Համարը 
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվը 
10.10.2007
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
10.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ 3-1459 (ՏԴ)-Ի ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-2047/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1459 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 06.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի «Սաշիկ և Սևակ եղբայրներ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) ընդդեմ Ծառայության` 30.03.2007 թվականի թիվ 1023220 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 30.03.2007 թվականի թիվ 1023220 ստուգման ակտի 1-ին և 4-րդ կետերը:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.07.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը չի կիրառել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետը, որոնք չպետք է կիրառվեին:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Շահութահարկի մասով ստուգումն իրականացվել է ստուգման ընթացքում Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի և հարկային գործում առկա 2005 թվականի տարեկան հաշվապահական հաշվետվությունների համադրմամբ, որի արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 06.06.2005 թվականին ճանաչվել է պարզեցված հարկ վճարող, հետևաբար պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքների վարձատրության համար կատարված ծախսերը, որոնք կազմել են 2.491.500 (երկու միլիոն չորս հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, շահութահարկի հաշվառման ժամանակ չէին կարող հաշվարկվել որպես շահութահարկի նվազեցման ենթակա գումարներ:

2) Դատարանը չի կիրառել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, 31-րդ և 43-րդ հոդվածները, «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վիճարկվող ակտի 4-րդ կետով արձանագրված խախտումների վերաբերյալ Դատարանի փաստարկն այն մասին, որ արձանագրված խախտումներն անհիմն են, քանի որ հանձնման-ընդունման թիվ 2 արձանագրությունը կազմելիս թույլ է տրվել մեխանիկական սխալ, հիմնավոր չէ:

Մասնավորապես, Ընկերության և որպես պատվիրատու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից կազմված թիվ 2 հանձնման-ընդունման արձանագրությունում (որը կնքվել և ստորագրվել է կողմերի պատասխանատու անձանց կողմից) կազմման ամսաթիվ նշված է «30.06.2006թ.»: Նույն հանձնման-ընդունման արձանագրությունում պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետը նույնպես նշված է «30.06.2006թ.», իսկ կատարված աշխատանքների քանակական ցուցանիշների և վճարման ենթակա գումարների մասին սյունակներում նշված է «18.387.852 դրամ», որպիսի փաստը հաստատվում է նաև «Առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման» գրքի 9-րդ սյունակում 30.06.2006 թվականին կատարված գրանցումներով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.07.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերությունը 06.06.2005 թվականի թիվ 9454 շինարարության լիցենզիան ստանալու փաստի հիման վրա դադարել է համարվել պարզեցված հարկ վճարող:

2) Ընկերության և Նախարարության միջև 02.05.2006 թվականին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների իրականացման» պայմանագրի հիման վրա` կնքվել է հանձնման-ընդունման թիվ 2 արձանագրությունը: Որպես արձանագրության կազմման ամսաթիվ նշված է 30.06.2006 թվականը, իսկ արձանագրությունում նշվում է, որ դրա համար հիմք է ընդունվել տեխնիկական հսկողության հանձնաժողովի 06.07.2006 թվականի թիվ 2 եզրակացությունը:

3) Ծառայության պետի 27.11.2006 թվականի թիվ 1023220 հանձնարարագրով Ընկերությունում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում` 05.02.2007 թվականից մինչև 30.03.2007 թվականն ընկած ժամանակաշրջանի համար, որի արդյունքում 30.03.2007 թվականին կազմվել է թիվ 1023220 ստուգման ակտ: Նշված ակտի 1-ին և 4-րդ կետերով Ընկերությանն առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ` ընդհանուր 7.447.500 (յոթ միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով:

4) Նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Ընկերության տնօրեն Խ.Սիմոնյանին ուղղված 07.05.2007 թվականի գրության համաձայն՝ 02.05.2006 թվականին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների իրականացման» պայմանագրի շրջանակներում թիվ 2 հանձնման-ընդունման արձանագրությամբ ներկայացված աշխատանքները Նախարարության կողմից ընդունվել են 06.07.2006 թվականին՝ թիվ 2 եզրակացության ստորագրման օրը: Միաժամանակ գրությամբ նշվել է, որ ներկայացված հանձնման-ընդունման արձանագրության մեջ սխալ է գրվել ամսաթիվը, որը Նախարարությունը չի նկատել: Այն պետք է գրվեր «հուլիսի 6», քանի որ Նախարարության պահանջով հուլիսի 6-ին է ներկայացվել կատարողականի հաշիվ-ապրանքագիրը, որից հետո ստորագրվել է եզրակացությունը, իսկ վերջինիս հիման վրա էլ նաև հանձնման-ընդունման արձանագրությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների ձեռք բերած ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարած ծախսերը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկման ընդհանուր կարգին անցնելիս որպես համախառն եկամտից կատարվող նվազեցումներ չեն կարող դիտվել այն ծախսերը, որոնք կատարվել են պարզեցված հարկով հարկվելիս:

Վերոնշյալ ծախսերի կատարման պահը որոշվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով սահմանված նորմով, որի համաձայն՝ հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով: Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Սույն քաղաքացիական գործով Դատարանը բավարարել է Ընկերության դիմումը՝ 30.03.2007 թվականի թիվ 1023220 ստուգման ակտի առաջին կետն անվավեր ճանաչելու մասով, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ կետով չի հիմնավորվել, որ Ընկերության կողմից 2.491.500 (երկու միլիոն չորս հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ ծախսը կատարվել է պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում (մինչև 06.06.2005 թվականը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորի 30.03.2007 թվականի թիվ 1023220 ստուգման ակտի առաջին կետով նախատեսված խախտման առկայությունը: Բացի այդ, վճռաբեկ բողոքում որևէ անդրադարձ չի կատարվել և չի վիճարկվել Դատարանի վերոնշյալ եզրահանգման հիմնավորվածությունը: Փոխարենը վճռաբեկ բողոքում զուտ նշվել է այն հանգամաքը, որ «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով Ընկերությունը պարզեցված հարկ վճարող լինելու ժամանակաշրջանում կատարված ծախսերը չէր կարող հաշվարկել որպես շահութահարկի նվազեցման ենթակա գումար: Այսինքն` բողոքում նշվել է մի հանգամանք, որը Դատարանը հաշվի է առել, սակայն բավարար հիմքերի բացակայության պատճառաբանությամբ անհիմն է համարել ակտով արձանագրված խախտումը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ավելացված արժեքի հարկի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին, կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ավելացված արժեքի հարկի հետ կապված հարկային պարտավորության ծագման պահը հանդիսանում է աշխատանքների արդյունքները հանձնելու և դրանք պատվիրատուի կողմից պատշաճ ընդունելու պահը:

Սույն քաղաքացիական գործով Ընկերության տնօրեն Խ.Սիմոնյանին ուղղված Նախարարության աշխատակազմի ղեկավարի 07.05.2007 թվականի գրության և հանձնման-ընդունման թիվ 2 արձանագրության ուսումնասիրությունից Վճռաբեկ դատարանը եզրակացրեց, որ իրականում Ընկերության և Նախարարության միջև 02.05.2006 թվականին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների իրականացման» պայմանագրով աշխատանքները Նախարարության կողմից ընդունվել են ոչ թե 30.06.2006 թվականին, այլ 06.07.2006 թվականին:

Նշված հետևության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների իրականացման» պայմանագրի հիման վրա կազմված հանձնման-ընդունման թիվ 2 արձանագրությամբ դրա կազմման ամսաթիվ է նշված 30.06.2006 թվականը, իսկ արձանագրությունում նշվում է, որ դրա համար հիմք է ընդունվել տեխնիկական հսկողության հանձնաժողովի 06.07.2006 թվականի թիվ 2 եզրակացությունը: Արձանագրությունում տեղ գտած վերոնշյալ հակասությունը հիմք է տալիս գալու այն հետևության, որ վերոնշյալ եզրակացությունը 06.07.2006 թվականին կազմված լինելու պայմաններում աշխատանքները Նախարարության կողմից չէին կարող ընդունվել ավելի վաղ, այսինքն` 30.06.2006 թվականին:

Բացի այդ, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 07.05.2007 թվականի թիվ 3/15-1069 գրության համաձայն, «հանձնման-ընդունման» արձանագրությամբ ներկայացված աշխատանքները Նախարարության կողմից ընդունվել է 06.07.2006 թվականին, քանի որ այդ նույն օրն է ներկայացվել կատարողականի հաշիվ-ապրանքագիրը, որից հետո ստորագրվել է եզրակացությունը, իսկ վերջինիս հիման վրա` նաև վերը նշված հանձնման-ընդունման արձանագրությունը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են 06.07.2006 թվականին, հետևաբար, վերջինիս կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի գծով հաշվետվությունները կազմվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պահանջներին համապատասխան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 06.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան