ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2008 թվականի N 907-Ն
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 43-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. օգոստոսի 19
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
օգոստոսի 14-ի N 907-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՈՒ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի օգտագործման կարգը:
2. Սահմանային նշանակության անտառներ ու անտառային հողեր են այն անտառներն ու անտառային հողերը, որոնք գտնվում են սահմանային շերտում:
3. Ռազմական նշանակության անտառներ ու անտառային հողեր են ռազմական օբյեկտների սահմանների շուրջ` մինչև 300 մետր շառավղով տեղակայված անտառներն ու անտառային հողերը:
4. Օգտագործման տրամադրվող` սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի սահմանների վերաբերյալ եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և անտառների կառավարման բնագավառների պետական լիազոր մարմինների համապատասխան մասնագետներից կազմված, անտառների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հանձնաժողովը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի:
II. ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
5. Հայաստանի Հանրապետության անտառների կառավարման պետական լիազոր մարմինը տիրապետում ու օգտագործում է սահմանային և ռազմական նշանակության` պետական սեփականություն հանդիսացող անտառներն ու անտառային հողերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն ապահովում են անտառների կառավարման և անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարվող աշխատանքներում ներգրավված անձանց անվտանգությունը՝ համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի:
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն անտառների կառավարման և անտառների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում իրենց լիազորություններն իրականացնելու համար տրամադրում են թույլտվություններ:
8. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում անտառօգտագործումն իրականացվում է անտառաշինական նախագծերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառներում պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցված:
9. Սահմանային և ռազմական նշանակության անտառներն ու անտառային հողերը վարձակալության և անհատույց օգտագործման չեն տրամադրվում:
10. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմինները սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում, տեղեկացնելով անտառների կառավարման բնագավառի լիազոր մարմնին, կարող են իրականացնել այլ հատումներ:
11. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական լիազոր մարմիններն իրականացնում են հսկողություն սահմանային շերտերին ու ռազմական օբյեկտներին հարակից տարածքներում գտնվող սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի պահպանության նկատմամբ:
12. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի ու զբոսաշրջության, ինչպես նաև պետական սահմանի հետ չկապված այլ գործունեության նպատակով անտառօգտագործում չի թույլատրվում:
III. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
13. Սահմանային և ռազմական նշանակության անտառների ու անտառային հողերի մոնիթորինգն ու վերահսկողությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
14. Սահմանային և ռազմական նշանակության անտառներում ու անտառային հողերում Հայաստանի Հանրապետության անտառների կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված իր իրավասություններն իրականացնելիս, յուրաքանչյուր տարվա հունվար ամսվա 2-րդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառների պետական կառավարման լիազոր մարմիններ հաստատման է ներկայացնում անտառօգտագործման միջոցառումների ծրագիրը, ժամանակացույցը և անտառօգտագործում իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ցանկը, որոնց մեջ կատարված փոփոխությունները 10-օրյա ժամկետում ներկայացվում են համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |