Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Համաձայնագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունման վայրը 
Մինսկ
Ընդունող մարմինը 
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվը 
25.09.2000
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջԵՎ բժշկագիտության ԵՎ առողջապահության ոլորտում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը, այսուհետ`Կողմեր,

հաշվի առնելով բժշկության և առողջապահության բնագավառում ավանդական կապերի պահպանման ու զարգացման ցանկությունը,

հաշվի առնելով երկարատև և կայուն հիմքի վրա փոխշահավետ ու իրավահավասար համագործակցություն  զարգացնելու Կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը լայն համագործակցություն կծավալեն բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված առաջնահերթ ազգային ծրագրերի ու խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Հոդված 2

 

Կողմերը, հաշվի առնելով շուկայական հարաբերությունների անցման առանձնահատկությունները, կնպաստեն առողջապահական հաստատությունների և մարմինների (այսուհետ` Համագործակցող կազմակերպություններ) միջև ուղղակի կապերի ընդլայնմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը  փոխշահավետ համագործակցություն կզարգացնեն առողջապահության և բժշկագիտության հետևյալ ոլորտներում.

  • բնակչության առողջության առաջնային և մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերում մեծահասակ ու մանկահասակ բնակչությանը,
  • կանխարգելիչ բժշկություն և  շրջակա միջավայրի պաշտպանություն,
  • դեղաբանություն և բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ արտադրություն,
  • սանատորաառողջարանային բուժում և վերականգնում,
  • գիտական և բժշկական կադրերի պատրաստում,
  • գիտական մշակումների համատեղ իրագործում,
  • առողջապահության մեջ համակարգչային տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում,
  • բնակչության բժշկական ապահովագրում,
  • առողջապահության համակարգի վերակառուցման մեջ առաջնայնության ճշտում,
  • բժշկական վիճակագրություն,
  • արտակարգ իրավիճակների բժշկասանիտարական հետևանքների կանխում և վերացում,
  • հրատապ տեղեկության փոխանակում:

Հոդված 4

 

Համագործակցող կազմակերպությունների  կապերն իրականացվում են ուղղակի պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է համապատասխանեն երկու պետությունների օրենսդրություններին: Համագործակցող կազմակերպությունները կրում են պայմանագրային  պարտականությունների կատարման իրավական և տնտեսական պատասխանատվությունը:

 

Հոդված 5

 

 Կողմերն իրենց բուժական-կանխարգելիչ, գիտահետազոտական, սանատորաառողջարանային և առողջապահական այլ հաստատություններին փոխադարձաբար կօգնեն բուժական, խորհրդատվական, գիտական և այլ տիպի համագործակցության կազմակերպման հարցերում: 

 

Հոդված 6

 

Կողմերը պայմանավորվեցին, որ, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, միջգերատեսչական երկկողմ համագործակցությունը կիրականացվի կոմերցիոն սկզբունքով (պայմանագրային գներով կամ գործող գնացուցակներով)՝ խորհրդատվության, բուժման և վերականգնման նպատակով  փոխադարձաբար հիվանդներ ուղարկելու, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու, կադրերի պատրաստման, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկության փոխանակման, ախտորոշման ու բուժման նոր մեթոդների կիրառման համար մեթոդական նյութերի մշակման, սիմպոզիումների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրատարակման, համատեղ արտոնագրերի ձևակերպման ճանապարհով:

Կողմերը պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միմյանց տնտեսական վնաս հասցնող  գործողություններից: 

 

Հոդված 7

 

 Կողմերը փոխադարձ հաշվարկների և համագործակցության կոնկրետ ուղղությունների ու ձևերի մշակման նպատակով պայմանավորվեցին ստեղծել փորձագետների աշխատանքային մշտական խումբ: 

 

Հոդված 8

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարների, կոնֆերանսների և նմանատիպ միջոցառումների անցկացման ծրագրերի մասին: Իրենց երկրների գիտաբժշկական ու առողջապահական այլ կազմակերպությունների խնդրանքով և առաջարկով նրանք կարող են աջակցություն ցուցաբերել այդ միջոցառումներին գործուղող կողմի հաշվին մասնակցող մասնագետների ընդունելության հարցում:

 

Հոդված 9

 

Արտակարգ իրավիճակներում Կողմերն անվճար սկզբունքով կապահովեն անհետաձգելի բուժախորհրդատվական և մարդասիրական օգնություն:

 

Հոդված 10

 

Կողմերը կտանեն բժշկական բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների և ծրագրերի բարելավման համատեղ աշխատանք, ուղղակի ստեղծագործական կապեր կհաստատեն նշված հիմնարկությունների միջև, կոմերցիոն սկզբունքով կիրագործեն ասպիրանտների, ուսանողների և սովորողների փոխանակություններ:

 

Հոդված 11

 

Համապատասխան կառույցների փոխազդեցության ճանապարհով Կողմերը կոմերցիոն սկզբունքով վերաորակավորման հնարավորություն կտան իրենց բժշկական, դասախոսական և գիտական կադրերին՝ նրանց հատկացնելով համապատասխան փուլերի ու աշխատանքային տեղում վերապատրաստման ուղեգրեր:

 

Հոդված 12

 

Կողմերը, ելնելով բժշկական տեխնիկայի, դեղորայքի արտադրության և փոխանակման եղանակների զարգացման ու կատարելագործման հնարավորությունից, կնպաստեն այդ ոլորտներում երկու պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` տնտեսավարող սուբյեկտների միջոցով բժշկական նշանակության ապրանքների արտադրման համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով:

 

Հոդված 13

 

Կողմերը կնպաստեն Անկախ պետությունների համագործակցության առողջապահության բնագավառի համագործակցության շրջանակներում բազմակողմ կապերի և կոոպերացիայի խորացմանը: 

 

Հոդված 14

 

Կողմերը փոխհամաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրի մեջ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություն և կկազմեն սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ու կիրառման շուրջ առաջացած տարակարծությունները կլուծվեն Կողմերի ներկայացուցիչների մակարդակով՝ բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին դիվանագիտական ճանապարհով վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Նրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար,  եթե Կողմերից որևէ մեկը հերթական ժամկետի ավարտից 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի լուծարման մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 15-ից: