Համարը 
ՀՕ-106-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.753
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.05.2005
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.10.2023

Ծանուցում
Սույն օրենքն ուժը կկորցնի 05.10.2023-ին համաձայն 14.09.2022 ՀՕ-345-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

 

ՍԵՐՄԵՐԻ ՄԱՍԻՆ


Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, անտառային և դեկորատիվ բույսերի սերմերի վրա:

3. Սույն օրենքը չի տարածվում գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման վրա:

(հոդվածը 17.01.23 ՀՕ-14-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)

 

Հոդված 2. Սերմերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը


1. Սերմերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 3. Սերմնաբուծության հիմնական խնդիրները


Սերմնաբուծության հիմնական խնդիրներն են՝

ա) մշակաբույսերի սերմերի արտադրության և վերարտադրության արդյունավետ համակարգերի ստեղծումը.

բ) սորտաթարմացման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի արագացված բազմացումը.

դ) հանրաճանաչ սորտերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) սերմնաբուծության գիտական ապահովումը, տեղեկատվության ժամանակակից համակարգերի ստեղծումը:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները


Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

սերմեր` բույսերի սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ բույսի առանձին մաս.

սերմնաբուծություն` բույսերի սերմերի արտադրության, վերարտադրության, պահպանության, առևտրի, օգտագործման, սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշների որոշման նպատակով կատարվող աշխատանքների և միջոցառումների համալիր.

նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.

հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.

վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.

հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված սերմեր.

տնտեսական օգտակարության պետական փորձարկում` լիազորված մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական օգտակարությունն ու արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.

օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական օգտակարության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում գրանցված սորտ.

սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.

սերմերի հավաստագրում` սերմերի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ցուցանիշների` տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սերմերի արտադրության հերթագայությամբ սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).

հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.

բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ հողակտորների վրա սերմերի ցանքի և մշակաբույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի որոշակի սորտին պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազորված մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.

դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի տեսակային և սորտային մաքրության ու միատարրության, մոլախոտերով, հիվանդություններով ու վնասատուներով` մշակաբույսերի վարակվածության որոշման միջոցառումներ.

ապրոբատոր՝ սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարող.

սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը և տնտեսական օգտակարությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների համալիր.

մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, կարտոֆիլ, կերային, յուղատու, եթերայուղատու, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, հատապտղային բույսեր, խաղող, ծառեր, թփեր, սնկեր.

լիազորված մարմին` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին:


Գ Լ ՈՒ Խ  2


ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

Հոդված 5. Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են բույսերի այն սորտերը, որոնք անցել են տնտեսական օգտակարության պետական փորձարկում և գրանցվել օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում:

Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկը վարում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազորված մարմինը:

2. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական օգտակարության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազորված մարմինը:

3. Տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման)


1. Մշակաբույսերի սերմնաբուծության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազորված մարմինը:

2. Սերմերի սորտային պատկանելիության և սերմերի որակի ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:

3. Սերմերի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազորված մարմինը:

4. Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.

ա) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.

բ) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.

գ) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):

5. Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի նախահիմնային սերմեր արտադրողները պարտավոր են բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկումների անցկացման համար նախատեսել լիազորված մարմնի սահմանած քանակությամբ սերմեր և նրա պահանջով դրանք անվճար հատկացնել փորձարկումների համար:

Հոդված 7. Սերմերի որակի որոշումը


Սերմերի որակը բնութագրվում է սորտային պատկանելիությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ և դասերով:

Սերմերի սորտային պատկանելիությունը, սորտային մաքրությունը և դասը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով ստացված արդյունքների հիման վրա:

Մշակաբույսերի սերմերի սորտային պատկանելիությունը որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների) դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով՝ յուրաքանչյուր մշակաբույսի և սերմերի դասի համար առանձին:

Մշակաբույսերի սերմնադաշտերի դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազորված մարմինը:

Ապրոբատորների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մշակաբույսերի սերմերի որակը որոշվում է սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու և այն լաբորատոր հետազոտությունների ենթարկելու միջոցով:

Սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:

Հոդված 8. Սերմերի հավաստագրումը


1. Նախահիմնային, հիմնային և վերարտադրված սերմերը ենթակա են պարտադիր հավաստագրման:

2. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը և հավաստագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պարտադիր հավաստագրման գործընթացն իրականացնում և համապատասխանության հավաստագիր տրամադրում է լիազորված մարմինը:

4. Պարտադիր հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով և որակի գնահատման կանոնների համաձայն:

6. Սեփական կարիքների համար արտադրվող և օգտագործվող սերմերը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:

7. Լիազորված մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում:

Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազորված մարմինը վարում է գրանցամատյան:

Հավաստագրված սերմեր արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 29.04.08 ՀՕ-41-Ն)

 

Հոդված 9. Հավաստագրված սերմերի պիտակավորումը, փաթեթավորումը, պահպանությունն ու փոխադրումը


1. Հավաստագրված սերմերի փաթեթավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:

2. Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` պիտակի կամ տարայի վրա նշելով սերմերի ծագման և որակի մասին տեղեկատվությունը` գրված, տպված կամ գրաֆիկական տեսքով:

3. Իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի ցանկացած տարողության վրա փակցվում է սերմերի որակի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տեղեկություններ պարունակող պիտակ:

4. Պիտակների միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազորված մարմինը:

5. Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:

6. Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրում ամրագրված սերմերի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը:

Հոդված 10. Սերմեր արտադրողների և իրացնողների իրավունքներն ու պարտականությունները


1. Սերմեր արտադրողները և իրացնողները ինքնուրույն են որոշում արտադրվող կամ իրացվող սերմերի տեսականին և քանակությունը:

2. Հավաստագրման ենթակա սերմեր արտադրողները և իրացնողները պարտավոր են՝

ա) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.

բ) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.

գ) հինգ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ծագումը հաստատող և քանակությունները հավաստող փաստաթղթերը.

դ) ապահովել լիազորված մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքը սերմնադաշտեր, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ, անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:

Հոդված 11. Սերմերի ներմուծումն ու արտահանումը


1. Մշակաբույսերի սերմերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝

ա) սերմերը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար.

բ) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում և ներկայացվում են սերմերի խմբաքանակի սորտային պատկանելիության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տված հավաստագրերը:

2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները սահմանում է լիազորված մարմինը:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Հոդված 12. Պատասխանատվությունն ապրանքի համար

1. Մշակաբույսերի սերմերի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք երաշխավորում են՝

ա) սերմերի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, սորտային և դասային պատկանելիության համապատասխանությունը իրացվող սերմերի հավաստագրի համապատասխան ցուցանիշներին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

բ) սերմերի սորտային մաքրության, սորտային և դասային պատկանելիության փաստաթղթերի պահպանությունը.

գ) սերմերի որակական ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազորված մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.

դ) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների ճշգրիտ իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

2. Մշակաբույսերի հավաստագրված սերմերի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում, եթե՝

ա) ապացուցվում է, որ սերմերի սորտային մաքրության, սորտային և դասային պատկանելիության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.

բ) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև.

գ) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջների խախտումներով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նկարագրված պատասխանատվության հետևանքով տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 13. Սերմնաբուծության գիտական ապահովումը


Սերմնաբուծության գիտական ապահովումն իրականացնում են լիազորված մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական հաստատությունները, փորձարարական, խորհրդատվական կազմակերպությունները, հետազոտողները, որոնք մշակում են՝

ա) բույսերի նոր սորտերի բուծման, սերմնաբանության և սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր.

բ) սերմնաբանության, սերմնաբուծության և սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր.

գ) նոր սորտերի ներդրման և հանրապետության բնակլիմայական տարբեր գոտիներում դրանց մշակության երաշխավորություններ.

դ) սերմնարտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր.

ե) հանրաճանաչ (արժեքավոր) սորտերի պահպանության և արագացված բազմացման ծրագրեր:

Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազորված մարմինը սահմանում է հանրահայտ և տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության և վերարտադրության ընթացակարգեր:

Հոդված 14. Սերմերի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը

 

1. Սերմերի մասին օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լիազորված մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և ապրոբատորների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝

ա) համապատասխան որոշումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազորված մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

բ) սերմնադաշտերի դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի լաբորատոր կրկնական փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազորված մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ ապրոբատորների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.

գ) բողոքի առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և սերմերի լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ ապրոբատորների և լաբորատորիաների միջոցով:

3. Լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-106-Ն