Ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում.

6) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում:

2. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակներ:

4․ Ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

ԳԼՈՒԽ 7

 

 ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 23. Ծառայողի գործողությունները իրավախախտումները հայտնաբերելիս, կանխելիս ու բացահայտելիս

 

1. Ծառայության կարգախմբի (առնվազն երկու Ծառայողից կազմված խմբի) ստացած իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են մարզային կառավարման կենտրոն և անմիջական ղեկավարին։

2. Ծառայության կարգախմբի հետագա գործողությունները համակարգում են մարզային կառավարման կենտրոնը և անմիջական ղեկավարը։

3. Իրավախախտումների մասին ֆիզիկական անձանց բանավոր հաղորդումները Ծառայության կարգախումբն ընդունում և ամրագրում է Ծառայողի կողմից իրավախախտման մասին բանավոր հաղորդում ընդունվելու վերաբերյալ արձանագրության մեջ:

4. Իրավախախտումների մասին հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով։

5. Եթե իրավախախտման մասին հաղորդում ներկայացնող անձը հրաժարվում է տրամադրել իր տվյալները կամ չի տիրապետում հայերենին, ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ գրաճանաչ չլինելու պատճառով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա հաղորդումը թարգմանչի կամ օրինական ներկայացուցչի միջոցով ընդունելու նպատակով Ծառայողը հաղորդում ներկայացնողին առաջարկում է ուղեկցել ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում։

6. Եթե իրավախախտման մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել Ծառայողի կազմած արձանագրությունը, ապա Ծառայողն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարվելու պատճառները), ստորագրում է այն և ներմուծում հաղորդումների գրանցման ավտոմատացված տեղեկատվական համակարգ։

7. Իրավախախտման դեպքի վայր ժամանելիս Ծառայողը, մարզային կառավարման կենտրոնից ստացած հանձնարարությունների համաձայն, պարտավոր է`

1) պահպանել իրավախախտման դեպքի վայրը․

2) հետապնդել իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց․

3) առաջին բժշկական և հոգեբանական օգնություն ցույց տալ իրավախախտումից տուժած անձանց, անհրաժեշտության դեպքում կանչել շտապ բժշկական օգնություն․

4) միջոցներ ձեռնարկել նոր իրավախախտման կանխման համար․

5) կատարված նոր իրավախախտման մասին զեկուցել մարզային կառավարման կենտրոն և անմիջական ղեկավարին:

8. Գործողությունների հերթականությունը կախված է կատարված իրավախախտման բնույթից, Ծառայության կարգախմբի կազմից և ստեղծված իրավիճակից։

9. Իրավախախտին ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանում են տեղափոխում Ծառայողի տրանսպորտային միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` Ծառայողի առաջարկությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներով՝ սեփականատիրոջ համաձայնությամբ։ Չի թույլատրվում այդ նպատակով օգտագործել ընդհանուր օգտագործման տրանսպորտ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ` հրշեջ, շտապօգնության տրանսպորտային միջոցներ (բացի այն դեպքերից, երբ անհրաժեշտ է բժշկական օգնություն ցույց տալ), ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական կամ հյուպատոսական և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներ։

 

Հոդված 24. Արտակարգ իրավիճակներում Ծառայության գործողությունները

 

1. Բնածին և տեխնածին (մարդածին) աղետների հետևանքով կարող է առաջանալ մարդկանց կյանքին, առողջությանը և սեփականությանն սպառնացող վտանգ` արտակարգ իրավիճակ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան վթարափրկարարական ու վերականգնողական աշխատանքներ։

2. Ծառայողն արտակարգ իրավիճակներում պարտավոր է`

1) հրդեհի դեպքում անմիջապես տեղեկացնել մարզային կառավարման կենտրոն, համապատասխան ծառայություններ իրականացնող պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցել հրդեհաշիջման, մարդկանց տարահանման և գույքի տեղափոխման աշխատանքներին, ապահովել պատահարի վայրի պահպանումը, անհրաժեշտության դեպքում տուժածներին ցուցաբերել բժշկական և հոգեբանական օգնություն․

2) փլուզումների, սողանքների, քարաթափումների և այլ աղետների ու վթարների առաջացման կամ դրանց վտանգի դեպքերում զեկուցել մարզային կառավարման կենտրոն, համապատասխան ծառայություններ իրականացնող պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում աջակցել քաղաքացիների տարահանման, գույքի պահպանման աշխատանքներին, արգելել կողմնակի անձանց մուտքը պատահարի վայր, բացի վթարի հետևանքների վերացմանը մասնակցող անձանցից․

3) փոթորիկների և մրրիկների դեպքում զեկուցել մարզային կառավարման կենտրոն, համագործակցության շրջանակներում աջակցել քաղաքացիների տարահանման ու փրկարարական աշխատանքներին, օգնություն ցույց տալ տուժածներին և անօգնական վիճակում գտնվողներին։

 

ԳԼՈՒԽ 8

 

 ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 25. Ծառայողի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, Ծառայողն իրավունք ունի՝

1) գրանցելու, չափագրելու, լուսանկարելու, ձայնագրելու, տեսանկարահանելու, իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձանց գործողությունն արձանագրելու նպատակով օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրման սարքավորումներ, ինչպես նաև այլ տեխնիկական և հատուկ միջոցներ․

2) հիմնավոր կասկածների առկայության դեպքում պարզելու հնարավոր իրավախախտի անձը, կազմելու արձանագրություն կամ այլ իրավասու մարմնին հանձնելու նպատակով բերման ենթարկելու ենթադրյալ իրավախախտին․

3) պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական կամ բուսական ռեսուրսներ կամ բնական այլ ռեսուրսներ իրացնող կամ փոխադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պահանջելու նրանց գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր (բացառությամբ Օրենսդրությամբ սահմանված դեպքերի)․

4) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ (այդ թվում՝ թվային), ընդունելու վարչական ակտեր․

5) Օրենսդրության խախտումների հայտնաբերման նպատակով պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից տարածքներում կանգնեցնելու տրանսպորտային միջոցները, զննության ենթարկելու, ինչպես նաև կատարելու անձանց և իրերի զննություն․

6) վերցնելու ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, գրանցելու տեղորոշման կոորդինատները, վերցնելու Օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը, Կառավարության սահմանած կարգով տնօրինելու դրանք.

7) սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ և զենք, ինչպես նաև անձնական պաշտպանության միջոցներ.

8) իրավասու մարմիններին հանձնելու նպատակով սահմանափակել Օրենսդրության պահանջները խախտած անձի՝ դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը՝ իրավախախտումը կանխելու, կասեցնելու, իրավախախտի անձը պարզելու և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելով.

9) օգտագործելու կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ.

10) իր իրավասության սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու պարտադիր կատարման ենթակա պահանջներ Օրենսդրության խախտումների և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ․

11) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով պահելու, կրելու, գործադրելու ծառայողական զենք` ինքնապաշտպանության կամ օրենքով իր վրա դրված` քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, բնության, բնական պաշարների, արժեքավոր և վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար․

12) պահանջելու բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործած և տարածքում իրավախախտում թույլ տված անձանց փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթ, արգելոց և ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործելու անցագիր, բնական պաշարների օգտագործման համապատասխան պայմանագիր․

13) Օրենսդրության խախտման դեպքում խախտումները արձանագրելու, իրավախախտին ցուցումներ և կարգադրություններ տալու, նրա գործողությունները արգելելու, դադարեցնելու, կասեցնելու․

14) իրականացնելու օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Ծառայողը, Ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, պարտավոր է՝

1) իր իրավասության սահմաններում կանխել Օրենսդրության խախտումները.

2) իրականացնել պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված միջոցառումներ.

3) պահպանել վարքագծի կանոնները, սահմանված կարգով կրել համազգեստ.

4) իր պարտականությունների կատարման համար ունենալ անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն.

5) կատարել վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց տված հանձնարարականները, կարգադրությունները, ցուցումները և ընդունած որոշումները․

6) իրականացնել պաշտոնի անձնագրով իր վրա դրված պարտականությունները․

7) հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացնել իրավասու մարմիններ և նրանց պահանջով կամ հրավերով մասնակցել գործերի քննությանը, իրականացնել դրանց հետ կապված անհրաժեշտ այլ գործողություններ․

8) իրականացնել անհետաձգելի միջոցառումներ հրդեհների և արտակարգ այլ պատահարների դեպքում, սահմանափակել անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը պետական անտառների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների առանձին հատվածներ․

9) խախտումներ հայտնաբերելու դեպքում իր իրավասության սահմաններում պահանջել դադարեցնել Օրենսդրության խախտում ենթադրող գործողության կատարումը․

10) կանխել սույն օրենքով սահմանված՝ բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

11) ապահովել իրավախախտման դեպքի վայրի պահպանությունը․

12) Օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավապահ մարմիններ հաղորդում ներկայացնել.

13) իրականացնել օրենքով նախատեսված այլ պարտականություններ։

3. Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ), որոնք հակասում են Սահմանադրությանը կամ օրենքներին կամ դուրս են դրանք տվողի կամ կատարողի լիազորություններից: Ծառայողը սույն մասով սահմանված հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել «Հանրային ծառայության մասին» օրենքով։

 

Հոդված 26. Ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

 

1. Ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար:

2. Ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարումը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 9

 

ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 27. Ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

 

1. Ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Ծառայողը, օրենքին համապատասխան, պատասխանատվություն է կրում իր կատարած իրավախախտումների համար:

3. Ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ ներքին վերահսկողությունն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են Ծառայության իրավասու կառուցվածքային ստորաբաժանման կամ վերադաս ղեկավարները:

 

Հոդված 28. Ծառայողի սոցիալական և այլ երաշխիքները

 

1. Ծառայողի վարձատրության, պարգևատրումների և դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ծառայողի համար նախատեսվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները։

 

Հոդված 29. Ծառայողի պարտադիր պետական ապահովագրությունը

 

1. Ծառայողը ենթակա է կյանքի պարտադիր պետական ապահովագրության՝ համապատասխան բյուջետային միջոցների հաշվին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամ դարձած Ծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերում ապահովագրվելուն համապատասխան` ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ծառայողի պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 30. Ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական պաշտպանության միջոցները

 

1. Ծառայողին տրվում է համազգեստ:

2. Ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:

3. Ծառայողն ունի ծառայողական զենք, հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ պահելու և կրելու իրավունք: Ծառայողին ծառայողական զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը։

5․ Ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

6. Ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 10

 

ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

 

Հոդված 31. Ծառայողի աշխատաժամանակի տևողությունը

 

1. Ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Ծառայությունը կազմակերպվում է շուրջօրյա` Ծառայության ստորաբաժանումներից նշանակված կարգախմբերի միջոցով հերթափոխի սկզբունքով։

3. Ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ Ծառայությունում արտակարգ իրավիճակներ, ինչպես նաև այլ անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

4. Ծառայողի հանգստի ժամանակը, արձակուրդի տեսակները, գործուղումը, դրանց տրամադրման կարգը և առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։

 

ԳԼՈՒԽ 11

 

ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Հոդված 32. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները

 

1. Ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ և զենք` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտողի անձից:

3. Ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաև անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իր պիտանիությունը որոշող ստուգումներ:

4. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս Ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն՝ բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքերում անմիջապես զեկուցել վերադասության կարգով, իսկ դրանց գործադրման հետևանքով տուժածների առկայության դեպքում անհապաղ հայտնել ոստիկանությանը:

5. Արգելվում է զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցողների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

6. Անձնական պաշտպանության ապահովման համար Ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, հակագազ և անձնական պաշտպանության այլ միջոցներ:

7. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 33. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Իրավախախտումները կանխելու, դեպքի վայրից իրավախախտների հեռանալու հնարավորությունը սահմանափակելու և վերջիններիս ոստիկանություն ներկայացնելու, Ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարումը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով Ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական ուժ (հարկադրանք):

2. Ծառայողն իրավունք ունի իր տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`

1) իր կամ այլ անձանց վրա պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող հարձակումը խափանելիս.

2) Ծառայության կողմից հսկվող պետական անտառների, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շինությունների, կառույցների և տրանսպորտային միջոցների վրա հարձակումը խափանելիս.

3) իր նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս կամ իր օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

4) իրավախախտման պահին հայտնաբերված և փախուստի փորձ կատարող անձանց՝ դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակելու դեպքում.

5) երբ հիմքեր կան ենթադրելու, որ պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.

6) իրավախախտում կատարելու կամ կատարելու փորձ անելու համար դեպքի վայրից հեռանալու հնարավորությունը սահմանափակված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և ոստիկանությանը հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ Ծառայողին.

7) պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում տրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:

3. Ծառայողը, որպես հատուկ միջոցներ, կարող է գործադրել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային սարքեր` սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում:

4. Արգելվում է Ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

 

Հոդված 34. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

 

1. Ծառայողը զենք կարող է գործադրել՝

1) իր վրա կատարվող զինված կամ խմբակային հարձակումը հետ մղելիս, երբ իր կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև իր զենքին տիրանալու փորձը կանխելիս․

2) Ծառայության կողմից վերահսկվող պետական անտառների, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շենքերի, շինությունների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս․

3) շրջակա միջավայրի պահպանության և անտառային տնտեսության դեմ իրավախախտման փորձ կատարելու պահին հայտնաբերված և զինված դիմադրություն ցույց տվող անձանց արգելանքի վերցնելիս։

2. Ծառայողն իրավունք ունի զենք գործադրելու`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում անձանց կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) իր կամ այլ մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

3. Ծառայողն իրավունք ունի մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքերը: Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է:

4. Ծառայողին զենք հատկացնելն ու հաշվառելն իրականացվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատում է Կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 35. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ծառայության կանոնադրությունը, Ծառայության հաստիքացուցակը և Ծառայողների քանակը ենթակա են հաստատման մեկամսյա ժամկետում, իսկ Ծառայողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայանտառ», ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», ««Արփի լիճ» ազգային պարկ», ««Դիլիջան» ազգային պարկ», ««Խոսրովի անտառ» պետական արգելոց», ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանությունն իրականացնող աշխատողները շարունակում են պաշտոնավարել որպես Ծառայության ժամանակավոր պաշտոնակատարներ։

4. Ծառայողները սույն օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

5. Սույն օրենքով սահմանված այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 6

Երևան

ՀՕ-364-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: