«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007108
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 դեկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1396-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ 1-2-ՐԴ ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՍԿ N 3.13.1,7.006.05 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման 2-րդ կետի ե) ենթակետի, ինչպես նաև մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության գործընթացի կանոնակարգման նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել
ա) «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպում» ՍԿ N 3.1,7.006.05 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`
սահմանել հսկողություն «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպում» ՍԿ N 3.1,7.006.05 սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների գործադրման նկատմամբ:
ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ I-II ԽՄԲԵՐԻ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
ՍԿ N 3.1,7.006.05
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները սահմանում են Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպման ընդհանուր մոտեցումները:
1.2. Սույն սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թ. N 2121-Ն որոշման պահանջներից:
1.3. Սույն սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
2. Կիրառման ոլորտ
2.1. Սույն սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների պահանջները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բոլոր բուժկանխարգելիչ կազմակերպությունների կողմից` անկախ կազմակերպաիրավական ձևից:
2.2. Բուժկանխարգելիչ կազմակերպությունները, մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպումն իրականացնելիս առաջնորդվում են սույն սանիտարահամաճարակային նորմերով և կանոններով` հիմնվելով առանձին հիվանդությունների համաճարակաբանական օրինաչափությունների և դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների առանձնահատկությունների վրա:
3. Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ
3.1. Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության մոնիթորինգի գործառույթն իրականացվում է «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
ա) Մարդկանց շրջանում մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների կասկածի կամ դրանց արձանագրման դեպքում սահմանված կարգով կատարվում է արտահերթ հաղորդում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
բ) Բոլոր այն բուժկանխարգելիչ կազմակերպությունները, որոնք ախտորոշում են կամ կասկածում են մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի հիվանդությունների առկայությունը որևէ անձի մոտ (կամ կենդանու), անմիջապես հաղորդում են «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի մասնագետների կողմից իրականացվում է ժանտախտի, խոլերայի, դեղին տենդի օջախի համաճարակաբանական հետազոտություն` համապատասխան «Համաճարակաբանական հետազոտության քարտի» լրացմամբ:
գ) Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված մյուս հիվանդությունների մասին հաղորդումը կատարվում է ինչպես բոլոր վարակիչ հիվանդությունների ժամանակ: Համաճարակաբանական հետազոտությունը և «Համաճարակաբանական հետազոտության քարտի» լրացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների կողմից:
դ) Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների հաշվառումը և հաշվետվությունն իրականացվում են համաձայն «Առանձին վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդությունների հաշվառման կարգի»:
ե) Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների մասին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում, վերլուծվում և ամփոփվում է «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
զ) Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների մասին նախորդ ամսվա ամփոփ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն:
է) Սանիտարակարանտինային կետերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցումային կետերում կանխարգելիչ, բժշկական և սահմանափակող միջոցառումների իրականացում պահանջող վարակիչ (այդ թվում` մակաբուծային)` մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների արձանագրման կամ դրանց կասկածի մասին անմիջապես հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, սպասարկման տարածքի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմիններին և «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
3.2. «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստանում, վերլուծում և ամփոփում է ամբողջ տեղեկատվությունը` կապված մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններով հիվանդացության, վարակակրության, մահացության, հիվանդության կլինիկական դրսևորումների, շրջակա միջավայրում հարուցչի շրջանառության, բնակչության ընկալունակության, լաբորատորիաների ախտորոշիչ նյութերով հագեցվածության, դեղամիջոցներով հագեցվածության, ախտահանիչ նյութերով ապահովվածության, փոխանցման ուղիների և գործոնների, միջանկյալ (վերջնական) տերերի և փոխանցողների պոպուլյացիայի, արտաքին միջավայրի վիճակի, լաբորատոր հետազոտությունների, համաճարակաբանական հետազոտության արդյունքների, հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության, սոցիալ-տնտեսական և բնական գործոնների և այլնի մոնիթորինգի հետ: Տեղեկատվության հավաքումը կատարվում է պետական վիճակագրական հաշվառման և հաշվետվության ձևերի, ինչպես նաև մոնիթորինգային ձևերի հիման վրա:
3.3. Համաճարակաբանական հսկողության համակարգի երկրորդ օղակը` հետահայաց (ռետրոսպեկտիվ) վերլուծությունը կատարվում է «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների բազմամյա շարժի, ինչպես նրա տարածքի աշխարհագրական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, սանիտարահիգիենիկ, էպիզոոտոլոգիական տվյալների հիման վրա:
3.4. Համաճարակաբանական հսկողության համակարգի երրորդ օղակը` ընթացիկ վերլուծությունը կատարվում է «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակային գործընթացի շարժի, կոնկրետ հիվանդության տարածքային բաշխվածության, սեզոնայնության, տարիքային, մասնագիտական, սեռային հիվանդացության, ըստ բնակչության խմբերի` հիվանդացության բնութագրման:
3.5. Համաճարակաբանական հսկողության համակարգի չորրորդ և հինգերորդ օղակները` համաճարակաբանական իրավիճակի կանխատեսումը և միջոցառումների արդյունավետության գնահատումը կատարվում են «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` հաշվի առնելով մոնիթորինգի և հետահայաց ու ընթացիկ վերլուծության տվյալները:
3.6. Համաճարակաբանական հսկողության համակարգի վերջին օղակի` «Վարչական որոշումների ընդունման» գործադրման նպատակով «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից յուրաքանչյուր եռամսյակ, մինչև հաջորդ ամսվա 5-ը ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությանն է տրամադրվում ամփոփ համաճարակաբանական վերլուծություն-եզրակացություն ՀՀ տարածքում մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակային իրավիճակի և համաճարակաբանական հսկողության վիճակի մասին: ՊՀՀ տեսչության կողմից «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացվում է առաջարկ մեթոդագործնական փաստաթղթերի մշակման, ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացման վերաբերյալ:
3.7. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության (մոնիթորինգի, համաճարակաբանական վերլուծության, կանխատեսումների, գնահատման) աշխատանքները համակարգող հանրապետական (միջգերատեսչական) հանձնախումբ: Հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից:
3.8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է ռեժիմային` կենսաբանական անվտանգության պահանջների պահպանման, գնահատման հանձնախումբ, որի կազմը և աշխատանքի կանոնակարգը հաստատվում է առողջապահության նախարարի կողմից:
3.9. Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգն ընդգրկում է բուժկանխարգելիչ, հակահամաճարակային (հակամիջատային, հակաէպիզոոտիկ), կադրերի պատրաստման և բնակչության բժշկահիգիենիկ ուսուցման բաղադրիչներ:
ա) Բուժկանխարգելիչ միջոցառումներն ուղղված են հիվանդ անձանց և վարակակիրների նկատմամբ և ներառում են` մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդություններով հիվանդների և վարակակիրների հայտնաբերում, հայտնաբերված հիվանդների և վարակակիրների բուժում: Այս ուղղությամբ, համաձայն իր աշխատանքային ծրագրի, «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը էնզոոտիկ տարածքների բուժկանխարգելիչ կազմակերպություններում անց է կացնում խորհրդակցություն-սեմինարներ, որի արդյունքում բուժկանխարգելիչ կազմակերպություններին տրամադրում է տեղեկանք վերջինիս անցկացման մասին` համաձայն Հավելված 1-ի:
բ) Տարածքի էպիզոոտոլոգիական (համաճարակաբանական) հետազոտության նպատակով կենդանաբանական և մակաբուծաբանական աշխատանքները կազմակերպվում են ըստ «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարեկան աշխատանքային ծրագրի, որը հաստատվում է կենտրոնի տնօրենի կողմից: Էպիզոոտոլոգիական հետազոտությունները կատարվում են «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և նրա մասնաճյուղերի ստացիոնար լաբորատորիաների, սեզոնային համաճարակաբանական ջոկատների և կենդանաբանական խմբերի (ջոկատների) կողմից:
Հակաէպիզոոտիկ միջոցառումները ներառում են մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների ռեզերվուարներ հանդիսացող (միջանկյալ, վերջնական տերեր) կենդանիների նկատմամբ հետազոտություններ, պայքար կրծողների դեմ: Հակամիջատային միջոցառումները ներառում են դիտարկումներ մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների փոխանցողների նկատմամբ, պայքար վարակի կրողների և փոխանցողների դեմ (միջատազերծման միջոցառումներ):
գ) Կադրերի պատրաստումն ընդգրկում է բազային և հետդիպլոմային կրթությունը, ինչպես նաև «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացվող սեմինարները: Վերջիններս ենթակա են թեսթավորման: Կադրերի պատրաստման ուսումնական ծրագրերը մշակվում են «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
դ) Բնակչության բժշկահիգիենիկ ուսուցումը կազմակերպվում է տեղեկատվությամբ և քարոզչությամբ:
3.10. Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված առանձին հիվանդությունների համար կարող են մշակվել և գործադրվել պայքարի և կանխարգելման ծրագրեր:
3.11. Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը գործադրվում են ըստ առանձին հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերին վերաբերող սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների: