Համարը 
N 1277-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1289
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.10.2009
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1277-Ն

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1277-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

«ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՋԱՐԴՄԱՆ, ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) մշակված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում է պահանջներ` օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքների անվտանգ կատարման համար:

2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների վրա (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևերից:

3. Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման օբյեկտները ենթակա են գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների (այսուհետ` ֆաբրիկա) նախագծումը, կառուցումը, շահագործումը, կոնսերվացումը և լուծարումը տեխնիկական անվտանգության պահանջներով պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Ֆաբրիկայի նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության, սանիտարահիգիենիկ անվտանգության, քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ռադիոակտիվ նյութեր պարունակող օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկաների նախագծերը ենթակա են միջուկային և ճառագայթային անվտանգության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արգելվում է սկսել օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման, հանքահարստացման գործառույթներ` առանց այդ օբյեկտների մասին փորձաքննության դրական եզրակացության: Արգելվում է ֆաբրիկաների կառուցման, շահագործման, կոնսերվացման և գործունեության դադարեցման գործընթացներն իրականացնել նախագծային փաստաթղթերից շեղումներով:

6. Նոր կառուցված և վերակառուցված ֆաբրիկաների համալիրները պետք է շահագործման հանձնվեն հանձնաժողովի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

7. Ֆաբրիկա շահագործող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների նախազգուշացման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլաններ:

8. Ֆաբրիկայում աշխատանքներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, պարտավոր են հաստատել օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

9. Ֆաբրիկայի օբյեկտների, այդ թվում` պոչամբարների լիկվիդացման դեպքում` դրանց տակ գտնվող խախտված հողատարածքները ենթակա են ռեկուլտիվացման (վերականգնման): Հողերի ռեկուլտիվացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) օգտակար հանածոների հարստացման ֆաբրիկա` երկրի մակերևույթի վրա տեղակայված շենքերի և շինությունների ու տեխնոլոգիական սարքավորումների համալիր` նախատեսված օգտակար հանածոների ընդունման, ջարդման, տեսակավորման, մեխանիկական և ֆիզիկաքիմիական հարստացման, արտադրանքի (կոնցենտրատի) պահեստավորման համար.

2) օգտակար հանածոների հարստացում` պինդ հանքային հումքի սկզբնական վերամշակում` հանքաքարից բոլոր օգտակար բաղադրամասերի կորզման (անհրաժեշտության դեպքում` և դրանց բաժանման) համար` կիրառելով մեխանիկական և քիմիական-մեխանիկական հարստացման եղանակներ.

3) դասակարգիչ` տեխնոլոգիական սարք, որի միջոցով կատարվում են մանրացված հանքանյութի բաժանումը և դրանց տեսակավորումն ըստ մեծության, խտության կամ ըստ անցման արագության: Կախված միջավայրից, որտեղ տեղի է ունենում մասնիկների խմբավորումը, դասակարգիչները լինում են հիդրավլիկ և պնևմատիկ` կախված կիրառվող ուժի տեսակից` գրավիտացիոն, կենտրոնախույս և էլեկտրական.

4) հանքահարստացման (ֆլոտացման) մեքենա` մեքենասարքավորում, որի մեջ կատարվում է օգտակար հանածոների հարստացում: Կախված խյուսի խառնման և աերացիայի (օդով հագեցման) եղանակներից` հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաները լինում են մեխանիկական, պնևմատիկ և կոմբինացված (ենթաաերացիային).

5) հանքահարստացման ռեագենտներ` քիմիական ռեակցիային մասնակցող օրգանական և անօրգանական նյութեր, որոնց որոշակի քանակությունն ավելացնելով հարստացման խյուսին` կարգավորում է օգտակար հանածոյի հարստացման գործընթացը.

6) գրավիտացիոն հանքահարստացում` հանքանյութն իրարից բաժանելու եղանակ, որը հիմնված է ծանրության կամ կենտրոնախույս ուժերի դաշտում հանքանյութի տեսակարար կշիռների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

7) մագնիսական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է մագնիսական դաշտում հարստացվող հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների մագնիսական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

8) էլեկտրական հանքահարստացում` հանքահարստացման եղանակ, որը հիմնված է էլեկտրական դաշտում հանքաքարին այլ նյութերի բաղադրիչների էլեկտրական հատկությունների տարբերության օգտագործման սկզբունքի վրա.

9) ռադիոմետրիկ հանքահարստացում` օգտակար հանածոների հանքահարստացման եղանակ` իոնիզացնող և ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների, ռենտգենյան սարքերի և տարրական մասնիկների արագացուցիչների օգտագործմամբ.

10) ռենտգենալյումինեսցետային հանքահարստացում` օգտակար հանածոների հանքահարստացման եղանակ` հիմնված լյումինեսցենտող (լուսարձակող) ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ հանքանյութի հատկությունների օգտագործման վրա.

11) ապարախյուս` կոպիտ և բարակ կախույթներից (սուսպնզիա), խարամներից և տիղմերից բաղկացած, միմյանց հետ փոխկապակցված պինդ մասնիկների և հեղուկների խառնուրդ.

12) խյուսի խտացում` խտացուցիչ մեքենաներում ծանրության ուժի ազդեցությամբ հեղուկ խյուսից պինդ մասնիկների անջատման գործընթաց, որի հետևանքով ստացված թանձր արտադրանքի մեջ մտնում է աննշան քանակությամբ ջուր.

13) խտացուցիչ` գլանաձև ռեզերվուար, որտեղ ծանրության ուժի ազդեցությամբ պինդ նյութերը նստեցման (խառնելու) եղանակով անջատվում են հեղուկից և ռեզերվուարի հատակում գտնվող անցքով քերիչների օգնությամբ բեռնաթափվում.

14) չորացնող մեքենա` գոլորշիացվող հեղուկի եռման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանային պայմաններում հարստացված նյութում գտնվող հեղուկի շոգիացման սարքավորում, որի մեջ հարստանյութը չորանում է տաքացած օդի կամ գազերի հետ ուղղակի հպման հետևանքով.

15) հանքահարստացման արգասիքներ` օգտակար հանածոների հարստացման արդյունքում ստացված նյութեր` խտանյութ, միջանկյալ նյութեր, պոչեր և այլն.

16) խտանյութ` օգտակար հանածոների հարստացումից ստացված նյութ, որի մեջ արժեքավոր բաղադրիչի պարունակությունն զգալիորեն բարձր է սկզբնական նյութի (հանքաքարի) պարունակությունից.

17) պոչեր` օգտակար հանածոների հարստացումից հետո ավելացած նյութեր, որոնք պարունակում են օգտակար բաղադրիչների այնպիսի քանակություն, որոնց կորզումը տվյալ ֆաբրիկայում աշխատող տեխնոլոգիաների պայմաններում անհնար է կամ տնտեսապես ոչ նպատակահարմար.

18) պոչամբար` սովորաբար ծալքավոր տեղանքում կառուցված հիդրոտեխնիկական կառույց` նախատեսված հանքահարստացումից հետո առաջացած նյութերի, դրանց նստվածքների ու պոչային խյուսի կուտակման, արտադրական հոսքային ջրերի հավաքման և մաքրման համար.

19) շրջանառվող ջրամատակարարում` արդյունաբերական ջրամատակարարման համակարգ` նախատեսված արտադրական նպատակով օգտագործված ջրի մաքրման և նույն արտադրական գործընթացի մեջ վերաշրջանառությամբ օգտագործման համար.

20) ապարների ջարդման և տեսակավորման մեքենա` մեքենասարքավորում` նախատեսված օգտակար հանածոների և այլ լեռնային ապարների ջարդման, մանրացման, տեսակավորման և փոխադրման համար: Կիրառվող տեսակներն են` հարվածային, դիմային, կոնային, սռնակային և այլն.

21) հանքաքարի մանրացում` արտաքին մեխանիկական ուժերի հարվածի և տրոհման ազդեցությամբ լեռնային զանգվածի բաժանում առանձին` ավելի փոքր չափեր ունեցող մասերի, որի ժամանակ համահարթվում են նյութի մասնիկները կապակցող ուժերը, և առաջանում են նոր մակերեսներ.

22) քարամաղում` համեմատաբար մեծ կտորներով օգտակար հանածոների և այլ ապարների մաղում, ըստ խոշորության տարբեր կարգերի բաժանում, որն իրականացվում է մաղման մակերես ունեցող սարքավորումների միջոցով և հիմնականում կիրառվում է հանքահարստացումից առաջ հանքաքարի ջարդման և մանրացման վերջին փուլում.

23) հանքաքարի տեսակավորում` միատեսակ չափերով հատիկավոր և բազմադիսպերս նյութի մասնիկների բաժանում` ըստ տեսակների` քարամաղման, հիդրավլիկ և պնևմատիկ դասակարգման օգնությամբ, կամ կենտրոնախույս դաշտում.

24) բունկեր` մետաղե, երկաթբետոնե, փայտե կամ համակցված կոնստրուկցիայով շինություն` նախատեսված հանքաքարի կամ այլ նյութերի կուտակման, կարճ ժամանակով պահեստավորման և փոխաբեռնման համար.

25) կորզում` բաժանման տեխնոլոգիական գործընթացներում (օգտակար հանածոների հարստացման, մետալուրգիական, քիմիական տեխնոլոգիայի և այլ) ելանյութից օգտակար բաղադրամասերը հանելու (կորզելու) չափանիշ: Կորզումը որոշվում է կորզված նյութի և ելանյութում դրա զանգվածների հարաբերությամբ` արտահանված տոկոսներով.

26) ամալգամացում` սնդիկով հանքաքարերից մետաղ կորզելու եղանակ, որի ժամանակ սնդիկով թրջվելիս` մետաղները վերածվում են ամալգամի և անջատվում դատարկ ապարներից ու ավազից: Ամալգամացման եղանակը կիրառվում է հանքաքարից ազնիվ մետաղներ կորզելու համար.

27) ժապավենային փոխակրիչ` անընդհատ գործողությամբ անշարժ, շարժական և կիսաշարժ մեքենա` նախատեսված օգտակար հանածոների բարձման և փոխադրման համար.

28) էլեկտրատեղակայանքներ` էլեկտրական մեքենաների, սարքերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների և օժանդակ էլեկտրական սարքավորումների համախումբ` նախատեսված ֆաբրիկայի տեղամասերին, արտադրամասերին, տեխնոլոգիական սարքավորումներին էլեկտրական էներգիայի հաղորդման, փոխակերպման և բաշխման համար.

29) օդափոխիչ կայանք` սարքավորում` նախատեսված ֆաբրիկայի համապատասխան տեղամասերի և արտադրամասերի օդափոխության, աշխատանքային տեղերում մաքուր օդի սահմանային թույլատրելի քանակության ստեղծման և պահման համար:

 

III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

11. Յուրաքանչյուր հանքահարստացուցիչ ֆաբրիկայում (այսուհետ` ֆաբրիկա) կազմակերպության ղեկավարության հրամանով պետք է սահմանվի համակարգված հսկողություն շենքերի, շինությունների ու կառույցների վիճակի անվտանգության և ճիշտ շահագործման վրա:

12. Ֆաբրիկայի յուրաքանչյուր տեղամասի համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է հաստատվի հրդեհի և պայթյունի վտանգավորության կարգ և իրականացվի այդ կարգին համապատասխանող անվտանգության միջոցառումներ` դրանց կոնկրետ կատարողների պարտականությունների ու իրավունքների նշմամբ:

13. Ֆաբրիկայի արտադրամասերում շահագործվող յուրաքանչյուր սարքավորման և ագրեգատի համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է մշակվի հրահանգ` արտադրության տվյալ գործընթացի (պրոցես) անվտանգ վարման համար:

14. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքի գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

15. Ֆաբրիկայում աշխատող անձինք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության սարքին միջոցներով, ունենան արտահագուստ, հատուկ կոշիկներ, հակագազեր, ձեռնոցներ և շնչադիմակներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան: Արգելվում է օգտագործել անսարք և ժամկետանց պաշտպանության միջոցներ:

16. Ֆաբրիկայում աշխատանքի ընդունվող բոլոր անձինք (այդ թվում` նաև ժամանակավոր) պետք է անցնեն նախնական ուսուցում և գիտելիքների ստուգում`

1) տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցով.

2) թունավորումներից, էլեկտրահարումից, այլ դեպքերից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու հարցերով.

3) վնասակար և թունավոր նյութերի հետ անվտանգ աշխատելու հարցերով:

17. Ֆաբրիկայի աշխատանքներում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով ուսուցումը և որակավորումը կատարվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետի պահանջներին համապատասխան:

18. Ֆաբրիկայում աշխատող բանվորական անձնակազմի ուսուցումը և գիտելիքների ստուգումն իրականացվում է կազմակերպության միջոցների հաշվին, ղեկավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված ծրագրերի և թեմատիկ պլանների համաձայն: Եթե ֆաբրիկայում աշխատող անձինք, ելնելով աշխատանքային պայմաններից, կատարում են աշխատանքներ` երկու և ավելի մասնագիտությունների գծով, ապա նրանք պետք է անցնեն ուսուցում և գիտելիքների ստուգում` յուրաքանչյուր մասնագիտության գծով:

19. Ֆաբրիկայում աշխատող այն անձինք, որոնց աշխատանքները կապված են էլեկտրական սարքերի (մեքենաների) սպասարկման հետ, պետք է տեխնիկական անվտանգության գծով ունենան որակավորման խումբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն և «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:

20. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող նախքան աշխատանքն սկսելը պարտավոր է իր աշխատատեղում ստուգել մեխանիզմների, պաշտպանիչ սարքերի, գործիքների և աշխատանքների համար անհրաժեշտ հարմարանքների սարքինությունը:

21. Մեխանիզմների, մեքենաների, տրանսպորտային միջոցների գործարկումն սկսելուց առաջ աշխատողը պարտավոր է տալ ձայնային ազդանշան, որոնց նշանակության մասին պետք է ծանոթ լինեն բոլոր աշխատողները: Տրվող ազդանշանների աղյուսակը պետք է փակցված լինի աշխատող մեխանիզմի վրա կամ դրա մոտակայքում:

22. Ֆաբրիկայի աշխատողներին արգելվում է հանգստանալ կամ այլ գործունեությամբ զբաղվել աշխատող մեխանիզմների մոտակայքում, տրանսպորտային ուղիների ու սարքավորումների վրա, ծխել կամ սնունդ ընդունել անմիջապես աշխատատեղում:

23. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա բավարար լուսավորություն և ապահովված լինի անկախ աղբյուրից կամ մարտկոցից սնվող վթարային լուսավորությամբ:

24. Ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատող, նկատելով մարդկանց կյանքին, արտադրությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգավոր երևույթներ, պարտավոր է դրանց մասին անհապաղ տեղեկացնել տվյալ տեղամասի ղեկավարին, մարդկանց տեղահանել անվտանգ գոտի:

25. Ֆաբրիկայում աշխատատեղերը և մարդկանց անցատեղերը պետք է լինեն մաքուր վիճակում: Արգելվում է անցատեղերի ծանրաբեռնումը տարբեր իրերով, առարկաներով և նյութերով: Տարբեր նյութերը, մեքենաների մասերը, մետաղի ջարդոնը և արտադրական թափոնները պետք է պահվեն հատուկ առանձնացված տեղերում:

26. Ֆաբրիկայի տարածքում աշխատողների տեղաշարժը թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատկացված անցատեղերով, աստիճաններով ու հարթակներով: Խստիվ արգելվում են աշխատողների անցումները խողովակների, վաքերի, արգելքների և այլ սարքավորումների վրայով: Սպասարկման բոլոր հարթակները, անցման կամրջակները և աստիճանները պետք է լինեն ամուր և դիմացկուն, ունենան 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներ: Առանձին դեպքում` առավել ապահով անցատեղերում այդ բարձրությունը կարող է լինել նվազագույնը 0,8 մ:

27. Մեխանիզմների, սարքավորումների սպասարկման աշխատանքային հարթակների սանդուղքները պետք է ունենան հետևյալ թեքման անկյունները`

1) մշտական շահագործման տակ գտնվողները` 450-ից ոչ ավելի.

2) հերթափոխում ոչ հաճախակի օգտագործվողները` 600-ից ոչ ավելի.

3) խյուսափոսերում, ջրհորներում գտնվողները` մինչև 750: Բոլոր դեպքերում աստիճանների լայնությունը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս, սանդուղքների աստիճանների միջև բարձրությունը` 0,35 մ-ից ոչ ավելի, սանդղակի լայնությունը` 0,25-ից ոչ ավելի: Սանդղաաստիճանները պետք է պատրաստվեն ակոսավոր մետաղաթիթեղից:

28. Հավաքակցման համար նախատեսված հարթակները, փոսիկները, խյուսափոսերը, ջրհորներն ու առուները և այլն պետք է ցանկապատվեն 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:

29. Խողովակները, վաքերը և այլ հաղորդակցուղիները (կոմունիկացիաներ) չպետք է ծանրաբեռնեն աշխատանքային հարթակները, իսկ դրանք աշխատանքային հարթակներում կամ անցատեղերում խաչվելու դեպքում պետք է տեղադրվեն հատակից առնվազն 2 մ բարձրության վրա:

30. Աշխատանքային հարթակները և մարդկանց անցատեղերը հատող ռեագենտագծերը պետք է սարքավորվեն ընդկալներով: Ընդկալների նվազագույն բարձրությունը հարթակի (անցատեղի) հատակից` պետք է լինի 1,8–ից ոչ պակաս: Արգելվում է ագրեսիվ լուծույթներ (ռեագենտներ) փոխադրող խողովակագծերի անցկացումն այլ խողովակագծերից վերև:

31. Նվազագույն հեռավորությունը մեքենաների և սարքավորումների միջև, ինչպես նաև հեռավորությունը շինության պատից սարքավորումների եզրաչափերի միջև պետք է լինի`

1) հիմնական անցատեղերում` 1,5 մ-ից ոչ պակաս.

2) մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 1 մ-ից ոչ պակաս.

3) պատի և մեքենաների միջև եղած աշխատանքային անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս.

4) դեպի բաքերը, չաները, ռեզերվուարները տանող սպասարկման և վերանորոգման անցատեղերում` 0,7 մ-ից ոչ պակաս:

32. Հեռակառավարման և չափիչ-ստուգիչ սարքեր չունեցող, հատակից 1,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ տեղադրված ճնշումային արմատուրների սպասարկման համար պետք է տեղադրվեն մշտական հարթակներ` 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

33. Մեքենասարքավորումների խոշոր հանգույցների և տարրերի փոխադրման համար նախատեսված անցումների նվազագույն լայնությունը որոշվում է հանգույցների և տարրերի ամենամեծ ընդլայնական չափով` ավելացված 0,6 մ:

34. Վառելիքաքսուքային, սրբող, մաքրող նյութերն աշխատանքային տեղերում պետք է պահվեն փակ մետաղե անոթներում: Արգելվում է հեշտ բռնկվող նյութերի (բենզին, նավթ և այլն) պահումն աշխատանքային տեղերում:

35. Ֆաբրիկայի արտադրական նշանակության ճանապարհները պետք է լինեն հարմար` հրշեջ մեքենաների երթևեկության համար: Եթե արտադրական պայմաններից ելնելով` չի պահանջվում դեպի ֆաբրիկայի շինությունները կառուցել մուտքի ճանապարհներ, ապա հրշեջ մեքենաների մուտքը պետք է ապահովվի շենքի երկու կողմերի ամբողջ երկայնքով 6 մ լայնությամբ հարթեցված տարածքով:

36. Ճանապարհի բանուկ մասի կամ հարթեցված տարածքի եզրից մինչև ֆաբրիկայի շենքի պատը հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ ավելի: Հրշեջ մեքենաների համար հարթեցված տարածքը պետք է լինի մաքուր, չծանրաբեռնված տարբեր իրերով, ունենա մակերեսային ջրահեռացում, իսկ կավահողային և փոշենման գրունտի դեպքում` ծածկվի խարամով:

37. Ֆաբրիկայի բոլոր արտադրական և օժանդակ շենքերը, շինությունները, տեղակայանքները և պահեստարանները պետք է ապահովված լինեն հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներով, գործիքներով, գույքով:

38. Ֆաբրիկայի տարածքով պետք է անցկացվի հակահրդեհային ջրախողովակ` միացված արտադրատնտեսական կամ խմելու ջրատարի հետ: Ջրածորակները (հիդրատները) պետք է տեղադրվեն ճանապարհների և մուտքերի երկայնքով` իրարից 150 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, շենքերի պատից 5 մ-ից ոչ պակաս և խաչմերուկների մոտակայքում բանուկ մասի եզրից` 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

39. Ֆաբրիկայի տարածքում ձևավորվող կեղտաջրերը և հատակի ողողաջրերը նախքան ջրատարներ կամ ջրային ռեսուրսներ արտամղվելը պետք է ենթարկվեն տեղային մաքրման, իսկ արտահոսքը պետք է իրականացվի միայն ջրօգտագործման թույլտվության դեպքում` տրված իրավասու մարմնի կողմից:

40. Ֆաբրիկայի տատանում (թրթռում) առաջացնող սարքավորումների (ապարաջարդիչներ, աղացներ, քարամաղեր և այլն) համար պետք է կենսագործվեն տատանումը (թրթռումը) նվազեցնող տեխնոլոգիական, սանիտարատեխնիկական միջոցառումներ:

41. Աղմուկ առաջացնող սարքավորումների տեղադրման շինությունները մյուս տեղամասերից պետք է անջատվեն ձայնամեկուսիչ միջնապատերով:

42. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեղակայված են մեծաքանակ ջրային մակերեսով սարքավորումներ (ֆիլտրացնող մեքենաներ, դասակարգիչներ, խտացման չաներ, խտանյութի սեղաններ և այլն), կոնդենսատի կազմակերպված հոսքն ապահովելու համար պետք է նախատեսվեն սարքեր:

43. Ֆաբրիկայի շինությունների կոնստրուկտիվ տարրերը, պատերը, առաստաղը պետք է ունենան այնպիսի մակերես և ծածկույթ, որպեսզի հնարավոր լինի դրանց հեշտ մաքրումը, և բացառվեն ցիանիդի և մյուս վտանգավոր նյութերի կուտակումները:

44. Ֆաբրիկայի այն շինություններում, որտեղ տեխնոլոգիական գործընթացներն իրականացվում են թթու միջավայրում, պատերի, հատակի, առաստաղի, հարկամիջյան ծածկերը պետք է համապատասխանեն գործող շինարարական նորմերին:

45. Ֆաբրիկայի արտադրական սարքավորումները և արտադրական կոնստրուկցիաները, որոնց մակերեսի ջերմաստիճանը բարձր է (ավելի քան 450 C), պետք է ջերմամեկուսացվեն:

 

2. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

46. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի շարքն են դասվում ագրեգատները, մեքենաները, մեխանիզմները, տեխնիկական համակարգերն ու համալիրները, տեխնոլոգիական սարքավորումները և ապարատները:

47. Ֆաբրիկայում շահագործման մեջ գտնվող տեխնիկական սարքերը պետք է լինեն անխափան վիճակում, հագեցված` ազդարարման միջոցներով, անհրաժեշտ հսկիչ-չափիչ սարքերով, ինչպես նաև ունենան գործող միջոցներ` գերծանրաբեռնվածությունից պաշտպանության համար:

48. Ֆաբրիկայում շահագործվող անվտանգության չափիչ-ստուգիչ սարքերի և այլ սարքերի ու հարմարանքների նկատմամբ անհրաժեշտ է ապահովել չափումների միասնականությունը, որը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

49. Ֆաբրիկայի մեքենաների ու մեխանիզմների բոլոր շարժվող մասերը (կցորդիչ, փոկանիվ, փոխանցիչ և այլն) պետք է ունենան սարքին մոտենալը բացառող ճաղաշարքեր: Մեքենաների ու մեխանիզմների ատամնային և շղթայական փոխանցումները, անկախ դրանց տեղադրման բարձրությունից և շարժման արագությունից, պետք է ունենան հոծ ճաղաշարքեր:

50. Նախքան մեքենասարքավորման գործարկումը` մեքենավարը պետք է համոզված լինի մոտակայքում գտնվող մարդկանց անվտանգության մեջ և կիրառի նախազգուշական, ձայնային ազդանշաններ: Տեսադաշտից դուրս գտնվող սարքավորումների գործարկումից առաջ պետք է տրվի ձայնային նախազգուշական ազդանշան` 10 վ-ից ոչ պակաս տևողությամբ: Առաջին ազդանշանից հետո պետք է տրվի դադար` 30 վ-ից ոչ պակաս տևողությամբ, որից հետո պետք է տրվի երկրորդ ազդանշանը` 30 վայրկյան տևողությամբ:

51. Աշխատատեղերում բարձր աղմուկի դեպքում պետք է նախատեսվեն նաև լուսային ազդանշաններ: Տրվող ազդանշաններին պետք է ծանոթ լինեն ֆաբրիկայի բոլոր աշխատողները: Ազդանշանների պայմանական նշանները պետք է կախվեն երևացող տեղերում:

52. Ֆաբրիկայի բոլոր աշխատատեղերը պետք է ունենան բավարար լուսավորություն, սարքին գործիքներ, հարմարանքներ, էլեկտրահարումից պաշտպանության միջոցներ և գույք:

53. Ֆաբրիկայի տեխնիկական սարքերի վիճակը պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխում` մեքենավարի (օպերատորի) կողմից, շաբաթական մեկ անգամ` հերթափոխի տեխնիկական պատասխանատու անձի կողմից, ամենամսյա` ֆաբրիկայի գլխավոր մասնագետների (գլխավոր մեխանիկ, գլխավոր էներգետիկ) կողմից: Ստուգման արդյունքները պետք է լուսաբանվեն հերթափոխի հանձնման-ընդունման գրանցամատյանում:

54. Ֆաբրիկայի սարքերի գործարկումը, հավաքակցումը կամ ապահավաքակցումը պետք է կատարվեն միայն արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերին, շահագործման և մյուս նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

55. Արգելվում է մեքենայի աշխատանքի ժամանակ կատարել դրա շարժվող մասերի կամ ճաղաշարքերի վերանորոգում, թափվածքը հավաքել ձեռքով, ինչպես նաև ձեռքով յուղել գործող մեքենան` առանց համապատասխան հարմարանքի:

56. Էլեկտրաէներգիայի անջատման կամ այլ պատճառներով սարքի կանգառի դեպքերում բոլոր էլեկտրաշարժիչների շարժաբերները, որոնց ինքնագործարկումն անթույլատրելի է, պետք է ունենան դրանց ինքնագործարկումը կանխարգելող սարք` էլեկտրաէներգիայի հաղորդման վերականգնման դեպքում:

57. Հանքաքարի ընդունման բունկերները պետք է սարքավորվեն հանքաքարի կախվածքները, պնդանալը, սառչելը կանխող հարմարանքներով: Աշխատանքային գոտիներ փոշու ներթափանցումը կանխելու նպատակով բունկերների բարձման և բեռնաթափման համար պետք է կիրառվեն դոզավորիչ սարքեր:

58. Կուտակիչ բունկերները և չոր հանքաքարի համար տարողությունները պետք է սարքավորվեն դրանց գերլցումը կանխարգելող ավտոմատ սարքերով: Հանքաքարի մնացորդային շերտի բարձրությունը բունկերում պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

59. Ֆաբրիկայում նմուշառումը պետք է կատարվի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված կարգով, մեխանիկական նմուշառման սարքի միջոցով` ավտոմատ ռեժիմով կամ հեռակառավարմամբ: Ձեռքով նմուշառումը կարող է կատարվել տեխնոլոգիական սխեմայով սահմանված կետերից:

60. Նմուշառման տեղը (հարթակը) պետք է լինի հարմար և անվտանգ, ունենա տեղային լուսավորություն, դրանց սարքերի շարժվող մասերը պետք է լինեն ցանկապատված: Արգելվում է չսարքավորված կետերից կատարել նմուշառումներ:

61. Փաթեթավորման մեքենաների շենքերն ապրանքային արտադրանքի պահեստից պետք է մեկուսացվեն պատով և ունենան որմնախորշեր` փոխակրիչների ժապավենների անցման համար: Որմնախորշերը պետք է հերմետիկ փակվեն վարագույրներով, գոգնոցներով, որոնք չպետք է խանգարեն փոխակրիչի վրայով արտադրանքի փոխադրմանը:

62. Տարայի տեղափոխումը փաթեթավորման մեքենայի մեքենավարի աշխատատեղի մոտ` պետք է կատարվի մեքենայացված եղանակով:

63. Պատրաստի արտադրանքով պարկերի ուղղորդման համար մամլիչ փոխակրիչներից առաջ պետք է տեղադրվեն հատուկ ուղղորդիչներ: Մամլիչի աշխատանքի ժամանակ փաթեթավորված պարկերը ձեռքով ուղղելը կամ դրանց հանելն արգելվում է:

64. Հանքահարստացման ռեագենտների (այսուհետ` ռեագենտներ) նմուշառումը նախատեսվում է իրականացնել մեքենայացված հարմարանքի օգնությամբ, իսկ եթե ռեագենտների նմուշառումն իրականացվում է ձեռքով, ապա աշխատողները պետք է օգտվեն 200 մմ երկարությամբ բռնակ ունեցող նմուշառման սարքից:

 

4. ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՕԴԱՓՈԽՄԱՆ, ՓՈՇԵՃՆՇՄԱՆ, ԱՍՊԻՐԱՑՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

65. Բոլոր նոր գործարկվող և վերակառուցվող ֆաբրիկաներում պետք է լինեն օդափոխության, գազամաքրման, փոշեորսման, օդի լավորակման համակարգեր, որոնք կապահովեն աշխատատեղերի օդային միջավայրի կազմը` համաձայն գործող սանիտարական նորմերի:

66. Ֆաբրիկայի արտադրական շենքերում, որտեղ մշտապես գտնվում են մարդիկ, անկախ դրանցում օդի կեղտոտվածության աստիճանից, պետք է իրականացվի արհեստական օդափոխություն:

67. Ֆաբրիկայի տարածքում օդի մեջ փոշու քանակը որոշելու համար առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է կատարվի օդի նմուշառում, ինչպես նաև աշխատատեղերում պետք է ստուգվեն օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժունակությունը:

68. Ֆաբրիկայի բոլոր շինությունները, որոնց մթնոլորտում հնարավոր են մարդկանց առողջության համար վնասակար գազերի, աերոզոլների և այլ խառնուրդների կուտակումներ, անհրաժեշտ է սարքավորել օդաքաշման-օդափոխության միջոցներով` դրանք կահավորելով համապատասխան չափիչ-ստուգիչ սարքերով: Նշված շինություններում պետք է նաև տեղակայվեն ազդարարման համակարգեր, որոնք կգործեն վտանգավոր նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները բարձրանալու դեպքերում:

69. Նոր տեղադրվող և վերակառուցվող օդափոխության կայանքների գործարկումը պետք է կատարվի հանձնաժողովի միջոցով, որի կազմը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով: Արգելվում է շահագործման հանձնել թերություններ ունեցող կամ ոչ արդյունավետ աշխատող օդափոխության կայանքներ:

70. Օդափոխության կայանքների շահագործման և սպասարկման կարգը յուրաքանչյուր ֆաբրիկայում սահմանվում է հատուկ հրահանգով` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:

71. Ֆաբրիկայի աշխատանքի ամբողջ ընթացքում օդափոխության և ասպիրացիայի բոլոր հիմնական կայանքները պետք է աշխատեն առանց ընդհատումների: Դրանց կանգնեցումը թույլատրվում է միայն կարճ ժամանակահատվածով` ոչ տևական պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման համար: Օդափոխության կայանքների անսարքինության դեպքում արգելվում է աշխատեցնել փոշի և գազ անջատող մեխանիզմները:

72. Ֆաբրիկայի բոլոր շինությունների փոշուց մաքրումը պետք է կատարվի մեքենայացված եղանակով, փոշեծծիչ սարքի միջոցով կամ ջրով լվացմամբ:

73. Այն արտադրամասերում, որտեղ նախատեսվում է հատակի թաց մաքրում, ինչպես նաև թաց տեխնոլոգիական գործընթացներով աշխատող բոլոր արտադրամասերում հատակը պետք է ունենա ոչ ջրաթափանցիկ ծածկույթ: Հատակի թեքությունը ջրի հոսքի համար պետք է լինի 1,80-ից ոչ պակաս: Հիմնական անցատեղերում հատակի թեքությունը չպետք է գերազանցի 2,60-ը, ծառայողական անցատեղերում` 60-ը:

74. Քլորաարգասիքների և այլ ռեագենտների կիրառման դեպքում` ցիան պարունակող արդյունաբերական հոսարանների վնասազերծումն անհրաժեշտ է կատարել միայն հերմետիկացված սարքավորումներով, հսկողության սարքերով և հեռակառավարմամբ:

75. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենաները (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա), հանքաքար և միջանկյալ արգասիքներ փոխադրող փոխակրիչների ժապավենները, հանքաքարի բարձման և բեռնաթափման սարքավորումների տեղերը (սնուցիչներ, չորացման համար ագրեգատներ, էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական սեպերատորներ, հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներ, փրփուրաընդունիչների վաքեր, ռեագենտների լուծույթներով տարողություններ) պետք է սարքավորվեն ասպիրացիոն ծածկույթների համակարգերով կամ հիդրոփոշեզերծման համակարգերով` բլոկավորված արտադրական սարքավորումների հետ: Սարքավորումների բլոկավորման համակարգը պետք է ապահովի դրանց միացումը` աշխատանքից 3-5 րոպե առաջ, և դրանց անջատումը` ոչ շուտ, քան սարքավորման կանգառից 5 րոպե հետո:

76. Շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, պետք է սարքավորվեն օդափոխությամբ, որը կապահովի դրանց մթնոլորտում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի չափաքանակների պահպանումը: Ռեագենտների պահման շինություններից դուրս եկող օդը նախքան մթնոլորտ արտանետվելը պետք է ենթարկվի մաքրման և չեզոքացման:

77. Ռեագենտային բաժանմունքում պետք է նախատեսվի ձայնային կամ լուսային ազդարարման համակարգ, ինչը կտա ազդարարում` օդափոխիչների աշխատանքների դադարեցման դեպքում:

78. Օդափոխության կայանքի աշխատանքն ընդհատվելու կամ օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակից բարձրանալու դեպքերում արտադրամասում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ մարդիկ հանվեն մաքուր օդ:

79. Ռեագենտների բեռնաթափման շինությունները, տարաների և անոթների բացման տեղերը, լուծույթների չաները, տղմազտիչները և այլ սարքեր, որոնցում հնարավոր է վնասակար նյութերի կուտակումներ, ընդհանուր օդափոխության հետ միաժամանակ պետք է ունենան նաև տեղային արտածծիչ օդափոխություն:

80. Տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ժամանակ ներհոսման և արտաքաշման օդափոխության բոլոր սարքերը պետք է աշխատեն անընդհատ: Անսարք օդափոխման համակարգերի պայմաններում այնպիսի տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը, որոնց աշխատանքն ուղեկցվում է փոշու կամ գազի անջատմամբ, արգելվում է:

81. Խտանյութի չորացման, ինչպես նաև օդափոխության և գազամաքրման համակարգերի կառավարումը պետք է իրականացվի կառավարման վահանակից` տեղակայված օպերատորային սենյակում: Չորացման ագրեգատների սպասարկման տեղերում պետք է նախատեսվեն ցնցուղավորող սարքեր` մղվող օդի ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար:

82. Վակուում-պոմպերից արտածծված գազաօդային խառնուրդները մթնոլորտ նետելուց առաջ պետք է հավաքվեն ընդհանուր ձայնամեկուսիչ-հավաքիչում, մաքրվեն վնասակար բաղադրիչներից և յուղերից:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՄԱՆ ԵՎ ՏԵՍԱԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

I. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆԻՉ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲՈՒՆԿԵՐՆԵՐ

 

83. Հանքաքարի ընդունման մասնաշենքից (բաժանմունքից) առաջ պետք է տեղադրվի լուսացույց` տրանսպորտային միջոցի ընդունման մուտքի կամ արգելքի համար: Առանձին դեպքերում հանքաքարի բեռնաթափումը կարող է իրականացվել բունկերի սկզբնամասում տեղակայված արգելափակիչի հետ բլոկավորված ձայնային լուսացույցով:

84. Հանքաքարի ընդունման, բեռնաթափման սարքերի և բունկերների աշխատանքային հարթակները պետք է ապահովված լինեն լուսային և ձայնային ազդանշաններով, որոնք տրվում են տրանսպորտային միջոցի մոտենալուց 1,5-2 րոպե առաջ:

85. Հանքաքարը հպակային էլեկտրաքարշերով փոխադրման ժամանակ բեռնաթափման կետերում պետք է տեղադրվեն էլեկտրահարման վտանգի մասին նախազգուշացնող նշաններ: Ընդունման բունկերի վերևի շենքը մտնող էլեկտրաքարշային բացատարման հպալարերը պետք է սարքավորվեն հողանցվող սեկցիոն անջատիչներով:

86. Բունկերի ընդունման հարթակի և սնուցիչի ու խոշոր ապարաջարդիչ մեքենայի հարթակների միջև պետք է պահպանվի կապ (հեռախոսային, ռադիոկապ, լուսային):

87. Ընդունող սարքերի բեռնաթափման բացվածքները կողերից և բեռնաթափման հակառակ կողմից պետք է ցանկապատվեն բազրիքներով, երկկողմանի բեռնաթափման դեպքում ցանկապատումը պետք է կատարվի կողային մասերից:

88. Ինքնաթափ ավտոմեքենաների հետընթաց շարժը սահմանափակելու համար` ֆաբրիկայի բունկերի բացվածքների ցանկապատերի բարձրությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ ավելի` մինչև 23 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1 մ-ից ոչ պակաս` 24-ից մինչև 45 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,1 մ-ից ոչ պակաս` 46-ից մինչև 55 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,3 մ-ից ոչ պակաս` 56-ից մինչև 80 տ բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար, 1,5 մ-ից ոչ պակաս` 81 և ավելի տոննա բեռնամբարձությամբ ավտոմեքենաների համար:

89. Բունկերի ընդունիչ հարթակները և հանքաքարի բեռնաթափման հարթակները պետք է սարքավորվեն փոշենստեցման (փոշեորսման) արդյունավետ միջոցներով:

90. Արգելվում է բեռնավորել ընդունող բունկերները, եթե բաց են բեռնաթափման ելանցքերը, և բեռնաթափել դրանք, եթե սպասարկող անձնակազմը գտնվում է բեռնաթափման գոտում:

91. Բունկերներում հանքաքարի կուտակումների, կախվածքների, անցափակումների վերացման համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ (էլեկտրաթրթռիչներ, պնևմատիկ սարքեր, ջրալվացում և այլն): Այդ նպատակների համար մարդկանց բունկեր իջեցնելն արգելվում է:

92. Միջանկյալ բունկերները, եթե դրանք չեն բեռնավորվում ինքնաբեռնաթափվող սայլակներով, պետք է ծածկվեն վահանակներով: Ինքնաբեռնաթափվող սայլակների կամ դարձափոխային փոխակրիչների կիրառման դեպքում բունկերների բեռնավորման անցքերը պետք է ծածկվեն 200x200 մմ ցանցաճաղերով կամ ունենան 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատեր:

93. Բունկերները և սարքերը զննումից կամ վերանորոգումից առաջ պետք է ազատվեն հանքաքարից և օդափոխվեն:

94. Վերանորոգման նպատակով բունկերների կամ ընդունիչ ձագարների մեջ մարդկանց իջեցնելու համար արտադրամասի ղեկավարի կողմից պետք է կազմվի կարգադրագիր-թույլտվություն և աշխատանքների կազմակերպման պլան` պարտադիր կարգով պահպանելով հետևյալ պայմանները`

1) բունկերը պարբերաբար պետք է մաքրվի հանքաքարից.

2) աշխատանքները բունկերի ներսում պետք է կատարվի տեխնիկական պատասխանատու անձի հսկողությամբ.

3) բունկերում աշխատող անձինք պետք է հրահանգավորվեն.

4) պետք է տեղադրվեն ազդանշաններ բունկերի ներսում կատարվող աշխատանքների մասին.

5) մարդկանց` բունկեր իջեցնելուց առաջ պետք է կանգնեցվեն բեռնաբարձիչ և բեռնաթափիչ սնուցիչները, անջատվեն դրանք, և պետք է կախվի ցուցատախտակ` «Չմիացնել. մարդիկ են աշխատում» գրառմամբ.

6) բունկերը պետք է սարքավորվի հատուկ ծածկոցներով` վերևից որևէ առարկաների, իրերի ընկնելը կանխելու համար.

7) վերանորոգում կատարող անձինք պետք է հագնեն պաշտպանիչ գոտիներ, ունենան հենարաններից հուսալի կապ, աշխատանքի ընթացքում ճոպանները պետք է լինեն ձգված վիճակում.

8) պաշտպանիչ գոտիները և ճոպանները շահագործման ընթացքում առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ պետք է ենթարկվեն ստատիկ փորձարկման` 2250 կՆ բեռնվածությամբ, 5 րոպե տևողությամբ, ունենան դրոշմանիշ` վերջին փորձարկման մասին նշմամբ.

9) շնչառական օրգանների համար` աշխատողները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով.

10) բունկերի ներսում լուսավորության համար պետք է կիրառվեն փոխադրովի լամպեր` 36 Վ-ից ոչ բարձր լարմամբ.

11) վտանգավոր իրավիճակներ առաջանալու դեպքում աշխատողները պետք է անհապաղ դուրս հանվեն բունկերից:

95. Եթե ընդունիչ և միջանկյալ բունկերի մեջ նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ, ապա դրանք պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

2. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՋԱՐԴՈՒՄԸ

 

96. Ապարների ջարդման և տեսակավորման մեքենայի (այսուհետ` ապարաջարդիչ մեքենա) աշխատանքին և դրա մեջ հանքաքարի մատուցման ընթացքին հետևող օպերատորի աշխատանքային հարթակը պետք է ունենա մետաղե ցանցավոր ճաղաշարք, որպեսզի կանխվեն ապարաջարդիչ մեքենայից հանքաքարի հնարավոր արտանետումները հարթակի վրա:

97. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում լեռնային զանգվածի կախվածքների վերացման համար ֆաբրիկայի ղեկավարության կողմից պետք է մշակվի և հաստատվի հրահանգ, որով պետք է սահմանվեն աշխատանքների անվտանգ կազմակերպման մեթոդները, կախվածքների վերացման հաջորդականությունը:

98. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածքում հանքաքարի մեծ կտորների խցանումները վերացնելու համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ ունեցող ամբարձիչ սարքավորումներ: Հանքաքարի խցանված կտորների դուրսհանումը ձեռքով՝ արգելվում է:

99. Ապարաջարդիչ մեքենայի աշխատանքային գոտու տարածք մարդկանց իջնելու դեպքում պարտադիր կարգով պետք է պահպանվեն սույն կանոնակարգի 94-րդ կետով սահմանված պահանջները:

100. Այն ծածկոցները և հարթակները, որոնց վրա տեղադրված են թրթռաքարամաղեր, պետք է հաշվարկվի դրանց թրթռադիմացկունությունը: Քարամաղերը պետք է տեղադրվեն թրթռամեկուսիչ հիմքերի վրա, որը սարքավորման աշխատանքի ժամանակ պետք է խլացնի առաջացող թրթռումները (տատանումները):

101. Թրթռաքարամաղերի և ապարաջարդիչ մեքենաների վրա պետք է նախատեսվեն պաշտպանիչ հարմարանքներ` սպասարկող անձնակազմին հանքաքարի կտորների պատահական արտանետումներից պաշտպանելու համար`

1) կոնաձև ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` բացառությամբ փլվածքների տակ աշխատող 1-ին փուլի խոշոր ապարաջարդիչների.

2) այտավոր ապարաջարդիչ մեքենաների համար` խուլ հանովի ցանկապատեր` դիտանցքային պատուհաններով, ինչը կբացառի ապարաջարդիչի բացվածքից հանքաքարի կտորների դուրս թռչելը:

102. Թրթռամաղերն սպասարկող անձինք պետք է օգտվեն հակաաղմկային ականջակալներից:

103. Այտավոր ապարաջարդիչ մեքենաների աշխատանքների նկատմամբ դիտարկում կատարելու համար արգելվում է օգտագործել վերանորոգման և յուղման համար նախատեսված հարթակները` կառուցված այն մասնաշենքերում, որոնք գտնվում են աշխատանքային տարածքների ելքերից վտանգավոր հեռավորության վրա: Դեպի այդպիսի հարթակներ տանող ելքերը պետք է փակվեն դռներով և դռնակով` բլոկավորված ապարաջարդիչ մեքենայի թողարկման համակարգի հետ:

104. Արգելվում է սնուցիչի աշխատանքի ժամանակ մաքրել էլեկտրաթրթիռային սնուցիչների վաքերը, կանգնել սնուցիչների կողերին, հպվել դրանց:

105. Թմբուկային թրթռաքարամաղերի աշխատանքի ժամանակ արգելվում են`

1) մաքրել պերֆորիացումը (հորատումը), կատարել հոլովակի մաքրում կամ փոխում.

2) քարամաղը շահագործել հանված ցանկապատով:

106. Ճանկավոր, հորիզոնական և ուղղահայաց մուրճավոր ապարաջարդիչ մեքենաները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, որը կբացառի ապարաջարդիչ մեքենայի գործարկումը, եթե դրա իրանի կափարիչը գտնվում է բաց վիճակում: Ճանկավոր և հորիզոնական մուրճավոր ապարաջարդիչ մեքենաների 50 կգ-ից ավելի քաշ ունեցող կափարիչները պետք է բացվեն միայն մեքենայացված եղանակով:

107. Պայթյունավտանգ փոշի առաջացնող հանքաքարերի ջարդումը պետք է կատարվի միայն պայթյունի առաջացումը կանխարգելակող միջոցներ ձեռնարկելուց հետո:

108. Միջին և մանր ապարաջարդիչ մեքենաներին հանքաքար մատուցող ժապավենային փոխակրիչները պետք է սարքավորվեն մետաղաորսիչներով, կորզիչներով, մագնիսային տափօղակներով` հանքաքարի մեջ հայտնված մետաղի կտորների զատման համար: Փոխակրիչների ժապավենից մետաղի կտորների զատումը թույլատրվում է միայն փոխակրիչը կանգնեցնելուց և մագնիսական համակարգն անջատելուց հետո:

 

3. ՀԱՆՔԱՔԱՐԻ ՄԱՆՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

109. Աղացների և դասակարգիչների գործարկման սարքերը տեղից կառավարելու դեպքում դրանք պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի գործարկող անձը կարողանա հետևել դրանց աշխատանքին:

110. Թույլատրվում է աղացի ներսում աշխատել միայն տեխնիկական պատասխանատու անձի ներկայությամբ` ֆաբրիկայի ղեկավարության կողմից տրված կարգադրագիր-թույլտվությամբ, պայմանով, եթե, համաձայն աշխատանքների կատարման նախագծի, ապահովված են անվտանգության բոլոր պահանջները:

111. Արգելվում է աշխատանքի ժամանակ պտուտակահանել կամ թուլացնել աղացի մտոցի պնդօղակները, երբ աղացը գտնվում է մտոցով ներքևի դիրքում, ինչպես նաև` ամրացնել աղացի խխունջանման սնուցիչի պատյանի ավտոմատ ամրակապի պնդօղակները:

112. Կոնտեյներների մեջ մետաղագնդերի բարձման տեղերը պետք է ցանկապատվեն, և պետք է կախվի ցուցատախտակ` «Վտանգավոր է» գրառմամբ: Կոնտեյների բարձման ժամանակ մարդիկ պետք է գտնվեն անվտանգ հեռավորության վրա, իսկ մետաղագնդերով կոնտեյներների բարձումը պետք է կատարվի դրանց կողերից 100 մմ ցածր:

113. Դասակարգիչների սպասարկման համար նախատեսված աշխատանքային հարթակները պետք է տեղակայված լինեն դասակարգիչի տաշտի կողից 600 մմ ցածր: Դասակարգիչների տաշտի հակառակ կողմից աշխատանքային հարթակները պետք է սարքավորվեն 1000 մմ բարձրություն ունեցող մետաղե բազրիքով:

114. Դասակարգիչների վրա պետք է կառուցվեն բազրիքներով կամրջակներ` պտտման մեխանիզմների անվտանգ սպասարկման, ձողերի կամ պարույրների բարձրացման համար: Սպասարկման հարթակի շուրջը, դասակարգիչի տաշտի կողին պետք է տեղադրվեն ցանցավոր ցանկապատեր` բարձրությունը` առնվազն 300 մմ, ցանցախորշերի չափերը` 25 x 25 մմ:

 

V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ

 

115. Ռեագենտների ծախսային հարթակներում հեղուկ ռեագենտների և դրանց լուծույթների մատուցումը միջանկյալ բաքերի կամ սնուցիչների մեջ պետք է կատարվի մեքենայացված եղանակով: Արգելվում է չոր վիճակում ցիանիդի և ծծմբային նատրիումի կոնցենտրացված ծծմբային թթուների մատուցումն անմիջապես սնուցման գործընթացի կետերին: Ռեագենտների փոխադրումը հանքահարստացման բաժանմունք թույլատրվում է միայն հատուկ այդ նպատակների համար նախատեսված անոթների մեջ:

116. Բաժնեչափային հարթակների վրա տեղակայված ծախսային տարողություններից ռեագենտների մատուցումը հանքահարստացման (ֆլոտացման) մեքենաներին (այսուհետ` ֆլոտամեքենա) և այլ ագրեգատներին պետք է իրականացվի ավտոմատացված հերմետիկ բաժնևորիչների օգնությամբ:

117. Այն բաժանմունքներում, որոնցում հնարավոր է աշխատողների շփումը ռեագենտների հետ, պետք է տեղադրվեն տաք և սառը ջրով լվացարաններ, նախատեսվեն սարքեր` մաշկի վրա ընկած նյութերի արագ հեռացման համար:

118. Եթե ցիանիդի ծախսային տակառները գտնվում են ռեագենտների հարթակներում, ապա դրանք պետք է գտնվեն առանձին մեկուսացված փակ սենյակում` սարքավորված տեղական արտածծող օդափոխությամբ:

119. Ռեագենտատար խողովակագծերի արտանցումը մատուցման կետերին պետք է իրականացվի այն կարգով, որպեսզի բացառվի աշխատողների մուտքը դեպի ցիանիդի լուծույթը: Արգելվում է կատարել ռեագենտների քանակի չափում դրանց մատուցման կետերում:

120. Ռեագենտների չաները, միջանկյալ ծախսային տակառները և դրանց հետ կապված հաղորդակցման կառուցվածքները պետք է ունենան վթարային տարողություններ, որոնց մեջ անհրաժեշտության դեպքում ռեագենտները կարող են ամբողջությամբ դատարկվել:

121. Ռեագենտային հարթակների հոսքային ջրերը պետք է հեռացվեն առանձին խողովակագծերով` շրջանցելով հանքահարստացման բաժանմունքի դրենաժային համակարգը: Արգելվում է թթուների խառնումը ցիանիդի, քսանտագենատների, ծծմբային նատրիումի և հիդրոսուլֆատների լուծույթների հետ, քանի որ այդ դեպքում կարող են առաջանալ բարձր թունավորությամբ ծծմբաջրածնային և կապտաթթվային գազեր, ինչպես նաև խողովակագծերը խցանող չլուծվող նստվածքներ:

122. Հերթափոխի տեխնիկական ղեկավարը, համաձայն ղեկավարության կողմից հաստատված հրահանգի, պարտավոր է ստուգել ռեագենտային հարթակի վրա աշխատողների անհատական պաշտպանության միջոցների առկայությունն ու դրանց սարքին վիճակը:

123. Ֆլոտախուցն ապարախյուսով լցվելու դեպքում` ֆլոտամեքենայի իլային բլոկի օդամղիչը ձեռքով պտտելը թույլատրվում է միայն փրփրամղիչը կանգնեցնելուց հետո` հանովի փայտյա լաստակից: Շարժիչի միացումը թույլատրվում է միայն մարդկանց` լաստակից հեռացնելուց հետո:

124. Ֆլոտամեքենայի վթարային բեռնաթափման և ողողաջրերի հավաքման համար պետք է նախատեսվեն պոմպերով խյուսափոսեր:

125. Պնևմատիկ ֆլոտամեքենաների օդավերելակային խողովակների փոխման կամ մաքրման դեպքում աշխատողները պետք է օգտվեն պաշտպանիչ ակնոցներից:

126. Խյուսի տեխնոլոգիական նմուշառումն անմիջապես աշխատող ֆլոտախցից պետք է կատարվի հատուկ այդ նպատակի համար նախատեսված նմուշասարքով` փրփրամղիչի պարտադիր կանգնեցմամբ:

127. Պնևմամեխանիկական ֆլոտամեքենաների խցերն օդ մղող օդամղիչները պետք է տեղակայվեն հատուկ շինություններում, որտեղ նախատեսված են ձայնամեկուսիչ և աղմուկախլացուցիչ սարքեր:

 

2. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԶԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ

 

128. Էլեկտրամագնիսական և մագնիսական զատիչների շահագործման ժամանակ արգելվում է մագնիսական համակարգին մոտեցնել երկաթե առարկաներ: Էլեկտրամագնիսական զատիչների կանգնեցման ժամանակ մագնիսական համակարգի փաթույթներից էլեկտրական լարումը պետք է հանվի:

129. Չոր մագնիսական և էլեկտրամագնիսական զատման ժամանակ սարքավորումները պետք է մտցվեն հերմետիկորեն փակված խողովակաոստ պատյանի մեջ` արտածծիչ օդափոխության համակարգի հետ միացման համար: Արգելվում է զատիչների շահագործումն անսարք կամ անջատված օդափոխությամբ:

130. Ճոռերը և զատիչները դիտելու և խառնելու անցքերն աշխատանքի ժամանակ պետք է լինեն փակ: Արգելվում է ձեռքով փայտի կտորներ և այլ առարկաներ ջոկել սնուցիչների վաքերից:

131. Արգելվում է կարգավորել զատիչի ժապավենի բացվածքը և ուղղել ժապավենի ընթացքը` դրա տակ կողմնակի առարկաներ դնելու միջոցով:

132. Կողմնակի անձանց մուտքն էլեկտրազատիչների շինություն արգելվում է:

133. Էլեկտրազատիչի իրանը պետք է փոշուց և խոնավությունից լինի անթափանց: Եթե իրանը և դրա դիտանցքերը հերմետիկացված չեն, զատիչի աշխատանքն արգելվում է:

134. Զատիչի` դեպի ներքին էլեկտրամասերի մուտքն ապահովող դռնակները պետք է ունենան էլեկտրական բլոկավորում, ինչը կբացառի դրանց բացվելու հնարավորությունը զատիչի աշխատանքի ժամանակ:

135. Արգելվում է ձեռք տալ էլեկտրազատիչի` բարձր լարման ցանցից անջատված հոսանքատար մասերին` մինչև չավարտվի դրանց լրիվ լիցքաթափումը:

136. Արգելվում է բացել էլեկտրազատիչի դռնակները և միայնակ կատարել վերանորոգման աշխատանքներ` առանց երկրորդ անձի ներկայության, բացառությամբ ցածր լարման սարքերի ապահովիչները փոխելու, հպակները մաքրելու և ձգելու դեպքերի: Այդ դեպքում պետք է տվյալ սարքերից նախօրոք հանվի էլեկտրական լարումը:

137. Էլեկտրամագնիսային զատիչների թմբուկների փոխումը և սարքավորման ընթացիկ վերանորոգումը թույլատրվում է կատարել միայն էլեկտրական սխեմայի քանդված վիճակում: Արգելվում է էլեկտրամագնիսական զատիչի աշխատանքի ժամանակ կտրել թմբուկների ռետինե երեսպատվածքների քերծվածքը (պատռվածքը):

138. Էլեկտրազատիչի մեքենավարի և ուղղիչ սարքերի օպերատորի աշխատանքային տեղերը պետք է սարքավորվեն հատուկ դիէլեկտրիկ մեկուսիչներով:

 

3. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԾԾՄԲԱՅԻՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

139. Այն արտադրական շինությունները, որոնցում հնարավոր են պայթյունավտանգ և հրդեհավտանգ կամ թունավոր գազերի ու գոլորշիների անջատումներ, ինչպես նաև ապարաջարդիչ բաժանմունքներում, որտեղ անջատվում են ծծմբային գազեր, պետք է նախատեսվեն վթարային արտածծիչ օդափոխության սարքեր:

 140. Ապարաջարդիչ մեքենաների ջարդիչների աշխատանքային գոտում ծծմբային հանքաքարի փոշու պայթյունը կանխելու նպատակով անհրաժեշտ է ապահովել`

1) օգտագործված գոլորշու կամ մանր փոշիացված ջրի մշտական մղումը (մառախլագոյացմամբ, բոցամղիչով) աշխատող ջարդիչների ջարդման գոտի.

2) ապարաջարդիչ մեքենայի վրա ստատիկ էլեկտրականության կուտակումներից ամբողջ էլեկտրատեխնիկական սարքավորումների, խողովակագծերի, մետաղե գազատարների, փոխակրիչների հենոցի, բոլոր մետաղե կոնստրուկցիաների պաշտպանությունը` հողանցման շղթայի անընդհատությունն ապահովելու միջոցով:

141. Ապարաջարդիչ մեքենաների ջարդման բաժանմունքների և փոխակրիչային սրահների տաքացվող մասերում (չոր ջարդման դեպքում) ծծմբային փոշու այրման օջախները մարելու համար պետք է նախատեսվի հակահրդեհային խողովակագիծ` իր ծորակներով, իսկ չտաքացվող շինություններում ու սրահներում` կրակմարիչներ:

142. Ապարաջարդիչ մեքենաների մուրճային ջարդիչների բաժանմունքներում աշխատողները ծծմբային գազերից պաշտպանվելու համար պետք է ապահովված լինեն մեկուսիչ հակագազերով:

143. Արգելվում է ծծմբային հանքաքարի ջարդման միջին ջարդիչների տեղակայումը մակերևույթի զրոյական նիշից ցածր:

 

4. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ՌԱԴԻՈՄԵՏՐԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

144. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որոնցում իոնացնող ճառագայթման աղբյուրների (ռադիոիզոտոպային և ռենտգենյան սարքեր, տարրական մասնիկների արագացուցիչներ) օգտագործմամբ կիրառվում են հանքահարստացման և հսկողության ռադիոմետրիկ եղանակներ, պետք է պահպանվեն ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները:

145. Այն աշխատանքները և գործընթացները, որոնց ժամանակ օգտագործվում են ճառագայթման աղբյուրներ, ինչպես նաև դրանց օգտագործման վրա հիմնված զտման, հսկողության ու անալիզի մեթոդներ և համապատասխան տեղակայանքներ, զտիչներ, սարքեր և այլն, պետք է իրականացվեն ճառագայթային անվտանգության հրահանգներին խստորեն համապատասխան:

146. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, պետք է մշակվեն և իրականացվեն իոնացնող ճառագայթումից պաշտպանության միջոցառումներ` հաշվի առնելով մարդկանց վրա իոնացնող ճառագայթման ազդեցության բոլոր տեսակները: Միջոցառումները պետք է ապահովեն համապատասխան կատեգորիայի մարդկանց համար արտաքին և ներքին ճառագայթահարման բոլոր աղբյուրներից դոզայի գումարային արժեքների իջեցումը ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված թույլատրելի մակարդակներից գործնականորեն հասանելի ցածր մակարդակների:

147. Համապատասխան ռադիոմետրիկ սարքերով պետք է հսկվի օգտագործվող բոլոր իոնացնող ճառագայթման աղբյուրներից բոլոր տեսակի ճառագայթումների (գամմա, բետտա, ալֆա, ռենտգենյան) հզորությունը:

148. Աշխատատեղերում գամմա ճառագայթման հզորությունը և մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցի ճառագայթային անվտանգության նորմերով սահմանված սահմանային թույլատրելի մեծությունները:

149. Հարստացուցիչ ֆաբրիկաների ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատանքներ իրականացնող անձնակազմը կարող է անցնել աշխատանքների կատարմանը միայն հատուկ ուսուցումից հետո և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:

150. Այն հարստացուցիչ ֆաբրիկաներում, որտեղ կիրառվում են իոնացնող ճառագայթման աղբյուրներ, սույն կանոնակարգի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն նաև ճառագայթային անվտանգության պահանջները, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:

 

5. ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ ԳՐԱՎԻՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

 

151. Հարստացուցիչ ֆաբրիկաների աշխատողներին լվացման թմբկագլանների և գրավիտացիոն հարստացման ապարատների զննման, վերանորոգման, ներքին մակերևույթները խյուսից ու մնացած հանքանյութից մաքրման նպատակով թույլտվությունը տրվում է համաձայն գազավտանգ աշխատանքների անվտանգ կատարման վերաբերյալ հրահանգի պահանջների` հաստատված ֆաբրիկայի ղեկավարության կողմից:

152. Արգելվում է գրավիտացիոն ապարատի աշխատանքի ժամանակ ձեռք տալ դրա շարժվող և պտտվող մասերին, յուղել առանցքակալները, ապարատից հեռացնել կողմնակի առարկաները:

153. Լվացված հանքաքարի գրավիտացման հանքահարստացման նյութերի նմուշառումը ձեռքով կատարելը թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում: Արգելվում է ձեռքով հարստացման արգասիքների նմուշը վերցնելը` անմիջապես աշխատող մեխանիզմներից:

154. Ռոտորային տեսակի մղակային սարքերի շահագործման ժամանակ օդի` դեպի մթնոլորտ արտանետման համար ծառայող պատուհանները պետք է փակվեն մետաղե ցանցերով:

155. Արգելվում է ձգափակման սարքի մաղի փոխման կամ վերանորոգման, նստարկման մեքենայի ներքին իրանի մաքրման, վերանորոգման աշխատանքների հետ միաժամանակ կատարել ջրազրկման էլևատորի ծայրակալի մաքրում կամ վերանորոգում: Կտրող մեքենայի իրանում նշված աշխատանքների կատարման ժամանակ էլևատորի էլեկտրական սխեման պետք է լինի կազմատված (քանդված), և պետք է կախվի նախազգուշացնող ցուցատախտակ:

156. Արգելվում է առանց պաշտպանիչ ակնոցների ծանր կախույթների (սուսպենզիաների) հանքահարստացման համար կիրառվող սարքերի մետաղե մասերից պոկել պնդացած ֆերոսիլիցիումը, այլ ծանրիչները և հանքաքարը:

157. Եթե հանքանյութն ապարատին մատուցելու և հարստացման արգասիքները հեռացնելու համար ճոռերն ունեն 450-ից բարձր թեքություն, ապա դրանք պետք է վերևից փակվեն` հանքանյութի և խյուսի դուրս թափվելը կանխելու համար:

 

VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽՏԱՑՄԱՆ ԵՎ ՋՐԱԶԵՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

158. Շառավիղային խտացուցիչները, բրգաձև և տաշտաձև պարզարանները պետք է ցանկապատվեն, եթե դրանց կողերի վերին եզրը գտնվում է աշխատանքային հարթակից 1000 մմ-ից պակաս բարձրության վրա: Վերևից ծածկված բրգաձև պարզարանները կողերի երկայնքով կարող են չցանկապատվել, մինչդեռ բոլոր անցքերը, վերանորոգման մտոցները և ելանցքերը պետք է փակվեն մետաղե կափարիչներով:

159. Արգելվում է մարդկանց քայլել շառավղային խտացուցիչների, բրգաձև և տաշտաձև պարզարանների կողերի վրայով:

160. Արգելվում է խյուսի խտության չափման և նմուշառման ժամանակ կանգնել օղակաձև ճոռի վրա և անցնել ցանկապատից ներս:

161. Արգելվում է խտացուցիչի շարժվող ֆերմայի բեռնային ծայրը դուրս հանել օղակաձև ճոռերի սահմաններից դեպի սպասարկման հարթակները:

162. Խտացուցիչի շարժվող ֆերմայի վրա բարձրանալու համար պետք է նախատեսվեն բազրիքներ ունեցող սանդուղքներ: Խտացուցիչի օղակաձև ճոռի մաքրումը թույլատրվում է կատարել միայն շարժվող հենոցի շարժաբերն անջատելուց հետո:

163. Ջրազերծման մաղերի լայնությամբ նյութի հավասարաչափ բաշխումն ապահովող սարքավորման կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի բացառվի ջրազերծվող նյութի արտանետումը և խյուսի ցայտումը:

164. Արգելվում է կատարել սեկտորների ձգում և առձգիչ լարերի խզվածքների վերականգնում թմբկագլանային և սկավառակային վակուում-ֆիլտրերի աշխատանքի ժամանակ:

165. Ֆիլտրող ապարատների շահագործման ժամանակ ծածկույթները և հենոցները սորախցուկից (նստվածքներ քամիչում) պետք է մաքրվեն հատուկ բահերի կիրառմամբ:

166. Արգելվում է ֆիլտրամամլիչի սեղմակի աշխատանքի ժամանակ ուղղել հենոցները, սալիկները և ֆիլտրացնող քաթանը:

167. Ֆիլտրամամլիչը սորախցուկից մաքրելուց առաջ պետք է փչամաքրվի սեղմած օդով` մինչև դրա մեջ գտնվող հեղուկի լրիվ հեռացումը: Մաքրման աշխատանքների կատարմանը պետք է միաժամանակ մասնակցեն առնվազն երկու անձ:

168. Հեղուկի ցայտումից խուսափելու համար` ֆիլտրամամլիչը պետք է ծածկվի հաստ գործվածքով կամ այլ նյութերով:

169. Եթե ֆիլտրացնող սարքերի աշխատանքի ժամանակ անջատվում են վնասակար նյութեր, ապա արտածծող օդափոխության համակարգը պետք է գործի անընդհատ ռեժիմով:

170. Թմբկագլանային ֆիլտրերը նստվածքների լվացման հարմարանքներով սարքավորվելու դեպքում պետք է ունենան ցանկապատ` սպասարկող անձնակազմին ցայտումից պաշտպանելու համար:

171. Հանովի հենոցներով մետաղաթիթեղավոր ֆիլտրերը պետք է սարքավորվեն անշարժ հարթակներով` նախատեսված նստվածքների լվացման համար:

172. Կենտրոնախուսակը պետք է սարքավորվի ավտոմատ կարգով գործող բլոկավորմամբ, որը կկանխի դրա աշխատանքը բաց կափարիչի, գերբեռնվածության, բարձր թրթռումների և անկայուն սնուցման դեպքերում:

173. Արգելվում է աշխատել շոգեհարման ապարատների վրա, եթե անսարք են փակիչ արմատուրը, ապահովիչ կափույրները և մոնոմետրերը, բաց է ապարատը, չի գործում արտածծիչ օդափոխությունը: Արգելվում է նաև այդպիսի ապարատների վրա աշխատել` առանց ակնոցների, ինչպես նաև` դիտման ապակիների անսարքության դեպքում:

174. Շոգեհարման ապարատների վրա մտոցները պետք է դասավորված լինեն այնպես, որպեսզի ապահովվի միջանցիկ օդափոխություն, իսկ ապահովիչ կափույրների արտանետիչ խողովակները լինեն դուրս հանված:

175. Շոգեհարման ապարատի զննումն աշխատանքի ժամանակ թույլատրվում է կատարել միայն դիտման ապակու միջոցով: Ապարատների եռակցման կարերի զննման համար պետք է նախատեսվի շարժական սարք:

176. Շոգեհարման ապարատները բացելուց առաջ անհրաժեշտ է`

1) բաց թողնել գոլորշին և համոզվել, որ ապարատի մեջ ճնշումն իջել է մինչև մթնոլորտային ճնշման մակարդակը.

2) անջատել շոգու և լուծույթի գծերը, դրանք փակել հուսալի խցափակիչներով.

3) ապարատի ներսում ջերմաստիճանը նվազեցնել 400 C-ից ցածր:

177. Շոգեհարման ապարատները, որոնցից աշխատանքի ժամանակ պետք է վերցվեն նմուշներ, չափվեն դրանց մակարդակը և խտությունը, պետք է սարքավորվեն այդ աշխատանքների անվտանգ կատարումն ապահովող համակարգերով:

178. Վառարանների գործարկումը և կանգնեցումը, բոցամուղի կարգավորումը պետք է կատարվեն համաձայն վառարանների սպասարկման հրահանգի` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:

179. Արգելվում է մարդկանց գտնվելը վառարանի ներսում, կատարել աշխատանքներ` դրանց զննման և վերանորոգման համար, եթե դրանց ներսում ջերմաստիճանը բարձր է 600  C-ից:

180. Արգելվում է վառարանների միացման ժամանակ բաց թողնել դռնակները, մաքրել հատակը կամ հարվածապոկել պատերին կպած զանգվածը:

181. Վառարանների մոտ թափված հեղուկ վառելանյութը (մազութը) պետք է անհապաղ ծածկել ավազով ու հավաքել:

182. Հեղուկ վառելանյութի ծախսային տակառում հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է հեղուկ վառելիքն անհապաղ վերալցնել վթարային բաքի մեջ, ձեռնարկել միջոցներ` հրդեհը հատուկ միջոցներով մարելու համար, ահազանգել հակահրդեհային ծառայությանը:

 

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՍԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ԱՎԱԶՆԵՐԻ ՀԱՆՔԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

183. Ոսկու կորզման ֆաբրիկաների (շլիխահարստացուցիչ ֆաբրիկա, շլիխահարստացուցիչ սարքավորումներ) շահագործման ժամանակ արգելվում է կիրառել ամալգամացման գործընթացը (պրոցես): Օգտակար հանածոների մշակված ծննդավայրերից զուգահեռաբար արդյունահանված սնդիկը պետք է հավաքվի և հետագայում իրացվի:

184. Եթե ոսկու կորզման ֆաբրիկաներում նախկինում իրականացվել են ամալգամացման գործընթացներ, այդ ֆաբրիկաների լիկվիդացման ժամանակ անհրաժեշտ է օգտահանել սնդիկը և ոսկու ամալգամը, կատարել հատակի, դրենաժային ջրատար առուների, հորահատակների և գրունտի վերևի շերտի մաքրում:

185. Ոսկու կորզման այն ֆաբրիկաները, որտեղ օգտագործվում են բարձր թունավորությամբ ռեագենտներ (ցիանիդներ և այլն), արտադրամասերի և բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և տանիքը պետք է լինեն ամուր, հարթ, ունենան հեշտ լվացվող, լուծույթները չներծծող ծածկույթ: Միջհարկային ոչ հոծ ծածկույթների ազատ ծայրերը, բացի բազրիքներց, պետք է սարքավորվեն նաև 20 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ` խոնավություն չընդունող արգելափակոցներով:

186. Ոսկու կորզման ֆաբրիկաների հատակները (այդ թվում` տարողությունների և սարքավորումների տակ) պետք է ունենան թեքություն դեպի դրենաժային ջրատարները և հորահատակները: Հարթակներում և միջհարկային ծածկույթներում տեղակայված սարքավորումների տակ պարտադիր է ունենալ դրենաժային համակարգ` հոսքով դեպի ներքևում տեղաբաշխված հիմնահորերը կամ տարողությունները: Հատակների դրենաժային համակարգերը, բաղկացած պոմպերով ջրատարներից և հորանատակից, պետք է ապահովեն բոլոր հոսքերի հավաքումը և դրանց հետմղումը տեխնոլոգիական գործընթացներին:

187. Արգելվում է մեկ շինության մեջ համատեղել ցիանավորումը թթու միջավայրում ընթացող գործընթացների հետ: Բացառություններ թույլատրվում են, եթե երկու գործընթացները կազմում են միասնական տեխնոլոգիական շղթա: Այդպիսի դեպքերում պետք է ձեռնարկվեն զգուշավոր միջոցներ (բոլոր ապարատների աշխատանքը վակուումի տակ, աշխատանքային տեղերում օդի բաղադրության անընդհատ հսկողություն և այլն):

188. Ֆաբրիկայի այն բաժանմունքները, որտեղ տեխնոլոգիական գործընթացն ընթանում է թթու միջավայրում, պետք է մյուս մասերից առանձնացվեն դրենաժային համակարգով, թթու դրենաժային ջրերը դուրս մղելուց առաջ պետք է չեզոքացվեն: Այդ բաժանմունքների հատակը, պատերը, շինարարական կոնստրուկցիաները և սարքավորումները պետք է ունենան թթվադիմացկուն ծածկույթ:

189. Անհրաժեշտ է նախատեսել օդի տեղային արտածծում`

1) ֆաբրիկայի մանրացման բաժանմունքում` աղացների բարձման և բեռնաթափման բկանցքերից, որտեղ աղումը կատարվում է ցիանավորված միջավայրում.

2) կոնցենտրատի չորացման բաժանմունքում` չորացման վառարանների բարձման և բեռնաթափման բացվածքներից.

3) ցինկային նստվածքների չորացման բաժանմունքում` չորացման պահարանների (վառարանների) բեռնաթափման դիտանցքերից.

4) ռեագենտների բաժանմունքում` թունավոր ռեագենտների տարաների բացման և դատարկման խցերից, ռեագենտների սնուցիչներից, պղտորաններից և կուտակիչ չաներից.

5) արտադրահոսքերի վնասազերծման բաժանմունքում` վնասազերծման ապարատներից.

6) կլանման բաժանմունքում` դարսաշերտերից և քարամաղերից խեժի առանձնացման համար.

7) վերականգնման (ռեգեներացման) բաժանմունքում` վերականգնման աշտարակներից և ռեագենտների տարողություններից.

8) էլեկտրոլիզի բաժանմունքում` էլեկտրոլիզատորներից և գրաֆիտացված գործվածքի (վատինի) այրման համար վառարաններից:

190. Ապարատների օդափոխման համակարգը, որտեղ հնարավոր է բարձր կոնցենտրացիայով պայթյունավտանգ և հրդեհավտանգ նյութերի (ջրածնի, ծծմբածխածնի, ցիանական ջրածնի և այլն) անջատում, պետք է պատրաստվի պայթյունաանվտանգ կատարմամբ:

191. Սպասարկող անձնակազմի անմիջական շփումը ցիանական լուծույթների (խյուսերի) հետ բացառելու և աշխատանքային գոտում թունավոր անջատումներն իջեցնելու համար ցիանավորման բաժանմունքի սարքավորումները և տարողությունները պետք է առավելագույն չափով խցանվեն կամ սարքավորվեն տեղական արտածծման պատսպարանով:

192. Տեխնոլոգիական գործընթացի նկատմամբ հսկողությունը և սարքավորումների կառավարումը պետք է ամբողջովին իրականացվեն ավտոմատ կարգով:

193. Ցիանավորման գործընթացի սարքավորումների տարողությունները պետք է հանդերձվեն ավտոմատ սարքերով, որոնք լուծույթների (խյուսի) պատահական արտահոսքի դեպքում կտան նախազգուշացում:

194. Ցիանական լուծույթների (խյուսերի) կամ դրանց գոլորշիների հետ շփվող սարքավորումների հանգույցները, խողովակագծերը, արմատուրները և այլ սարքեր պետք է պատրաստվեն ցիանակայուն նյութերից, էլեկտրահաղորդման լարերը և գունավոր մետաղներից պատրաստված հանգույցները պետք է չեզոքացվեն ցիանիդների հետ շփումներից:

195. Չպատսպարված և օդի չարտածծվող սարքավորումներում ու տարողություններում գտնվող ցիանական լուծույթների կոնցենտրացիան պետք է մշտական պահվի ոչ պակաս 0,01-0,025 % մակարդակի վրա:

196. Ցիանավորման և ցիանական լուծույթների նախապատրաստման բաժանմունքներում օդաքաշ օդափոխությունից հեռացվող օդը պետք է բարձրացվի շինության վերին գոտի, իսկ ներհոսման օդափոխման համակարգերից օդը պետք է մղվի աշխատանքային գոտիներ` ֆիքսված աշխատանքային տեղերով և անցարաններով: Ֆիլտրացման պատյանները (պաստառները) մինչև պարզիչ և նստեցուցիչ սարքերի ֆիլտրերից հանելը, պետք է լվացվեն ջրով` մինչև ցիանիդների լրիվ հեռացումը:

197. Թթուներով ֆիլտրացման պատյանների (պաստառների) լվացումը թույլատրվում է միայն մեկուսացված շինություններում` սարքավորված ընդհանուր փոխանակման օդափոխիչներով:

198. Ֆիլտրացման գործվածքի (վատինի) վերականգնման համար կատարվող բոլոր աշխատանքները (թթվային մշակում, լվացում, չորացում) պետք է առավելագույն չափով մեքենայացվեն:

199. Ցինկային նստվածքների չորացման, մանրացման, նմուշառման և փաթեթավորման համար շինությունները պետք է մեկուսացվեն ցիանավորման և ընդհանուր փոխանակման օդափոխման սարքավորումների բաժանմունքներից:

200. Ցինկային նստվածքների չորացումը պետք է կատարվի խցանված չորացման պահարաններում (վառարաններում)` վակուումի տակ: Արգելվում է ցինկային նստվածքների չորացումը բաց սալօջախներով:

201. Չորացված ցինկային նստվածքներով բովարանն անհրաժեշտ է սառեցնել խցանված պահարաններում` վակուումի տակ:

202. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծման համար շինությունները պետք է ֆաբրիկայի մյուս շինություններից և սարքավորումներից մեկուսացվեն հեռակառավարմամբ գործող ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ:

203. Ցիան պարունակող արտադրական ջրահոսքերի վնասազերծումը քլորաարտադրանքների և այլ ռեագենտների կիրառմամբ թույլատրվում է միայն ամուր փակված սարքավորման մեջ` հանդերձված հեռակառավարմամբ օդաարտածծիչ և հսկողության սարքերով:

204. Արգելվում է թունավոր նյութերից չվնասազերծված արտահագուստը դուրս հանել ֆաբրիկայի տարածքից և արտահագուստով դուրս գալ դրա սահմաններից: Արտահագուստը պետք է մաքրել և վերանորոգել կենտրոնացված կարգով` նախնական վնասազերծումից հետո:

205. Աշխատանքը ցիանական լուծույթների (խյուսի) հետ թույլատրվում է միայն ռետինե ձեռնոցներով, գոգնոցով, երկարաճիտ կոշիկներով: Ցիանական լուծույթների հետ կատարվող աշխատանքների աշխատատեղերը պետք է սարքավորվեն տեղական արտածծիչ օդափոխմամբ:

206. Շտապ օգնություն կազմակերպելու նպատակով ցիանավորման բաժանմունքի ամբողջ սահմանագծով պետք է ստեղծվեն պրոֆիլակտիկ կետեր, որոնք բոլոր աշխատանքային հարթակներում պետք է տեղաբաշխվեն այնպիսի հաշվարկով, որպեսզի դրանց միջև հեռավորությունը` ցանկացած ցիանապարունակ սարքավորումներից, չգերազանցի 25 մ: Պրոֆիլակտիկ կետերի մուտքերը պետք է լինեն լավ լուսավորված, մատչելի, չծանրաբեռնված սարքավորումներով ու այլ առարկաներով: Պրոֆիլակտիկ կետերը պետք է մշտապես ապահովված լինեն սառը և տաք ջրով, դեղարկղով, հակաթունային դեղերով, վիրակապման միջոցներով և հակաթույների ընդունման կարգի մասին հրահանգով:

207. Աշխատանքային շինություններում բարձր թունավորմամբ նյութերի ներթափանցումը կանխելու համար պետք է կատարվի բաժանմունքի սարքավորումների լրիվ հերմետիկացում, իսկ թունավոր գազերի արտածումը կատարվի անմիջապես պատսպարանի տակից: Վերականգնման և ապակլանման գործընթացների նկատմամբ հսկողությունը և կառավարումը պետք է լինի ավտոմատացված:

208. Կլանվածքազատման, ապակլանվածքազատման, վերականգնման, ռեագենտների պահման և նախապատրաստման շինությունները պետք է սարքավորվեն օդի միջավայրի հսկողության ավտոմատ սարքերով` բլոկավորված ազդարարման համակարգի (ձայնային, լուսային) հետ, որոնք աշխատանքային տեղերում շոգու մեջ կապտաթթվի պարունակությունը սահմանային թույլատրելի չափաքանակների բարձրացման դեպքում` կտան ազդարարում:

209. Կլանվածքազատման, վերանորոգման և էլեկտրոլիզի շինություններում աշխատելը թույլատրվում է միայն անընդհատ աշխատող ընդհանուր փոխանակման օդափոխության դեպքում: Օդափոխության համակարգի խափանման դեպքում մարդիկ պետք է անմիջապես տեղահանվեն շինությունից:

210. Աշտարակներով խեժի փոխադրման դեպքում աշտարակների դիտարկման պատուհանները և կափարիչները պետք է ամուր փակվեն:

211. Աշտարակներում այլ խառնուրդով խեժերի փոխադրման գործընթացում (հիմնայինից թթվային և հակառակը) լուծույթներն ամբողջությամբ պետք է առանձնացվեն: Լուծույթների փոխադրումը խեժերի հետ միասին արգելվում է:

212. Աշտարակներից խեժի և լուծույթների նմուշառումը թույլատրվում է կատարել միայն կափարիչներով մտոցներից կամ աշտարակի կողքի դռնակից: Նմուշառման նպատակով աշտարակի կափարիչը բացելն արգելվում է:

213. Ցիանավորման գործընթացում կլանվածքազատման և վերականգնման թթու լուծույթների հետ վերադարձնելը թույլատրվում է միայն դրանց ալկալիով (կիր, կծու նատրիում) չեզոքացման դեպքում:

214. Ապրանքային ռեագենտների էլեկտրոլիզի շինությունները պետք է սարքավորվեն ընդհանուր փոխանակման և վթարային օդափոխությամբ, ունենան սարքերի լրակազմ համակարգ` օդում թթուների գոլորշու և ջրածնի կոնցենտրացիան սահմանային թույլատրելի չափաքանակներից բարձրանալու դեպքում ահազանգման համար:

215. Էլեկտրոլիզատորներում կաթոդային բլոկների փոխման ժամանակ աշխատողները պետք է հագնեն ռետինե արտահագուստ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ձեռնոցներ, օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ:

216. Փոխակրիչագազազտիչային լվացման սարքերով աշխատելու դեպքում կապն սպասարկող անձնակազմի (օպերատորի, բունկերավարի, օդափոխման կայանի մեքենավարի) միջև պետք է լինի երկկողմանի:

217. Լվացման (մաքրման) սարքի ժապավենից գլաքարերի վարնետման համար պետք է կառուցվեն հատուկ վաքեր: Գլաքարերի պահեստավորման տեղերը պետք է ցանկապատվեն:

218. Բունկերներից կախվածքների հեռացումը թույլատրվում է կատարել ջրի ճնշման շիթով կամ հատուկ հարմարանքով: Բունկերներից գլաքարերի հեռացումը թույլատրվում է կատարել ամբարձիչ կռունկի կամ հատուկ սարքի օգնությամբ` սնուցիչները և փոխակրիչը կանգնեցնելուց հետո:

219. Ձմեռային պայմաններում աշխատելու համար նախատեսված արտադրական սարքերի տաքացման համար պետք է մշակվեն միջոցառումներ` սպասարկող անձնակազմի անվտանգության և սարքավորման հուսալի աշխատանքի ապահովման համար:

 

VIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՌԵԱԳԵՆՏԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

220. Ռեագենտներ օգտագործող բոլոր կազմակերպությունները պետք է ունենան դրանց պահման վտանգավորության դասին համապատասխան ռեագենտային ռեժիմի կիրառման մասին հրահանգ` հաստատված կազմակերպության ղեկավարության կողմից:

221. Ռեագենտների հետ կատարվող աշխատանքների ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` դրանց հնարավոր ցրցատումը, փոշիացումը, գետնին, հատակին ու սարքավորումների վրա թափվելը կանխարգելելու համար: Հատակին կամ սարքավորման վրա թափված ռեագենտները պետք է հավաքվեն, մեկուսացվեն, ջրով լվացվեն և վնասազերծվեն:

222. Ռեագենտային բաժանմունքում պետք է տեղադրվի վթարային ցնցուղ և լվացարան, մաշկի վրայից քիմիկատների արագ հեռացման համար, ինչպես նաև խմելու ջրի ցայտաղբյուր` աչքերը լվանալու համար:

223. Կողմնակի անձանց արգելվում է մուտք գործել այն շինությունները, որոնցում պահվում են ռեագենտներ, կամ դրանց հետ կատարվում են աշխատանքներ:

224. Օդափոխման համակարգերի և ռեագենտախողովակների հիմնական նորոգման, զննման, մաքրման, վնասազերծման աշխատանքներում ընդգրկված անձինք նախապես պետք է այդ աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից հրահանգավորվեն, ստանան կարգադրագիր-թույլտվություն` կատարվող աշխատանքների ծավալի և անվտանգության միջոցառումների նշմամբ:

225. Արգելվում է մաքրման համար օգտագործվող նյութերը, լաթակտորները ցրել, թափել կամ թողնել չաներում կամ սարքավորումներում: Դրանք պետք է հավաքվեն առանձին մետաղե արկղերի մեջ, անհրաժեշտության դեպքում ոչնչացվեն կամ չեզոքացվեն:

226. Ռեագենտների պահման շինությունում գտնվելու ընթացքում աշխատողներին արգելվում է ծխել, շինությունում պահել անձնական վերնազգեստը, ընդունել սնունդ:

227. Լուծույթների պահումը, նախապատրաստումը, ռեագենտների փոխադրումը և օգտագործումը պետք է իրականացվեն` համաձայն ֆաբրիկայի ղեկավարության կողմից մշակված հրահանգների:

228. Օգտագործման համար ոչ պիտանի ռեագենտների աղտոտված նստվածքների և ռեագենտային բաժանմունքի հոսքի քիմիական մաքրումը կամ վնասազերծումը պետք է կատարվի առանձին շինությունում` զատված տեխնոլոգիական ցիկլի շինություններից: Արգելվում է այնպիսի հոսքերի միախառնումը, որոնց փոխներգործության հետևանքով կարող են գոյանալ թունավոր նյութեր (ծծմբաջրածին, ցիանական ջրածին, մկնդեղային ջրածին և այլն) կամ խողովակագծերը խցանող նստվածքներ:

229. Ռեագենտները` համաձայն հրահանգի, պետք է պահվեն փակ շինություններում կամ ծածկերի տակ: Թույլատրվում է աերոֆլոտները*, յուղերը, նավթը, աղաթթուները, նատրիումի հիդրոսուլֆատը, օկսալը (Տ-80) պահել ռեագենտի մեկուսացված պահեստի տարածքում, մետաղե տարողություններում և ցիստեռններում` արևից և տեղումներից պաշտպանող ծածկոցների տակ, իսկ աղաթթուն` բաց պահեստներում` շշերի մեջ:

230. Արգելվում է նույն պահեստում համատեղ պահել այնպիսի ռեագենտներ, որոնք կարող են միմյանց հետ մտնել փոխներգործության մեջ: Արգելվում է նաև ռեագենտները պահել վնասված տարաներում: Ռեագենտների վերափաթեթավորումը, ընդունումը և բացթողումը պետք է կատարվեն հատուկ առանձնացված հարթակներում:

231. Հեղուկ ռեագենտների պահման համար օգտագործվող տարողությունները (ցիստեռն, ռեզերվուար) և դրանց միացված կառուցվածքները պետք է հանդերձվեն սարքերով, որոնք կապահովեն ռեագենտների լրիվ հեռացման հնարավորությունը: Արգելվում է ագրեսիվ թթուների և ալկալիների խողովակագծերն անցկացնել աշխատանքային հարթակների և անցատեղերի վրայով:

232. Քսանտոգեն և ցիանիդ պարունակող տարաների բացումը, ինչպես նաև խիստ թունավոր նյութերի հետ կապված աշխատանքների կատարումը, այդ թվում` նաև լուծույթների պատրաստումը, պետք է լինի մեքենայացված:

233. Քսանտոգենի, ծծմբային նատրիումի, ցիանիդի պահեստների շինություններում օդի ջերմաստիճանը պետք է լինի 250 C-ից ոչ բարձր: Ուժեղ ներգործությամբ թունավոր նյութերը պետք է պահվեն առանձնացված հատուկ պահեստներում: Արգելվում է թունավոր ռեագենտների և չհանգած կրի համատեղ պահումն այլ ռեագենտների հետ: Չհանգած կիրը պետք է պահվի առանձնացված չհրկիզվող շինության մեջ` բացառելով կրի շփումը ջրի հետ:

234. Ռեագենտների պահման պահեստներում, որտեղ հնարավոր է թունավոր ներգործությամբ պայթյունավտանգ գոլորշիների և գազերի կուտակումներ, օդաքաշումը պետք է կատարվի շինության ստորին և վերին գոտիներից` օդի անշարժությունը կանխելու համար:

235. Ռեագենտային տնտեսության բոլոր շինությունները, ռեագենտների պահեստների հատակը, պատերը և կրող շինարարական կառուցվածքները պետք է ունենան քիմիական պաշտպանություն: Պահեստների հատակը պետք է ունենա ջրառվակ և որոշակի թեքություն` ջրերի հեռացման և չեզոքացման համար:

236. Ցիանիդի, աերոֆլոտի, նատրիումի սուլֆոհիդրատի, ամոնիակի և ուժեղ հոտ ունեցող ռեագենտների փոխադրումը և պահումը պետք է կատարվեն միայն ամուր խցանված և սարքին վիճակում գտնվող ցիստեռններով կամ տակառներով:

237. Հեղուկ, ագրեսիվ և բարձր թունավորությամբ ռեագենտների փոխադրումը ֆաբրիկայի տարածքով թույլատրվում է կատարել միայն հատուկ սարքավորված տրանսպորտային միջոցով և տարաներով` կանխելով ռեագենտների կորուստը: Ծղոտը, փայտը, թեփը, որոնցում պահվում են շշերը, պետք է ներծծված լինեն քլորային ցինկի կամ ծծմբաթթվային նատրիումի լուծույթով:

238. Մարդկանց մուտքը ռեագենտների պահեստ թույլատրվում է միայն պահեստների 10 րոպե տևողությամբ օդափոխումից հետո: Օդափոխիչի կանգառի դեպքում փակ պահեստներում աշխատելն արգելվում է: Օդափոխիչի գործարկիչը պետք է տեղադրվի պահեստի դռան դրսի մասում: Օդափոխիչի անսարքության դեպքում դրա վերանորոգման նպատակով պահեստ պետք է մտնեն առնվազն երկու անձ` օգտագործելով համապատասխան անհատական պաշտպանության միջոցներ:

239. Յուրաքանչյուր ռեագենտի պահեստավորման տեղը պետք է նշվի համապատասխան ռեագենտի անվան գրառմամբ: Ռեագենտների պահումը` չտեսակավորված ձևով, արգելվում է:

240. Թթուները, ամոնիակային ջուրը, աերոֆլոտները, նատրիումի սուլֆոհիդրատը և այլ ռեագենտներ պետք է դատարկվեն մեքենայացված եղանակով: Հեղուկ ռեագենտները ցիստեռններ լցնելուց հետո, դրանց մնացորդները պետք է փողրակներից հեռացվեն, ապա անջատվեն փողրակներն ու լվացվեն:

241. Դյուրավառ ռեագենտները ցիստեռններից խողովակագծեր և այլ ցիստեռններ դատարկելու ժամանակ պետք է լինեն հողանցված:

242. Հեղուկ ռեագենտների և քիմիկատների վերամղումից առաջ պետք է ստուգվի հսկման համակարգի հուսալիությունը, տարողությունների լցավորման մակարդակը:

243. Եռակցման աշխատանքները ռեագենտների պահեստներում և դրանց մոտակայքում ու պոմպակայանում կարող են կատարվել ֆաբրիկայի ղեկավարության թույլտվությամբ` միջոցառումների նշմամբ: Ընդ որում, բոլոր հեշտ ցնդվող քիմիկատները պետք է նախօրոք հեռացվեն պահեստի տարածքից:

244. Ռեագենտների պահեստները պետք է ունենան`

1) ձայնային և լուսային ազդարարման համակարգեր` ընդհանուր փոխանակման և տեղական օդափոխության աշխատանքների դադարեցման մասին: Ազդարարման այդպիսի համակարգերի առկայությունը պարտադիր չէ, եթե պահեստներում պահվում են ոչ թունավոր և պայթյունավտանգ գոլորշիներ չառաջացնող ռեագենտներ.

2) ուղիղ հեռախոսային կապ` ֆաբրիկայի ղեկավարության, հրդեհային անվտանգության ծառայության և բուժսպասարկման կետի հետ.

3) մակարդակաչափեր` անշարժ տեղակայված հեղուկ ռեագենտների պահման տարողությունների համար:

245. Ռեագենտների բաժանմունքները, որոնցում կատարվում են պինդ և հեղուկ ռեագենտների լուծումը, լուծույթների պատրաստումը, դրանց պարզեցումը և պատրաստված ռեագենտների մղումը ֆաբրիկայի ծախսային բաքեր, պետք է ֆաբրիկայի մնացած շենքերից լինեն մեկուսացված:

246. Ռեագենտների պատրաստման բաժանմունքների շինություններում ջերմաստիճանային ռեժիմը պետք է սահմանվի` ելնելով դրանցում պատրաստվող ռեագենտների ֆիզիկաքիմիական հատկանիշներից:

247. Ռեագենտների բաժանմունքներում, որտեղ հնարավոր է մեծ քանակությամբ վնասակար գազերի անջատում, պետք է նախատեսվի վթարային արտածծող օդափոխություն և ունենալ հակագազեր, որոնց քանակը պետք է ապահովի մեկ հերթափոխի աշխատողների ավելի քան 50%-ի պահանջը:

248. Լուծույթների չաները և պարզարանները, ինչպես նաև դրանց հետ կապված կառուցվածքները, պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանցում պահվող լուծույթները լիովին դատարկել վթարային տարողությունների մեջ: Ռեագենտային բաժանմունքում պետք է լինի ավտոմատ գործող ձայնային և լուսային ազդանշանների համակարգ` չաներում գտնվող ռեագենտների մակարդակի հսկման համար:

249. Օրգանական և մյուս հրդեհապայթյունավտանգ նյութերի լուծման համար նախատեսված սարքերը պետք է պատրաստվեն այնպես, որպեսզի դրանցում բացառվի կայծի առաջացումը:

250. Ցիանային լուծույթների պատրաստման բաժանմունքը պետք է մեկուսացվի ռեագենտային մյուս բաժանմունքներից և լինի մշտապես փակ: Բաժանմունքի հոսքաջրերի դրենաժը նույնպես պետք է առանձնացված լինի մյուս ռեագենտների հոսքաջրերի դրենաժից: Բոլոր սարքերը և կայանքները, որոնք նախատեսված են ցիանով լցված անոթների բացման և բունկերների ու չանալուծիչների մեջ լցավորման համար, ինչպես նաև պատրաստի լուծույթների պահման համար, պետք է լինեն պատսպարված և հերմետիկացված, ունենան տեղական արտածծիչներ` բլոկավորված պահեստային օդափոխության կայանքի հետ:

251. Յուրաքանչյուր ռեագենտի չան և պարզարան պետք է ունենան ռեագենտի մակարդակի չափը հսկող ցուցանակ, ավելցուկի հեռացման խողովակ, ինչպես նաև գրառում` ռեագենտի անվանման նշմամբ:

252. Բոլոր խողովակագծերը և տարողությունները պետք է ներկվեն պայմանական գույներով, անվտանգության նշանների խորհրդանշային նկարագրություններով և բացատրական գրառումներով:

253. Ռեագենտների թմբուկների բացման, խոշոր կտորների մանրացման, բաք-լուծիչների մեջ դրանց բեռնավորման դեպքերի համար անվտանգության պահանջները պետք է շարադրված լինեն ֆաբրիկայի ղեկավարության կողմից հաստատված աշխատանքային հրահանգներում:

254. Արգելվում է տարաները պահել ռեագենտների աշխատանքային շինություններում. դրանք պետք է վնասազերծվեն և տեղափոխվեն պահեստ: Ցիանային միացությունների տարաները պետք է վնասազերծվեն անմիջապես և փոխադրվեն պահեստ` մնացած տարաներից առանձին:

 

IX. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՆՔԱՔԱՐԻ, ԽՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ՈՉ ՀԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

255. Էքսկավատորային պահեստների սարքավորումները և դրանց շահագործումը պետք է համապատասխանեն բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների, հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

256. Ենթադարսակային սրահները պետք է ունենան ջեռուցում, փոշեորսմամբ դրենաժային և արտածծման համակարգեր:

257. Դարսակահարդարիչի օգնությամբ առանցքային (կատարաձև) պահեստների ձևավորման ժամանակ պետք է հսկվի ռելսային գծերի և ջրահավաքման առուների վիճակը, կանխվի աշխատանքային հարթակների ելարանների ու սանդուղքների սառցակալումը: Օրվա մութ ժամերին դարսակահարդարիչի աշխատանքային տեղը պետք է լուսավորվի:

258. Սորուն նյութերը խողովակագծով պահեստ փոխադրելու ժամանակ պետք է ապահովվի խողովակագծերի միացումների հերմետիկությունը, վերաբարձման տեղերի ամուր ծածկույթը:

259. Օրվա մութ ժամերին երկաթուղային ռելսագծերը, էքսկավատորների հանքախորշը, ավտոտրանսպորտի շրջադարձային հարթակները պետք է լուսավորվեն:

260. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ մարդիկ պետք է գտնվեն դրա շերեփի գործողության գոտուց դուրս:

261. Էքսկավատորով կամ կամրջակային փոխաբեռնիչով նյութերի բարձրացման ժամանակ մարդիկ պետք է աշխատեն ըստ էքսկավատորավարի ազդանշանների: Էքսկավատորի ոչ աշխատանքային ժամերին շերեփը պետք է իջեցվի գետնին, փակվի խցիկն ու հոսանքազրկվի շարժաբերը:

262. Պահեստներում դարսակների ձևավորման, ինչպես նաև դրանց բեռնաթափման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` փոշեորսման և փոշեճնշման համար:

263. Պահեստներում բուլդոզերի աշխատանքի ժամանակ արգելվում է դրանք թողնել առանց հսկողության, աշխատող շարժիչով և բարձրացված հարթաշերեփով:

264. Պահեստավորվող նյութի թեքության առավելագույն անկյունը վերելքի վրա բուլդոզերի աշխատանքի ժամանակ պետք է լինի 250-ից ոչ ավելի, իսկ թեքության տակ (վայրէջքի բեռով) աշխատանքի ժամանակ` 300 -ից ոչ ավելի: Դեպի բունկերներ տանող մատուցման ուղիների թեքությունը նյութի բարձման ժամանակ պետք է լինի 60 -ից ոչ ավելի:

265. Հետիոտն և խճուղային ճանապարհները հանքաքարի պահեստների կողմից պետք է արգելափակվեն հողապատնեշով կամ ցանկապատով:

266. Այն պահեստներում, որոնցում հանքաքարի բարձումը կատարվում է ժապավենային փոխադրիչի միջոցով, վերին սրահի երկայնական ճեղքերը, որոնցով հանքաքարը թափվում է պահեստ, պետք է ցանկապատվեն մշտական բազրիքներով կամ փակվեն 200 x 200 մմ չափերով անցքեր ունեցող վանդակապատով:

 

X. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

267. Ֆաբրիկաներում էլեկտրակայանքների (էլեկտրասարքավորումներ, տրանսֆորմատորային ենթակայաններ, էլեկտրամատակարարման բաշխիչ ցանցեր) շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն և «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշումներով հաստատված պահանջներին համապատասխան:

268. Էլեկտրական սխեմաներում պետք է նախատեսվեն սպառողների պաշտպանություն` ծանրաբեռնվածությունից և կարճ միացումներից:

269. Օգտակար հանածոների հանքահարստացման յուրաքանչյուր ֆաբրիկայում պետք է առկա լինեն`

1) էլեկտրամատակարարման սխեմա` ուժային և քարշային ցանցերի, էլեկտրատեղակայանքների (տրանսֆորմատորային ենթակայան, բաշխիչ ցանցեր և այլն) տեղաբաշխման նշմամբ.

2) միացությունների միագիծ սխեմա` ուժային ցանցերի, էլեկտրակայանքների, ինչպես նաև հոսանքի տեսակի, մալուխների ու հաղորդալարերի կտրվածքի, դրանց երկարության, մակնիշի, յուրաքանչյուր տեղակայման հզորության, հողանցման բոլոր տեղերի, պաշտպանական և փոխարկման (կոմուտացիա) ապարատների, ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքի, պաշտպանված գծի ամենահեռավոր կետում կարճ միացման հոսանքի նշմամբ: Շահագործման ընթացքում էլեկտրամատակարարման սխեմայում փոփոխություններ առաջանալու դեպքում դրանք անմիջապես պետք է արտացոլվեն սխեմայի վրա:

270. Յուրաքանչյուր կարգավորող ապարատի վրա պետք է լինի հատուկ գրառում, որում նշվում է դրանով միացող կայանքը:

271. Հոսանքագծերում մարդկանց աշխատելու ժամանակ անջատված գործարկիչների, ավտոմատների և բարձրավոլտ բաշխիչ սարքերի բռնակին պետք է փակցվի ազդագիր` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

272. Էլեկտրատեղակայանքներում սպասարկման աշխատանքների անվտանգ կատարման համար պետք է օգտագործվեն էլեկտրապաշտպանիչ միջոցներ (դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ, մեկուսիչ գորգեր, պաշտպանիչ ակնոցներ և այլն): Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ, ամեն անգամ պետք է ստուգվի դրանց սարքինությունը, արտաքին վնասվածքների բացակայությունը, պիտանիության ժամկետը:

273. Պաշտպանիչ միջոցները, որոնք կիրառվում են էլեկտրակայանքների սպասարկման համար, պարբերաբար պետք է ենթարկվեն էլեկտրական փորձարկումների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939- Ն որոշումներով հաստատված տեխնիկական կանոնակարգերով պահանջվող ժամանակի պարբերականությամբ: Արգելվում է օգտագործել ժամկետանց պաշտպանիչ միջոցներ:

274. Ֆաբրիկայի բոլոր աշխատողները պետք է ուսուցանվեն էլեկտրահարումից և այլ վնասվածքային գործոններից տուժած մարդկանց փրկելու, նրանց առաջին օգնություն ցույց տալու եղանակների իմացության հարցերով:

275. Բաշխիչ սարքերի շինություններում երկար առարկաներ (խողովակ, սանդուղք և այլն) մտցնել և դրանց հետ չցանկապատված էլեկտրակայանքների մոտակայքում աշխատել թույլատրվում է միայն աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության ներքո:

276. Գործարկիչ ապարատների միջոցով առանձին արտադրական մեքենաների և մեխանիզմների միացումը և անջատումը կարող են կատարել միայն այն անձինք, ովքեր ստացել են թույլտվություն` այդ մեքենաների և մեխանիզմների ինքնուրույն սպասարկման համար և անցել են հատուկ հրահանգավորում: Գործարկիչ ապարատների վրա` անջատման ընթացքում պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել» գրառմամբ:

277. Եթե սարքավորումը ժամանակավորապես անջատված է եղել, ապա գործարկելուց առաջ այն պետք է զննել, համոզվել լարում ընդունելու, սարքին լինելու մեջ և, առաջիկա միացման մասին զգուշացնել դրա վրա աշխատող անձանց:

278. Ֆաբրիկայի աշխատատեղերը պետք է լուսավորվեն` համաձայն գործող սանիտարական նորմերի:

279. Էլեկտրական լամպերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի դրանց անվտանգ սպասարկումը հնարավոր լինի կատարել առանց էլեկտրասարքավորումներից լարումը հանելու: Նշված պահանջը չի տարածվում այնպիսի էլեկտրալամպերի վրա, որոնք տեղադրված են փակ, բաշխիչ սարքավորումների խցիկներում:

280. Ֆաբրիկայի ընդհանուր լուսավորության ցանցի համար պետք է կիրառվեն մեկուսապատված չեզոք հաղորդալարով էլեկտրալամպեր` 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ:

281. Բարձր վտանգավորությամբ շինություններում հատակից 2,5 մ-ից պակաս բարձրության վրա շիկացած էլեկտրալամպեր տեղադրելու դեպքում պետք է կիրառվեն 42 Վ-ից ոչ բարձր լարմամբ հատուկ կառուցվածքի լամպեր: Այս պահանջները չեն տարածվում այն էլեկտրալամպերի վրա, որոնց սպասարկումը կատարվում է ամբարձիչ կռունկներից կամ հարթակներից:

282. Այնպիսի արտադրամասերում, որտեղ էլեկտրալամպերը տեղադրված են մեծ բարձրության վրա, դրանց սպասարկումը թույլատրվում է կատարել ամբարձիչ սարքերի միջոցով, ընդ որում, աշխատանքը պետք է կատարվի դիէլեկտրիկ ձեռնոցներով, երկրորդ անձի ներկայությամբ:

283. 127-200 Վ լարում ունեցող լյումինեսցենտային լամպերը թույլատրվում է կախել 2,5 մ-ից ոչ ցածր բարձրության վրա` պայմանով, որ դրանց հպակային մասերն ապահով լինեն պատահական հպումներից:

284. Շիկացած էլեկտրալամպերով տեղային մշտական լուսավորության համար պետք է կիրառվի հետևյալ լարումը`

1) ոչ բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 220 Վ-ից ոչ ավելի.

2) բարձր վտանգավորությամբ շինությունների համար` 42 Վ-ից ոչ ավելի:

285. Հատուկ կառուցվածքի էլեկտրալամպերի համար թույլատրվում է լարում` ներառյալ մինչև 220 Վ`

1) եթե դրանք համարվում են վթարային լուսավորության բաղկացուցիչ մասը և սնվում են հոսանքի անկախ աղբյուրից.

2) եթե տեղադրված են բարձր վտանգավորությամբ շինություններում:

286. 42 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրալամպերի մետաղե արմատուրը պետք է հուսալիորեն հողանցվի:

287. 127-220 Վ լարմամբ լյումինեսցենտային լամպերի օգտագործումը տեղային լուսավորության համար թույլատրվում է միայն այն դեպքում, եթե բացառվում է դրանց հպումը հոսանքալարերի հետ: Խոնավ, առանձնապես խոնավ, շոգ և քիմիական ակտիվ միջավայրով շինություններում տեղային լուսավորության համար թույլատրվում է օգտագործել միայն հատուկ կոնստրուկցիայի արմատուրով լյումինեսցենտային լամպեր:

288. Բարձր վտանգավորությամբ շինություններում ձեռքի լամպերի սնուցման համար պետք է օգտագործվի 42 Վ-ից ոչ բարձր լարում: 42 Վ և դրանից ցածր լարմամբ լամպերի սնուցումը պետք է կատարվի էլեկտրական առանձին փաթույթներով առաջնային և երկրորդային լարման տրանսֆորմատորներից:

289. Առանձնապես վտանգավոր շինություններում, ինչպես նաև անբարենպաստ պայմանների դեպքում, երբ էլեկտրահարման վտանգի հավանականությունը մեծանում է նեղվածության, աշխատողների համար ոչ նպաստավոր պայմանների, մեծ մետաղե կոնստրուկցիաների և հողանցման սարքերի անհարմար դիրքի պատճառով, ձեռքի և փոխադրովի լամպերի սնուցման համար պետք է կիրառվի 12 Վ-ից ոչ բարձր լարում:

290. Ռեագենտների լուծույթների պատրաստման տեղում տեղային լուսավորության համար թույլատրվում է կիրառել փոխադրովի էլեկտրալամպեր` 12 Վ-ից ոչ բարձր լարմամբ:

291. Արտադրական շինություններում բաց, չպաշտպանված լյումինեսցենտային լամպերի կիրառումն արգելվում է:

292. Թույլ լուսավորության պայմաններում և գիշերային ժամերին աշխատելու դեպքում մարդիկ պետք է ունենան անհատական փոխադրովի լամպեր:

293. Էլեկտրագործիքները (էլեկտրադրելներ, էլեկտրապնդօղակիչներ, հղկման և ողորկման մեքենաներ, էլեկտրազոդիչներ և այլն) պետք է ունենան կրկնակի մեկուսացում:

294. Փոխադրովի էլեկտրագործիքների լարումը պետք է լինի`

1) ոչ բարձր վտանգավոր շինություններում` 220 Վ-ից ոչ բարձր.

2) բարձր վտանգավորությամբ շինություններում` 42 Վ-ից ոչ բարձր:

295. Պաշտպանիչ թողարկիչի առկայության դեպքում, որն ապահովում է էլեկտրագործիքի հեռահար կառավարումը և ցանցից ակնթարթային ավտոմատ անջատումը, կարճ միացման կամ հողանցման լարի կտրման դեպքում թույլատրվում է էլեկտրագործիքի օգտագործումը 220 Վ լարմամբ` անկախ շինության դասից:

296. Եթե հնարավոր չէ ապահովել էլեկտրագործիքի աշխատանքը 42 Վ լարմամբ, թույլատրվում է կիրառել 220 Վ լարում` միայն պաշտպանիչ միջոցների (ձեռնոցներ) կիրառման դեպքում:

297. Էլեկտրագործիքների միացման համար նախատեսված խրոցակային միացումները պետք է ունենան շփման համար անմատչելի հոսանքատար լարեր, հողանցման համար լրացուցիչ հպատեղեր:

298. 12 Վ և 42 Վ լարման խրոցակային միացումները (խրոցակ, վարդակ)` ըստ իրենց կոնստրուկտիվ կատարման, պետք է տարբերվեն սովորական խրոցակային միացումներից` նախատեսված 127 Վ և 220 Վ լարման համար, և բացառեն 12 Վ և 42 Վ լարման վարդակների միացումը 127 Վ և 220 Վ խրոցակային վարդակների հետ:

299. Էլեկտրագործիքն էլեկտրական ցանցին միացնելու համար պետք է կիրառվի փողրակային հաղորդալար: Թույլատրվում է կիրառել նաև ռետինե փողրակի մեջ մտցված` 500 Վ-ից ոչ ցածր լարմամբ մեկուսացված բազմաերակային ճկուն հաղորդալարեր:

300. 1000 Վ լարումից բարձր էլեկտրակայանքներում մեկ անձի կողմից զննումներ կատարելու ժամանակ արգելվում է որևէ աշխատանք կատարել, ինչպես նաև անցնել ցանկապատից ներս, մտնել բաշխիչ սարքվածքների և յուղային անջատիչների խցիկները: Սարքավորումների, ապարատների և հաղորդաձողավորումների զննումը պետք է կատարվի խցիկի շեմից կամ պատնեշի հետևից:

301. 1000 Վ-ից բարձր էլեկտրակայանքների որևէ հոսանքատար մասի հողի հետ միացում հայտնաբերվելու դեպքում արգելվում է մինչև դրա անջատումը մարդկանց մոտենալ այդպիսի վնասված տեղին մինչև 4-5 մ հեռավորության վրա, փակ բաշխիչ կայաններում` մինչև 8-10 մ հեռավորության վրա: Բաց ենթակայաններում ավելի մոտ հեռավորության վրա մարդկանց մոտենալը թույլատրվում է միայն հողի հետ միացումը վերացնելու նպատակով կոմուտացման ապարատների հետ գործողություններ կատարելու դեպքում, ինչպես նաև տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով: Այդ դեպքում աշխատողը պարտավոր է իրեն վնասազերծել քայլային լարման ազդեցությունից` հագնելով դիէլեկտրիկ կոշիկներ, փռելով մեկուսիչ գորգեր կամ հողից մեկուսանալու այլ հուսալի նյութեր: Բոլոր գործողությունները պետք է կատարվեն դիէլեկտրիկ ձեռնոցներով կամ մեկուսիչ մետաղաձողերի կիրառմամբ:

302. Ժամանակավոր ցանկապատերի վրա պետք է փակցվի ցուցանակ` «Կանգնի՛ր, բարձր լարում է» գրառմամբ:

303. 1000 Վ-ից բարձր լարմամբ էլեկտրատեղակայանքներում վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն կազմակերպական և տեխնիկական միջոցառումների իրականացումից հետո` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն և N 1939-Ն որոշումներով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի:

304. Կարգադրագրով աշխատանքների կատարման ժամանակ պատասխանատու անձն աշխատանքների ամբողջ ընթացքում պետք է գտնվի աշխատատեղում: Արգելվում է 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքներում կամ բաց ենթակայաններում վերանորոգում կատարող աշխատողների խմբից որևէ մեկին մենակ թողնել օբյեկտում:

305. Աշխատանքային ընդմիջումների ժամերին խումբը պետք է հեռանա էլեկտրակայանքի շենքից կամ բաց ենթակայանից` տեղում թողնելով ցուցադրական ազդագրերը, ցանկապատերը, հողանցման միջոցները: Արգելվում է աշխատողներից որևէ մեկին ընդմիջումից հետո մենակ մտնել 1000 Վ-ից բարձր լարմամբ կայանքի շենք կամ բաց ենթակայան` առանց աշխատանքային խմբի ղեկավարի թույլտվության:

306. Շարժական մեկուսիչ ցանկապատերը (ցանց կամ վահանակ) պետք է ունենան այնպիսի կոնստրուկցիա, որ բացառվի աշխատողների պատահական կամ սխալմամբ հպումը լարման տակ գտնվող հոսանքատար մասերին: Պետք է նաև ստեղծվեն պայմաններ` ցանկապատերի անվտանգ ու կայուն տեղադրման համար:

307. Կապի և ազդարարման սարքերի սնուցումը, բացառությամբ հատուկ տրանսպորտային սարքերի, պետք է իրականացվի 220 Վ-ից ոչ բարձր լարմամբ` լուսավորման ցանցից, մարտկոցային կուտակիչներից կամ ուղղիչ կայանքից: Ազդարարման սարքերի համար, բացառությամբ ազդարարման կենտրոնական կայանքից, թույլատրվում է գծերն անցկացնել 24 Վ լարմամբ չմեկուսացված հաղորդալարերով:

308. Էլեկտրաշարժիչների և դրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն էլեկտրաշարժիչի և մեխանիզմի պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ:

309. Էլեկտրական մեքենաների և գործարկիչ-կարգավորիչ ապարատների, արտանցիչների տուփերը պետք է հուսալիորեն ամրակցվեն և փակվեն կափարիչներով: Մեքենայի աշխատանքի ժամանակ կափարիչի բացումն արգելվում է:

310. Ստատորի, խարիսխի և բևեռների փաթույթների արտանցքերը պետք է ունենան մականշում: Գործարկիչ-կարգավորիչ սարքերի վրա պետք է նշվեն «Գործարկում» և «Կանգ» դիրքերը:

311. Անջատիչների, հպակների, մագնիսական գործարկիչների, ինչպես նաև վահանակների վրա խմբակային հավաքակցված ապահովիչների մոտ պետք է լինեն գրառումներ այն մասին, թե որ շարժիչին են դրանք վերաբերում:

312. Էլեկտրաշարժիչը վերանորոգման նպատակով կանգնեցնելու համար պետք է սնուցող մալուխը հոսանքազրկել վահանակից և շարժաբերի անջատիչի վրա կախել ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ: Ցուցանակը հանել և մեքենան միացնել թույլատրվում է միայն այն դեպքում, երբ աշխատանքը կատարող անձը մատյանում կատարում է գրանցում դրա ավարտի մասին, իսկ աշխատանքն ընդունող անձը` էլեկտրաշարժիչի գործարկման թույլտվություն տալու մասին:

 

XI. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԳԱԶԱՄԱՔՐԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

313. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն միայն գրավոր կարգադրագիր-թույլտվությամբ` էլեկտրաֆիլտրի շահագործման համար պատասխանատու անձի անմիջական մասնակցությամբ:

314. Էլեկտրաֆիլտրի կամ դրա առանձնամասերի ներքին զննումը և վերանորոգումը պետք է կատարվեն էլեկտրաֆիլտրը լարումից անջատելուց, հսկիչ համակարգը հողանցումից ազատելուց, էլեկտրաֆիլտրի իրանն օդափոխելուց հետո:

315. Եթե էլեկտրաֆիլտրի միջով անցել են պայթյունավտանգ կամ թունավոր գազեր, ապա դրա զննման և վերանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ պետք է կատարվի գազաչափական անալիզ` համոզվելու համար, որ էլեկտրաֆիլտրում թունավոր, վտանգավոր գազեր չեն մնացել:

316. 1000 Վ-ից բարձր լարման տակ գտնվող բարձրացնող-ուղղիչ ագրեգատների խորշերի կամ մասերի տեղաբաշխվածության և այլ տեղերի բանալիները միաժամանակ պետք է օգտագործեն առնվազն երկու անձ, ովքեր ունեն համապատասխան որակավորման խումբ:

317. Հերթապահին մենակ չի թույլատրվում կատարել որևէ աշխատանք` բացառությամբ այն աշխատանքների, որոնք նախատեսված են ֆաբրիկայի ղեկավարության կողմից հաստատված էլեկտրաֆիլտրերի սպասարկման արտադրական հրահանգով:

318. Էլեկտրաագրեգատների և ուղղիչ գծերի լարման միացման ու անջատման, ինչպես նաև պահեստային ագրեգատների սնուցման գործողությունները կարող են կատարվել միայն օպերատիվ անձնակազմի աշխատողներից մեկի միջոցով: Գազամաքրման սարքերի հերթապահը կարող է ընդգրկվել այդ աշխատանքներում` որպես խմբի անդամ (երկրորդ դեմք):

 

XII. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

319. Դեպի ֆաբրիկա հանքաքարի փոխադրումը հպակային էլեկտրաքարշերով կատարելու դեպքում բեռնաթափման տեղերում պետք է տեղադրվեն նախազգուշական ցուցանակներ` էլեկտրական հոսանքից էլեկտրահարման վտանգի մասին:

320. Էլեկտրաքարշային հանքահանման հպակային հաղորդալարերը, որոնք մտնում են ընդունող բունկերների տակ գտնվող շինությունները, պետք է սարքավորվեն բաժնեմասային (սեկցիոն) անջատիչներով` հողանցող դանակներով:

321. Արգելվում է բարձրանալ էլեկտրաքարշի վագոնիկ, եթե անջատված չէ հպակային ցանցի լարումը:

322. Արգելվում է ոչ սարքին վագոնիկները բարձել հանքաքարով, ինչպես նաև դրանք վերանորոգել բեռնաթափման հարթակներում:

323. Վագոնիկների բեռնաթափումը կպչուն հանքաքարից և այլ նյութերից դրանց մաքրումը պետք է կատարվի մեքենայացված եղանակով (շրջմամբ, քերիչներով, հիդրոլվացմամբ և այլն) կամ հատուկ հարմարանքների օգնությամբ:

324. Նախքան փոշի առաջացնող նյութերի բեռնաբարձումը և բեռնաթափումը պետք է իրականացվեն փոշեճնշման միջոցառումներ և օգտագործվեն փոշուց պաշտպանվելու անհատական միջոցներ:

325. Ֆաբրիկայի և դրան հարակից արտադրամասերի տարածքում ավտոմեքենաների երթևեկության կարգը և արագությունը սահմանում է կազմակերպության ղեկավարությունը` հաշվի առնելով տարածքի պայմանները, ճանապարհների և տրանսպորտային միջոցների վիճակը:

326. Հանքաքարի մատուցումն ավտոմեքենաներով կատարվելու դեպքում ընդունման բունկերի բեռնաթափման հարթակում անհրաժեշտ է`

1) տեղադրել հենակներ, որոնք կբացառեն ավտոմեքենայի ցած գլորվելը բունկերի մեջ.

2) նախատեսել ավտոմեքենայի հետընթաց շարժում` բեռնաթափման տեղից 30 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա.

3) նախատեսել միջոցառումներ` մեքենան թեքության վրա կանգնելու դեպքում դրա ինքնագործարկումը կանխելու համար.

4) շրջադարձի հարթակների պարագծով ընդունման բունկերի մոտ հարթակի կողեզրից տեղադրել 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ` ավտոմեքենայի ցած գլորվելը կանխելու համար.

5) արգելել մարդկանց գտնվելը կամ որևէ աշխատանքի կատարումը բեռնաթափման հարթակում` ավտոմեքենայի աշխատանքային գոտում:

327. Արգելվում է բեռնաթափումից հետո ավտոմեքենաների երթևեկելը բարձրացված թափքով, ինչպես նաև կատարել հետընթաց շարժում` առանց անընդհատ ձայնային ազդանշաններ տալու:

328. Ստորերկրյա պայմաններում աշխատող փոխակրիչների վրա պետք է օգտագործվեն դժվար հրկիզվող ժապավեններ, իսկ երկրի մակերևույթի վրա տեղակայված փոխակրիչների վրա, որոնք փոխադրում են սառը վիճակում գտնվող նյութեր, նախատեսվում է օգտագործել ընդհանուր արդյունաբերական նշանակություն ունեցող ժապավեններ:

329. Ժապավենային փոխակրիչների սրահների և էստակադների շինարարական կոնստրուկցիաները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութերից: Այդ դեպքում շարժաբերային կայաններում և բեռնաթափման կետերում, ինչպես նաև փոխակրիչի ամբողջ երկարությամբ պետք է տեղադրվեն ավտոմատ հրդեհային ազդարարում: Այդ միջոցների ավտոմատ գործարկման ազդանշանները պետք է ընդունվեն դիսպետչերական կետում:

330. Ժապավենային փոխակրիչների կայանքը պետք է ունենա`

1) բլոկավորման սարքվածք` սարքավորման աշխատանքների դադարեցման համար.

2) վթարային սարքվածք` փոխակրիչի երկարության ցանկացած կետից դրա աշխատանքների դադարեցման համար.

3) ազդարարման սարք` սարքավորման գործարկման սկզբի համար.

4) բլոկավորման սարք` փոխակրիչի անջատումից հետո դրա հետկառավարումը բացառելու համար.

5) բազրիքներով ցանկապատված անցումային կամրջակներ.

6) հարմարանքներ, որոնք պետք է խոչընդոտեն կողքից ժապավենի դուրս ընկնելը.

7) պաշտպանիչ սարքավորումներ` փոխակրիչների տակով մարդկանց անցման տեղերում.

8) ժապավենի ձգման սարքավորումներ.

9) սարքավորումներ` ժապավենը և թմբուկը կպչուն նյութերից մաքրելու համար.

10) տեղային բլոկավորում` կենտրոնական կառավարման կետից սարքավորման գործարկումը կասեցնելու համար.

11) շարժաբերն անջատող սարք` բեռնաթափման ձագարների և ճոռերի խցանման դեպքերում:

331. Ժապավենային փոխակրիչների բեռնաթափման սայլակների վրա պետք է տեղակայվեն ծայրային անջատիչներ, իսկ ռելսուղիների վրա` հատուկ հենակներ:

332. Ավտոմատ կարգով վարնետող սայլակների և շարժական փոխակրիչների էլեկտրաշարժիչների սնուցումը պետք է կատարվի կախովի ճկափողավոր մալուխների միջոցով: Թույլատրվում է ավտոմատ կարգով վարնետող սայլակների էլեկտրաշարժիչների սնուցումը կատարել նաև սպասարկման հարթակից կամ հատակից 3,5 մ-ից ոչ պակաս բարձրությամբ անցկացված հպալարերով: Նշվածից ցածր բարձրությամբ (3,5 մ-ից մինչև 2,5 մ) հպալարերի անցկացման դեպքում դրանք պետք է ցանկապատվեն:

333. Բեռնաթափման սայլակները պետք է սարքավորվեն դրանց ինքնակամ շարժումը կասեցնող հատուկ հարմարանքներով:

334. Փոխակրիչի փոխադրաժապավենի տակ թափվածքները պետք է մաքրվեն մեքենայացված եղանակով (հիդրավլիկ մաքրում և այլն): Գլխամասային, պոչային կամ շեղման թմբուկների տակ գտնվող նյութերը ձեռքով մաքրելը թույլատրվում է միայն ժապավենը կանգնեցված վիճակում` հավաքելով շարժաբերի էլեկտրասնուցման սխեման, գործարկման սարքի վրա նախատեսելով նախազգուշացնող նշան` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

335. Փոխակրիչի գործարկման համակարգը պետք է ունենա բլոկավորում, ինչը կբացառի շարժիչի աշխատանքը գլխամասային և ծայրային թմբուկների ցանկապատերը հանված լինելու դեպքում:

336. Ժապավենային փոխակրիչների տակ գտնվող ելքի և մուտքի տեղերում պետք է տեղադրվեն պաշտպանական վահանակներ, որպեսզի բացառվեն մարդկանց վնասվելը ժապավենից թափվող նյութերից:

337. Փոխակրիչի ժապավենը շարժման ժամանակ չպետք է ունենա շեղումներ, որոնք թմբուկները դուրս կբերեն եզրերից: Աշխատանքի ընթացքում ժապավենը պետք է կանգնեցվի հատուկ հարմարանքի միջոցով:

338. Փոխակրիչի ժապավենի տեղապտույտը պետք է վերացվի թմբուկը և ժապավենը համապատասխան սարքվածքով ձգելուց հետո: Արգելվում է միացնել փոխակրիչը և այն շահագործել, եթե դրա շարժվող և պտտվող մասերը (ժապավենը, թմբուկները, հոլովակները) լցված են փոխադրվող նյութերով:

339. Եթե փոխակրիչի տանող, ձգող և թեքող թմբուկները տեղակայված են այնպես, որ դրանց առանցքը գտնվում է հատակից 1,5 մ-ից ավելի բարձրության վրա, պետք է շարժաբերի և թմբուկի սպասարկման համար կառուցվեն հարթակներ` սարքավորված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ սանդուղքներով ու բազրիքներով: Հարթակները պետք է ունենան ցանցավոր կամ հոծ, չսայթաքող ծածկույթ:

340. Փոխակրիչի սրահի և էստակադի բարձրությունը գետնից մինչև դրա կոնստրուկցիաների ստորին մասը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Սրահի կամ էստակադի լայնությունը պետք է համապատասխանի անցատեղերի ապահովման հետևյալ պայմաններին`

1) փոխակրիչի մի կողմից` 800 մմ-ից ոչ պակաս (մարդկանց անցատեղերի և փոխակրիչի մյուս կողմից 700 մմ-ից ոչ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում.

2) երկու և ավելի զուգահեռ փոխակրիչների միջև` 1000 մմ-ից ոչ պակաս, իսկ սրահի պատի և փոխակրիչի հատվածամասի միջև 700 մմ-ից ոչ պակաս` ժապավենի մինչև 1400 մմ լայնության դեպքում, և 800 մմ-ից ոչ պակաս` ժապավենի 1400 մմ-ից ավելի լայնության դեպքում:

341. Թիթեղավոր փոխակրիչների և սնուցիչների տեղակայման դեպքում պետք է նախատեսվի հնարավորություն` դրանք երկու կողմից սպասարկելու համար փոխկրիչների միջև ազատ անցատեղերը պետք է ընդունվի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ փոխկրիչի և շինության պատերի միջև` 1 մ-ից ոչ պակաս:

342. Ստորերկրյա խցերում, բեռնաթափման կետերում և արտադրական այլ շենքերում ու շինություններում հարակից սարքավորումների եզրաչափերի միջև և շինության պատից սարքավորումների միջև նվազագույն հեռավորությունը որոշելու համար պետք է հաշվարկել` հիմք ընդունելով մեքենաների և սարքավորումների ու դրանց հանգույցների միջև տեղաշարժման, վերանորոգման ապահովման հնարավորությունը, բայց ոչ պակաս`

1) հիմնական անցատեղերում` 1,5 մ.

2) մեքենաների միջև աշխատանքային հարթակներում` 1 մ.

3) շինության պատի և մեքենայի միջև` 0,7 մ:

343. Փոխակրիչային հոսքագծերի բաց կատարմամբ տեղակայման դեպքում պետք է ստեղծվի հնարավորություն` հիմնական հանգույցներին և հարակից սարքավորումներին մոտենալու համար:

344. Թեքությամբ տեղակայված թիթեղավոր և քերակավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն տրանսպորտային օղակների որսիչներով, որոնք ժապավենի կտրման դեպքում կկանխեն դրա փախչելը:

345. Պարուրակների և քերակավոր փոխակրիչների տեղակայման դեպքում թույլատրվում է դրանց միակողմանի սպասարկում` 0,8 մ լայնությամբ ազատ անցատեղերից: Պարուրակների և քերակավոր փոխակրիչների պատյանների կափարիչները պետք է սարքավորվեն բլոկավորմամբ, որը կբացառի մոտենալ փոխկրիչների պտտվող և շարժվող մասերին` դրանց աշխատանքի ժամանակ:

346. Ստորերկրյա-վերերկրյա փոխակրիչային սրահները երկրի մակերևույթ դուրս գալու դեպքում դրանց վրա պետք է նախատեսվեն արտաքին անցատեղեր, ինչպես նաև անցատեղեր` փոխակրիչի վրայով անցնելու համար:

347. Սրահներից և էստակադներից դուրս եկող տարահանման ելքերն ու փոխակրիչների վրա տեղակայված անցման կամրջակները պետք է լինեն իրարից 100 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա: Կամրջակները պետք է ունենան 0,8 մ լայնություն` ցանկապատված 1 մ-ից ոչ պակաս բարձրությամբ բազրիքներով:

348. 70-ից բարձր թեքությամբ փոխակրիչային սրահների անցատեղերում պետք է տեղադրվեն աստիճաններ կամ փայտե սանդուղքներ:

349. Եթե փոխակրիչային սրահներով իրականացվում է փոշու և գազի անջատումով նյութերի փոխադրում, ապա դրանց շենքերին հարող տեղերում պետք է կառուցվեն ինքնափակվող դռներով միջնապատեր:

350. 60-ից բարձր թեքությամբ տեղադրված թիթեղավոր փոխակրիչները պետք է սարքավորվեն սևեռակապնդիչ սարքերով, որոնք փոխակրիչի կանգառի դեպքում կարգելակեն ժապավենի բեռնվածքային ճյուղի տեղաշարժը հակառակ ուղղությամբ:

351. Հանքաքարը ձեռքով տեսակավորելու ժամանակ փոխակրիչային ժապավենի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,5 մ/վրկ-ը: Հանքաքարի տեսակավորման տեղերում ժապավենը պետք է ցանկապատվի:

352. Փոխակրիչները սարքավորումներից և անցատեղերից վերև տեղադրելու դեպքում դրանք ստորին մասից պետք է փակվեն համատարած երեսապատվածքով, ինչը կկանխի հանքաքարի կտորների ներքև ընկնելու հնարավորությունը:

353. Ժապավենային փոխակրիչներով չոր և փոշի առաջացնող նյութերի, ինչպես նաև բարձր ջերմաստիճանով և գոլորշի անջատող նյութերի փոխադրման դեպքում բարձման և բեռնաթափման տեղերը պետք է պատսպարվեն, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ` օդի մեջ փոշու քանակությունը սահմանային թույլատրելի չափաքանակներին հասցնելու համար: Փոշենման չոր նյութերի փոխադրման ժամանակ դրանց վերախառնման գոտիները պետք է հերմետիկացվեն:

354. Էլևատորները, քերակավոր փոխակրիչները և պարուրակները, որոնցով փոխադրվում են չոր և փոշի առաջացնող նյութեր, պետք է ամբողջ երկարությամբ ծածկվեն խիտ պատյանով, իսկ բարձման-բեռնաթափման տեղերը պետք է սարքավորվեն ծածկոցներով: Փոխակրիչների մեխանիզմների նկատմամբ դիտարկումներ իրականացնելու համար պատյանների վրա պետք է թողնվի պատուհաններ՝ ամուր փակվող դռներով:

355. Խոնավ նյութեր փոխադրող էլևատորները` խյուսի ցայտումներից խուսափելու համար, ամբողջ երկարությամբ պետք է փակվեն վահանակներով կամ պատյաններով: Էլևատորի բարձման և բեռնաթափման տեղերում պետք է տեղակայվեն վթարային անջատիչներ:

356. Տեխնոլոգիական ընդհանուր շղթայի մեջ մտնող այլ սարքավորումների հետ փոխակրիչների միաժամանակ աշխատանքի դեպքում առանձին մեքենաների և սարքերի էլեկտրահաղորդակները պետք է բլոկավորվեն:

Այդ դեպքում՝

1) բոլոր սարքավորումների գործարկումը և կանգնեցումը պետք է կատարվի որոշակի հաջորդականությամբ՝ համաձայն ֆաբրիկայի տեխնոլոգիական սխեմայի.

2) որևէ սարքավորման կամ փոխակրիչի հանկարծակի կանգնման դեպքում սխեմայով դրան նախորդող սարքավորումը կամ փոխակրիչը պետք է ավտոմատ կարգով անջատվի.

3) պետք է լինի տեղային բլոկավորում, ինչը կբացառի փոխակրիչի կամ այլ մեքենայի գործարկումը կառավարման կետից:

357. Բոլոր փոխակրիչները պետք է ունենան սարք` նախատեսված հիմնական անցատեղերի կողմից ցանկացած կետից շարժաբերի վթարային կանգնեցումն իրականացնելու համար:

358. Բոլոր էլևատորները պետք է սարքավորվեն արգելակման և որսման սարքվածքներով, որոնք կբացառեն օղակային շղթայի հետընթաց շարժը և որսալու շղթան` դրա կտրման դեպքում:

359. Թեք փոխակրիչների վրա, որոնցում հնարավոր է աշխատանքային ճյուղից փոխադրող նյութի թափվելը, անհրաժեշտ է ամբողջ երկարությամբ տեղակայել պաշտպանիչ խցանիչներ:

360. Ինքնաթափ սայլակների և ինքնագնաց փոխակրիչների անվասարքերը պետք է լինեն ցանկապատված: Ցանկապատի և ռելսի միջև բացակը պետք է լինի 10 մմ-ից ոչ ավելի:

361. Փոխակրիչների ձգման հարմարանքների բեռները, ինչպես նաև ձգման թմբուկները պետք է ցանկապատվեն և տեղակայվեն այնպես, որպեսզի ճոպանի կամ ժապավենի կտրման դեպքում բացառվի բեռի կամ թմբուկի ընկնելը ստորին հարկերում գտնվող մարդկանց կամ տեղակայված սարքավորումների վրա:

362. Պարուրակային վերամբարձիչները, որոնք տեղակայված են սպասարկող անձնակազմի համար ազատ մուտք ունեցող շինություններում, պետք է սարքավորվեն շարժական հարմարանքներով՝ բեռնաթափման ընդունարանների փակման համար:

 

XIII. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԵՎ ՃՈՊԱՆԱՍԱՐՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

363. Ֆաբրիկայի արտադրամասերում, կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան, պետք է կատարվեն սարքավորումների պրոֆիլակտիկ զննումներ:

364. Ծանր քաշ և մեծ չափեր ունեցող սարքավորումների փոխադրումը պետք է կատարվի վերելքաամբարձիչային մեխանիզմների միջոցով՝ տեխնիկական պատասխանատու անձի ղեկավարությամբ: Արգելվում է սարքավորումների, դրանց մասերի և հանգույցների փոխադրման ժամանակ դրանք քարշ տալ հողի, հատակի, ռելսագծերի վրայով: Արգելվում է նաև աշխատել վերելքաամբարձիչային մեքենաներով, ինչպես նաև մեխանիզմներով, որոնք չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, զննման և փորձարկման:

365. Վերանորոգումից առաջ սարքավորումների, մեխանիզմների, սարքերի, տեխնիկական այլ միջոցների աշխատանքը պետք է դադարեցվի:

366. Սարքավորումների (ջարդիչներ, քարամաղեր, դասակարգիչներ, ֆլոտմեքենաներ, փոխակրիչներ և այլն) վերանորոգումը թույլատրվում է սկսել դրանց վրա եղած փոշիներն ու այլ նստվածքները մաքրելուց ու լվանալուց հետո: Այն սարքավորումները, որոնք աշխատում են թունավոր ռեագենտների միջավայրում, վերանորոգումից առաջ պետք է տևական մաքրվեն և վնասազերծվեն:

367. Սարքավորումների և դրանց էլեկտրաշարժաբերների միաժամանակ վերանորոգման ժամանակ պետք է վերանորոգում իրականացնող կազմակերպության կողմից մշակվեն և հաստատվեն միջոցառումներ՝ աշխատանքների անվտանգ կատարման համար:

368. Փոշեհավաքիչի հետ միացված օդափոխիչի վերանորոգումը, որն արտադրամասի աշխատանքի ժամանակ գտնվում է լիցքավորման տակ, թույլատրվում է կատարել միայն ռոտորի արգելակված դիրքի և անջատված էլեկտրական սխեմայի դեպքում, որպեսզի կանխվի ռոտորի պատահական պտույտը:

369. Սարքավորման էլեկտրաշարժիչի անջատումը պետք է կատարվի ապահովիչները հանելով կամ ավտոմատ կարգով ուժային ցանցը խզելով: Գործարկման սարքի վրա պետք է կախվի ցուցանակ` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառմամբ:

370. Սարքավորումների վերանորոգման-հավաքակցման հարթակների չափերը պետք է լինեն այնպիսին, որ դրանցում տեղավորվեն սարքավորումների խոշոր հանգույցները, տարրերը, մեքենամասերը, հարմարանքները, գործիքները, ինչպես նաև վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Վերանորոգվող հանգույցները, տարրերը, մեքենաները պետք է տեղաբաշխվեն այնպես, որպեսզի դրանց արանքներով լինեն ազատ անցատեղեր:

371. Եթե վերանորոգումների ժամանակ նախատեսվում է կատարել հիմնական տեխնոլոգիական սարքավորումներ կրող կոնստրուկցիաների փոփոխություններ, ապա դրանք պետք է կատարվեն արտադրող գործարանի հետ համաձայնեցված նախագծերով:

372. Եթե վերանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ է պատրաստել լաստակներ, ապա վերջիններս պետք է պատրաստվեն ամուր փայտից կամ այլ նյութերից: Այդ նպատակի համար պատահական նյութերի օգտագործումն արգելվում է:

373. Եթե հնարավոր չէ պատրաստել վերանորոգման լաստակներ, ապա 13 մ-ից ավելի բարձրության վրա սանդուղքներով աշխատանքներ կատարելու դեպքում պետք է օգտագործվեն փրկարար գոտիներ, որոնց ամրացման տեղերը պետք է նշվեն մետաղակոնստրուկցիաների վրա:

374. Վերանորոգման հարթակներում կատարվող աշխատանքների մեքենայացման համար պետք է օգտագործվեն ծածկի ուժեղացված շինարարական տարրեր` բլոկների կախման կամ մոնոռելսերի ամրացման համար: Արգելվում է ֆերմաներից, հեծաններից և այլ շինարարական կոնստրուկցիաներից կախել հարմարություններ՝ առանց ստուգելու դրանց ամրությունը:

375. Կապալային եղանակով վերանորոգման աշխատանքներ կատարելու դեպքում պատվիրատու և կապալառու կազմակերպությունները պետք է աշխատանքների կատարման ամբողջ ժամանակաշրջանի համար կազմեն կարգադրագիր-թույլտվություն կամ ակտ` վերանորոգումներ կատարելու համար՝ նշելով կոնկրետ տեղամասը (արտադրամասը), որտեղ պետք է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

376. Կապալառու եղանակով վերանորոգում իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում իրեն ամրագրված տեղամասում (արտադրամասում) աշխատանքների կատարման որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահանջների ապահովման համար:

377. Ֆաբրիկայի գործող արտադրամասերում, տեղամասերում, ագրեգատներում վերանորոգման և հավաքակցման աշխատանքներ կատարելու դեպքում վերանորոգման աշխատանքների ղեկավարը ֆաբրիկայի ղեկավարության հետ միասին պետք է հաստատեն կարգադրագիր-թույլտվություն և գործեն համաձայն դրա:

378. Ապարաջարդիչ մեքենաների վերանորոգման ժամանակ դրանց վրա մարդկանց բարձրանալը թույլատրվում է միայն սանդուղքների օգնությամբ: Արգելվում է վերևից իջնել ներքևի աշխատատեղ՝ առանց փրկարար գոտու և պաշտպանիչ ճոպանի:

379. Պտտվող ռոտորով մեքենաների (մուրճային, բռունցքային, հարված-անդրադարձային ապարաջարդիչներ, թմբուկային մաղեր և այլն) ներսում վերանորոգման աշխատանքներ կատարելուց առաջ անհրաժեշտ է քանդել դրանց շարժաբերի էլեկտրական սխեման, անջատել վերանորոգվող սարքավորումների էլեկտրական շարժիչները, կափարիչներն ամրացնել այնպես, որպեսզի բացառվի դրանց ինքնակամ փակվելը:

380. Բունկերներում ներպատվածքի վերանորոգման և փոխման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի հարմարանք, ինչը կապահովի բունկերի թեք պատերի վրա աշխատանքների անվտանգ կատարումը:

381. Հալած ցինկով ներպատվածքի լցումը պետք է կատարեն այն անձինք, ովքեր այդ աշխատանքների կատարման համար անցել են ուսուցում, հրահանգավորում և ունեն համապատասխան որակավորում: Ներպատվածքի լցումը թույլատրվում է կատարել միայն տեխնիկական պատասխանատու անձի անմիջական ղեկավարությամբ:

382. Աղացամեքենաների թմբուկը պտտելու, ինչպես նաև նոր ներպատվածք շարելու ժամանակ, մարդկանց ներկայության դեպքում ներպատվածքային հեղույսների հանելն արգելվում է:

383. Հատուկ մեխանիզմների բացակայության դեպքում ներպատվածքային սալիկների փոխադրումը և աղացամեքենայի մեջ տեղադրումը պետք է կատարվեն համաձայն արտադրական հրահանգի: Նույն հրահանգի պահանջներով պետք է կատարվեն նաև աղացամեքենաների թմբուկի մեջ ներպատվածքների եռակցումը և կտրումը:

384. Օդային փողրակների, պնևմոսարքերի, գործիքների միացումը և անջատումը թույլատրվում է կատարել միայն օդի մատակարարումն անջատելուց հետո:

385. Հատիչով և ձեռքի ուրիշ գործիքներով մեքենամասերի կտրման, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ ակնոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանիչ վարագույր:

386. Գազաբոցային աշխատանքները (գազաեռակցում, էլեկտրաեռակցում, գազով կտրում) պետք է կատարվեն՝ պահպանելով հրդեհային անվտանգության գործող կանոնները:

387. Եռակցման և կտրման աշխատանքների կատարման տեղերում չպետք է լինեն բոցավառվող նյութեր:

388. Եռակցման ժամանակ բոլոր փայտանյութերը և շինության մյուս հրկիզվող մասերը, որոնք գտնվում են մինչև 2 մ հեռավորության վրա, անհրաժեշտ է պաշտպանել չհրկիզվող նյութերով:

389. Եռակցման աշխատանքների կատարման տեղերում պետք է տեղադրվեն հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, մոտակա հրշեջ խողովակագծին միացված փողրակներ, ոչ պակաս 0,2 մ3 տարողությամբ ջրի տարողություն կամ ավազով արկղ):

390. Այրոցային և կտրման սարքերը, որոնք նախատեսված են գազաբոցային աշխատանքների կատարման համար, պետք է սարքավորվեն հետադարձ կափույրներով:

391. Փոփոխական հոսանքի եռակցման կայանքները պետք է ունենան պարապ ընթացքի լարման ավտոմատ անջատման կամ դրա` մինչև 12 Վ սահմանափակման սարք՝ ժամանակի ոչ պակաս 0,5 վրկ պահպանմամբ:

392. Մշտական էլեկտրաեռակցման աշխատանքները շինություններում պետք է կատարվեն այդ նպատակի համար հատկացված օդափոխվող տեղերում՝ սարքավորված հրդեհաշիջման սարքավորումներով:

393. Ֆաբրիկայի բաժանմունքներում ու արտադրամասերում էլեկտրաեռակցման կայանքների միացումը պետք է կատարվի միացման հատուկ կետերից (վահանակներից), որոնք պետք է մշտապես գտնվեն փակի տակ:

394. Էլեկտրաեռակցման կայանքի իրանը, ինչպես նաև եռակցման տրանսֆորմատորի երկրորդական փաթույթի սեղմակը, որին միացվում է դեպի արտադրատեսակը (առարկան) տանող լարը, պետք է լինեն հողանցված:

395. Եռակցման աշխատանքները փակ դժվարամատչելի տեղերում, բարձրության վրա, խոնավ շինություններում և այլն, պետք է կատարվեն կարգադրագիր-թույլտվությամբ՝ որպես կարգ մշտական հոսանքի օգտագործմամբ:

396. Եռակցման աշխատանքները փակ տարողություններում պետք է կատարվեն երկու անձանց մասնակցությամբ, որոնցից մեկը պետք է գտնվի տարողությունից դուրս և իրականացնի հսկողություն աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ: Տարողության մեջ եռակցում կատարող անձը պարտադիր կարգով պետք է ունենա պաշտպանիչ գոտի և պարան, որի ծայրը պետք է գտնվի տարողությունից դուրս գտնվող անձի մոտ:

397. Արգելվում է եռակցման աշխատանքներ կատարել ճնշման տակ գտնվող փակ անոթներում (կաթսաներ, բալոններ, խողովակագծեր), հրկիզվող կամ պայթյունավտանգ նյութեր պարունակող բալոնների վրա:

398. Տաք և հեշտ բռնկվող հեղուկների, ինչպես նաև տաք և պայթյունավտանգ գազերով լցավորման համար նախատեսված ցիստեռնների, բալոնների, տակառների, ռեզերվուարների էլեկտրաեռակցումը և կտրումը` առանց նախնական վտանգազերծման և գոլորշամաքրման, արգելվում է:

 

XIV. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

399. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները համարվում են ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտներ և դրանց նկատմամբ, սույն կանոնակարգի պահանջներին զուգահեռ, պետք է կիրառվեն ճառագայթային անվտանգության պահանջներ, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» 1489-Ն որոշումներով ու այլ իրավական ակտերով:

400. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենան ճառագայթային հսկողության օբյեկտային ծառայություն, որը պետք է ապահովի ֆաբրիկայի հսկման ու դիտարկման գոտիներում ճառագայթային մոնիթորինգը:

401. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաները պետք է ունենան ճառագայթային անվտանգության ծրագիր, որով պետք է սահմանված լինեն`

1) ճառագայթային անվտանգության համար պատասխանատուները.

2) ներօբյեկտային և շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգերը.

3) անձնակազմի կատեգորավորման նրանց դոզիմետրիկ հսկողության համակարգը.

4) անձնակազմի անհատական պաշտպանության կազմակերպման կարգը.

5) օպտիմալացման սկզբունքի ներդրման պայմաններն ու կարգը:

402. Ճառագայթային անվտանգության ծրագրի բովանդակության նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

403. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներում պետք է լինի աշխատանքների որակի ապահովման ծրագիր:

404. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը ճառագայթային անվտանգության նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերով սահմանված կարգով պետք ապահովի անձնակազմի ուսուցումը ճառագայթային անվտանգության հարցերով և ներդնի ճառագայթային վտանգավոր աշխատանքների կատարման թույլտվության միջոցառումներ:

405. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի նախագիծը պետք է ունենա առանձին բաժին «Ճառագայթային անվտանգությունը» վերնագրով, որով պետք է սահմանվեն ֆաբրիկայի հսկման և դիտարկման գոտիները, ճառագայթային անվտանգության անցակետերը, ճառագայթային հսկողության սարքավորումները, դոզիմետրիկ և ռադիոմետրիկ չափումների ծավալն ու պարբերականությունը, ճառագայթային պաշտպանության ստացիոնար ու շարժական միջոցները և այլն: Նախագծով պետք է սահմանվեն նաև ֆաբրիկայից սահմանային թույլատրելի ռադիոակտիվ արտանետումներն ու արտահոսքերը, որոնք պետք է լինեն հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:

406. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկա շահագործող կազմակերպությունը պետք է ապահովի օբյեկտի դիտարկման գոտու բնակչության վթարային ազդարարումը:

407. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների նախագծերը ենթակա են ճառագայթային անվտանգության, տեխնիկական անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության անվտանգության, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անվտանգության փորձաքննությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

408. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է տեղակայվեն հատուկ հարթակների վրա: Պահեստների տեղադրման ժամանակ պետք է ապահովվի դրանց լավագույն քամահարման պայմանների ստեղծումը: Առանձին պահեստների միջև հեռավորությունը պետք է լինի 20-25 մ-ից ոչ պակաս:

409. Օդում ռադիոակտիվ գազեր ու փոշի հավաքվելուց խուսափելու նպատակով ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքարի երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստները պետք է ունենան արհեստական օդափոխության համակարգ: Օդափոխության համակարգից դեպի մթնոլորտ արտանետվող օդը պետք է ռադիոակտիվ նյութեր կլանող ֆիլտրերի օգնությամբ ենթարկվի մաքրման: Պահեստի տարածքը պետք է լինի ցանկապատված, իսկ պահեստի տարածքի մուտքն ու ելքը պետք է վերահսկվի:

410. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի տարածքում տեղաբաշխված հանքաքարի ծախսային պահեստները պետք է գտնվեն հիմնական արտադրական շինություններից ոչ պակաս, քան 50 մ, իսկ վարչատնտեսական շենքերից ու օժանդակ շինություններից` ոչ պակաս, քան 100 մ հեռավորության վրա:

411. Այն տեխնոլոգիական օպերացիաները, որոնք իրենց բնույթով չեն կարող իրականացվել հերմետիկորեն, այսինքն` կարող են դառնալ ռադիոակտիվ գազերի (այդ թվում` ռադոնի ու թորոնի) կամ աերոզոլների անջատման աղբյուր, պետք է իրականացվեն առանձնացված շինություններում:

412. Հիմնական և միջանկյալ արտադրանքի փոխանցումը մեկ տեխնոլոգիական տեղամասից մյուսը պետք է իրականացվի ճնշման տակ աշխատող, կամ առանց ճնշման աշխատող խողովակագծերով՝ խյուսի կամ լուծույթի տեսքով: Փոշենման չոր նյութերի համար պետք է կիրառվեն պնևմատրանսպորտային, թրթռացող սարքեր, իսկ բացառիկ դեպքերում՝ հերմետիկացված փակ կոնտեյներներ:

413. Տեխնոլոգիական գործընթացների մեքենայացումը պետք է նախագծված լինի այնպես, որպեսզի կարգավորող կամ վերանորոգող անձնակազմին անհրաժեշտ չլինի մտնել ճառագայթման բարձր մակարդակ կամ օդի ռադիոակտիվությամբ աղտոտվածություն ունեցող տեղեր կամ աշխատել մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ սարքավորումների հետ:

414. Յուրաքանչյուր բաժանմունքում (տեղամասում) անջատվող ռադիոակտիվ փոշու, աերոզոլների և ռադոն գազի քանակությունը պետք է որոշվեն սահմանված մեթոդաբանությամբ կատարված հաշվարկների միջոցով:

415. Ֆիլտրացման համար պետք է կիրառվեն անընդհատ գործողության ապարատներ, ինչը կկանխի ռադիոակտիվ նստվածքները ձեռքով հանելը և մաքրելը:

416. Փոշու և ռադիոակտիվ գազերի աղբյուր հանդիսացող բոլոր ապարատները պետք է ունենան հատուկ ծածկոցներ: Ֆիլտրացման, խտացման, լուծազատման, կլանման, հանքահարստացման, գրավիտացման բաժանմունքներում գտնվող ապարատները և տարողությունները, որոնցում առկա է ռադիոակտիվ խյուսը, պետք է ապահովված լինեն հերմետիկ կափարիչներով՝ նվազագույն աշխատանքային բացվածքով:

417. Ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ աղերի չորացման և թրծման (բովման) բաժանմունքներում պետք է կիրառվեն նյութերի բարձումը և բեռնաթափումը մեքենայացված և ավտոմատացված եղանակով կատարող անընդհատ գործողության վառարաններ: Չորացման և թրծման (բովման) բաժանմունքի բոլոր ապարատները պետք է սարքավորվեն պատրաստի արտադրանքից փոշու որսման համակարգով: Փոշի առաջացնող պատրաստի արտադրանքը կոնտեյներներում պետք է տարավորվի հերմետիկացված խցերում ավտոմատ բարձման եղանակով՝ հսկելով բարձվող նյութի մակարդակը և զանգվածը:

418. Շրջանառվող ջրամատակարարման համակարգի ջուրը կարող է օգտագործվել հանքահարստացման հիմնական տեխնոլոգիական գործընթացներում: Ռադոնի կոնցենտրացիան ջրի մեջ (դրա օգտագործման տեղում) պետք է չգերազանցի 1x10-8 Ci/l (3.7x105 Bq/m3):

419. Բնական ռադիոակտիվ իզոտոպների պարունակությունը ջրում չպետք է գերազանցի թույլատրելի կոնցենտրացիան: Այն խողովակագծերը, որոնցով հոսում են ռադիոակտիվ նյութեր պարունակող ջրեր, պետք է տեղակայված լինեն բնակելի շրջաններից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

420. Հեղուկ ռադիոակտիվ թափոնների փոխադրման ու պահպանման կառուցվածքների նկատմամբ տնտեսական խմելու ջրի խողովակաշարի տեղադրման ուղին և խողովակների տեղադրման համակարգը պետք է լինեն այնպիսին, որպեսզի ցանկացած իրավիճակում բացառվի ռադիոակտիվ նյութերի ներթափանցումը խողովակաշար:

421. Կազմակերպության տարածքից դուրս անցնող հատուկ կոյուղու ուղեգիծը պետք է ունենա տարբերանշում: Նշված ուղեգծի վրա որևէ շինարարական աշխատանքների կատարումը, որը կապված է գրունտի խախտման հետ, արգելվում է:

422. Հոսքային ջրերը, որոնք պարունակում են ռադիոակտիվ իզոտոպներ, որպես կանոն, պետք է հետ վերադարձվեն դեպի տեխնոլոգիական գործընթաց, իսկ եթե դրանք մղվում են դեպի բաց ջրավազաններ, ապա պետք է նախապես մաքրվեն մինչև ճառագայթային անվտանգության նորմերով խմելու ջրի համար սահմանված կոնցենտրացիայի մակարդակը: Տեխնոլոգիական գործընթացի արդյունքում ռադիոակտիվ նյութերով չաղտոտված հոսքաջրերը պետք է օգտագործվեն տեխնիկական ջրամատակարարման համակարգերում:

423. Պայմանական «մաքուր» և կենցաղային հոսքային ջրերի մղումը դեպի ընդհանուր կոյուղի թույլատրվում է դրանց լրիվ կենսաբանական մաքրումից հետո, ինչպես նաև այն դեպքում, եթե դրանցում ռադիոակտիվ և թունավոր նյութերի պարունակությունը (հոսքային ջրերի հիմնական զանգվածի հետ խառնումից կամ տարրալուծումից հետո) չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

424. Բոլոր շենքերում և շինություններում պետք է նախատեսվեն մեխանիկական դրդմամբ ներհոսման-արտաձգման օդափոխություն: Վնասակար արտազատումների բացակայության դեպքում թույլատրվում է առանձին շինություններն օդափոխել բնական օդափոխությամբ:

425. Բունկերներում ռադիոակտիվ նյութերի բարձր պարունակությամբ հանքաքար պահելու դեպքում դրանցում օդի նոսրացում ստեղծելու նպատակով պետք է նախատեսել մեխանիկական արտաձգման օդափոխություն: Բաց մտոցներում (լյուկերում) ներծծման արագությունը պետք է լինի 1 մ/վրկ: Փոշի առաջացնող սարքավորումների ծածկոցներից արտածծվող օդի քանակությունը որոշվում է հաշվարկով, որի դեպքում ներծծվող օդի արագությունն ընդունվում է 1,5-2,0 մ/վրկ:

426. Արտադրական շինությունների քամհարմամբ օդափոխման համար անհրաժեշտ օդի քանակությունը որոշվում է հաշվարկով` ելնելով վնասակար արտազատումների տարրալուծման պայմաններից (ռադիոակտիվ նյութերը և թունավոր նյութերը` մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիան) և այլ պարամետրերից (օդի ջերմաստիճանը, խոնավությունը և այլն): Նշված հաշվարկներում, համաձայն ռադիացիոն անվտանգության նորմերի, անհրաժեշտ է նաև հաշվի առնել աշխատողների արտաքին ճառագայթահարման գործոնը:

427. Օդի ընդունումը (մղումը) ներհոսման օդափոխման համակարգի համար պետք է կատարվի այն գոտիներից, որտեղ մթնոլորտային օդում ռադիոակտիվ նյութերի կոնցենտրացիան չի գերազանցում աշխատանքային շինությունների համար թույլատրելի կոնցենտրացիայի արժեքի 0,1-ը, իսկ թունավոր նյութերի կոնցենտրացիայի արժեքը` 0,3-ը:

428. Տեղային արտածծիչներով հեռացվող օդը, որը պարունակում է փոշի, ռադիոակտիվ, քիմիական նյութեր և ունի տհաճ հոտ, մինչև մթնոլորտ արտանետելը պետք է ենթարկվի մաքրման:

429. Աշխատանքային շինությունների, տրանսպորտի, սարքավորումների և ապարատների մակերեսներին ռադիոակտիվ աղտոտվածությունը չպետք է գերազանցի ճառագայթային անվտանգության նորմերով ու կանոններով սահմանված թույլատրելի արժեքները:

430. Վերանորոգման ուղարկելուց առաջ պետք է ստուգվի տեխնոլոգիական սարքավորումների արտաքին ռադիոակտիվ աղտոտվածությունը, անհրաժեշտության դեպքում` իրականացվի դրանց ապաակտիվացում: Որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորումները ենթակա են պարտադիր ապաակտիվացման: Վերանորոգման ուղարկվող կամ որպես մետաղի ջարդոն հանձնվող սարքավորման արտաքին մակերեսի ցանկացած մասից գամմա ճառագայթման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 0.5 mSV/հ (50 mR/հ):

431. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաներ զանգվածի տեղափոխումը պետք է իրականացվի հիդրոտրանսպորտային մղման եղանակով՝ մետաղի խողովակներով կամ փակ երկաթբետոնե վաքերով: Արտադրական օբյեկտների տեխնոլոգիական հեղուկ ռադիոակտիվ մնացորդները, թափոնները պոչամբարից պետք է առանձնացվեն հատուկ կոյուղու համակարգով (հատուկ կոյուղի):

432. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկաների պոչամբարի շահագործման ժամանակ պոչամբարի լվացվող թեք մակերեսից ռադիոակտիվ փոշիների և աերոզոլների տարածումը կանխելու նպատակով պոչամբարի լվացվող թեք մակերեսը պետք է ծածկվի առնվազն 0.5 մ հաստությամբ մաքուր հողի շերտով: Լցված հողի շերտը պետք է կանաչապատվի խոտով:

433. Խորքային ջրերում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության հսկողության համար պոչամբարի խորքային ջրերի հոսքերի ուղղությամբ պետք է նախատեսվեն նմուշարկման (դիտարկման) հորատանցքեր: Հորատանցքերի տեղաբաշխվածությունը և քանակը որոշվում է` ելնելով հիդրոերկրաբանական պայմաններից, այնպիսի հաշվարկով, որպեսզի հորատանցքերի միջև հեռավորությունը լինի 300 մ-ից ոչ պակաս, իսկ դրանցից առնվազն մեկը լինի դիտարկման գոտու սահմանագլխին:

434. Ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի պոչամբարի կոնսերվացումը պետք է կատարվի համաձայն նախագծի և սկսվի տղմալցման նյութի բնական խտացումից հետո: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից 2 կմ հեռավորության վրա, ապա այն ամբողջ տարածքով պետք է ցանկապատվի երկաթբետոնե` 2 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատով: Եթե կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրից 2 կմ-ից ավելի հեռավորության վրա, թույլատրվում է դրա պարագծով կառուցել երկաթբետոնե սյուներով փշալարերով ցանկապատ:

435. Եթե ռադիոակտիվ նյութեր պարունակող հանքաքար մշակող ֆաբրիկայի կոնսերվացված պոչամբարը տեղակայված է բնակավայրերից, տրանսպորտային և այլ հաղորդակցուղիներից 5 կմ-ից ավելի հեռավորության վրա, և շրջակա տեղանքը պիտանի չէ տնտեսական նպատակներով օգտագործման համար, ապա սանիտարահիգիենիկ հսկողության և տեղական կառավարման մարմինների համաձայնությամբ թույլատրվում է դրա շուրջը չցանկապատել: Այս դեպքում պոչամբարի պարագծով տեղադրվում են համապատասխան նախազգուշական և արգելիչ նշաններ: Պոչամբարի կոնսերվացման ժամանակ բոլոր ապամոնտաժվող սարքավորումները, որոնց վրա առկա է ռադիոակտիվ աղտոտվածություն, ենթակա են ապաակտիվացման:

 

XV. ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

436. Յուրաքանչյուր հանքահարստացման ֆաբրիկային կից նախատեսվում է կառուցել սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է ունենան կանանց և տղամարդկանց բաժանմունքներ և հաշվարկված լինեն ֆաբրիկայի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքների համար:

437. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն արտահագուստի հանդերձարան, արտահագուստի չորացման և փոշեզատման սենյակ, սանհանգույցներ, ցնցուղարան, աշխատանքային արտահագուստի և կոշիկի նորոգման ու լվացման սենյակ, շնչադիմականոց, սպասք, կանացի անձնական հիգիենայի սենյակ, առաջին բուժօգնության կետ:

438. Սանիտարակենցաղային շենքը, սննդի օբյեկտը և առաջին բուժօգնության կետը պետք է գտնվեն հողմակողմում, արդյունահանված հանքաքարի բաց պահեստարաններից, ապարների ջարդման, տեսակավորման կայանքներից առնվազն 50 մ հեռավորության վրա, բայց հիմնական արտադրական շենքերից 500 մ-ից ոչ հեռու:

439. Բոլոր սանիտարակենցաղային շինությունները համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի ՀՀՇՆ IV-12.01-20000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմի, պետք է ունենան ներծծիչ արտաձգիչ օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար խառնուրդների սահմանային թույլատրելի քանակությունը:

440. Յուրաքանչյուր ֆաբրիկայում կազմակերպության ղեկավարության հրամանով պետք է նշանակվի տեխնիկական պատասխանատու անձ` սանիտարակենցաղային շինությունների համակարգի սարքին վիճակում պահպանման և շահագործման համար:

441. Սանիտարակենցաղային շենքերի հանդերձարանների ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի ֆաբրիկայի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը՝ ոչ պակաս 45 րոպե տևողությամբ:

442. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով, ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով: Տաք ջրի և գոլորշու խողովակները պետք է լինեն մեկուսացված, ցնցուղարանի հատակը` սալիկապատված:

443. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն N 2-III-Ա 2-1» սանիտարական կանոնակարգի և նորմերի պահանջներին:

444. Ֆաբրիկայի հիմնական բաժանմունքներում, ինչպես նաև ցնցուղարանի հանդերձարաններում, պետք է լինեն առաջին բուժօգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցանված անձինք: Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո, անհրաժեշտության դեպքում, աշխատողների հերթական բժշկական սպասարկումը պետք է կազմակերպվի լիցենզավորված բժշկական կազմակերպությունում:

445. Ֆաբրիկայի խմելու ջուրը պարբերաբար, նորմատիվներով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիակենսաբանական հետազոտության: Ջուրը խմելու և տնտեսական նպատակների համար թույլատրվում է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության մարմինների թույլտվությամբ:

446. Խմելու ջրի համակարգերն սպասարկող անձնակազմը պարտադիր կարգով պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

447. Ֆաբրիկայի խմելու ջրի որակի, ինչպես նաև սանիտարակենցաղային շինությունների` սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կազմակերպության, իսկ պետական վերահսկողությունը՝ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից` օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան