Համարը 
ԹԻՎ 4
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.04.28/24(323)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
19.04.2004
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ստորագրման ամսաթիվը 
19.04.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԹԻՎ 4

 

19 ապրիլի 2004 թ.

 

Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման ԵՎ դուրս գրման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման» կարգի (այսուհետ` կարգ) 4-րդ կետին համապատասխան, դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել:

Կարգի 14-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100 հազ. դրամը, ապա դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի կետանցված դառնալու 366-րդ օրվանից` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում: Կարգի 27-րդ կետի համաձայն, 100 հազ. դրամը գերազանցող դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է այն դեբիտորական պարտքերի նկատմամբ, որոնք ժամկետանց են դարձել 2003 թվականի հունվարի 1-ից հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգը սահմանում է կետանցված դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումն ու դուրս գրումը, տարաբնույթ է ընկալվում կարգի 27-րդ կետում նշված «ժամկետանց» հասկացությունը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում ենք`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետին համապատասխան, դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է այն դեբիտորական պարտքերի նկատմամբ, որոնք կետանցված են դարձել 2003 թվականի հունվարի 1-ից հետո (այսինքն` կետանցված դառնալու 366-րդ օրը լրանում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո), հետևաբար` 2003 թվականի ընթացքում դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման համար դատարանի վճռի առկայությունը պարտադիր չէ: