Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կոնվենցիա
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Ժնև
Ընդունող մարմինը 
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը 
19.05.1956
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
19.05.1956
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԿՈՆՎԵՆՑԻԱ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅԱՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ (CMR)

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին (CMR)

 

Նախաբան

 

Պայմանավորվող կողմերը,

Գիտակցելով բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագիրը կարգավորող պայմանների միօրինականացման ցանկալիությունը, մասնավորապես, կապված այն փաստաթղթերի հետ, որոնք կիրառվում են փոխադրումների և փոխադրողի պատասխանատվությունը սահմանելու համար,

Պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին:

 

Գ լ ու խ  I

Կիրառման ոլորտը

 

Հոդված 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է վարձու տրանսպորտային միջոցներով բեռների ավտոտրանսպորտային փոխադրումներին վերաբերող ցանկացած պայմանագրի նկատմամբ, երբ պայմանագրում նշված բեռների ընդունման վայրը և բեռների առաքման վայրը գտնվում են երկու տարբեր երկրների տարածքներում, որոնցից առնվազն մեկը հանդիսանում է Պայմանավորվող կողմ` անկախ պայմանագրի կողմերի բնակավայրից և ազգությունից:

2. Սույն Կոնվենցիայի նպատակով «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է՝ ավտոմեքենա, ավտոմեքենա քարշակ, կցասայլ և կիսակցասայլ, ինչպես սահմանված է 1943թ. սեպտեմբերի 19-ի՝ Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածում:

3. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև այն դեպքում, երբ դրա կիրառման շրջանակների մեջ մտնող փոխադրումներն իրականացվում են պետական կամ կառավարական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից:

4. Սույն Կոնվենցիան չի կիրառվում.

ա) միջազգային փոստային կոնվենցիաներով նախատեսված փոխադրումների դեպքում,

բ) հուղարկավորության համար անհրաժեշտ բեռների փոխադրումների դեպքում,

գ) կահույքի փոխադրումների դեպքում:

5. Պայմանավորվող կողմերը համաձայնում են չփոխել սույն Կոնվենցիայի դրույթները երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի միջև հատուկ պայմանագրերի միջոցով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ կիրառելի են դարձնում այն իրենց սահմանային երթևեկության նկատմամբ կամ թույլատրում են օգտագործումը տրանսպորտային գործողություններում, որոնք իրականացվում են բացառապես բեռնագրերի նշանակման տարածքում և սահմանում են բեռի սեփականության իրավունքը:

 

Հոդված 2

 

1. Եթե բեռնավորված տրանսպորտային միջոցն ուղևորության մի մասն իրականացնում է ծովով, երկաթգծով, ներքին ջրային ճանապարհով կամ օդային տրանսպորտով, և, բացառությամբ 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, եթե բեռը տրանսպորտային միջոցից չի բեռնաթափվում, ապա սույն Կոնվենցիան կիրառվում է ամբողջ փոխադրման ընթացքում: Սակայն այն չափով, որով ապացուցվում է, որ տրանսպորտի որևէ այլ տեսակով փոխադրման ընթացքում բեռի կորուստը, վնասվելը կամ առաքման ուշացումը տեղի են ունեցել ոչ թե ավտոտրանսպորտային փոխադրողի գործողությունների կամ բացթողումների հետևանքով, այլ այն պատճառով, որը կարող էր ի հայտ գալ միայն այլ տեսակի տրանսպորտով փոխադրման ժամանակ, ավտոտրանսպորտային փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է ոչ թե սույն Կոնվենցիայով, այլ այն պայմանագրի դրույթներով, որով կարող է որոշվել այլ տեսակի փոխադրողի պատասխանատվությունը, եթե բեռի փոխադրման պայմանագիրը կնքվել է որևէ այլ փոխադրողի և ուղարկողի միջև` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցին վերաբերող օրենքի պարտադիր նորմերով սահմանված դրույթների համաձայն: Սակայն այդպիսի պարտադիր նորմերի և դրույթների բացակայության դեպքում ավտոտրանսպորտային փոխադրողի պատասխանատվությունը սահմանվում է սույն Կոնվենցիայով:

2. Երբ ավտոտրանսպորտային փոխադրողը հանդիսանում է տրանսպորտի այլ տեսակներով փոխադրող, նրա պատասխանատվությունը նույնպես սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետով, սակայն նրա` որպես ավտոտրանսպորտային փոխադրողի և այլ տեսակի տրանսպորտով փոխադրողի գործողությունները դիտվում են որպես երկու առանձին անձանց գործողություններ:

 

Գ լ ու խ  II

Այն անձինք, որոնց համար պատասխանատու է փոխադրողը

 

Հոդված 3

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով փոխադրողը, այնպես, ինչպես պատասխանատու է իր սեփական գործողությունների և բացթողումների համար, պատասխանատու է նաև իր գործակալների ու ծառայողների և ցանկացած այլ մարդկանց գործողությունների և բացթողումների համար, որոնց ծառայությունները նա օգտագործում է փոխադրումն իրականացնելու համար, երբ այդ գործակալները, ծառայողները և այլ անձինք գործում են իրենց զբաղվածության շրջանակներում:


 

Գ լ ու խ  III

Փոխադրման պայմանագրի կնքումը ԵՎ իրագործումը

 

Հոդված 4

 

Փոխադրման պայմանագիրը հաստատվում է բեռնագիր կազմելով: Բեռնագրի բացակայությունը, անկանոնությունը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի գոյության կամ նրա ուժի մեջ լինելու վրա, որի նկատմամբ շարունակում են տարածվել սույն Կոնվենցիայի դրույթները:

 

Հոդված 5

 

1. Բեռնագիրը կազմվում է երեք օրինակով, որոնք ստորագրվում են ուղարկողի և փոխադրողի կողմից: Այդ ստորագրությունները կարող են տպված լինել տպագրական միջոցներով կամ փոխարինվել ուղարկողի և փոխադրողի դրոշմով, եթե դա թույլատրվում է այն երկրի օրենքով, որտեղ կազմվել է բեռնագիրը: Առաջին օրինակը տրվում է ուղարկողին, երկրորդն ուղեկցում է բեռը, իսկ երրորդը պահպանվում է փոխադրողի մոտ:

2. Երբ փոխադրման ենթակա բեռը բարձվում է մի քանի ավտոմեքենայի վրա, կամ երբ նրանք ներկայացնում են տարբեր տեսակի բեռներ կամ բաժանված են տարբեր խմբաքանակների, ուղարկողը կամ փոխադրողը իրավունք ունեն առանձին բեռնագիր պահանջելու յուրաքանչյուր ավտոմեքենայի կամ յուրաքանչյուր բեռի տեսակի կամ խմբաքանակի համար:

 

Հոդված 6

 

1. Բեռնագիրը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

ա) բեռնագիրը կազմելու ամսաթիվը և վայրը,

բ) ուղարկողի անունը և հասցեն,

գ) փոխադրողի անունը և հասցեն,

դ) բեռի ընդունման վայրը, ամսաթիվը և առաքման նշանակման վայրը,

ե) ստացողի անունը և հասցեն,

զ) բեռի սովորական նկարագիրն ու փաթեթավորման տեսակը և, վտանգավոր բեռների դեպքում` դրանց ընդունված նկարագիրը,

է) կապոցների քանակը և դրանց հատուկ նշաններն ու համարները,

ը) բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը,

թ) փոխադրման հետ կապված վճարումները (փոխադրման վճարումները, լրացուցիչ վճարները, մաքսային տուրքերը, ինչպես նաև այլ վճարները, որոնք գանձվում են պայմանագրի կնքման պահից մինչև բեռի առաքումը),

ժ) մաքսային կամ այլ ձևակերպումների համար պահանջվող հրահանգները,

ժա) հայտարարություն, որ փոխադրումը, չնայած ցանկացած վերապահման, ենթակա է սույն Կոնվենցիայի դրույթներին:

2. Անհրաժեշտության դեպքում բեռնագիրը պետք է պարունակի նաև հետևյալ տվյալները.

ա) հայտարարություն վերաբարձման անթույլատրելիության մասին,

բ) վճարները, որոնք պարտավորվում է վճարել ուղարկողը,

գ) «առաքման պահին վճարվող» գումարի չափը,

դ) բեռի հայտարարագրված արժեքը և առաքման ժամանակ հատուկ հետաքրքրություն ներկայացնող գումարը,

ե) ուղարկողի հրահանգները փոխադրողին բեռի ապահովագրման վերաբերյալ,

զ) համաձայնեցված ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի փոխադրումը,

է) փոխադրողին հանձնված փաստաթղթերի ցանկը:

3. Կողմերը կարող են բեռնագրում ընդգրկել ցանկացած այլ տվյալ, որն իրենք անհրաժեշտ են համարում:

 

Հոդված 7

 

1. Ուղարկողը պատասխանատվություն է կրում այն բոլոր ծախսերի, կորուստների և վնասների համար, որոնք կրում է փոխադրողը.

ա) 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «ե», «զ», «է», «ը» և «թ» ենթակետերի տվյալների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով,

բ) 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տվյալների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով,

գ) բոլոր այլ տվյալների կամ հրահանգների անճշտության կամ անհամապատասխանության հետևանքով, որոնք տվել է ուղարկողը բեռնագիր կազմելու կամ դրա մեջ տվյալները ներառելու համար:

2. Եթե, ուղարկողի խնդրանքով, փոխադրողը բեռնագրի մեջ ներառում է սույն հոդվածի 1-ին կետում նշված տվյալները, համարվում է, որ դա արվել է ուղարկողի անունից, եթե հակառակը չի ապացուցվում:

3. Եթե բեռնագիրը չի պարունակում 6-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետում նշված հայտարարությունը, փոխադրողը պատասխանատու է բոլոր ծախսերի, կորուստների և վնասների համար, որոնք կրում է բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձը այդպիսի բացթողման հետևանքով:

 

Հոդված 8

 

1. Բեռն ընդունելիս փոխադրողն ստուգում է.

ա) բեռնագրում նշված կապոցների քանակի և նրանց նշանների ու համարների վերաբերյալ հայտարարությունների ճշտությունը, և

բ) բեռի արտաքին վիճակը և փաթեթավորումը:

2. Եթե փոխադրողը չունի սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հայտարարությունների ճշտությունը ստուգելու համապատասխան հնարավորություններ, նա բեռնագրում նշում է վերապահումները` հիմնավորելով դրանք: Նա հիմնավորում է նաև իր կողմից արված այն բոլոր վերապահումները, որոնք վերաբերում են բեռի արտաքին վիճակին և փաթեթավորմանը: Այդպիսի վերապահումները պարտադիր չեն ուղարկողի համար, եթե վերջինս այդ կապակցությամբ բեռնագրում հստակորեն չի արտահայտում իր համաձայնությունը:

3. Ուղարկողն իրավունք ունի պահանջելու, որ փոխադրողն ստուգի բեռի համաքաշը կամ այլ կերպ արտահայտված քանակությունը: Նա կարող է նաև պահանջել կապոցների պարունակության ստուգում: Փոխադրողը կարող է պահանջել ստուգման հետ կապված ծախսերի փոխհատուցում: Ստուգումների արդյունքներն ընդգրկվում են բեռնագրում:

 

Հոդված 9

 

1. Բեռնագիրը համարվում է փոխադրման պայմանագրի կնքման, պայմանագրի պայմանների և փոխադրողի կողմից բեռի ընդունման prima facie ապացույց:

2. Եթե բեռնագիրը չի պարունակում փոխադրողի կողմից արված հատուկ վերապահումներ, ապա եթե հակառակը չի ապացուցվում, ենթադրվում է, որ փոխադրողի կողմից բեռի ընդունման պահին բեռը և դրա փաթեթավորումը եղել են արտաքնապես լավ վիճակում, և որ կապոցների քանակությունը, նրանց նշանները և համարները համապատասխանել են բեռնագրում նշված հայտարարություններին:

 

Հոդված 10

 

Ուղարկողը պատասխանատվություն է կրում փոխադրողի առջև այլ անձանց, սարքավորումներին կամ այլ բեռի հասցված վնասի և բեռի փաթեթավորման թերություններից առաջացած ծախսերի համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թերությունը ակնհայտ կամ հայտնի է եղել փոխադրողին բեռի ընդունման պահին, և նա դրա վերաբերյալ վերապահում չի արել:

 

Հոդված 11

 

1. Մաքսային կամ այլ ձևակերպումների նպատակով, որոնք պետք է կատարվեն մինչև բեռի առաքումը, ուղարկողն անհրաժեշտ փաստաթղթեր է կցում բեռնագրին կամ դրանք տրամադրում է փոխադրողին և ապահովում է փոխադրողին նրա կողմից պահանջվող տեղեկություններով:

2. Փոխադրողը պարտավոր չէ ստուգել այդ փաստաթղթերի և տեղեկությունների ճշտությունը կամ համապատասխանությունը: Ուղարկողը պատասխանատվություն է կրում փոխադրողին հասցրած յուրաքանչյուր վնասի համար, որը կարող է առաջանալ փաստաթղթերի և տեղեկությունների բացակայության, անհամապատասխանության կամ անճշտության պատճառով, բացառությամբ այն դեպքերի, որոնք փոխադրողի կողմից կատարված սխալ գործողության կամ անփութության հետևանք են:

3. Փոխադրողը և գործակալը հավասարաչափ պատասխանատվություն են կրում բեռնագրում նշված և դրան կցված կամ փոխադրողին առձեռն հանձնված փաստաթղթերի կորստի կամ սխալ օգտագործելու հետևանքների համար՝ պայմանով, որ փոխադրողի կողմից վճարման ենթակա փոխհատուցումը չի գերազանցում բեռի կորստի դեպքում վճարման ենթակա փոխհատուցումը:

 

Հոդված 12

 

1. Ուղարկողն իրավունք ունի տնօրինելու բեռը, մասնավորապես, փոխադրողից պահանջել դադարեցնել փոխադրումը տարանցման ժամանակ, փոխել բեռի առաքման նշանակման վայրը կամ բեռը հանձնել ոչ այն ստացողին, որը նշված է բեռնագրում:

2. Այդ իրավունքը դադարում է գոյություն ունենալ, երբ բեռնագրի երկրորդ օրինակը հանձնվում է ստացողին, կամ երբ ստացողն իրականացնում է 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իր իրավունքները. այնուհետև փոխադրողն առաջնորդվում է ստացողի ցուցմունքներով:

3. Ստացողն, այնուամենայնիվ, ստանում է բեռը տնօրինելու իրավունքը բեռնագիրը կազմելու պահից, եթե ուղարկողն այդպիսի նշում է անում բեռնագրում:

4. Եթե ստացողը, իրականացնելով տնօրինման իր իրավունքը, հրահանգ է տալիս բեռը հանձնել այլ անձի, վերջինս իրավունք չունի նշանակել այլ ստացողների:

5. Տնօրինման իրավունքն իրականացվում է հետևյալ պայմանների պահպանման դեպքում.

ա) որ ուղարկողը կամ, սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքում` ստացողը, որը ցանկանում է իրականացնել այդ իրավունքը, ներկայացնում է բեռնագրի առաջին օրինակը, որում ընդգրկվում են փոխադրողին ուղղված նոր հրահանգները, և փոխհատուցում է այդ հրահանգների կատարման հետ կապված` փոխադրողի ծախսերը, կորուստը և վնասները,

բ) որ այդ հրահանգների կատարումը պետք է հնարավոր լինի այն պահին, երբ դրանք ստանում է այն անձը, որը պետք է իրականացնի դրանք, և որ դրանց կատարումը չի միջամտում ոչ փոխադրողների պարտավորությունների նորմալ իրականացմանը և վնաս չի հասցնում ուղարկողների կամ ստացողների այլ բեռներին,

գ) որ նշված հրահանգները չեն հանգեցնում բեռի բաժանման:

6. Երբ սույն հոդվածի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված պատճառներով փոխադրողը չի կարող կատարել ստացված հրահանգները, նա այդ մասին անհապաղ ծանուցում է այդպիսի հրահանգներ տվող անձին:

7. Սույն հոդվածով սահմանված պայմաններով տրված հրահանգը չկատարած կամ առանց բեռնագրի առաջին օրինակը պահանջելու այդ հրահանգները կատարած փոխադրողը պատասխանատվություն է կրում դրա հետևանքով հասցված կորստի կամ վնասի համար այն անձի հանդեպ, որն իրավունք ունի ներկայացնելու բողոք:

 

Հոդված 13

 

1. Առաքման նշանակման վայր ժամանելուց հետո ստացողն իրավունք ունի պահանջելու փոխադրողից իրեն հանձնել բեռնագրի երկրորդ օրինակը և բեռը` ստացականի դիմաց: Եթե արձանագրվում է բեռի կորուստ, կամ եթե բեռը չի առաքվում մինչև 19-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ավարտը, ստացողը կարող է իր անունից փոխադրողին պահանջ ներկայացնել` հիմնվելով փոխադրման պայմանագրով նախատեսված իրավունքի վրա:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված` իրեն շնորհված իրավունքներն իրականացնող ստացողը հոգում է բեռնագրում նշված վճարումները, սակայն այս հարցի վերաբերյալ վեճի դեպքում փոխադրողը պարտավոր չէ առաքել բեռը, քանի դեռ բեռն ստացողը չի ապահովում անվտանգությունը:

 

Հոդված 14

 

1. Եթե մինչև առաքման նշանակման վայր բեռի հասնելը պայմանագրի կատարումը, բեռնագրով սահմանված պայմանների համաձայն, որևէ պատճառով դարձել է կամ դառնում է անհնարին, փոխադրողը պարտավոր է հրահանգներ պահանջել 12-րդ հոդվածին համապատասխան բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձից:

2. Այնուամենայնիվ, եթե հանգամանքները հնարավորություն են տալիս փոխադրումը կատարել բեռնագրով նախատեսված այլ պայմաններով, և եթե փոխադրողը չի կարողացել 12-րդ հոդվածին համապատասխան ժամանակին բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձից հրահանգ ստանալ, ապա փոխադրողը ձեռնարկում է իրեն առավել նպատակահարմար թվացող միջոցներ, որոնք բխում են բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձի շահերից:

 

Հոդված 15

 

1. Եթե հանգամանքները կանխում են բեռի առաքումը դրա նշանակման վայր հասնելուց հետո, փոխադրողը հրահանգներ է պահանջում ուղարկողից: Եթե ստացողը հրաժարվում է բեռից, ուղարկողն իրավունք ունի տնօրինելու այն առանց բեռնագրի առաջին օրինակը ներկայացնելու պարտավորվածության:

2. Ստացողը, եթե նույնիսկ հրաժարվում է բեռից, կարող է, այնուամենայնիվ, պահանջել առաքում կատարել այնքան ժամանակ, քանի դեռ փոխադրողը ուղարկողից հակառակ հրահանգ չի ստացել:

3. Երբ բեռի առաքմանը խոչընդոտող հանգամանքներն առաջանում են այն բանից հետո, երբ ստացողը, 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իր իրավունքի համաձայն, հրահանգ է տալիս բեռը հանձնել որևէ այլ անձի, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը կիրառվում են այնպես, ինչպես կկիրառվեին, եթե բեռն ստացողը հանդիսանար ուղարկող, իսկ մյուս անձը` բեռ ստացող:

 

Հոդված 16

 

1. Փոխադրողն իրավունք ունի վերականգնելու հրահանգներ պահանջելու կամ ստացած հրահանգների կատարման հետ կապված ծախսերի արժեքը, եթե այդ ծախսերը չեն առաջացել իր սխալ գործողության կամ անփութության պատճառով:

2. 14-րդ հոդվածի 1-ին կետում և 15-րդ հոդվածում նշված դեպքերում փոխադրողը կարող է անմիջապես բեռնաթափում կատարել բեռը տնօրինելու իրավունք ունեցող անձի հաշվին, որից հետո փոխադրումը համարվում է ավարտված: Փոխադրողն այնուհետև պահպանում է բեռը նման իրավունք ունեցող անձի անունից: Այնուամենայնիվ, նա կարող է բեռի պահպանումը վստահել որևէ երրորդ անձի և այդ դեպքում պատասխանատվություն է կրում միայն այդ երրորդ անձանց մանրակրկիտ ընտրության համար: Բեռնագրով նախատեսված վճարումները և բոլոր այլ ծախսերը մնում են վճարման ենթակա բեռի հանձնման դիմաց:

3. Փոխադրողը կարող է վաճառել բեռը` չսպասելով բեռի տնօրինման իրավունք ունեցող անձի հրահանգներին, եթե բեռը շուտ փչացող է, կամ եթե դա բացատրվում է բեռի վիճակով, կամ եթե բեռի պահպանման հետ կապված ծախսերը և բեռի արժեքը անհամաչափ են: Մյուս դեպքերում փոխադրողը կարող է վաճառել բեռը, եթե ընդունելի ժամկետի ընթացքում բեռի տնօրինման իրավունք ունեցող անձից չի ստանում հակառակ հրահանգներ, որոնց կատարումը իրենից կարող է տրամաբանորեն պահանջվել:

4. Եթե բեռները վաճառվում են սույն հոդվածի համաձայն, վաճառքից ստացված եկամուտները, բեռի դիմաց վճարման ենթակա ծախսերը բացառելուց հետո, տրամադրվում են բեռի տնօրինման իրավունք ունեցող անձին: Եթե այդ ծախսերը գերազանցում են վաճառքից ստացված եկամուտները, ապա փոխադրողը իրավունք ունի ստանալու իրեն հասանելիք տարբերությունը:

5. Վաճառքի գործընթացը սահմանվում է բեռի գտնվելու վայրում գործող օրենքներով և սովորություններով:

 

Գ լ ու խ  IV

Փոխադրողի պատասխանատվությունը

 

Հոդված 17

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասվելու համար, որոնք տեղի են ունեցել փոխադրման համար բեռի ընդունման պահից մինչև առաքման պահը, ինչպես նաև բեռի առաքման ցանկացած ուշացման պատճառով:

2. Փոխադրողը, այնուամենայնիվ, ազատվում է պատասխանատվությունից, եթե բեռի կորուստը, վնասվելը կամ ուշացումը տեղի են ունեցել պահանջ ներկայացնողի սխալ գործողության կամ անփութության պատճառով, պահանջ ներկայացնողի հրահանգների հետևանքով, որոնք կապ չունեն փոխադրողի սխալ գործողության կամ անփութության հետ, բեռին հատուկ թերության պատճառով կամ այն հանգամանքների պատճառով, որոնցից փոխադրողը չէր կարող խուսափել և չէր կարող կանխել դրանց հետևանքները:

3. Փոխադրողը չի ազատվում պատասխանատվությունից այն տրանսպորտային միջոցի թերության պատճառով, որն օգտագործում է փոխադրումներ իրականացնելու համար, կամ այն անձի սխալ գործողության կամ անփութության պատճառով, որից վարձել է ավտոմեքենան, կամ վերջինիս գործակալների և աշխատակիցների պատճառով:

4. 18-րդ հոդվածի 2-րդից 5-րդ կետերի պայմանով փոխադրողն ազատվում է պատասխանատվությունից, երբ կորուստը կամ վնասվելը հատուկ ռիսկի հետևանք են` անմիջականորեն կապված հետևյալ` մեկ կամ մի քանի հանգամանքների հետ.

ա) բաց, անծածկ տրանսպորտային միջոցների օգտագործման դեպքում, եթե այդպիսի օգտագործումը հատուկ համաձայնեցված և նշված է եղել բեռնագրում,

բ) փաթեթավորման բացակայության կամ թերության համար` այն բեռների դեպքում, որոնք իրենց բնույթով ենթակա են փչացման կամ վնասվելու չփաթեթավորման կամ ոչ պատշաճ փաթեթավորման ժամանակ,

գ) ուղարկողի կամ ստացողի կամ ուղարկողի կամ բեռն ստացողի անունից գործող անձանց կողմից բեռի մշակման, բարձման, պահեստավորման կամ բեռնաթափման դեպքերում,

դ) որոշակի տեսակի բեռների բնական հատկությունների դեպքում, որոնք ենթարկում են բեռը լրիվ կամ մասնակի կորստի կամ վնասման, մասնավորապես, ջարդվելու, ժանգոտվելու, փտելու, չորանալու, ջրազրկման, նորմալ կորստի կամ ցեցերի կամ վնասատուների հետևանքով,

ե) կապոցների նշանների կամ համարների անբավարարության կամ անհամապատասխանության պատճառով,

զ) խոշոր եղջերավոր անասունների փոխադրման ժամանակ:

5. Եթե, սույն հոդվածի համաձայն, փոխադրողը պատասխանատվություն չի կրում վնաս, կորուստ կամ ուշացում առաջացրած գործոնների առումով, ապա նա պատասխանատվություն է կրում միայն այն գործոնների չափով, որքանով սույն հոդվածով նախատեսված գործոնները, որոնց համար նա պատասխանատու է, նպաստել են վնասի, կորստի կամ ուշացման առաջացմանը:

 

Հոդված 18

 

1. Բեռի` 17-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից առաջացած վնասները, կորուստը կամ ուշացումը ապացուցելու հոգսը կրում է փոխադրողը:

2. Եթե փոխադրողն ապացուցում է, որ ստեղծված հանգամանքներում բեռի կորուստը կամ վնասվելը կարող էին 17-րդ հոդվածի 4-րդ կետում նշված մեկ կամ մի քանի հատուկ ռիսկերի հետևանք լինել, ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել դրանց հետևանքով: Այնուամենայնիվ, պահանջ ներկայացնողը իրավունք ունի ապացուցելու, որ մասնակի կամ լրիվ վնասը այդ ռիսկերից և ոչ մեկի արդյունք չի եղել:

3. Այս ենթադրությունը չի կիրառվում 17-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում, եթե առկա է անբնական պակասորդ, կամ եթե կորել է կապոցը:

4. Եթե փոխադրումն իրականացվում է այնպիսի տրանսպորտային միջոցով, որը հատուկ սարքավորված է բեռը տաքությունից, ցրտից, ջերմաստիճանային փոփոխություններից կամ օդի խոնավությունից պաշտպանելու համար, փոխադրողն իրավունք չունի պահանջելու 17-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված առավելությունը, եթե նա չի ապացուցում, որ ձեռնարկել է վերոնշյալ սարքավորման ընտրության, պահպանման և օգտագործման այն բոլոր միջոցները, որոնք պարտավոր էր ձեռնարկել` հաշվի առնելով հանգամանքները, և գործել է իրեն տրված հատուկ հրահանգների համաձայն:

5. Փոխադրողն իրավունք չունի պահանջելու 17-րդ հոդվածի 4-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված առավելությունը, եթե նա չի ապացուցում, որ ձեռնարկել է բոլոր միջոցները, որոնք պարտավոր էր ձեռնարկել` հաշվի առնելով հանգամանքները, և գործել է իրեն տրված հատուկ հրահանգների համաձայն:

 

Հոդված 19

 

Համարվում է, որ եղել է առաքման ուշացում, եթե բեռը չի առաքվել համաձայնեցված ժամկետում, կամ, համաձայնեցված ժամկետի բացակայության դեպքում, եթե փոխադրման փաստացի տևողությունը գերազանցում է բարեխիղճ փոխադրողին անհրաժեշտ ընդունելի ժամկետները` հաշվի առնելով նաև կոնկրետ հանգամանքները, որոնց ժամանակ կատարվել է փոխադրումը. մասնավորապես` սովորական պայմաններում տրանսպորտային միջոցի մասնակի բարձումը:

 

Հոդված 20

 

1. Այն փաստը, որ բեռը չի առաքվել համաձայնեցված ժամկետի ավարտից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ, եթե չկա համաձայնեցված ժամկետ, վաթսուն օրվա ընթացքում, սկսած փոխադրողի կողմից բեռի ընդունման օրվանից, համարվում է բեռի կորստի անվիճելի ապացույց, և պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձը կարող է որակել դրանք որպես կորուստ:

2. Համապատասխան իրավունք ունեցող անձը կարող է բեռի կորստի դիմաց փոխհատուցում ստանալուն պես գրավոր խնդրանք ներկայացնել, որպեսզի ինքն անմիջապես տեղեկացվի փոխհատուցման վճարմանը հաջորդող տարվա ընթացքում բեռի վերականգնման մասին: Այդ խնդրանքն ի գիտություն ընդունելը պետք է գրավոր հաստատվի:

3. Այդպիսի ծանուցում ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, վերը նշված իրավունքն ունեցող անձը կարող է պահանջել, որ բեռն իրեն առաքվի բեռնագրի մեջ նշված վճարումների կատարման դիմաց, ինչպես նաև իր ստացած փոխհատուցման վերադարձի դիմաց` հանած այն հնարավոր ծախսերը, որոնք ներառված են փոխհատուցման գումարի մեջ, բայց առանց բեռի առաքման ուշացման համար պահանջվող փոխհատուցման պահանջների խախտման, ինչպես նախատեսված է 23-րդ հոդվածում և համապատասխան դեպքերում` 26-րդ հոդվածում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված խնդրանքի կամ 3-րդ կետով նախատեսված երեսնօրյա ժամկետում տրված հրահանգների բացակայության դեպքում կամ այն դեպքում, երբ բեռը չի վերականգնվել փոխհատուցման վճարման օրվանից սկսած` մեկ տարին լրանալուց հետո, փոխադրողն իրավունք ունի տնօրինելու բեռը` համաձայն բեռը գտնվելու վայրի օրենքի:

 

Հոդված 21

 

Եթե բեռն առաքված է ստացողին առանց «առաքման պահին վճարվող» գումարի ստացման, որը հավաքվում է փոխադրողի կողմից` փոխադրման պայմանագրի պայմանների համաձայն, փոխադրողը պարտավոր է ուղարկողին վճարել փոխհատուցում, որը չի գերազանցում այդպիսի վճարման գումարը, առանց ստացողի հանդեպ հակընդդեմ հայցի իր իրավունքի խախտման:

 

Հոդված 22

 

1. Երբ ուղարկողը փոխադրողին է հանձնում վտանգավոր բնույթի բեռներ, նա տեղեկացնում է փոխադրողին վտանգի հստակ բնույթի մասին և անհրաժեշտության դեպքում նշում է կանխարգելիչ միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել: Եթե այդ տեղեկատվությունն ընդգրկված չէ բեռնագրում, նման բեռների փոխադրման վտանգավոր բնույթի վերաբերյալ փոխադրողի իրազեկվածությունը ցանկացած այլ կերպով ապացուցելու հոգսն ընկնում է բեռան տիրոջ կամ բեռը ստացողի վրա:

2. Վտանգավոր բնույթի բեռները սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների դեպքում, որոնց բնույթի մասին փոխադրողը տեղեկացված չի եղել, կարող են ցանկացած պահի և ցանկացած վայրում բեռնաթափվել, ոչնչացվել կամ վնասազերծվել փոխադրողի կողմից` առանց որևէ փոխհատուցման. ավելին, ուղարկողը պատասխանատվություն է կրում բոլոր ծախսերի և վնասների համար, որոնք առաջանում են այդ բեռների փոխադրման համար հանձնումից կամ դրանց փոխադրումից:

 

Հոդված 23

 

1. Եթե, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, փոխադրողը պարտավոր է փոխհատուցել այն վնասը, որն առաջացել է բեռի լրիվ կամ մասնակի կորստից, փոխհատուցման չափը հաշվարկվում է այն արժեքի հիման վրա, որը ընդունման վայրում եղել է փոխադրման համար բեռի ընդունման ժամանակ:

2. Բեռի արժեքը որոշվում է բորսային փոխարժեքի հիման վրա կամ, դրա բացակայության դեպքում, ընթացիկ շուկայական գնի հիման վրա կամ, բորսային արժեքի և ընթացիկ շուկայական գնի բացակայության դեպքում, նմանատիպ և նույն որակի ապրանքի սովորական արժեքի հիման վրա:

3. Փոխհատուցումը, այնուամենայնիվ, չպետք է գերազանցի 25 ֆրանկը մեկ կիլոգրամ համաքաշի դիմաց: «Ֆրանկ» նշանակում է 10/31 գրամ քաշով և 0,900 հարգի ոսկի ֆրանկ:

4. Ի լրումն. փոխադրման ծախսերը, մաքսավճարները և այլ վճարումները, որոնք առաջացել են բեռների փոխադրման ընթացքում, ենթակա են լրիվ փոխհատուցման ամբողջ բեռի կորստի դեպքում և համամասնորեն մասնակի կորստի դեպքում` վնասի չափին համապատասխան, սակայն այլ վնասները փոխհատուցման ենթակա չեն:

5. Ուշացման դեպքում, եթե բողոք ներկայացնողն ապացուցում է, որ ուշացումը վնաս է հասցրել, փոխադրողը պարտավոր է փոխհատուցել վնասը, որը չի կարող գերազանցել փոխադրման ծախսերը:

6. Ավելի մեծ չափի փոխհատուցում կարող է պահանջվել միայն այն դեպքում, եթե, 24-րդ և 26-րդ հոդվածների համաձայն, հայտարարվել է բեռի արժեքի կամ փոխադրման նկատմամբ հատուկ տոկոսադրույքի վերաբերյալ:

 

Հոդված 24

 

Ուղարկողը համաձայնեցված հավելավճարի դիմաց կարող է բեռնագրում հայտարարագրել 23-րդ հոդվածի 3-րդ կետում նշված սահմանը գերազանցող բեռի արժեքը, և այդ դեպքում այդ սահմանակետը փոխարինվում է հայտարարագրված արժեքով:

 

Հոդված 25

 

1. Վնասման դեպքում փոխադրողը պարտավոր է վճարել բեռի արժեզրկմանը համապատասխանող գումարը, որը հաշվարկվում է բեռի արժեքից` 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն:

2. Փոխհատուցման չափը չի կարող, սակայն, գերազանցել`

ա) ամբողջ բեռի վնասման դեպքում` ողջ բեռի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը,

բ) բեռի մասնակի վնասման դեպքում` բեռի համապատասխան մասի կորստի ժամանակ վճարման ենթակա գումարը:

 

Հոդված 26

 

1. Ուղարկողը համաձայնեցված հավելավճարի դիմաց կարող է սահմանել առաքման հատուկ տոկոսադրույք բեռի կորստի, վնասման և համաձայնեցված ժամկետից ուշացման դեպքում` համապատասխան գումար նշելով բեռնագրում:

2. Եթե հայտարարված է առաքման հատուկ տոկոսադրույք, ապա, անկախ 23-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածներում նախատեսված փոխհատուցումներից, կարող է պահանջվել ապացուցված կորստի կամ վնասի հավելյալ փոխհատուցում հայտարարված տոկոսադրույքի սահմաններում:

 

Հոդված 27

 

1. Պահանջ ներկայացնողն իրավունք ունի տոկոս պահանջելու վճարման ենթակա փոխհատուցումից: Այդ տոկոսները, որոնք հաշվարկվում են տարեկան հինգ տոկոսի չափով, կուտակվում են փոխադրողին գրավոր բողոք ուղղելու կամ, եթե այդպիսի բողոք չի ներկայացվել, իրավական ընթացակարգերի սկսվելու օրվանից:

2. Երբ փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար տվյալները արտահայտված չեն այն պետության տարադրամով, որտեղ ներկայացվել է փոխհատուցման պահանջը, վերահաշվարկը կատարվում է տվյալ օրվա և փոխհատուցման վճարման վայրի ընթացիկ փոխարժեքով:

 

Հոդված 28

 

1. Այն դեպքում, երբ, կիրառելի օրենքի համաձայն, սույն Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող փոխադրումից առաջացած կորուստը, վնասը կամ ուշացումը հանգեցնում են արտապայմանագրային բողոքի, փոխադրողը կարող է հիմնվել սույն Կոնվենցիայի դրույթների վրա, որոնք բացառում են իր պատասխանատվությունը, կամ այն դրույթների վրա, որոնք սահմանում կամ սահմանափակում են վճարման ենթակա փոխհատուցումը:

2. Այն դեպքերում, երբ կորստի, վնասման կամ ուշացման համար արտապայմանագրային պատասխանատվությունն ընկնում է այն անձանցից մեկի վրա, որի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում` 3-րդ հոդվածի դրույթների համաձայն, ապա այդ անձը նույնպես կարող է հիմնվել սույն Կոնվենցիայի դրույթների վրա, որոնք բացառում են իր պատասխանատվությունը, կամ այն դրույթների վրա, որոնք սահմանում կամ սահմանափակում են վճարման ենթակա փոխհատուցումը:

 

Հոդված 29

 

1. Փոխադրողն իրավունք չունի հիմնվելու սույն գլխի այն դրույթների վրա, որոնք բացառում կամ սահմանափակում են նրա պատասխանատվությունը կամ ապացուցելու հոգսը փոխանցում են մյուս կողմին, եթե վնասը պատճառվել է նրա կանխամտածված սխալի կամ պարտականությունների այնպիսի ոչ պատշաճ կատարման հետևանքով, որը, գործը քննող դատարանի կողմից կիրառվող օրենքի համաձայն, հավասարազոր է կանխամտածված սխալ գործողություններին:

2. Նույն դրույթը վերաբերում է նաև այն դեպքին, երբ կանխամտածված սխալ կամ այլ ոչ պատշաճ կատարումն իրականացվում է փոխադրողի գործակալների և ծառայողների ու ցանկացած այլ մարդկանց կողմից, որոնց ծառայությունները նա օգտագործում է փոխադրումն իրականացնելու համար, երբ այդ գործակալները, ծառայողները և այլ անձինք գործում են իրենց զբաղվածության շրջանակներում: Ավելին, այս դեպքում այդ գործակալները, ծառայողները կամ այլ անձինք իրավունք չունեն իրենց վրա դրված անձնական պարտականությունների մասով հիմնվել սույն գլխի 1-ին կետում նշված դրույթների վրա:

 

Գ լ ու խ  V

Բողոքներ ԵՎ հայցեր

 

Հոդված 30

 

1. Եթե ստացողն ընդունում է բեռն առանց փոխադրողի հետ դրա վիճակի պատշաճ ստուգման կամ կորուստը կամ վնասը նշող վերապահում չի ներկայացնում նրան ոչ ուշ, քան բեռի ընդունման պահին, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ են, և ոչ ուշ, քան բեռի ընդունման պահից հետո 7 օրվա ընթացքում, չհաշված կիրակի և տոնական օրերը, այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն, նրա կողմից բեռի ընդունման փաստը հանդիսանում է ապացույց, որ նա ստացել է բեռը բեռնագրում նկարագրված վիճակում: Ոչ ակնհայտ կորստի և վնասի դեպքում վկայակոչված վերապահումները ներկայացվում են գրավոր:

2. Երբ բեռի վիճակը բեռը ստացողի և փոխադրողի կողմից պատշաճ կերպով ստուգվել է, ստուգման արդյունքներին հակասող ապացույցները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ կորուստը կամ վնասը ակնհայտ չեն և այն պայմանով, որ բեռն ստացողը պատշաճ կերպով գրավոր վերապահումներն ուղարկել է փոխադրողին ստուգման օրվանից հետո յոթ օրվա ընթացքում` չհաշված կիրակի և տոնական օրերը:

3. Առաքման ուշացման համար փոխհատուցում չի վճարվում` բացառությամբ այն դեպքերի, երբ վերապահումը ներկայացվել է փոխադրողին քսանմեկ օրվա ընթացքում` սկսած այն ժամկետից, երբ բեռը հանձնվել է ստացողի տնօրինությանը:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկելիս, կախված հանգամանքներից, չեն ներառվում առաքման, ստուգման կամ բեռը ստացողի տնօրինությանը հանձնելու օրերը:

5. Փոխադրողը և ստացողն իրար տրամադրում են համապատասխան հարմարություններ` բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և ստուգումները կատարելու համար:

 

Հոդված 31

 

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված դատավարությունների ժամանակ հայցվորը կարող է հայցը ներկայացնել կողմերի միջև պայմանագրով նշանակված` պայմանավորվող երկրի ցանկացած դատարան կամ տրիբունալ և, ի լրումն, կարող է դիմել այն երկրի դատարաններ կամ տրիբունալ, որի տարածքում`

ա) պատասխանող կողմը սովորաբար բնակվում է, կամ որտեղ գտնվում է նրա հիմնական առևտրային ձեռնարկությունը կամ մասնաճյուղը կամ գործակալությունը, որոնց միջոցով կնքվել է փոխադրման պայմանագիր, կամ

բ) գտնվում է փոխադրողի կողմից բեռի ընդունման վայրը կամ առաքման նշանակման վայրը:

2. Երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված բողոքի վերաբերյալ հայցը գտնվում է սույն կետի դրույթներով իրավասու դատարանի վարույթում, կամ երբ այդպիսի բողոքի վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել, միևնույն կողմերի միջև միևնույն հիմնավորումներով չի կարող նոր հայց ներկայացվել` բացառությամբ այն դեպքերի, երբ այն դատարանի կամ տրիբունալի որոշումը, որին ներկայացվել է առաջին հայցը, կատարման ենթակա չէ այն երկրում, որտեղ սկսվում է նոր դատավարություն:

3. Երբ սույն հոդվածի 1-ին կետում նշված հայցերի վերաբերյալ որոշումը, որը կայացվել է սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ հանդիսացող երկրի դատարանի կամ տրիբունալի կողմից, ենթակա է կատարման այդ երկրում, ապա այդ որոշումը կատարման ենթակա է դառնում նաև ցանկացած այլ Պայմանավորվող կողմ հանդիսացող երկրում` համապատասխան երկրում նախատեսված պաշտոնական ձևակերպումները կատարելուց հետո: Այդ ձևակերպումները չեն թույլատրում գործի էության վերանայում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառվում են դատավարություններից հետո կայացված որոշումների, հայցվորի օգտին հեռակա կայացված որոշումների և դատարանների կողմից հաստատված հաշտարար որոշումների նկատմամբ, սակայն չեն կիրառվում ժամանակավոր որոշումների կամ կորստի փոխհատուցման վերաբերյալ ընդունված որոշումների նկատմամբ` ի լրումն հայցվորի ծախսերի, որի հայցն ամբողջությամբ կամ մասամբ մերժվել է:

5. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված դատավարությունների ժամանակ ծախսերի վճարման երաշխիքների ներկայացում չի պահանջվում Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների կողմից, որոնց մշտական բնակության վայրը կամ ձեռնարկության վայրը գտնվում են այդ երկրներից մեկում:

 

Հոդված 32

 

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում փոխադրման հետ կապված հայցի վաղեմության ժամկետի սահմանափակումը կազմում է մեկ տարի: Սակայն կանխամտածված անօրինական գործողությունների դեպքում կամ պարտավորությունների այնպիսի սխալ կատարման դեպքում, որը, համաձայն գործը քննող դատարանի կողմից կիրառվող օրենքի, համարժեք է մտածված անօրինական գործողություններին, հայցի վաղեմության ժամկետը կազմում է երեք տարի: Հայցի վաղեմության ժամկետը սկսվում է`

ա) մասնակի կորստի, վնասի կամ առաքման ուշացման դեպքում` առաքման օրվանից,

բ) ամբողջ բեռի կորստի դեպքում` համաձայնեցված ժամկետի լրանալուց սկսած` երեսուներորդ օրվանից կամ, եթե համաձայնեցված ժամկետ չկա, փոխադրողի կողմից բեռի ընդունման օրվանից սկսած` վաթսուներորդ օրվանից,

գ) մյուս բոլոր դեպքերում` փոխադրման պայմանագիր կնքելու օրվանից սկսած` եռամսյա ժամկետը լրանալուց հետո:

Հայցի վաղեմության ժամկետի սկսվելու օրը չի մտնում այդ ժամանակահատվածի մեջ:

2. Գրավոր բողոքը դադարեցնում է հայցի վաղեմության ժամկետը մինչև այն օրը, երբ փոխադրողը գրավոր կերպով մերժում է պահանջը և վերադարձնում դրան կցված փաստաթղթերը: Բողոքի մասնակի ընդունման դեպքում հայցի վաղեմության ժամկետը վերականգնվում է միայն բողոքի այն մասի առումով, որը հանդիսանում է վեճի առարկա: Բողոքի ստացման կամ դրան պատասխանելու, ինչպես նաև փաստաթղթերի վերադարձի ապացուցման պարտականությունը ընկած է այն կողմի վրա, որը հիմնվում է այդ փաստերի վրա: Հայցի վաղեմության ժամկետը չի դադարեցվում նույն առարկայի հիման վրա հետագա բողոքների ներկայացման պատճառով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթների պայմանով հայցի վաղեմության ժամկետի երկարաձգումը կանոնակարգվում է գործը քննող դատարանի կամ տրիբունալի օրենքով: Նույն օրենքը կանոնակարգում է նաև հայցի ներկայացման իրավունքների վերսկսումը:

4. Հայցի ներկայացման իրավունքը, որը խոչընդոտվել է ուշացման պատճառով, չի կարող իրականացվել որպես հակընդդեմ հայց կամ առարկություն:

 

Հոդված 33

 

Փոխադրման պայմանագիրը կարող է պարունակել հոդված, որով իրավասություն է շնորհվում արբիտրաժին` պայմանով, որ արբիտրաժին իրավասության շնորհումն ապահովում է սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումն արբիտրաժի կողմից:

 

Գ լ ու խ  VI

Հաջորդող փոխադրողների կողմից իրականացվող փոխադրումներին վերաբերող դրույթներ

 

Հոդված 34

 

Եթե մի պայմանագրով կանոնակարգվող փոխադրումն իրականացվում է հաջորդող ավտոտրանսպորտային փոխադրողների կողմից, նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ամբողջ փոխադրման համար. ընդ որում` երկրորդ փոխադրողը և հաջորդ փոխադրողներից յուրաքանչյուրը դառնում են փոխադրման պայմանագրի կողմ` բեռնագրում նշված պայմաններով` ելնելով իր կողմից բեռի ընդունման և բեռնագրի պատճառներից:

 

Հոդված 35

 

1. Նախորդ փոխադրողից բեռն ընդունող փոխադրողը հանձնում է իր կողմից ստորագրված և ամսաթիվը նշված ստացական: Նա պետք է գրանցի իր անունը և հասցեն բեռնագրի երկրորդ օրինակում: Հարկ եղած դեպքում երկրորդ օրինակում և ստացականում նա նշում է 8-րդ հոդվածի 2 կետով սահմանված վերապահումները:

2. 9-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հաջորդող փոխադրողների միջև փոխհարաբերությունների նկատմամբ:

 

Հոդված 36

 

Կորստի, վնասի կամ ուշացման հետ կապված հայցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը չի վերաբերում նույն փոխադրման պայմանագրի վրա հիմնված բողոքին վերաբերող հայցին հակընդդեմ հայցին կամ առարկությանը, կարող են ներկայացվել միայն առաջին, վերջին կամ այն փոխադրողին, որի իրականացրած փոխադրման հետևանքով ի հայտ է եկել բեռի կորուստ, վնաս կամ ուշացում. հայցը միաժամանակ կարող է ներկայացվել այս փոխադրողներից մի քանիսին:

 

Հոդված 37

 

Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն փոխհատուցում վճարած փոխադրողը իրավունք ունի վերականգնելու այդպիսի փոխհատուցումը, ներառյալ տոկոսները և նման բողոքի հետևանքով առաջացած ծախսերը փոխադրմանը մասնակցող այլ փոխադրողներին, հետևյալ դրույթների պայմաններով.

ա) կորստի կամ վնասի համար պատասխանատու փոխադրողը միանձնյա պատասխանատվություն է կրում փոխհատուցման համար` անկախ այն հանգամանքից` գումարը վճարվել է իր, թե այլ փոխադրողի կողմից,

բ) եթե կորուստը կամ վնասն առաջացել են երկու կամ ավելի փոխադրողների պատճառով, նրանցից յուրաքանչյուրը վճարում է պատասխանատվության իր չափին համապատասխան գումար. եթե նրա պատասխանատվության չափի որոշումն անհնար է, ապա յուրաքանչյուր փոխադրող պատասխանատվություն է կրում իրեն հասանելիք փոխադրավարձին համարժեք չափով,

գ) եթե անհնար է որոշել, թե որ փոխադրողների վրա է ընկնում կորստի կամ վնասի պատասխանատվությունը, փոխհատուցման ենթակա գումարը բաշխվում է բոլոր փոխադրողների միջև համամասնորեն` համաձայն վերոնշյալ «բ» կետում նշված չափերի:

 

Հոդված 38

 

Փոխադրողներից մեկի անվճարունակության դեպքում նրան հասանելիք և չվճարված փոխհատուցման գումարը բաշխվում է մյուս բոլոր փոխադրողների միջև` ըստ նրանց հասանելիք փոխադրավարձի համապատասխան չափի:

 

Հոդված 39

 

1. Փոխադրողը, որին հայց է ներկայացվել 37-րդ և 38-րդ հոդվածների համաձայն, իրավունք չունի վիճարկելու հայց ներկայացնող փոխադրողի վճարի հիմնավորվածությունը, եթե փոխհատուցման գումարի չափը սահմանվել է դատարանի որոշումով` այն բանից հետո, երբ առաջին փոխադրողը պատշաճ կերպով ծանուցվել է դրա մասին և հնարավորություն է ունեցել մասնակցելու այդ գործընթացին:

2. Փոխադրողը, որը ցանկանում է դատավարություն սկսել վերականգնման իր իրավունքը իրականացնելու համար, կարող է ներկայացնել իր հայցը այն երկրի իրավասու դատարան, որտեղ սովորաբար բնակվում է շահագրգիռ փոխադրողը, կամ որտեղ գտնվում են նրա հիմնական առևտրային կազմակերպությունը, մասնաճյուղը կամ գործակալությունը, որոնց միջոցով կնքվել է փոխադրման պայմանագիրը: Բոլոր շահագրգիռ փոխադրողները կարող են պատասխանող լինել նույն հայցով:

3. 31-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթները կիրառվում են 37-րդ և 38-րդ հոդվածներում նշված դատավարությունների ժամանակ կայացված որոշումների նկատմամբ:

4. 32-րդ հոդված դրույթները կարող են կիրառվել փոխադրողների միջև հայցերի նկատմամբ: Այնուամենայնիվ, վաղեմության ժամկետը սկսվում է դատարանի վերջնական վճռի կայացման օրվանից, ըստ որի սահմանվում է սույն Կոնվենցիայի դրույթներով սահմանված փոխհատուցման ենթակա գումարի չափը, կամ, այդ վճռի բացակայության դեպքում, փոխհատուցման փաստացի վճարման օրվանից:

 

Հոդված 40

 

Փոխադրողներն իրավունք ունեն միմյանց հետ համաձայնագրեր կնքելու, որոնց պայմանները տարբերվում են 37-րդ և 38-րդ հոդվածների դրույթներից:

 

Գ լ ու խ  VII

Կոնվենցիային հակասող պայմանների անվավերությունը

 

Հոդված 41

 

1. 40-րդ հոդվածի դրույթների համաձայն` ցանկացած պայման, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվազեցնում է սույն Կոնվենցիայի դրույթները, համարվում է անվավեր: Այդպիսի պայմանի անվավերությունը չի ներառում պայմանագրի այլ պայմանների անվավերությունը:

2. Մասնավորապես, անվավեր է ճանաչվում յուրաքանչյուր հոդված, ըստ որի փոխադրողը, համաձայն բեռի ապահովագրության պայմանագրի, դառնում է շահույթ ստացող, կամ յուրաքանչյուր նմանատիպ հոդված, ինչպես նաև այն հոդվածը, որը ապացույցի հոգսը փոխանցում և դնում է մյուս կողմի վրա:

 

Գ լ ու խ  VIII

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 42

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և, հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն, հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների ստորագրման կամ միանալու համար:

2. Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատասխանատվության շրջանակների մանդատի 11-րդ հոդվածի համաձայն` հանձնաժողովի որոշ միջոցառումների մասնակցելու իրավունք ունեցող երկրները կարող են դառնալ սույն Կոնվենցիայի Պայմանավորվող կողմեր` միանալով փաստաթղթին նրա ուժի մեջ մտնելուց հետո:

3. Կոնվենցիան ստորագրման համար բաց է լինելու մինչև 1956 թ. օգոստոսի 31-ը ներառյալ: Այդ տարեթվից հետո բաց է լինելու միանալու համար:

4. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման:

5. Վավերացումը կամ միանալը կատարվում են վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

Հոդված 43

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 42-րդ հոդվածի 1-ին կետում նշված հինգ երկրների վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը հանձնելուն հաջորդած իննսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր երկրի համար, որը վավերացնում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան հինգ երկրների կողմից վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնելուն հաջորդած իննսուներորդ օրը:

 

Հոդված 44

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան` այդ մասին ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց տասներկու ամիս անց:

 

Հոդված 45

 

Եթե սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո չեղյալ հայտարարելու հետևանքով Պայմանավորվող կողմերի թիվը պակասում է հինգից, սույն Կոնվենցիան դադարում է գործել վերջին չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 46

 

1. Յուրաքանչյուր երկիր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելիս կամ դրանից հետո` ցանկացած ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր կամ որոշ տարածքների վրա, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում: Կոնվենցիան տարածվում է ծանուցման մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա վերոնշյալ ծանուցումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ստանալուց իննսուն օր հետո կամ, եթե մինչև այդ օրը Կոնվենցիան չի մտել ուժի մեջ, նրա ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Յուրաքանչյուր երկիր, որը, նախորդ կետի համաձայն, հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ սույն Կոնվենցիան կիրառվում է այն տարածքներում, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կարող է, 44-րդ հոդվածի դրույթների համաձայն, չեղյալ հայտարարել Կոնվենցիան այդ տարածքների նկատմամբ:

 

Հոդված 47

 

Երկու կամ ավելի Պայմանավորվող կողմերի միջև սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված յուրաքանչյուր վեճ, որը Կողմերը չեն կարող լուծել բանակցությունների ճանապարհով կամ այլ միջոցներով, ցանկացած շահագրգիռ Պայմանավորվող կողմի պահանջով կարող է հանձնվել Միջազգային դատարան` խնդիրը կարգավորելու համար:

 

Հոդված 48

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ իր համար պարտադիր չի համարում Կոնվենցիայի 47-րդ հոդվածը: Մյուս Պայմանավորվող կողմերը պարտավորված չեն 47-րդ հոդվածի դրույթներով այն բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, որոնք ներկայացրել են այդպիսի հայտարարություն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը վերապահում է ներկայացնում 1-ին կետի համաձայն, կարող է ցանկացած պահի հետ վերցնել այն` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:

3. Սույն Կոնվենցիայի համար որևէ այլ վերապահում չի թույլատրվում:

 

Հոդված 49

 

1. Սույն Կոնվենցիայի երեք տարվա գործողությունից հետո ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելով, խնդրանք ներկայացնել սույն Կոնվենցիայի վերանայման համար խորհրդաժողով հրավիրելու մասին: Գլխավոր քարտուղարը այդ խնդրանքի մասին ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և հրավիրում է վերանայման խորհրդաժողով, եթե Գլխավոր քարտուղարի ծանուցումից հետո՝ չորս ամսվա ժամկետում, Պայմանավորվող կողմերից առնվազն 1/4-ը ծանուցում է նրան այդպիսի խնդրանքին իր համաձայնության մասին:

2. Եթե, նախորդ կետի համաձայն, հրավիրվում է խորհրդաժողով, Գլխավոր քարտուղարը ծանուցում է բոլոր Պայմանավորվող կողմերին և նրանց խնդրում եռամսյա ժամկետում ներկայացնել այն առաջարկությունները, որոնք նրանք ցանկանում են քննարկել: Խորհրդաժողովի բացումից առնվազն երեք ամիս առաջ Գլխավոր քարտուղարը բոլոր Պայմանավորվող կողմերին ուղարկում է խորհրդաժողովի նախնական օրակարգը այդ առաջարկությունների տեքստի հետ միասին:

3. Գլխավոր քարտուղարը սույն հոդվածի համաձայն գումարված ցանկացած խորհրդաժողովի հրավիրում է այն բոլոր երկրներին, որոնք նշված են 42-րդ հոդվածի 1-ին կետում, և 42-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Պայմանավորվող կողմ դարձած երկրներին:

 

Հոդված 50

 

Բացի 49-րդ հոդվածում նշված ծանուցումներից` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ծանուցում է 42-րդ հոդվածի 1-ին կետում նշված երկրներին և 42-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա Պայմանավորվող կողմ դարձած երկրներին.

ա) 42-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի վավերացումների և նրան միանալու մասին,

բ) 43-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամկետների մասին,

գ) 44-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարումների մասին,

դ) 45-րդ հոդվածի համաձայն սույն Կոնվենցիայի դադարեցման մասին,

ե) 46-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների մասին,

զ) 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին:

 

Հոդված 51

 

1956 թ. օգոստոսի 31-ից հետո սույն Կոնվենցիայի բնօրինակն ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը հաստատված օրինակներն ուղարկում է 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված երկրներից յուրաքանչյուրին:

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

ԿԱՏԱՐՎԱԾ Է Ժնևում հազար ինը հարյուր հիսունվեց թվականի մայիսի տասնիննին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն. ընդ որում` երկու տեքստն էլ հավասարազոր են:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թ. սեպտեմբերի 7-ին: