ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2025 թվականի N 356-Լ
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
27.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
մարտի 27-ի N 356-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ
1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացման և գյուղատնտեսական կարևորագույն արտադրատեսակների ներկրումից կախվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունում բուսաբուծության ոլորտի նախանշված թիրախային ցուցանիշներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ավելացնել բուսաբուծական արտադրանքի ծավալները` խթանելով ցանքատարածությունների ընդլայնումը:
2. Հայաստանի Հանրապետությունում առկա են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և միջին բերքատվության բարձրացման մեծ հնարավորություններ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս խթանել հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքերի իրականացումը և ագրոտեխնիկական սահմանված միջոցառումների կիրառման շնորհիվ արտադրողականության բարձրացումը՝ նպաստելով նաև անասնաբուծության ոլորտի զարգացմանը։
3. Հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, կերային մշակաբույսեր (առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ) համախառն արտադրանքի ավելացումն ապահովելու համար անհրաժեշտ է հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածություններն ավելացնել շուրջ 35 950 հեկտարով (աշնանացան ցորենը՝ 17 000 հեկտարով, գարնանացան հացահատիկային մշակաբույսերը` 16 700 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1200 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 500 հեկտարով), իսկ կերային մշակաբույսեր` 2250 հեկտարով (առվույտ, կորնգան՝ 2200 հա, կերի ճակնդեղը՝ 50 հա)։
4. Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես լաբորատոր փորձաքննություն անցած և հավաստագրված սերմերով, դրանց մշակության համար փոխհատուցել մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վար, ցանք, բերքահավաք և սերմ) համար ծախսերի 50 տոկոսը։ Ընդ որում՝ բուսաբուծության աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունները չեն կարող գերազանցել 100 հեկտարը, իսկ փոխհատուցման առավելագույն գումարը՝ 11.0 մլն դրամը:
5. Ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
6. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
7․ Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ՝ մարզպետի աշխատակազմ).
3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ՝ համայնք).
4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ շահառու), ընդ որում՝ միևնույն ֆիզիկական անձը և անհատ ձեռնարկատերը միաժամանակ չի կարող հանդիսանալ ծրագրի շահառու։
8. Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա (ներառյալ) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողերի վրա մշակություն իրականացնող տնտեսավարողը՝ համաձայն N 1 աղյուսակում ներառված մշակաբույսերի, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
9․ Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝
1) ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակում սահմանված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում.
2) յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք.
3) գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2025 թվականի հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2025 թվականի մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2025 թվականի հունիսի 10-ը, իսկ աշնանացան ցորենինը՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները.
4) անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ, ըստ մշակաբույսերի, անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4, 5, 6 և 7 աղյուսակներում.
5) ծրագրի շրջանակներում առվույտի և կորնգանի (հիմնական մշակաբույսեր) ծածկոց հանդիսացող մշակաբույսերով (հացահատիկային մշակաբույսեր) ցանքի դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով, իսկ խառը ցանքերի (մի քանի մշակաբույսերի համատեղ ցանք՝ բերքի ստացման նպատակով) դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով.
6) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։
10․ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ներկայացված են NN 8, 9, 10, 11, 12 աղյուսակներում (հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերից հարցումների արդյունքում ճշտված՝ հանրապետության միջին շուկայական գները)՝
1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 140 000 դրամ, իսկ եգիպտացորենինը՝ 170 000 դրամ.
2) աշնանացան ցորենի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 160 000 դրամ․
3) հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 200 000 դրամ.
4) կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի վրա առաջին տարվա ցանքի և մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 220 000 դրամ, կերի ճակնդեղինը՝ 160 000 դրամ։
11․ Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սահմանաչափերով՝
1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ.
2) աշնանացան ցորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 80 000 դրամ․
3) հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ.
4) կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ, կերի ճակնդեղի համար՝ 80 000 դրամ։
12․ Շահառուները մինչև ցանքի իրականացումը ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
13. Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անշարժ գույքի (գյուղատնտեսական նշանակության հողի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի պատճենը, պայմանագրային հիմունքներով առնվազն մեկ տարի ժամկետով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի պատճենը, կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ գյուղատնտեսական նշանակության հողը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից փաստացի օգտագործվող հողամասի կադաստրային ծածկագիրը, միևնույն կադաստրային ծածկագրով հողամասը նաև այլ շահառուների կողմից օգտագործվելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվություն, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն) և դրա հիմք հանդիսացող փաստաթղթերը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) գրավոր համաձայնությունը.
3) գրավոր համաձայնություն՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմնին փոխանցելու մասին.
4) հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից)՝ միևնույն հողակտորի վրա նույն նպատակի համար պետական օժանդակության այլ ծրագրերից չօգտվելու մասին տեղեկացված լինելու վերաբերյալ:
14․ Ծրագրի 13-րդ կետում ներկայացվող տեղեկատվության, ինչպես նաև իրականացված մոնիթորինգով արձանագրված փաստացի կատարված ցանքերի մակերեսների վերաբերյալ պատասխանատվությունը կրում են համայնքապետարանը և մարզպետի աշխատակազմը։
15. Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան: 13-րդ կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու կամ դրանք թերի ներկայացնելու պարագայում համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու կամ նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է տեղեկացումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները կամ ներկայացնել նոր դիմում:
16․ Պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում նախարարության կայքում։ Պայմանագրում ամրագրվում է դրույթ՝ հողամասի կադաստրային ծածկագրի, մշակաբույսի տեսակի (տեսակների), սորտի (սորտերի) կատարվելիք ցանքատարածության մակերեսի վերաբերյալ, ընդ որում՝ պայմանագրում ամրագրվածից պակաս կատարված ցանքի դեպքում փոխհատուցումը կտրամադրվի համայնքի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքով պարզված փաստացի կատարված ցանքի դիմաց։
17. Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները, «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված սերմերի որակի փորձաքննության արձանագրությունը: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել սերմերի ձեռքբերման փաստաթղթերը, սերմերի պարկերի պիտակները և այլ փաստաթղթեր։
18. Համայնքի ղեկավարը ծրագրի 15-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները պայմանագրերի կնքումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետի աշխատակազմ։
19. Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։ Մոնիթորինգի իրականացման կարգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը և մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը տրամադրում համայնքին և մարզպետի աշխատակազմ։
20. Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և ցանքերի ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան լինելու դեպքում մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված համայնքին և մարզպետի աշխատակազմին տրամադրված ձևաչափով։
21. Ծրագրի 19-րդ կետով սահմանված կարգի համաձայն մշակաբույսի ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում՝ մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի համայնքի շահառուների թվի առնվազն 20 %-ը։
22. Մարզպետի աշխատակազմը մոնիթորինգից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված ընտրանքային մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում է նախարարություն՝ ծրագրի 20-րդ կետով նախատեսված ձևաչափով։
23. Նախարարությունն ամփոփում է ծրագրի 20-րդ կետում նշված տեղեկատվությունը և մոնիթորինգի արձանագրությունները՝ դրանք ստանալուց հետո 25 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքում ի հայտ եկած անճշտությունների դեպքում վերադարձվում է համայնքին՝ առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին դիմում ներկայացնելու նպատակով կամ փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում համայնքների հաշվեհամարներին, ընդ որում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցվում են համայնքների հաշվեհամարներին մինչև 2025 թվականի նախավերջին աշխատանքային օրը ներառյալ, իսկ աշնանացան ցորենի դեպքում՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ։
24. Համայնքները ծրագրի 23-րդ կետով նախատեսված գումարներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են շահառուների բանկային հաշվեհամարներին, որոնք բռնագանձման ենթակա չեն, և 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։
25. Մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված մոնիթորինգի բացասական արդյունքների առկայության դեպքում (ծրագրի պայմանների կամ 15-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում) տվյալ պայմանագրի շրջանակում փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում նախարարության կողմից համայնքին ներկայացվում է պետական բյուջե հետվերադարձման պահանջ շահառուին փոխհատուցված (համայնքին գումարը հետ է վերադարձնում շահառուն) գումարների մասով։
26․ Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուի կողմից համայնքին 1-ամսյա ժամկետում գումարները չվճարելու պարագայում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։
27․ Նախարարությունը մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ աշնանացան ցորենի դեպքում՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը ուսումնասիրում է համայնքների կողմից ծրագրի 24-րդ կետում ներկայացված փաստաթղթերը, և անճշտությունների առկայության դեպքում համայնքներին առաջարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան ճշգրտումներ ու տեղեկատվություն ներկայացնել նախարարություն։ Ճշգրտումից հետո շահառուներին չփոխանցված գումարները 1-ամսյա ժամկետում ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
28․ Նախարարությունը մինչև 2025 թվականի, իսկ աշնանացան ցորենի դեպքում՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա նախավերջին աշխատանքային օրը՝ ներառյալ մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարները փոխհատուցված գումարի 3%-ի չափով փոխանցում է համայնքների հաշվեհամարներին։
29. Համայնքները մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ աշնանացան ցորենի դեպքում՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա դեկտեմբերի 1-ը նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն՝ ծրագրի շրջանակում ըստ մշակաբույսերի կատարված ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ։
30. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝
1) շրջանառու միջոցների գների թանկացումները.
2) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.
3) շահառուների կողմից պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների ոչ պատշաճ իրականացումը․
4) ծրագրով սահմանված պահանջների վերաբերյալ շահառուների ոչ բավարար տեղեկացվածությունը․
5) շահառուների կողմից ծրագրով սահմանված պահանջները չպահպանելը։
31. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝
1) հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը.
2) ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը.
3) շահառուների մասնագիտական կարողությունների բարելավումը՝ խորհրդատվության միջոցով.
4) մոնիթորինգի իրականացումը։
32. Ծրագրի ֆինանսական գնահատականը՝
1) ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
2) ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1․491 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված (գարնանացան հացահատիկային մշակաբույսերի` շուրջ 15 000 հեկտար, այդ թվում՝ եգիպտացորենի՝ 1200 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, կերային մշակաբույսերից առվույտի, կորնգանի՝ 2250 հա, կերի ճակնդեղի՝ 50 հա) մշակաբույսերի մշակության համար փոխհատուցվող գումարները և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 3․0 %-ը` շուրջ 43․4 մլն դրամ), իսկ 2026 թվականին կկազմի՝ 1․401 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված (աշնանացան ցորենի` շուրջ 17 000 հեկտար) մշակաբույսերի մշակության համար փոխհատուցվող գումարները և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 3․0 %-ը` շուրջ 40․8 մլն դրամ)․
3) հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակում հանրապետությունում ըստ մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսի սահմանափակում նախատեսված չէ՝ ցանքատարածությունների մակերեսը կարող է գերազանցել ծրագրի շրջանակում գնահատված մակերեսը։
33. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
1) մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 35 950 հեկտարով, այդ թվում՝ աշնանացան ցորենը՝ 17 000 հեկտարով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կավելանան 16 700 հեկտարով, որից եգիպտացորենը՝ 1200 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 500 հեկտարով, կերային մշակաբույսերինը (առվույտ, կորնգան՝ 2200 հեկտար, կերի ճակնդեղ՝ 50 հեկտար)՝ 2250 հեկտարով.
2) աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 000 տոննայով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 27 000 տոննայով, կերային մշակաբույսերինը` շուրջ 14 000 տոննայով.
3) կնվազեն ներմուծման ծավալները.
4) ինքնարժեքի նվազում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.
5) շահառուների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում:
Աղյուսակ N 1
Ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի մշակաբույսերի տեսակների մշակությունը
Հայաստանի Հանրապետության մարզը |
Մշակաբույսը |
Արագածոտն |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն և գարնանացան գարի, վարսակ, հաճար) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան |
Արմավիր |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան ցորեն,
գարնանացան գարի, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կերի ճակնդեղ |
Արարատ |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան ցորեն,
գարնանացան գարի, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կերի ճակնդեղ |
Գեղարքունիք |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Լոռի |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Կոտայք |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Շիրակ |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Սյունիք |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Վայոց ձոր |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան
ցորեն, գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Տավուշ |
հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան ցորեն,
գարնանացան գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն) |
հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ) |
առվույտ, կորնգան, կերի ճակնդեղ |
Աղյուսակ N 2
Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանումը |
Ագրոտեխնիկական պահանջները |
Հիմնական պարարտացում |
Գոմաղբ,
Ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ* |
Խոր վար |
25-27 սմ խորությամբ |
Հողի նախացանքային
մշակություն |
Կուլտիվացիա |
10-12 սմ խորությամբ |
հարթեցում |
Հարթեցում (գլանակում) |
Ցանք |
180-250 կգ/հա** |
Ոռոգում |
- |
Պայքար հիվանդությունների,
վնասատուների և մոլախոտային բուսականության դեմ |
Սրսկումները կատարել՝ հետևելով եղանակային
պայմաններին, ինչպես նաև օգտագործել աճի խթանիչներ |
Սնուցում |
Ազոտական պարարտանյութ |
Բերքահավաք |
Հատիկի լրիվ հասունացման փուլ |
___________________
* Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել
** գարնանցան գարի՝ 180-200 կգ/հա, գարնանացան ցորեն՝ 220-250 կգ/հա, վարսակ 180-200 կգ/հա, հաճար՝ 180-200 կգ/հա
Աղյուսակ N 3
Եգիպտացորենի մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանումը |
Ագրոտեխնիկական պահանջները |
Երեսվար |
15-20 սմ խորությամբ |
Հիմնական պարարտացում |
Գոմաղբ, Ֆոսֆորական
Կալիումական պարարտանյութ * |
Խոր վար |
25-27 սմ խորությամբ |
Հողի
նախացանքային |
Կուլտիվացիա
(2 անգամ) |
10-12 սմ խորությամբ |
10-12 սմ խորությամբ ազոտական 100 կգ + |
մշակություն |
|
կրկնակի սուպերֆոսֆատ 65 կգ |
հարթեցում |
Հարթեցում (գլանակում) |
Ցանք |
70x30 սխեմայով, 20 կգ ցանքի նորմայով,
6-8 սմ խորությամբ |
Ոռոգում |
- |
Միջշարային մշակություն
(2 անգամ) + սնուցում |
ազոտական պարարտանյութ |
Պայքար հիվանդությունների, վնասատուների և մոլախոտային
բուսականության դեմ |
3-4 անգամ |
Բերքահավաք |
Հատիկի լրիվ հասունացման փուլ |
____________________
*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել
Աղյուսակ N 4
Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանումը |
Ագրոտեխնիկական պահանջները |
Հիմնական պարարտացում |
Գոմաղբ
ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ* |
Խոր վար |
25-30 սմ խորությամբ |
Հողի նախացանքային
մշակություն |
Կուլտիվացիա 10-12 սմ խորությամբ |
Ցանք |
- |
Ոռոգում |
- |
Միջշարային տարածքների 1-ին
կուլտիվացիա |
- |
Միջշարային տարածքների
2-րդ կուլտիվացիա |
8-10 սմ խորությամբ |
Սնուցում |
ազոտական պարարտանյութ |
Քաղհան փխրեցում (ձեռքով) |
- |
Պայքար հիվանդությունների,
վնասատուների և մոլախոտային բուսականության դեմ |
2-3 անգամ |
Բերքահավաք |
- |
________________
*Հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական կազմը և ըստ դրա պարարտացնել
Աղյուսակ N 5
Առվույտի և կորնգանի (1-ին տարվա) մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանումը |
Ագրոտեխնիկական պահանջները |
Պարարտացում
(օրգանական պարարտանյութ) |
Գոմաղբ 20-25 տոննա |
Խոր վար |
25-30 սմ խորությամբ |
Հողի
նախացանքային մշակություն |
Կուլտիվացիա |
10-12 սմ խորությամբ |
Տափանում, հարթեցում |
Հարթեցում (գլանակում) |
Ցանք* |
առվույտ |
20-25 կգ |
կորնգան |
150-170 կգ |
Ոռոգում |
- |
Պայքար հիվանդությունների
և վնասատուների դեմ |
- |
Բերքահավաք |
առվույտ |
Բերքահավաքն իրականացնել ծաղկման
փուլում, հատուկենտ ծաղիկների երևալուն պես |
կորնգան |
Հակավորում |
- |
Հակի բարձում և բեռնաթափում |
- |
___________________
* Նպատակահարմար է ցանքն իրականացնել ենթացանքով (գարի, ցանքի նորմա՝ 100-120 կգ/հա)
Աղյուսակ N 6
Աշնանացան ցորենի մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանում |
Ագրոտեխնիկական պահանջներ |
Հիմնական պարարտացում |
Գոմաղբ,
Ֆոսֆորական, կալիումական պարարտանյութ* |
Խորը վար |
25-27 սմ խորությամբ |
Հողի նախացանքային մշակություն |
Կուլտիվացիա |
10-12 սմ խորությամբ |
հարթեցում |
Տափանում կամ փոցխում |
Ցանք |
Ցանքի նորմայի ընտրությունը կատարել՝ հաշվի առնելով, սորտային և կենսաբանական առանձնահատկությունները (1 հա-ի հաշվով պահանջվող ծլունակ սերմերի քանակը), ցանքի համար օգտագործվող շարքացանների
տեխնիկական հնարավորությունները և այլն։ |
Ոռոգում |
Ոռոգովի պայմաններում մշակելու դեպքում՝ տվյալ գոտու համար աշնանացան ցորենի ոռոգման նորմային և ռեժիմին
համապատասխան |
Պայքար հիվանդությունների,
վնասատուների և մոլախոտային դեմ |
Ցանքը կատարել ախտահանված սերմերով, սրսկումները կատարել՝ հետևելով եղանակային պայմաններին, մոլախոտերի դեմ պայքարը կազմակերպել դրանց զարգացման վաղ
փուլում։ |
Սնուցում |
Ազոտական պարարտանյութ |
Սորտային քաղհան և ապրոբացիա** |
- |
Բերքահավաք |
Հատիկի լրիվ հասունացման փուլ |
________________________
* պարարտացումը կատարել՝ հաշվի առնելով տվյալ հողամասի ագրոքիմիական ցուցանիշները
** սուպերէլիտային և էլիտային սերմերով ցանքի դեպքում՝ սերմնադաշտերում սորտային քաղհան և ապրոբացիա
Աղյուսակ N 7
Կերի ճակնդեղի մշակության համար կատարվող աշխատանքները
Աշխատանքի անվանումը |
Ագրոտեխնիկական պահանջները |
Պարարտացում
(օրգանական պարարտանյութ) |
Գոմաղբ 25-35 տոննա |
Խոր վար |
25-30 սմ խորությամբ |
Հողի
նախացանքային մշակություն |
Կուլտիվացիա |
10-12 սմ խորությամբ |
Տափանում,
հարթեցում |
Հարթեցում (գլանակում) |
Ցանք* |
Կերի ճակնդեղ |
16-20 կգ |
- |
- |
Ոռոգում |
Ըստ անհրաժեշտության՝ կախված մշակության
գտնվելու վայրից և պայմաններից |
Պայքար հիվանդությունների
և վնասատուների դեմ |
Պայքար սնկային հիվանդությունների և
վնասատուների դեմ |
Բերքահավաքի ժամանակահատվածը |
Կերի ճակնդեղ |
Բերքահավաքն իրականացնել արմատապտուղների լրիվ հասունացման փուլում |
- |
- |
Բերքատվությունը |
Կերի ճակնդեղ |
400-500 ց |
- |
- |
- |
- |
Աղյուսակ N 8
Հաշվարկ
Մեկ հեկտար գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)
Աշխատանքի անվանումը |
Արժեքը
(հազ. դրամ) |
Վար |
35 |
Ցանք |
15 |
Բերքահավաք |
35 |
Սերմ |
55 |
Ընդամենը |
140 |
Աղյուսակ N 9
Հաշվարկ
Մեկ հեկտար եգիպտացորենի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)
Աշխատանքի անվանումը |
Արժեքը
(հազ. դրամ) |
Վար |
35 |
Ցանք |
20 |
Բերքահավաք |
35 |
Սերմ |
80 |
Ընդամենը |
170 |
Աղյուսակ N 10
Հաշվարկ
Մեկ հեկտար աշնանացան ցորենի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)
Աշխատանքի անվանումը |
Արժեքը
(հազ. դրամ) |
Վար |
35 |
Ցանք |
20 |
Բերքահավաք |
35 |
Սերմ |
70 |
Ընդամենը |
170 |
Աղյուսակ N 11
Հաշվարկ
Մեկ հեկտար հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)
Աշխատանքի անվանումը |
Արժեքը
(հազ. դրամ) |
Վար |
35 |
Ցանք |
15 |
Բերքահավաք |
50 |
Սերմ |
100 |
Ընդամենը |
200 |
Աղյուսակ N 12
Հաշվարկ
Մեկ հեկտար բազմամյա խոտաբույսեր (առվույտ, կորնգան) մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների ծախսերը (օպերատիվ տեղեկատվության համաձայն)
Աշխատանքի անվանումը |
Արժեքը
(հազ. դրամ) |
առվույտ |
կորնգան |
Վար |
35 |
35 |
Ցանք |
15 |
15 |
Բերքահավաք |
110 |
95 |
Սերմ |
60 |
75 |
Ընդամենը |
220 |
220 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
27.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |