Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
02.10.2023
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
02.10.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.10.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/9373/05/20 ՄԱՍԻՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9373/05/20

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9373/05/20 

Նախագահող դատավոր՝

 Ք. Մկոյան

Դատավորներ՝

 Ա. Թովմասյան  

 Ա Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. ԲԵԴևՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. Հակոբյան 

 

2023 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Տոնիկյանի ընդդեմ Կոմիտեի` 20.07.2020 թվականի թիվ 429047/04, 24.08.2020 թվականի թիվ 418678/04-Վ և 21.08.2020 թվականի թիվ 427689/04 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Տոնիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 20.07.2020 թվականի թիվ 429047/04, 24.08.2020 թվականի թիվ 418678/04-Վ և 21.08.2020 թվականի թիվ 427689/04 որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ․ Սոսյանի) (այսուհետ` Դատարան) 21.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, 156-րդ հոդվածի 1-ին մասը, 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածը։

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ պարագայում եկամտային հարկի հաշվարկ պետք է ներկայացվեր ոչ թե հիմնադիր (միակ մասնակից) Արտակ Տոնիկյանի, այլ տնօրեն Արտակ Տոնիկյանի համար, ինչի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում վերջինս ենթարկվել է պատասխանատվության` 2020 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների եկամտային հարկի հաշվարկն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հիմքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այս դեպքում «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը որևէ էական նշանակություն չունի և չի ազատում եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտավորության պատշաճ կատարումից, քանի որ Հայաստանի Հանրապետությունում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը․

1) «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարության համաձայն՝ 01.01.2020 թվականից «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրության համաձայն՝ դրա միակ մասնակից է հանդիսանում Արտակ Տոնիկյանը, ում բաժնեմասի չափը կազմում է 100% (հատոր 1-ին, գ.թ. 67-71)

3) Իրավաբանական անձի պետական գրանցման ռեգիստրի 01.12.2011 թվականի թիվ 03Ա204206 վկայականի համաձայն՝ «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում Արտակ Տոնիկյանը (հատոր 1-ին, գ.թ. 13).

4) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 20.07.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 429047/04 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Արտակ Տոնիկյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7).

5) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 24.08.2020 թվականի «Վարչական վարույթը վերսկսելու և վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 418678/04-Վ որոշմամբ Արտակ Տոնիկյանի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը վերսկսվել է. Արտակ Տոնիկյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 9).

6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 21.08.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 427689/04 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Արտակ Տոնիկյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ` նշանակվել է տուգանք 20.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին.

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի տնօրենը, որն իրականացնում է ընկերության կառավարումը և հանդիսանում է ընկերության միակ մասնակիցը, կրում է ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1691-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իրավունք չունի չընդունելու վարչական վարույթի մասնակիցների ներկայացրած` վարույթին առնչվող դիմումները և փաստաթղթերը, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…):

Նույն օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն՝ մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի՝ իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով:

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության (...):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը համարվում է վարչական իրավախախտում, որի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթն իրականացնող մարմնի առջև դրված են հետևյալ խնդիրները՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը համապատասխան լուծելը։ Մասնավորապես՝ վարչական իրավախախտման փաստը հաստատվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներով, որոնք գործը քննող մարմինը պարտավոր է գնահատել իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի՝ իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների (ապացույցների) համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա՝ ղեկավարվելով բացառապես օրենքով:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է, արդյո՞ք, վարչական իրավախախտում, արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության ...:

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով՝ նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում՝ որպես հարկային գործակալ՝ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված՝ շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 269-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում՝ ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը իրավահարաբերության ծագման պահին գործող հարկային օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտներին որպես կանոն ազատել է միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքի: Այսպես` միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտները ազատված չեն միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող /հաշվարկվող/, հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության հիմնադիր են համարվում մինչև ընկերության պետական գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք, իսկ ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում՝ ընկերության ստեղծման մասին որոշում կայացրած անձը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերության համաձայն՝ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն՝ սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության գործադիր մարմինը կարող է նաև ընտրվել ոչ ընկերության մասնակիցների թվից:

Ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև պայմանագիրն ընկերության անունից ստորագրվում է կամ ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին ընտրած ընդհանուր ժողովի նախագահող անձի կամ ընդհանուր ժողովի կողմից լիազորված անձի կողմից:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընկերության գործադիր մարմնի գործունեության և դրա կողմից որոշումների ընդունման կարգերը սահմանվում են ընկերության կանոնադրությամբ, ներքին փաստաթղթերով, ինչպես նաև ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ընթացիկ ղեկավարումն իրականացվում է գործադիր մարմնի կողմից: Ընկերության գործադիր մարմինը կարող է հանդես գալ գլխավոր տնօրենի, նախագահի կամ այլ պաշտոնների տեսքով:

Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը և ընկերությունում զբաղեցնել նաև տնօրենի պաշտոնը։

Ընկերության գործադիր մարմնի գործունեությունն իրականացնում է ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձը, և այդ նպատակով ընկերության և ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի միջև կնքվում է պայմանագիր, որով ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող անձի՝ տնօրենի համար ընկերությունը հանդես է գալիս, որպես գործատու, իսկ ընկության տնօրենը որպես աշխատող։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի կողմից ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնելը և այդ նպատակով ընկերության հետ պայմանագիր կնքելը փաստում են ընկերության և տնօրենի միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։

 Ընկերության տնօրեն լինելու հանգամանքն ինքնին բավարար է փաստելու ընկերության և տնօրենի միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունը։

Այսպիսով միկրոձեռնարկության հիմնադիրը, լինելով ընկերության միակ մասնակիցը և միաժամանակ լինելով ընկերության տնօրենը, համարվում է վարձու աշխատող և չի ազատվում վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Արտակ Տոնիկյանի ներկայացրած հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 20.07.2020 թվականի թիվ 429047/04, 24.08.2020 թվականի թիվ 418678/04-Վ և 21.08.2020 թվականի թիվ 427689/04 որոշումները։

Դատարանը 21.04.2021 թվականի վճռով բավարարել է Ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ. «(...) եթե մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցը կատարում է նաև գործադիր մարմնի լիազորությունը՝ հանդիսանում է ընկերության տնօրենը, և տվյալ ընկերության ու այդ մասնակցի միջև աշխատանքային օրենսդրության իմաստով չի ծագել աշխատանքային հարաբերություն, ապա նման մասնակիցը չի կարող դիտարկվել որպես վարձու աշխատող, այլ այդ դեպքում պետք է համարվի, որ վերջինս զուտ մասնակցում է ընկերության կառավարմանը: (...) հայցվորի և Ընկերության միջև ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով ծագած աշխատանքային հարաբերությունների առկայության փաստական հանգամանքը գործի նյութերով որևէ կերպ չի հիմնավորվում: (...) հայցվորը, չհանդիսանալով Ընկերության վարձու աշխատողը, միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար սահմանված չափով եկամտային հարկ հաշվարկելու և ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել, ինչից հետևում է, որ նրան չէր կարող զանցագրվել նաև ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում, ինչից հետևում է, որ նա ենթակա չէր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատասխանատվության: Ուստի Դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումներով հայցվորին զանցագրված վարչական իրավախախտման փաստը գործով չի ապացուցվում, և, ըստ այդմ, վիճարկվող որոշումներն իրավաչափ համարվել չեն կարող»։

 

Վերաքննիչ դատարանը 30.06.2021 թվականի որոշմամբ մերժել է Կոմիտեի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ. «(...)Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ հիմնազուրկ է գնահատում բողոքաբերի փաստարկն առ այն, որ անկախ հայցվորի վարձատրություն ստանալուց, հայցվորի ընկերության կառավարմանը մասնակցելու հանգամանքի հաստատումը բավարար է կատարելու եզրահանգում՝ հայցվորի և ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների առկայության մասին: (...) պատասխանողի կողմից վարչական վարույթի ընթացքում չեն ձեռնարկվել համարժեք գործողություններ՝ ուղղված հայցվոր Արտակ Տոնիկյանի, որպես ֆիզիկական անձ, ընկերության կառավարմանը մասնակցելու և/կամ ղեկավարումն իրականացնելու արդյունքում հատուցում և/կամ եկամուտ ստանալու հանգամանքի, ըստ այդմ՝ հայցվորի և ընկերության միջև աշխատանքային հարաբերությունների առկայության պարզմանը, ինչի արդյունքում հնարավոր չէ կատարել եզրահանգում՝ աշխատանքային հարաբերությունների առկայության, ըստ այդմ՝ հարկային գործակալի հայցվորի մասով եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտականության վերաբերյալ: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ՝ թերի վարչարարության իրականացման հետևանքով, իսկ վարույթի ընթացքում կատարված գործողություններից յուրաքանչյուրը կարող է ազդեցություն ունենալ վարչական ակտի իրավաչափության գնահատման տեսանկյունից, ուստի այն ենթակա է անվավեր ճանաչման, որպիսի հետևության հանգել է նաև Դատարանը»։

 

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձի պետական գրանցման ռեգիստրի 01.12.2011 թվականի թիվ 03Ա204206 վկայականի հիման վրա «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում Արտակ Տոնիկյանը, ով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությամբ սահմանված իրավունքի իրացմամբ, հանդիսանալով «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության միակ մասնակիցը, իրականացրել է նշված ընկերության ղեկավարումը և կառավարումը, որպիսի հանգամանքն էլ հիմք է հանդիսացել Կոմիտեի համար Արտակ Տոնիկյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Վերը արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների պատճառաբանությունն առ այն, որ հայցվորը, չհանդիսանալով ընկերության վարձու աշխատողը, չի ունեցել միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար սահմանված չափով եկամտային հարկ հաշվարկելու և ներկայացնելու որևէ պարտավորություն: Վճռաբեկ դատարանը «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրության, ՀՀ ԱՆ իրավաբանական անձի պետական գրանցման ռեգիստրի 01.12.2011 թվականի թիվ 03Ա204206 վկայականի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Արտակ Տոնիկյանն ընկերությունում ունի ինչպես ընկերության մասնակցի, այնպես էլ դրա տնօրենի կարգավիճակ, որի հիմքով էլ վերջինիս և ընկերության միջև ծագում են աշխատանքային հարաբերություններ:

Այսինքն, ընկերության և Արտակ Տոնիկյանի միջև աշխատանքային հարաբերություններն առաջացել են ոչ թե վերջինիս «Ար Ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության մասնակից լինելու ուժով, այլ Արտակ Տոնիկյանի` ընկերության տնօրենը հանդիսանալու հիմքով, որից հետևում է, որ Արտակ Տոնիկյանը՝ որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, դրանում ներգրավված վարձու աշխատողի` տվյալ դեպքում տնօրենի համար, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն է կրում:

Վերոշարադրյալ իրավական և փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընկերության՝ մեկ անձի կողմից հիմնադրված լինելու, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և միակ հիմնադրի կողմից՝ որպես տնօրեն, ընկերության կառավարումը և ղեկավարումը իրականացնելու փաստական հանգամանքները չեն բացառում եկամտային հարկի հաշվարկման պարտականության առկայությունը, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտերը՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 20.07.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 429047/04 որոշումը, Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 24.08.2020 թվականի «Վարչական վարույթը վերսկսելու և վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ 418678/04-Վ որոշումը և Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 21.08.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 427689/04 որոշումը, Դատարանի կողմից անվավեր են ճանաչվել միայն այն հիմքով, որ հայցվորը չի ունեցել միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար սահմանված չափով եկամտային հարկ հաշվարկելու և եկամտային հարկ հաշվարկելու և ներկայացնելու որևէ պարտավորություն։

Մինչդեռ, սույն գործով Արտակ Տոնիկյանը նշված որոշումների վիճարկման հայցի հիմքում դրել են նաև մի շարք այլ փաստարկներ ու հիմնավորումներ (մասնավորապես՝ վիճարկվող վարչական ակտով հայցվորը պատասխանատվության է ենթարկվել ծանրացնող հանգամանքի կիրառմամբ, այն է` Արտակ Տոնիկյանը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական պատասխանատվության), որոնց վերաբերյալ ստորադաս դատարանների կողմից քննություն չի իրականացվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու և վիճարկվող վարչական ակտերի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

 

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշումը, և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. ԲԵԴևՅԱՆ

 

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. Հակոբյան 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական: