Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.10.2023
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/8870/05/18 ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8870/05/18
2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8870/05/18 

Նախագահող դատավոր՝

 Ա. Սարգսյան

Դատավորներ՝

 Ա. Բաբայան

 Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող և զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09․07․2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ժորժ Խաչատրյանի ընդդեմ Կոմիտեի` 29.06.2018 թվականի թիվ 1278-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ժորժ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 29.06.2018 թվականի թիվ 1278-Ա որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2019 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Ժորժ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել գործարքի արդյունքում ավելացված արժեքի հարկի առաջացման պայմաններից միայն մեկի առկայությունը՝ ապրանքի մատակարարումը սեփականության իրավունքի փոխանցման միջոցով, սակայն գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է գործարքի հատուցելի բնույթը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սեփականության իրավունքի փոխանցումը տեղի է ունեցել որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, իսկ գործարքի հատուցելի բնույթը արտահայտվել է գրավադրված գույքի իրացման արդյունքում վարկային պարտավորությունների մարման ձևով, քանի որ գործարքի հատուցելի բնույթը բացի կոնկրետ վճար ստանալուց կարող է դրսևորվել նաև այլ հանդիպական կատարման միջոցով:

Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե ինչում է դրսևորվել գործարքի անհատույց բնույթը, չի փաստարկել գործարքի արդյունքում վճարման կամ հանդիպական կատարման բացակայությունը՝ չմանրամասնելով, թե ինչպիսի հանգամանքների ուսումնասիրման արդյունքում է եկել նման եզրահանգման։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09․07.2021 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Գրավառու/Վարկատու), Ժորժ Խաչատրյանի (Գրավատու) և «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 02.03.2015 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/01 պայմանագրով Վարկառուի պարտավորությունների կատարման ապահովման համար Գրավատուն գրավ է դրել ՀՀ Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գթ 11-15)։

2) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Գրավառու/Վարկատու), Ժորժ Խաչատրյանի (Գրավատու) և «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 02.03.2015 թվականին կնքված «Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/02 պայմանագրով Վարկառուի պարտավորությունների կատարման ապահովման համար Գրավատուն գրավ է դրել ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը (հատոր 1-ին, գթ 16-21)։

3) «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Պահանջատեր) միջև 23.09.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրերով 02.03.2015 թվականի «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/01 և «Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/02 պայմանագրերով գրավադրված ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք ու քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեներում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով հանձնվել են Պահանջատիրոջը (հատոր 1-ին, գթ 22-27)։

4) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.09.2017 թվականի թիվ 28092017-01-0077 և 03.10.2017 թվականի թիվ 03102017-10-0011 վկայականների համաձայն` ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք ու ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ 23.09.2017 թվականի «Գույքը հանձնելու մասին» պայմանագրերի հիման վրա գրանցվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գթ 28-29)։

5) Թիվ Վ1/1576/2018/ՓԾ ծանուցագրով Ժորժ Խաչատրյանին հայտնվել է, որ նրա կողմից 03․10․2017 թվականին օտարվել են ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեում գտնվող 60․420․000,0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով (19․055․352,0 ՀՀ դրամ կադաստրային արժեքով) և ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեում գտնվող 50․350․000,0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով (35․066․993,0 ՀՀ դրամ կադաստրային արժեքով) անշարժ գույքերը, ուստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկման ենթակա հարկային պարտավորության գումարը 19․04․2018 թվականի դրությամբ կազմում է 11․506․306,6 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ 30)։

6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 29.06.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1278-Ա որոշմամբ որոշվել է ֆիզիկական անձ Ժորժ Խաչատրյանից գանձել 12.524.332 ՀՀ դրամ պարտավորության գումար, որպիսի որոշմամբ հաստատված է համարվել, որ Ժորժ Խաչատրյանի չկատարված հարկային պարտավորությունը ԱԱՀ-ի գծով կազմում է 12.524.332 ՀՀ դրամ, որից ապառք` 8.783.414 ՀՀ դրամ, տույժ` 727.473 ՀՀ դրամ, տուգանք` 3.058.445 ՀՀ դրամ, որն առաջացել է 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի կողմից Ժորժ Խաչատրյանին պատկանող գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի օտարման կրկնակի գործարքների արդյունքում և տվյալ գործարքներից բխող հաշվարկն օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու, հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ և 402-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից (հատոր 1-ին, գթ 31-33)։

7) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 02.08.2018 թվականի թիվ 45/23 որոշմամբ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 29.06.2018 թվականի թիվ 1278-Ա որոշման դեմ Ժորժ Խաչատրյանի բերած վարչական բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գթ 34-36)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 38-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը վարկային կազմակերպության հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում արդյո՞ք պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:

 

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր մուծելու, պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ կատարելու պարտականությունը: «Օրենքին համապատասխան սահմանված» հասկացությունը բովանդակում է հարկերի, տուրքերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջ, որպիսի պահանջից բխում է, որ հարկերը, տուրքերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը։ Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման և այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, ի թիվս Հայաստանի Հանրապետությունում գործող այլ հարկատեսակների, սահմանում էր ավելացված արժեքի հարկը:

Մինչ 01․01․2018 թվականին ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը ավելացված արժեքի հարկի (այսուհետ նաև՝ ԱԱՀ) հետ առնչվող հարկային հարաբերությունները կարգավորվում էին ՀՀ Ազգային ժողովի կողմից 14․05․1997 թվականին ընդունված և 01․07․1997 թվականին ուժի մեջ մտած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Հիշյալ Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը նույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե` ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ ԱԱՀ-ի առանձնահատկություններից է այն, որ վերջինս կիրառվում է տնտեսական գործունեության բավականին լայն շրջանակում ընդգրկված գործարքների նկատմամբ, որոնք «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են ապրանքի մատակարարում (տե՛ս, Սասուն Վարդազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5662/05/16 վարչական գործով 25.12.2020 թվականի որոշումը):

Օրենքը սահմանում է ԱԱՀ հարկ վճարողների շրջանակը, հարկման օբյեկտը, հարկման բազան, հարկի դրույքաչափը, հարկի հաշվարկման կարգը, հարկի վճարման կարգը և ժամկետները՝ պայմանավորված տվյալ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ:

Oրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարում են ԱԱՀ վճարող համարվող և (կամ) ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք: ԱԱՀ վճարող է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գրանցված կամ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական անձը, օտարերկրյա կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղը (անկախ ոչ առևտրային կազմակերպություն հանդիսանալու հանգամանքից), նոտարը կամ անհատ ձեռնարկատերը (Օրենքի 3-րդ հոդված)։

Օրենքի 3․1-րդ հոդվածը սահմանում է․ «Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են` (․․․) 3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե`

ա. նրանց իրականացրած գործարքները, սույն օրենքի համաձայն, համարվում են ապրանքի մատակարարում, (…)»։

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող նույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

Օրենքի 6-րդ հոդվածը, որը սահմանում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանակը, ի թիվս այլնի, որպես հարկվող գործարք նախատեսում է ապրանքների մատակարարումը (6-րդ հոդվածի 1-ին կետ): Օրենսդիրը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք դիտարկելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակությունը, այն է՝ ապրանքների մատակարարումը գործարք է, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Միաժամանակ նշված գործարքների շրջանակից օրենսդիրը կատարել է հետևյալ բացառությունը․ ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե նույն հոդվածով այլ բան սահմանված չէ (...) (6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերություն)։

Բացի Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ ավելացված արժեքի հարկ վճարող սուբյեկտներից, օրենսդիրն ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն է սահմանել նաև ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց համար՝ բացառապես «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետում սպառիչ կերպով սահմանված առանձին գործարքների առնչությամբ։ Մասնավորապես, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը սահմանում է․ «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում`

 ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը (․․․)»:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների (գործառնություններ) թվին դասելով ապրանքների մատակարարումը, միաժամանակ բացահայտում է նաև դրա հասկացությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ապրանքների մատակարարում է համարել այն գործարքը, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով։ Փաստորեն, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքի մատակարարում են միայն հատուցելի գործարքները, այսինքն՝ այն գործարքները, որոնցով ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի է փոխանցվում հատուցման դիմաց (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

Այսպիսով, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «ապրանքների մատակարարում» հասկացության էական տարրերն են`

- ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի,

- գործարքի հատուցելիությունը։

 Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակության սահմանման միջոցով ամրագրելով ապրանքների մատակարարման վերը նշված պարտադիր հատկանիշները՝ օրենսդիրը միաժամանակ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքների շրջանակից բացառել է որոշակի գործարքներ, որոնք թեև օժտված են այդ պարտադիր հատկանիշներով, սակայն օրենքի իմաստով ապրանքի մատակարարում չեն համարվում և ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն առաջացնում (6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերություն)։

 Նույն հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությամբ սպառիչ կերպով թվարկվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարվող այն գործարքները, որոնք Օրենքի իմաստով դիտարկվում են որպես ապրանքների մատակարարում, այլ կերպ՝ գործարքներ, որոնք օժտված են Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ ամրագրված՝ ապրանքների մատակարարմանը բնորոշ վերը նշված հատկանիշներով։

Հաշվի առնելով, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությամբ ամրագրվել են ապրանքների մատակարարմանը բնորոշ էական հատկանիշները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ապրանքների մատակարարում» հասկացության բովանդակությունը կազմող այդ էական հատկանիշները բնորոշ են բոլոր այն գործարքներին, որոնք օրենսդիրը դիտարկել է ապրանքների մատակարարում՝ Օրենքի իմաստով, այդ թվում՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարվող գործարքներին։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- տվյալ գործարքով տեղի է ունեցել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի գույքի սեփականության փոխանցում այլ անձի՝ ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարում,

- օտարումը կատարվել է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց,

- գործարքով օտարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույք, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասը:

Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները՝ վերն առանձնացված իրավական հարցադրման առնչությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել՝ վարկային կազմակերպության հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում․

- արդյո՞ք առկա է ապրանքների մատակարարմանը բնորոշ՝ գործարքի հատուցելիության տարրը,

- արդյո՞ք այդ գործարքի առնչությամբ վարկառու չհանդիսացող գրավատուն կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:

Այսպես, «Հատուցելի և անհատույց պայմանագրեր» հասկացությունները սահմանող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է:

Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ գործարքի հատուցելիությունը դրսևորվում է ոչ միայն վճար ստանալու, այլև որևէ կերպ դրսևորվող հանդիպական կատարում ստանալու ձևով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածի իրավական վերլուծությանը և նշել, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գրավի իրավունքը գույքային իրավունք է, որն ուղղված է դրամական կամ այլ պարտավորության կատարմանը, ընդ որում՝ գրավատուի պարտապան լինելը կամ գրավով ապահովված պարտավորությանը չմասնակցելն արգելք չէ գրավի իրավունքի ծագման կամ դադարման համար: Այսինքն՝ գրավի իրավունքը պայմանավորված է իրական պարտավորության և գույքի սեփականատիրոջ՝ այդ պարտավորության կատարումը սեփական գույքով ապահովելու կամքի և կամահայտնության առկայությամբ (տե՛ս, «Արմօյլ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1945/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետը գրավի դադարման հիմք է նախատեսում, ի թիվս այլնի, գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու հնարավորություն և՛ առանց դատարան դիմելու (249-րդ հոդված), և՛ դատական կարգով (2491-րդ հոդված)։

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանվել են գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելու կանոնները։ Համաձայն նշված հոդվածի 1-ին կետի՝ «գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ գրավի առանցքային գործառույթն ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում։ Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման և իրացման դեպքում գրավատուի և գրավառուի միջև փոխհաշվարկի կատարման պահանջ։ Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները և բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որևէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը և գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջև (տե՛ս, «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում վարկառուն ստանում է հանդիպական կատարում, ինչը դրսևորվում է վարկառուի՝ վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարման ձևով․ գրավադրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի՝ վարկային կազմակերպությանն անցնելու դիմաց վարկառուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվում է իր վարկային պարտավորություններից՝ որպես հատուցում։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում տեղի է ունենում հատուցելի գործարք, որի արդյունքում գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է մեկ այլ անձի: Հետևաբար, տվյալ գործարքը հանդիսանում է ապրանքի մատակարարում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով։

Նշվածը համահունչ է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոոշմամբ արտահայտված այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ փոխառության պայմանագրով նախատեսված վերադարձման ենթակա գումարի կամ գումարի չվերադարձված մասի դիմաց ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա այլ անձի փոխանցելը ևս համարվում է ապրանքների մատակարարում, քանի որ առկա է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում այլ անձի, ընդ որում հատուցման դիմաց, այն է՝ փոխառության պայմանագրով ստացված գումարը կամ դրա չվերադարձված մասը: Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական ակտով հաստատված հաշտության համաձայնության հիման վրա անշարժ գույքի օտարումը փոխառության պայմանագրով ստացված գումարի չվերադարձված մասի դիմաց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է ապրանքների մատակարարում, հետևաբար նաև՝ ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք (տե՛ս, «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը բխում է նաև Օրենքի 38-րդ հոդվածի բովանդակությունից, ըստ որի՝ գրավի առարկայի օտարման դեպքերում նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծության արդյունքում գտնում է, որ Օրենքի 38-րդ հոդվածում «գրավատու» եզրույթը վերաբերում է «վարկառու-գրավատուին», և ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չի կարող կրել այն գրավատուն, ով իր գույքը գրավադրել է վարկառուի վարկային պարտավորությունների կատարումը երաշխավորելու համար՝ հետևյալ պատճառաբանությամբ․

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածով սահմանված՝ հատուցելի գործարքի բովանդակությունից բխում է, որ վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելը հատուցելի գործարք է այն գրավատուի համար, ով ստանում է վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարելու ձևով դրսևորվող հանդիպական կատարումը։ Հետևաբար, Օրենքի իմաստով գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելը պետք է դիտարկվի այն գրավատուի կողմից իրականացված ապրանքի մատակարարում, ով այդ գործընթացում ստանում է վարկային պարտավորությունների մարման ձևով դրսևորված հանդիպական կատարումը։ Ըստ այդմ՝ հարկային պարտավորություններ, այդ թվում՝ ավելացված արժեքի հարկ վճարելու, պարտավորություն ծագում է վարկառու-գրավատուի համար։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկի տնտեսական հիմքը հարկատուի կողմից որևէ ձևով ստացված տնտեսական օգուտն է: Հարկը գոյանում է հարկ վճարողի տնտեսական գործունեության արդյունքում իրականացված հարկման օբյեկտ համարվող գործարքներից ու գործառնություններից, որն առաջացնում է հարկային պարտավորություն: Ըստ այդմ՝ հարկերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և չեն կարող կամայական լինել: Ավելացված արժեքը ևս տնտեսական օգուտ է, որը ծառայում է տնտեսական հիմք ավելացված արժեքի հարկ գանձելու համար: Ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորության աղբյուրը գործարքի արդյունքում որևէ տնտեսական օգուտ կամ այլ բավարարում ստանալու փաստակազմի առկայությունն է:

Վերը նշված վերլուծության հիման վրա կարևորելով այն հանգամանքը, որ երրորդ անձ գրավատուն գրավի առարկայի նկատմամբ իր սեփականության իրավունքի՝ վարկային կազմակերպությանը փոխանցվելու դեպքում որևէ հատուցում՝ հանդիպական կատարում, ըստ այդմ նաև՝ տնտեսական օգուտ չի ստանում, այսինքն՝ բացակայում է վերջինիս ավելացված արժեքի հարկով հարկելու տնտեսական հիմքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում Օրենքի 38-րդ հոդվածում «գրավատու» եզրույթը պետք է ընկալվի և կիրառվի «վարկառու-գրավատու» բովանդակությամբ։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկային կազմակերպության հանդեպ ունեցած վարկային պարտավորությունների դիմաց գրավի առարկան վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում պարտապան (վարկառու) չհանդիսացող գրավատուն չի կրում ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Ժորժ Խաչատրյանը խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի 29.06.2018 թվականի թիվ 1278-Ա որոշումը։

Դատարանը 27.02.2019 թվականի վճռով հայցը մերժել է՝ անհիմն համարելով հայցվորի հիմնավորումն առ այն, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն անշարժ գույքերի օտարումը, որն իրականացվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից, չի հանդիսանում ապրանքի մատակարարում, քանի որ այն չի իրականացվել անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձ հայցվոր Ժորժ Խաչատրյանի կողմից։ Դատարանը գտել է, որ Օրենքի 38-րդ հոդվածի ուժով գրավի առարկայի օտարման դեպքերում նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, տվյալ դեպքում՝ Ժորժ Խաչատրյանը, ինչն էլ վիճարկվող որոշմամբ նրան առաջադրվել է:

Վերաքննիչ դատարանը 09.07.2021 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու` հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ իրականացված գործարքը, որի համար Ժորժ Խաչատրյանի նկատմամբ առաջադրվել են ԱԱՀ-ի գծով պարտավորություններ, չի համարվում ապրանքի մատակարարում։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ թեպետ գրավի առարկայի օտարումը տեղի է ունեցել «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև 23.09.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրերով և օտարվել են գրավի առարկա հանդիսացող գույքային միավորներ, այդուհանդերձ տվյալ գույքի նկատմամբ Ժորժ Խաչատրյանի սեփականության իրավունքն այլ անձի չի փոխանցվել հատուցելի գործարքով (որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց)։ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել բողոքաբերի պնդումներն այն մասին, որ ինքը չի հանդիսացել իր կողմից գրավադրված անշարժ գույքերի օտարում իրականացնող անձը, գույքի իրացման գործընթացն իրականցվել է միակողմանի գործարքի արդյունքում, որտեղ միակ կողմը հանդիսացել է (իրացնողը) վարկային կազմակերպությունը։

 Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․

- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Գրավառու/Վարկատու), Ժորժ Խաչատրյանի (Գրավատու) և «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 02.03.2015 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/01, «Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/02 պայմանագրերով Վարկառուի պարտավորությունների կատարման ապահովման համար Ժորժ Խաչատրյանը գրավ է դրել ՀՀ Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեում, ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքերը։

- Հաջորդիվ նշված պայմանագրերի հիմքով նախաձեռնվել է գրավադրված գույքերի արտադատական կարգով բռնագանձման գործընթաց, և արդյունքում՝ «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Պահանջատեր) միջև 23.09.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրերով 02.03.2015 թվականի «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/01 և «Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 909182Գ/02 պայմանագրերով գրավադրված ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք ու քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեներում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով հանձնվել են Պահանջատիրոջը։

- Նշված պայմանագրերի հիման վրա ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք ու ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի սեփականության իրավունքը (հիմք՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 28.09.2017 թվականի թիվ 28092017-01-0077 և 03.10.2017 թվականի թիվ 03102017-10-0011 վկայականներ)։

- Թիվ Վ1/1576/2018/ՓԾ ծանուցագրով Ժորժ Խաչատրյանին հայտնվել է, որ նրա կողմից 03․10․2017 թվականին օտարվել են ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեում գտնվող 60․420․000,0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով (19․055․352,0 ՀՀ դրամ կադաստրային արժեքով) և ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք հասցեում գտնվող 50․350․000,0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով (35․066․993,0 ՀՀ դրամ կադաստրային արժեքով) անշարժ գույքերը, ուստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկման ենթակա հարկային պարտավորության գումարը 19․04․2018 թվականի դրությամբ կազմում է 11․506․306,6 ՀՀ դրամ։

- Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից 29.06.2018 թվականին կայացված «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 1278-Ա որոշմամբ որոշվել է ֆիզիկական անձ Ժորժ Խաչատրյանից գանձել 12.524.332 ՀՀ դրամ պարտավորության գումար: Որոշման բովանդակությունից հետևում է, որ պարտավորությունն առաջացել է 2017 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի կողմից Ժորժ Խաչատրյանին պատկանող գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի օտարման կրկնակի գործարքների արդյունքում և տվյալ գործարքներից բխող հաշվարկն օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին չներկայացնելու, հարկային պարտավորությունը սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ և 402-րդ հոդվածներով հաշվարկված տույժերից և տուգանքներից։

Բողոքաբերն իր բողոքի հիմքում ըստ էության դրել է այն հանգամանքը, որ ֆիզիկական անձ Ժորժ Խաչատրյանի կողմից գրավի առարկա գույքերի արտադատական կարգով բռնագանձումը հատուցելի գործարք է և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն համարվում է ապրանքի մատակարարում, ուստի հայցվոր Ժորժ Խաչատրյանը նույն Օրենքի 38-րդ հոդվածի ուժով կրում է ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն՝ անկախ «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (Պահանջատեր) միջև 23.09.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրերի կողմ չհանդիսանալու հանգամանքից:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը նախ հիմնավորված չի համարում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ գրավադրված անշարժ գույքերի օտարումը տվյալ դեպքում տեղի է ունեցել միակողմանի գործարքի արդյունքում, որտեղ միակ կողմը՝ իրացնողը, տվյալ դեպքում՝ վարկային կազմակերպությունն է։ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումների համաձայն՝ չկատարված վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված գույքը վարկային կազմակերպությանն ի սեփականություն հանձնելու դեպքում տեղի է ունենում հատուցելի գործարք՝ հաշվի առնելով, որ վարկառուն ստանում է հանդիպական կատարում՝ վարկային պարտավորությունների ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարման ձևով: Ըստ այդմ՝ նշված գործընթացում գրավատուն, Օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան, կրում է ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն, սակայն միայն այն դեպքում, երբ վերջինս նույնանում է հիմնական վարկային պարտավորության պարտապանի հետ:

Սույն գործով հայցվոր Ժորժ Խաչատրյանի կողմից, ի ապահովումն երրորդ անձի` «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման, գրավադրվել են իրեն պատկանող՝ ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փողոց, 27 շենք, թիվ 2/1 տարածք ու ՀՀ, Վայոց Ձորի մարզ, քաղաք Ջերմուկ, Գործարանային թիվ 4 շենք հասցեներում գտնվող անշարժ գույքերը, որոնք հետագայում, ի կատարումն «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների, օտարվել են, և այդ գույքերի նկատմամբ գրանցվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի սեփականության իրավունքը: Այսինքն՝ սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ խնդրո առարկա գործընթացում գրավատուն չի նույնանում վարկառու-պարտապանի հետ։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկառու-պարտապան չհանդիսացող ֆիզիկական անձ գրավատուին պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին փոխանցվելու արդյունքում մարվել են վարկառու-պարտապան «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունները, և վերջինս է ստացել հատուցում՝ արտահայտված վարկային պարտավորությունների դադարման ձևով։ Վարկառու-պարտապան չհանդիսացող հայցվորը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ իրավահարաբերության մեջ է մտել երրորդ անձի՝ «ՎԱՐՆՈ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և իր սեփականության իրավունքի՝ վարկային կազմակերպությանը փոխանցվելու արդյունքում որևէ տնտեսական օգուտ չի ստացել, որպիսի պայմաններում հայցվորը չի հանդիսանում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ապրանքի մատակարարում հանդիսացող հատուցելի գործարքի կողմ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան գտնում է, որ վարկառու-պարտապան չհանդիսացող գրավատու հայցվորի համար չի առաջացել ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն, և վերջինիս վիճարկվող վարչական ակտով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորության առաջադրումն իրավաչափ չէ, ինչը հիմք է վիճարկվող որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով անվավեր ճանաչելու համար:

Ի ամփոփումն վերոշարադրյալի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցվորի հայցը, կայացրել է գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանելու իր լիազորությունը, որպիսի պատճառաբանությունները բերված են սույն դատական ակտում:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09․07․2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 2․ Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

 3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա․ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ․ ՀԱԿՈԲՅԱՆ

Ք․ ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: