Համարը 
N 1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Պաշտոնական պարզաբանում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2010.08.02/18(370)
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվը 
19.07.2010
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.07.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 19 հուլիսի 2010 թ.

 N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների, հետևյալն են՝

1) ուղևորներին, թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) անդամներին պատճառված մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը՝ յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի, օդանավում գտնվող թռիչքային և սպասարկող անձնակազմի (ավիացիոն ինժեներներ, տեխնիկներ, բորտօպերատորներ և ուղեկցորդներ) յուրաքանչյուր անդամի նկատմամբ սահմանվում է ոչ պակաս, քան 100.000 Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 1000 ՀՓԻ միավոր.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվում է 17 ՀՓԻ յուրաքանչյուր կիլոգրամի համար.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվում է 4150 ՀՓԻ հանրագումարով:

2009 թվականի հոկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ԱԺՈ-164-Ն որոշմամբ վավերացրել և 2010 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա), որով սահմանված օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը նույն էին «Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված սահմանաչափերի հետ:

Կոնվենցիայի 24-րդ հոդվածով նախատեսվում է, որ պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվում են Դեպոզիտարիայի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն (ԻԿԱՕ) կողմից յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Նման առաջին վերանայումը տեղի է ունեցել 2009 թվականի հունիսի 30-ին, որի վերաբերյալ Դեպոզիտարիան Կոնվենցիայի 53-րդ հոդվածի 8d) կետի համաձայն 2009 թվականի նոյեմբերի 4-ի LE 3/38.1-09.87 ծանուցագրով տեղեկացրել է Կոնվենցիայի անդամ-պետություններին, նշելով, որ վերանայված պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը Կոնվենցիայի անդամ-պետությունների համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի դեկտեմբերի 30-ից:

Վերանայված ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերն են՝

1) ուղևորներին պատճառված մարմնական վնասվածքների կամ մահվան դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը՝ յուրաքանչյուր փոխադրվող ուղևորի նկատմամբ սահմանվել է ոչ պակաս, քան 113.100 Հատուկ փոխառելիության իրավունքի (այսուհետ՝ ՀՓԻ (SDR) միավոր.

2) ուղեբեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվել է 1131 ՀՓԻ միավոր.

3) բեռների փոխադրման ժամանակ, դրանց ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափը յուրաքանչյուր ուղևորի համար սահմանվել է 19 ՀՓԻ յուրաքանչյուր կիլոգրամի համար.

4) օդային փոխադրումն ուշացնելու հետևանքով ուղևորին պատճառած վնասի դեպքում օդանավ շահագործողների պատասխանատվությունը սահմանափակվել է 4694 ՀՓԻ հանրագումարով:

Կոնվենցիայի 57-րդ հոդվածը նախատեսում է, որ ոչ մի տեսակի վերապահումներ Կոնվենցիայի նկատմամբ չեն թույլատրվում, բացառությամբ այն բանի, որ Դեպոզիտարիային ծանուցելու ճանապարհով անդամ-պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ սույն Կոնվենցիան չի տարածվում.

ա) որպես ինքնիշխան պետություն իր գործառույթների և պարտականությունների իրագործման հետ կապված ոչ առևտրային նպատակներով այդ անդամ-պետության կողմից անմիջականորեն կատարվող միջազգային օդային փոխադրումների, և կամ

բ) ռազմական իշխանությունների կողմից այդ անդամ-պետությունում գրանցված կամ նրա կողմից վարձակալված օդանավերով, որոնք ամբողջովին ամրագրված են այդ իշխանությունների կողմից կամ նրանց անունից իրականացվող անձանց, բեռի և ուղեբեռի փոխադրման վրա:

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով ուղևորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2009 թվականի հուլիսի 21-ի N 98-Ն հրամանով (պետական գրանցում թիվ 32009282) հաստատված «Օդային ուղիների շահագործման թույլտվությունների տրման պահանջների և պայմանների կանոնակարգի» 4-րդ կետի 2-րդ ենթակետի և 15-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները որևէ օդային ուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման կամ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրման թույլտվություններ ստանալու համար Գլխավոր վարչություն են ներկայացնում անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները):

Գլխավոր վարչության 2009 թվականի հուլիսի 21-ի N 99-Ն հրամանով (պետական գրանցում թիվ 32009283) հաստատված «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգի» 8-րդ կետի 6-րդ ենթակետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի և 30-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն՝ որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար և երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար Գլխավոր վարչություն են ներկայացնում անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները):

2010 թվականի հուլիսի 9-ին Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից Գլխավոր վարչությունը ստացել է հավաստող ծանուցում (certifying statement), որով հավաստվել է, որ Կոնվենցիայով սահմանված պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը վերանայվել են և ուժի մեջ են մտել 2009 թվականի դեկտեմբերի 30-ից, այն չափերով, որոնք նշվել էին Դեպոզիտարիայի 2009 թվականի նոյեմբերի 4-ի LE 3/38.1-09.87 ծանուցագրում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին հակասության նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոփոխի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները որևէ օդային ուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով օդային ուղիների շահագործման կամ երկու և ավելի ոչ կանոնավոր փոխադրման թույլտվություններ ստանալու համար, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողները Հայաստանի Հանրապետություն՝ որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար և երկու և ավելի ոչ կանոնավոր օդային փոխադրումների համար Գլխավոր վարչություն պետք է ներկայացնեն համակցված պատասխանատվության մաս հանդիսացող փոխհատուցման ապահովագրության նվազագույն ծածկույթները, ըստ պատճառված վնասների՝ Դեպոզիտարիայի կողմից վերանայված և 2009 թվականի դեկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերին համապատասխան:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան