Համարը 
N 202-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2005.02.01/3(180) Հոդ.37
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2004
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32005016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


29 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 202-Ն

                                    

 
Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման գրանցամատյանները և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները գլխավոր վարչությունում պահպանվում են սույն հրամանով հաստատված կարգի համաձայն ու գլխավոր վարչության սահմանած կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով հանձնվում են արխիվ:


Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան


Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
29 դեկտեմբերի 2004 թ.
N 202-Ն հրամանի


Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգը հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան։

2. Սույն կարգը նպատակ ունի ապահովել վարչական վարույթի վերաբերյալ գործերի կանոնավոր վարումը և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար դրանցում առկա տեղեկությունների, փաստաթղթերի և այլ նյութերի մասին արագ ու հեշտ իրազեկման հնարավորություն ստեղծել։

3. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (այսուհետ` գլխավոր վարչություն) վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման, այդ գործերի հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաև վարչական վարույթի գործերով գլխավոր վարչության ընդունած վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը։

4. Սույն կարգի գործողությունը տարածվում է գլխավոր վարչության կողմից իրականացվող՝ վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա։

Սույն կարգի գործողությունը տարածվում է օրենքով սահմանված կարգով անձանց դիմումի կամ նրանց բողոքի (այսուհետ՝ դիմում) հիման վրա, ինչպես նաև գլխավոր վարչության նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցած գլխավոր վարչության վրա, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է։

5. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակություն, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում։

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Գլխավոր վարչությանում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են գլխավոր վարչության կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ գլխավոր վարչության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից։

7. Եթե գլխավոր վարչությունը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է գլխավոր վարչության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ՝ սույն կարգին համապատասխան։

8. Գլխավոր վարչությունը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին՝ հետևյալ խմբերով՝

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) գլխավոր վարչության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր։

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով գլխավոր վարչություն բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում՝ նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը։

Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել գլխավոր վարչություն` որպես վերադաս վարչական մարմին, ապա բողոքի վերաբերյալ գլխավոր վարչության ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում՝ համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են գլխավոր վարչությունում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը։

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դրանց պատճենները։ Իրեղեն ապացույցները գործին կցվում են որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով՝ կնքված գլխավոր վարչության կնիքով։

9. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ։

10. Ելնելով նպատակահարմարությունից` գործերը կարող են համարակալվել նաև ենթախմբերով:

11. Որպես կանոն, գործերը համարակալվում և դրանց վարման գործառույթները գլխավոր վարչությունում իրականացվում են կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ։

Նպատակահարմարության համար՝ եթե վարչական վարույթներով գործերը հարուցում են գլխավոր վարչության տարբեր կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի՝ ենթախմբերի բաժանելով։

Գլխավոր վարչությունը որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը (անձանց դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ) ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող է սահմանել գործերի համարակալման թվային կամ այբբենական պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ։

12. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են՝

ա) գլխավոր վարչության լրիվ անվանումը.

բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ) գործի հերթական համարը՝ արաբական թվերով։

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում՝ գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը)։

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Վարչական վարույթ. գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա՝ «Նախաձեռնության հիման վրա»)։

Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը՝ պաշտոնի նշումով։ Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից, պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար։

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան։

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ)։

13. Տվյալ վարչական գործով գլխավոր վարչություն` որպես վերադաս վարչական մարմին բողոք բերելու կամ դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` գործը վարող վարչական մարմինը` ներառյալ գլխավոր վարչությունը, եթե վերջինս այդ գործով վարչական բողոք է քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել, հանում է դրանում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները և սույն կարգին համապատասխան՝ կազմում այդ գործի կրկնօրինակը, որի շապիկի վրա, վերին աջ անկյունում նշվում է՝ «Բողոքարկվել է»։

Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում նախարարություն ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը։

14. Եթե գլխավոր վարչությունում բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների (երբ բողոքի վերաբերյալ գլխավոր վարչության ընդունած որոշման դեմ հայց է ներկայացվել դատարան, ինչպես նաև վերջինիս վճիռը կամ որոշումը դատական կարգով բողոքարկվել է) ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած վարչական մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին։

15. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում առանձին, նաև՝ բողոքարկման վարույթն ավարտվելուց հետո։

16. Գործի վարույթն ավարտելուց հետո գլխավոր վարչությունը կազմում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը՝ նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը։

Ցանկում պետք է նշվեն նաև գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը։ Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը՝ նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը։

17. Եթե գործերը համարակալվել են պայմանանշանների (դրանց զուգորդությունների) կիրառմամբ, ապա նման գործերը նույնպես պահվում են առանձին՝ ըստ համապատասխան պայմանանշանների (դրանց զուգորդությունների)։

18. Վարչական վարույթների վերաբերյալ գործերը հերթական տարվա ավարտից հետո, ելնելով նպատակահարմարությունից կամ գլխավոր վարչությունում սահմանված կարգից, կարող են կենտրոնացված կարգով պահվել գլխավոր վարչության որևէ ստորաբաժանումում կամ առանձին՝ այն ստորաբաժանումներում, որոնք իրականացնում են դրանց հետ կապված գործառույթներ։

19. Ավարտված գործերը կարվում են և կնքվում գլխավոր վարչության կնիքով։

Կարված մասում պետք է լինի գլխավոր վարչության աշխատակազմի քարտուղարության պետի (այսուհետ` պաշտոնատար անձ) ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը։

20. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում՝ լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով։

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Գլխավոր վարչությունում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան։

Հաշվի առնելով սույն կարգի 8-11-րդ կետերի պահանջները` գլխավոր վարչությունը կարող է վարել առանձին գրանցամատյաններ՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների կամ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների։

22. Բացի սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերից` գլխավոր վարչությունն առանձին գրանցամատյաններ է վարում դիմումի հիման վրա և առանձին՝ գլխավոր վարչության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման համար։

23. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար` առանձին։

24. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են գլխավոր վարչության լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը։ Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի ու ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը)։

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «րանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»։

25. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն N 1 ձևի:
Դիմումի հիման վրա և գլխավոր վարչության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին՝ հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանել 3 աղյուսակ՝ հետևյալ սխեմայով՝

ա) N 1 աղյուսակում նշել գլխավոր վարչությունում ստացված դիմումի հիման վրա կամ գլխավոր վարչության նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշել տվյալ գործով բերված բողոքը գլխավոր վարչությունում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշել տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները։

26. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) գլխավոր վարչությունում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը։

Եթե վարչական վարույթը հարուցվել է գլխավոր վարչության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը)։

Եթե վարչական վարույթը հարուցվել է գլխավոր վարչության նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ գլխավոր վարչությունը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե գլխավոր վարչության նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ գլխավոր վարչության նախաձեռնության արդյունքում գլխավոր վարչության ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։

27. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել գլխավոր վարչությունը (նաև որպես վերադաս վարչական մարմին)։

28. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները՝

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել գլխավոր վարչությունը` որպես վերադաս վարչական մարմին, ապա NN 1 և 2 աղյուսակները պետք է լրացնի գլխավոր վարչությունը:

29. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում՝ նաև բողոք է ներկայացվել դատարան։ Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը։ Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում։ Այդ պատճառով նպատակահարմար է N 3 աղյուսակը բաժանել երեք հավասար մասի՝ յուրաքանչյուրում նշելով՝

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը։

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով և, կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում՝ դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները։

30. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ կարող է պարունակել NN 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում կարող են գրանցվել մի գործի վերաբերյալ տեղեկությունները՝ N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում՝ նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում՝ նաև N 3 աղյուսակը լրացնելով։

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց՝ ամբողջացվում։

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել գլխավոր վարչության` որպես վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2 և 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները։

31. Գործերի հաշվառման գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա պաշտոնատար անձը նշում է՝ «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը։ Գրանցամատյանը կարվում է և կնքվում գլխավոր վարչության կնիքով։

32. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է։

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

33. Գլխավոր վարչությունը վարում է նաև վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան (այսուհետ՝ ակտերի հաշվառման գրանցամատյան)։

Վարչական ակտերը կարող են հաշվառվել մեկից ավելի գրանցամատյաններում կամ մեկ միասնական գրանցամատյանում (գրանցամատյանների N 2 ձևը կցվում է)։

34. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում են գլխավոր վարչության լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը։

Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»։

35. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են գլխավոր վարչության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը։

Հաշվառման ենթակա են գլխավոր վարչության ընդունած` սույն կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված բոլոր վարչական ակտերը։ Դրանք են`

ա) անձի դիմումի հիման վրա կամ գլխավոր վարչության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում՝ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ գլխավոր վարչության ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ գլխավոր վարչության ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում, օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում՝ դատական ակտի հիման վրա գլխավոր վարչության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն դատարանի կողմից գլխավոր վարչության գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա գլխավոր վարչության ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն գլխավոր վարչության իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը։

Ելնելով նպատակահարմարությունից` գլխավոր վարչությունը կարող է հաշվառել նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն)։

36. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը (բողոքը) կամ գլխավոր վարչության նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը)։

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը։

37. Ելնելով անհրաժեշտությունից` գլխավոր վարչությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ։

38. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է։

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

39. Գլխավոր վարչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսն ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը, ուսումնասիրում և վերլուծում է այդ գործում առկա թերությունների և բացթողումների պատճառները, միջոցառումներ է իրականացնում դրանց վերացման, ինչպես նաև այդ գործի համար պատասխանատու աշխատողների աշխատանքների բարելավման ուղղությամբ։

40. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են գլխավոր վարչությունում` գործավարության կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվ հանձնման։


Ձև 1

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

Ձև 2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ