Համարը 
N 267-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 11.03.2025
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.03.2025
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.03.2025
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.03.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2025 թվականի N 267-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մարտի 6-ի N 267-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություններ) ընդգրկված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրվող կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է և հատկացվում է հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելու համար։

2. Սույն կարգի իմաստով հաստատություններ են համարվում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին վաթսունհինգ բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին յոթանասունհինգ բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

3. Կրթաթոշակ կարող է տրամադրվել սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանները բավարարող հաստատությունում լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող և ներկայիս գործատուի (այսուհետ` գործատու) մոտ առնվազն երկու տարի աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե սովորողի (այսուհետ՝ սովորող) ներկայիս գործատուի կողմից իրականացվում է ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը։

4. Հայաստանի Հանրապետության կողմից տրվող կրթաթոշակը տրամադրվում է գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն դրամը, որի նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ ԲԿԳԿ), գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որը պարտադիր պետք է ներառի դրույթներ սույն կարգի 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանների վերաբերյալ։

5. Սույն կարգի իմաստով գործատու կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն առևտրային կազմակերպությունը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես ունեցել է առնվազն 100 վարձու աշխատող:

6. Գործատուն սովորողի հետ պետք է ունենա ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո իր մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր, որը փոխադարձ համաձայնությամբ կարող է ներառել նաև այլ պայմաններ։ Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

7. Եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է սույն կարգի երկրորդ կետին չհամապատասխանող հաստատություն, գործատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը (այսուհետ՝ հրաժարագին):

8. Եթե գործատուի մոտ առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը կողմերից որևէ մեկի մեղքով չի պահպանվում, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը:

9. 8-րդ կետով սահմանված եռամյա ժամկետի պայմանը կարող է երկարաձգվել, եթե ուսման ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո քաղաքացին անցնում է պարտադիր զինվորական ծառայության կամ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում։ Այս պարագայում, համապատասխան հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում (զինկոմիսարիատից տրված տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական), երեք տարվա աշխատելու պայմանը երկարաձգվում է ոչ ավելի, քան երկու տարով:

10. Պայմանագրում նախատեսված ժամկետում գործատուի կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով: Սույն կետով սահմանված գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԲԿԳԿ-ի կողմից: Սույն կետով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու կամ աշխատանքի հետ անհամատեղելի առողջական հանգամանքներ առաջանալու հիմքերով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:

11. Գործատուն պարտավոր է առնվազն եռամյա պայմանագրային պարտավորության կատարման ընթացքում յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, իսկ աշխատանքային հարաբերությունների ժամկետի ավարտման տարում՝ աշխատանքային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով ԲԿԳԿ ներկայացնել տվյալ քաղաքացու աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն:

12. Ուսումնառության ընթացքում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը գործատուն սահմանված կարգով ԲԿԳԿ է ներկայացնում հաստատության կողմից տրված տեղեկանքը` տվյալ քաղաքացու՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:

13. Սույն կարգի հիմքով կրթաթոշակ ստացած սովորողների ուսումնառությունը դադարելու կամ սույն կարգի պահանջներին չհամապատասխանող այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում գործատուն պարտավոր է 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել ԲԿԳԿ, որից հետո կրթաթոշակի հետագա տրամադրումը դադարեցվում է:

14. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) ուսումնառությունը ընդհատած սույն կարգի շահառու հանդիսացող սովորողը վերականգնվելիս պահպանում է կրթաթոշակ ստանալու իրավունքը` սույն կարգի պայմաններին համապատասխանելու դեպքում:

15. Սույն կարգի համաձայն սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ:

16. ԲԿԳԿ-ն իրավասու է ստուգելու սույն որոշմամբ սահմանված տեղեկությունների ճշգրտությունը կամ սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու պարագայում, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն ստանալու՝ պաշտոնական գրությամբ հարցում ներկայացնելով համապատասխան պետական մարմինների, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են պահանջվող տեղեկությունը:

17. Յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը ԲԿԳԿ-ն հայտարարում է սույն կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը՝ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում՝ հիմնվելով վերջին հինգ տարում սույն կարգի երկրորդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող հաստատություններում ուսումնառություն ստացող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:

18. ԲԿԳԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվող՝ սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հայտարարության մեջ ներառվում են պահանջվող փաստաթղթերի փաթեթների նկարագրությունը, դրանց ներկայացման ժամկետները, այդ թվում՝ նաև առցանց եղանակով, կցվում է դիմումի ձևանմուշը:

19. Սույն կարգի համաձայն պետական կրթաթոշակ ստանալու համար հայտարարությունը հրապարակվելուց հետո սովորողը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը ԲԿԳԿ է ներկայացնում`

1) դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է դիմողի անունը, ազգանունը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենը.

2) սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանները բավարարող հաստատություններից որևէ մեկում սովորելու փաստը հիմնավորող փաստաթուղթ (նոտարական վավերացմամբ).

3) սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանները բավարարող գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.

4) սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանները բավարարող գործատուի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված փոխհատուցումը հավաստող փաստաթուղթը և գործատուի հիմնավորումը.

5) սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանձնառության պայմանագրի պատճենը.

6) սովորողի համաձայնությունը սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունների և անձնական տվյալների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:

20. Սույն կարգով նախատեսված դիմում-հայտերի քննարկման ընթացքում, երբ դիմում-հայտերի քանակը գերազանցում է հայտարարված կրթաթոշակների թիվը, առաջնահերթությունը տրվում է հետևյալ պայմաններին` ըստ հաջորդականության՝

1) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող կրթական ծրագրերով սովորելու հանգամանքը․

2) հաստատության՝ վարկանիշային ցանկում առավել բարձր դիրքը.

3) նախորդ կրթական մակարդակում սովորողի միջին որակական գնահատականը․

4) հաստատություն ընդունելության համար պահանջվող քննությունների առավել բարձր արդյունքները.

5) գործատուի տնտեսական գործունեության արդյունքները։

21. Սույն կարգի պահանջներին համապատասխանող դիմում-հայտերի բավարարման դեպքում, իսկ ակադեմիական հաջորդ տարվա համար՝ կարգի 12-րդ կետով նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, կրթաթոշակները փոխանցվում են գործատուին՝ դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` 15 օրվա ընթացքում:

22. Սույն կարգով նախատեսված գործընթացի մոնիթորինգն իրականացվում է ԲԿԳԿ-ի կողմից՝ տարեկան առնվազն 1 անգամ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.03.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2025 թվական: