Համարը 
թիվ 6562/03
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.09.12/46(570)
Ընդունման վայրը 
Ստրասբուրգ
Ընդունող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվը 
11.01.2007
Ստորագրող մարմինը 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

Ներմուծեք նկարագրությունը_15683

 

 

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

 

ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 6562/03)

 

 

 

Վ Ճ Ի Ռ

 

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

11 Հունվար 2007

 

 

 

 

ՄՏԵԼ Է ՈՒԺԻ ՄԵՋ

 

11/04/2007

 

 

Սույն վճիռը ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմաններով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը, ի դեմս`

Պրն Բ. Մ. ԶՈՒՊԱՆՉԻՉ, Նախագահ

Պրն Ջ. ՀԵԴԻԳԱՆ,

Պրն Ս. ԲԻՐՍԱՆ,

Պրն Վ. ԶԱԳՐԵԲԵԼՍԿԻ,

Տկն Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ,

Պրն ԴԱՎԻԴ ԹՈՐ ԲՅՈՐԳՎԻՆՍՈՆ,

Տկն Ի. ԶԻԵՄԵԼԵ, Դատավորներ

և Պրն Վ. ԲԵՐԳԵՐ, Բաժանմունքի Քարտուղար,

2006 թ. Դեկտեմբերի 7-ին, խորհրդակցելով փակ դռների հետևում, կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

1. Գործը սկիզբ է առել 2002 թ. նոյեմբերի 25-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի քաղաքացի Արմեն Մկրտչյանի (Դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 6562/03 գանգատի հիման վրա:

2. Դիմումատուն, որը ստացել է իրավական օգնություն, ներկայացված է եղել փաստաբան պրն. Ն. Բաղդասարյանի կողմից, գործունեության վայրը` քաղաք Երևան: ՀՀ կառավարությունը (Կառավարություն) ներկայացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. Դիմումատուն պնդում է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքի իրականացման միջամտությունը հակասում է Կոնվենցիայի 11-րդ հոդվածին, մասնավորապես` որ այն նախատեսված չի եղել օրենքով:

4. Գանգատն ուղարկվել է Դատարանի Երրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոններ, Կանոն 52.1): Տվյալ բաժանմունքում գործը քննության առնող Պալատը (Կոնվենցիայի 27.1 Հոդված) ձևավորվել է Կանոն 26.1-ի համաձայն:

5. 2005 թ. հոկտեմբերի 20-ի որոշմամբ Դատարանը գանգատը ճանաչեց մասնակի ընդունելի:

6. Ե'վ Դիմումատուն և' Կառավարությունը ներկայացրել են գրավոր առարկություններ (Կանոն 59.1): Պալատը` խորհրդակցելով կողմերի հետ, որոշեց, որ գործի ըստ էության քննության բանավոր լսումների անհրաժեշտություն չկա (Կանոն 59.3), կողմերը գրավոր պատասխանել են միմյանց առարկություններին:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

7. Դիմումատուն ծնվել Է 1972 թ., ապրում է Երևանում:

8. Դիմումատուն խնդրո առարկա ժամանակահատվածում հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության անդամ:

9. 2002 թ. մայիսի 10-ին «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է Երևանի քաղաքապետին` 2002 թ. մայիսի 14-ին Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու համար:

10. 2002 թ. մայիսի 13-ին քաղաքապետը արտոնում է հանրահավաքի անցկացումը:

11. Հանրահավաքը կայանում է Ազատության հրապարակում, 2002 թվականի մայիսի 14-ին, ժամը 15:00-ի սահմաններում` ինչպես նախատեսված էր: Այն կազմակերպված էր «Հանրապետություն» կուսակցության և թվով վեց այլ քաղաքական կուսակցությունների կողմից: Դիմումատուն նույնպես մասնակցում է հանրահավաքին:

12. Հանրահավաքից հետո` ժամը 16:00-ի սահմաններում, դիմումատուն կոչ է անում մասնակիցներին Բաղրամյան պողոտայով քայլարշավ կատարել դեպի Ազգային ժողովի շենք: Ամբոխը շարժվում է դիմումատուի հետևից պողոտայով վեր:

13.  Նույն օրը` ժամը 23:10-ին, դիմումատուն ձերբակալվում և բերման է ենթարկվում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժին: Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված վարչական իրավախախտման արձանագրությունում նշված էր, որ «դիմումատուն չարտոնված երթ է կազմակերպել և խախտել է փողոցային երթերի և ցույցերի անցկացման կարգը»:

14. 2002 թ. մայիսի 15-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է դիմումատուի վարչական իրավախախտման վերաբերյալ գործը. Առաջին ատյանի դատարանը գտավ.

 

«[Դիմումատուն] ս.թ. մայիսի 14-ին, ժամը 16-ի սահմաններում խախտելով փողոցային երթերի և ցույցերի անցկացման սահմանված կարգը, մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է չարտոնված երթին: Այսինքն, կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանք: Հաշվի առնելով վարչական գործի հանգամանքները և [դիմումատուի] անձը դատարանը գտավ, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել վարչական տույժ` տուգանքի ձևով»:

 

15. Դատարանը նշանակեց վարչական տույժ 500 ՀՀ դրամի չափով (նշված ժամանակահատվածում դա համարժեք էր մոտ 1 եվրոյի): Որոշումը վերջնական էր և ենթակա չէր բողոքարկման:

16. 2002 թ. մայիսի 24-ին դիմումատուն դիմում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Իր դիմումի մեջ դիմումատուն մասնավորապես նշում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, նա ունի իրավունք բողոքարկելու դատարանի որոշումներն ու վճիռները վերադաս դատարանում: Դիմումատուն նշում էր, որ իր` հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացման միջամտությունը նախատեսված չէր օրենքով: Նա նաև նշում էր, որ գոյություն չունի օրենք, որով սահմանված կարգը նա խախտել է: Ավելին` նա ուղղակիորեն խնդրում էր, որպեսզի վերաքննիչ դատարանը մատնանշի այն օրենքը, որը նա իբր խախտել է, եթե այդպիսին գոյություն ունի:

17. 2002 թ. հունիսի 14-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը լսեց դիմումատուի բողոքը և գտավ.

 

«2002 թ. մայիսի 14-ին 15:00-ի սահմաններում [դիմումատուն] մասնակցել է արտոնված հանրահավաքի Երևան քաղաքի Ազատության Հրապարակում: Այնուհետև, ժամը 16:00-ի սահմաններում նա մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է չարտոնված երթին Բաղրամյան պողոտայով, որի ընթացքում նա գլխավորել է երթը: [Այդ իսկ պատճառով] նա բերման է ենթարկվել [ոստիկանության բաժանմունք]:

 

Այն, որ նա գլխավորել է չարտոնված երթը, առաջացնում է վարչական պատասխանատվություն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ի հոդվածի, հետևաբար նա պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության»:

 

18. 2002 թ. հունիսի 24-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացնում ՀՀ վճռաբեկ դատարան:

19. 2002 թ. հուլիսի 1-ին Վճռաբեկ դատարանը նամակով տեղեկացնում է դիմումատուին, որ օրենսդրությունը նրան իրավունք չի ընձեռում բողոքարկել որոշումը, որի դեմ դիմումատուն բողոք էր ներկայացրել:

 

II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Ա. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք (6 դեկտեմբեր, 1985 թ.)

 

20. Օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է.

 

հոդված 180.1

 

«Հավաքների, ժողովների, երթերի և ցույցերի անցկացման սահմանված կարգը խախտումը առաջացնում է պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հիսունից հարյուր տոկոսի չափով: Բացառիկ դեպքերում, կախված գործի հանգամանքներից և հաշվի առնելով իրավախախտի անձը, եթե չի բավարարում պատժի չափը, կարող է կիրառվել պատասխանատվություն վարչական կալանքի տեսքով, որի տևողությունը չի կարող գերազանցել տասնհինգ օրը»:

 

Բ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ԽՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման կարգի մասին

 

21. Այս հրամանագիրը սահմանում է համապատասխան կանոններ, որոնք վերաբերում են նախնական արտոնմանը, արտոնման դիմումի համար որոշում կայացնող մարմնին (օրինակ` ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտե), դիմում ներկայացնելու կարգին և բովանդակությանը, որոշմանը, որը պետք է կայացվի դիմումի քննության արդյունքում, վերադաս մարմնին որոշումը բողոքարկելու հնարավորությանը, պահանջներին, որոնք անհրաժեշտ են պահպանել զանգվածային միջոցառում անցկացնելու ընթացքում (օրինակ` որ միջոցառումը պետք է անցկացվի դիմումում մատնանշված վայրում և նշված ժամին, միջոցառման ընթացքում պետք է պահպանվի հասարակական կարգը, չի կարելի զենք կրել դրա ընթացքում և այլն), արտոնումը մերժելու հիմքերին և այն հիմքերին, որոնց առկայության դեպքում միջոցառումը կարող է ցրվել (դիմումի բացակայություն, արտոնման մերժում, հասարակական կարգի խախտում և այլն):

 

Գ. ԽՍՀՄ օրենքը ԽՍՀՄ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերը հաստատելու մասին (1988 թ. հոկտեմբերի 28)

 

22. Օրենքն ընդունելով` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հաստատեց նախագահության մի շարք հրամանագրեր, ներառյալ 1988 թ. հուլիսի 28-ի նշված հրամանագիրը:

 

Դ. Հայաստանի անկախության մասին հռչակագիր (1990 թ. օգոստոսի 23)

 

23. Հռչակագրի համապատասխան հոդվածը սահմանում է.

 

«Հայաստանի [Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության] Գերագույն Խորհուրդը ...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից... [և] խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը.

 

Հռչակում է

 

1. [Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը] վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն

2. ...Հայաստանի Հանրապետության ... տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները:

 

Ե. ՀՀ Սահմանադրական Օրենքը անկախ պետականության հիմնադրույթների մասին (1991 թ. սեպտեմբեր 25).

 

24. Օրենքի համապատասխան հոդվածը սահմանում է.

 

հոդված 16

 

«Մինչև Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը գործող սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Հայաստանի Անկախության մասին» Հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին»:

 

Զ. ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիր (Հայաստանի կողմից ստորագրվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին և վավերացվել է 1992 թ. փետրվարի 18-ին)

 

25. Համաձայնագրի համապատասխան հոդվածը սահմանում է.

 

հոդված 11

 

«Սույն Համաձայնագրի ստորագրման պահից այն ստորագրած պետությունների տարածքներում չի թույլատրվում երրորդ պետությունների, այդ թվում` նախկին ԽՍՀ Միության, նորմերի կիրառումը»:

 

Է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (ընդունված 1995 թ. հուլիսի 5-ին, ուժի մեջ էր նշված ժամանակահատվածում)

 

26. Սահմանադրության համապատասխան հոդվածները սահմանում են.

 

Նախաբան

 

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները ...ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:

 

հոդված 4

 

«Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»:

 

հոդված 26

 

«Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք»:

 

հոդված 44

 

«Սահմանադրության 23-27 հոդվածներում ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

 

հոդված 116

 

«Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից` 1. դադարում է 1978 թվականի Սահմանադրության, հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ, ինչպես նաև սահմանադրական օրենքների գործողությունը. 2. Հայաստանի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը»:

 

Ը. ՀՀ Նախագահի հրամանագիրը Երևան քաղաքում պետական կառավարման մասին` ընդունված 1997 թ. մայիս 6-ին

 

27. Հրամանագիրը սահմանում է.

 

հոդված 1.5

 

«Երևանի քաղաքապետը` օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է Երևանի տարածքում ժողովներ,

հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու հարցը»:

 

Թ. ՀՀ օրենքը ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին (2004 թ. ապրիլ 28)

 

28. 2004 թ. ապրիլի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց օրենք, որը կարգավորում էր հավաքներ, ժողովներ, ցույցեր և երթեր անցկացնելու կարգը: Օրենքի 16-րդ հոդվածը սահմանում էր, որ օրենքի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագիրը «ԽՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման կարգի մասին»:

 

ՕՐԵՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

29. Դիմումատուն պնդում է, որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցը անօրինականորեն միջամտություն էր խաղաղ հավաքներ անցկացնելու իր իրավունքի իրականացմանը, քանի որ այն նախատեսված չէր օրենքով: Դիմումատուն հղում է կատարել Կոնվենցիայի 11-րդ հոդվածին, որը մասնավորապես սահմանում է.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության... իրավունք.

 

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

 

Ա. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Կառավարությունը պնդում էր, որ ցույցերի և փողոցային երթերի կազմակերպման և անցկացման կարգը, որին հղում էր կատարում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 180.1 հոդվածը, սահմանված էր «ԽՍՀՄ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հրամանագրերի հաստատման մասին» ԽՍՀՄ օրենքով (Օրենք) ընդունված 1988 թ. հոկտեմբերի 28-ին, որը հաստատել է, inter alia, նաև «ԽՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի և ցույցերի կազմակերպման և անցկացման կարգը», որն ընդունվել է 1988 թ. հուլիսի 28-ին: Օրենքն ընդունվել էր նախքան 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախացումը, սակայն շարունակում էր գործել անկախության հռչակումից հետո` 1991 թ. սեպտեմբերի 25-ին ընդունված «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, քանի որ օրենքի տվյալ հոդվածում նշված «գործող Սահմանադրություն և օրենքներ» արտահայտությունը վերաբերում էր նաև նախկին ԽՍՀՄ օրենքներին: Այսպիսով` 1991-1995 թվականների ընթացքում Օրենքը շարունակում էր գործել որպես Հայաստանի Հանրապետության օրենք, այնուհետև 1995 թ. հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումից հետո այն շարունակեց մնալ ուժի մեջ Սահմանադրության 116 հոդվածի 2-րդ մասի հիման վրա:

31. Դիմումատուն պնդում էր, որ Օրենքը պետք է լինի մատչելի և կանխատեսելի: Նա չի կարողացել գտնել օրենքը և այդ պատճառով այն չի հանդիսանում մատչելի: Ավելին` նա հարց է բարձրացնում, որ եթե օրենքը գործում է, ապա ինչո՞ւ ներպետական դատարանը դրան հղում չի կատարել: Ամեն դեպքում, նրա կարծիքով, Օրենքը Հայաստանում չէր գործում 1991 թ. դեկտեմբեր 8-ին ընդունված ԱՊՀ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն, որն արգելում էր անդամ-պետությունների տարածքում նախկին ԽՍՀՄ օրենքների կիրառությունը: Այս Կոնվենցիան Հայաստանի կողմից ստորագրվել և վավերացվել է համապատասխանաբար 1991 թ. դեկտեմբերի 8-ին և 1992 թ. փետրվարի 18-ին:

32. Իր առարկություններում Կառավարությունը պնդում էր, որ Օրենքը եղել է մատչելի, քանի որ այն տպագրվել էր 1988 թ. օգոստոսի 3-ի Գերագույն խորհրդի տեղեկագրի համար 31-ում: ԱՊՀ կոնվենցիայի 11-րդ հոդվածը չի տարածվում այդ Օրենքի վրա, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ԱՊՀ կոնվենցիան` Օրենքն արդեն գործում էր Հայաստանի Հանրապետությունում որպես Հայաստանի Հանրապետության օրենք` համաձայն 1991 թ. սեպտեմբերի 25-ի Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի: Այնուհետև` օրենքը շարունակել է գործել 1995 թ. Սահմանադրության հիման վրա:

33. Իր առարկություններում Դիմումատուն պնդում է, որ այն օրենքը, որն արդեն 1991 թվականին ԱՊՀ կոնվենցիայի հիման վրա իր ուժը կորցրած է ճանաչվել, չի կարող վերստին ուժի մեջ մտնել` վերականգնվելով 1995 թվականին ընդունված Սահմանադրության հիման վրա: Ավելին` հրամանագիրը չէր կարող գործնականում կիրառվել, քանի որ այն իր մեջ պարունակում էր ձևակերպումներ, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո գոյություն չունեին. օրինակ` «պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն» և «վերադաս մարմինը», որին կարող էին բողոքարկվել գործադիր կոմիտեի որոշումները:

34. Գործի ըստ էության քննության ժամանակ Կառավարությունը պնդեց, որ օրենքն ուժի մեջ էր և գործնականում կիրառելի էր: Անտրամաբանական կլիներ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունված բոլոր օրենքները, իրավական ակտերը, այն դեպքում, երբ Հայաստանը դեռևս չուներ իր սեփական իրավական համակարգը, քանի որ, եթե նման բան տեղի ունենար, ապա Հայաստանը կկանգներ օրենսդրական ճգնաժամի առջև: Հետևաբար, ոչ միայն նշված օրենքը, այլև շատ այլ ԽՍՀՄ ժամանակաշրջանի օրենքներ շարունակել են և այժմ էլ շարունակում են մնալ ուժի մեջ Հայաստանի Հանրապետությունում: Այդպիսի օրինակ է 1992 թ. փետրվարի 26-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշումը «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին», որի 15-րդ հոդվածը սահմանում էր, որ «ԽՍՀՄ-ում կոոպերացիայի մասին» և «Պետական ձեռնարկությունների (միավորումների) մասին» ԽՍՀՄ օրենքները գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Ինչպես նաև, մինչև 2002 թ. մայիսի 23-ը, երբ ընդունվեցին համապատասխան կանոնները, ամբողջ ճանապարհային երթևեկությունը Հայաստանում կարգավորվում էր 1979 թ. նոյեմբերի 2-ի ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության հրամանագրով: Ի վերջո` համաձայն օրենքների և օրենսդրությանը վերաբերող տեխնիկական կանոնների, իրավական ակտը պետությունում գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ուժը կորցնելու վերաբերյալ որոշում չի ընդունվում: Այդպիսով` 2004 թ. ապրիլի 28-ին ընդունվեց «Ցույցերի և երթերի մասին» նոր օրենքը, որի 16-րդ հոդվածը սահմանում էր, որ այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահից հրամանագիրը չպետք է կիրառվի Հայաստանի Հանրապետության տարածքում:

35. Կառավարությունը կրկնեց իր այն պնդումը, որ ԱՊՀ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը չի տարածվում նշված Օրենքի վրա: Այն տարածվում էր միայն ԽՍՀՄ այն իրավական ակտերի վրա, որոնք ընդունվել էին Հայաստանի անկախացման և 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման միջև ընկած կարճ ժամանակահատվածում: ԽՍՀՄ բոլոր մնացած իրավական ակտերը` ընդունված մինչ Հայաստանի անկախացումը, ներառյալ նշված օրենքը, արդեն ճանաչվել էին Հայաստանի կողմից, որպես իր օրենսդրության բաղկացուցիչ մաս, 1991 թ. սեպտեմբերի 25-ին ընդունված Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի համաձայն: Կառավարությունը նաև նշել էր, որ նշված օրենքը գործում էր նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում և հետևաբար հանդիսանում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) օրենսդրության բաղկացուցիչ մասը: Այդ պատճառով, այն ուղղակիորեն տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ` Հայաստանի անկախության հռչակագրի 1-ին և 2-րդ հոդվածների հիման վրա:

36. Դիմումատուն իր պատասխանում կրկնեց, որ ԱՊՀ կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն օրենքը չէր կարող գործել: Նա նաև նշեց, որ Անկախության հռչակագրի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է նախկին Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդը: Հետևաբար` հռչակագրի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն ՀԽՍՀ օրենքները, այլ ոչ թե` ԽՍՀՄ օրենքները:

 

 Բ. ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

1. Արդյոք եղել է միջամտություն խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացմանը

 

37.  Կողմերը չեն վիճարկել այն հանգամանքը, որ դիմումատուի դատապարտումը հանդիսացել է միջամտություն նրա խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքին: Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ օգտագործվող «սահմանափակում» բառը չի կարող մեկնաբանվել այնպես, որ իր մեջ չներառի միջոցներ` ներառյալ պատժիչ միջոցներ, որոնք ձեռնարկվել են ոչ թե հավաքից առաջ կամ դրա ընթացքում, այլ դրանից հետո (Ezelin v. France, judgment of 26 april 1991, series A no. 202, § 39): Դատարանը եկավ այն եզրակացության, որ եղել է միջամտություն դիմումատուի խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքի իրականացմանը:

 

2. Արդյոք միջամտությունն արդարացված էր

 

38. Միջամտությունը կհամարվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, եթե այն չլինի` «նախատեսված օրենքով», չհետապնդի 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակների իրականացման համար:

39. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածում առկա «օրենքով նախատեսված» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ վիճարկվող միջոցառումը ունենա որոշ հիմնավորվածություն ներպետական օրենսդրության մեջ, այլ այն նաև վերաբերում է քննարկվող օրենքի որակին: Օրենքը պետք է մատչելի լինի բոլոր նրանց համար, ում այն վերաբերում է, ձևակերպված լինի բավարար ճշգրտությամբ, որպեսզի հնարավորություն տա նրանց, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդի առկայության պայմաններում, ողջամտության սահմաններում կանխատեսել, թե տվյալ պայմաններում, ինչ հետևանքներ կարող է ունենալ կոնկրետ գործողության կատարումը: (Օրինակ, տե՜ս Sunday Times v. the United Kingdom (no. 1), judgment of 26 April 1979, Series A no. 30, p. 31, § 49. Rekvռnyi v. Hungary [GC], no. 25390/94, § 34, ECHR 1999 III; Rotaru v. Romania [GC], no. 28341/95, §55, ECHR 2000 V. Maestri v. Italy [GC], no. 39748/98, § 30, ECHR 2004-I): Դատարանը նաև հիշեցնում է, որ այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ներպետական դատարանների կողմից որպես միջամտության հիմնավորում որևէ իրավական նորմին հղում չկատարելը և դատական նախադեպի ու ներպետական օրենսդրության միջև ակնհայտ անհամապատասխանությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի տվյալ իրավական դրույթը չբավարարի կանխատեսելիության պահանջը (տես, Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում Baklanov v. Russia, no. 68443/01, § 46, 9 June 2005):

40. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ տուգանքը նշանակվել է ՎԻՎՕ-ի 180.1 հոդվածին համապատասխան, որը նախատեսում էր պատիժ ցույցերի և երթերի կազմակերպման և անցկացման համար սահմանված կարգը խախտելու համար: Հետևաբար, միջամտությունն ուներ հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ: ՎԻՎՕ-ի մատչելիության հարցը չի վիճարկվել և Դատարանը նույնպես հիմքեր չունի կասկածի տակ դնելու այդ հանգամանքը: Մնում է միայն որոշել, թե արդյոք տվյալ դրույթը եղել է կանխատեսելի:

41. Դատարանը նշում է, որ կողմերի միջև վեճի առարկա է այն հարցը, թե արդյոք նշված ժամանակահատվածում Հայաստանում գործել է որևէ իրավական ակտ, որը կնախատեսեր այն «սահմանված կարգը»-ը, որոնց հղում է կատարում ՎԻՎՕ-ի 180.1 հոդվածը: Կառավարությունը պնդում էր, որ «սահմանված կարգը» նախատեսված էր Օրենքով և Հրամանագրով, մյուս կողմից` դիմումատուն պնդում էր, որ նշված ակտերը նախկին ԽՍՀՄ իրավական ակտեր են, որոնք ուժը կորցրած են և չեն կարող գործել Հայաստանում անկախացումից հետո: Համաձայն դիմումատուի` չկա որևէ «սահմանված կարգ», որը, վճռի համաձայն, նա խախտել է: Ի պաշտպանություն իրենց տեսակետների կողմերը ներկայացրել են տարբեր ներպետական և միջազգային նորմերի իրենց մեկնաբանությունը, ինչպիսիք են Հայաստանի անկախության հռչակագիրը, Անկախ պետականության հիմնադրույթների մասին սահմանադրական օրենքը, 1995 թվականի Սահմանադրությունը և ԱՊՀ կոնվենցիան:

42. Այս առումով, Դատարանը նշում է, որ նշված փաստաթղթերի հիման վրա նախկին ԽՍՀՄ օրենքների կիրառելիության հարցը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել: Ներպետական օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը հստակ կսահմաներ, թե արդյոք ԽՍՀՄ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժի մեջ է, թե ուժը կորցրել է: Չնայած, 1992 թ. փետրվարի 26-ի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, որը վկայակոչել էր Կառավարությունը, հստակորեն թույլ էր տալիս ԽՍՀՄ-ի երկու օրենքների կիրառումը Հայաստանի Հանրապետության տարածքում (տե՜ս վերը կետ 34) նման որոշում երբևէ չէր կայացվել Օրենքի կամ Հրամանագրի վերաբերյալ: Ավելին` Դատարանը համաձայն չէ Կառավարության այն պնդման հետ, թե Հայաստանը կկանգներ իրավական ճգնաժամի առջև, եթե անկախացումից հետո նախկին ԽՍՀՄ բոլոր օրենքները չկիրառվեին, քանի որ Անկախության հռչակագրի 1-ին և 2-րդ հոդվածներից պարզ երևում է, որ նախկին Հայկական ԽՍՀ բոլոր իրավական ակտերը` ներառյալ Սահմանադրությունը և կենսական նշանակություն ունեցող օրենսգրքերը, վերահաստատվել էին որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության իրավական ակտեր: Սակայն, նշված դրույթների ձևակերպումներից պարզ չէ, որ նույնը վերաբերում էր նաև նախկին ԽՍՀՄ օրենքներին:

43. Դատարանը հիշեցնում է, որ ներպետական օրենքին համապատասխանության հարցը որոշելու իր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ, ներպետական օրենսդրության մեկնաբանման և կիրառման հարցը առաջին հերթին գտնվում է ներպետական իշխանությունների իրավասության ներքո: Սակայն, Դատարանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ բացակայում է ներպետական որևէ նախադեպ: Չնայած դատարանի խնդրանքին, Կառավարությանը չկարողացավ ներկայացնել որևէ օրինակ ներպետական պրակտիկայից, որևէ դատարանի որոշման կամ վճռի օրինակ, որը կհստակեցներ այս հարցը, կամ գոնե հղում կկատարեր որևէ ԽՍՀՄ օրենքի ընդհանրապես կամ նշված Օրենքին կամ Հրամանագրին մասնավորապես: Ավելին` ներպետական դատարանները սույն գործում ևս չէին կարողացել հղում կատարել որևէ իրավական ակտի, որում նշված կլինեին ցույցերի և փողոցային երթերի համար սահմանված այն կարգը, որը վճռի համաձայն դիմումատուն խախտել էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներպետական դատարանները հղում չեն կատարել որևէ իրավական ակտի վրա, որը կսահմաներ խնդրո առարկա կարգը և այն հանգամանքը, որ անկախացումից հետո Հայաստանի տարածքում ԽՍՀՄ օրենքների կիրառելիության վերաբերյալ չկա որևէ նախադեպ` Դատարանը հանգեց այն եզրակացության, որ քննարկվող օրենքը, մասնավորապես «սահմանված կարգը», որին հղում է կատարում ՎԻՎՕ-ի 180.1 հոդվածը, ձևակերպված չէր այնպիսի ճշգրտությամբ, որ հնարավորություն տար Դիմումատուին կանխատեսել իր գործողությունների հնարավոր հետևանքները` այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր էր տվյալ իրավիճակում (տե՜ս mutatis mutandis Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում` Baklanov): Դատարանը նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո չկար որևէ իրավական ակտ` կիրառելի Հայաստանում, որը կպարունակեր խնդրո առարկա կարգը և, որ համապատասխան օրենքը ընդունվել էր միայն 2004 թվականի ապրիլի 28-ին: Դատարանը ընդունում է, որ անցումային շրջանում գտնվող պետության համար ժամանակ է պահանջվում օրենսդրական համակարգ ստեղծելու համար, սակայն, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հիմնարար իրավունքին, ինչպիսին է հավաքներին մասնակցելու ազատությունը` Դատարանը չի կարող մոտ տասներեք տարվա ձգձգումը համարել ողջամիտ: Դատարանը եզրակացնում է, որ Դիմումատուի` խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքին միջամտությունը սահմանած չէր օրենքով:

44. Նման եզրահանգման գալով` Դատարանը այլևս կարիք չունի պարզելու, թե արդյոք մյուս երկու պահանջները (միջամտության իրավաչափ նպատակ և անհրաժեշտություն), որոնք նախատեսված են Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասով:

45. Այսպիսով, առկա է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

46. Կոնվենցիայի 41 հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. ՎՆԱՍ

 

47. Դիմումատուն պահանջում էր 5000 եվրո, ոչ նյութական վնասի համար: Մասնավորապես, նա պնդում էր, որ անօրինական միջամտության հետևանքով լուրջ վնաս է հասցվել իր` ակտիվ քաղաքական գործչի համբավին: Տուգանքի նշանակումը նվաստացուցիչ էր իր ընտանիքի, կուսակցական ընկերների և կուսակցությանը սատարող քաղաքացիների աչքում: Դիմումատուն նյութական վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել:

48. Կառավարությունը վիճարկեց դիմումատուի ներկայացրած պահանջը: Հղում կատարելով Ezelin v. France գործի վճռին (judgment of 26 April 1991, Series A no. 202, § 55-57), Կառավարությունը պնդեց, որ խախտման ճանաչման փաստն ինքնին կհանդիսանա բավարար փոխհատուցում: Ամեն դեպքում, պահանջվող գումարի չափն անհիմն ուռճացված է:

49. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի խախտման ճանաչման փաստն ինքնին հանդիսանում է բավարար արդարացի փոխհատուցում դիմումատուի կրած ոչ նյութական վնասի համար:

 

Բ. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

 

50. Դիմումատուն այս մասով որևէ պահանջ չի ներկայացրել:

 

ՎԵՐԸ ԲԵՐՎԱԾ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Վճռեց, որ առկա է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:

 

2. Վճռեց, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտման ճանաչման փաստն ինքնին հանդիսանում է արդարացի փոխհատուցում` դիմումատուի կրած որևէ ոչ նյութական վնասի համար:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 11 հունվարի 2007 թ.` համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77 §§ 2-ի և 3-ի:

 

Վ. ԲԵՐԳԵՐ

Քարտուղար

Բ. Զուպանչիչ

Նախագահ