Համարը 
N 478-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.05.20/26(692) Հոդ.556
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2009 թվականի N 478-Ն

 

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 8

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 478-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է նվազագույն պահանջներ` շարժասանդուղքների շինվածքի, նախագծման, պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), նորոգման և շահագործման վերաբերյալ:

2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են`

1) թունելային շարժասանդուղքների վրա.

2) միջհարկային շարժասանդուղքների վրա:

3. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են նաև այն կազմակերպությունների վրա, որոնք նախագծում, պատրաստում, հավաքակցում, արդիականացնում (վերակառուցում), փորձարկում, նորոգում և շահագործում են շարժասանդուղքներ:

4. Շարժասանդուղքների պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), ապահավաքակցման, կոնսերվացման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) պետք է համապատասխանեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին:

5. Շարժասանդուղքներ շահագործող յուրաքանչյուր կազմակերպություն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն պետք է հաստատի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

6. Շարժասանդուղքների շահագործման և սպասարկման գործառություններում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների ուսուցումն ու որակավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ

 

7. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`

շարժասանդուղք` սանդուղքաժապավենի փակ սարքաշղթայով ամբարձիչա-փոխադրամիջոցային սարքվածք` նախատեսված մարդկանց մի մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելու համար.

ուղևորատար փոխակրիչ` փոխադրամիջոցային կամ ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք, որն իրենից ներկայացնում է անընդհատ շարժվող հոծ մայթ` նախատեսված ուղևորներին մի մակարդակի վրա կամ մի մակարդակից մեկ այլ մակարդակ փոխադրելու համար.

շարժասանդուղքի թեք հենարան` շարժասանդուղքի թեք մասում սանդուղքների երեսարկների առջևի եզրերով անցնող հարթություն.

շարժասանդուղքի հորիզոնական հենարան` շարժասանդուղքի վերին (ստորին) մուտքային հարթակների հորիզոնական մակերևույթով անցնող հարթություն.

շարժասանդուղքի վերին (ստորին) ուղղաձիգ հենարան` թեք և հորիզոնական հենարանների հատման գծով անցնող ուղղաձիգ հարթություն.

շարժասանդուղքի պատասխանատու եռակցման շինվածքներ` շարժասանդուղքի աստիճանների հիմնակմախքի (կարկաս), մեքենայական սրահի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների, աստիճանաժապավենային ուղղորդիչների, արգելման համակարգի և այլ բաղադրամասերի եռակցման շինվածքներ, որոնք համարվում են բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու շինվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար.

շարժասանդուղքների համալիր` մեքենայական ընդհանուր սրահով շարժասանդուղքներ` տեղակայված մեկ ընդհանուր թեք անցարանում.

շարժասանդուղքի բլոկավորում` շարժասանդուղքի շարժաբերի միացումն արգելափակող գործառույթների կատարում.

շարժասանդուղքի թեքության անկյուն` շարժասանդուղքի թեք և հորիզոնական հենարանների միջև եղած անկյունը.

շարժասանդուղքի փոխադրաունակություն` ուղևորների թիվը, որը կարող է միավոր ժամանակում փոխադրվել շարժասանդուղքով.

շարժասանդուղքի անվանական արագություն` սահմանված ռեժիմով սանդուղքաժապավենի շարժման արագությունը` առանց ծանրաբեռնվածության աշխատանքի դեպքում.

շարժասանդուղքի շահագործման արագություն` սահմանված ռեժիմով շարժասանդուղքի անվանական արագությունը գլխավոր շարժաբերից աշխատելու դեպքում` շահագործման առավելագույն ծանրաբեռնվածության տակ.

շարժասանդուղքի շահագործման առավելագույն ծանրաբեռնվածություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի 1 մ երկարության վրա ուղևորներից առավելագույն հնարավոր ծանրաբեռնվածություն.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ դադարք` չծանրաբեռնված սանդուղքաժապավենի իներցիայով անցած տարածությունը` գլխավոր շարժաբերի էլեկտրաշարժիչի անջատումից հետո` անջատված աշխատանքային և վթարային արգելակների դեպքում.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի երեսարկի լայնություն` շարժասանդուղքի աստիճանի կողային ճակատների միջև եղած տարածությունը.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի բարձրություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի թեք տեղամասում երկու հարակից աստիճանների երեսարկների վերին մակերևույթների միջև եղած տարածությունը.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի խորություն` շարժասանդուղքի սանդուղքաաստիճանի երեսարկի առջևի և հետևի ճակատների միջև եղած տարածությունը.

միջհարկային շարժասանդուղք` շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.

թունելային շարժասանդուղք` թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.

մեկ շարժաբերով շարժասանդուղք` շարժասանդուղք, որի աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.

մոդուլային շարժասանդուղք` շարժասանդուղք, որը կազմված է մի քանի հաստատուն շինվածքային տարրերից` մոդուլներից, որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով.

մեկ արագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման մեկ արագություն.

բազմարագությամբ շարժասանուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման երկու և ավելի արագություններ.

թեք շարժասանդուղք` շարժասանդուղք, որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ.

շարժասանդուղքի գլխավոր լիսեռ` սանդուղքաժապավենի ձգող աստղանիվներին շարժում հաղորդող լիսեռ.

շարժասանդուղքի գլխավոր շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար` ուղևորների փոխադրման ժամանակ.

շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է հավաքակցման, ապահավաքակցման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վթարային արգելակի արգելակահանման ժամանակ շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար.

շարժասանդուղքի աշխատանքային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` էլեկտրաշարժիչի անջատման դեպքերում.

շարժասանդուղքի վթարային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` արագության բլոկավորման գործարկման և շարժման ուղղության ինքնակամ փոփոխության, ինչպես նաև աշխատանքային արգելակի խափանման դեպքերում.

շարժասանդուղքի սանդուղքաժապավեն` շարժասանդուղքի բեռ կրող տարր, որը կազմված է քարշող շղթաներով միավորված աստիճաններից.

շարժասանդուղքի աստիճան` սանդուղքաժապավենի մաս, որը նախատեսված է ուղևորների տեղաբաշխման համար.

շարժասանդուղքի աստիճանի հիմնական վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և սանդուղքաժապավենից.

շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և աստիճաններից.

շարժասանդուղքի աստիճանի երեսարկ` ելուստների և իջվածքների տեսքով աստիճանի ակոսավոր մակերևույթ, որն ապահովում է ուղևորների մուտքի և ելքի անվտանգությունը սանդուղքաժապավենից.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգիծ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) հիմնական և օժանդակ վազկանիկների ուղղորդիչների, հակաուղղորդիչների ամբողջություն, որն ապահովում է սանդուղքաժապավենի (բազրեփոկի) տեղաշարժումը` տրված հետագծով.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի հորիզոնական հատված` մուտքի հարթակների առջևում սանդուղքաժապավենի հատվածը` նախատեսված ուղևորների մուտքի և ելքի անվտանգության ապահովման համար.

շարժասանդուղքի լողացող մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ ունի տեղաշարժման հնարավորություն.

շարժասանդուղքի անշարժ մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ չունի տեղաշարժման հնարավորություն.

շարժասանդուղքի աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգծի տարր` բաղկացած աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերից.

շարժասանդուղքի հիմնային (բազային) ուղղորդիչ` վազկանիկների ուղղորդիչ` տեղակայված հիմնական աշխատանքային ճյուղի վրա.

շարժասանդուղքի պարուրող ուղղորդիչ` աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերի միջև օժանդակ վազկանիկների ուղղորդիչների անցումային շառավղային հատվածներ.

սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղ` սանդուղքի ժապավեն` տեղակայված ուղևորների գոտում.

աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի աշխատանքային ճյուղ` ուղղորդիչ` տեղակայված ուղևորների գոտում.

աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի ոչ աշխատանքային ճյուղ` ուղղորդիչներ, որոնք ծառայում են սանդուղքաժապավենի աստիճանների (բազրեփոկի) շրջապտույտի համար.

աստիճանի հակաուղղորդիչ` սանդուղքաժապավենի ուղեգծի տարր` նախատեսված աստիճանի շրջումը, պատահական բարձրացումը կանխարգելելու և ձգող շղթայի խզման դեպքում` ժապավենի ներսում դրա ծալումը խոչընդոտելու համար.

աստիճանի ուղղորդիչների շրջակող` աստիճանի ուղղորդիչների ուղեգծի տարր` նախատեսված ուղեգծով շարժման ժամանակ աստիճանների լայնական շեղումը սահմանափակելու համար.

աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)` աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար.

շարժասանդուղքի ճաղաշարք` վահանակների, քիվերի և այլ տարրերի ամբողջություն, որոնք անվտանգության ապահովման նպատակներով ուղևորներին զատում են մեխանիզմներից ու մետաղական շինվածքներից և ծառայում ինտերիերի ստեղծման համար.

միջին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված երկու հարակից շարժասանդուղքների քիվերի միջև.

եզրային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված եզրային շարժասանդուղքի և շինարարական կառույցների միջև.

արտաքին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ.

կողային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված սանդուղքաժապավենի երկու կողմից, ծածկոցի կամ շրիշակի (պլինտուս) և քիվի միջև.

ճաղաշարքի քիվ` ճաղաշարքի տարր, որին ամրացվում են բազրեփոկի ուղղորդիչները և ճաղաշարքի վահանները.

ճաղաշարքի շրիշակ` ճաղաշարքի տարր` տեղակայված ծածկոցի վերևում, որին ամրացվում են ճաղաշարքի վահանակները.

ճաղաշարքի ծածկոց` ճաղաշարքի ստորին ուղղահայաց մաս, որը տեղակայված է սանդուղքաժապավենի ուղեգծի երկայնքով` աստիճանների մակարդակի վրա և նախատեսված է աստիճանի և ճաղաշարքի միջև բացակի կարգավորման համար.

ճաղաշարքի ճեղքակալ` ճաղաշարքի տարր, որը փակում է ճաղաշարքի հարակից վահանակների միջև բացակը.

շարժասանդուղքի բազրեփոկային սարքվածք` բլոկների, ուղղորդիչների, շարժաբերի և պահող հոլովակների ամբողջություն, որն ապահովում է բազրեփոկի տեղաշարժն ուղեգծով.

շարժասանդուղքի բազրեփոկ` բազրեփոկային սարքվածքի ուղեգծով տեղաշարժվող անընդհատ ժապավեն, որը նախատեսված է ուղևորների ձեռքերի հենարանի համար.

շարժասանդուղքի բազրեփոկի ելանցք` սարքվածք` տեղակայված բազրեփոկի աշխատանքային ճյուղից ոչ աշխատանքային ճյուղ անցնելու տեղում.

բազրեփոկի կողեզր` բազրեփոկի մաս` նախատեսված աշխատանքային ճյուղով շարժվելու դեպքում բազրեփոկը պահելու համար.

շարժասանդուղքի բազրեփոկի արտաձգման բլոկավորում` բլոկավորում, որը խզման կամ բազրեփոկի առավել ձգվածքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկի անջատման բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկի կանգնելու կամ արագության փոքրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի ձգող սարքի բլոկավորում` բլոկավորում, որը ձգող սարքի աստղանիվների տեղափոխման սահմանվածավորված մեծությունների գերազանցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վթարային արգելակի պտուտակի և մանեկի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի մանեկի ինքնաբերաբար կամ սահմանվածավորված մեծությունը գերազանցող պտուտակահանման կամ վթարային արգելակի պտուտակի սահմանվածավորված պարամետրից ավելի դուրս գալու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վթարային արգելակի հենակի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի միացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աշխատանքային արգելակի բլոկավորում` բլոկավորում, որն արգելակի կոճղակների (կոլոդկա) վերադրման դեպքում և էլեկտրամագնիսի խարսխի սահմանվածավորված մեծություններից պակաս ընթացքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի մուտքի հարթակի բլոկավորում` բլոկավորում, որը մուտքի հարթակի բարձրացման կամ դրա երկայնական առանցքի երկայնքով տեղաշարժման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկային սարքի ելանցքի բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկային սարքի ելանցքի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

«Կանգ» բլոկավորում` բլոկավորում, որը շարժասանդուղքների միջև անցումի տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում ցանկացած տեղում անձնակազմի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

«Կանգ» անջատիչ` անջատիչ, որն անձնակազմի կամ ուղևորի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի շարժման արագության և ուղղության բլոկավորում` բլոկավորում, որը միացնում է վթարային արգելակը սանդուղքաժապավենի արագությունը 30 տոկոսով ավելացման դեպքում` դրա վայրէջքով աշխատելու ժամանակ կամ սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում` դրա վերելքով աշխատելու ժամանակ, ինչպես նաև աշխատանքային արգելակով սանդուղքաժապավենը չպահելու դեպքում.

շարժասանդուղքի շարժաբերի բլոկավորում` բլոկավորում, որը բացառում է գլխավոր և օժանդակ շարժաբերների համատեղ աշխատանքը.

շարժասանդուղքի աստիճանի բարձրացման բլոկավորում` սարքվածք, որը մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աստիճանի իջեցման բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի իջեցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աստիճանի վազկանիկների բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի վազկանիկների օղագոտու դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկի դուրսընկնման բլոկավորում` բլոկավորում, որն ստորին կորագիծ տեղամասում ուղղորդիչներից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի էլեկտրասնուցման փոխարկման բլոկավորում` բլոկավորում, որն ուժային էլեկտրական շղթայի փոխարկման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունների դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վրա ուղևորի ընկնելու դեպքում բլոկավորում` բլոկավորում, որը վերին կամ ստորին մուտքի հարթակների մոտ ուղևորի ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժաբեր շղթայի բլոկավորում` բլոկավորում, որը շարժաբեր շղթայի խզման կամ առավել ձգման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի մեքենայական սրահ` վերին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի էլեկտրաշարժաբերի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորման տեղակայման համար, ինչպես նաև օժանդակ շինություններ` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն ապահովելու համար.

շարժասանդուղքի ձգման խցիկ` ստորին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի ձգման սարքի տեղակայման և սպասարկման համար.

շարժասանդուղքային թունել` շինություն` նախատեսված շարժասանդուղքի թեք հատվածի տեղակայման համար.

շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ` մեքենայական սրահին անմիջապես մոտ տեղակայված, ինքնուրույն ելք ունեցող շինություն` նախատեսված հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքների կատարման համար.

շարժասանդուղքի արդիականացում (վերակառուցում)` շարժասանդուղքի գործունեության բարելավման համար կրող շինվածքների և հիմնական տարրերի փոխարինում կամ վերափոխում, որը փոփոխում է շարժասանդուղքի անձնագրային բնութագրերը.

շարժասանդուղքի գոտիներ` շարժասանդուղքի բաղկացուցիչ մասեր, որոնք ծայրակցվում են հավաքակցման ժամանակ: Շարժասանդուղքի գոտիներն են`

ա. «Ա» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը ներառում է ուղղորդիչների կորագիծ տեղամասը և ձգող սարքը,

բ. «Բու» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Ա» գոտուց վերև և ներառում է ուղղագիծ ուղղորդիչներն ու հակաուղղորդիչները,

գ. «Բ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բու» գոտուց վերև, ներառում է ուղղագիծ ուղղորդիչները,

դ. «Գ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բ» գոտուց հետո, ներառում է տրված երկարությամբ ուղղագիծ ուղղորդիչները,

ե. «Դ» գոտի` շարժասանդուղքի վերին գոտի, որը տեղակայված է «Գ» գոտուց հետո, ներառում է ուղղորդիչների վերին կորագիծ տեղամասը և բազրեփոկի շարժաբերը,

զ. «Ե» գոտի` շարժասանդուղքի լրացուցիչ գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

է. «Զ» գոտի` շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

ը. «Զե» գոտի` երկարացված շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Ե» գոտուց հետո,

թ. «Ժ» գոտի` միջհարկային շարժասանդուղքի շարժաբերի գոտի:

 

III. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Ըստ կիրառման վայրի`

1) միջհարկային շարժասանդուղքներ` նախատեսված շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար.

2) թունելային շարժասանդուղքներ` նախատեսված թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար:

9. Ըստ շարժաբերի`

1) մեկ շարժաբերով շարժասանդուղքներ, որոնց աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.

2) մոդուլային շարժասանդուղքներ, որոնք կազմված են մի քանի հաստատուն շինվածքային տարրերից (մոդուլներից), որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում, սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով:

10. Ըստ սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղաբաշխվածության` թեք շարժասանդուղքներ, որոնց սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ:

11. Ըստ շարժաբեր մասի երկարության` երկարավուն շարժասանդուղքներ, որոնք իրենց կազմում ունեն լրացուցիչ «Դ» գոտի:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Շարժասանդուղքները պետք է նախագծվեն, պատրաստվեն, հավաքակցվեն, շահագործվեն սույն կանոնակարգի, ինչպես նաև շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ թունելային շարժասանդուղքները` մետրոպոլիտենի նախագծման պահանջներին համապատասխան:

13. Շարժասանդուղքների էլեկտրական սարքավորումները, էլեկտրասնուցումը և հողանցումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի NN 1933-Ն և 1939-Ն որոշումներով հաստատված` «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի ու «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

14. Շարժասանդուղքի շինվածքը պետք է համապատասխանի հակահրդեհային անվտանգության պահանջներին:

15. Շարժասանդուղքների վրա տեղակայված բոլոր չափման միջոցները, հսկող չափիչ սարքերը ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Արտասահմանյան արտադրության շարժասանդուղքների տեխնիկական փաստաթղթերը, որոնք պատվիրատուին են մատակարարվում շարժասանդուղքի հետ միասին, դրանց բովանդակության մատչելիության համար շարժասանդուղքի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է դրանք թարգմանել հայերեն:

17. Մատակարարման ժամանակ պատրաստող կազմակերպությունը պատվիրատու կազմակերպությանը պարտադիր կարգով պետք է տրամադրի շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը` համաձայն N 1 ձևի, իսկ եթե արտադրողն օտարերկրյա կազմակերպություն է, ապա ձեռք բերողը պարտավոր է այդ կազմակերպությունից պահանջել շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը, որը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 1 ձևով սահմանված տեխնիկական պահանջներին:

18. Շարժասանդուղքները և դրանց հանգույցները պետք է ապահովեն տրված ամրությունը և հուսալիությունը, լինեն անվտանգ և հարմար` օգտագործման, զննման, տեխնիկական սպասարկման, նորոգման և յուղման համար:

19. Սանդուղքաժապավենի կցանջատման դեպքում շարժասանդուղքի շինվածքը պետք է ապահովի սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի երկրաչափական ձևի պահպանությունը:

20. Շարժասանդուղքի շինվածքում մուտքի հարթակներից առաջ պետք է նախատեսված լինեն աստիճանի բարձրացումը խոչընդոտող սարքեր:

21. Շարժասանդուղքի անջատովի միացումների ամրացումը պետք է բացառի դրանց ինքնաբերաբար անջատումը:

22. Շարժասանդուղքի պտտող մոմենտը փոխանցող բաղադրիչ մասերում, առանց երաշխավորված լրացուցիչ ամրացման, ձգվածքով նստեցումների կիրառումն արգելվում է:

23. Շարժասանդուղքի բաղադրիչ մասերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:

24. Շարժասանդուղքի անշարժ սռնիները, որոնք հենարան են ծառայում բլոկների, հոլովակների և այլ պտտվող տարրերի համար, պետք է լինեն հուսալիորեն ամրացված և օժտված դրանց անշարժությունն ապահովող հարմարանքներով:

25. Շարժասանդուղքի հասանելի մասերը (աստղանիվներ, ատամնավոր անիվներ, քարշային և շարժաբեր շղթաներ, ցցուն հեղույսներով և երիթներով լիսեռներ), որոնք գտնվում են շարժման մեջ, պետք է փակված լինեն սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող, հարմար զննում, յուղում և տեխնիկական սպասարկում թույլատրող ցանկապատերով: Անհրաժեշտության դեպքում ցանկապատերը կարող են լինել հանովի:

26. Շարժասանդուղքի սպասարկում պահանջող մեխանիզմները, ապահովիչ սարքերն ու էլեկտրասարքավորումները պետք է ունենան անվտանգ ու մատչելի մուտքատեղեր: Այդ նպատակով պետք է սարքավորվեն հարթակներ, հանովի ցանկապատեր, սանդուղքներ և հատուկ հարմարանքներ:

27. Շարժասանդուղքում պետք է նախատեսվեն սարքավորումներ` աստիճանների անցման և շրջման գոտում գտնվող մեխանիզմները և սարքավորումները փոշու և կեղտի ներթափանցումից պաշտպանելու համար:

28. Շարժասանդուղքի արտաքին մասերի, մեքենայական սրահի, ձգման կայանի, ինչպես նաև թունելների անցումների լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀՇՆ II-8գ03.96-ի պահանջներին:

 

V. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ

 

29. Շարժասանդուղքների հիմնական պարամետրերը պետք է համապատասխանեն N 1 աղյուսակում նշված մեծություններին`

 

Աղյուսակ N 1

 

Պարամետրի անվանումը

Տառային նշանակումը

Մեծությունը

Անվանական արագությունը, մ/վրկ, ոչ ավելի

V

մինչև 1

Նորոգման արագությունը մ/վրկ, ոչ ավելի

Vն

0,04

Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի արագացումը` անկախ ուղևորական բեռնվածքից, մ/վրկ2, ոչ ավելի`
մեկնարկի սկզբնական պահին
թափառքի ընթացքում

αա

 

0,60
0,75

Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի դանդաղեցումը` անկախ ուղևորական բեռնվածքից, մ/վրկ2, ոչ ավելի`
աշխատանքային արգելակներով արգելակման դեպքում`
վայրէջքով աշխատելու դեպքում
վերելքով աշխատելու դեպքում
վթարային արգելակներով արգելակման դեպքում`
աճող մոմենտով
հաստատուն մոմենտով

 

αաա

α
վա

 

 

 


0,60
1,00

2,00
1,00

Շարժասանդուղքի թողունակությունը (արտադրողականությունը) տեսականորեն`
մարդ/ժամ, ոչ ավելի
մարդ/րոպե, ոչ ավելի

 

Ատժամ Ատրոպե

 

18 000 BV
300 BV

Շարժասանդուղքի թողունակությունը (արտադրողականությունը) փաստացի`
մարդ/ժամ, ոչ ավելի
մարդ/րոպե, ոչ ավելի

Ափժամ
Ափրոպե

 

8800X (2,1-V) BV
190 X (2,1-V) VB

 

B-ն աստիճանի լայնությունն է մետրով:

30. Շարժասանդուղքի հիմնական չափերը և շինվածքի սխեման պետք է համապատասխանեն N 2 աղյուսակում նշված չափերին`

 

Աղյուսակ N 2

 

Պարամետրի անվանումը

Տառային նշանակումը

Մեծությունը շարժասանդուղքի համար

միջհարկային

թունելային

1

2

3

4

Շարժասանդուղքի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

α

35

30

Շարժասանդուղքի աստիճանի երեսարկի լայնությունը, մմ
ոչ ավելի
ոչ պակաս

B


1100
580

1000+10

Աստիճանի խորությունը, մմ, ոչ ավելի

L

380

380

Երկու հարակից աստիճանների երեսարկների մակարդակների միջև հեռավորությունն ուղղահայաց ուղղությամբ, եթե ուղղորդիչների թեքության անկյունը 350 է, մմ, ոչ ավելի

 h

240

-

Նույնը, եթե ուղղորդիչների թեքության անկյունը 300 է, մմ, ոչ ավելի

 

205

205

Հեռավորությունը, աստիճանների երեսարկի մակարդակից մինչև կառույցի առաստաղը կամ ցցուն մասերը, ուղղահայաց ուղղությամբ մմ, ոչ ավելի

h1

2300

2300

Հատակի հատման տեղերում կամ շարժասանդուղքների փոխհատման տեղերում ճաղաշարքի վերևում տեղադրված ապահովիչ վահանակի բարձրությունը, մմ, ոչ ավելի

h2

250

250

Հեռավորությունը, աստիճանի երեսարկի մակերեսից մինչև շարժասանդուղքի թեք հատվածում բազրեփոկի մակերեսը, ուղղահայաց ուղղությամբ, մմ, ոչ ավելի

h3

800-1100

800-1100

Նույնը` հորիզոնական տեղամասերում, մմ, ոչ ավելի

h4

1200

1200

Մուտքի հարթակների գոտիներում աստիճանների հորիզոնական հատվածների երկարությունը, մմ, ոչ պակաս`
ուղևորների տեղափոխում` 6 մ-ից ոչ ավելի բարձրության դեպքում և 0,5 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական արագության դեպքում`
ուղևորների տեղափոխման 6 մ-ից ավելի բարձրության դեպքում և 0,5 մ/վրկ-ից ավելի անվանական արագության դեպքում`
բայց ոչ ավելի քան 0,75 մ/վրկ թունելային շարժասանդուղքների դեպքում`
ուղևորների տեղափոխում 6 մ-ից ոչ ավելի բարձրության դեպքում և 0,75 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական արագության դեպքում

L

 


800

 


1200

 

 

 

1200

 


800

 


1200

 

 

 

1200

Սանդերքի հատման գծից հեռավորությունը մինչև բազրեփոկի հորիզոնական տեղամասը (շրջակորացման գիծը), մմ, ոչ պակաս

l1

300

300

Հեռավորությունը բազրեփոկների առանցքների միջև, մմ, ոչ ավելի

l2

B+400

B+400

Հեռավորությունը ծածկոցից մինչև ճաղաշարքի վահանակը, մմ, ոչ ավելի

l3

120

120

Հեռավորությունը բազրեփոկի և ճաղաշարքի քիվի եզրի միջև, մմ, ոչ ավելի

l4

50

50

Ճաղաշարքի շրիշակի հորիզո-նական մասը, մմ, ոչ պակաս

l5

30

30

Հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ բազրեփոկի ելանցքից մինչև բազրեփոկի մակերեսի եզրային կետը, մմ, ոչ ավելի

l6

300

300

Նոր նախագծվող շարժասան-դուղքների բազրեփոկի լայնությունը, մմ

l7

70-100

70-100

Հեռավորությունը բազրեփոկի եզրից մինչև խոչընդոտը (թունելի պատը, երեսվածքը), մմ, ոչ պակաս

l8

80

80

Հեռավորությունը հարակից շարժասանդուղքների բազրեփոկերի եզրերի միջև, մմ, ոչ պակաս

l9

150

150

Աստիճանի երեսարկի ելուստի լայնությունը, մմ

l10

2,5-5

2,5-5

Աստիճանի երեսարկի իջվածքի լայնությունը, մմ

l11

5-7

5-7

Աստիճանների երեսարկի ելուստի բարձրությունը, մմ, ոչ պակաս

h5

9

9

Բացակը մուտքի հարթակի սանդերքի ատամի ստորին եզրի և աստիճանի երեսարկի իջվածքի հատակի միջև, մմ, ոչ ավելի

b1

2-8

2-8

Բացակն աստիճանների միջև հորիզոնական տեղամասի վրա, տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի

b2

6

6

Նույնը` հիմնական նորոգումից հետո, մմ, ոչ ավելի

b2

7

7

Նույնը` շահագործման ժամանակ, մմ, ոչ ավելի

b2

10

10

Բացակն աստիճանի և ճաղա-շարքի ծածկոցի միջև տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի

b3

6 մեկ կողմից, գումարային 10

6 մեկ կողմից, գումարային 10

Նույնը` շահագործման ժամանակ, մմ, ոչ ավելի

 

10 մեկ կողմից, գումարային 16

10 մեկ կողմից, գումարային 16

Բացակը բազրեփոկի և ճաղա-շարքի քիվի միջև ամբողջ ուղեգծի երկայնքով, բացի ստորին կորագիծ տեղամասի, մմ

b4

b14

5-ից ոչ ավելի


25-ից ոչ պակաս

5-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

Նույնը` ստորին կորագիծ տեղամասի վրա, մմ

b4

b14

7-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

7-ից ոչ ավելի

25-ից ոչ պակաս

Բացակը բազրեփոկի և բազրեփոկի ելանցքի եզրի միջև, մմ, ոչ ավելի

b5

5

5

Մուտքի հարթակի սանդերքի ատամի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

β

40

40

Ճաղաշարքի շրիշակի թեքության անկյունը, աստիճան, ոչ ավելի

γ

25

25

Բարձրությունը մուտքի հարթակի մակարդակից մինչև բազրեփոկի ելանցքը, մմ

h6

100-300

100-300

Հեռավորությունն ուղղաձիգով շարժասանդուղքի թեք տեղամասում աստիճանի սան-դերքից մինչև ճաղաշարքի շրիշակի ստորին եզրը, մմ, ոչ պակաս

b6

25

25

 

31. Շարժասանդուղքների և դրանց տարրերի հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող հիմնական բեռնվածքները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակում նշվածներին`

 

Աղյուսակ N 3

 

Շարժասանդուղքների հաշվարկման ԵՎ փորձարկման ժամանակ օգտագործվող հիմնական բեռնվածքները

Նշանա-կումը

Բեռնվածքի անվանումը

Հաշվարկի տեսակը (պարամետրը)

Հաշվարկվող հանգույցը

Բանաձևը կամ մեծությունը

qս1

առավելագույն ստատիկ, Ն/մ2

ամրություն

մետաղաշինվածք-ներ, ծածկի սալեր, մուտքի հարթակներ և ուղղորդիչներ

5000

qս1

ստատիկ, Ն/մ2

ճկվածք

մետաղաշինվածք-ներ, ծածկի սալեր, մուտքի հարթակներ

 4000

qա.շ.

առավելագույն շահագործականը, Ն/մ

ամրություն, ձգման և արգելակման բնութագրերը

շարժասանդուղքի տարրերը (աստիճանի ձգման և շարժաբեր շղթա-ների ուղղորդիչներ, շարժաբեր, արգելակ և այլն)

2000
(2,1-V )B

q բ.ժամ

միջին ժամային բեռնվածք, Ն/մ

անվանական հզորություն

թունելային շարժասանդուղքի էլեկտրաշարժիչ

0,83 qա.շ.

q մ.ժամ

միջին ժամային բեռնվածք, Ն/մ

անվանական հզորություն

միջհարկային շարժասանդուղքի էլեկտրաշարժիչ

0,55 qա.շ.

q բ.համ.

համարժեք բեռնվածք, Ն/մ

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

թունելային շարժասանդուղքի տարրեր

0,63 qա.շ.

q բ.համ.

համարժեք բեռնվածք, Ն/մ

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

միջհարկային շարժասանդուղքի տարրեր

0,42 qա.շ.

qբ.

բեռնվածքը բազրեփոկի վրա, Ն/մ

ձգման
ամրություն

անվանական հզորություն

դիմացկունություն, երկարակեցու-
թյուն

բազրեփոկ, բազրեփոկի շարժաբեր

0,01 qա.շ.
0,01 qա.շ.
0,01 q
համարժեք

 

32. Մետաղաշինվածքների հաշվարկը, ամրության և ճկվածքի ստուգումներն իրականացվում են N 3 աղյուսակում նշված բեռնվածքներին համապատասխան:

33. Ամրության հաշվարկի ժամանակ պաշարի գործակիցը որոշվում է որպես հարաբերություն քայքայող բեռնվածքի ճիգի նկատմամբ, որը ծագում է հաշվարկվող տարրում բեռնվածքների դեպքում` համաձայն N 3 աղյուսակի։

34. Ձգման և շարժաբեր շղթաների համար ամրության պաշարի գործակիցները պետք է լինեն 7-ից ոչ պակաս, աստիճանների և բազրեփոկերի համար` 5-ից ոչ պակաս:

35. Ձգման շղթաների ամրության փաստացի պաշարը որոշվում է ցուցադրավահանի (ստենդի) վրա: Դրա համար 200 հյուսքից ոչ ավելի խմբաքանակից ընտրվում են շղթայի երկուսից ոչ պակաս միատեսակ հյուսքեր և դրանք հասցվում են մինչև քայքայման: Թույլատրվում է շղթան չհասցնել մինչև քայքայման, եթե փորձարկումների ժամանակ բեռնվածքը գերազանցել է քայքայող բեռնվածքի 5 տոկոսը: Շղթայի յուրաքանչյուր հյուսքը պետք է ստուգվի ցուցադրավահանի վրա շահագործական բեռնվածքի դեպքում` հաշվարկային ձգումը 2 անգամ գերազանցող բեռնվածքով: Փորձարկումից հետո հյուսքը չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ կամ շղթայի մասերի ապամամլվածքներ:

36. Աստիճանի ամրության փաստացի պաշարը պետք է որոշվի ցուցադրավահանի վրա դրա փորձարկումով, ինչի համար ընտրում են պատրաստվող խմբաքանակից երկու նմուշ (աստիճանների առանցքներով) և դրանք հասցնում մինչև քայքայման: Մեկ խմբաքանակը հաշվվում է աստիճանների խումբը, պատրաստված մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում, 10000 հատից ոչ ավելի քանակությամբ` միասնական շինվածքային փաստաթղթերով և պատրաստող կազմակերպության միասնական տեխնոլոգիական գործընթացով: Յուրաքանչյուր պատրաստված կամ նորոգված աստիճանի ամրությունը ստատիկ բեռնվածքով փորձարկվում է ցուցադրավահանի վրա` համաձայն N 4 աղյուսակի։

 

Աղյուսակ N 4

 

Աստիճանի լայնությունը, մմ

Բեռնվածքը, Ն

1000

3200

800

2400

600

1600

 

37. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: Դինամիկ փորձարկումների անցկացման մեթոդում պետք է հաշվի առնվեն սանդուղքաժապավենի վերին կորագիծ հատվածների վրա գոյացող առավելագույն ճիգերը: Աստիճանը փորձարկումից հետո չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ ու շեղումներ:

38. qս2 բեռնվածքի ազդեցության տակ մետաղաշինվածքի առաձգական ճկվածքի սլաքը չպետք է գերազանցի թունելային շարժասանդուղքների համար` 1/1000-ը, իսկ միջհարկային շարժասանդուղքների համար` թռիչքային մետաղաշինվածքների հենարանների միջև հեռավորության 1/750-ը:

39. qս2 բեռնվածքի ազդեցության տակ ծածկի սալերի առաձգական ճկվածքի սլաքը, հաշվի առնելով դրանց սեփական քաշը և սալերի շինարարական ծածկույթը, պետք է լինի թռիչքի 1/600-ից ոչ ավելի:

40. qա.շ. բեռնվածքի ազդեցության տակ վազկանիկների ուղղորդիչների առաձգական ճկվածքի սլաքը պետք է լինի թռիչքի մեծության 1/1000-ից ոչ ավելի, ընդ որում, կորագիծ ուղղորդիչների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն լրացուցիչ ճիգերը ձգման շղթաներից:

41. Հենարանների միջև 0,0025 մ2 մակերեսի վրա մակերևույթին ուղղահայաց կիրառված 1500 Ն բեռնվածքի ազդեցության տակ ճաղաշարքի ծածկոցի առաձգական ճկվածքը չպետք է գերազանցի 4 մմ: Մնացորդային ձևախախտվածք չի թույլատրվում:

42. qա.շ. առավելագույն ուղևորատար բեռնվածքով շարժասանդուղքի կասեցման ժամանակ աշխատանքային արգելակը պետք է ապահովի արգելակման պահի կրկնակի պաշարից ոչ պակաս:

43. 2 և ավելի աշխատանքային արգելակների կիրառման դեպքում դրանցից յուրաքանչյուրն առավելագույն բեռնվածքի տակ գտնվող սանդուղքաժապավենի կասեցման համար պետք է ունենան արգելակման պահի պաշար 1,1-ից ոչ պակաս:

44. Բազրեփոկի ամրության փաստացի պաշարն ստուգվում է բազրեփոկ պատրաստող կազմակերպությունում: Բեռնվածքն ընդունվում է N 3 աղյուսակին համապատասխան: Բազրեփոկի հետ մատակարարվում է դրա տեխնիկական անձնագիրը:

 

VI. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՌԱԿՑՄԱՆ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ

 

45. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների տարրերի պատրաստման և նորոգման համար նյութերը (հիմնական և եռակցման) պետք է ընտրվեն` հաշվի առնելով սարքավորման շահագործման ջերմաստիճանային, տեղափոխման և հավաքակցման պայմանները:

Եռակցման պատասխանատու շինվածքներին պատկանում են շարժասանդուղքի`

1) աստիճանի հիմնակմախքը.

2) մեքենայական սրահի ամբարձիչ-տեղափոխող սարքավորման շինվածքները.

3) մուտքային հարթակը.

4) ծածկերի հենոցը և սալերը, ինչպես նաև դրանց հենարանները.

5) սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի ուղղորդիչները.

6) արգելակների լծակները և հենոցները.

7) գոտիների մետաղաշինվածքները.

8) սպասարկման հարթակների և ցանկապատերի առանձին շինվածքները: Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղադրիչ մասի պատկանելությունը եռակցված պատասխանատու շինվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում:

46. Կիրառվող մետաղի համապատասխանությունն ստանդարտին պետք է հաստատվի մետաղի մատակարար կազմակերպության հավաստագրով կամ վերլուծության և փորձարկման եղանակով:

47. Եռակցման տեխնոլոգիան պետք է մշակվի շարժասանդուղքի պատրաստումը, արդիականացումը կամ նորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ընդ որում, 10 մմ-ից ավելի հաստությամբ եռակցվող շինվածքների համար կարևոր հանգույցների եռակցումից հետո անհրաժեշտ է նախատեսել ջերմամշակում:

48. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների համար կիրառվող եռակցման նյութերը պետք է ապահովեն մետաղի կարանների և եռակցված միացությունների մեխանիկական հատկությունները (ամրության սահման, հոսունության սահման, հարաբերական երկարացում, հարվածական ճկունություն): Կրող մետաղաշինվածքների մեկ միացման մեջ տարբեր մակնիշի մետաղների կիրառման դեպքում մակահալված մետաղի մեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն ամրության առավելագույն սահմանով մետաղի հատկություններին:

49. Էլեկտրոդների տեսակը, հավելանյութի մետաղների, հալանյութերի և պաշտպանիչ գազերի մակնիշները պետք է նշված լինեն շարժասանդուղքների պատրաստման, արդիականացման կամ նորոգման տեխնոլոգիական փաստաթղթերում:

50. Պատասխանատու շինվածքների եռակցված միացումները պետք է ունենան եռակցողի ազգանունը հավաստող դրոշմ, ինչպես նաև եռակցված կարանն ընդունած տեխնիկական պատասխանատու անձի դրոշմը: Եթե կարանի եռակցմանը մասնակցել են մի քանի եռակցողներ, ապա նրանցից յուրաքանչյուրը կատարված կարանի սկզբում և վերջում պետք է դնի իր դրոշմը, իսկ կարանի բրիգադով կատարման դեպքում դրվում է բրիգադավարի դրոշմը: Եռակցված միացումների դրոշմման համար կիրառվող մեթոդը չպետք է վատթարացնի դրոշմանշվող պատրաստվածքների որակը, այն պետք է ապահովի դրոշմի պահպանումը` շարժասանդուղքի շահագործման ամբողջ ընթացքում:

51. Շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման և նորոգման ժամանակ եռակցված միացումների ստուգումը պետք է իրականացվի`

1) արտաքին զննման և չափման մեթոդով.

2) ճառագայթման կամ ուլտրաձայնային մեթոդով.

3) ստուգանմուշների մեխանիկական փորձարկումներով.

4) չքայքայող ստուգման այլ մեթոդներով: Եռակցված միացումների ստուգման արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

52. Սույն կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված արատների բացահայտման նպատակներով արտաքին զննման և չափման ենթակա են բոլոր եռակցված միացությունները:

53. Միացումների զննումը և չափումը պետք է անցկացվեն մինչև 10x խոշորացմամբ օպտիկական սարքերի և չափիչ սարքերի օգտագործմամբ: Եթե եռակցված միացության ներքին մակերեսը զննման համար անհասանելի է, ապա այն պետք է անցկացվի արտաքին կողմից: Արտաքին զննումների և չափումների արդյունքներով պետք է կազմվի արձանագրություն:

54. Ճառագայթագրման մեթոդով կամ ուլտրաձայնային մեթոդով ստուգման ենթարկվում են բոլոր պատասխանատու եռակցված միացությունները` ամբողջ ծավալով:

55. Կոնտակտային կետային եռակցմամբ կատարված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգումն իրականացվում է տեխնոլոգիական փորձարկման մեթոդով:

56. Արտաքին զննման և չափման, ճառագայթագրման, ուլտրաձայնային կամ այլ մեթոդներով ստուգման, ինչպես նաև փորձանմուշների մեխանիկական փորձարկումների արդյունքներով պետք է կասեցվեն մեքենամասերի ամրությունը և շահագործման հուսալիությունը նվազեցնող արատներով մասերի թողարկումը:

57. Աղեղային եռակցմամբ կատարված միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) ճաքեր.

2) այրածակեր.

3) թերաեռքեր.

4) մակահալվածքներ.

5) հիմնական մետաղի 0,5 մմ-ից ավելի խորությամբ, 20 մմ-ից ավելի երկարությամբ և միացման երկարության 10 տոկոսից ավելի գումարային երկարության կտրվածքներ:

58. Կոնտակտային եռակցմամբ կատարված բոլոր միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) այրածակեր.

2) ճաքեր.

3) թերաեռքեր.

4) կետերի շեղում` իրենց տեղակայման առանցքից և շարքում հարևան կետերի կենտրոնների միջև.

5) կետերի միջուկի չափերի փոքրացում` ըստ տրամագծի մեծության` 25 տոկոսից ավելի.

6) արտաքին և ներքին ցայտեր.

7) էլեկտրոդներից 25 տոկոսից ավելի խորությամբ ճմլվածքներ: Եռակցված միացությունների վրա առանց շտկման թույլատրվում են արատավոր կետեր` 5 տոկոսի չափով, պայմանով, որ արատավոր կետերի միջև լինեն հինգից ոչ պակաս որակյալ կետեր և արատավոր կետերը դասավորված չլինեն միացությունների սկզբում և վերջում: Շտկման ենթակա արատավոր կետերը պետք է լինեն մեկ եռակցված միացության վրա` կետերի ընդհանուր թվի 25 տոկոսից ոչ ավելի:

59. Չեն թույլատրվում նաև այլ արատներ շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար, եթե դրանք ավելի են չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:

60. Մեխանիկական փորձարկումները կատարվում են մետաղաշինվածքների տարրերի պատրաստման պայմաններին լիովին համապատասխանող պայմաններում` եռակցված փորձանմուշների վրա միացությունների ամրության և առաձգական բնութագրերի համապատասխանության ստուգման նպատակներով:

61. Եռակցված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգման համար փորձանմուշները պետք է եռակցվեն կցվանքով և փորձարկվեն ըստ ձգման և ճկման: Մեխանիկական փորձարկումների արդյունքները համարվում են բավարար, եթե`

1) եռակցված կարանի ժամանակավոր դիմադրությունը և ճկվածքի անկյունը պակաս չեն մետաղի տվյալ մակնիշի համար ստանդարտով կամ տեխնիկական պայմաններով սահմանված դիմադրության և ճկվածքի անկյան սահմաններից.

2) ճկվածքի անկյունը 1000 -ից պակաս չէ: Հատկությունների այս ցուցանիշներն ընդունվում են որպես միջին: Փորձարկումների արդյունքների միջին մեծության պահպանման դեպքում, առանձին նմուշների համար, թույլատրվում է նշված ցուցանիշների նվազեցում` 10 տոկոսից ոչ ավելի:

62. Եռակցված միացությունների որակը համարվում է անբավարար, եթե ցանկացած տեսակի արտանշման դեպքում կհայտնաբերվեն արտաքին և ներքին արատներ, որոնք դուրս են գալիս շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման կամ նորոգման համար չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:

 

VII. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

63. Շարժասանդուղքի գլխավոր շարժաբերը նախատեսված է դրա սանդուղքաժապավենը սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված շահագործական արագությամբ տեղաշարժելու համար:

64. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերը նախատեսված է դրա սանդուղքաժապավենի հավաքակցման, ապահավաքակցման աշխատանքների կատարման ժամանակ, տեխնիկական սպասարկման ժամանակ, ինչպես նաև վթարային արգելակի ապաարգելակման ժամանակ` սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված նորոգման արագությամբ սանդուղքաժապավենի տեղաշարժման համար:

65. Շարժասանդուղքի շարժաբերը պետք է սարքավորված լինի արգելակային համակարգով` բաղկացած աշխատանքային և վթարային արգելակներից:

66. Նորմալ փակ տեսակի աշխատանքային արգելակը պետք է տեղակայվի պտույտափոխանցիչի ռեդուկտորի մուտքի լիսեռի վրա:

67. Աշխատանքային արգելակը պետք է գործի գլխավոր կամ օժանդակ շարժաբերի յուրաքանչյուր անջատման դեպքում, ինչպես նաև կառավարման շղթայի հոսանքազերծման դեպքում:

68. Չբեռնված շարժասանդուղքի դեպքում աշխատանքային արգելակով արգելակման ուղին սահմանվում է սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված դանդաղեցումների հիման վրա` հաշվի առնելով արգելակի գործարկման ժամանակը և արգելակման պահի պաշարի գործակիցը: Կարգավորման միջակայքը (դիապազոն) պետք է լինի 200 մմ-ից ոչ պակաս:

69. Շարժասանդուղքը պետք է սարքավորված լինի ավտոմատ գործող վթարային արգելակով` տեղակայված գլխավոր շարժաբերի լիսեռի վրա:

70. Վթարային արգելակը պետք է`

1) վայրէջքով աշխատող շարժասանդուղքը կանգնեցնի դրա արագությունն անվանականից 30 տոկոս և ավելի գերազանցելու դեպքում.

2) վերելքով աշխատող շարժասանդուղքի սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում.

3) աշխատանքային արգելակի խափանման դեպքում:

71. Վթարային արգելակի խափանման կամ շարժաբերի և գլխավոր լիսեռի միջև կինեմատիկական կապի խախտման դեպքում վթարային արգելակը պետք է կանգնեցնի առավելագույն շահագործական բեռնվածքով բեռնված սանդուղքաժապավենը` սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշվածները չգերազանցող դանդաղեցումներով:

72. Վթարային արգելակի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի միմյանց ավտոմատորեն փոխարինող երկու անկախ աղբյուրից: Նորմալ փակ արգելակի օգտագործման դեպքում թույլատրվում է էլեկտրասնուցում մեկ աղբյուրից:

73. Արգելակների տարրերի (կոճղակներ, ձգաճոպաններ, զսպանակներ և այլն) փոխարինման դեպքում անհրաժեշտ է անցկացնել արգելակի աշխատունակության ստուգում և արդյունքների գրանցում` շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

74. Սանդուղքաժապավենի աստիճանի աշխատանքային մակերեսը պետք է լինի ցցվածքների և իջվածքների տեսքով` տեղադրված շարժասանդուղքի առանցքի երկայնքով: Աստիճանի երեսարկը պետք է ավարտվի ճաղաշարքի մոտ` ցցվածքով: Երկու եզրային ցցվածքները և դրանց նախորդող իջվածքները յուրաքանչյուր կողմից պետք է ունենան վառ տարբերակվող գույներ:

75. Սանդուղքաժապավենի աստիճանաճակատը պետք է ունենա ուղղահայաց ցցվածքներ և իջվածքներ, որոնք պետք է զուգորդվեն աստիճանի երեսարկի ցցվածքների և իջվածքների հետ:

76. Սանդուղքաժապավենի մշտական ձգման ապահովման համար նախատեսվում են ձգող սարքեր:

77. Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի վրա անվտանգ մուտքի և ելքի ապահովման համար անհրաժեշտ է կառուցել թեք սանդերքներով մուտքի հարթակներ, որոնց մակերեսները պետք է լինեն ակոսավոր, իսկ սանդերքները` փոխարինելի:

78. Մուտքի հարթակի շինվածքը պետք է ապահովի շարժասանդուղքի կանգնեցում` դրա տակ կողմնակի առարկաներ ընկնելու դեպքում:

79. Մուտքի հարթակի շինվածքը պետք է ունենա սանդերքի ատամների նկատմամբ աստիճանի երեսարկի ճիշտ ուղղությունն ապահովող սարքվածք: Սանդերքի ատամների ծայրերը պետք է լինեն կլորացված և ընկղմված ձողային երեսարկի ցցվածքների միջև:

80. Մուտքի հարթակների լուսավորությունը պետք է լինի 50 լկ-ից ոչ պակաս:

81. Շարժասանդուղքները պետք է հանդերձվեն վրածածկիչ սարքվածքներով, որոնք պետք է գործարկման դեպքում ունենան լուսային և ձայնային ազդարարում` դրանց գործարկման դեպքում:

82. Սանդուղքաժապավենի ձգող սարքի ուղղորդիչների շինվածքը պետք է յուրաքանչյուր կողմից ապահովի ձգող աստղանիվի ազատ տեղաշարժման հնարավորություն` շարժասանդուղքի առանցքի երկայնքով և ձգող սարքի բլոկավորման գործարկում: Ուղղորդիչները և դրանց կցվանքներն ուղեգծի բոլոր տեղամասերում պետք է ապահովված լինեն լայնական տեղաշարժումներից:

83. Ուղղորդիչներն ուղևորատար գոտում պետք է ունենան աստիճանների հետևալ դիրքն ապահովող ուղեգիծ`

1) աստիճանների երեսարկը շարժման ամբողջ ուղու վրա պետք է պահպանի հորիզոնական դիրքն աստիճանների մուտքի մեկ հարթակից դեպի մյուսը: Թույլատրվում է աստիճանների երեսարկի 1:100-ից ոչ ավելի թեքվածք.

2) մուտքի հարթակներից առաջ սանդուղքաժապավենի աստիճանները պետք է ունենան սույն կանոնակարգի N 2 աղյուսակում նշվածից ոչ պակաս երկարությամբ հորիզոնական տեղամասեր: Հորիզոնական տեղամասի վրա երկու հարակից աստիճանների բարձրության անկումը թույլատրվում է 4 մմ-ից ոչ ավելի.

3) աստիճանների մուտքի հարթակի և դրան հաջորդող աստիճանի հորիզոնական տեղամասի միջև մակարդակների տարբերությունը թունելային շարժասանդուղքների համար չպետք է գերազանցի 30 մմ, միջհարկային շարժասանդուղքների համար` 50 մմ:

84. Սանդուղքաժապավենի և բազրեփոկերի աշխատանքային ճյուղը պետք է շարժասանդուղքի մեխանիզմներից և մետաղաշինվածքներից անջատված լինի ամուր, կոշտ, հարթ և հրակայուն երեսպատմամբ ճաղաշարքով:

85. Ճաղաշարքի շինվածքը տեխնիկական սպասարկում պահանջող տեղերում պետք է լինի հեշտ քանդովի (համապատասխան գործիքի կիրառմամբ):

86. Ճաղաշարքի ներքին հարթությունները կարող են պատրաստվել ուղղահայաց կամ դեպի վեր լայնացող: Ճաղաշարքի կողային վահանակների վերին եզրերի միջև հեռավորությունը պետք է լինի աստիճանի լայնությունից ավելի` թունելային շարժասանդուղքների համար` 200 մմ-ից ոչ պակաս, միջհարկային շարժասանդուղքների համար` 100 մմ-ից ոչ պակաս:

87. Սանդուղքաժապավենի կողմից ճաղաշարքի տարրերի (վահանակներ, շերտաձողեր, ճեղքակալներ) միջև հարթությունների անկումը` 3 մմ-ից ավելի չի թույլատրվում:

88. Ծածկոցների կցվանքները չպետք է ունենան 0,5 մմ-ից ավելի անկում և պետք է բացառվի դրանց փոխադարձ շեղումը:

89. Աստիճաններին նայող ծածկոցների մակերեսը պետք է խոչընդոտի ուղևորների կոշիկների ներքաշմանը: Արգելվում է ծածկոցների վրա սանդուղքաժապավենին նայող շերտաձողերի ճեղքակալների տեղակայումը: Վահանակների և ճաղաշարքի ծածկոցների կցվանքներում թույլատրելի բացակը պետք է լինի 4 մմ-ից ոչ ավելի:

90. Ճաղաշարքի վրա նախատեսվում է տեղակայել բարձրախոս կապի վանդակներ, ինչպես նաև լուսատուներ և վարդակներ (ռոզետկա):

91. Շարժասանդուղքի երկու կողմում` ճաղաշարքի վրա, պետք է սարքավորված լինեն շարժվող բազրեփոկեր:

92. Բազրեփոկերի շարժման արագությունը չպետք է տարբերվի աստիճանների շարժման արագությունից` ոչ ավելի, քան 2 տոկոսով:

93. Շարժասանդուղքը սանդուղքաժապավենի կանգառի դեպքում պետք է սարքավորված լինի էլեկտրաշարժիչներն անջատող բլոկավորման համակարգերով`

1) բազրեփոկի խզման, առավել ձգման կամ կանգառի դեպքում.

2) ձգող կայանի սայլակի մեկ կամ երկու աստղանիվի` դեպի շարժաբերի կողմը կամ հակառակ կողմը 30 մմ-ից ավելի տեղաշարժման դեպքում.

3) պնդօղակի ապապտուտակման կամ վթարային արգելակի պտուտակի դուրս ընկնելու դեպքում.

4) աշխատանքային կամ վթարային արգելակների գործարկման դեպքում.

5) աշխատանքային արգելակի էլեկտրամագնիսի խարսխի սարքվածքի ընթացքի պաշարը սահմանվածից պակաս լինելու դեպքում.

6) մուտքի հարթակի բարձրացման դեպքում.

7) շարժասանդուղքների միջև անցումի ցանկացած տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում «Կանգ» սարքի, ինչպես նաև «Կանգ» անջատիչների վրա ներազդելու դեպքում.

8) մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման կամ իջեցման դեպքում.

9) ստորին կորագիծ տեղամասում ուղղորդիչի վրայից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում.

10) ծածկի սալերը շուռ գալու կամ հանվելու դեպքում (միջհարկային շարժասանդուղքների համար).

11) աշխատող շարժասանդուղքի էլեկտրասնուցման հոսանքաանջատիչի անջատման դեպքում.

12) շարժաբեր շղթայի խզման կամ չափազանց արտաձգման դեպքում: Նշված բլոկավորման սարքերը պետք է պատրաստված լինեն այնպես, որպեսզի դրանցից ցանկացածի գործարկման դեպքում (բացի աշխատանքային և վթարային արգելակների, մուտքի հարթակների բլոկավորումների) շարժասանդուղքի աշխատանքի մեկնարկը հնարավոր լինի միայն դրանք ստիպողաբար նախնական դիրքի բերելուց հետո:

94. Շարժասանդուղքի վերին և ստորին մասերում դրա շտապ կանգնեցման համար պետք է տեղակայված լինեն ոչ ինքնավերադարձվող անջատիչներ` «Կանգառ» մակագրվածքով: Բլոկավորումների գործարկման դեպքում պետք է միանա ազդանշան, որը ցույց կտա, թե բլոկավորումներից որը հանգեցրեց շարժասանդուղքի կանգնեցմանը:

95. Շարժասանդուղքի շինվածքը պետք է բացառի գլխավոր և օժանդակ շարժաբերների միաժամանակյա աշխատանքը:

96. Շարժասանդուղքների վրա ցանկացած կառավարման կետից պետք է բացառվեն հակառակ ուղղությամբ ուղևորներով շարժասանդուղքի սխալմամբ մեկնարկ տալը:

97. Շարժասանդուղքի կառավարման համակարգը, անկախ շարժասանդուղքի ուղևորներով բեռնվածքից, մեկնարկի ժամանակ պետք է ապահովի սույն կանոնակարգի N 1 աղյուսակում նշված արագացումները:

98. Շարժասանդուղքի բեռնվածքով մեկնարկման և կանգնեցման համար, վերին և ստորին մուտքի հարթակների մոտ, պետք է տեղակայված լինեն հասանելի կառավարման կետեր` միայն սպասարկող անձնակազմի համար:

99. Շարժասանդուղքները կարող են սարքավորված լինել հեռակառավարման կետերով, ինչպես շարժասանդուղքի տեղադրման գոտում, այնպես էլ դրանից դուրս:

100. Ուղևորներով շարժասանդուղքի մեկնարկ տալը հեռակառավարման կետից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ ապահովված է շարժասանդուղքի վրա ուղևորներին դիտելու հնարավորությունը կամ շարժասանդուղքի մոտ գտնվող անձնակազմի հետ ապահովված է խոսակցական կապ` ուղևորներին մեկնարկի մասին նախազգուշացնող տեղեկատվություն տալու համար:

101. Թույլատրվում է շարժասանդուղքը սարքավորել ավտոմատ մեկնարկի և կանգառի սարքերով, ինչպես նաև հեռուստամեխանիկայի և հեռուստադիտարկման միջոցներով:

102. Շարժասանդուղքի օժանդակ շարժաբերի կառավարման համար պետք է նախատեսված լինեն`

1) անշարժ կառավարման կետեր` տեղակայված գլխավոր լիսեռի մոտակայքում, աստիճանի հանման սարքի մոտ (թունելային շարժասանդուղքների համար) և ձգման խցիկում.

2) կառավարման շարժական կետեր և դրանց միացման համար խրոցային վարդակներ.

3) վթարային արգելակի մետաղաշինվածքների վրա տեղակայված վայրէջքի և վերելքի մեկնարկի կոճակներ: Այդ կոճակները միաժամանակ պետք է զուգահոսագծեն (շունտիրովանի) բլոկավորման շղթայի հպակները, որոնք անջատվում են վթարային արգելակի գործարկման դեպքում:

103. Կառավարման շարժական կետերի համար խրոցային վարդակները պետք է տեղակայվեն շարժաբերի և ձգման խցիկի մետաղաշինվածքների վրա, իսկ թունելային շարժասանդուղքների վրա, բացի դրանից, շինության թեք հատվածում ճաղաշարքի վրա մի կողմից, և շարժասանդուղքի յուրաքանչյուր կողմից անցումներում` իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

104. Կառավարման շարժական կետի կոճակները պետք է պատրաստված լինեն այնպես, որ բացառվի դրանց պատահական միացումը: Շարժասանդուղքի շարժումը պետք է իրականացվի միայն հատուկ բանալիով, լրացուցիչ հպակի փակման դեպքում և համապատասխան ուղղության կոճակի սեղմման դեպքում: Բացի դրանից, շարժական կետը պետք է սարքավորված լինի «Կանգ» մակագրվածքով` անջատիչով, որը ցույց կտա շարժման` «Վերելք» և «Վայրէջք» ուղղությունները:

 

VIII. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐԸ ԵՎ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

105. Շարժասանդուղքի շինարարական շինվածքները պետք է հաշվարկված լինեն դրանց ուղևորներով բեռնվածքի համար: Շարժասանդուղքին հարող շենքերի ծածկերը պետք է հաշվարկվեն հավաքակցման և տրանսպորտային միջոցների ու շարժասանդուղքի հանգույցների ծանրաբեռնվածության համար:

106. Սրահները, որոնցում տեղակայվում են թունելային շարժասանդուղքները, պետք է ունենան դրա հավաքակցման և ապահավաքակցման հնարավորություններ, ինչպես նաև շարժասանդուղքի հանգույցների, դրանց զննման և սպասարկման համար մոտեցում ապահովող չափեր:

Այդ նպատակով պետք է նախատեսված լինեն`

1) սրահներ` շարժաբերի, էլեկտրասարքավորման, կառավարման և հեռուստամեխանիկայի ապարատուրայի համար.

2) սրահ` ձգող սարքի (ձգման խցիկ) տեղակայման համար.

3) շարժասանդուղքի երկայնքով անցումներ` այն թեք մասում սպասարկելու համար: Անցումների բացակայության դեպքում պետք է լինի հնարավորություն բաղադրիչ մասերի սպասարկման համար` սանդուղքաժապավենի և ճաղաշարքի անցքերի միջով.

4) ապահավաքակցման հոր կամ ապահավաքակցման խցիկ:

107. Շարժասանդուղքների տեխնիկական սպասարկման ապահովման նպատակով մեքենայական սրահի անմիջական մոտակայքում, հերթապահ անձնակազմի համար սանիտարական նորմերին համապատասխան, պետք է նախատեսված լինեն կենցաղային շինություններ, ինչպես նաև շինություններ` պահեստամասերի, վառելիքաքսուկային և այլ նյութերի պահման ու արհեստանոցների համար:

108. Միջհարկային շարժասանդուղքի շինվածքը պետք է ապահովի հասանելիություն շարժասանդուղքի հիմնական մասերին և հնարավորություն` սանդուղքաժապավենի, ճաղաշարքի և ծածկի սալերի սպասարկման, հավաքակցման և ապահավաքակցման համար:

109. Թունելային շարժասանդուղքի հիմքերի, մեքենայական սրահի, ձգման խցիկի կողմնային պատի միջև անցումի լայնությունը սահմանվում է ելնելով հավաքակցման և ապահավաքակցման ապահովման պայմաններից, բայց 900 մմ-ից ոչ պակաս: Վերահանման բարձրությունը մինչև 7 մ դեպքում, մեքենայական սրահում անցումի լայնությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 600 մմ:

110. Մեքենայական սրահի կամ ձգող խցիկի բարձրությունը հատակից մինչև ծածկի հեծանները կամ ամբարձիչ մեխանիզմների կախովի ուղիները, պետք է լինեն մեքենայական սրահի համար` 2400 մմ-ից ոչ պակաս, ձգման խցիկի համար` 2000 մմ-ից ոչ պակաս:

111. Հարակից շարժասանդուղքների ցցուն մասերի և դրանց ցանկապատումների միջև, ինչպես նաև եզրային շարժասանդուղքների մոտ, կողային անցումների լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս, բարձրությունը` 1800 մմ-ից ոչ պակաս: Շրջանաձև թունելների դեպքում ձգող կայանքների միջև և միջշրջաբերային տեղերում (գլխավոր շարժաբերային լիսեռի մոտ և հիմքերի միջև), ինչպես նաև կողային անցումներում աստիճանների մակերևույթի մակարդակում թույլատրվում է անցումների լայնության նվազեցում` մինչև 400 մմ:

112. Մեքենայական սրահը պետք է ունենա ոչ պակաս, քան երկու ելք` սարքավորված փակովի դռներով:

113. Ձգման խցիկը, հարմար և անվտանգ ելքի համար, շարժասանդուղքի ստորին մուտքի հարթակի մոտ պետք է ունենա ներսից փակվող ելանցք կամ դուռ: Ձգման խցիկը պետք է մեկուսացված լինի շարժասանդուղքային սարքավորման սպասարկմանը և պահպանմանը չվերաբերող այլ շինություններից:

114. Ձգման խցիկը պետք է ունենա մուտքային սանդուղք, որը կարող է պատրաստվել ինչպես թեք, այնպես էլ ուղղահայաց: Թեք սանդուղքը (750 և պակաս թեքության անկյունով) պետք է սարքավորված լինի ճաղերով և ունենա 120 մմ-ից ոչ պակաս խորությամբ աստիճաններ: Ուղղահայաց սանդուղքը (750-ից ավելի թեքության անկյունով) պետք է լինի 600 մմ-ից ոչ պակաս լայնությամբ, աստիճանների միջև հեռավորությունը` 300 մմ-ից ոչ ավելի: Ուղղահայաց սանդուղքի աստիճանները պետք է առնվազն 150 մմ հեռու կանգնած լինեն պատերից և այլ շինարարական շինվածքներից: Սանդուղքի 5 մ-ից ավելի բարձրության դեպքում` սկսած 3 մ-ից պետք է տեղակայված լինեն ցանկապատեր` աղեղների տեսքով:

115. Մեքենայական սրահը պետք է ունենա մուտքային սանդուղք, որն սկզբի և վերջին մասերում պետք է ունենա սանդուղքի լայնությանը հավասար ազատ հարթակներ, ճաղեր և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ հարթ հորիզոնական աստիճաններ: Սանդուղքի թեքության անկյունը պետք է լինի 450-ից ոչ ավելի:

116. Մեքենայական սրահը և դրան հարող ապահավաքակցման հորը և ապահավաքակցման խցիկը պետք է սարքավորված լինեն ամբարձիչ միջոցներով` շարժաբերի տարրերի հավաքակցման, ապահավաքակցման և տեղափոխման համար: Անշարժ ամբարձիչ միջոցների տեղակայման անհնարինության դեպքում պետք է նախատեսվեն շարժական ամբարձիչ միջոցներ, ինչի համար խցիկը պետք է ունենա հիդրոմեկուսացմամբ սարքավորված ելանցք, որը պետք է բացվի դեպի դուրս և ունենա հանովի ցանկապատ:

117. Շարժասանդուղքի մեքենայական սրահը, համաձայն սանիտարահիգիենիկ պահանջների, պետք է սարքավորված լինի օդափոխությամբ:

118. Շարժասանդուղքների միջև անցումներում, ինչպես նաև եզրային շարժասանդուղքի և շինարարական շինվածքների միջև անցումներում, շարժասանդուղքային թունելի թեք մասի երկայնքով պետք է սարքավորված լինեն մշտական թեքության անկյունով աստիճաններ` 350 մմ-ից ոչ պակաս լայնությամբ և 200 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ:

119. Շարժասանդուղքի մուտքի առջևի հարթակների վրա չպետք է լինեն ուղևորների անցումը խոչընդոտող առարկաներ: Թույլատրվում է ուղևորների հոսքերի ուղղորդման համար տեղակայել արգելապատեր և կասեցուցիչներ, ինչպես նաև խցիկներ` ուղևորներին հետևող անձնակազմի համար:

120. Շարժասանդուղքներ մտնելուց առաջ, սկսած ցցուն սարքավորումից (արգելապատեր, խցիկներ և այլն), պետք է նախատեսված լինի 4,5 մ երկարությամբ հարթակ:

121. Առանց միջանկյալ ելքերի, հաջորդաբար շարժասանդուղքների մի քանի խմբերի տեղակայման դեպքում, դրանք պետք է ունենան նույն տեսական արտադրողականությունը և դրանց միջև պետք է նախատեսված լինի հարթակ` ոչ պակաս, քան 4,5 մ երկարությամբ:

122. Ուղղահայաց հեռավորությունը` շարժասանդուղքի աստիճանի երեսարկի մակարդակից մինչև սրահի թունելի տանիքը կամ ցցուն մասերը (հեծաններ, ճարտարապետական զարդաքանդակներ, լուսավորիչ արմատուրա և այլն) պետք է լինի 2300 մմ-ից ոչ պակաս: Հեռավորությունը բազրեփոկի եզրից մինչև հարող ուղղաձիգ պատը, հատակադիր ջահը (տորշեր) և ճաղաշարքի վրա տեղակայված այլ լուսատուներ պետք է լինեն 80 մմ-ից ոչ պակաս:

123. Եթե հեռավորությունը միջհարկային շարժասանդուղքի բազրեփոկի առանցքից մինչև հարակից շարժասանդուղքի բազրեփոկի առանցքը պակաս է 500 մմ-ից, ապա հարակից շարժասանդուղքի ստորին եզրի հետ փոխհատման գոտում պետք է նախատեսված լինի ապահովիչ վահանակ: Վահանակի հետահար եզրը պետք է լինի հարթ, կլորացված և ուղղահայացով ունենա 250 մմ-ից ոչ պակաս բարձրություն:

124. Թունելային շարժասանդուղքների մեքենայական սրահում և ձգման խցիկում, ինչպես նաև միջհարկային շարժասանդուղքների վերին և ստորին մասերում, ցանցից շարժական լամպերի սնուցման համար պետք է տեղակայված լինեն խրոցակային վարդակներ` 42 Վ-ից ոչ ավելի լարումով: Խրոցակային վարդակները շարժասանդուղքային թունելով պետք է տեղակայվեն իրարից 20 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Շարժական էլեկտրասարքավորումների (եռակցման ապարատներ, էլեկտրագործիքներ) միացման համար մեքենայական սրահում և ձգման խցիկում պետք է նախատեսված լինեն էլեկտրասնուցման կետեր:

125. Օդաճնշակային (պնևմատիկ) գործիքի միացման համար շարժասանդուղքային թունելի անցումներից յուրաքանչյուր 25 մ-ի վրա պետք է տեղադրվի թեք տեղաբաշխվածությամբ փականներով խողովակ` սեղմված օդի նմուշավորման համար:

 

IX. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՎԱՔԱԿՑՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ) ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

126. Շարժասանդուղքի հավաքակցման, նորոգման, արդիականացման աշխատանքների կազմակերպումը, ճոպանասարքային և ամբարձատեղափոխման աշխատանքները` ներառյալ շարժասանդուղքներով բեռների տեղափոխումը, պետք է կատարվեն ճոպանասարքային և բեռնաբարձման-բեռնաթափման աշխատանքների կատարման և շարժասանդուղքներով բեռների տեղափոխման անվտանգության տեխնիկայի հրահանգներին համապատասխան:

127. Շարժասանդուղքների պատրաստման ժամանակ դրանց շինվածքներում փոփոխությունների կատարումը թույլատրվում է նախագծող կազմակերպության և շարժասանդուղքներ ձեռք բերող կազմակերպության հետ համաձայնեցումից հետո:

128. Յուրաքանչյուր նոր պատրաստված շարժասանդուղք պետք է ընդունված լինի պատրաստող կազմակերպության տեխնիկական հսկողության բաժնի կողմից և համալրված`

1) տեխնիկական անձնագրով.

2) տեղակայման գծագրով.

3) սկզբունքային էլեկտրական սխեմայով` սխեմայի տարրերի ցանկով.

4) միացումների էլեկտրական սխեմաներով.

5) տեխնիկական նկարագրությամբ.

6) շահագործման հրահանգով.

7) հավաքակցման, գործարկման, կարգաբերման և փորձավորման (օբկատկա) հրահանգով.

8) պահեստամասերի ցուցակով.

9) շարժասանդուղքի հավաքման համար տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան միավորների և մասերի գծագրերով.

10) շարժասանդուղքի հետ մատակարարվող փաստաթղթերի ցանկով:

129. Շարժասանդուղքների պատրաստման ժամանակ պատրաստող կազմակերպությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հավաքակցման և շահագործման ընթացքում բացահայտված շինվածքային և շարժասանդուղքների անվտանգ շահագործման վրա ազդող թերությունների վերացման համար: Պատրաստող կազմակերպությունը պարտավոր է նաև այդ թերությունների մասին տեղեկացնել նախկինում շարժասանդուղքներ գնած և շահագործող, դրանց հավաքակցումն ու նորոգումն իրականացրած մասնագիտացված կազմակերպություններին` թերությունների վերացման անհրաժեշտության և մեթոդների մասին, ուղարկել տեխնիկական փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև փոխարինման ենթակա հանգույցները և մասերը:

130. Շարժասանդուղքների հիմնական նորոգումը պետք է կատարվի մասնագիտացված կազմակերպության կողմից հաստատված` շարժասանդուղքների հիմնական նորոգման ուղեցույցով սահմանված պահանջներով:

131. Շարժասանդուղքի հիմնական նորոգման կանգնեցման համար հիմք է հանդիսանում դրա միջնորոգումային վազքի նորմերին հասնելը կամ շարժասանդուղքի տեխնիկական վիճակը:

132. Շահագործման մեջ գտնվող շարժասանդուղքի արդիականացումը (վերակառուցումը), դրա հիմնական հանգույցների շինվածքի, էլեկտրամատակարարման և էլեկտրաշարժաբերի կառավարման սկզբունքային սխեմաների փոփոխումը, որոնք փոփոխում են շարժասանդուղքի անձնագրային տվյալները, թույլատրվում են շարժասանդուղքի նախագիծը մշակած կազմակերպության կամ լիցենզավորված մասնագիտացված կազմակերպության դրական եզրակացության առկայության դեպքում:

133. Հիմնական նորոգման, արդիականացման (վերակառուցման) ավարտից հետո աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պետք է շարժասանդուղքի սեփականատիրոջը ներկայացնի ակտ` երեք օրինակից: Ակտում պետք է արտացոլված լինեն շարժասանդուղքի շինվածքում կամ էլեկտրաշարժաբերում կատարված բոլոր փոփոխությունները:

 

X. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

134. Շարժասանդուղքը պատրաստումից, հավաքակցումից հետո պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկումների, իսկ շահագործման ընթացքում` պարբերական փորձարկումների:

135. Յուրաքանչյուր նոր պատրաստված միջհարկային շարժասանդուղք պատրաստող կազմակերպությունում հավաքված վիճակում, առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում, պետք է ենթարկվի փորձավորման (օբկատկա) 12 ժամ տևողությամբ` 6-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավորման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 30 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում, փորձավորումը պետք է կրկնել նորից: Անջատովի միջահարկային շարժասանդուղքները փորձավորման են ենթարկվում կիրառման տեղում:

136. Յուրաքանչյուր նոր տեղակայված թունելային շարժասանդուղքի փորձավորումն անցկացվում է կիրառման տեղում` առանց բեռնվածության, ընդհանուր աշխատանքի պայմաններում` 48 ժամ տևողությամբ` 24-ական ժամ` յուրաքանչյուր ուղղությամբ: Փորձավորման ժամանակ կարգաբերման և կարգավորման համար թույլատրվում են կանգառներ` 90 րոպեից ոչ ավելի տևողությամբ: Խախտվածքների վերացման համար` ավելի երկար կանգառի անհրաժեշտության դեպքում փորձավորումը պետք է կրկնել նորից:

137. Արդիականացման կամ հիմնական նորոգման ենթարկված շարժասանդուղքի փորձավորումը կատարվում է շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի պարամետրով և չափորոշիչ այլ փաստաթղթերով, սույն կանոնակարգով սահմանված պահանջններին համապատասխան:

138. Եթե շարժասանդուղքի արդիականացման ժամանակ փոփոխվում են դրա էլեկտրամեխանիկական բնութագրերը (արագությունը, արագացումը մեկնարկի ժամանակ, դանդաղեցումն արգելակման ժամանակ), պտտվող մասերի իներցիայի պահը կամ ուղևորների անվտանգության վրա ազդող հանգույցների շինվածքը (շղթաներ, աստիճաններ, արգելակներ, գլխավոր շարժաբերի շարժիչը), ապա պետք է փորձարկումները կատարվեն բեռնվածքով:

139. Նոր տեղակայված յուրաքանչյուր շարժասանդուղք, մինչև շահագործման հանձնելը, պետք է հաշվառվի ու գրանցվի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի:

140. Շարժասանդուղքի գործարկումը և շահագործումն արգելվում է, եթե բացահայտվել են`

1) շարժասանդուղքի շինվածքի, դրա տարրերի, բաղադրիչ մասերի և շարժասանդուղքային սրահների անհամապատասխանություն` սույն կանոնակարգով սահմանված պահանջների նկատմամբ.

2) շարժասանդուղքի անվտանգ շահագործման վրա ազդող անսարքություններ, որոնք չեն կարող վերացվել դրա զննման, ստուգման կամ վկայագրման ընթացքում.

3) տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում տրված եզրակացության, կարգադրագրերի պահանջների չկատարման կամ թերի կատարման դեպքեր.

4) նշանակված չեն տեխնիկական պատասխանատու անձինք` շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար.

5) շարժասանդուղքը պատրաստված է նախագծային փաստաթղթերից շեղումներով.

6) շարժասանդուղքը չի համապատասխանում շահագործական և հուսալիության նորմերին, բնապահպանական, սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության պահանջներին:

141. Շարժասանդուղքի հավաքակցումը կամ դրա արդիականացումը (վերակառուցումը) իրականացրած կազմակերպությունը գլխավոր կապալառու կազմակերպության հետ պետք է անցկացնի շարժասանդուղքի զննում, ստուգում և փորձարկում: Շարժասանդուղքի զննման, ստուգման և փորձարկման դրական արդյունքների դեպքում նշված կազմակերպությունները պետք է ըստ սույն կանոնակարգի N 2 ձևի կազմեն տեխնիկական պատրաստության մասին ակտ և այն փոխանցեն շարժասանդուղքի սեփականատիրոջը: Նշված ակտի հետ միասին հավաքակցող կազմակերպության կողմից պետք է փոխանցվեն նաև հետևյալ փաստաթղթերը`

1) սարքավորման (ներառյալ մետաղական թիթեղից պատրաստված ճաղաշարքի) հողանցման և տարրերի զննման ստուգման արձանագրությունը.

2) ուժային էլեկտրասարքավորման, կառավարման և ազդանշման շղթաների, ուժային և լուսավորման էլեկտրահաղորդագծերի մեկուսացման դիմադրության ստուգման արձանագրությունը.

3) սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղակայման մարկշեյդերական չափումների արձանագրությունը (թունելային շարժասանդուղքների համար).

4) փակ (թաքնված) աշխատանքների զննման ակտը:

142. Շարժասանդուղքի հանձնման-ընդունման ընթացքում պետք է դրա վիճակի զննումը և ստուգումն անցկացվեն սույն կանոնակարգով նախատեսված ծավալով: Զննման և ստուգման անցկացման արդյունքներով պետք է կազմվի շարժասանդուղքի ընդունման ակտ և այն փոխանցվի շարժասանդուղքի սեփականատիրոջը:

143. Նոր տեղակայված, արդիականացված (վերակառուցված) կամ հիմնական նորոգված շարժասանդուղքը մինչև շահագործման մեջ մտցնելը տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից շարժասանդուղքի սեփականատիրոջ մասնակցությամբ պետք է ենթարկվի լրիվ տեխնիկական զննման, ստուգման, վկայագրման (անձնագրավորման):

144. Լրիվ տեխնիկական վկայագրումը նպատակ ունի հաստատելու, որ`

1) շարժասանդուղքը համապատասխանում է սույն կանոնակարգի պահանջներին և դրա տեխնիկական անձնագրի տվյալներին.

2) շարժասանդուղքը գտնվում է անվտանգ աշխատանքն ապահովող սարքին վիճակում:

Լրիվ տեխնիկական վկայագրման դեպքում շարժասանդուղքը պետք է ենթարկվի զննման և ստուգումների` պատրաստող կազմակերպության կողմից առաջադրող ցուցմունքներին համապատասխան:

145. Լրիվ տեխնիկական վկայագրումը պետք է կատարվի հետևյալ կարգով`

1) շարժասանդուղքի սպասարկման կազմակերպման ստուգում.

2) տեխնիկական փորձագետի եզրակացությունների կատարման ստուգում.

3) չափորոշիչ փաստաթղթերի և տեխնիկական պայմանների պահանջներին շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանության ստուգում.

4) շարժասանդուղքի համալիր զննում և դրա աշխատունակության ստուգում.

5) շարժասանդուղքի վկայագրման արդյունքների ձևակերպում:

146. Շարժասանդուղքի սպասարկման համար սահմանված պահանջների ստուգման ժամանակ անհրաժեշտ է ստուգել`

1) շարժասանդուղքի տեխնիկական անձնագրի պարունակությունը և դրանում գրանցումների առկայությունը, պատասխանատու անձի ստորագրությունը, նրա նշանակման հրամանի համարը և ամսաթիվը.

2) շարժասանդուղքի շահագործման փաստաթղթերի առկայությունը.

3) շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման, գիտելիքների ստուգման և որակավորման կազմակերպումը:

147. Շարժասանդուղքի տեղակայման և սրահների չափերի համապատասխանության ստուգումը կատարվում է նոր հավաքակցված շարժասանդուղքի, ինչպես նաև արդիականացված (վերակառուցված) շարժասանդուղքի շահագործման մեջ մտցնելու ժամանակ:

148. Շարժասանդուղքի համալիր զննման և աշխատունակության ստուգման ժամանակ անհրաժեշտ է ստուգել դրա`

1) աշխատանքային և վթարային արգելակների կարգավորման և գործողության ճշտությունը` չափելով բացակների և բաղադրիչ մասերի չափերը, սանդուղքաժապավենի աշխատանքային և վթարային արգելակներով կանգնեցման ժամանակ արգելակման ուղիների չափերը.

2) սանդուղքաբազուկային շղթաների, հիմնակմախքի և աստիճանների երեսարկի, վազկանիկների, ուղղորդիչների վիճակը.

3) շարժասանդուղքի բլոկավորման սարքերի կարգավորման և գործողության ճշտությունը.

4) շարժասանդուղքի մուտքի հարթակների կարգավորման ճշտությունը.

5) բազրեփոկի և բազրեփոկային սարքի վիճակը.

6) ճաղաշարքի վիճակը.

7) էլեկտրասարքավորման վիճակը (ընտրողական).

8) կառավարման սարքերի գործողությունը.

9) սանդուղքաժապավենի բացակները և չափերը` մի քանի դիրքերում.

10) աշխատանքը` գլխավոր և օժանդակ շարժաբերներից:

149. Վկայագրման և փորձարկման դրական արդյունքների դեպքում շարժասանդուղքի վկայագրմանը մասնակցած անձանց կողմից դրա տեխնիկական անձնագրում գրանցում է շարժասանդուղքի շահագործման պատրաստ լինելու մասին և հաջորդ տեխնիկական վկայագրման ժամկետը:

150. Վկայագրման ընթացքում շարժասանդուղքի օգտագործման և սպասարկման անվտանգությանն սպառնացող խախտումների բացահայտման դեպքում պետք է դադարեցվի շարժասանդուղքի շահագործումը, ինչի մասին գրանցում է կատարվում դրա տեխնիկական անձնագրի մեջ:

151. Շարժասանդուղքի սեփականատերը պետք է ապահովի դրա սարքին վիճակում պահպանումը և անվտանգ շահագործումը: Այդ նպատակով անհրաժեշտ է`

1) նշանակել շարժասանդուղքը սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձ.

2) նշանակել շարժասանդուղքի կառավարման, դրա սպասարկման և նորոգման համար ուսուցանված աշխատողներ.

3) ապահովել շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննության, պարբերական զննումների, տեխնիկական սպասարկման և նորոգումների անցկացում.

4) նշանակել շարժասանդուղքի վրա գտնվող ուղևորների նկատմամբ մշտական տեսողական դիտարկում իրականացնող ուսուցանված աշխատողներ.

5) կազմակերպել շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցում և գիտելիքների պարբերական ստուգում.

6) շարժասանդուղքի սպասարկումն իրականացնող անձնակազմին ապահովել արտադրական հրահանգներով, իսկ շարժասանդուղքի սարքին վիճակի պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձին` պաշտոնական հրահանգներով, ղեկավարման ցուցումներով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով.

7) ապահովել սույն կանոնակարգի, արտադրական հրահանգների պահանջների կատարումը` պատասխանատու անձանց և սպասարկող անձնակազմի կողմից.

8) ապահովել շարժասանդուղքի սարքավորումների տեղակայման սրահների բանալիների պահպանման և փոխանցման սահմանված կարգի պահպանումը:

152. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող մարմնի աշխատողները պարտավոր են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել շարժասանդուղքի տեխնիկական անվտանգության փորձաքննություն.

2) հսկել շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության փորձաքննությամբ տրված եզրակացությունների կատարման ընթացքը.

3) ապահովել շարժասանդուղքի աշխատանքների դադարեցումը` խախտումների բացահայտման դեպքերում, որոնք կարող են հասցնել վթարների և դժբախտ դեպքերի.

4) մասնակցել շարժասանդուղքի տեխնիկական վկայագրման աշխատանքներին.

5) հսկել սեփականատիրոջ կողմից շարժասանդուղքն սպասարկող անձնակազմի ուսուցման կազմակերպման և գիտելիքների պարբերական ստուգման գործառությունների կատարումը:

153. Շարժասանդուղքի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը պարտավոր է`

1) ապահովել շարժասանդուղքի անխափան, անվտանգ և առանց վթարի աշխատանքը.

2) կազմակերպել սպասարկող անձնակազմի աշխատանքը` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակ.

3) համաձայն օրենսդրական, իրավական, նորմատիվ-տեխնիկական ակտերի պահանջների` ապահովել անվտանգ աշխատանքի համապատասխան պայմաններ.

4) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անվտանգության փորձաքննության և զննման ժամանակին և որակով կատարումը.

5) անձամբ մասնակցել այդ աշխատանքներին.

6) ապահովել շարժասանդուղքների տեխնիկական անձնագրի, շահագործման և մյուս փաստաթղթերի պահպանությունը.

7) սահմանված ժամկետներում ապահովել շարժասանդուղքի վիճակի մասին տեխնիկական անվտանգության փորձաքննությամբ և զննման արդյունքներով տրված եզրակացությունների և կարգադրագրերի կատարումը.

8) դադարեցնել շարժասանդուղքի աշխատանքը թերությունների բացահայտման դեպքերում, որոնք կարող են հասցնել վթարների և դժբախտ դեպքերի.

9) հետևել, որպեսզի մեքենայական սրահի և ձգիչ խցիկի դռները միշտ լինեն փակ, իսկ այդ սրահների մուտքերը լինեն ազատ ու լուսավորված:

154. Շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, ինչպես նաև նրա նշանակման և որոշակի շարժասանդուղքներին ամրակցման մասին հրամանի ամսաթիվը և համարը պետք է գրանցվի շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

155. Շարժասանդուղքի շահագործման և նորոգման աշխատանքների կազմակերպման համար սեփականատերը կարող է ներգրավել մասնագիտացված կազմակերպության: Այդ դեպքում սեփականատերը պետք է նշանակի շարժասանդուղքի շահագործման կազմակերպման համար պատասխանատու անձինք` մասնագիտացված կազմակերպության աշխատողներից: Կազմակերպությունների միջև պայմանագրով պետք է սահմանվեն կողմերի պարտականությունները և իրավունքները` հաշվի առնելով սույն կանոնակարգի պահանջները:

156. Շարժասանդուղքի կառավարումը պետք է իրականացնի շարժասանդուղքի մեքենավարը, որն անցել է ուսուցում մեքենավարի ծրագրով և ստացել որակավորում շարժասանդուղքների կառավարման համար: Հեռամեխանիկայի կամ ավտոմատիկայի համակարգերով սարքավորված շարժասանդուղքների կառավարումը, երբ ազդանշանները հաղորդվում են դիսպետչերական կետ, կարող է իրականացվել շարժասանդուղքի դիսպետչերի կողմից:

157. Թունելային շարժասանդուղքի (շարժասանդուղքների համալիրի) ելքի ստորին հարթակի գոտում պետք է ապահովված լինի սանդուղքաժապավենի վրա գտնվող ուղևորների մշտական դիտարկում: Շարժասանդուղքի մոտ գտնվող օպերատորը պարտավոր է ուղևորների վնասման վտանգի առաջացման դեպքում կանգնեցնել շարժասանդուղքը:

158. Շարժասանդուղքի կառավարման, դրա սպասարկման, նորոգման և ուղևորների հսկողության գործընթացներում թույլատրվում է ընդգրկել առնվազն 18 տարին լրացած, համապատասխան ծրագրերով ուսուցանված և որակավորված անձանց:

159. Ստորև նշված անձինք պետք է ունենան էլեկտրաանվտանգության խումբ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգի.

1) IV խումբ` շարժասանդուղքի սարքին վիճակում պահպանման ու դրա անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք.

2) III խումբ` շարժասանդուղքի կառավարումը, սպասարկումը և նորոգումը կատարող անձինք.

3) II խումբ` ուղևորների դիտարկումն իրականացնող անձինք:

160. Շարժասանդուղքը պետք է ենթարկվի զննման յուրաքանչյուր մեկնարկից առաջ, բայց ոչ պակաս, քան մեկ անգամ օրվա ընթացքում: Զննումը պետք է իրականացվի շարժասանդուղքի մեքենավարի կամ շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն իրականացնող և դրա կառավարման իրավունքն ունեցող անձի կողմից: Տեխնիկական զննումների արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի զննման գրանցամատյանի մեջ` այն իրականացրած անձի ստորագրությամբ:

161. Շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է անցկացվի փականագործ-էլեկտրիկի, ռետինարարի, վարպետի, շարժասանդուղքի մեքենավարի (մեքենավարի օգնականի) կամ այդ մասնագետների բրիգադի կողմից` պատրաստող կազմակերպության կողմից մշակված հրահանգին համապատասխան:

162. Շարժասանդուղքի սեփականատերը պետք է մշակի և հաստատի արտադրական հրահանգներ` հաստիքային ցուցակում հաշվառվող, շարժասանդուղքի սպասարկմամբ և կառավարմամբ զբաղվող աշխատողների համար:

163. Շարժասանդուղքի հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), շահագործման և նորոգման հետ կապված վթարների և դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 488-Ն որոշմամբ սահմանված կարգով:

164. Շարժասանդուղքների շինարարության, հավաքակցման, ապահավաքակցման, արդիականացման (վերակառուցման) և շահագործման նախագծերը ենթակա են քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

165. Շարժասանդուղքի նախագծման, պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), նորոգման, կարգաբերման, շինվածքների, էլեկտրասարքավորումների, այլ սարքավորումների և հարակից սարքերի նախագծի որակի համար պատասխանատու են համապատասխան աշխատանքներ իրականացրած կազմակերպությունները:

166. Շարժասանդուղքի սեփականատերը, որը հավաքակցման կամ շահագործման ընթացքում հայտնաբերել է թերություններ շարժասանդուղքի շինվածքի, պատրաստման, հավաքակցման կամ նորոգման մեջ, ինչպես նաև շարժասանդուղքը սույն կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության մեջ, պետք է ըստ պատկանելության ուղարկի բողոքագիր:

167. Բողոքագիր ստացած կազմակերպությունը պարտավոր է վերացնել շարժասանդուղքի շինվածքի, պատրաստման, հավաքակցման, նորոգման կամ բացահայտված այլ թերություններ: Այն դեպքերում, երբ բացահայտված թերություններն առկա են նաև երաշխիքային պարտավորությունների ժամկետներով նախկինում պատրաստված, տեղակայված և շահագործվող շարժասանդուղքների վրա և կարող են բացասաբար ազդել դրանցից օգտվելու ժամանակ, բողոքագիր ստացած կազմակերպությունը պարտավոր է տեղեկացնել բոլոր շահագործող կազմակերպություններին այդ թերությունների վերացման անհարժեշտության և մեթոդների մասին` ուղարկելով տեխնիկական փաստաթղթերը` ապահովելով փոխարինման ենթակա անհրաժեշտ հանգույցների և մասերի մատակարարումը:

168. Բողոքագիր ստացած կազմակերպությունը պետք է հատուկ գրանցամատյանում հաշվառի ստացած բողոքագրերը` նշելով հետևյալ տեղեկությունները`

1) բողոքագիր ներակայացրած կազմակերպության անվանումը.

2) բողոքագրի համառոտ բովանդակությունը և շարժասանդուղքի գործարանային համարը.

3) տեղեկություններ` ձեռնարկված միջոցառումների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան