Համարը 
N 173-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.195
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.02.2012
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
23.02.24 N 264-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով՝ սույն որոշման հավելվածում լրացվող նոր՝ 79-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 1-ից։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 173-Ն

 

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.02.24 N 264-Ն)

 

«Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերին և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 23.02.24 N 264-Ն, փոփ. 28.03.24 N 444-Ն)

1. Հաստատել սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով սուրհանդակային կապի օպերատորից, ինչպես նաև սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 16-ի N 173-Ն որոշման

 

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

(վերնագիրը խմբ. 23.02.24 N 264-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով կարգավորվում են սուրհանդակային կապի օպերատորների և այդ ծառայություններից օգտվողների միջև ծագած փոխհարաբերությունները, սահմանվում են սուրհանդակային կապի օպերատորների գործունեության կարգը, սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սկզբունքները, սուրհանդակային կապի օպերատորից և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

 

II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները՝

1) ուղեկցող փաստաթուղթ` փաստաթուղթ, որը կցված է սուրհանդակային առաքանուն կամ փոխանցվում է սուրհանդակային առաքանու հետ, ներառում է ուղարկողի և ստացողի հասցեն ու հեռախոսահամարը, ինչպես նաև առաքանին բնորոշող տվյալները.

2) հաշվային քաշ` քաշ, որը հիմք է առաքման ծախսերի հաշվարկման համար, իրական և ծավալային քաշի համեմատության դեպքում հավասար մեծ քաշին.

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 444-Ն)

4) սուրհանդակային առաքանի (այսուհետ` առաքանի)` համապատասխան փաթեթավորված և հասցեագրված մեկ կամ մի քանի միավոր առաքանի՝ մեկ ուղարկողից մեկ ստացողին առաքումով, որի երթուղուն և հանձնման գործընթացին կարելի է հետևել.

5) սուրհանդակային առաքանին տեղ հասցնելու մասին ծանուցում` առաքանու տեսակի և դրա հանձնման ժամկետի վերաբերյալ ծանուցման փոխանցում ստացողին.

6) հանձնում` առաքանու հանձնումն ստացողին.

7) լրացուցիչ ծառայություն` ծառայություն, որը սուրհանդակային կապի ծառայությանը տալիս է լրացուցիչ արժեք և իրականացվում է լրացուցիչ վճարով.

8) գնահատված առաքանի` լրացուցիչ ծառայություն, որի դեպքում առաքանու ներդրվածքի արժեքը գնահատվում է ուղարկողի կողմից: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանում է սուրհանդակային կապի օպերատորը.

9) վերաառաքում` լրացուցիչ ծառայություն, որը կարող է պատվիրել ինչպես ուղարկողը, այնպես էլ ստացողը` առաքանին մի հասցեից մեկ այլ հասցե տանելու համար.

10) զգույշ` լրացուցիչ ծառայություն, որի դեպքում առաքանու վրա նշվում է շուտ կոտրվող (փխրուն) առաքանու նշան, որի շնորհիվ ապահովվում է առաքանու զգույշ առաքումը.

11) վերադիր վճարով առաքում` սուրհանդակային առաքում, որի դեպքում ուղարկողը սուրհանդակային կապի օպերատորին կարող է լիազորել առաքանին տեղ հասցնելիս ստացողից գանձել վերադիր վճարի գումարը և այն փոխանցել առաքողի բանկային հաշվին.

12) անձամբ հանձնել` ծառայություն, որի դեպքում առաքանին անձամբ հանձնվում է ստացողին՝ ըստ ուղեկցող փաստաթղթի վրա նշված հասցեի.

13) ծավալային քաշ` քաշ, որն ստացվում է՝ առաքանու երկարության, բարձրության, լայնության արտադրյալը բաժանած 5000-ի.

14) սուրհանդակ` սուրհանդակային կապի օպերատորի աշխատող կամ անձ, որն իրականացնում է սուրհանդակային կապի ծառայություն կամ կատարում է սուրհանդակային կապի օպերատորի առաջադրանքը.

15) իրական քաշ` քաշ, որն ստացվում է առաքանին կշռելիս (կգ).

16) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 444-Ն)

17) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 444-Ն)

18) պատվեր` ուղարկողի կողմից սուրհանդակային կապի օպերատորին միաժամանակ փոխանցվող մեկ կամ մի քանի առաքանի.

 19) նույնականացում՝ գործընթաց, որի ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի կողմից իրականացվում է ներկայացված անձնական տվյալների համեմատում առաքանու վրա նշված տվյալների հետ, որն անհրաժեշտ է ծառայության մատուցման համար.

20) ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձ կամ օրինական ներկայացուցիչ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 28.03.24 N 444-Ն)

 

III. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

3. Սուրհանդակային կապի ծառայություններն ստորաբաժանվում են՝ ներհանրապետական (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար) և միջազգային (ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու կամ այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար):

4. Ներհանրապետական սուրհանդակային կապի ծառայության տեսակներն են`

1) շտապ սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո հաջորդ աշխատանքային օրվա 8.00-10.00 ժամանակահատվածում.

2) էքսպրես սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո հաջորդ աշխատանքային օրվա 8.00-17.00 ժամանակահատվածում.

3) սովորական սուրհանդակային կապի ծառայությունը, որի դեպքում ստացողին առաքանին հանձնվում է ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:

5. Միջազգային սուրհանդակային կապի ծառայության տեսակները և դրանց մատուցման ժամկետները սահմանվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից:

 

IV. ԱՌԱՔԱՆՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

6. Առաքանու տեսակներն են`

1) ծրար՝ մինչև 0.3 կգ` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը.

2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը.

3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն՝ առանց ապրանքային արժեքի:

4) (ենթակետն ուժը կորցրել է 28.03.24 N 444-Ն)

(6-րդ կետը լրաց. 29.08.19 N 1105-Ն, փոփ. 28.03.24 N 444-Ն)

 

V. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

7. Սուրհանդակային կապի ծառայությունը և լրացուցիչ ծառայությունը վճարվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից հաստատված գնացուցակի հիման վրա:

8. Սուրհանդակային կապի օպերատորը սուրհանդակային կապի ծառայության վճարի փոփոխության վերաբերյալ պետք է հասարակությանը տեղեկացնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 30 օրացուցային օր առաջ:

9. Սուրհանդակային կապի ծառայության համար օգտվողը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ ոչ կանխիկ հաշվից, այդ թվում` քարտով, բջջային հեռախոսով և այլ միջոցներով, կախված սուրհանդակային օպերատորի տեխնիկական հնարավորություններից:

10. Սուրհանդակային կապի օպերատորն ուղարկողին տրամադրում է վճարումը հաստատող փաստաթուղթ:

11. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողը սուրհանդակային օպերատորի հետ կնքված պայմանագրի համաձայն սուրհանդակային ծառայության դիմաց վճարում է սուրհանդակային առաքանին ստանալիս:

 

VI. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏՎԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

 

12. Սուրհանդակային կապի օպերատորը սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին մատուցում է ծառայություններ՝ պայմանագրային հիմունքներով:

13. Սուրհանդակային կապի օպերատորի սպասարկման գրասենյակի մուտքի մոտ տեղադրվում է ցուցանակ, որի վրա նշվում են սուրհանդակային կապի օպերատորի անվանումը և աշխատանքի ռեժիմը: Ցուցանակները գրվում են հայերենով, ցանկության դեպքում՝ նաև ռուսերենով կամ անգլերենով, կամ ֆրանսերենով:

14. Սուրհանդակային կապի օպերատորի սպասարկման գրասենյակների ներսում, օգտվողների համար մատչելի և տեսանելի վայրում պետք է լինի առաջարկությունների գիրքը, ինչպես նաև հետևյալ անհրաժեշտ տեղեկատվությունը`

1) սուրհանդակային կապի օպերատորի անվանումը և գտնվելու վայրը.

2) մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց մատուցման ժամկետները և սակագները.

3) առաքանիների հասցեագրման, փաթեթավորման և առաքման վճարման կարգը, դրանց համար սահմանված չափերը և առավելագույն քաշը.

4) առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը.

5) սուրհանդակային կապի օպերատորների և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների պատասխանատվության մասին.

6) փոստային կապի գործունեության լիցենզիայի պատճենը:

(14-րդ կետը խմբ. 28.03.24 N 444-Ն)

14.1. Սուրհանդակային կապի օպերատորը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի սպասարկման նպատակով ապահովում է՝

1) մատչելի մուտք սուրհանդակային կապի սպասարկման գրասենյակ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված մատչելիության պահանջներին համապատասխան.

2) առանց հերթի սպասարկում.

3) տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի ձևով լիարժեք տեղեկատվության տրամադրում:

(14.1-ին կետը լրաց. 28.03.24 N 444-Ն)

15. Սուրհանդակային կապի ծառայության պատվերը կարելի է փոխանցել սուրհանդակային կապի օպերատորի գրասենյակում, ինչպես նաև՝ հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով:

16. Պատվերը պետք է ներառի հետևյալ տվյալները՝

1) առաքողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը (ցանկության դեպքում), տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) առաքանու տեսակը, քանակը, չափսերը, քաշը և հատուկ նշանները.

3) վճարի տեսակը:

17. Սուրհանդակային կապի օպերատորն առաքանու ընդունման ժամանակ առաքանին դրոշմում է այնպես, որպեսզի հնարավոր լինի հետևել դրա երթուղուն և հանձնման ժամկետին:

 

VII. ԱՌԱՔԱՆՈՒ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Ներհանրապետական առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնց առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելված չէ: Ներհանրապետական առաքանիներում առաքման համար արգելված առարկաների և նյութերի ցանկը սահմանված է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

19. Միջազգային առաքանիներով առաքվում են ներդրվածքներ, որոնք արգելված չեն՝

1) ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք.

2) արտահանել Հայաստանի Հանրապետության տարածքից և ներմուծել նշանակման երկիր:

20. Միջազգային առաքանիներով առաքվող ապրանքների արգելումը և սահմանափակումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ:

21. Սուրհանդակային կապի օպերատորն իրավունք ունի հրաժարվելու այն առաքանու ընդունումից, որը չունի համապատասխան փաթեթավորում կամ ձևակերպում:

22. Յուրաքանչյուր առաքանի պետք է հասցեագրված լինի՝ ունենալով և՛ ուղարկողի, և՛ ստացողի տվյալները: Հասցեի տվյալները գրվում են առաքանու կամ ուղեկցող փաստաթղթի վրա:

22.1. Գրանցվող առաքանիների ընդունման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ուղարկողի կամ ներկայացուցչի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթերի միջոցով:

(22.1-ին կետը լրաց. 28.03.24 N 444-Ն)

22.2. Ներկայացված անձը հաստատող փաստաթղթերում ներառված անձնական տվյալներն ամրագրվում են սուրհանդակային կապի օպերատորի կողմից սահմանված տիպային ձևաթղթերում, որոնք անհրաժեշտ են սուրհանդակային կապի ծառայությունների պատշաճ մատուցման համար:

(22.2-րդ կետը լրաց. 28.03.24 N 444-Ն)

23. Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող առաքանու վրա նշվող ուղարկողի և ստացողի հասցեները պետք է գրվեն հայերեն:

24. Միջազգային առաքանիների վրա հասցեները գրվում են լատինական տառերով, արաբական թվերով: Թույլատրվում է ստացողի հասցեն գրել նշանակման երկրի լեզվով՝ այն պայմանով, որ նշանակման երկրի անվանումը գրվի նաև հայերեն:

25. Հասցեում կրճատ անվանում, պայմանական տառ կամ նշան չպետք է լինեն, որոնք կարող են բարդացնել առաքանու մշակումը և հանձնումը:

26. Ուղարկողի և ստացողի հասցեների տվյալներն առաքանու վրա նշվում են հետևյալ կերպ՝

1) անունը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը և ազգանունը կամ իրավաբանական անձի անվանումը).

2) փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը.

3) բնակավայրի անվանումը (քաղաքի, մարզի, գյուղի և այլն).

4) հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը (առկայության դեպքում).

5) երկրի անվանումը (միջազգային առաքանիների համար):

27. Սուրհանդակային կապի ծառայությունը «ցպահանջ» կամ փոստային բաժանորդային արկղի հասցեով չի մատուցվում:

28. Պայմանագրային հաճախորդներին սուրհանդակային առաքման ժամանակ լրացվում է ձևաթուղթ, որը ստորագրում է ուղարկողը կամ նրա ներկայացուցիչը: Սուրհանդակը հաստատում է ընդունված առաքանու քանակը: Ձևաթղթի մեկ օրինակը մնում է ուղարկողի մոտ:

(28-րդ կետը խմբ. 28.03.24 N 444-Ն)

 

VIII. ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

29. Առաքանու համար փաթեթավորումն ընտրում է ուղարկողը: Առաքանին պետք է փաթեթավորվի` ելնելով առաքանու ներդրվածքից, քաշից, ձևից, առաքման ժամկետից:

30. Մինչև ստացողին հանձնելը՝ առաքանին պատկանում է ուղարկողին:

31. Ուղարկողը պատասխանատվություն է կրում արգելված կամ ոչ համապատասխան փաթեթավորման արդյունքում աշխատողներին, սարքավորումներին վնաս պատճառելու համար:

32. Փաթեթավորումը և ամրացումը պետք է`

1) ապահովեն առաքանու ներդրվածքը ճնշումից.

2) թույլ չտան վնասել առաքանու ներդրվածքը, առանց փաթեթավորումը վնասելու ստուգել առաքանու ներդրվածքը.

3) ապահովել ստացողի և սուրհանդակի անվտանգությունը.

4) թույլ չտալ վնասել այլ առաքանիները:

33. Շուտ կոտրվող և փխրուն ապրանքները պետք է փաթեթավորվեն ամուր ու տեղավորվեն դիմացկուն տարայի մեջ` այնտեղ նախօրոք լցնելով այնպիսի նյութեր, որոնք առաքանին կապահովեն կոտրվելուց, կբացառեն առաքանու տեղաշարժը տրանսպորտով տեղափոխելու ժամանակ:

34. Շուտ կոտրվող և փխրուն առաքանու համար կարող է պահանջվել լրացուցիչ ծառայություն՝ «զգույշ» նիշավորմամբ, որը սուրհանդակը դնում է առաքանին ընդունելիս: Եթե ուղարկողը հրաժարվում է լրացուցիչ ծառայությունից, ապա սուրհանդակը պատասխանատու չէ առաքանու ներդրվածքի համար:

35. Հեղուկ նյութերը թույլատրվում է ուղարկել միայն հերմետիկ փակվող տարայով: Յուրաքանչյուր տարա տեղադրվում է հատուկ դիմացկուն արկղի մեջ, որը տարան կպահպանի կոտրվելուց և այլ առաքանիները վնասելուց, և ուղարկողն անպայման պետք է նշի այն մասին, որ այն չի կարելի շրջել:

36. Փաստաթղթերը և թղթյա նյութերը դրվում են սուրհանդակային կապի օպերատորի տարբերանշանով ծրարի մեջ:

 

VIII.1 ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(գլուխը լրաց. 28.03.24 N 444-Ն)

 

36.1. Ուղարկողի կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը չի ընդունում գրանցվող առաքանին:

36.2. Հասցեատիրոջ կամ լիազորված անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթը չտրամադրելու դեպքում՝ սուրհանդակային կապի օպերատորը հասցեատիրոջը չի հանձնում գրանցվող առաքանին:

36.3. Սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված փոստային կապի գաղտնիության ապահովման պահանջները:

36.4. Փոստային հասցեի տվյալները, առաքանիները, դրանց ներդրվածքի և գտնվելու մասին տեղեկատվությունը հանդիսանում են փոստային կապի գաղտնիություն և տրվում են միայն ստացողին և ուղարկողին, ինչպես նաև օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց և այլ անձանց:

 

IX. ԱՌԱՔԱՆՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Առաքանին տեղ է հասցվում ուղեկցող փոստաթղթի վրա նշված հասցեով: Սուրհանդակն առաքանին հանձնում է ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին` ստորագրությամբ: Առաքանին ստացող անձը հաստատում է ստացումը և ուղեկցող փաստաթղթի վրա նշում՝

1) անունը և ազգանունը.

2) ստորագրությունը.

3) առաքանու հանձնման օրը և ժամը:

37.1. Գրանցվող առաքանիների հանձնման ժամանակ սուրհանդակային կապի օպերատորի աշխատակիցն իրականացնում է ստացողի կամ ներկայացուցչի նույնականացում, անձը հաստատող փաստաթղթի միջոցով:

(37.1-ին կետը լրաց. 28.03.24 N 444-Ն)

38. Ֆիզիկական անձ հանդիսացող ստացողին առաքանու վերաբերյալ հայտնում են հեռախոսով, եթե հեռախոսահամարը չի պատասխանում, կամ եթե որևէ սխալ կա, ապա սուրհանդակը տանում է առաքանին` առանց տեղեկացնելու:

39. Իրավաբանական անձ հանդիսացող ստացողին հեռախոսով չի տեղեկացվում առաքանու մասին, այլ այն տրվում է` ըստ հասցեի:

40. Եթե սուրհանդակին չի հաջողվում տեղում հանձնել առաքանին, ապա սուրհանդակն առաքանու վերաբերյալ ուղարկում է ծանուցում:

41. Ստացողը կամ ուղարկողը, լրացուցիչ վճար մուծելով, կարող է պատվիրել կրկնակի տեղ հասցնելը:

42. Ստացողը մինչև չստորագրի, որ ստացել է առաքանին, իրավունք չունի բացելու առաքանին՝ բացի այն դեպքերից, երբ վնասված առաքանու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:

43. Ստացողն իրավունք ունի իր անունով եկած առաքանին ստանալուց հրաժարվել՝ առանց այն բացելու, ուղեկցող փաստաթղթի վրա ստորագրելով և ժամկետը նշելով: Եթե ստացողը հրաժարվում է կատարել նշումը, ապա համապատասխան նշումը կատարում է սուրհանդակը` այն հաստատելով իր ստորագրությամբ, և այն հավասարեցվում է ուղարկողի կողմից առաքանին ստանալուց հրաժարումից: Առաքանին ստանալուց հրաժարվելու դեպքում առաքանու վերադարձման ծախսերը կատարում է ուղարկողը:

44. Ֆիզիկական անձին հասցեագրված չգնահատված արժեքով սուրհանդակային առաքանին համարվում է տեղ հասցված, եթե այն հանձնվել է ստացողին կամ նրա տան անդամին` 16 տարեկանից բարձր տարիքով, անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:

(44-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

45. Իրավաբանական անձին հասցեագրված չգնահատված արժեքով առաքանին համարվում է տեղ հասցված, եթե այն հանձնվել է իրավաբանական անձի օրինական ներկայացուցչին կամ լիազորված անձին:

46. Ֆիզիկական անձին հասցեագրված առաքանին, որը տեղ է հասցվել իրավաբանական անձի հասցեով, հանձնվում է այդ հասցեում գտնվող իրավաբանական անձի աշխատողին, եթե չի հաջողվել անձամբ հանձնել ստացողին: Աշխատողը, որն ստացել է նշված առաքանին, ուղեկցող փաստաթղթի վրա նշում է պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրում է և նշում ընդունման ամսաթիվը, հետո այն հանձնում է ստացողին՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:

47. Գնահատված արժեքով առաքանին համարվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին հանձնված, եթե այն հանձնվել է ստացողին կամ նրա լիազորված անձին՝ համապատասխան լիազորագրի առկայությամբ: Լիազորագիրը կցվում է ուղեկցող փաստաթղթին և մնում սուրհանդակի մոտ՝ բացառությամբ լրացուցիչ ծառայության «Հանձնել անձամբ» դեպքի:

48. Վերադիր վճարով առաքանին ստացողին է հանձնվում միայն վերադիր վճարի գանձումից հետո, և վճարի դիմաց տրվում է անդորրագիր:

49. Վնասված փաթեթավորմամբ կամ քաշի տարբերությամբ առաքանին լիազորված ներկայացուցչին է հանձնվում համապատասխան ակտով և բացվում է ստացողի կողմից՝ սուրհանդակի ներկայությամբ: Ստացողն ընդունում է որոշում առաքանուց հրաժարվելու, վերադարձնելու կամ հայտարարագրելու վերաբերյալ:

50. Եթե ստացողը հրաժարվում է առաքանուց, ապա այն չի պահվում սուրհանդակային կապի օպերատորի գրասենյակում և վերադարձվում է ուղարկողին:

51. Եթե սուրհանդակը չի կարողանում առաքանին հանձնել ստացողին, ապա այն 7 օր պահվում է, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ նշված չէ, հետո վերադարձվում է ուղարկողին, և վերադարձի համար պահանջվում է վճար:

52. Եթե նշված է լինում «Վճարում է ստացողը», ապա ուղարկողը վճարում է առաքանու հանձնման, վերադարձի և պահպանության ծախսերը:

53. Առաքանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով վերադարձվում է հետադարձ հասցեով`

1) ուղարկողի դիմումի հիման վրա` մինչև ստացողին հանձնելը.

2) առաքանին ստացողի (ներկայացուցչի) կողմից ստանալուց հրաժարվելու դեպքում.

3) նշված հասցեում ստացողի բացակայության դեպքում.

4) ստացողի հասցեի անընթեռնելիության դեպքում (ջնջված, պոկված և այլն).

5) այլ հանգամանքների դեպքում, որոնք բացառում են սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան սուրհանդակային կապի օպերատորի կողմից իր պարտավորությունների կատարումը:

(53-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

54. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային առաքանիների մաքսային հսկողությունը և մաքսային ձևակերպումը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից միջազգային առաքանիների հանձնումը հասցեատիրոջը (ներկայացուցչին) իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխան:

(54-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

55. Ուղարկողը կամ ստացողը գրավոր դիմումով կարող է երկարաձգել առաքանու պահպանման ժամկետները՝ մինչև մեկ ամիս: Դիմում գրող կողմը վճարում է առաքանու պահպանման համար:

 

X. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՔԱՆԻՆ

 

56. Առաքանին հանձնվում է, եթե առկա է անձը հաստատող փաստաթուղթ:

57. Առաքանիները, որոնք հասցեագրված են մինչև 16 տարեկան անձանց, հանձնվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կամ ներկայացուցչի փաստաթղթի հիման վրա:

(57-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

58. Առաքանին հանձնվում է միայն փաստաթղթերի բնօրինակների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարական վավերացմամբ պատճենների հիման վրա:

59. Առաքանու կորստի հատուցման և նյութական պատասխանատվության պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

XI. ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՔԱՆՈՒ ԲԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Հանձնման անհնարինության հետևանքով առաքանին կարող է բացվել`

1) առաքանու ներդրվածքի պահպանման կամ դրա վիճակը ճշտելու դեպքում.

2) առաքանու ներդրվածքից անձին կամ ապրանքներին հնարավոր վտանգ սպառնալու դեպքում:

61. Առաքանու բացման վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ, որում նշվում է բացման պատճառը, մանրամասն նկարագրվում է առաքանու արտաքին տեսքը, նշվում է քաշը՝ մինչև ուղարկելը և բացելուց հետո, նշվում է, թե ներդրվածքից ինչն է պակաս, վնասված, պատռված և ինչ է հանձնվում:

62. Եթե առաքանին բացելուց հետո պարզվում է, որ այն պիտանի չէ հետագա օգտագործման կամ առաքման համար, ապա այն հանվում է և ոչնչացվում: Փչացած կամ վտանգավոր նյութերը հեռացնելուց հետո առաքանին ուղարկվում է ստացողին՝ համապատասխան կից ակտով: Ակտի պատճենն ուղարկվում է ուղարկողին:

 

 XII. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ

 

63. Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում՝ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն իրավունք ունեն սուրհանդակային կապի օպերատորին ներկայացնելու գրավոր պահանջ կամ բողոք, այդ թվում` պատճառված վնասը հատուցելու նպատակով:

64. Առաքանու չառաքման, առաքման սահմանված ժամկետի խախտման, առաքանու վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր պահանջը կամ բողոքը ներկայացվում է սուրհանդակային կապի օպերատորին՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, առաքանու հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը:

65. Միջազգային առաքանու կորստի դեպքում դրա որոնման համար գրավոր պահանջները (բողոքը) ընդունվում և քննարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ու ժամկետներում:

66. Գրավոր պահանջը (բողոքը) ենթակա է գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գրավոր պահանջը (բողոքը) ներկայացնելիս՝ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողը (ներկայացուցիչը) պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Գրավոր պահանջին (բողոքին) կցվում են սուրհանդակային կապի ծառայության մատուցման մասին պայմանագրի պատճենը և (կամ) անդորրագրի պատճենը և (կամ) առաքանու ներդրվածքի նկարագրի ցուցակի պատճենը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք հանդիսացող հիմնավորումները, իսկ պատճառված վնասի փոխհատուցման համար գրավոր պահանջ (բողոք) ներկայացվելու դեպքում` նաև պատճառված վնասի չափի մասին տեղեկությունները:

(66-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

67. Գրավոր պահանջում (բողոքում) նշվում են՝

1) դիմումատուի (ներկայացուցչի) անունը, հայրանունը, ազգանունը.

2) պահանջի (բողոքի) էությունը:

(67-րդ կետը փոփ. 28.03.24 N 444-Ն)

68. Սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է ուսումնասիրել գրավոր պահանջները (բողոքները) և դրանց գրավոր պատասխանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

69. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողները գրավոր պահանջի (բողոքի) համար սուրհանդակային կապի օպերատորի հետ համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

70. Սուրհանդակային կապի օպերատորի կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման դիմաց վճարումը կատարվում է սուրհանդակային կապի օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ժամկետներում:

71. Պատճառված վնասի փոխհատուցումը դիմումատուին վճարելուց հետո առաքանու հայտնաբերման դեպքում այն հանձնվում է ստացող կողմին կամ վերադարձվում է ուղարկողին: Ընդ որում, դիմումատուից (ստացողից կամ ուղարկողից) գանձվում է պատճառված վնասի փոխհատուցման գումարը՝ բացառությամբ առաքանին ուշացումով առաքելու համար գանձվող գումարի: Եթե դիմումատուն հրաժարվում է վերադարձնել փոխհատուցման գումարը, այդ դեպքում առաքանին փոխանցվում է որպես չհանձնված առաքանի:

 

XIII. ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը լրաց. 23.02.24 N 264-Ն)

 

72. Սուրհանդակային կապի օպերատորները պետք է ունենան սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով սպասարկման գրասենյակներ` սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներին սպասարկելու համար:

73. Սուրհանդակային կապի օպերատորները սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով պետք է ունենան անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ: Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները պետք է հնարավորություն ստեղծեն սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ օպերատորները մատուցում են ներհանրապետական փոստային կապի ծառայություններ, ինչպես նաև բացառությամբ 1993 թվականի դեկտեմբերի 23-ին ԱՊՀ անդամ պետությունների կողմից ստորագրված՝ «Հատուկ կապի առաքումների միջպետական փոխանակման մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվող փոխադրումների) սույն գլխով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը սուրհանդակային կապի օպերատորին ներկայացնելու համար։

(73-րդ կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

74. Սուրհանդակային կապի օպերատորները պետք է ապահովեն սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից ընդունված առաքանու՝ փոխադրության ընթացքում պահպանությունը:

75. Սուրհանդակային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները պետք է հագեցված լինեն շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և անվտանգության ահազանգման համակարգերով:

75.1. Սուրհանդակային կապի օպերատորը պարտավոր է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 11-Ն հրամանին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնել հաշվետվություն:

(75.1-ին կետը լրաց. 28.03.24 N 444-Ն)

76․ Սուրհանդակային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցների (այսուհետ՝ համակարգ) օգտագործմամբ ապահովվում է մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և (կամ) գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին՝

1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքը, ինչպես նաև սուրհանդակային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր, որոնք պետք է պարունակեն ապրանքներն ուղարկողի, ստացողի կամ վաճառողի և գնորդի մասին տեղեկություններ.

2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

3) ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)․

4) ապրանքներն ուղարկողի (վաճառողի) անվանումը․

5) ապրանքներն ստացողի (գնորդի) անվանումը․

6) ապրանքներն ստացողի (գնորդի) անձնագրային տվյալները․

7) ապրանքներն ստացողի (գնորդի) հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

8) առաքանու համարը․

9) առաքանու քաշը․

10) ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը․

11) ապրանքների անվանումը (նկարագրությունը).

12) ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով․

13) ապրանքների արժեքը, արժույթը․

14) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ (առկայության դեպքում)։

(76-րդ կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

77․ Սույն հավելվածի 76-րդ կետի 1-4-րդ, 8-14-րդ ենթակետերով նախատեսված տեղեկություններն ապրանքներն ստացող հանդիսացող անձանց կողմից չներկայացման դեպքում, դրանց առկայությունը համակարգում ապահովում է սուրհանդակային կապի օպերատորը։

(77-րդ կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

78․ Սույն հավելվածի 76-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմնին են ներկայացվում մինչև «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված գործառնությունների իրականացումը։

(78-րդ կետը լրաց. 23.02.24 N 264-Ն)

79․

(հավելվածը լրաց. 29.08.19 N 1105-Ն, խմբ., լրաց. 23.02.24 N 264-Ն, փոփ., լրաց., խմբ. 28.03.24 N 444-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան