Համարը 
N 2298-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.12.2023
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 935 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գիտական պետական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում (այսուհետ` կազմակերպություն) գիտական կադրերի ըստ տարակարգերի ատեստավորման և կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններն ու դրանց գնահատման նվազագույն չափանիշների հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը գիտական պաշտոններ զբաղեցնող աշխատողների (այսուհետ՝ աշխատող) մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրանց կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է:

 

2. ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԸ

 

3. Կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններն ունեն հետևյալ տարակարգերը՝

1) գիտական պաշտոններ՝

ա. կրտսեր գիտաշխատող-Գ1,

բ. գիտաշխատող-Գ2,

գ. ավագ գիտաշխատող-Գ3,

դ. առաջատար գիտաշխատող-Գ4,

ե. գլխավոր գիտաշխատող-Գ5,

զ. պատվավոր առաջատար գիտաշխատող-ՊԳ1,

է. պատվավոր գլխավոր գիտաշխատող-ՊԳ2.

ը. գիտական խմբի ղեկավար-Ղ1,

թ. գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն)-Ղ2.

2) ճարտարագիտատեխնիկական պաշտոններ՝

ա. լաբորանտ-Լ1,

բ. ավագ լաբորանտ-Լ2,

գ. ճարտարագետ-Ճ1,

դ. ավագ ճարտարագետ-Ճ2:

 

3. ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Ատեստավորումն անցկացվում է աշխատողի գիտական և գիտատեխնիկական գործունեության գնահատման հիման վրա` համաձայն տվյալ պաշտոնը բնորոշող չափանիշների:

5. Ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորման անցկացման ժամանակացույցը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով, և ատեստավորման ենթակա անձինք դրա մասին տեղեկացվում են ատեստավորման անցկացման սկզբից առնվազն մեկ ամիս առաջ:

6. Ատեստավորումն անցկացնելու համար կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է տվյալ բնագավառի կամ մասնագիտության, որպես կանոն, յոթ գիտության ոլորտում նշանակալի ավանդ ունեցող գիտնականներից բաղկացած ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

7. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

8. Երկու և ավելի բնագավառներով գիտական հետազոտություններ իրականացնող կազմակերպություններում կարող են ստեղծվել մեկից ավելի հանձնաժողովներ` ըստ գիտության բնագավառների:

9. Ատեստավորումն անցկացվելուց առնվազն 15 օր առաջ հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովին է ներկայացվում ատեստավորվող աշխատողի`

1) անմիջական ղեկավարի կարծիքն իր մասին, այդ թվում, տարակարգի փոփոխության պարագայում` առաջարկվող տարակարգին համապատասխան որակական չափանիշներին համապատասխանության հիմնավորումները.

2) ատեստավորման նախորդ գործընթացից հետո ընկած ժամանակահատվածում հրատարակված գիտական աշխատությունների ցանկը և գիտական գործունեությանը վերաբերող այլ փաստական նյութեր, որոնք վերցվում են գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգից.

3) որակական չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր կամ այլ հավաստող նյութեր.

4) նախորդ ատեստավորման թերթիկը (առկայության դեպքում).

5) հերթական ատեստավորման թերթիկը` երկու օրինակից:

10. Հանձնաժողովի նիստին մասնակցում է ատեստավորվողի անմիջական ղեկավարը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

11. Հանձնաժողովի նիստին ատեստավորվողի չներկայանալու դեպքում հանձնաժողովը կարող է ատեստավորումն անցկացնել նրա բացակայությամբ:

12. Հանձնաժողովն իրավասու է անցկացնելու ատեստավորում, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումն ընդունվում է ատեստավորվողի օգտին:

14. Հանձնաժողովն ատեստավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի» գնահատականներից մեկը:

15. «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում հանձնաժողովը տալիս է աշխատողի զբաղեցրած պաշտոնի պահպանման երաշխավորություն:

16. «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում հանձնաժողովը տալիս է աշխատողի պաշտոնի իջեցման, պաշտոնից ազատելու կամ պաշտոնային դրույքաչափի իջեցման մասին երաշխավորություններ:

17. «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի» գնահատականի պարագայում հանձնաժողովը տալիս է աշխատողի պաշտոնի բարձրացման երաշխավորություն:

18. Փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ու հանձնաժողովի երաշխավորությունները և հիմնավորումները գրանցվում են նիստի արձանագրության մեջ և ատեստավորման թերթիկում, որոնք ստորագրում են հանձնաժողովի նախագահը և տվյալ նիստին ներկա բոլոր անդամները:

19. Ատեստավորման արդյունքներն ու հանձնաժողովի երաշխավորությունները հանձնաժողովի նիստից հետո՝ հինգ օրվա ընթացքում, ներկայացվում են կազմակերպության ղեկավարին։

20. Հանձնաժողովի երաշխավորությունը կարող է բողոքարկվել ատեստավորվողի կողմից երաշխավորության մասին ծանուցվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին և հանձնաժողովին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Բողոքը հանձնաժողով ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը քննում է այն և սույն կարգի 13-րդ կետով նախատեսված եղանակով ընդունում վերջնական որոշում: Աշխատողի ատեստավորման կարգի և գնահատման չափանիշների խախտման դեպքում ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

21. Կազմակերպության ղեկավարը, հանձնաժողովի երաշխավորության հիման վրա, իր լիազորությունների շրջանակում կայացնում է պաշտոնի բարձրացման, իջեցման կամ պաշտոնից ազատման, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի փոփոխման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման որոշում:

22. Ատեստավորման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի բնօրինակը կցվում է ատեստավորվողի անհատական գործին, իսկ հանձնաժողովի երաշխավորության պատճենը տրվում է ատեստավորվողին:

23. Ատեստավորման ենթակա չեն հղիության և ծննդաբերության ու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

24. Հղիության և ծննդաբերության ու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

25. Պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած աշխատողները ենթակա են ատեստավորման զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

 

4. ԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

26. Սույն կարգի 4-րդ կետում նշված ատեստավորման գնահատման չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող աշխատողին: Ատեստավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև կազմակերպությունում գիտական պաշտոնների տարակարգի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջները:

27. Սույն կարգի 26-րդ կետում նշված ատեստավորման գնահատման չափանիշների քանակական նվազագույն պահանջների հաշվարկման համար՝

1) հրապարակումները պետք է ընդգրկված լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Գիտության հղման ընդլայնված ինդեքս (Science Citation Index Expanded (SCIE), Հասարակական գիտությունների հղման ինդեքս (Social Sciences Citation Index (SSCI), Նորահայտ աղբյուրների հղման ինդեքս (Emerging Sources Citation Index (ESCI), Արվեստի և հումանիտար գիտությունների հղման ինդեքս (Arts&Humanities Citation Index (AHCI) կամ Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչությունների հրապարակած գրքի գլուխ կամ հոդված ժողովածուում կամ Սիմագո Ջըրնըլ էնդ Քանթրի Ռենք (SCImago Journal & Country Rank) պորտալի առնվազն չորրորդ քառորդ (Q4), իսկ գիտաժողովի նյութերի դեպքում՝ առնվազն երկրորդ քառորդին (Q2) համարժեք ԷսՋեյԱր (SJR) ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում (այսուհետ՝ ՄԳՇ).

2) մենագրությունը, կոլեկտիվ մենագրությունը կամ գիտական աշխատությունը պետք է ունենան առնվազն հինգ տպագրական մամուլ ծավալ և հրատարակված լինեն Վեբ օֆ Սայնս (Web of Science™) գիտատեղեկատվական հարթակի Գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում (այսուհետ՝ մենագրություն):

28. Տվյալ կազմակերպությունում տարակարգերի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջները հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից՝ կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ (երկուսից ավելի բնագավառներում գործունեություն ծավալող կազմակերպությունների պարագայում` նշյալ հավելյալ քանակական և որակական չափանիշները կարող են առաջարկվել համապատասխան գիտական խորհուրդների կողմից, եթե նման գիտական խորհուրդների գոյությունը նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ):

29. Կրտսեր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում.

2) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով առաջին ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ստացել է առավելագույնը 20 տարի առաջ:

30. Կրտսեր գիտաշխատողը`

1) պատասխանատու կատարողի ղեկավարությամբ, գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում իրականացնում է գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ (այսուհետ` հետազոտություններ) կամ փորձարարական մշակումներ (այսուհետ` մշակումներ)` համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության.

2) տիրապետում է գիտության համապատասխան ոլորտի իրավական կարգավորումներին, էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին.

3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում.

4) մասնակցում է գիտափորձերի, դաշտային հետազոտությունների կամ աշխատանքների իրականացմանը, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունը, կատարում է հետևություններ և մասնակցում է արդյունքների վերլուծությանը.

5) կարող է գործընկերներին բացատրել հետազոտության արդյունքները և դրանց արժեքավորությունը։

31. Գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն չորս գիտական հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն։

32. Գիտաշխատողը`

1) որպես պատասխանատու կատարող, իրականացնում է գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններ, մշակումներ կամ ինքնուրույն փորձարկումներ.

2) մասնակցում է հետազոտությունների կամ մշակումների իրականացման մեթոդաբանությունների մշակման աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություններ դրանց գործնական կիրառման վերաբերյալ.

3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և վերլուծություն, իրականացնում է տեղեկատվության ամփոփում, տիրապետում է հետազոտության թեմային վերաբերող տեղեկատվությանը, հետազոտությունների կազմակերպման ժամանակակից մեթոդներին, հանդես է գալիս որպես հրապարակումների համահեղինակ.

4) իրականացնում է գիտափորձեր, դաշտային հետազոտություններ կամ աշխատանքներ, կատարում է չափումներ, կազմում է վերջիններիս նկարագրությունները, կատարում է հետևություններ և վերլուծում է ստացված արդյունքները.

5) գիտի իրականացվող հետազոտությունների ու մշակումների նպատակները և խնդիրները, կարող է ձևակերպել թեմայի շրջանակներում առանձին խնդիրներ, կարող է իրականացնել նոր և բարդ հասկացությունների քննական վերլուծություն, գնահատում և սինթեզ.

6) ունի մասնագիտության համակարգային գիտելիքներ և մասնագիտությանը վերաբերող մեթոդաբանությունների ու հետազոտական հմտություններ.

7) կարողանում է հաղորդակցվել գրախոսների հետ՝ բացատրելով հետազոտության արդյունքները և դրանց արժեքավորությունը հետազոտական համայնքին.

8) կարող է աջակցել կրտսեր գիտաշխատողներին առավել արդյունավետ աշխատելու և իրենց հետազոտական առաջընթացում ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար:

33. Ավագ գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն ութ տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն.

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։

34. Ավագ գիտաշխատողը`

1) ղեկավարում է առանձին թեմաների շրջանակներում հետազոտություններ կամ մշակումներ իրականացնող աշխատանքային խումբ՝ որպես պատասխանատու կատարող, և մասնակցում է առանձին հետազոտությունների և մշակումների իրականացմանը՝ որպես կատարող.

2) մշակում է հետազոտությունների կամ մշակումների իրականացման մեթոդաբանությունները, կազմում է դրանց ժամանակացույցը և կատարում է աշխատանքի բաշխում, սահմանում է իրականացվող հետազոտությունների ու մշակումների նպատակները և խնդիրները, մասնակցում է գիտական արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև հետազոտական ծրագրերի կազմմանը.

3) տիրապետում է առնվազն իր ղեկավարության տակ գտնվող թեմայի վերաբերյալ գիտական և գիտատեխնիկական ժամանակակից տեղեկատվությանը, կարողանում է ձևակերպել գրական ակնարկներ և ամփոփ տեղեկատվական նյութեր կամ հաշվետվություններ, հանդես է գալիս որպես հրապարակումների առաջատար հեղինակ.

4) կազմում է հետազոտական ծրագրեր, կազմակերպում է դրանց իրականացումը և արդյունքների ամփոփումը.

5) մասնակցում է աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (սեմինարներին մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն).

6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ.

7) իր մասնագիտության և հարակից շրջանակներում կարողանում է վեր հանել հետազոտական խնդիրներ և հնարավորություններ.

8) ունի կարողություններ իր գործընկերների հետ կազմելու հետազոտական համագործակցային խմբեր (նաև միջազգային) և հայթայթել դրամաշնորհային միջոցներ ծրագրերի իրականացման համար:

35. Առաջատար գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն 13 տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն ութ հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն.

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն չորսում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ.

5) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն չորսը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երկուսը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2).

6) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հանդիսացել է՝

ա. որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի առնվազն երկու ուսանողների գիտական ղեկավար կամ,

բ. առնվազն 20 000 000 դրամ ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի (դրամաշնորհների) ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար:

36. Առաջատար գիտաշխատողը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաներ կամ առաջադրանքներ, համակարգում է հետազոտությունները կամ մշակումներն իրականացնող աշխատանքային խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները.

2) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը.

3) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

4) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

5) ամփոփում է հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից.

6) մասնակցում է աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (վարում է դասընթացներ, սեմինարներ).

7) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ.

8) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը:

37. Գլխավոր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական 18 տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն 16 հրապարակում ՄԳՇ-ում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն ութ հրապարակում ՄԳՇ-ում կամ երկու մենագրություն.

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ.

5) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն ութը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսը ներառված են ամսագրերի դասակարգման առաջին քառորդում (Q1).

6) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) հանդիսացել է՝

ա. որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի առնվազն չորս ուսանողների գիտական ղեկավար կամ,

բ. բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտությունների համար առնվազն 40 000 000 դրամ ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի (դրամաշնորհների) ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար, որից առնվազն 20 000 000 դրամը ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն 20 000 000 դրամ ընդհանուր ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար:

38. Գլխավոր գիտաշխատողը`

1) ղեկավարում է միջմասնագիտական հետազոտական թեմաներ կամ պետական կարևորության առաջադրանքներ, համակարգում է հետազոտությունները կամ մշակումներն իրականացնող աշխատանքային խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները.

2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, որոնք ունեն հանրապետական կամ միջազգային նշանակություն, մշակում է հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի առաջարկությունները, կազմակերպում է նախագծերի կազմումը և պատշաճ ներկայացումը համապատասխան գերատեսչություններին, կարող է ձևակերպել հետազոտական բնագավառի ապագայի վերաբերյալ ռազմավարական հայեցակարգեր, հրապարակում է միջազգային բարձր ազդեցություն և նշանակություն ունեցող հոդվածներ և աշխատություններ.

3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը.

4) համակարգում է կազմակերպության և հանրապետության կամ օտարերկրյա պետությունների գիտական, գիտատեխնիկական կամ գիտաարտադրական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերը.

5) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

6) մասնակցում է աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ, հանդես է գալիս հրավիրյալ դասախոսի կարգավիճակում).

7) մասնակցում է գլոբալ նշանակության հետազոտությունների ծրագրերի մշակման աշխատանքներին, մասնակցում է նման ծրագրերի իրականացմանը` ղեկավարելով առնվազն հայաստանյան կողմի աշխատանքները.

8) հանդիսանում է իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, իրականացնում է միջազգային նշանակալի ծրագրերի փորձաքննություն կամ փորձագիտական հանձնաժողովի մասնակից է.

9) մասնակցում է հանրապետության գիտական և գիտատեխնիկական առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ուղղությունների քննարկմանը.

10) ամփոփում է հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց առավել լայն կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրային բարիք ստեղծելու տեսանկյունից.

11) նախաձեռնում է կազմակերպության միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, նպաստում է ֆինանսական նոր միջոցների ներգրավմանը, միջազգային հետազոտական տիրույթում կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

39. Պատվավոր առաջատար գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Հայաստանի Հանրապետությունում տարիքային կենսաթոշակի իրավունք.

2) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) զբաղեցրել է առաջատար գիտաշխատողի, գիտական խմբի ղեկավարի կամ գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոն.

3) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է տասնչորս հրապարակում ՄԳՇ-ում, որից վեցը վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն յոթ հրապարակում ՄԳՇ-ում կամ երկու մենագրություն, որից երեք հրապարակումը կամ մեկ մենագրությունը վերջին հինգ տարիների ընթացքում.

4) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն յոթը, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երեքը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2).

5) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն յոթում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երեքում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ։

40. Պատվավոր առաջատար գիտաշխատողը՝

1) մասնակցում է աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (սեմինարներին մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն).

2) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ.

3) իր մասնագիտության և հարակից շրջանակներում կարողանում է վեր հանել հետազոտական խնդիրներ և հնարավորություններ.

4) ունի կարողություններ իր գործընկերների հետ կազմելու հետազոտական համագործակցային խմբեր (նաև միջազգային) և հայթայթել դրամաշնորհային միջոցներ ծրագրերի իրականացման համար.

5) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը:

41. Պատվավոր գլխավոր գիտաշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով՝

1) ունի Հայաստանի Հանրապետությունում տարիքային կենսաթոշակի իրավունք.

2) վերջին տասը տարիների ընթացքում զբաղեցրել է գլխավոր գիտաշխատողի, գիտական խմբի ղեկավարի կամ գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոն.

3) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է քսանչորս հրապարակում ՄԳՇ-ում, որից ութը վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն տասներկու հրապարակում ՄԳՇ-ում կամ երեք մենագրություն, որից չորս հրապարակումը կամ մեկ մենագրությունը վերջին հինգ տարիների ընթացքում.

4) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն տասներկուսում, որից չորսում վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն վեցում, որից երկուսում վերջին հինգ տարիների ընթացքում, հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ.

5) վերջին տասը տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն տասներկուսը, որից չորսը վերջին հինգ տարիների ընթացքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն վեցը, որից երկուսը վերջին հինգ տարիների ընթացքում, ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն առաջին քառորդում (Q1):

42. Պատվավոր գլխավոր գիտաշխատողը՝

1) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ.

2) մասնակցում է աշխատողների պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (սեմինարներին մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն).

3) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ.

4) իր մասնագիտության և հարակից շրջանակներում կարողանում է վեր հանել հետազոտական խնդիրներ և հնարավորություններ.

5) ունի կարողություններ իր գործընկերների հետ կազմելու հետազոտական համագործակցային խմբեր (նաև միջազգային) և հայթայթել դրամաշնորհային միջոցներ ծրագրերի իրականացման համար.

6) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը:

43. Գիտական խմբի ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում.

2) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է առնվազն չորս հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երկու հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն:

44. Գիտական խմբի ղեկավարը`

1) ղեկավարում, ուղղորդում և համակարգում է առանձին թեմաների շրջանակներում հետազոտություններ կամ մշակումներ իրականացնող գիտական խումբ՝ որպես պատասխանատու կատարող, ապահովում է իր ղեկավարած գիտական խմբի բարձր արդյունավետությունը.

2) տիրապետում է առնվազն իր ղեկավարության տակ գտնվող գիտական խմբի հետազոտությունների վերաբերյալ գիտական և գիտատեխնիկական ժամանակակից տեղեկատվությանը, կարողանում է ձևակերպել գրական ակնարկներ և ամփոփ տեղեկատվական նյութեր կամ հաշվետվություններ.

3) մշակում է հետազոտությունների կամ մշակումների իրականացման մեթոդաբանությունները, կազմում է դրանց ժամանակացույցը, կատարում է աշխատանքի բաշխում, ռեսուրսների գույքագրում և ձեռքբերում, ինչպես նաև համակարգում է այլ ստորաբաժանումների կամ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքները.

4) պատասխանատու է խմբի գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

5) կազմակերպում է աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (սեմինարների մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին.

6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում որպես փորձագետ.

7) առաջնորդում և ղեկավարում է գիտական խմբի անձնակազմի գործունեությունը.

8) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները.

9) կազմում է հետազոտական ծրագրեր, սահմանում է իրականացվող հետազոտությունների ու մշակումների նպատակները և խնդիրները, կազմակերպում է դրանց իրականացումը, վերահսկումը և արդյունքների ամփոփումը։

45. Գիտական ստորաբաժանման ղեկավարի (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան.

2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ.

3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում կամ առնվազն երկու մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն.

4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտություններով առնվազն երկուսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

46. Գիտական ստորաբաժանման ղեկավարը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաները կամ առաջադրանքները, համակարգում է հետազոտությունները կամ մշակումներն իրականացնող խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները, ապահովում է իր ղեկավարած գիտական ստորաբաժանման բարձր արդյունավետությունը.

2) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

3) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ օտարերկրյա պետությունների) հետ աշխատանքը.

4) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ.

5) կազմակերպում աշխատողների ընտրության, պատրաստման և վերաորակավորման աշխատանքները (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում հետբուհական աշխատանքներ) և, ըստ անհրաժեշտության, մասնակցում է այդ աշխատանքներին.

6) ըստ անհրաժեշտության, հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում որպես փորձագետ.

7) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը.

8) ամփոփում է հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից.

9) առաջնորդում և ղեկավարում է գիտական ստորաբաժանման անձնակազմի գործունեությունը.

10) սահմանում և ղեկավարում է գործառնական և վարչական ընթացակարգերը, պլանավորում և ղեկավարում է ամենօրյա գործառույթները.

11) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղությունները, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը.

12) ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, վերահսկում է ծախսերը, հայթայթում և կառավարում է լրացուցիչ ֆինանսները։

47. Լաբորանտի կամ ճարտարագետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) հանդիսանում է կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառների բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական՝ բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի ծրագրերով ուսումնառություն անցնող ուսանող կամ ավարտած մասնագետ։

48. Լաբորանտը կամ ճարտարագետը`

1) մասնակցում է փորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացմանը, համակարգչային ծրագրերի կազմմանը, նախատիպերի փորձարկմանը, հետազոտական սարքերի շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը, չափումների գրանցմանը, հաշվարկների գծապատկերների և գրաֆիկների պատրաստմանը, տվյալների վերլուծությանը, վիճակագրական հարցումների և հարցազրույցների անցկացմանը.

2) գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում գիտական և գիտատեխնիկական աջակցություն է ցուցաբերում գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին կամ մշակումներին՝ համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության.

3) աջակցություն է ցուցաբերում նոր տեխնոլոգիաների, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի, մեթոդների ստեղծմանը կամ դրանց կատարելագործման աշխատանքներին.

4) տիրապետում է գիտության համապատասխան ոլորտի էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին.

5) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում.

6) մասնակցում է գիտափորձերի, դաշտային հետազոտությունների կամ աշխատանքների իրականացմանը, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունները:

49. Ավագ լաբորանտի կամ ավագ ճարտարագետի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) հանդիսանում է կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառների բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական՝ մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի (առնվազն 4-րդ կուրս) ծրագրերով ուսումնառություն անցնող ուսանող կամ ավարտած մասնագետ։

50. Ավագ լաբորանտը կամ ավագ ճարտարագետը`

1) գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում գիտական և գիտատեխնիկական աջակցություն է ցուցաբերում գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին կամ մշակումներին՝ համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության.

2) ակտիվ մասնակցում է համակարգչային ծրագրերի կազմմանը, նախատիպերի փորձարկմանը, հետազոտական սարքերի շահագործմանը, սպասարկմանը և վերանորոգմանը, չափումների գրանցմանը, հաշվարկների, գծապատկերների և գրաֆիկների պատրաստմանը, տվյալների վերլուծությանը, վիճակագրական հարցումների և հարցազրույցների անցկացմանը.

3) նախապատրաստում է նյութեր և սարքավորումներ գիտափորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացման համար.

4) տիրապետում է համապատասխան ոլորտի էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին.

5) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում.

6) մասնակցում է գիտափորձերի, դաշտային հետազոտությունների կամ աշխատանքների իրականացմանը և ճարտարագիտատեխնիկական աշխատանքներին, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունները.

7) նախապատրաստում է նյութեր և սարքավորումներ գիտափորձերի, թեստերի և վերլուծությունների իրականացման համար.

8) ակտիվ մասնակցում է նոր տեխնոլոգիաների, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի, մեթոդների ստեղծմանը կամ դրանց կատարելագործմանը:

51. Սույն կարգի 27-րդ, 31-րդ, 33-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 41-րդ, 43-րդ և 45-րդ կետերում նշված ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումների և մենագրությունների վերաբերյալ գործում են հետևյալ սահմանափակումները և հարաբերակցությունները՝

1) հայագիտություն և հումանիտար գիտությունների մասնագիտությունների համար մեկ մենագրությունը համարժեք է ՄԳՇ-ում ընդգրկված չորս հրապարակման, ընդ որում, մենագրության հրատարակմանը ցանկացած այլ տիպի մասնակցությունը (խմբագրություն, ներդրում, այլ տեսակի մասնակցություն) չի կարող դիտարկվել որպես համահեղինակություն.

2) ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումները և մենագրությունները պետք է ներառված լինեն գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի կիրառման դեպքում ՄԳՇ-ում ընդգրկված հրապարակումներին և մենագրություններին ներկայացված քանակական պահանջները պետք է բավարարվեն առնվազն 75 տոկոսով:

52. Առաջատար գիտաշխատողը պետք է լինի տվյալ կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի առնվազն 75 տոկոս տևողությամբ աշխատող (շաբաթական 30 ժամ):

53. Գլխավոր գիտաշխատողը, պատվավոր առաջատար գիտաշխատողը և պատվավոր գլխավոր գիտաշխատողը պետք է լինեն տվյալ կազմակերպության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող (շաբաթական 40 ժամ):

54. Սույն կարգի 35-րդ և 37-րդ կետերի 6-րդ ենթակետերում նշված որակավորումների ոլորտային շրջանակի ութերորդ մակարդակի մեկ ուսանողի գիտական ղեկավար լինելը համարժեք է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 10 000 000 դրամ ֆինանսական ծավալի գիտական դրամաշնորհի ղեկավար կամ համաղեկավար լինելուն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: