Համարը 
N 1186-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.10.29/64(654) Հոդ.1115
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.10.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2008 թվականի N 1186-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման 38-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1186-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության ազդարարման և արձագանքման միջոցառումների իրականացման գործընթացները` պայմանավորված կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների ինտենսիվության և հաճախականության աճով:

2. Օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական և հիդրոլոգիական վտանգավոր երևույթների անվանացանկն ու բնութագրերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշմամբ հաստատված` հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ բաժիններում:

3. Մթնոլորտի աղտոտվածության, օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մակարդակները դասակարգվում են` բարենպաստ, անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ`

1) բարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը չի գերազանցում այդ նյութերից յուրաքանչյուրի համար սահմանված միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (այսուհետ` ՍԹԿ).

բ. օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության աստիճանը բնութագրող ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը (այսուհետ` ՈՒՄՃ ինդեքս) չի գերազանցում 5 արժեքը.

2) անբարենպաստ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` մինչև 19 անգամ գերազանցումը կամ 20-29 անգամ 2 օրից պակաս գերազանցումը կամ 30-49 անգամ 8 ժամից պակաս գերազանցումը,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 6 կամ 7 արժեքներ.

3) վտանգավոր են համարվում հետևյալ մակարդակները`

ա. վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումն այդ նյութերի ՍԹԿ-ի` 20-29 անգամ գերազանցումը 2 օրից ավելի կամ 30-49 անգամ գերազանցումը 8 ժամից ավելի, կամ 50 անգամ և ավելի գերազանցումը 2 ժամից պակաս,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 8-10 արժեքները.

4) արտակարգ են համարվում հետևյալ մակարդակները`

ա. մթնոլորտի աղտոտումը վնասակար նյութերով այդ նյութերի ՍԹԿ-ի` 50 և

ավելի անգամ գերազանցումը 2 ժամից ավելի,

բ. ՈՒՄՃ ինդեքսն ունի 11 և ավելի բարձր արժեքներ:

4. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական երևույթների և պայմանների, ինչպես նաև ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսումն ու դրանց մասին ազդարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և այլ իրավական ակտերի:

5. Մթնոլորտի աղտոտվածության վիճակի դիտարկումներն ու դրա մասին իրազեկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մթնոլորտի աղտոտվածության վիճակի վրա ազդող հիդրոօդերևութաբանական պայմանների և ՈՒՄՃ ինդեքսների կանխատեսման կամ գրանցման դեպքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`

1) մթնոլորտի աղտոտման համար անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմանների ժամանակահատվածում այդ պայմանների ազդեցության տակ գտնվող տարածքներում`

ա. իր կողմից սահմանված կարգով կատարում է մթնոլորտի աղտոտվածության լրացուցիչ չափումներ` առնվազն յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ` ստացված տվյալների և աղտոտման տարածման սահմանների մասին իրազեկելով բնակչությանը,

բ. տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտում վնասակար արտանետումների համար անբարենպաստ օդերևութաբանական պայմանների մասին.

2) օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` անհատական պաշտպանության միջոցներ կիրառելու նպատակով (ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել մաշկի պաշտպանության համար քսուքներ, կրել համապատասխան ակնոցներ և այլն):

8. Մթնոլորտի աղտոտման և ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում`                   

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ մշակված առաջարկությունների հետ միասին հրապարակում են հաղորդագրություններ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյով և նախարարության համացանցային կայքում տեղադրում են տեղեկատվություն աղտոտվածության անբարենպաստ, վտանգավոր ու արտակարգ մակարդակների մասին.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից ստացված համապատասխան ահազանգումից հետո իրականացնում է միջոցառումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշմամբ սահմանված կարգով:

9. Պետական կառավարման այլ մարմիններ` մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և (կամ) կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում իրենց իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում են արձագանքման միջոցառումներ` տվյալ երևույթի հետևանքները նվազեցնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան