ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2291-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի շահառուների փոխհատուցման գործընթացը՝ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում:
3. Սահմանել, որ սույն որոշման կարգավորումները գործում են 2023-2024 ուսումնական տարվա համար (ըստ կիսամյակների) և տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների այն սովորողների վրա (այդ թվում՝ մինչև 2023-2024 ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղի կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացած), որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով ընդունվել կամ հրամանագրվել են Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հրապարակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվում է սույն որոշմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցում։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու հանդիսացող սովորողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ՝ սույն որոշման հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
25.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ), ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ն ԸՆԴԳՐԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ՈՒՀ) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սահմանված կարգով հրամանագրված և ըստ համապատասխան կրթական աստիճանների կամ ծրագրերի (արհեստագործական, միջին, բակալավր, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա) վճարովի համակարգում ընդգրկված սովորողներին (այսուհետ` սովորող) ուսման վարձի փոխհատուցման տրամադրման գործընթացը, պայմանները և չափերը:
2. Սույն կարգով փոխհատուցում են ստանում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հրապարակված ցանկում ներառված ՈՒՀ-երում սովորողները, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառուներ։
3. Սույն կարգով սովորողին ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է 2023-2024 ուսումնական տարվա համար` ըստ կիսամյակների՝ հիմք ընդունելով ՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում՝ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սույն կարգի շահառու հանդիսացող սովորողների ուսման վարձի փոխհատուցումը տրամադրվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ սահմանված ուսման վարձավճարի չափով:
4. Սովորողներին 2023-2024 ուսումնական տարվա համար տրվում է փոխհատուցում հետևյալ չափերով և պայմաններով՝
1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից (այսուհետ՝ ՄՈԳ) կամ առաջադիմությունից, առաջին կուրսում սովորողների պարագայում՝ ընդունելության արդյունքներից.
2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
5. Սույն կարգով սահմանված փոխհատուցումը չի տրվում, եթե`
1) սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը.
2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
6. Սույն կարգի շրջանակներում շահառուներին ուսման վարձի փոխհատուցում կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ վերջիններիս հետ կնքելով գրավոր համաձայնագիր` անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ:
7. Եթե սովորողն օգտվում է ՈՒՀ-ի կողմից սահմանված ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունքից կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում է ստանում այլ ֆինանսավորողի կողմից, ապա փոխհատուցվում է ուսման վարձի մնացորդային գումարի չափով։
2. ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
8. Սովորողները սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու համար դիմում են ՈՒՀ-ին:
9. ՈՒՀ-ը կազմում և նախարարությանն է տրամադրում սովորողների անվանացանկ՝ նշելով՝
1) սովորողի նույնականացման տվյալները.
2) կրթական աստիճանը, մասնագիտությունը (կրթական ծրագիրը), կուրսը, ուսուցման ձևը, ՄՈԳ-ի չափը, առաջադիմության վերաբերյալ տեղեկատվությունը.
3) կիսամյակի ուսման վարձի չափը.
4) կարգավիճակը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շրջանակում շահառու).
5) այլ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության):
10. Նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում՝ սույն կարգի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը լրացվում է նաև մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (առկայության դեպքում) սովորողների անվան դիմաց:
11. Սույն կարգի 9-րդ կետում նշված անվանացանկը ճշգրտվում է Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ, որտեղ ստուգվում է սույն կարգով նախատեսված պայմանների առկայությունը:
12. Սովորողներին փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները ՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների և փոփոխությունների դեպքում՝ համաձայնագրերի) հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից ճշտված և նախարարություն ներկայացված անվանացանկերը:
13. Ուսումնառությունը 2023-2024 ուսումնական տարում ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) սովորողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով փոխհատուցում ստանալու իրավունքը:
14. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով նախարարությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի և ՈՒՀ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին տրամադրել շահառուների ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուի ուսման վարձի փոխհատուցումը վճարվում է ֆինանսավորողի տրամադրած ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ սույն որոշմամբ նախատեսված կարգով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
25.12.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |