«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1882-Ն
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 7 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի N 1882-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն կարգով կարգավորվում են գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի (այսուհետ` ակտեր) հրապարակման, հաշվառման, պահպանման և արխիվացման հետ կապված հարաբերությունները։
II. ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
2. Գործատուն այլ իրազեկման միջոցների թվում ապահովում է աշխատավայրում, մուտքից ներս, առավել տեսանելի տեղում ցուցատախտակների վրա ակտերի հրապարակումը` դրանց ուժի մեջ մտնելու օրը, և պահպանում առնվազն 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն կետով նախատեսված ակտերի հրապարակման դրույթը չի տարածվում միկրոձեռնարկությունների վրա:
III. ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. Ակտերի հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկման և իրավական ակտերի հաշվառման կարգերը հաստատելու մասին» N 1146-Ն որոշմամբ հաստատված կարգով:
IV. ԱԿՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
4. Գործատուի ընդունած ակտերը վարելու և պահպանելու պարտականությունները կատարվում են գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից, և այդ ակտերը մինչև արխիվացումը մշտապես պահպանվում են գործատուի կենտրոնական գրասենյակում` մետաղյա պահարաններում։
V. ԱԿՏԵՐԻ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ
5. Ակտերի արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |