Համարը 
N 109
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.103
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
10.05.2002
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.05.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60302108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 մայիսի 2002 թ.
ք. Երևան 

N 109

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով և 13 հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է`

հաստատել վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման, ինչպես նաև տեղեկատվության ստացման կարգը (կցվում է):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Վիճակագրության պետական խորհրդի
10 մայիսի 2002 թ. թիվ 109 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՉԱԿԱՆ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգը սահմանում է վարչական (տեղեկատվական) ռեգիստրների (այսուհետ` վարչական ռեգիստրներ) վարման, ինչպես նաև դրանց միջոցով հավաքագրվող տեղեկությունների` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ներկայացման կարգն ու պայմանները:

 

2. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԸ

 

Վարչական ռեգիստրները Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից (այսուհետ` վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններ) վարվող վիճակագրական տվյալների բազաներ (շտեմարաններ) են, որոնք հանդիսանում են ճյուղային (գերատեսչական) և տեղական (համայնքային) հաշվառման (վիճակագրության) վարման արդյունք, և որոնց ամբողջությունը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական տեղեկատվության միասնական համակարգի բաղկացուցիչ մասը:

Վարչական ռեգիստրներում պահվող տվյալները (տեղեկությունները) համալրվում են վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող վարչական բնույթի դիտարկումների հիման վրա:

Վարչական ռեգիստրների վարման հետ կապված աշխատանքները (տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում, հրապարակում) սահմանվում են որպես վարչական վիճակագրություն:

Վիճակագրական նպատակներով վարչական վիճակագրության համակարգումն իրականացվում է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից:

Վարչական ռեգիստրներն ըստ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների տարանջատվում են ճյուղայինի (գերատեսչականի) և տեղականի (համայնքայինի):

 

3. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Վարչական ռեգիստրների վարման հիմնական պահանջներն են.

ա) պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան, վարչական վիճակագրություն իրականացնող մարմնի կողմից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվելիք աշխատանքների (ցուցանիշների) առկայության ապահովումը,

բ) Ազգային հաշիվների համակարգի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այլ մեթոդաբանական փաստաթղթերի չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության և միջազգային համադրելիության ապահովումը,

գ) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության անհրաժեշտ դասակարգիչների կիրառումը:

Միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության ապահովման, ինչպես նաև սույն կետում նշված խնդիրների լուծման նպատակով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն, իր իրավասության շրջանակում, համակարգում է վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման աշխատանքները, իսկ վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից համապատասխան առաջարկի առկայության դեպքում` աջակցում նրանց վիճակագրական տեղեկատվության սեփական բազաների (շտեմարանների) ստեղծմանը:

 

4. ՃՅՈՒՂԱՅԻՆ (ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԸ

 

Ճյուղային (գերատեսչական) են համարվում ՀՀ պետական մարմինների, այդ թվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարվող վարչական ռեգիստրները (ներառյալ ՀՀ մարզպետարանների կողմից` սույն կարգի կետ 5-ում նկարագրված համայնքների անձնագրերի հիման վրա` մարզի ամփոփ անձնագրի վարումը):

Ճյուղային (գերատեսչական) վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ վարչական բնույթի դիտարկումներն իրականացվում են վարչական վիճակագրական հաշվետվությունների, հարցաթերթերի, տեղեկանքների և այլ վարչական փաստաթղթերի միջոցով:

Ճյուղային (գերատեսչական) վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից` վարչական վիճակագրության վարման նպատակով ներդրվող հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) վերնամասում պարտադիր նշվում է վարչական վիճակագրություն իրականացնող մարմնի անվանումը և «վարչական վիճակագրական հաշվետվություն» (կամ հարցաթերթ, տեղեկանք) բառերը և դրանք հաստատվում են համապատասխան վարչական վիճակագրություն իրականացնող մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հրամանով (որոշմամբ)` նախապես համաձայնեցնելով ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի հետ, որի վերաբերյալ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից ընդունվում է որոշում:

(3-րդ պարբերությունը փոփ. 24.11.06 N 21-Ն)

Սույն կարգի իմաստով, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի հետ համաձայնեցման դրույթը չի կիրառվում.

ա) վարչական վիճակագրական այն փաստաթղթերի (հաշվետվությունների, հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) համար, որոնցում ներառված ցուցանիշների կազմը, հավաքագրման եղանակները, հաշվարկման մեթոդաբանությունը և այլն սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ,

բ) վարչական վիճակագրական այն փաստաթղթերի (հաշվետվությունների, հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) համար, որոնք նշված չեն պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրում:

Առանձին դեպքերում` բարդ և աշխատատար հաշվարկային մեթոդաբանությունների կիրառման ժամանակ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը և պարբերականությունը կարող են սահմանվել համապատասխան վարչական վիճակագրությունը վարող մարմնի հետ կնքվող համաձայնագրով:

 

5. ՏԵՂԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԸ

 

Տեղական (համայնքային) են համարվում ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող վարչական ռեգիստրները:

Տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների` վիճակագրական նպատակներով վարումն իրականացվում է համայնքների անձնագրերի վարման, ինչպես նաև այլ դիտարկումների հիման վրա:

Համայնքների անձնագրերի վարումը բնակչության թվաքանակի, սեռատարիքային և սոցիալական կազմի, համայնքներում տեղաբաշխված մշակութային, կրթական և մարզական համալիրների (կառույցների), առողջապահության, բնակարանային կոմունալ տնտեսության, արտադրական ենթակառուցվածքների, համայնքների բյուջեների և այլ անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ մշտապես կուտակվող և պահպանվող ցուցանիշների համակարգ է:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվող` համայնքների անձնագրերի վարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և դրանց կազմման վերաբերյալ ցուցումները սահմանվում են ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ:

 

6. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ՀՀ ԱՎԾ ԿՈՂՄԻՑ

 

Իրավաբանական անձանց, պետական հիմնարկներին, անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց կրկնակի չծանրաբեռնելու, ինչպես նաև պետական բյուջեի միջոցներն արդյունավետ օգտագործելու նպատակով` պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում ընդգրկված ցուցանիշների հաշվարկման և աշխատանքների իրականացման նպատակով վարչական վիճակագրություն իրականացնող մարմինները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն են ներկայացնում տեղեկություններ` ստացված վարչական բնույթի դիտարկումների հիման վրա:

Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինները` իրավաբանական անձանց, պետական հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վերաբերյալ վարչական բնույթի դիտարկումների հիման վրա հավաքագրված տեղեկությունները ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանն են ներկայացնում պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրով սահմանված ձևով, պարբերականությամբ և ժամկետներում:

Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների, այլ վիճակագրական փաստաթղթերի ձևերի, ինչպես նաև դրանց կազմման վերաբերյալ ցուցումները (հրահանգները) սահմանվում են ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի կողմից: Հաշվետվությունների և այլ վիճակագրական փաստաթղթերի ձևերի վրա պարտադիր նշվում են «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն» բառերը, ինչպես նաև զետեղվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության խորհրդանշանը:

Բացի պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված դեպքերի, վիճակագրական դիտարկումների համար գլխավոր համակցություններ կազմավորելու, դրանք արդիականացնելու նպատակով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը կարող է վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններից ստանալ իրենց վարչական ռեգիստրում պահվող, այդ թվում` բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ սկզբնական (անվանական) տեղեկություններ:

 

7. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններն իրավունք ունեն`

ա) ստանալ վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ իրավաբանական անձանցից, պետական հիմնարկներից և անհատ ձեռնարկատերերից,

բ) հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները` նշելով սկզբնաղբյուրը:

Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինները պարտավոր են դիտարկումների և այլ աշխատանքների իրականացման ժամանակ պահպանել օրենսդրության պահանջները:

 

8. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Վարչական ռեգիստրների վարման բնագավառում ծագող այլ, վերը չթվարկված հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 29 մայիսի 2001 թ. թիվ 51 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման» կարգով, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 23 հուլիսի 2001 թ. թիվ 56 որոշմամբ հաստատված` «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգով, ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 25 հունիսի 2001 թ. թիվ 53 որոշմամբ հաստատված` «Վիճակագրական գաղտնիքի պահպանման» կարգով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով: