Համարը 
N 2074-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.87
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.12.2002
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2002
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
28.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2074-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 15-րդ հոդվածի և նշված կոնվենցիայի «Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններ» N 15 հավելվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 13-ի N 2074-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա), կոնվենցիայի «Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններ» N 15 հավելվածի, Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական համաձայնագրերի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ուղեցույցների համաձայն:

2. Կարգի նպատակներն են`

ա) ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական համաձայնագրերի պահանջների կատարման ապահովումը,

բ) օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների (այսուհետ` սակագին) համակարգի ձևավորումը,

գ) սակագների չափերի հաստատման և հրապարակման ընթացակարգերի սահմանումը,

դ) քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքների սահմանումը,

ե) օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններից օգտվողների համար հավասար մրցակցային դաշտի ապահովումը:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները շահագործող, Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող այն բոլոր տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք կազմակերպում, ապահովում ու սպասարկում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օդային փոխադրումները:

4. Սակագինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները շահագործող, օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) կողմից սույն կարգի II բաժնում նշված ծառայությունների դիմաց գանձման ենթակա գումարի մեծությունն է:

4.1. Հայաստանի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծառայությունների մատուցման դեպքերում, սույն կարգի պահանջներին համապատասխան սահմանված սակագների հիման վրա հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում (թռիչքներն ազատվում են գանձումներից) հետևյալ թռիչքների համար`

ա) երկու տոննայից պակաս առավելագույն թույլատրելի թռիչքային քաշ ունեցող ինքնաթիռներով իրականացվող թռիչքներ.

բ) իշխող միապետերի և նրանց ընտանիքի անմիջական անդամների, պետությունների նախագահների, վարչապետների և պետական նախարարների պաշտոնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է թռիչքի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան նշում.

գ) որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իրականացվող թռիչքներ.

դ) թռիչքային անձնակազմի անդամի ատեստավորման վկայական կամ որակավորման նիշ ստանալու նպատակով իրականացվող ուսումնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է դրա մասին համապատասխան նշում և որոնք չեն ծառայում ուղևորների և (կամ) բեռների փոխադրման, ինչպես նաև օդանավի կայանման կամ տեղափոխման նպատակներին.

ե) թռիչքներ, որոնք իրականացվում են բացառապես աերոնավիգացիոն նպատակներով օգտագործվող վերգետնյա սարքավորումների ստուգման կամ փորձարկման նպատակներով:

(4.1 կետը լրաց. 18.08.06 N 1182-Ն)

 

II. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

5. Սույն կարգի գործողության շրջանակներում սակագների համակարգն ընդգրկում է հետևյալ ծառայությունների սակագները`

5.1. օդանավակայանային գործունեության ծառայություններ`

ա) թռիչք-վայրէջքի ապահովում,

բ) լուսաազդանշանային սարքավորումների օգտագործում,

գ) ուղևորների և ուղեբեռների ուղևորահամալիրային սպասարկում,

դ) բեռների և փոստի մշակում,

ե) օդանավերի կայանատեղերի և անգարների հատկացում,

զ) ավիացիոն անվտանգության ապահովում,

է) աղմուկի դիմաց և շրջակա միջավայրի պահպանության ապահովում,

ը) թռիչքների հակաթռչնաբախումային միջոցառումների իրականացման ապահովում,

թ) կառամատուցային մեքենայացված սարքավորումների տրամադրում.

5.2. վերգետնյա սպասարկման ծառայություններ`

ա) օդային փոխադրումների տեխնիկական և առևտրային սպասարկում (այդ թվում` օդանավերի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի վերգետնյա սպասարկում),

բ) հատուկ տրանսպորտային միջոցներով օդանավերի վերգետնյա սպասարկում.

5.3. օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման վերգետնյա, օդանավակայանի շրջանում և օդային տարածքի այլ մասերում մատուցվող ծառայություններ`

ա) օդային երթևեկության սպասարկում,

բ) օդանավերի անձնակազմերի հետ կապի ապահովում,

գ) օդերևութաբանական տեղեկատվության ապահովում,

դ) թռիչքների աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովում:

6. Տնտեսավարող սուբյեկտների կողմից կարող են կիրառվել սույն կարգի 5-րդ կետում նշված ծառայությունների համակցված կամ առանձնացված սակագներ, որոնք սույն կարգի գործողության շրջանակներում նույնպես հանդիսանում են սակագների համակարգի մաս:

Համակցված սակագին է համարվում սույն կարգի 5-րդ կետում նշված երկու և ավելի ծառայությունների դիմաց գանձվող սակագինը:

Առանձնացված սակագին է համարվում սույն կարգի 5-րդ կետում նշված ծառայությունների մի մասի դիմաց գանձվող սակագինը:

 

III. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Սակագները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի դրանք չխոչընդոտեն թռիչքների անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոցների ու ծառայությունների օգտագործմանն ու ապահովեն մատուցվող ծառայությունների համապատասխանությունն անվտանգության, տեխնիկաշահագործողական և որակի չափանիշներին:

8. Սակագները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության միջազգային և միջպետական համաձայնագրերի պահանջներին:

9. Սակագների չափերը միատեսակ գործունեություն (ներքին օդային փոխադրումներ, միջազգային օդային փոխադրումներ, ավիացիոն աշխատանքներ, փորձնական թռիչքներ և այլն) իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար պետք է լինեն նույնը և հավասար:

10. Սակագների չափերը պետք է որոշվեն տնտեսագիտական հաշվարկի հիման վրա` հաշվի առնելով`

ա) շահագործողական և պահպանման ծախսերը, հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների մաշվածությունը,

բ) վերարտադրության և զարգացման համար բավարար, սակայն արտադրական ցուցանիշների ու գործունեության անհրաժեշտ ծավալի ապահովմանը չխոչընդոտող շահույթի ստացման հնարավորությունը,

գ) վարկերի տոկոսադրույքները և սպասարկման ծախսերը,

դ) ապահովագրական ծախսերը,

ե) կադրերի վերապատրաստման, նրանց տեխնիկական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման, սահմանվող պահանջներին նրանց համապատասխանության ապահովման նպատակով իրականացվող ծախսերը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսեր,

է) տարածաշրջանի պետությունների կողմից կիրառվող սակագների չափերը:

11. Հաշվարկվող սակագները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության ծախսերի հաշվարկի վրա և չպետք է ներառեն տվյալ ծառայությանը չառնչվող այլ գործունեության համար նախատեսվող ծախսերը:

 

IV. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

12. Սակագները հաշվարկվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` վարչություն)` հաստատման:

13. Կոնվենցիայի «Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններ» N 15 հավելվածի 6-րդ գլխում նշված ժամկետներն ապահովելու նպատակով սակագների հաստատման կամ նախկինում հաստատված սակագների փոփոխության հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվում է սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 75 օր առաջ:

14. Ներկայացվող փաստաթղթերի փաթեթն ընդգրկում է`

ա) սակագների հաստատման մասին հայտը,

բ) տեղեկանք գործող սակագների մասին,

գ) տեղեկանք սակագների փոփոխության հիմնավորման մասին,

դ) տեղեկանք սակագների հաշվարկի մասին:

15. Սակագների հաստատման մասին հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) սակագների տեսակները և չափերը,

բ) սակագներն ուժի մեջ մտնելու օրը:

16. Սակագների հաստատման մասին հայտը ներկայացնելու օր է համարվում հայտը վարչությունում գրանցելու (մուտքագրելու) օրը:

17. Սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրվում է վարչության կողմից: Ներկայացված սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով` սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ:

18. Սակագների հաստատումը կարող է մերժվել, եթե`

ա) սույն կարգի 14-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերի փաթեթը թերի է, կամ փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ,

բ) ներկայացված սակագները չեն բխում սույն կարգի III բաժնում նշված սկզբունքներից,

գ) սակագների հաստատման մասին հայտը ներկայացված է սույն կարգի պահանջների խախտմամբ:

19. Սակագների հաստատումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով` սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ` նշելով մերժման պատճառները:

20. Սակագների հաստատումը մերժվելու դեպքում ուժի մեջ են մնում նախկինում գործող սակագները` մինչև դրանց` սահմանված կարգով փոփոխումը:

21. Սույն կարգի 17-րդ և 19-րդ կետերում նշված ժամկետներում վարչության կողմից սակագների հաստատման կամ մերժման մասին հրամանի բացակայության դեպքում առաջարկվող սակագները համարվում են ինքնին հաստատված և սկսում են գործել դրանք ուժի մեջ մտնելու համար նախատեսվող օրվանից:

 

V. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

22. Վարչությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ ներկայացված սակագների չափերը որոշող գործոնների մասին, ինչը, սակայն, չի կարող ազդել սույն կարգով սահմանված սակագների հաստատման ժամկետների վրա: Տնտեսավարող սուբյեկտները նման պահանջ ստանալու դեպքում պարտավոր են հինգօրյա ժամկետում վարչություն ներկայացնել սակագների հաստատման մասին որոշում ընդունելու համար պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

23. Տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն կարգի համաձայն սակագների հաստատման նպատակով ներկայացված տեղեկությունները հանդիսանում են առևտրային գաղտնիք և չեն կարող հրապարակվել վարչության կողմից:

24. Հաստատված սակագները տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվում են հրապարակման` աերոնավիգացիոն տեղեկատվական փաստաթղթերում:

25. Վարչությունը հաստատված սակագները հրապարակում է Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուի մեջ` համաձայն կոնվենցիայի 15-րդ հոդվածի և կոնվենցիայի «Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններ» N 15 հավելվածի:

26. Սույն կարգի կիրառման առնչությամբ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան