Համարը 
N 202-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.02.01/3(243) Հոդ.31
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2006
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

27 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 202-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետով.

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ՝ Ա. Մովսեսյան


Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2006 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 202-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները սահմանում են քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական անհրաժեշտ ծառայությունների տեսակները և չափանիշները՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվելիք օդային երթևեկության հոսքերի տեսակներից:

2. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների հիմնական նպատակն աերոդրոմներում, երթուղիներում և Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների անվտանգության, կանոնավորության և արդյունավետության ապահովումն է: Օդերևութաբանական ծառայությունների մատուցումն իրականացվում է սույն փաստաթղթի, Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի հավելված 3-ի, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) ավիացիոն օդերևութաբանական կանոնադրության (Դոկ. 8896) դրույթների համաձայն: Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը սույն կետում նշված փաստաթղթերին և դրանցում կատարվող լրացումների ու փոփոխությունների համաձայն սահմանում է ծառայությունների մատուցման մանրամասն ընթացակարգերը, ներառյալ այդ գործընթացում մատուցվող օդերևութաբանական տեղեկատվության ձևն ու բովանդակությունը: Սահմանվող ընթացակարգերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համաձայնեցմանը՝ սույն կետում նշված պահանջների վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

3. Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինն ապահովում է օդերևութաբանական ծառայության անձնակազմի արհեստավարժությունը և պատրաստվածությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից սահմանված պահանջների համաձայն:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

 

1) Աերոդրոմի օդերևութաբանական մարմին - Աերոդրոմում տեղակայված օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմինը: Աերոդրոմի օդային երթևեկության սպասարկման կարգավարական աշտարակին և/կամ մոտեցման կարգավարական ծառայությանը սպասարկող օդերևութաբանական մարմինը տեղակայվում է աերոդրոմում:

2) ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն - օդերևութաբանական հետևող մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն երթուղում եղանակի փաստացի կամ սպասվող որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ազդել ցածր բարձրություններում կատարվող օդանավերի թռիչքների անվտանգության վրա:

3) ԱՏԻՍ (ATIS) - տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայություն աերոդրոմի շրջանում:

4) ԱՄԵՏ (GAMET) գոտիական կանխատեսում - բաց տեքստով, կրճատումներով կազմված գոտիական կանխատեսում ցածր բարձրություններում կատարվող թռիչքների համար և կիրառելի է թռիչքների տեղեկատվական շրջանում:

5) Գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոն - օդերևութաբանական կենտրոն, որը պատրաստում և պետություններին է առաքում համաշխարհային մասշտաբով եղանակի հատուկ երևույթների կանխատեսումներ բարձրություններում թվայնացված տեսքով:

6) Եղանակի կանխատեսում - օդերևութաբանական պայմանների նկարագրություն, որոնք սպասվում են որոշակի պահին կամ ժամանակահատվածում, որոշակի գոտում կամ օդային տարածության մասում:

7) Լեռնային ալիքներ - լեռնային արգելքների հանդիպած օդային հոսանքից առաջացած ալիքներ:

8) ՍԻՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն - օդերևութաբանական հետևող մարմնի կողմից թողարկվող տեղեկատվություն թռիչքի երթուղում փաստացի և/կամ սպասվող եղանակի որոշակի երևույթների առաջացման մասին, որոնք կարող են ներազդել օդանավերի թռիչքների անվտանգության վրա:

9) ՎՈԼՄԵՏ (VOLMET) - Օդերևութաբանական տեղեկատվություն թռիչքում գտնվող օդանավերի համար: ՎՈԼՄԵՏ տեղեկատվությունը հաղորդվում է ռադիոհեռարձակման միջոցով կամ թվային տեսքով՝ տարածաշրջանային համաձայնագրերի հիման վրա և կարող է պարունակել METAR, SPECI, TAF, SIGMET և այլ բաղկացուցիչներ:

10) Քամու շեղում - քամու ուղղության և/կամ արագության փոփոխությունը տարածությունում՝ ներառյալ վերընթաց և վարընթաց հոսանքները, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ օդանավի վայրէջքի և թռիչքի վրա:

11) Օդերևութաբանական ամփոփագիր - հաղորդում օդերևութաբանական պայմանների դիտումների արդյունքների մասին, որոնք վերաբերում են որոշակի ժամանակի և տեղի:

12) Օդերևութաբանական մարմին(ներ) - քաղաքացիական ավիացիայի բնագավառում սույն փաստաթղթի դրույթների համաձայն օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմին(ներ)ը:

13) Օդերևութաբանական հետևող մարմին - թռիչքների տեղեկատվական շրջանի օդային երթևեկության սպասարկումն իրականացնող մարմնին ծառայություններ մատուցող օդերևութաբանական մարմինը:

14) Օդերևութաբանական տեղեկատվություն՝ - օդերևութաբանական ամփոփագիր, վերլուծություն, կանխատեսում և ցանկացած այլ հաղորդագրություն, որը վերաբերում է փաստացի կամ սպասվող օդերևութաբանական պայմաններին:

15) ՕՊՄԵՏ(OPMET) - օդերևութաբանական օպերատիվ տեղեկատվություն:

Այն սահմանումները և հասկացությունները, որոնք չեն արտահայտված սույն փաստաթղթում, պետք է համապատասխանեն ԻԿԱՕ-ի հավելված 3-ում ընդունված սահմանումներին և հասկացություններին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

5. Քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունն իրենից ներկայացնում է նշված ծառայությունները մատուցող մարմնի կողմից սույն փաստաթղթի դրույթների համաձայն օդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը այդ տեղեկատվության օգտագործողներին: Ծառայությունների մատուցման (օդերևութաբանական տեղեկատվության տրամադրման) ապահովման նպատակով դրանք մատուցող մարմինն իրականացնում է.

ա) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում:

բ) եղանակի կանխատեսումների կազմում ու տրամադրում,

գ) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում,

դ) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից ՕՊՄԵՏ (OPMET)-ի ստացում ու տրամադրում:

6. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը կատարում է օդերևութաբանական դիտումներ և հաղորդում համապատասխան ամփոփագրեր: Դիտումներն ու ամփոփագրերն իրենց մեջ ներառում են կանոնավոր դիտումները և ամփոփագրերը, հատուկ դիտումները և հատուկ ամփոփագրերը, օդերևութաբանական ռադարով իրականացվող դիտումները:

7. Կանոնավոր դիտումներն իրականացվում են ամեն օր՝ շուրջօրյա ռեժիմով: Աերոդրոմում իրականացվող կանոնավոր դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.

- աերոդրոմի ընթացիկ տեղական կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր (այսուհետ՝ տեղական կանոնավոր ամփոփագրեր),

- աերոդրոմի ընթացիկ կանոնավոր օդերևութաբանական ամփոփագրեր՝ ՄԵՏԱՐ (METAR):

Եթե տվյալ օդանավակայանը շուրջօրյա ռեժիմով չի աշխատում, ՄԵՏԱՐ ամփոփագրերը թողարկվում են մինչև օդանավակայանում թռիչքների վերսկսվելը՝ համաձայն աերոդրոմի օդերևութաբանական մարմնի և օդանավակայանում օդային երթևեկության սպասարկումն
իրականացնող մարմնի միջև կնքված համաձայնագրի պահանջների:

Տեղական կանոնավոր ամփոփագրերը նախատեսված են ժամանող և մեկնող օդանավերի համար և տարածվում են միայն տվյալ աերոդրոմում:

Եղանակի կանոնավոր ամփոփագրերը` ՄԵՏԱՐ (METAR) նախատեսված են տվյալ աերոդրոմից դուրս տարածելու համար: ՄԵՏԱՐ ամփոփագրերը ուղարկվում են ՕՊՄԵՏ (OPMET) տվյալների միջազգային բանկերին:

8. Աերոդրոմում իրականացվող հատուկ դիտումների արդյունքում թողարկվում են հետևյալ ամփոփագրերը.

- աերոդրոմի հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր՝ ՍՊԵՍԻ (SPECI),

- աերոդրոմի տեղական հատուկ օդերևութաբանական ամփոփագրեր:

Հատուկ դիտումներ իրականացնելու անհրաժեշտությունը սահմանող չափանիշների ցանկը կազմում է տվյալ աերոդրոմի օդերևութաբանական մարմինը՝ օդային երթևեկության սպասարկման մարմնի, շահագործողների և այլ շահագրգիռ կողմերի հետ համաձայնության արդյունքում:

Հատուկ ամփոփագրերն ուղարկվում են ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին:

Կանոնավոր և հատուկ տեղական ամփոփագրերում և ՄԵՏԱՐ ու ՍՊԵՍԻ ամփոփագրերում ընդգրկվող տարրերը նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի 4.5 կետում:

9. Այն աերոդրոմներում, որտեղ տեղակայված են օդերևութաբանական ռադարներ, օդերևութաբանական մարմինը կատարում է ամպամածության, տեղումների և ամպրոպների օջախների տարածական տեղաշարժման և զարգացման դիտումներ:

Օդերևութաբանական ռադարի տեղեկատվության մեջ մտնում են՝

ա) օջախի բնույթը,

բ) օջախի կենտրոնի տեղադրությունն աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը),

գ) օջախների տեղաշարժի ընդհանուր ուղղությունը և արագությունը՝ կմ/ժ:

Դիտումների արդյունքները քարտեզների տեսքով հաղորդվում են աերոդրոմի հերթապահ սինոպտիկին և օդային երթևեկության սպասարկման կարգավարներին:

Աերոդրոմից 30 կմ շառավղով հեռավորության վրա ամպրոպների առկայության դեպքում տվյալները մտցվում են տեղեկատվության ավտոմատ հաղորդման ծառայության՝ ԱՏԻՍ (ATIS) հեռարձակման մեջ:

10. Եղանակի կանխատեսումների տեսակները ներառում են.

- եղանակի կանխատեսումներ աերոդրոմի համար՝ TAF (ՏԱՖ),

- կանխատեսումներ վայրէջքի համար՝ ՏՐԵՆԴ (TREND),

- գոտիական կանխատեսումներ ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար,

- ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվություն,

- ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն,

- աերոդրոմային նախազգուշացումներ:

 11. Աերոդրոմային կանխատեսումները որոշակի ժամանակահատվածում աերոդրոմի շրջանում սպասվող օդերևութաբանական պայմանների մասին սեղմ հաղորդագրություններ են:

Աերոդրոմում ՏԱՖ կանխատեսումների գործողության ժամկետը չպետք է լինի 9 ժամից պակաս և 24 ժամից ավելի: Կանոնավոր` 12 ժամ և պակաս տևողությամբ ՏԱՖ կանխատեսումները թողարկվում են 3 ժամը մեկ, իսկ 12-ից մինչև 24 ժամ տևողությամբ կանխատեսումները՝ ամեն 6 ժամը մեկ:

Այն դեպքում, երբ դիտվում կամ սպասվում է եղանակի տարրերի և երևույթների էական փոփոխություն, որը գործող կանխատեսման մեջ նախատեսված չէր, անմիջապես կազմվում է կանխատեսման ճշգրտում՝ ՏԱՖ ԱՄԴ (TAF AMD): ՏԱՖ կանխատեսումը և դրա ճշգրտումը ներառում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի 6.2.3 կետում նշված հերթականությամբ տեղեկատվություն:

ՏԱՖ կանխատեսման մեջ ընդգրկված օդերևութաբանական տարրերի մասին տեղեկատվությունը նշված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.2 կետում:

ՏԱՖ և ՏԱՖ ԱՄԴ կանխատեսումները հաղորդվում են ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին և օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայություններին:

12. ՏՐԵՆԴ կանխատեսումները մտնում են տեղական կանոնավոր, կամ տեղական հատուկ, կամ ՄԵՏԱՐ, կամ ՍՊԵՍԻ ամփոփագրերի մեջ:

ՏՐԵՆԴ-ի գործողության տևողությունը 2 ժամ է՝ այն կազմելուց հետո:

13. Ելնելով 150 թռիչքային մակարդակից ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների ինտենսիվությունից և հաշվի առնելով օդային տարածքի օգտագործողների պահանջները` թռիչքային տեղեկատվական կենտրոնի կամ օդային երթևեկության կառավարման շրջանային կենտրոնի և այդ կենտրոնի գործունեությունը սպասարկող օդերևութաբանական մարմնի (այսուհետ՝ օդերևութաբանական հետևող մարմին) միջև կնքվող համաձայնագրով նախատեսվում են ցածր բարձրություններում գոտիական կանխատեսումների կանոնավոր թողարկում և տարածում: Այդպիսի թռիչքների համար կազմվում են ԱԻՐՄԵՏ (AIRMET) տեղեկատվություն և ԳԱՄԵՏ (GAMET) կանխատեսումներ:

ԱԻՐՄԵՏ-ը հաղորդվում է այլ օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման մարմիններին:

ԳԱՄԵՏ-ը եղանակի գոտիական կանխատեսում է ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար: Այն կազմվում է գործողությունը սկսվելուց առնվազն 1 ժամ առաջ և հաղորդվում է այլ օդերևութաբանական մարմիններին ու ցածր բարձրություններում թռիչք իրականացնող օդանավի անձնակազմին:

ԳԱՄԵՏ-ում օգտագործվում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 5-րդ կետի կրճատումները և թվային մեծությունները:

14. ՍԻԳՄԵՏ (SIGMET) տեղեկատվությունը թողարկում է օդերևութաբանական հսկողության մարմինը:

ՍԻԳՄԵՏ-ի գործողության տևողությունը չպետք է գերազանցի 6 ժամը և պետք է թողարկվի գործողությունը սկսվելուց առնվազն 30 րոպե առաջ:

ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ուղարկվում է ՕՊՄԵՏ տվյալների միջազգային բանկերին և այլ օդերևութաբանական մարմինների՝ համապատասխան համաձայնագրերի առկայության դեպքում:

15. Աերոդրոմային նախազգուշացում - համառոտ տեղեկատվություն օդերևութաբանական պայմանների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ գետնի վրայի ինքնաթիռների և աերոդրոմային սարքավորումների ու միջոցների վրա:

Աերոդրոմային նախազգուշացումները կազմվում են ոչ ուշ, քան 30 րոպե մինչև օդերևութաբանական երևույթի սկսվելը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

16. Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման չափանիշները իրենց մեջ ներառում են սույն կարգի Գլուխ 2-ում ներկայացված օդերևութաբանական տեղեկատվության ձևավորման ու թողարկման չափանիշները, ինչպես նաև այն օգտագործողներին այդ տեղեկատվության տրամադրման (մատուցվող ծառայությունների) չափանիշները:

17. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերը թողարկվում են բաց տեքստով ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակի նմուշին համապատասխան:

ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրերը թողարկվում են ԻԿԱՕ-ի հավելված 3- ի «A3-2» աղյուսակի նմուշին համապատասխան:

Տեղական հատուկ ամփոփագրերի թողարկման համար օգտագործվում են հետևյալ չափանիշները.

ա) տվյալ աերոդրոմն օգտագործողների շահագործման նվազագույնին առավել մոտ դիտվող մեծությունների առկայությունը,

բ) օդային երթևեկության սպասարկման և շահագործողների տեղական այլ պահանջները բավարարող մեծություններ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն նրանց և օդերևութաբանական մարմնի միջև,

գ) ջերմաստիճանի 20C-ով կամ ավելի բարձրանալը՝ վերջին հաղորդագրությունում նշվածի համեմատությամբ, կամ ջերմաստիճանի բարձրանալը այն շեմային նշանակությունից, որի վերաբերյալ կա համաձայնություն օդերևութաբանական մարմնի, օդային երթևեկության սպասարկման մարմնի և շահագործողների միջև,

դ) առկա լրացուցիչ տեղեկատվություն, որն առնչվում է վայրէջքի, մոտեցման և բարձրություն հավաքելու գոտիներում ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A3-1» աղյուսակում նշված օդերևութաբանական պայմանների առաջացմանը,

ե) ՍՊԵՍԻ ամփոփագիր կազմելու համար չափանիշ համարվող մեծություններ:

ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփոգրերի թողարկման չափանիշները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 3-ի 2.3.2 և 4-րդ կետերում:

Հայաստանի Հանրապետությունում քամու արագությունը գետնի վրա չափվում է մ/վրկ-ով:

18. ՏԱՖ կանխատեսումը թողարկվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի «A5-1» աղյուսակում բերված նմուշին համապատասխան:

ՏԱՖ կանխատեսումն ընդգրկում է գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակային երևույթների, ամպամածության, իսկ 24 ժամ տևողությամբ ՏԱՖ-ը՝ նաև առավելագույն և նվազագույն ջերմաստիճանի մասին տվյալներ:

ՏԱՖ կանխատեսման փոփոխությունների խմբի չափանիշները մանրամասն ներկայացված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 1.3 կետում:

19. ՏՐԵՆԴ կանխատեսումները թողարկվում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 3-ի «A3-1» և «A3-2» աղյուսակների նմուշներին համապատասխան: ՏՐԵՆԴ տիպի կանխատեսումներում օգտագործվում են հաղորդագրության նույն միավորները և սանդղակները, որոնցում դրանք զետեղված են:

ՏՐԵՆԴ կանխատեսման մեջ նշվում են մեկ կամ մի քանի հետևյալ տարրերը՝ գետնամերձ քամին, տեսանելիությունը, եղանակային երևույթները և ամպամածությունը: Դրանում ընդգրկվում են այն տարրերը, որոնց զգալի փոփոխություն է սպասվում:

ՏՐԵՆԴ կանխատեսման առանձին տարրերի մանրամասն չափանիշները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 5-ի 2.2 կետում:

20. Ցածր բարձրություններում թռիչքների համար գոտիական կանխատեսումների (ԳԱՄԵՏ) թողարկման չափանիշները հետևյալն են.

ա) ընդարձակ տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին,

բ) տեսանելիությունը երկրի մակերևույթին ընդարձակ տարածությունում 5000 մետրից պակաս՝ ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները,

գ) եղանակային յուրահատուկ երևույթները՝ ներառյալ ամպրոպն ու ավազի և փոշու ուժեղ փոթորիկները,

դ) սարերի փակված լինելը,

ե) մասնատված կամ համատարած ամպամածություն ընդարձակ տարածությունում՝ գետնի մակերևույթից 1000 ֆուտ (300 մետրից) ցածր բարձրությամբ և/կամ ցանկացած կույտաանձրևային կամ աշտարակաձև կույտավոր ամպերը՝ նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները,

զ) սառցակալումը՝ բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների,

է) մրրկայնությունը՝ բացառությամբ կոնվեկտիվ ամպերում առաջացածների,

ը) ճնշումային դաշտերի և մթնոլորտային ճակատների առկայությունը և նրանց սպասվելիք տեղաշարժն ու զարգացումը,

թ) քամիները և օդի ջերմաստիճանը հետևյալ բացարձակ բարձրությունների համար՝ 2000 ֆուտ, 5000 ֆուտ և 1000 ֆուտ, (600 մ, 1500 մ և 3000 մ)

ժ) 00C-ի բարձրությունը երկրի մակերևույթից,

ժա) սպասվող նվազագույն ճնշումը Քյու Էն Էյջ (QNH):

21. ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ընդգրկում է ստորև թվարկվող հետևյալ երևույթները.

ա) ամպրոպ,

բ) միջին և ուժեղ մրրկայնություն,

գ) ուժեղ սառցակալում,

դ) լեռնային ալիք,

ե) փոշու ուժեղ փոթորիկ,

զ) ուժեղ ավազափոթորիկ,

է) կարկուտ:

ՍԻԳՄԵՏ տեղեկատվության չափանիշների մանրամասն նկարագրությունը բերված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 6-ի 1-ին կետում:

22. ԱԻՐՄԵՏ տեղեկատվությունն ընդգրկում է 150 թռիչքային մակարդակից ցածր բարձրություններում ստորև թվարկվող հետևյալ երևույթները.

ա) ընդարձակ տարածությունում 60 կմ/ժ-ից ավելի միջին արագությամբ գետնամերձ քամին,

բ) երկրի մակերևույթին, ընդարձակ տարածությունում 5000 մետրից պակաս տեսանելիությունը՝ ներառյալ տեսանելիությունը վատացնող եղանակային երևույթները,

գ) ամպրոպները,

դ) սարերի փակված լինելը,

ե) մասնատված կամ համատարած ամպամածությունն ընդարձակ տարածությունում՝ գետնի մակերևույթից 300 մետրից (1000 ֆուտ) ցածր բարձրությամբ՝ նշելով նրանց ներքին և վերին սահմանների բարձրությունները և չափման միավորը,

զ) կույտաանձրևային ամպերը,

է) աշտարակաձև կույտավոր ամպերը,

ը) միջին սառցակալումը,

թ) միջին մրրկայնությունը,

ժ) միջին լեռնային ալիքը:

ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններում ընդգրկված երևույթներին վերաբերող չափանիշների մանրամասները նշված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 6-ի 4-րդ կետում:

23. Աերոդրոմային նախազգուշացումները թողարկվում են ներքոհիշյալ մեկ կամ մի քանի փաստացի կամ սպասվող երևույթների ծագման դեպքում.

- ամպրոպների,

- կարկուտների,

- ձյան,

- սառչող տեղումների,

- եղյամի,

- ավազի փոթորկի,

- փոշու փոթորկի,

- բարձրացող ավազի կամ փոշու,

- ուժեղ գետնամերձ քամու և պոռթկումների,

- քամու շեղման,

- հողմային փոթորկման,

- սառնամանիքի,

- այլ երևույթների՝ համաձայնեցված տեղական մակարդակով:

Քամու շեղումը, եթե հնարավոր է, պետք է նշել ըստ թռիչքագոտու հատվածների:

Քամու շեղման ինտենսիվության չափանիշները 30 մետր բարձրության վրա՝

թույլ 0-2 մ/վ,

միջին 2-4 մ/վ,

ուժեղ 4-6 մ/վ,

շատ ուժեղ 6 մ/վ ավելի:

24. Օդերևութաբանական ծառայություններ մատուցող մարմին(ներ)ը սույն փաստաթղթում նշված տեղեկատվությունը տրամադրում են (ծառայություններ են մատուցում).

ա) օդաչուական անձնակազմերին և օդանավ շահագործողներին,

բ) օդային երթևեկության կառավարման մարմիններին,

գ) որոնողափրկարարական ծառայության մարմիններին,

դ) աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը,

ե) այլ շահագրգիռ մարմիններին (այդ թվում նաև՝ օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերին) և այլ օգտագործողներին՝ ըստ համաձայնության:

Մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները միմյանցից տարբերվում են տրամադրվող տեղեկատվության տեսակներով և դրանց համադրությամբ:

25. Թռիչքների նախապատրաստման և պլանավորման հետ կապված օդաչուական անձնակազմերին և այլ շահագրգիռ շահագործողներին ներկայացվող փաստաթղթերում օդերևութաբանական մարմինն ընդգրկում է ստորև թվարկված բոլոր տարրերը կամ դրանցից ցանկացած մեկը՝

ա) բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին ընթացիկ ու կանխատեսվող տվյալներ,

բ) տրոպոպաուզայի բարձրությունը և ջերմաստիճանը, ինչպես նաև առավելագույն քամու ուղղությունը, արագությունը և բարձրությունը,

գ) երթուղում փաստացի և սպասվող եղանակային յուրահատուկ երևույթները,

դ) կանխատեսում վերասլացքի համար,

ե) մեկնելու աերոդրոմի, վերասլացքի պահուստային աերոդրոմի, երթուղում գտնվող վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՄԵՏԱՐ ամփոփագրերը, առկայության դեպքում՝ նաև ՍՊԵՍԻ ամփոփագրերը,

զ) մեկնման և վայրէջքի համար նախանշված աերոդրոմների, ինչպես նաև վերասլացքի, երթուղում գտնվող և վայրէջքի համար նախանշված պահուստային աերոդրոմների ՏԱՖ կանխատեսումները,

է) ՍԻԳՄԵՏ և օդում գտնվող օդանավերից ստացված հատուկ տեղեկատվությունները,

ը) ՍԻԳՄԵՏ տեղեկատվություն ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար,

թ) օդերևութաբանական ռադարների տվյալները,

ժ) օդերևութաբանական արբանյակներից ստացվող լուսանկարները,

ի) ընթացիկ և կանխատեսումային քարտեզները:

26. Ըստ հարցման, խորհրդատվությունը և թռիչքային փաստաթղթերի ցուցադրումը սովորաբար ապահովվում են մեկնումը սպասարկող աերոդրոմում: Այն դեպքերում, երբ տվյալ աերոդրոմն այդպիսի սպասարկում չի կատարում, օդերերևութաբանական մարմնի և համապատասխան շահագործողի միջև համաձայնագրի հիման վրա միջոցներ են ձեռնարկվում օդանավի անձնակազմի կողմից ներկայացված պահանջներն ապահովելու համար:

Այն տեղեկատվությունը, որը ցուցադրվում է քարտեզների տեսքով (բարձրություններում քամու և ջերմաստիճանի, եղանակային յուրահատուկ երևույթների վերաբերյալ), ուժի մեջ է քարտեզի վրա նշված ժամկետում: Այդպիսի քարտեզներում ներկայացված տեղեկատվությունը նշված է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4.3 կետում:

Այն դեպքերում, երբ բարձրություններում քամու և ջերմաստիճանի մասին տեղեկությունները ներկայացվում են աղյուսակների տեսքով, դրանցում ներառված տվյալները պետք է համապատասխանեն թռիչքային մակարդակների համար նախատեսված բարձունքային քարտեզներում նշված բարձրություններին:

27. Ցածր բարձրություններում իրականացվող թռիչքների համար բաց տեքստով տրվող փաստաթղթերում պետք է ընդգրկվի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություն,

բ) ԱՄԵՏ գոտիական կանխատեսում:

28. Օդերևութաբանական մարմինը թռիչքում գտնվող օդանավերի համար նախատեսված օդերևութաբանական տեղեկատվությունը տրամադրում է օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմնին, ինչպես նաև այն ներկայացնում է ՎՈԼՄԵՏ ռադիոհեռարձակումներում:

Թռիչքում գտնվող օդանավերին տրամադրվող օդերևութաբանական տեղեկատվությունն օդային երթևեկության սպասարկման մարմիններին ներկայացվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի գլուխ 10-ի պահանջներին համապատասխան:

ՎՈԼՄԵՏ ռադիոհեռարձակվող հաղորդումների օդերևութաբանական տեղեկատվությունը հաղորդվում է ԻԿԱՕ-ի հավելված 3-ի գլուխ 11-ին համապատասխան:

29. Թռիչքի պատրաստվող օդաչուական անձնակազմերին խորհրդատվության ժամանակ աերոդրոմի օդերևութաբանական մարմինն իրականացնում է հետևյալ վերջին տեղեկատվության ցուցադրումը (տրամադրումը).

ա) ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրեր,

բ) ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ,

գ) նախազգուշացումներ տեղի աերոդրոմում,

դ) կանխատեսում վերասլացքի համար,

ե) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ,

զ) ընթացիկ և կանխատեսումային քարտեզներ,

է) Երկրի օդերևութաբանական արբանյակներից ստացված լուսանկարներ,

ը) օդերևութաբանական ռադարներից ստացված տեղեկատվություն:

30. Օդերևութաբանական մարմնի և օդանավ շահագործողների փոխադարձ համաձայնությամբ, ցուցադրումը կարող է օգտագործվել խորհրդատվության փոխարեն:

31. Թռիչքային փաստաթղթերին առնչվող պահանջները և չափանիշները ներկայացված են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 8-ի 4-րդ կետում:

32. Օդային երթևեկության սպասարկման մարմինների հետ խորհրդակցելով` օդերևութաբանական մարմինը նրանց է տրամադրում անհրաժեշտ օդերևութաբանական վերջին տեղեկատվությունը:

Օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից հարցված օդերևութաբանական տեղեկատվությունը ներկայացվում է առավելագույն կարճ ժամանակահատվածում:

33. Աերոդրոմի համապատասխան օդերևութաբանական մարմինն աերոդրոմային կարգավարական կետին տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը՝

ա) տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրեր, ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ ամփոփագրեր, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ՝ ճշտումներով հանդերձ, համապատասխան աերոդրոմում,

բ) տեղեկատվություններ ՍԻԳՄԵՏ, ԱԻՐՄԵՏ, աերոդրոմային նախազգուշացումներ,

գ) ցանկացած լրացուցիչ օդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյություն ունի համաձայնագիր:

34. Աերոդրոմի օդերևութաբանական մարմինը մոտեցման կարգավարին, ըստ անհրաժեշտության, տրամադրում է հետևյալ օդերևութաբանական տեղեկատվությունը՝

ա) տեղական կանոնավոր և հատուկ, ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ տեղեկագրեր, այդ թվում՝ տվյալներ ընթացիկ մթնոլորտային ճնշման մասին, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ՝ ճշտումներով հանդերձ,

բ) ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ, օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություն և աերոդրոմային նախազգուշացումներ,

գ) ցանկացած լրացուցիչ օդերևութաբանական տեղեկատվություն, որի վերաբերյալ նրանց միջև գոյության ունի համաձայնագիր:

35. Համապատասխան օդերևութաբանական հետևող մարմինը, անհրաժեշտության դեպքում, թռիչքային տեղեկատվական կենտրոնին կամ շրջանային կարգավարական կենտրոնին տալիս է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) ՄԵՏԱՐ և ՍՊԵՍԻ տեղեկագրեր, այդ թվում` աերոդրոմում մթնոլորտային ճնշման մասին ընթացիկ տվյալներ, ՏԱՖ և ՏՐԵՆԴ կանխատեսումներ՝ ճշտումներով հանդերձ, և պատասխանում է թռիչքային տեղեկատվական կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումներին՝ ըստ տեղական համաձայնագրի,

բ) քամու և օդի ջերմաստիճանի կանխատեսումներ բարձրություններում, եղանակային յուրահատուկ երևույթների կանխատեսումներ թռիչքի երթուղում՝ ճշտումներով հանդերձ, մասնավորապես` այնպիսի երևույթների, որոնք կարող են արգելք հանդիսանալ թռիչքների իրականացմանը վիզուալ թռիչքների կանոններով՝ ՍԻԳՄԵՏ և ԱԻՐՄԵՏ տեղեկատվություններ, թռիչքում գտնվող օդանավերից ստացվող հատուկ հաղորդագրություններ,

գ) այլ օդերևութաբանական տեղեկատվություն՝ ըստ թռիչքային տեղեկատվության կենտրոնի կամ շրջանային կարգավարական կենտրոնի հարցումների,

ե) դեպի մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների մասին ստացվող տեղեկատվություն՝ համաձայնեցված օդերևութաբանական և օդային երթևեկության սպասարկման լիազորված մարմինների միջև:

36. Օդերևութաբանական մարմինը որոնողափրկարարական ծառայության մարմիններին օդերևութաբանական տեղեկատվությամբ ապահովում է նրանց միջև համաձայնագրի հիման վրա:

37. Որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոններին պետք է տրամադրվեն անհայտ կորած օդանավի գտնվելու վերջին վայրի և տվյալ օդանավի նշված երթուղու օդերևութաբանական պայմանների մասին տեղեկատվություն, որտեղ ընդգրկվում են.

ա) եղանակային յուրահատուկ երևույթները թռիչքի երթուղում,

բ) ամպերի քանակը, տեսակը (մասնավորապես՝ կույտաանձրևային), դրանց ստորին և վերին սահմանների բարձրությունը,

գ) տեսանելիությունը և նրա վատթարացումն առաջացնող երևույթները,

դ) գետնամերձ քամին և քամին բարձրություններում,

ե) գետնի մակերևույթի վիճակը, մասնավորապես` ձյան ծածկույթի կամ ջրի առկայությունը:

38. Ըստ որոնողափրկարարական աշխատանքը համակարգող կենտրոնի հարցման, նշանակված օդերևութաբանական մարմինը պետք է միջոցներ ձեռնարկի անհայտ կորած օդանավի անձնակազմին տրված թռիչքային փաստաթղթերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Որոնողափրկարարական գործողությունների իրականացմանն աջակցելու համար նշանակված օդերևութաբանական մարմինը հարցման դեպքում պետք է ներկայացնի՝

ա) լրիվ և մանրամասն տեղեկատվություն որոնման շրջանի ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին,

բ) տեղեկատվություն թռիչքի երթուղու ընթացիկ և կանխատեսվող օդերևութաբանական պայմանների մասին, այդ թվում` այն թռիչքների երթուղիների, որոնցով որոնողական օդանավերը հեռանում են աերոդրոմից և վերադառնում աերոդրոմ:

39. Օդերևութաբանական մարմինն ապահովում է օդերևութաբանական վերջին տեղեկատվության տրամադրումը աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը՝ համաձայն նրա հետ գործող համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների:

40. Աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությանը, անհրաժեշտության դեպքում, տրվում է հետևյալ տեղեկատվությունը.

ա) տեղեկատվություն, որը նախատեսված է համապատասխան աերոնավիգացիոն ժողովածուի մեջ հրատարակելու համար,

բ) տեղեկատվություն ՆՕՏԱՄ (NOTAM) նախապատրաստելու համար, որը ներառում է՝

1. ավիացիոն օդերևութաբանական սպասարկումն սկսելու, դադարեցնելու և նշանակալից փոփոխությունների վերաբերյալ,

2. մթնոլորտ ռադիոակտիվ նյութերի վթարային արտանետումների վերաբերյալ:

գ) տեղեկատվություն, որն անհրաժեշտ է աերոնավիգացիոն տեղեկատվության շրջաբերականներ նախապատրաստելու համար՝ ներառելով մասնավորապես.

1. ավիացիայի օդերևութաբանական սպասարկման հարցերում, կանոններում և դրանց մատուցման միջոցներում սպասվող կարևոր փոփոխությունները,

2. օդանավերի թռիչքների իրականացման վրա օդերևութաբանական որոշակի երևույթների ազդեցությունը:

41. Աերոդրոմային կլիմատոլոգիական աղյուսակներում ներառվում է ԻԿԱՕ-ի Հավելված 3-ի լրացում 7-ի 3.1 կետում նշված տեղեկատվությունը:

Աերոդրոմային կլիմատոլոգիական հաղորդագրությունները ներառում են ԻԿԱՕ-ի հավելված 3-ի լրացում 7-ի 3.2 կետի պայմանները: