Համարը 
N 1855-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.114
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.11.2006
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2006
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2006 թվականի N 1855-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին (այսուհետ` բազմաբնակարան շենքի սեփականատերեր) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող անհրաժեշտ հողամաս (այսուհետ՝ հողամաս) է համարվում`

ա) կցակառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար` շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես էլ սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս.

բ) օրինական և ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար` ինչպես սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:

2. Սահմանել, որ`

ա) ամբողջությամբ ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքերի սեփականատերերի անվամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված հողատարածքի նկատմամբ, իսկ կցակառույցներով զբաղեցված հողատարածքները տնօրինվում են սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով.

բ) սույն որոշման 1-ին կետի «բ» և սույն կետի «ա» ենթակետերում նշված` ինքնակամ կցակառույցներով զբաղեցված հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հիմքերով.

գ) հարակից շենքերի, շինությունների միջև 3 մետրից պակաս հողատարածքի առկայության դեպքում փաստացի հողատարածքը բաժանվում է հավասար մասերի:

3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ղեկավարների միջոցով)` մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան կազմված` բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հատակագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ապահովել բազմաբնակարան շենքերում առկա ինքնակամ կցակառույցների և դրանց զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին` անմիջականորեն շենքի և կցակառույցների տակ գտնվող հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցման համար:

(3-րդ կետը փոփ. 06.09.07 N 1066-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա ապահովել հողամասերի նկատմամբ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 26
Երևան