Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Կոնվենցիա
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Ընդունման վայրը 
Նյու Յորք
Ընդունող մարմինը 
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը 
17.10.2003
Ստորագրող մարմինը 
Ստորագրման ամսաթիվը 
17.10.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԿՈՆՎԵՆՑԻԱ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին

 

Միավորված ազգերի` կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության, այսուհետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Գլխավոր խորհրդաժողովը, հրավիրվելով Փարիզում` 2003 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 17-ը, իր 32-րդ նստաշրջանին,

վկայակոչելով մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերը, մասնավորապես 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը, 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերը,

հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության` որպես մշակութային բազմազանության շարժառիթ և կայուն զարգացման երաշխիք հանդիսանալու կարևորությունը, ինչպես ընդգծված է Մշակույթի և ֆոլկլորի պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1989 թվականի Հանձնարարականում, Մշակութային բազմազանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի Համընդհանուր հռչակագրում և Մշակույթի նախարարների 3-րդ Կլոր սեղանի քննարկումների արդյունքում ընդունված` 2002 թվականի Ստամբուլյան հռչակագրում,

հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության և նյութական մշակութային ու բնական ժառանգության միջև եղած սերտ փոխկախվածությունը,

ընդունելով, որ գլոբալիզացիայի և սոցիալական ձևափոխումների գործընթացները և դրանց հետևանքով համայնքների միջև ստեղծված նորացված երկխոսության պայմանները, ինչպես նաև անհանդուրժողականության երևույթները մեծացնում են ոչ նյութական մշակութային ժառանգության վիճակի վատթարացման, անհետացման և քայքայման վտանգը, մասնավորապես, այդպիսի ժառանգության պաշտպանության համար ռեսուրսների պակասի պատճառով,

գիտակցելով ոչ նյութական մշակութային ժառանգությունը պաշտպանելու մարդկության համընդհանուր ցանկությունը և ընդհանուր մտահոգությունը,

ընդունելով, որ համայնքները, մասնավորապես բնիկ համայնքները, խմբերը և որոշ դեպքերում անհատները կարևոր դեր են խաղում ոչ նյութական մշակութային ժառանգության ստեղծման, պաշտպանության, պահպանման և վերականգնման գործում` դրանով օգնելով հարստացնել մշակութային բազմազանությունը և մարդու ստեղծարարությունը,

նշելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործողությունների հեռանկարային ազդեցությունը մշակութային ժառանգության պաշտպանության մասին նորմատիվ փաստաթղթերի, մասնավորապես Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին 1972 թվականի Կոնվենցիայի մշակման գործում,

նշելով նաև, որ առայժմ գոյություն չունի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ որևէ պարտադրող բազմակողմանի փաստաթուղթ,

հաշվի առնելով, որ մշակութային և բնական ժառանգության մասին գործող միջազգային համաձայնագրերը, հանձնարարականները և բանաձևերն անհրաժեշտ է արդյունավետորեն հարստացնել և լրացնել ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող նոր դրույթներով,

հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության և նրա պաշտպանության կարևորության առավել խորը գիտակցման անհրաժեշտությունը հատկապես երիտասարդ սերունդների մոտ,

հաշվի առնելով, որ միջազգային հանրությունը սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունների հետ համատեղ համագործակցության և փոխաջակցության ոգով պետք է օժանդակի այդպիսի ժառանգության պաշտպանությանը,

հիշեցնելով ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի, մասնավորապես «Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցների» Հռչակագրի մասին,

հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության` որպես մարդկանց մերձեցմանը և նրանց միջև փոխանակումներին և փոխըմբռնմանը նպաստող գործոնի անգնահատելի դերը,

2003 թ. հոկտեմբերի 17-ին ընդունում է սույն Կոնվենցիան:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Կոնվենցիայի նպատակները

 

Սույն Կոնվենցիայի նպատակներն են.

ա) պաշտպանել ոչ նյութական մշակութային ժառանգությունը,

բ) ապահովել շահագրգիռ համայնքների, խմբերի և անհատների հարգանքը ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ,

գ) տեղական, ազգային և միջազգային մակարդակներում բարձրացնել ոչ նյութական մշակութային ժառանգության և փոխադարձ ճանաչելիության ապահովման կարևորության գիտակցումը,

դ) ապահովել միջազգային համագործակցությունը և աջակցությունը:

Հոդված 2. Սահմանումներ

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար.

1. «Ոչ նյութական մշակութային ժառանգություն»-ը ներառում է սովորույթները, բեմադրությունները, արտահայտությունները, գիտելիքներն ու հմտությունը, ինչպես նաև դրանց հետ կապված գործիքները, առարկաները, արվեստի գործերը և մշակութային տարածքները, որոնք համայնքների, խմբերի և, որոշ դեպքերում, անհատների կողմից ճանաչվում են որպես իրենց մշակութային ժառանգության մաս: Սերնդեսերունդ փոխանցվող այդ ոչ նյութական մշակութային ժառանգությունը մշտապես վերականգնվում է համայնքների ու խմբերի կողմից՝ ի պատասխան իրենց շրջապատող միջավայրի, բնության և իրենց պատմության հետ փոխազդեցության, և փոխանցում է նրանց ինքնատիպության ու հաջորդականության զգացողություն` դրանով իսկ նպաստելով մշակութային բազմազանության և մարդու ստեղծարարության նկատմամբ հարգանքի ձևավորմանը: Սույն Կոնվենցիայի նպատակներից ելնելով` քննության է առնվում միայն այն ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը համատեղելի է մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերի, ինչպես նաև համայնքների, խմբերի և անհատների միջև փոխադարձ հարգանքի և կայուն զարգացման պահանջների հետ:

2. «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը», ինչպես սահմանված է վերոհիշյալ 1-ին կետում, ի թիվս այլոց, դրսևորվում է հետևյալ բնագավառներում.

ա) բանավոր ավանդություններ և արտահայտություններ, ներառյալ լեզուն՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման միջոց,

բ) կատարողական արվեստներ,

գ) սոցիալական սովորույթներ, ծեսեր, տոնակատարություններ,

դ) բնությանը և տիեզերքին վերաբերող գիտելիքներ և սովորույթներ,

ե) ավանդական արհեստներ:

3. «Պաշտպանություն» նշանակում է` ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ապահովելուն ուղղված միջոցներ` ներառյալ այդ ժառանգության նույնականացումը, փաստաթղթերով ձևակերպումը, հետազոտությունը, պահպանությունը, պաշտպանությունը, խթանումը, բարելավումը, փոխանցումը` գլխավորապես պաշտոնական և ոչ պաշտոնական կրթության միջոցով, ինչպես նաև այդպիսի ժառանգության տարբեր ուղղությունների վերակենդանացումը:

4. «Մասնակից պետություններ» նշանակում է` պետություններ, որոնց համար սույն Կոնվենցիան պարտադրող է, և որոնց նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է:

5. Սույն Կոնվենցիան համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) կիրառվում է 33-րդ հոդվածում նշված տարածքների նկատմամբ, որոնք դառնում են Կոնվենցիայի Մասնակիցներ` այդ հոդվածով հաստատված պայմանների համաձայն: Այդ առումով «Մասնակից պետություններ» արտահայտությունը վերաբերում է նաև այդ տարածքներին:

Հոդված 3. Կապը միջազգային այլ փաստաթղթերի հետ

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում չի կարող մեկնաբանվել իբրև.

ա) Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին 1972 թվականի Կոնվենցիայի շրջանակներում ոչ նյութական մշակութային ժառանգության հետ անմիջական կապ ունեցող համաշխարհային ժառանգության արժեքների պահպանման կարգավիճակը փոփոխող կամ մակարդակը նվազեցնող, կամ

բ) մտավոր սեփականության իրավունքին կամ կենսաբանական և բնապահպանական պաշարների օգտագործմանը վերաբերող ցանկացած միջազգային փաստաթղթից բխող` դրան միացած Մասնակից պետությունների իրավունքները ու պարտավորությունները շոշափող:

 

II. Կոնվենցիայի մարմինները

 

Հոդված 4. Մասնակից պետությունների Գլխավոր վեհաժողովը

 

1. Սույնով հիմնադրվում է Մասնակից պետությունների Գլխավոր վեհաժողովը, այսուհետ՝ Գլխավոր վեհաժողով: Գլխավոր վեհաժողովը սույն Կոնվենցիայի գերագույն մարմինն է:

2. Գլխավոր վեհաժողովը հերթական նստաշրջանը հրավիրում է երկու տարին մեկ անգամ: Այն կարող է հրավիրել արտահերթ նստաշրջաններ իր որոշմամբ կամ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի կամ Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Գլխավոր վեհաժողովն ընդունում է իր ընթացակարգը:

Հոդված 5. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության  միջկառավարական կոմիտե

 

1. Սույնով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ստեղծվում է Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեն, այսուհետ` Կոմիտե: Կոմիտեն կազմվում է 18 Մասնակից պետությունների ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Գլխավոր վեհաժողովում Մասնակից պետությունների նիստի ժամանակ` ըստ 34-րդ հոդվածի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

2. Կոնվենցիայի Մասնակից պետությունների թիվը 50-ի հասնելու դեպքում սույն Կոմիտեի Անդամ պետությունների թիվն ավելանում է մինչև 24-ի:

Հոդված 6. Կոմիտեի անդամ պետությունների ընտրությունը և լիազորությունների ժամկետները

 

1. Կոմիտեի Անդամ պետությունների ընտրությունը ենթարկվում է անկանխակալ աշխարհագրական ներկայացուցչության և ռոտացիայի սկզբունքներին:

2. Կոմիտեի Անդամ պետություններն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ Կոնվենցիայի Մասնակից պետությունների կողմից, Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ:

3. Այնուամենայնիվ, առաջին ընտրությունների ընթացքում ընտրված Կոմիտեի Անդամ պետությունների կեսի լիազորությունների ժամկետը կազմում է երկու տարի: Այդ պետություններն ընտրվում են առաջին ընտրության ժամանակ՝ վիճակահանությամբ:

4. Յուրաքանչյուր երկու տարին մեկ Գլխավոր վեհաժողովը նորացնում է Կոմիտեի Անդամ պետությունների կազմի կեսը:

5. Այն նաև ընտրում է Կոմիտեի այն քանակությամբ Անդամ պետություններ, որքան պահանջվում է թափուր տեղերը լրացնելու համար:

6. Կոմիտեի Անդամ պետությունը չի կարող ընտրվել երկու անգամ անընդմեջ:

7. Կոմիտեի Անդամ պետությունները որպես իրենց ներկայացուցչի են ընտրում այն անձանց, ովքեր իրավասու են ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներում:

Հոդված 7. Կոմիտեի գործառույթները

 

Առանց վնասելու սույն Կոնվենցիայով շնորհված այլ լիազորությունները` Կոմիտեի գործառույթներն են.

ա) խթանել Կոնվենցիայի նպատակները և խրախուսել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը,

բ) խորհրդատվություններ տրամադրել լավագույն փորձի վերաբերյալ և առաջարկություններ նախապատրաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջոցների վերաբերյալ,

գ) 25-րդ հոդվածի համաձայն` նախապատրաստել և Գլխավոր վեհաժողովի հավանությանը ներկայացնել Հիմնադրամի միջոցների օգտագործման ծրագրի նախագիծը,

դ) 25-րդ հոդվածի համաձայն` ուղիներ որոնել Հիմնադրամի միջոցների ավելացման համար և այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ,

ե) նախապատրաստել և Գլխավոր վեհաժողովի հաստատմանը ներկայացնել Կոնվենցիայի իրականացմանն ուղղված օպերատիվ հրահանգներ,

զ) 29-րդ հոդվածի համաձայն` քննարկել Մասնակից պետությունների զեկույցները և ամփոփել դրանք Գլխավոր վեհաժողովի համար,

է) քննարկել Մասնակից պետությունների կողմից ներկայացվող պահանջները և այնուհետև, Կոմիտեի կողմից մշակված ու Գլխավոր վեհաժողովի  կողմից հաստատված օբյեկտիվ չափանիշների համապատասխան, ընդունել որոշումներ, որոնք վերաբերում են.

i. 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներում հիշատակվող առաջարկությունների ընտրությանը և ցուցակագրմանը,

ii.  2-րդ հոդվածի համաձայն` միջազգային օգնության տրամադրմանը:

Հոդված 8. Կոմիտեի աշխատանքի մեթոդները

 

1. Կոմիտեն հաշվետու է Գլխավոր վեհաժողովին: Նա զեկուցում է նրան իր բոլոր գործողությունների և որոշումների մասին:

2. Կոմիտեն ընդունում է իր ընթացակարգը իր Անդամների ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:

3. Կոմիտեն ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծել իր առջև դրված խնդիրների իրագործման համար անհրաժեշտ հատուկ խորհրդատվական մարմիններ:

4. Հատուկ հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Կոմիտեն կարող է իր նիստերին հրավիրել ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր բնագավառներում իրավասությամբ օժտված ցանկացած պետական կամ հասարակական մարմնի, ինչպես նաև ցանկացած անհատի:

Հոդված 9. Խորհրդատվական կազմակերպությունների հավատարմագրումը

 

1. Կոմիտեն Գլխավոր վեհաժողովի հավատարմագրմանն է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում իրավասություններ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք կարող են խորհրդատվական ծառայություններ մատուցել Կոմիտեին:

2. Կոմիտեն Գլխավոր վեհաժողովին է ներկայացնում նաև այդպիսի հավատարմագրման չափանիշները և եղանակավորումները:

Հոդված 10. Քարտուղարություն

 

1. Կոմիտեին աջակցություն է ստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության կողմից:

2. Քարտուղարությունը նախապատրաստում է Գլխավոր վեհաժողովի և Կոմիտեի փաստաթղթերը, ինչպես նաև նրանց նիստերի օրակարգերի նախագծերը և ապահովում է նրանց որոշումների իրագործումը:

 

III. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունն ազգային մակարդակով


Հոդված 11. Մասնակից պետությունների դերը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն`

ա) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար,

բ) 2-րդ հոդվածի 3-րդ կետում հիշատակված պաշտպանության միջոցների շրջանակներում համայնքների, խմբերի և համապատասխան ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ նույնականացնում և որոշում է իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր տարրերը:

Հոդված 12. Ցուցակները

 

1. Պաշտպանության նպատակով նույնականությունն ապահովելու համար յուրաքանչյուր Մասնակից պետություն, հարմարվելով իր սեփական իրավիճակին, կազմում է իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության մեկ կամ մի քանի ցուցակ: Այդ ցուցակները պարբերաբար նորացվում են:

2. Համաձայն 29-րդ հոդվածի` Կոմիտեին պարբերաբար ներկայացվող իր զեկույցում յուրաքանչյուր Մասնակից պետություն համապատասխան տեղեկատվություն է հաղորդում այդ ցուցակների վերաբերյալ:

Հոդված 13. Պաշտպանության այլ միջոցներ

 

Իրենց տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը, զարգացումը և խթանումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Մասնակից պետություն ջանքեր է գործադրում, որպեսզի.

ա) ընդհանուր քաղաքականություն որդեգրի, որն ուղղված կլինի հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության խթանմանը և պլանավորման ծրագրերում այդ ժառանգության պաշտպանության ընդգրկմանը,

բ) նշանակի կամ ստեղծի իր տարածքներում գոյություն ունեցող ոչ նյութական  մշակութային ժառանգության պաշտպանության իրավասու մեկ կամ մի քանի մարմիններ,

գ) խթանի գիտական, տեխնիկական և գեղարվեստական գիտությունները, ինչպես նաև գիտահետազոտական մեթոդաբանությունները` ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության արդյունավետության նպատակով,

դ) ընդունի համապատասխան իրավական, տեխնիկական, վարչական և ֆինանսական միջոցներ` ուղղված.

i. ոչ նյութական մշակութային ժառանգության կառավարման ուսումնական հաստատությունների ստեղծմանը կամ ամրապնդմանը և այդ ժառանգության փոխանցմանը` դրա ներկայացման ու արտահայտման համար նախատեսված ֆորումների և տարածքների միջոցով,

ii. ոչ նյութական մշակութային ժառանգության մատչելիության ապահովմանը` հարգելով այդպիսի ժառանգության առանձնահատուկ տարրերի մատչելիությունը կարգավորող ընդունված փորձը,

iii. ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող փաստաթղթերով զբաղվող հաստատությունների ստեղծմանը և այդ փաստաթղթերի մատչելիությունը դյուրին դարձնելուն:

Հոդված 14. Կրթությունը, իրազեկության բարձրացումը և ներուժի ամրապնդումը

 

Յուրաքանչյուր Մասնակից պետություն բոլոր համապատասխան միջոցներով ջանքեր է գործադրում.

ա) ապահովելու համար հասարակության մեջ ոչ նյութական մշակութային ժառանգության ընդունումը, բարելավումը և դրա նկատմամբ հարգանքը, մասնավորապես.

(i) կրթության, իրազեկության բարձրացման և տեղեկատվական ծրագրերի միջոցով, որոնք հասցեագրված են ընդհանուր հասարակությանը, հատկապես` երիտասարդներին.

(ii) շահագրգիռ համայնքների և խմբերի ներսում հատուկ կրթական և ուսումնական ծրագրերի միջոցով.

(iii) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար կարողությունների ամրապնդման գործողությունների, մասնավորապես կառավարման և գիտական հետազոտությունների միջոցով, և

(iv) ոչ պաշտոնական եղանակներով գիտելիքների փոխանցման միջոցով.

բ) տեղեկացնելու համար հասարակությանը նման ժառանգությանը սպառնացող վտանգների և սույն Կոնվենցիայի իրագործմանն ուղղված գործողությունների մասին,

գ) խթանելու համար ոչ նյութական մշակութային ժառանգության արտահայտման համար անհրաժեշտ բնական տարածքների և հիշարժան վայրերի պահպանման հարցերին վերաբերող կրթությունը:

Հոդված 15. Համայնքների, խմբերի և անհատների մասնակցությունը

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության իր գործողությունների շրջանակներում յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է ապահովել նման ժառանգությունը ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի և, համապատասխան դեպքերում, անհատների հնարավորինս լայն մասնակցությունը և ակտիվորեն ներգրավել նրանց այդ ժառանգության կառավարման գործում:

 

IV. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային մակարդակով


Հոդված 16. Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակը

 

1. Ապահովելու համար ոչ նյութական մշակութային ժառանգության առավել տեսանելիությունը և դրա նշանակության գիտակցումը և խրախուսելու համար մշակութային բազմազանությունը հարգող երկխոսությունը, Կոմիտեն, շահագրգիռ Մասնակից պետությունների առաջարկով, կազմում, արդիականացնում և հրատարակում է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակը:

2. Կոմիտեն մշակում և Գլխավոր վեհաժողովի հաստատմանն է ներկայացնում այդ ներկայացուցչական ցուցակը կազմելու, նորացնելու և հրատարակելու չափանիշները:
 

Հոդված 17. Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը

 

Պաշտպանության համապատասխան միջոցների ձեռնարկման նպատակով Կոմիտեն կազմում, նորացնում և հրատարակում է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը և, շահագրգիռ Մասնակից պետության խնդրանքով, ընդգրկում է այդ ժառանգությունը ցուցակի մեջ:

1. Կոմիտեն մշակում և Գլխավոր վեհաժողովի հաստատմանն է ներկայացնում նշված ցուցակը կազմելու, նորացնելու և հրատարակելու չափանիշները:

2. Արտակարգ հրատապության դեպքերում, որոնց օբյեկտիվ չափանիշները Կոմիտեի առաջարկությունների հիման վրա հաստատում է Գլխավոր վեհաժողովը, Կոմիտեն կարող է համապատասխան ժառանգության տարրն ընդգրկել 1-ին կետում հիշատակվող ցուցակի մեջ շահագրգիռ Մասնակից պետության հետ խորհրդակցելուց հետո:

Հոդված 18. Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ծրագրերը, նախագծերը և միջոցառումները

 

1. Մասնակից պետությունների կողմից ներկայացվող առաջարկությունների հիման վրա և Կոմիտեի կողմից որոշված ու Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված չափանիշների համաձայն` Կոմիտեն պարբերաբար ընտրում և խթանում է ժառանգության պաշտպանությանն ուղղված ազգային, ենթատարածաշրջանային կամ տարածաշրջանային ծրագրերը, նախագծերը և միջոցառումները, որոնք, իր կարծիքով, լավագույնս արտահայտում են սույն Կոնվենցիայի սկզբունքներն ու նպատակները` հաշվի առնելով զարգացող երկրների հատուկ պահանջները:

2. Այս նպատակով նա ստանում, ուսումնասիրում և հաստատում է Մասնակից պետությունների կողմից նման առաջարկությունների նախապատրաստման համար միջազգային աջակցություն ստանալու հայտերը:

3. Կոմիտեն նպաստում է նման նախագծերի, ծրագրերի և միջոցառումների իրականացմանը առաջավոր փորձի տարածման այն ձևերով, որոնք որոշվում են նրա կողմից:

 

V. Միջազգային համագործակցությունը ԵՎ աջակցությունը


Հոդված 19. Համագործակցություն

 

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար միջազգային համագործակցությունը, ի թիվս այլոց, ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, համատեղ նախաձեռնությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում Մասնակից պետություններին տրամադրվող աջակցության մեխանիզմի ստեղծումը:

2. Ոչ ի վնաս իրենց ազգային օրենսդրության դրույթների և ընդունված օրենքների և փորձի` Մասնակից պետություններն ընդունում են, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությունն ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում մարդկության համար և այդ նպատակով պարտավորվում են համագործակցել երկկողմ, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Հոդված 20. Միջազգային աջակցության նպատակները

 

Միջազգային աջակցությունը կարող է տրամադրվել հետևյալ նպատակներով.

ա) անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված ժառանգության պաշտպանություն,

բ) 11-րդ և 12-րդ հոդվածներով հիմնավորված ցուցակների նախապատրաստում,

գ) ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակներում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ծրագրերի, նախագծերի և միջոցառումների օժանդակություն,

դ) ցանկացած այլ նպատակով, որը Կոմիտեն կարող է անհրաժեշտ համարել:

Հոդված 21. Միջազգային աջակցության ձևերը

 

Կոմիտեի կողմից Մասնակից պետություններին տրամադրվող աջակցությունը կարգավորվում է 7-րդ հոդվածում նախատեսված օպերատիվ հրահանգներով և 24-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրով և կարող է ընդունել հետևյալ ձևերը.

ա) պաշտպանության տարբեր ոլորտներին վերաբերող ուսումնասիրություններ,

բ) փորձագետների և պրոֆեսիոնալների տրամադրում,

գ) ցանկացած անհրաժեշտ անձնակազմի ուսուցում,

դ) չափանիշների հաստատման և այլ միջոցների մշակում,

ե) ենթակառուցվածքների ստեղծում և գործարկում,

զ) սարքավորումների և know-how-ի տրամադրում,

է) ֆինանսական և տեխնիկական օգնության այլ ձևեր, ներառյալ, որոշ դեպքերում, ցածր տոկոսներով վարկերի տրամադրումը և նվիրատվությունները:

Հոդված 22. Միջազգային աջակցության կառավարման պայմանները

 

1. Կոմիտեն հաստատում է միջազգային աջակցություն ստանալու հայտերի ուսումնասիրման ընթացակարգը և հստակեցնում է, թե ինչպիսի տեղեկատվություն պետք է լինի հայտերում, ինչպիսիք են նախատեսվող միջոցները և պահանջվող միջամտությունները` դրանց հետ կապված ծախսերի հաշվարկի հետ միասին:

2. Հրատապ դեպքերում աջակցություն ստանալու հայտը Կոմիտեի կողմից ուսումնասիրվում է որպես առաջնային հարց:

3. Որոշում կայացնելու նպատակով Կոմիտեն ձեռնարկում է այնպիսի ուսումնասիրություններ և խորհրդատվություններ, որոնք անհրաժեշտ է համարում:

Հոդված 23. Միջազգային աջակցություն ստանալու հայտերը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է հայտ ներկայացնել Կոմիտեին` իր տարածքում գոյություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար միջազգային աջակցություն ստանալու ակնկալիքով:

2. Նման հայտը կարող է ներկայացվել նաև համատեղ` երկու և ավելի Մասնակից պետությունների կողմից:

3. Հայտի մեջ ներառվում են 22-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը:

Հոդված 24. Օգնություն ստացող Մասնակից պետությունների դերը

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն` տրամադրվող միջազգային աջակցությունը կարգավորվում է օգնություն ստացող Մասնակից պետության և Կոմիտեի միջև կնքված համաձայնագրի միջոցով:

2. Որպես կանոն, օգնություն ստացող Մասնակից պետությունը իր տրամադրության տակ գտնվող միջոցների սահմաններում մասնակցում է պաշտպանության համար տրամադրվող միջազգային աջակցության ծախսերը հոգալու գործին:

3. Օգնություն ստացող Մասնակից պետությունը Կոմիտեին հաշվետվություն է ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության նպատակներով տրամադրվող աջակցության օգտագործման մասին:

 

VI. Ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամը


Հոդված 25. Հիմնադրամի բնույթն ու ռեսուրսները

 

1. Սույնով հիմնադրվում է Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամը, այսուհետ` Հիմնադրամ:

2. Հիմնադրամը բաղկացած է նպատակային հիմնադրամներից, որոնք ստեղծվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆինանսական դրույթների համաձայն:

3. Հիմնադրամի միջոցները բաղկացած են.

ա) Մասնակից պետությունների անդամավճարներից,

բ) այդ նպատակների համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հատկացված միջոցներից,

գ) ավանդներից, նվիրատվություններից կամ ժառանգություններից, որոնք կարող են տրամադրվել.

(i) այլ պետությունների կողմից.

(ii) Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կազմակերպությունների և ծրագրերի, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կողմից.

(iii) պետական կամ մասնավոր մարմինների կամ անհատների կողմից.

դ) Հիմնադրամի միջոցներին ավելացած տոկոսներից,

ե) Հիմնադրամի օգտին կազմակերպված միջոցառումներից ստացված հասույթից և հատկացումներից,

զ) Հիմնադրամի կանոնակարգերով թույլատրված և Կոմիտեի կողմից մշակված ցանկացած այլ միջոցից:

4. Միջոցների օգտագործումը Կոմիտեի կողմից որոշվում է Գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված ղեկավար ցուցումների հիման վրա:

5. Կոմիտեն կարող է ընդունել անդամավճարներ կամ աջակցության այլ ձևեր ընդհանուր և առանձին նպատակների համար, որոնք վերաբերում են հատուկ նախագծերին, պայմանով, որ այդ նախագծերը հավանության արժանացած լինեն Կոմիտեի կողմից:

6. Ոչ մի քաղաքական, տնտեսական կամ այլ պայման, որը անհամատեղելի է սույն Կոնվենցիայի նպատակների հետ, չի կարող կցվել Հիմնադրամի անդամավճարներին:

Հոդված 26. Մասնակից պետությունների անդամավճարները Հիմնադրամին

 

1. Չբացառելով ցանկացած լրացուցիչ կամավոր անդամավճար` սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունները պարտավորվում են առնվազն երկու տարին մեկ անգամ Հիմնադրամին մուծել անդամավճարներ, որոնց  չափը որոշում է Գլխավոր վեհաժողովը` բոլոր պետությունների նկատմամբ կիրառվող միասնական տոկոսային դրույքաչափի ձևով: Գլխավոր վեհաժողովի որոշումն ընդունվում է ներկա և քվեարկող այն Մասնակից պետությունների ձայների մեծամասնությամբ, որոնք չեն արել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունը: Մասնակից պետության անդամավճարը չի կարող գերազանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջե վճարվող նրա սովորական անդամավճարի 1 տոկոսը:

2. Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիայի 32-րդ և 33-րդ հոդվածներում հիշատակված ցանկացած պետություն իր վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ներկայացնելու պահին կարող է հայտարարել, որ իր համար պարտադրող չեն լինելու սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

3. Սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունը, որն արել է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված հայտարարությունը, ջանքեր է գործադրում նշված հայտարարությունը չեղյալ հայտարարելու համար` ծանուցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին: Այնուամենայնիվ, հայտարարությունը չեղյալ հայտարարելը ուժի մեջ չի մտնում պետության անդամավճարի նկատմամբ մինչև Գլխավոր վեհաժողովի հաջորդ նիստի բացման օրը:

4. Կոմիտեի գործողությունների արդյունավետ ծրագրմանը նպաստելու համար սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հայտարարությունն արած` սույն Կոնվենցիայի Մասնակից պետությունների անդամավճարները մուծվում են պարբերաբար` առնվազն երկու տարին մեկ անգամ, և հնարավորինս մոտ  են այն անդամավճարներին, որոնք պետք է վճարվեին, եթե նրանց համար պարտադիր լինեին սույն հոդվածի 1-ին կետի դրույթները:

5. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը պարտադիր կամ կամավոր անդամավճարների մասով պարտքեր ունի ընթացիկ կամ անմիջապես նախորդող օրացուցային տարվա համար, չի կարող դառնալ Կոմիտեի Անդամ: Այս դրույթը չի կիրառվում առաջին ընտրությունների նկատմամբ: Կոմիտեի Անդամ ցանկացած այսպիսի պետության լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված ընտրությունների ժամանակ:

Հոդված 27. Հիմնադրամի կամավոր լրացուցիչ անդամավճարներ

 

Ի լրումն 26-րդ հոդվածով նախատեսված անդամավճարների` կամավոր անդամավճարներ կատարելու ցանկություն ունեցող Մասնակից պետությունները հնարավորին չափ շուտ այդ մասին տեղեկացնում են Կոմիտեին, որպեսզի վերջինս համապատասխանաբար ծրագրի իր գործողությունները:

Հոդված 28. Միջոցների հավաքման միջազգային ակցիաներ

 

Մասնակից պետությունները հնարավորության սահմաններում օժանդակում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ հօգուտ Հիմնադրամի անցկացվող` միջոցների հավաքման միջազգային ակցիաներին:

 

VII. Զեկույցներ


Հոդված 29. Մասնակից պետությունների զեկույցները

 

Մասնակից պետությունները Կոմիտեի կողմից հաստատված ձևով և պարբերականությամբ զեկույցներ են ներկայացնում Կոմիտեին օրենսդրական և կանոնակարգող դրույթների և այլ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են սույն Կոնվենցիան կիրառման նպատակով:

Հոդված 30. Կոմիտեի զեկույցները

 

1. Իր գործունեության և 29-րդ հոդվածում հիշատակված` Մասնակից պետությունների զեկույցների հիման վրա Կոմիտեն զեկույց է ներկայացնում Գլխավոր վեհաժողովի յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ:

2. Այդ զեկույցը հանձնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի ուշադրությանը:

 

VIII. Անցումային դրույթներ


Հոդված 31. Կապը Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցների Հռչակագրի հետ

 

1. Մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակի մեջ է ընդգրկում «Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցներ» հռչակված տարրերը:

2. Այս տարրերի ընդգրկումը Մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցուցակում ոչ մի կերպ չի կանխորոշում այդ չափանիշներն ապագա ընդգրկումների առումով, որոնք որոշվում են 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

3. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո որևէ Հռչակագիր չի ընդունվում:

 

IX. Եզրափակիչ դրույթներ


Հոդված 32. Վավերացում, ընդունում և հաստատում

 

1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակից պետությունների կողմից` համաձայն նրանց համապատասխան սահմանադրական ընթացակարգերի:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ներկայացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:

Հոդված 33. Միացում

 

1. Սույն Կոնվենցիան բաց է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Անդամ չհանդիսացող բոլոր այն պետությունների կողմից միանալու համար, որոնց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովը հրավիրում է միանալու:

2. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է նաև ամբողջովին ներքին ինքնավարություն ունեցող այն տարածքների համար, որոնք ճանաչվում են որպես այդպիսին Միավորված ազգերի կազմակերպության կողմից, սակայն ձեռք չեն բերել լիակատար անկախություն՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի հմ. 1514 /XV/ բանաձևի համաձայն, և որոնք իրավասու են սույն Կոնվենցիայի կողմից կարգավորվող հարցերում` ներառյալ այդ հարցերին վերաբերող համաձայնագրերին միանալու իրավասությունը:

3. Միանալու մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:

Հոդված 34. Ուժի մեջ մտնելը

 

Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երեսուներորդ փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո, սակայն միայն այն երկրների նկատմամբ, որոնք իրենց վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնել նշված օրը կամ մինչ այդ: Ցանկացած այլ Մասնակից պետության նկատմամբ այն ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

Հոդված 35. Դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգերը

 

Դաշնային կամ ոչ ունիտար սահմանադրական համակարգ ունեցող Մասնակից պետությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) սույն Կոնվենցիայի այն դրույթների կապակցությամբ, որոնց իրագործումը կապված է դաշնային կամ կենտրոնական օրենսդրական իշխանության իրավասության հետ, դաշնային կամ կենտրոնական իշխանության պարտավորությունները նույնն են, ինչ դաշնային պետություններ չհանդիսացող Մասնակից պետությունների պարտավորությունները,

բ) սույն Կոնվենցիայի այն դրույթների կապակցությամբ, որոնց իրագործումը կապված է դաշնության կազմի մեջ մտնող առանձին նահանգների, շրջանների, մարզերի կամ համայնքների իրավասության հետ, որոնք պարտավորված չեն ձեռնարկել օրենսդրական միջոցներ` համաձայն դաշնության սահմանադրական համակարգի, դաշնային կառավարությունը տեղեկացնում է նահանգների, շրջանների, մարզերի կամ համայնքների իրավասու իշխանություններին այդ դրույթների մասին` դրանք ընդունելու իր առաջարկով:

Հոդված 36. Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան:

2. Չեղյալ համարելու մասին ծանուցվում է գրավոր փաստաթղթի միջոցով, որը հանձնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ փաստաթղթի ստանալուց տասներկու ամիս հետո: Այն ոչ մի դեպքում չի ազդում Կոնվենցիան չեղյալ հայտարարած Մասնակից պետության ֆինանսական պարտավորությունների վրա` մինչև Կոնվենցիայի չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու օրը:

Հոդված 37. Ավանդապահի գործառույթները

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը, որպես սույն Կոնվենցիայի ավանդապահ, Կազմակերպության Անդամ պետություններին, 33-րդ հոդվածում նշված` Կազմակերպության Անդամ չհանդիսացող պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը տեղեկացնում է բոլոր վավերագրերի, ընդունման, հաստատման և միանալու վերաբերյալ փաստաթղթերի 32-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան ի պահ հանձնման մասին և 36-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիայի չեղյալ հայատարարելու մասին:

Հոդված 38. Փոփոխություններ

 

1. Մասնակից պետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին հասցեագրված գրավոր ծանուցման միջոցով կարող է փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիային: Գլխավոր տնօրենը այդ ծանուցումն ուղարկում է բոլոր Մասնակից պետություններին: Եթե նշված ծանուցումն ուղարկելու օրվանից վեց ամսվա ընթացքում Մասնակից պետությունների առնվազն կեսն այդ առաջարկության վերաբերյալ դրական պատասխան է տալիս, Գլխավոր տնօրենը ներկայացնում է այդ առաջարկը Գլխավոր խորհրդաժողովի հաջորդ նիստին` քննարկման և հնարավոր ընդունման համար:

2. Փոփոխություններն ընդունվում են ներկա և քվեարկող Մասնակից պետությունների ձայների երկու երրորդով:

3. Ընդունվելու դեպքում սույն Կոնվենցիայի փոփոխությունները ներկայացվում են Մասնակից պետություններին` վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու նպատակով:

4. Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից սույն հոդվածի 3-րդ կետում նշված փաստաթղթերը ի պահ հանձնելուց հետո, սակայն միայն այն Մասնակից պետությունների նկատմամբ, որոնք վավերացրել, ընդունել, հաստատել կամ միացել են այդ փոփոխություններին: Հետագայում յուրաքանչյուր Մասնակից պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է փոփոխությունները, այդ փոփոխությունները ուժի մեջ է մտնում Մասնակից պետության կողմից վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթուղթը ի պահ հանձնելուց երեք ամիս հետո:

5. 3-րդ և 4-րդ կետերով հաստատված ընթացակարգը չի կիրառվում Կոմիտեի Մասնակից պետությունների թվաքանակին վերաբերող 5-րդ հոդվածի փոփոխությունների նկատմամբ: Նման փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:

6. Սույն Կոնվենցիայի Մասնակից դարձող պետությունը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, եթե նա այլ մտադրության մասին չի հայտնել, համարվում է.

ա) սույն Կոնվենցիայի լրացված տարբերակի Մասնակից, և

բ) սույն Կոնվենցիայի չփոփոխված տարբերակի Մասնակից, որի համար փոփոխությունները պարտադրող չեն:

Հոդված 39. Հավասարազոր տեքստեր

 

Սույն Կոնվենցիան կազմված է անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն. ընդ որում` բոլոր վեց տեքստերը հավասարազոր են:

Հոդված 40. Գրանցումը

 

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածի` սույն Կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի խնդրանքով, գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:

 

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսի 18-ից: